lida armenakyan

Հակադրությունների շղթան

Բարև: Երկար ընդմիջումից հետո վերադարձել եմ, որ էլի հետդ խոսեմ: Չգիտեմ, բացակայությունս նկատե՞լ ես, թե չէ, բայց ես արդեն հասցրել եմ կարոտել քեզ:

Եկել եմ մի քիչ խոսենք մեր հասարակությունից: Ուզում եմ խոսել այն հասարակության մասին, որ քննադատում ու անբարո է համարում աղջկան, որն ընտանիք է կազմել սևամորթի հետ, բայց միևնույն ժամանակ, նորմալ է համարում հայ տղամարդկանց ամուսնությունը ռուս գեղեցկուհիների հետ: Տես, թե միանգամից քանի խնդիր առաջ եկավ` ռասիզմ, սեքսիզմ… Ու որ մի քիչ էլ փորփրեմ, հավատա, ավելի անտանելի խնդիրներ կգտնեմ, բայց լավ, մոռացիր ու ժպտա: Ժպտա, որովհետև այդ հասարակության կողքին մի ավելի քաղաքակիրթ հասարակություն ունենք: Հասարակություն, որի համար նշանակություն չունի մաշկի գույնը, սեռական հայացքները, կրոնական պատկանելիությունը, ինչ-որ երկրացի լինելն ու էսպես շարունակ: Բայց և այնպես, պիտի հիշեցնեմ, որ ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ քեզ «ողջ-ողջ կթաղեն» իրենց խոսքերով, եթե ասենք, մազերդ կապույտ ներկես: Կամ թե գունավոր զուգագուլպա հագնես սպիտակ դասական վերնաշապիկի հետ ու կեդեր` սև էլեգանտ շրջազգեստի հետ:

Ապրում ենք մի հասարակության մեջ, որի համար վարդագույնը աղջկա գույն է, իսկ կապույտը` տղայի, մի հասարակության մեջ, որի համար ամոթ է, երբ տղամարդն օգնում է իր կնոջն, ու ամոթ է, երբ կինը ամուսնու հետ նստում է նույն սեղանի շուրջ ու զրուցում, կատակներ անում ամուսնու ընկերների հետ: Ախր, ո՞ւր մնաց մեր «հայու գենը», «խպարտ խայուխի» կարգավիճակը»… Լավ, հաա, կատակում եմ:

Գիտե՞ս` դա որ հասարակությունն է, հենց այն, որ խոսում է ազգային արժեքներից, հանդիմանում է երիտասարդին, ով հիմնը լսելիս ձեռքը չի դնում կրծքին, բայց անգիր գիտի ամեն մի տողն ու նշանակությունը, այն հասարակությունն է, որ ասում է, թե հայրենասեր է, սիրում է մեր լեզուն, մշակույթը և սոցկայքերում այս ամենի մասին գրում է ռուսատառ:

Բայց դու աչքերդ մի խոժոռիր, հիմա կհիշեցնեմ, որ այդ ամենի հետ մեկտեղ, ապրում ենք այն հասարակության մեջ, որը մեծարում է հայ զինվորին ու պատրաստ է օգնել նրան ցանկացած պահի: Ապրում ենք այնպիսի հասարակության մեջ, որը ձեռք է մեկնում հիվանդ ու միայնակ ծերունուն՝ փողոցն անցնելիս, վերցնում է ծանր տոպրակներն իրենից տարիքով մեծ մարդու ձեռքից, սառնամանիքին կանգնեցնում է մեքենան ու անծանոթին առաջարկում է տուն հասցնել: Այնպիսի հասարակության մեջ, որն ընկածդ պահին քեզ օգնում է, այլ ոչ թե գցում ու տրորում:

Մի տխրիր ու լավ մնա, հասարակության մի փոքր մասն էլ ես ու դու ենք կազմում, ու գուցե ամեն ինչ հենց մեզնից ու մեզնով պիտի փոխվի:

Gayane Avagyan

Մտահոգություն

Հիմա եմ հասկանում, երբ ասում են, որ ինչ-որ բանի շատ ես սպասում, ժամանակը արագ է անցնում: Որքան ժամանակը գնում է, այնքան ավելի եմ համոզվում այս խոսքերի ճշմարտացիության մեջ: Մի՞թե այսքան շուտ անցավ այս ուսումնական տարին: Մի քանի ամիս, ու կավարտեմ դպրոցս: Տասներկու տարին շատ էր թվում: Դե, իրականում շատ է, բայց այնքան արագ է անցնում, որ ժամանակը չենք զգում: Բայց մեկ է, ափսոսում եմ դպրոցում անցկացրած երկու տարիների համար: 

Չէ, էնպես չէ, որ չեմ կարոտելու ընկերներիս հումորները, ուսուցիչների հետ զրույցները, դպրոց գնալու ճանապարհը, ճաշարանը, քննությունները…Կարոտելու եմ։ Բայց երկու տարվա՝ անիմաստ անցկացրած ժամանակի պատճառով, վերջին մի քանի տարիներից ստացած այս հուշերն եմ տանելու ինձ հետ: Իսկ ի՞ նչ պետք է տանեի իրականում դպրոցից: Բոլոր ժամանակներում, ում էլ հարցնենք, նույն պատասխանն են տալու`գիտելիք: Բայց մի՞թե տասը տարին քիչ է գիտելիք ստանալու համար: Ինձ թվում է՝ բավականաչափ է: Բայց այնքան է խոսվել այս հարցի մասին, որ կարծես գրելու ու փաստերով ապացուցելու ոչինչ չի մնացել:

Բազմիցս ասվել է ավագ դպրոցի անիմաստ, ոչ լիարժեք գործելու մասին տարբեր կարծիքներ: Բարեբախտաբար, այս հարցը կարծես լուծվում է: Կարծես… Ինչ-որ բան կարծես փոխվում է դեպի լավը, սակայն լավ պետք է լիներ հենց սկզբից: Կարծում եմ`այս հարցի մասին պետք էր նախապես մտածել: Անիմաստ որոշումներ կայացնելու փոխարեն, այս հարցը պետք է քննարկվեր: Ասում են`քննարկվել է ու արդեն մի քանի օր է, ինչ դպրոցում տեսնում եմ իրենց քննարկածի արդյունքը: Չեմ բողոքում, որոշ չափով կարծես ամեն ինչ իր տեղն է ընկնում: Տասնչորս առարկա անցնելու փոխարեն՝ երեքն են անցնում դպրոցներում, այն էլ՝ աշակերտների ցանկությամբ: Մեծ բան է, չէ՞, ինչ-որ բան լուծվել է, չէ՞:

Քիչ-քիչ հարցը լուծվում է, մինչդեռ լուծված պետք է լիներ տարիներ առաջ: Բայց, ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք: Հուսանք, որ այլևս ոչ մի փորձության առջև չեն կանգնեցնի աշակերտներին։ Չէ՞որ դասագրքերն իրենք իրենցով փորձություններ են, շտեմարանների մասին խոսք գնալ անգամ չի կարող։ Էլ չեմ խոսում, որ շատ դպրոցներ անգամ ոչ լիարժեք են ջեռուցվում: Դե, մենք՝ աշակերտներս, ոչինչ անել չենք կարող, մնում է միայն սովորելը: Ու քանի գնում, այնքան համոզվում եմ, որ վաղվա մասին այսօր պետք է մտածել: Մտածել ու հասկանալ, որ մեր ու ձեր կայացրած և չկայացրած որոշումների պատճառով հաճախ տուժում է մի ամբողջ սերունդ:

Վախով հետևում եմ ԿԳՆ-ի լուրերին, միգուցե կրկի՞ն  բան փոխվի, ո՞վ գիտի: Սպասենք ապագային:

laura sekoyan

Հետադարձ հայացք

Երկար ժամանակ է, ինչ չեմ գրել 17-ին։ Խանգարող պատճառը երևի տոներն էին։ Բայց այժմ 2017 թվականն է, ու տոները ամսի 13-ին ավարտվեցին, այնպես որ, արժե նոր թեմաների շուրջ զրուցել։ 2017-ին Սոլակ գյուղում բացի ճանապարհամաքրման աշխատանքներից, ոչինչ չի արվել։ Ավելի լավ է հետադարձ հայացք ուղղել դեպի 2016 թվականը։ Անցյալ տարի մինչև գարուն կատարվել են միայն ճանապարհամաքրման աշխատանքներ։ Եղանակի տաքանալու հետ, սկսվեցին նոր ջրագծեր կառուցելու աշխատանքները։ Հին, մետաղյա խողովակները փոխարինվեցին նոր, պլաստմասե խողովակներով։ Այդ աշխատանքների նպատակն ավելի որակյալ ջուր մատակարարելն էր։ Քանի որ հին խողովակները ժանգոտվել էին և պատճառ էին հանդիսանում ջրի մեջ քլորի քանակն ավելացնելուն, ինչից էլ գյուղացիները դժգոհում էին։ Այդ գործի արդյունքում վնասվեց նաև գյուղի ասֆալտը։ Հետևաբար ևս մի դժգոհության առիթ առաջացավ։ Այս երկու աշխատանքները սկսեցին զուգահեռ իրականացվել։ Աշնան սկզբին նոր ջրագծերի կառուցումն ավարտվեց։ Իսկ ասֆալտապատման աշխատանքները շարունակվեցին մինչև խոր աշուն և մնացին անավարտ։ Այդ աշխատանքները պետք է շարունակվեն այս տարի։ Գյուղում խնդիր էր նաև լուսավորության հարցը, որին վերջին տարիներին մեծ ուշադրություն էին հատկացնում։ Այդ խնդիրը անցյալ տարի լուծվեց, բայց գյուղի շատ հատվածներ մնացին առանց լուսավորության։ Այդ հարցը ևս ավարտին կհասցվի այս տարի։ Գյուղի նրբանցքների ճանապարհները ևս անբարեկարգ էին։ Այս խնդիրը լուծելու համար միջին չափի քարն ու ավազը միասին բերեցին և նրբանցքների խորդուբորդ ճանապարհներին լցրեցին։ Ճանապարհը մի փոքր հարթեցվեց, և այդ նրբանցքներից արդեն երեխաների խաղի ձայներ են գալիս։

Բացի այս ամենը, մշակույթի տանը բացվեց ժամանցի կենտրոն, որտեղ երիտասարդները սեղանի թենիս էին խաղում։ Այժմ դրան փոխարինելու է եկել բիլիարդանոցը։ Մշակույթի տանը գործում է նաև տարեցների ժամանցի կենտրոն, որտեղ գյուղի պապիկները իրենց ժամանակն անց են կացնում նարդի, շախմատ, շաշկի և թղթախաղ խաղալով։ Հաճախ կազմակերպվում են նաև օլիմպիադաներ, և հաղթողները պարգևատրվում են։ Տարիներ առաջ խնդիր էր նաև տարեցների ժամանցի վայրի ջեռուցումը, իսկ այժմ ջեռուցվում է։

Այսպիսինն էին նախորդ տարվա կատարված բարեփոխումները, հուսանք, որ այս տարի ավելի շատ բարեփոխումներ կլինեն։

Քաղաքային «մաքրությունը»

-Օ՜, նույնիսկ այսպես,- ահաբեկված ասացի ես:

-Ման, ի՞նչ պատահեց:

-Մի՞թե չես տեսնում, այդ գարշելի աղբը նույնիսկ քաղաքի կենտրոն հասավ:

-Հըմ, լավ չէ,- մտահոգ ձայնով պատասխանեց քույրս:

-Տեսնում ես, չէ՞, գեղեցիկ տոնական քաղաքից անմիջապես հետո ինչն է հյուրընկալվում հայերիս:

-Քաղաքն աղտոտելը դարձել է առաքելության պես մի բան, երեւի նույնիսկ բնավորություն:

-Ճիշտ ես, ցավալի է, բայց փաստ: Քաղաքի զարդարանքները հավաքում էիք, գոնե աղբն էլ վերացնեիք:

-Դե, երեւի օրերից մի օր դա էլ կհավաքեն:

-Հուսանք, բայց պատկերացրու՝ մինչ այդ քանի մարդ կարող է գարշանք զգալ, ու քանի օտարական կհիասթափվի:

-Իսկ հենց այս աղբը ստեղծողներն ի՞նչ են մտածում իրենց մասին:

-Պատկերացում անգամ չունեմ, դե, տեսնում են, որ քաղաքապետարանը չի արձագանքում, չի էլ կազմակերպում մաքրման աշխատանքներ, իրենք՝ «բարեկիրթները», ինչո՞ւ պետք է հարգեն իրենց քաղաքը:

-Ահա, ամեն ինչ էլ մեծերից կամ «վերեւներից» է գալիս:

Եվ այդպես «գարշելիության սրով մասնատված»՝ շարունակեցինք մեր զբոսանքը, սակայն այդ «աղբային» տեսարանները դրվագ առ դրվագ ուղեկցեցին ինձ մինչեւ տուն, ու անգամ այս նյութը գրելիս՝ դեռ շատ մեծ զայրույթ էր կուտակված ներսումս:

arman arshak

Սպասեք, գալու եմ հերթափոխի

Քիչ մնաց՝ մի քանի օր, մի քանի օր, ու իմ եղբորն էլ կտեսնեմ զինվորական համազգեստով, մի քանի օր, ու հպարտորեն կասեմ, որ եղբայրս իր պարտքն է տալիս հայրենիքին։

Ու ինչքան արագ են անցնում այդ մի քանի օրերը, ինչքան արագ են անցնում այն օրերը, որոնց ընթացքում վերադառնում եմ մանկություն, որտեղ ամեն ինչ խաղաղ էր ու անհոգ։ Ու ինչքան էլ թղթի տարբեր կողմեր լինենք ես ու եղբայրս, մեկ է, կարոտելու եմ անգամ դա, կարոտելու եմ իմ ու նրա ամեն անգամվա լեզվակռիվներն ու իմ կամակորությունները, երբ ինձ, որպես փոքր, ամեն հարցում զիջում էր։

Դե հա, երևի այս ամենը էլ չեմ տեսնի: Բանակից կվերադառնա հասուն տղամարդ, ում հետ լեզվակռիվ անել անգամ կամաչեմ, իսկ նրան դիմավորելուց կես տարի հետո ես կգնամ հայրենիքի սահմանը պաշտպանելու։

Կարծես երեկ լիներ, երբ խաղալիք զենքերով ու զինվորական իրերով էինք զինվոր-զինվոր խաղում, իսկ այսօր եկել է իրական զինվոր դառնալու պահը։

Վերջում բոլոր զինվորներին թիկունքից կասեմ, որ տղերք, համարձակ, թիկունքը պինդ է ու կանգնած ձեր կողքին։

Սպասեք, գալու եմ հերթափոխի․․․

araqs aharonyan kotayk

Տաղանդի կորուստը

Մի օր, անկախ ինձանից սկսեցի մտածել այն մասին, թե ինչի՞դ է պետք օր ու գիշեր կարդալը, սովորելը, գլուխ ջարդելը, առողջության հաշվին այս կամ այն բանին հասնելը, երբ չգիտես՝ վաղը ինչ կլինի հետդ։ Կլինե՞ս արդյոք դու, թե՝ ոչ։ Մարդիկ անընդհատ ձգտում են ավելիին, առավելին, անում են ամեն հնարավորը և ոչ ստիպված, այլ ներքին պահանջով, տեսակով պայմանավորված։ Չէ՞ որ դու պետք է գծես ապագայիդ ուղին, ինքդ պետք է կյանքդ համակարգես։ Չէ՞ որ ոչինչ հենց այնպես չի տրվում։ Չէ՞ որ բարեկեցիկ ապագա կառուցելու հնարավորությունը տրված է բոլորին, ովքեր ցանկանում են անել ինչ-որ բան, ձգտել, չկանգնել ու տեղում չդոփել։ Ի՞նչ եք կարծում, մարդիկ, ովքեր ի բնե օժտված են տաղանդով, խելքով, ինչ-որ բանի հասնելու ձիրքով՝ հաջողակ ու երջանիկ մարդի՞կ են։ Կարծում եք՝ այո՞։ Իսկ եթե որոշակի հաջողությունների հասնելուց հետո, նա ստիպված է լինելու անժամանակ լքել կյանքը, մի՞թե նա էլի հաջողակ ու երջանիկ է։ Արդեն այդպես չեք կարծում, ճի՞շտ է։

Հունվար 11։ 2017։ Երևան։

Ո՞վ կպատկերացներ, ո՞ւմ մտքի ծայրով անգամ կանցներ, որ այդ օրը վերջին օրն էր Վահեի նման մեկի համար, ով դեռ այնքա՜ն հաշիվներ ուներ փակելու կյանք կոչվածի հետ։ Մարդ, ում մտահորիզոնը սահմանափակումներ չուներ, ում միտքը թռիչք էր, ով փայլում էր իր ընտրած ուղու վրա, ով մեզ տալու դեռ շա՜տ բաներ ուներ։

