Ղրիմյան օրագիր

Լինում է, չէ՞, որ սպասում ես մի հրաշքի, երազի: Անընդհատ մտածում ես դրա մասին, Ամանորին էլ պահածդ երազանքների շարքում իրեն տեղավորում ես: Սպասում ես, որ կիրականանա, որ երազանք չի մնա: Ու մեկ էլ հեռախոսի զանգով լսում ես պահածդ երազանքի իրագործման լուրը: Ուրախությո՞ւն, զարմա՞նք, երջանկությո՞ւն.. Ինչպե՞ս անվանես:

Աբովյան… Ի՞ նչ եմ լսում, երբ Աբովյանիս անունն են տալիս: Ոչ, դա սոսկ ծննդավայր չէ ինձ համար, ոչ էլ Հայաստանի փոքրիկ մասնիկ է, այլ Աբովյան ասելով այնտեղի բնակիչներին եմ պատկերացնում:

Չե՞ ս եղել իմ քաղաքում. ասե՞մ՝ ինչ ես կորցրել. հոգատար մարդկանց հետ ծանոթանալու հնարավորությունն ես բաց թողել, կորցրել ես մարդկանց ամեն ինչ ասող ժպիտներ, չես տեսել դպրոցականների փայլող աչքեր: Այո, դպրոցականների փայլող աչքեր: Ասում էի, չէ՞` երազանքս…

Զանգեցին, ասացին, որ մեր քաղաքի՝ կրթության, սպորտի ու մշակութային ոլորտներում լավագույն արդյունքներ արձանագրած շուրջ 40 աշակերտների մեջ ես էլ եմ մտնում, և լավագույնների հետ ուղևորվելու եմ Ղրիմի Ինքնավար Հանրապետություն։ Երբեք հեռախոսի կարևորությունը չէի հասկացել, որքան այդ օրը, երբեք տասը րոպեն մեկ րոպե չէր թվացել ինձ:

Ասում էի՝ երազանք, չէ՞, իրականացավ: Մինև գնալու օրը ոչ մի կերպ չէի հավատում, որ գնալու եմ, որ Աբովյանի լավագույն աշակերտներին նման հնարավորություն է տրվում, որ իմ քաղաքն եմ ներկայացնելու: Չէի հավատում, մինչև չեկավ սպասված օրը: Մեկնեցինք… Ուրախ աշակերտներ, հոգատար կազմակերպիչներ, հմուտ երաժշտագետներ, խելացի շախմատիստներ: Ամեն պահը կմնա հիշողությանս մեջ` թե Ղրիմը, թե այնտեղ տեղի ունեցած միջոցառումները:

Եղավ այն, ինչ ես երբեք չէի սպասի: Երազանքս, մանկուց սպասել եմ այն օրվան, երբ կտեսնեմ իմ սիրելի նկարչի` Այվազովսկու տուն-թանգարանը: Եվ ահա մենք եղանք ամեն հայի երազած վայրում, այցելեցինք Այվազովսկու տուն- թանգարան: Լինել մի վայրում, որտեղ մի ժամանակ ապրել և ստեղծագործել է Այվազովսկին, իրոք մեծ պատիվ է ամեն հայի համար: Թանգարանի ներկայացուցչի խոսքերում լսել Հայաստան անունը, լսել հայ բառը ու հպարտանալ:

Մեր օրերն այնքան հետաքրքիր էին անցնում: Ամենատպավորիչը մեզ համար 1945թ․ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 72-րդ տարեդարձի առթիվ կազմակերպվող տոնական միջոցառումներին մասնակցելն էր: Մենք այցելեցինք տեսարժան վայրեր, մշակութային օջախներ, ներկա եղանք քաղաքում անցկացված տոնական շքերթներին, մրցույթներին, երաժշտական ու մշակութային միջոցառումներին, հնարավորություն ունեցանք շրջայցեր կատարել հայտնի թանգարաններում, զբոսավայրերում:

18268386_781922518652266_721722321145468584_nՀագեցած օրեր, հետաքրքիր պահեր, տեսարժան վայրեր: Ահա, թե ինչ հրաշալի էր անցնում Ղրիմում:

Շնորհակալ ենք Աբովյան քաղաքի քաղաքապետին և քաղաքապետարանի աշխատակիցներին մեզ` աշակերտներիս նման հնարավորություն ընձեռելու և հոգատար վերաբերմունքի համար: Տպավորությունները այնքան շատ են, որ ես ինչ եկել եմ, պատմում եմ իմ Ղրիմյան օրագրի մասին:

Լուսանկարները` Աբովյան – իմ քաղաքը ֆեյսբուքյան էջի

Lilit Grigoryan

Սովորական մի պատմություն

Երկու տարի առաջ ես պատկերացում անգամ չունեի 17-ի մասին: Մեկ տարի առաջ ֆեյսբուքյան էջումս սկսեց հայտնվել Կարինեի նկարը, կարմիր գույնով ինչ-որ նշան, ու երբ սեղմում էի Կարինեի նկարի վրա, բացվում էր մի էջ՝ նրա հոդվածներով: Կարդում էի միշտ: Ո՞վ կպատկերացներ, որ մի օր էլ ես իմ հոդվածների էջը բաց կանեմ:
Կարինեն մի երեկո գրեց ինձ՝ ցանկանալով հեռախոսահամարս: Ասաց, որ կարևոր բան ունի ասելու: Սպասում էի: Խոսեցինք: Սկսեց ուրախ պատմել 17–ի, առաջիկա Հրազդանի դասընթացի մասին: Շատ ուրախացա, որոշեցի անպայման մասնակցել: Դե, մտածում էի, որ երեք օրով առօրյաս մի փոքր կփոխվի: Բայց էլի պատկերացում չունեի, որ այդ երեք օրերը ինչ-որ նոր աշխարհի ստեղծման առաջին օրերն էին լինելու: Անցան այդ օրերը, հանդիպեցի ամենաջերմ մարդկանց խմբին, լիովին պատկերացրի 17-ի դերը:
Սկսեցի գրել: Սկզբում չէի հարմարվում իրապատման ժանրին, սովոր էի կախարդական գործողություններով, ճոխ-ճոխ անհասկանալի բառերով շարադրություններ գրելուն: Սկսեցի աշխատել ինձ վրա: Հիմա արդեն ստացվում է գրել աչքի տեսածին ու սրտի զգացածին համապատասխան բաներ: Սկսել եմ շուրջս ավելի ուշադիր նայել, ամեն բան սկսել է հուզել ինձ, անգամ սեղանին հանգրվանած փոշին: Մի կարևոր ձեռքբերում. սկսել եմ ավելի շատ օգտագործել հեռախոսիս հետնախցիկը , և մոռացել եմ անգամ սելֆի կոչվածը: Ֆեյսբուքյան շրջապատս լիովին փոխվել է: Ընկերներիս ցուցակում հայտնվել են բարի, ինտելեկտով հարուստ մարդիկ: Հայտվել եմ նաև լավագույն հարյուր թղթակիցների շարքում: 17-ի թիմը ուժեղ ջերմություն է ինձ փոխանցել, և ես չեմ պատրաստվում այն թողնել ու մի օր կորցնել:

Այո՛, ես նոր թղթակից եմ: Կարծում եմ ՝ կգա մի օր, որ ես էլ կսիրվեմ իմ հոդվածներով: Ես հիմա էլ եմ դա փորձում անել: Մի օր կստացվի սիրվել:
Դե ինչ, սա իմ տասնյոթյան պատմությունն էր: Քեզ համար սա սովորական մի բան է, իսկ ինձ համար ՝ ամենամեծ երջանկությունը:

laura sekoyan

Գարնանային փակոցների շրջանը

20170523_185013Երևի մեզանից շատերը ինձ պես չգիտեն «կանսերվա» բառի հայերեն տարբերակը։ Այդ իսկ պատճառով այս նյութս կգրեմ հենց  այդ բառը օգտագործելով։

Նյութերումս հաճախ եմ նշել, որ տատս իմ զարմանքի աղբյուրն է։ Այս անգամ ևս նա ինձ զարմանք պատճառեց։ Այսքան տարի ես դեռ չէի լսել կամ տեսել, որ գարնան սեզոնին մարդիկ որևէ բան պահածոյացնեն, բայց տատս առիթ հանդիսացավ, որ ես ոչ միայն լսեմ այդ մասին, այլ նաև մասնակից լինեմ այդ գործին։ 20170523_184601Տատիկս հաճախ էր պատմում, որ այն ժամանակ նա անկրկնելի համ ունեցող ձկան «կանսերվա» է պահածոյացրել։ Հաճախ նաև պարծեցել է, որ այդպիսի ուտելիքներով է մեծացրել իր երեխաներին, որ այդպես առողջ են։ Այս անգամ հերթը հասել է մեզ։ Նա իր թոռներին ևս ցանկանում է, որ առողջ մեծանան, և բոլորին ոտքի հանեց՝ իր ուզածը իրականացնելու համար։
Օրեր առաջ Գեղարքունիքի մարզից լուր ստացանք, որ սիգ ձկան մեկ հատը արժե հարյուր դրամ։ Տատիկիս համար լավ հնարավորություն այլևս չէր կարող լինել։ Նա առաջարկեց մորեղբորս, որ մեքենայի ճար անի, և գնան Ծովագյուղից ձուկ բերելու։ Հաջորդ օրը երեկոյան մորեղբորս ընկերը եկավ մեր տուն և համաձայնվեց, որ գնան ձկան հետևից։ Տատս ասում էր, որ կասկած չուներ, որ այդ տղան չի համաձայնվի, որովհետև ինչպես մորեղբորս մյուս ընկերները, նա ևս իր ձեռքի տակ է մեծացել։ Հաջորդ օրը դասից եկա, արդեն ձուկը տանն էր։ Չեմ կարող ասել, որ այդ ձկներից հաճելի հոտ էր գալիս, բայց ամենահաճելին դեռ առջևում էր։ Կեսօրից հետո, լուրը իմանալով, տատիս միացան մեր հարևաններից շատերը։ Նրանք օգնեցին տատիկիս գործը առաջ գցել։ Մայրս մաքրում եր ձկները թեփուկներից, տատս կտրում էր լողակները, իսկ մեր հարևան Մարետ տատին իր մեծական ձեռքերով լվանում էր դրանք։ Մյուս հարևաններն էլ կողքից զրուցում էին և զվարճալի պատմություններ պատմում։ Այս ամենին չենք մոռանում նաև ավելացնել սուրճը։
Ձկների հետ կապված հաջորդ գործողությունը դա դրանք մանր կտրատելն էր։ Բացի գլխի հատվածից մյուս բոլոր մասերը օգտագործվում են այս պահածոն պատրաստելու մեջ։ Ձկանից բացի պահածոն պատրաստելու համար անհրաժեշտ է նաև սև հատիկ պղպեղ, աղ, դափնու տերև և, ցանկության դեպքում, նաև տոմատի մածուկ։ Տատս խնամքով այդ ամենը լցնում և տեղավորում էր տարաների մեջ, ապա դնում մեծ ալյումինե կաթսայի մեջ, որի մեջ կար եռացրած ջուր և գազօջախի վրա եռացնում էր մոտ տասը ժամ։ Երբ լրանում էր տասը ժամը, նա վերցնում էր տարաները և փակում։ Եռալու ողջ ընթացքում տանը շատ հաճելի և համեղ բույր էր տարածվել։ Հարևանները այդ հոտը առնելով գալիս էին մեր տուն և տալիս իրենց գնահատականը։ Պահածոն իր համը ստանում է երկու-երեք օր անց։