Համաձայն եք, չէ՞, որ բոլորս չէ, որ կարող ենք հասնել այն ամենին, ինչին հասել էր նա. գերազանց առաջադիմություն ունենալ Ֆիզմաթ դպրոցում, անվճար ընդունվել և սովորել համալսարանում, լինել փայլուն ուսանող և աչքի ընկնող «գանձ» տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, հաղթել տարատեսակ մրցույթներում, լինել հրաշալի ընկեր, մարդ… Նա իր կարճատև կյանքում հասավ ավելիին, քան շատ ու շատ կյանքն ապրած և խոր ծերության մեջ կյանքից հեռացած մարդիկ։ Բայց ո՞վ ասաց, թե նա ավարտել էր սկսածը, և որ դա էր իր հասանելիքը։ Եվս մեկ հաղթանակը դարձավ վերջինը և դարձավ մահվան ուղեգիրը։ 10.000 դրամի կտրոն։ Գիրք պետք է գներ։ Գիրք, հասկանո՞ւմ եք։ Ափսոս, այսօր գիրք առնելն այնքա՜ն ամոթ է։ Ո՞նց կարելի է գումար ծախսել, չէ՛, վատնել գրքի վրա։ Ցավալի է ժողովրդիս, ազգիս ու ընդհանրապես ողջ մարդկության վիճակը։ Մենք չենք որոշողը, թե ով ինչպես պետք է ապրի։ Կամ որ ավելի լուրջ հարց է, ով պետք է ապրի և ով՝ լքի կյանքը։ Շատ չե՞ք արդյոք վերցնում ձեզ վրա։ Չէ՜, չեմ անցնի քննադատական խոսքերին։ Ես չեմ դատողը։ Լավ կլիներ ինքներդ ձեզ հաշիվ տայիք ձեր իսկ կատարած արարքների համար։ Այն պահին, երբ դառնաք ինքներդ ձեր քննադատը՝ գուցե մի բան ստացվի, գուցե կյանքում ինչ-որ բան փոխվի։ Հասկացեք, ընդունեք ու փորձեք ուղղել ձեր սխալները: Ուղղվեք ինքներդ։ Պետք չէ սովորել միայն սեփական սխալներից և միայն սեփական մաշկի վրա զգալով հասկանալ։ Դիմացինի սխալ արարքը լավագույն դասն է ձեզ համար։

Թող նոր Վահե Մուրադյան-ներ չլինեն։ Թող ոչ մի ծնող այլևս չկորցնի նման զավակի, և թող մենք չկորցնենք նման տաղանդների։

seda harutynyan-2

Հացը

Ամենապատասխանատու գործերից մեկը հացթուխ լինելն է։ Մեր շենքի կողքին հացատուն կա, և ամեն անգամ այնտեղի նոր թխված հացի հոտը ինձ ուղեկցում է տուն։

Երբ մենք տանը սկսեցինք հաց թխել, ինձանից հասնում էր միայն ուտելը և գնահատական տալը։ Մայրիկիս թխած հացը ոչ մի հացի հետ չեմ փոխի։ Այնքան եմ ուրախանում, որ մեր տանից էլ է սկսում գալ այդ հացի անուշ հոտը։
Եվ եկավ մի օր, երբ մայրիկը որոշեց սովորեցնել ինձ ամենապատասխանատու գործը։ Առաջին հերթին մազերս բարձր կապեցի, ձեռքերս լվացի և սկսեցի։ Սկզբում լցրեցի ալյուրը, հետո ջուրը…
Լսել եմ, որ հացը ավելի համեղ է լինում այն ժամանակ, երբ խմորը հունցելու ընթացքում ջղայնացած չես լինում և մտածում ես լավ բաների մասին։ Առավել համեղ է լինում այն ժամանակ, երբ աղոթում ես։ Երևի այդպես էլ կա։
Երբ մեր տանը հյուրեր են լինում, անպայման ասում եմ․
-Մի հատ հացը փորձեք, էլի, ես եմ թխել։
-Վայ, ապրես, իմ աղջիկ, էս ի՞նչ համով ես թխել։ Բաղադրատոմսը տվեք, էլի։
Ու ինձ լավ եմ զգում, որ իմ թխած հացը դուր է գալիս բոլորին։ Դուք էլ խնդրեք ձեր մայրիկներին՝ սովորեցնել ձեզ հաց թխելու արվեստը։
Հացի մեջ դու քո հոգին ես դնում, և ինչպիսին կլինի հացը, կախված է միայն քեզանից։
Է՜հ, էլ ինչ ասեմ։ Հենց նոր տաք-տաք հացը հանեցի ջեռոցից:

Համեցեք ուտելու։

elada

Հարևանի աչքով գնան-գան

Դե՛, սկսեմ այնտեղից, որ վերջերս սրտի թրթիռով սպասում էի Նոր տարվան՝ 2017 թվականին, որովհետև Նոր տարուց հետո երկու տարի առաջ բանակ զորակոչված տղաներն են հետ գալիս, որոնց մեջ է նաև եղբայրս:

Ծնողներս արդեն պատրաստվում են իրենց զավակներին դիմավորել հունվարի 20-ին:

Գյուղի մի շարք ընտանիքներ արդեն սպասումով վայրկյաններն են հաշվում և նախապատրաստական աշխատանքներ են տարվում:

Արդեն հասել է ժամանակը…

Դե, իրենց որդիների համար, որ անփորձանք հասան տուն, խոստացել են գառ մատաղ անել և մի գառ էլ՝ բոլոր զինվորների անփորձանք ծառայության համար:

Իսկ գյուղի մի քանի ընտանիքներ բանակ են ճանապարհում իրենց զավակներին՝ անփորձանք վերադառնալու հույսով:

Ճանապարհելու «քեֆը» այդքան ուրախ և հյուրառատ չի լինում, որքան դիմավորելունը…

Սպասում… Գժվել կարելի է… Անընդհատ հետ հաշվարկ ենք կատարում … Հունվարի 20-ին լրանում է ճիշտ երկու տարին, որ եղբայրս զորակոչվել է, և ծնողներիս անհամբեր խոսում են.

-Տեսնես՝ նույն օրը կզորացրեն երեխեքին, որ նույն օրն անենք բանակի քեֆը: է՜հ, առաջ Աստված… Ա՛յ, մարդ, թող անփորձանք հասնեն տուն, թող «քեֆ» էլ չանենք, մենակ՝ թող գան, հասնեն տուն…

Իսկ գնացողներին էլ մաղթում ենք. «Հարևանի աչքով թո սաղ էլ գնան- գան»:

Մնաց՝ 1 օր, 4 ժամ, 59 րոպե, 10 վայրկյան…

milena araqelyan

Նրա մեկ ժպիտը կյանք է

Մեր տանը ապրում է մի նոր մոլորակ, ում անունն Ամելի է: Այո, իմ 5 ամսեկան քույրիկը մեր նոր  «Երկիրն» է: Նա շրջապատված է երեք մայրիկներով` ես, ավագ քույրս և մեր երեքի մայրիկը այդ մոլորակի մայրիկներն ենք: Ինչ-որ բան չհիշեցի՞ք: Ինչպես «Մայրիկ» ֆիլմում Ազատը ուներ երեք մայրիկներ՝ Աննան, Գայանեն և Արաքսին, այնպես էլ մեր ընտանիքում մենք երեքս Ամելիի մայրիկներն ենք: Հերիք է մի փոքր անհանգիստ ձայն, և մենք կհասնենք նրա մահճակալի մոտ: Նրա մեկ ժպիտը, փայլող աչքերը մեր տրամադրությունը կարող են 0-ից անսահմանություն հասցնել: 

Ամելիին լողացնելը մի արարողություն է, կերակրելը մի ուրիշ տոն է, իսկ քնելը նրա միջնեկ մայրիկի պարտականությունն է, որը վերածվում է մի գեղեցիկ երաժշտական տոնակատարության, քանի որ մեր մոլորակը գիշերը քնում է բավականին ուշ: Անցնելով ձեռքից ձեռք և ի վերջո իր մահճակալ, երևի մտածում է. «Մայրիկ, Սրբուհի ու Միլենա, սիրո երրորդություն, իմ երեք մայրերը, երեքն էլ շաղախված միևնույն սիրուց, իրենց անկողիններում նստած, անքուն, համբերությամբ սպասում են, որ իմ քունը տանի»:

Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե իր ծնունդով քույրս ինչքան լույս է բերել մեր տուն: Բոլորս ապրում ենք նրա ժպիտով, լացով, ամեն մի նոր շարժումով, դեմքի ամեն մի նոր արտահայտությամբ: Հա, չմոռանամ ասել, որ նրա անունը ես ու հայրիկս ենք դրել: Քույրս ու մայրս ուրիշ անուն էին մտածել, բայց մենք հաղթեցինք: Կցանկանամ, որ բոլոր ընտանիքներում լինի այն սիրուն անհանգստությունը, այն սիրուն անքնությունը ու վերջապես այն ամենասիրուն լուսավորությունը, որը մեզ փոխանցում է մեր փոքրիկ, բայց միաժամանակ մեր սրտերում մի ամբողջ տիեզերք զբաղեցնող մոլորակը:

Gayane Avagyan

Լրագրության, լրագրողի և էլի շատ կարևոր հարցերի մասին

Կարդացի Տաթև Աղազարյանի հոդվածը` գրագողության մասին: Այդ թեմայի մասին իր կարծիքն էր հայտնել նաև Արտյոմ Սաֆարյանը: Ասեմ, որ երկուսի նյութերից շատ բան սովորեցի: Գրեթե, ոչինչ ավելացնելու չունեմ գրագողության մասին, բայց ասեմ, որ այդ երևույթը դեռ վաղուց է եղել, ու քանի գնում է, այնքան համոզվում եմ Տաթևի կարծիքին` գրագողության մասին օրենքը լիարժեք չի աշխատում: Շատ լրագրողներ վերցնում են այլ կայքերից, հաղորդումներից տեղեկություն և դրանք տարածում, իբրև սեփականը, խախտելով հեղինակային իրավունքները: Ասեմ, որ մի բան էլ եմ նկատել` ինչ-որ նյութ գրելուց հետո պետք է նշվի աղբյուրը` այն վայրը, որտեղից իմացել են այդ տեղեկությունը: Նույնիսկ, եթե բանաստեղծություն ես մեջբերում նյութիդ մեջ, կարծում եմ, աղբյուրի նշումը պետք է լինի: Իհարկե, չկարծեք, թե միայն խոսքը լրագրության ոլորտի մասին է: Հեղինակային իրավունքները կարող են խախտել և՛  գրողները, և՛  ռեժիսորները, և՛  կոմպոզիտորները: Եվ, իհարկե, ինչպես ասում էր Արտյոմը` դա անարդար է:

Բայց չեմ ուզում հոդվածովս միայն գրագողություն երևույթը ներկայացնել: Քանի որ, կարծում եմ` դա շատ լավ իրենց նյութերում ներկայացրել են Տաթևն ու Արտյոմը: Չկրկնեմ նրանց խոսքերը, չէ որ, կարող է առանց իմ կամքի գրագողություն ստացվել, համաձայն եմ երկուսի տեսակետների հետ:

Հիմա ուզում եմ այլ բանի մասին խոսել` էլի մեզ հետաքրքրող մի թեմայի և սպասել, որ ձեր կարծիքն էլ կկարդամ սրա մասին:

Մի քանի տարի առաջ ես չէի մտածի, որ կնստեմ համակարգչի դիմաց` նյութեր կարդալու, հոդվածներ ուսումնասիրելու և ուշադիր սխալներ որոնելու նպատակով: Բայց, արդեն մի տարի է, ինչ ավելի ուշադիր եմ դարձել իմ շուրջը կատարվող իրադարձություններին նայելիս: Արդեն ամեն օր հետևում եմ Հայաստանում, ավելի քիչ՝ արտասահմանում տեղի ունեցող իրադարձություններին: Ու մի պահ մտածում եմ` ինչպես ես կլուսաբանեի այս իրադարձությունը, ինչի մասին կգրեի, ինչի մասին կլռեի, ու արդյո՞ք այդ նյութը արժանի է լուսաբանման: Դրսում քայլելիս էլ տեսնելով բնությունը, լսելով մարդկանց խոսակցությունները լուսաբանման արժանի լիքը թեմաներ եմ գտնում: Ասեմ, որ սիրում եմ նույն թեմայի մասին նյութը կարդալ ու լսել տարբեր ԶԼՄ-ների լուսաբանմամբ: Այդպես եմ անում, որ հետո, երբ ուզեմ որևէ բանի մասին տեղեկություն ստանալ, հետևեմ այդ լրատվամիջոցին: Ու, այդ պատճառով էլ, հաճախ արժանանում եմ ծանոթ մարդկանց այս հարցին.