Երբ տատիկս բացեց պահածոներից մեկը, և մենք փորձեցինք, չէինք հավատում, որ տան պայմաններում կարելի է նման պահածո պատրաստել։ Ես մինչև հիմա զարմացած եմ տատիկիս ստեղծարար ու աշխատասեր ձեռքերի վրա։

Հանդիպում վարպետի հետ

-Ժողովուրդ, շարք կանգնեք, գալիս է։

-Յամէ, սենսենի ռեյ…

-Օս…

Բոլորը շունչները պահած, հայացքները դեպի մուտքի դուռը, սպասում էին… Սպասում էին ճապոնացի վարպետ Հիդեո Օչիին։

Կարծում եմ, հիմա դու էլ որոշակի զարմանքով կարդում ես, որ հասկանաս, թե ինչ եմ գրել։ «Յամէ, սենսենի ռեյ» նշանակում է՝ «Պատրաստ, խոնարհվիր ուսուցչին, որպես հարգանքի նշան», իսկ «Օս» նշանակում է՝ այո, լսում եմ կամ հասկացա։

Սկսեմ ամենասկզբից: Մայիսի 5-ին Հայաստան էր ժամանել ճապոնացի կարատեի վարպետ Հիդեո Օչին, և անցկացվեց սեմինար, որին ես մասնակցում էի։ Եվ հենց այս բառերով էլ սկսվեց մեր սեմինարը։

Ով է Օչին, արդեն հասկացավ ընթերցողը, բայց ցանկանում եմ մի փոքր էլ պատմել այս զարմանալի մարդու մասին։Հիդեո Օչին ծնվել է 1940 թվականի փետրվարի 29-ին՝ Ճապոնիայի Սայձյո քաղաքում: Շոտոկան կարատեով զբաղվել սկսել է 14 տարեկան հասակում։ 1970 թվականին Հիդեո Օչին Մասատոշի Նակայամայի կողմից ուղարկվել է Գերմանիա՝ փոխարինելու JKA Գերմանիայի գլխավոր մարզիչ Հիրոկազու Կանազավային։ Նրա գլխավորությամբ Գերմանիայի հավաքականը երեք անգամ հաղթել է Եվրոպայի առաջնություններում:
Շատ չձանձրացնելու համար պատմեմ իմ տպավորությունները այս մարդու մասին։
Երբ ես կարդում էի Օչիի կենսագրությունը մտածեցի, որ խիստ և շատ լուրջ անձնավորություն է, սակայն երբ տեսա, առաջին տպավորությունը այսպիսին էր. «Ինչ բարի պապիկ է»։  77 տարեկան այդ պապիկը ողջ սեմինարի ընթացքում ժպտում էր և ծիծաղում, գուցե և մեզ վրա, չգիտեմ, բայց հաճելի էր հետևել նրան և հատկապես նրա ժպիտին։

lyusya balabekyan

Դասագրքերս

Արդեն որքան ժամանակ է ՝ ուզում եմ գրել, բայց անընդհատ մայրիկիս պահանջն եմ լսում, միայն մայրիկիս (հետաքրքիր է ՝ բոլորի՞ մոտ է այդպես).

-Լու՛ս, դասերդ ավարտի՛ր նոր, կիսամյակային աշխատանքներին պատրաստվե՞լ ես, դստրի՛կս…
Մայրիկիս խստության չափը որոշում եմ նրա խիստ գրական խոսելու աստիճանով: Նորից բողոքել չեմ ուզում, թե` կարելի՞ է մեկ օրվա ընթացքում այդքան կիսամյակային ամփոփիչ աշխատանքներ գրել: Ինչքան էլ որ բոլոր դասերը սովորել ես ժամանակին, միևնույն է… Հաստատ պետք է վերանայել այս կարգը, մի նոր բան մտածել: Բայց այս մասին չէ, որ ուզում եմ այսօր գրել:
Երբ լարված պարապում էի, դասընկերներիս հետ հեռախոսով քննարկում էինք բոլոր անհասկանալի հարցերը, հայացքս սառեց դասագրքերիս վրա, զգացի, որ նրանց «կարոտելու եմ»: Հիմա կմտածեք, թե այդքա՜ն սիրում են սովորել, որ…

Դա չէ պատճառը: Դասագրքերիս էջերում են թաքնված դպրոցական կյանքիս այս տարվա հույզերն ու ապրումները, փոքրիկ աղոթքներս՝ չսովորած դասը չհարցնելու, իմ ու Անահիտի (Անահիտը դասընկերուհիս է)՝ ուսուցիչներից մի կերպ թաքցրած ժպիտները… Բա ինչպե՞ս չկարոտեմ: Հաշված օրեր են մնացել դասագրքերը հանձնելուն:
Եկող տարի դուք կհայտնվեք ինձ նման մեկ ուրիշ աշակերտի պայուսակում ու գրասեղանին, դասագրքե՛րս, բայց չխառնեք իմ ու նրա ապրումները: Ձեզ ինձ մոտ պահելու հնա՜ր լիներ, դասագրքե՜րս…
Ընդհանրապես բաժանման պահը չեմ սիրում: Տեսնես՝ մեր տղաներից ո՞վ իմ փոխարեն այդ օրը դպրոց կտանի իմ բոլոր տասնյոթ դասագրքերը…

anjela karapetyan hrazdan

Արդեն գիտենք

Դպրոց։ Տարեվերջ։ Կիսամյակայիններ։ Բոլորիս քաջ ծանոթ իրավիճակ։ Այս կիսամյակում մեր գրականության ուսուցչուհին որոշել էր հետաքրքիր ձևով անցկացնել կիսամյակային աշխատանքը։ Նա կազմել էր տոմսեր։ Մենք հերթով պետք է վերցնեինք մեր տոմսը և, ինչպես քննությանը, պատասխանեինք հարցերին։ Քննությունն անցավ երեք օրով։ Յուրաքանչյուրս սրտատրոփ սպասում էինք մեր հերթին։ Մեկի բախտը բերում էր, մյուսինը` ոչ։ Օրն այնքան հետաքրքիր անցավ։ Մենք ևս մեկ անգամ կրկնեցինք մեր անցածը և պատրաստվեցինք իններորդ դասարանի քննությանը։

Մենք ձեռք բերեցինք բանավոր քննություն տալու փորձ և արդեն այդքան էլ չենք վախենում քննություններից:

narine gabrielyan

«Պրիմիտիվ» պատասխան

Իմ սիրելի մայրիկը չի կարող ապրել առանց միջանցքում միացված հինավուրց ռադիոյի ձայնի, հայրիկս ավտոմեքենայի շարժիչը գործի դնելուց հետո անմիջապես միացնում է երաժշտությունը, առանց դրա տեղից չի շարժի մեքենան, ընկերուհիս տուն գնալով դասերից հետո, առաջին հերթին, միացնում է հեռուստացույցը` պարզապես երաժշտության համար, իսկ մոտ ընկերս՝ կարելի է ասել, եղբայրս, տանել չի կարողանում մենությունը և միշտ աղմկոտ շրջապատի փնտրտուքների մեջ է։

Երբ ես նրանցից մեկի տուն հյուր եմ գնում, միշտ խնդրում եմ անջատել, ցածրացնել կամ վերացնել ձանձրացնող աղմուկի աղբյուրների ձայնը։ Առանց առարկությունների լռության խափանիչները անջատվում են, բայց ժամանակավորապես։ Բավական է միայն մեկ րոպեով անէանամ իրականությունից` ընկղմվելով լռության մեջ, և ահա….

Կրկին գովազդի ձայն, փոփ երաժշտություն, լուրեր և խոսակցություններ ոչնչից, մի խոսքով, հետին պլան անցած անհետաքրքիր ֆոն։

Ինձ թվում է՝ այն ստեղծում է այլ կյանքի իլյուզիա, և դա նրանց ինչ-ինչ պատճառներով բավականություն է պատճառում։ Շատ ժամանակակից մարդիկ խուսափում են լռությունից, այն նրանց վախեցնում է։ Առաջին հայացքից այդ ընտրությունը նրանք անգիտակցաբար են կատարում, ինքնագտնումը աղմուկի մեջ նրանց համար հարմարավետության և անվտանգության կեղծ զգացում է ստեղծում: Նրանք անգամ չեն կասկածում, որ աղմուկը հասարակ պատրանք է, բոլոր «հետնանկարների» նման նույնը և անհետաքրքիր։ Չի կարելի ասել, թե նրանք վատ են կամ ոչ ադեկվատ։ Ոչ, բայց այդ հարցը դեռ անպատասխան է. ինչո՞ւ է լռությունը այդպես վախեցնում։ Ինչո՞ւ է մենակությունը նրանց պանիկայի մատնում։ Փորձել դա վերագրել տարիքին՝ կարելի է, բայց դա ելք չէ։

Շատերի համար ի ծնե լռությունը դատարկություն է, և խնդիրը այն է, որ նրանք ոչինչ չունեն այդ դատարկությունը փակելու համար։ Բոլորին թվում է՝ լռություն ասվածի մեջ կյանք չկա…

Կեսգիշեր է։ Խոհանոցում նստած մի բաժակ թունդ թեյը ձեռքիս փորձում եմ հասկանալ՝ ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եմ ես այսքան ժամանակ լռություն ու մենություն փնտրում, իսկ մարդիկ հակառակը`տանել չեն կարողանում լռությունը։ Ինչո՞ւ է իմ մենակությունը լի ուրախությամբ, իրենցը`դառնությամբ։ Ինչո՞ւ է իմ փրկությունը լռության մեջ, իրենցը` աղմուկի։

Պատասխանը շատ պարզ էր, կարելի է ասել, «պրիմիտիվ»` ուշադրությունը դեպի սեփական ներաշխարհ, և որպես հետևանք՝ լռություն։ Ինչ-որ մի ժամանակից սևեռված եմ ոչ թե դեպի արտաքինը, այլ ներքինը` հոգի կոչվածը։ Սակայն դա էլ չակերտավոր ճշմարտություն է…

Վերջացնելով թեյս եկա հետևյալ մտքին։ Ուղեղը, որը միշտ ինֆորմացիոն քաղց է զգում, ստիպում է տիրոջը աղմուկ փնտրել, և դա բնական է։

milena araqelyan

Անձրևաշատ տողեր

Նորից անձրևի մասին եմ գրում: Գարուն է: Բայց ըստ իմ հաշվարկների, ապրիլ ամսվա բոլոր շաբաթ օրերին անձրև է եկել: Պատահականությո՞ւն: Երևի շատերդ չէիք նկատել: Ես գուցե նկատել եմ, քանի որ շաբաթ օրերին երեք պարապմունք եմ ունենում ու երկար ժամանակ տանը չեմ լինում: Ինչևէ: Եկել եմ՝ անձրևից խոսենք: Ապրիլը շեշտեցի, որովհետև հենց այդ ամսվա առաջին չորս օրերն են գամվել շատերիս ներսում: Երկինքը զավակ կորցրած մայրերի հոգուն էր արձագանքում: Անձրևը մեկ-մեկ շատ ճիշտ պահերի է գալիս: Մեկ-մեկ՝ միշտ: Մուսաս անձրևոտ օրերին է այցելում: Գալիս է ու ստիպում վերցնել գրիչս: Ի վերջո, համաձայնում եմ:

Գիտե՞ք՝ վերջին նյութս հունվարին եմ գրել: Երևի շատերդ չեք էլ հիշում: Իհարկե, դրանից հետո իմ ու շատ 17-ցիների կյանքում մի գեղեցիկ ու հիշարժան օր է եղել: Հուսով եմ՝ հասկացաք, որ խոսքս մրցանակաբաշխության մասին է: Հա, այդ օրը ամեն մեկիս մտքում մի դրվագով դաջված է, հաստատ:

Եկել եմ՝ անձրևից խոսենք, բայց շատ ասելու բան ունեմ, անընդհատ մտքերս ցրվում են: Եվայի նյութը կարդացի, հիշեցի, որ մի երկու տող հասցրել էի այն ամենաուժեղ անձրևի ժամանակ գրել անգլերենիս բառատետրի մեջտեղի էջերից մեկում (դե, էդպես հեշտ է հետո թուղթը վերցնելը): Ու քանի որ արդեն եկել է պահը, որ պետք է այդ էջը շրջանցենք, որոշեցի շարունակել «մի երկու տողս»:

Արեգ Նազարյանը իր երգում ասում է, որ այս անձրևի ամեն կաթիլը ծով է, ուրիշ ոչինչ, ու որ հորիզոնից այն կողմ արևն արթուն է… Անձրևը անհանգստություն է շատերի համար: Մեկը ատում է անձրևը, երբ իր նոր արդուկած մազերը թրջվում են, իսկ այ, ալիքների նման մազեր ունեցողի համար մի ուրիշ աշխարհ է անձրևը: Նրա համար անձրևի հետ է սկսվում օրը ու անձրևից կախված՝ նրա տրամադրությունը բարձրանում է, բայց ոչ երբեք՝ ընկնում: Կաթիլները հուշում են, որ ինչ-որ տեղ ինչ-որ մեկը կա միշտ էլ սպասող: Չէ՞ որ ինչպես երգում է ասվում՝ առանց սպասող մեկի քայլելը ցավ է…
Ի վերջո, միայն անձրևից հետո ես կարողանում ագահորեն շնչել քաղաքիդ մաքրությունը:

Միգուցե արդեն բացե՞ս պատուհանդ:

Gayane Avagyan

Բարև՛, դիմորդ

Բարև՛: Եթե դու էլ ես դիմորդ, ուրեմն շնորհավորում եմ. շատ քիչ մնաց քննություններին: Շնորհավորե՞մ, թե՞…

Մի քանի ընդհանուր բան եմ գտել իմ ու հազարավոր դիմորդների մեջ, ասե՞մ:

Ահա, ուրեմն, եթե դու էլ ես դիմորդ, ինձ նման վերցրել ես գրիչը ու օրացույցի վրա կարմիր օղակով նշել ես քննությանդ օրերը:

Եթե դու էլ ես դիմորդ, ուրեմն հաստատ արդեն հոգնել ես շտեմարանը հազարերորդ անգամ բացելուց, էջերը թերթելուց, շտեմարանին ձեռք տալուց, շտեմարանի վերջին էջի պատասխանները պոկելուց, որ հանկարծ չշեղվես ու պատասխանը նայելով գրես առաջադրանքը:

Դիմո՞րդ ես, ուրեմն հաստատ վարժության պահանջը կարդալուց հետո` հիշել ես պատասխանը, հիշել` որ շտեմարանից է, որ բաժնի որ գլխից, որ էջում է գրված:

Իսկ եթե ունես բանավոր հանձնելիք քննություն, ուրեմն հաստատ կանգնել ես հայելու առաջ և պատկերացրել, թե ինչ տոնայնությամբ ես բարևում, ինչպես ես ներկայանում, քեզ ընկած տոմսը ինչպես ես պատասխանում:

Դիմո՞րդ ես ու պարապո՞ւմ ես: Ուրեմն հաստատ, երբ տանից դուրս գաս, քայլերդ ակամայից ուղղելու ես այն փողոց, որտեղի տներից մեկում պարապող ուսուցիչդ է ապրում: Իսկ եթե ամեն օր ես գնում-գալիս, ուրեմն հաստատ մտածել ես ուսուցչիդ տան մոտիկ տուն գնելու և այնտեղ` մինչև քննությունները ապրելու մասին:

Դիմո՞րդ ես, ուրեմն հաստատ դժվար ես ժամանակ գտնում մասնակցելու վերջին զանգի փորձերին: Ժամացույցին հաճախ ես նայում, որ չուշանաս պարապմունքից: Ունես հաստատուն գրաֆիկ, ու այն փոխել դժվարությամբ է հաջողվում:

Դիմո՞րդ ես, ուրեմն անհամբեր սպասում ես քննությունների օրերին, որ քննություններից հետո վերցնես բոլոր շտեմարաններդ ու կա՛մ այրես, կա՛մ էլ հատ-հատ էջերը պատռես, որ երբեք, ոչ մի դեպքում էլ երեսը չտեսնես:

Դե, դիմո՛րդ ջան, ամենաշատը դու ունես համբերության կարիք, դու ամենաշատը ունես հավատի կարիք: Սպասելու ունակությունդ հաստատ չես կարողանում վերագտնել ու դարձել ես անհամբեր: Բայց քիչ մնաց` մի քանի շաբաթ ընդամենը…

Դիմորդ ենք, դե ինչ արած, ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինը: Հաջողություն մեզ:

elizabet harutyunyan exvard

Տան ուրվականները

-Շըշշ…

-Հը՞, տեսա՞վ։

-Չէ, Էլիզ, ես հլը իրան չեմ տեսել, սուս, որ չգա մեզ գտնի։

-Մեզ կուտի՞։

-Որ սուս մնաս՝ չէ։

-Ես քնում եմ, որ գա՝ կարթնացնես։

-Էլի՜զ, Էլիզա՜, աղջի, հելի, ինձ մենակ մի՛ թող։

Տարօրինա՞կ է թվում։ Էլ մի զարմացեք ու ծիծաղեք, բոլորդ էլ վախեցել եք տան ուրվականներից ու հրեշներից։

Դե հիմա պատկերացրեք. ես ու հորեղբորս աղջիկը պահարանում, կծկված նստած ենք։ Ձմեռ, կարճ օրեր ու երկար գիշերներ։ Ժամը ութն է, և դրսում մութ է, տան լույսերը՝ անջատված, պատուհանից այն կողմ քամին տակնուվրա է անում ողջ քաղաքը, իսկ ես ու քույրս թաքնվում ենք։ Կարո՞ղ եք ասել՝ ինչից։ Հա, հա, հենց էն հրեշից, որ գոյություն չունի։ Լավ, հերիք է ծիծաղեք: Մի՞թե դուք էլ չեք եղել փոքր։ Զարմանում եմ հիմա. թաքնվում էինք մահճակալի տակ ապաստանած հրեշներից, իսկ պահարանի միջի հրեշներին հյո՞ւր էինք գնացել։

Լավ, հրեշները հասկացանք, բա լույսե՞րը, ինչի՞ չէինք միացնում։ Մենք ենք մեր վախը ստեղծողը։

-Էլիզ, լսո՞ւմ ես։

-Ա՜, էդ ինքն ա՞։

-Չգիտեմ, Էլիզ, ամեն դեպքում իմացի, որ ես քեզ շատ էի սիրում ու… Հա՜, հիշո՞ւմ ես, որ Նոր տարուն դիմակդ պատռվել էր, էդ ես էի արել, կներե՜ս քուրիկ։

Դռան ճռճռոցներ… Անցավ տասը վայրկյան լռության մեջ, բացվեցին պահարանի դռները։ Խավարի սարսափի մեջ տեսանք մի լույս, մի սիլուետ՝ մայրս էր։

Վա՜խ, մանկություն, ինչ քաղցր, ինչ հեռու ես դու արդեն։ Մանուկ, մի արարած, ում երևակայությունը չունի ո՛չ սկիզբ և ո՛չ էլ վերջ։