-Արդեն ո՞ րերորդ անգամն է նույն բանը լսում ես, չե՞ս հոգնում: Ախր, նույն բանը տարբեր բառերի տեղերը փոխելով ասում են, ու, երևի, մենակ դու ես, որ ուշադիր լսում ես:

Դե, հա, երևի քչերն են իմ նման: Բայց արի ու բոլորին բացատրիր, որ մեկ բառի լինելը կամ չլինելը` իրականում մեծ բան է փոխում: Դե, բոլորին չէ, որ ասում եմ, հաճախ սուս եմ մնում` հետո հաղորդումը նայելու հույսով: Ասում են՝ չէ՞, ինչու ես նայում, բայց ինչ-որ բան իմանալու ցանկությամբ զանգահարում են, գրում, հարցնում են, թե ինչ նորություն կա, հո աշխարհը չի՞ փլվում, ի՞նչ նորություն կա աշխարհից, ի՞նչ նոր որոշում են կայացրել, տոներին քանի՞ հանգստյան օր ունեն, որ օրերն են աշխատանքային, ի՞նչ նոր որոշումներ են կայացնում, վաղը ի՞նչ եղանակ է լինելու …

Ու ասում եմ, բայց հաջորդ անգամ, երբ ինձ տեսնում են լուր կարդալիս` նրանց խոսքերը նույնն է լինում:

Իրականում, ես նորություն կարդում եմ և՛  տեղեկացված լինելու համար, և՛  տեղեկությունը տարածելու համար: Բայց ոչ միշտ է, որ իմ կարդացած տեղեկությունից գոհ եմ լինում: Դե, ոչ թե իրադարձությունից, այլ իրադարձության մասին գրված լուրից: Ես չեմ կարդում այն նյութերը, որոնց վերնագիրը ցնցող է, որոնց վերևում գրած է` շտապ լուր, որում գրված է` դուք այսպիսի բան երբեք լսած ու տեսած չեք լինի: Ու, երբ կարդում ես նյութը` հասկանում ես, որ մեկ «ցնցող» բան կա` վերնագիրը: Իսկ, մի՞թե դա խաբեություն չէ: Մի քանի դիտում ավել հավաքելու համար լրագրողը արդյոք պե՞տք է նման քայլի դիմի: Իմ կարծիքով՝ ո՛  չ: Իհարկե, բարդ մասնագիտություն է, ու ոչ բոլորն են լրագրող կոչվելու արժանի: Մեկը ցնցող վերնագիր է դնում, մյուսը` ոչ հավաստի տեղեկություն տարածում, էն մյուսն էլ` խախտում է էթիկայի կանոնները, ու էլ չեմ ասում, որ, հաճախ էլ, նյութը գրված է լինում տառասխալներով և սխալ կետադրությամբ:

Հըմ, գրեցի այսքանը, որ ուշադիր լինեք նյութ կարդալուց, չխաբնվեք վերնագրին, կարդաք միայն հավաստի աղբյուրներից լուրեր ու, ինձ նման, եթե ուզում եք լրագրող դառնալ, իհարկե փորձեք նյութը կարդալ ուշադիր, հետևել իրադարձություններին և մտովի, իրադարձության միջոցով, որպեսզի կարողանաք ձեր սեփական նյութը շարադրել:

Իսկ դուք, ինչպե՞ ս եք տարբերում հավաստի և ոչ հավաստի տեղեկությունը, ի՞ նչ եք զգում նյութ կարդալիս կամ հաղորդում նայելիս: Ի՞ նչ սխալների եք հանդիպել և այլն: Ըստ ձեզ, իսկական լրագրողը ինչպիսի՞ ն պետք է լինի: Արդյո՞ ք կատարում են լրագրողները իրենց գործառույթները:

Հետաքրքիր կլինի բոլորիդ կարծիքները: