qristine stepanyan

Կեսգիշերային զրույց

«Նրա համար տարօրինակ է, որ մարդիկ հիշում են, թե մյուսն ինչ է սիրում, իսկ դա ի՜նչ երանելի բան է»:

Դեռ երբեք ուրիշի զրույցը չէր դարձել մեր մասնիկը, քանի նա չէր գրել իր «Կեսգիշերային զրույցը»: Զրույց հոր ու որդու, ներկա ու ապագա «ես»-երի միջև: Եվ իսկապես ի՜նչ երանելի է հիշել մյուսի աչքերը, ձեռագիրը, բույրը: Չէ՞ որ այդ դեպքում կարող ենք նրան դիպչել ընդամենը աչքերը փակելով: Ի՜նչ երանելի է իմանալ նրա անունը ու ամեն անգամ արտասանելով գրկել նրան, ով ֆիզիկապես կողքիդ չէ: Ի՜նչ երանելի է ինչ-որ մեկին հայր անվանելը ու հայր լինելը ինչ-որ մեկի համար: Բնավ պարտադիր չէ զավակ ունենալ հայր կոչվելու համար, բայց պարտադիր է ունենալ հայր, քեզ թևավոր զգալու համար գոնե մի վայրկյան:

Մենք հայրն ենք մեր կարոտների: Ի՜նչ երանելի բան է ունենալ կարոտ, նույնիսկ եթե երբեք չի հագենալու, նույնիսկ եթե կարոտդ հավերժական է լինելու ու երբեք չի փարատվելու: Հրաշալի բան է՝ կարոտել ինչ-որ մեկին:

«Մենք կարոտում ենք հազար ու մի բանի, բայց մտածել ե՞ք արդյոք, որ ամենից շատ կարոտում ենք ինքներս մեզ»:

Վարդգես Պետրոսյան, «Կեսգիշերային զրույց»:

Հեղինակը ներկայացնում է զրույց, որը երբեք չի կորցնի իր արդիականությունը: Այստեղ կան ափսոսանքներ, ապրումներ և մարդ, ով շատ բաներ կփոխեր, եթե միայն կողքին լիներ նա, ումով թևեր ենք առնում ու կորցնում թևերը: Այստեղ մեզանից մեկը խոսում է բոլորիս անունից ու բոլորիս համար: Այստեղ հեղինակը զգում է այն, ինչ զգացել ենք ամենքս կյանքում առնվազն մեկ անգամ: Կարդալով այս մի քանի էջը՝ հասկանում ենք մեր հայրերին, որդիներին ու աշխարհն ամբողջովին:

Կան երազանքներ, որոնք կոչված են իրականանալ միայն երազներում:

«Պիտի վերջին անգամ հավատաս այն երազին, որով կամար ես սարքել»:

Ձյունածածկ քաղաքն ու զգացմունքները

Լուսանկարը` Արման Արշակ-Շահբազյանի

Լուսանկարը` Արման Արշակ-Շահբազյանի

Ու էլի սկսեց բոլորի կողմից շատ սիրելի ու սպասված արձակուրդները, իսկ իմ կողմից` չսպասված ու անցանկալի։ Հա, հա, թող տարօրինակ չթվա, արձակուրդները ինձ համար անցանկալի են, որովհետև չեմ սիրում ամբողջ օրը պարապ տանը նստել ու ձանձրանալ. «Օ՜ֆ, բան չկա անելու» արտահայտությունից։ Ձանձրույթս ինչպես միշտ խեղդում էի գրքի տողերի արանքում, կարևորություն տալով ամեն մի բառին։

Դրսում տիրող սառնությունը, երկնքից ցած իջնող ձյունը գրավեցին ուշադրությունս, ու ժամերով սկսեցի նայել դուրս՝ պատուհանից այն կողմ, մարդկանց, ովքեր քայլում են ձյան փաթիլներին ուշադրություն չդարձնելով, մարդիկ, ովքեր շտապում են դեպի տան տաքությունը` չզգալով դրսի ջերմ սառնությունը։ Ու այդ դիտարկման մեկ ժամվա ընթացքում սպիտակեց, սպիտակեց ամեն ինչ, սպիտակեցին ու սառեցին մարդիկ ու նրանց զգացմունքները, սպիտակեց ողջ քաղաքը։

Ես դուրս եկա տանից, չէ, ավելի ճիշտ, դուրս փախա տան տաքությունից դեպի օտար սառնություն։ Քայլերս ուղղում եմ չհասկանալով թե ուր, միայն գնահատելով ձյունն ու սառնությունը, ձյան մաքրությունը: Մարդկանց ոտնահետքերից թարմ ու մաքուր ձյունը ցեխոտվում էր, ցեխոտվում ու մնում մայթերին։

Դադարեցի քայլել, շուրջս միայն սպիտակ էր, չկային մարդիկ, չկային ցեխոտ մայթերը, կար միայն իդեալական սպիտակ՝ քաղաքի ծայրամասում ու կարծես վաղուց մոռացված քարեր, որոնց այսօր հիշել էր ձյունը:

Լուսանկարը` Արման Արշակ-Շահբազյանի

Լուսանկարը` Արման Արշակ-Շահբազյանի

Ա՜խ, ինչքան հաճելի էր այստեղ տիրող օտար, բայց միևնույն ժամանակ, ջերմ սառնությունը։

Կարծես ձյան տակ են թաքնվում բոլորիս զգացմունքները, բոլորիս անտարբերությունը, ցեխոտվում ու մնում են մայթերին, իսկ գարնանը հալչում ու հեռանում են մեզնից:

Թող ամեն բան ժամանակին լինի

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Այսօր առատ ձյուն է գալիս: Դե, արդեն ձմեռ է, իսկը ժամանակն է: Լավ է, երբ ամեն բան ժամանակին է ու տեղին: Դա միայն ուրախություն է պատճառում, սակայն հաճախ ինքը՝ բնությունն է փչացնում իր ստեղծած բարիքը: Շատ ցավալի է, երբ անժամանակ եկած ձյունը կամ անսպասելի հուժկու կարկուտը մարդկանց չարչարանքը ջուրն է գցում: Այս տարի այդպիսի դեպքերը շատ էին: Դրանցից մեկին ես ականատես եղա Արագածոտնի մարզի Կարբի գյուղում: Ավելի քան 10 րոպե տեղացած կարկուտից հետո խնձորի այգիները այսպիսին էին:

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Հիմա հիշում եմ բոլոր այդ ընտանիքներին, որոնց բերքը փչացրեց բնությունը: Շատ շատերի ապրուստի միակ միջոցը հենց այդ բարիքն էր:

Gayane Avagyan

Նոր բացահայտում պապիկիս շնորհիվ

Մի սովորական օր` նման բոլոր օրերին, դուրս եկա տանից ու քայլեցի, հա, էլի ականջակալներովս, դեպի տատիկենցս տուն: Արդեն երկար ժամանակ է, ինչ չեմ տեսել մեծ մայրիկիս ու մեծ հայրիկիս, (դե, պարսկահայերս պապիկ-տատիկին էդպես ենք ասում): Գնացի` տեսնեմ` ինչպես են, ինչ են անում, ինչպես է անցնում օրը, ու կարոտս առնեմ: Հասա տեղ, ճանապարհին չորս անգամ լսելով Մանսուրյանի երաժշտությունը: 

Ինձ տեսնելուն պես ուրախացան բոլորը: Երկար ժամանակ է, ինչ դասերի պատճառով ժամանակ չէի ունեցել տեսնելու իմոնց: Հարցերի մի ամբողջ հեղեղ ուղղեցին ինձ: Ու հասավ սպասված հարցը.

-Այ բալիկ ջան, կարոտում ենք քեզ, ինչո՞ւ  չես երևում:

-Կներես, պապիկ, դասերս այնքան շատ են, չեմ հասցնում:

-Այ, որ դասի անուն ես տալիս, չեմ բարկանում: Սովորիր, դե ասա` ի՞ նչ եք հիմա անցնում:

-Հիմա գրականություն ենք անցնում, գրողների կենսագրությունն ու ստեղծագործություններն ենք ուսումնասիրում:

-Էհ, երանի քեզ:

Ու մի պահ ոչինչ չասաց պապիկս: Մինչ ես նստած սպասում էի պապիկիս խոսքերին, տատս թեյը բերեց: Գիտեք, չէ՞, ինչքան ենք թեյ խմում` համ առավոտյան` նախաճաշին, համ կեսօրին` ճաշից հետո, համ երեկոյան` ընթրիքից հետո: Պարսկաստանից այդ սովորությունը պապիկս ու տատիկս բերել են այստեղ: Խմեցի տաք- տաք թեյս ու էլի սպասում էի, որ պապիկս մի բան կասի, ախր, չավարտեց խոսքերը: Չէ, հաստատ դեռ ասելու բան ունի: Իր կանաչ աչքերով նայեց ինձ ու ասաց.

-Գայանե, գիտե՞ ս, մենք մի բարեկամ ունենք, գրող է,- ասաց պապս ու էլի լռեց: Մի քանի վայրկյան դադար տվեց, երևի անունն էր ուզում հիշել,- Հա, հիշեցի` Արտաշես Պողոսյան: Վերջին անգամ չեմ հիշում` երբ եմ տեսել նրան, կարծեմ Երևանում` իրենց տանը: Բայց դե, շուտ էր դա…

Ու ոչինչ չասաց էլ պապս: Մի քանի վայրկյան ուշադիր ինձ նայեց, հետո ասաց, որ տատս էլի թեյ լցնի ինձ: Այս անգամ չփորձեցի հետաքրքրությունս բավարարել, ոչ մի հարց չտվեցի: Սպասում էի, որ էլի կխոսի պապս, բայց նա լուռ էր:

Անցավ մի քանի օր պապիկիս տուն այցելությունից: Այդ մի քանի օրը անընդհատ մտածում էի` ինչպես գտնեմ Արտաշես Պողոսյանի ստեղծագործությունների գիրքը: Համացանցը օգնեց ինձ: Որոնեցի ֆեյսբուքով, ուզում էի տեսնել` արդյո՞ ք ինչ- որ էջ կա այդ գրողի անունով բացված: Էջ չգտա, փոխարենը մի խումբ գտա: Այնտեղ կային Արտաշես Պողոսյանի ստեղծագործությունները: Կարդացի հերթով, նկատեցի, որ այդ բանաստեղծությունները հրապարակում է Նաիրա Պողոսյանը: Մտա նրա էջ, տեսա, որ ամբողջ էջում Արտաշես Պողոսյանի բանաստեղծություններն են: Ընկերանալու հարցում ուղարկեցի: Հաջորդ օրը, տիկին Նաիրան ընդունեց ընկերանալու հարցումս: Ուզում էի գրել նրան, ասել, որ Արտաշես Պողոսյանի բանաստեղծություններից, եթե հնարավոր է ուղարկի` կարդամ: Համացանցում, քիչ տեղեկություն կարողացա գտնել, ախր:

Գրեցի, ուղարկեցի նամակս: Տիկին Նաիրան ջերմ պատասխանեց: Ասաց, որ ինձ կնվիրի Արտաշես Պողոսյանի բանաստեղծութունների գիրքը: Իհարկե, ուրախացա, այս մասին պատմեցի պապիկիս, առաջին հերթին խնդրեց ինձ կարդալ նրա բանաստեղծություններից մեկը: Սիրով կարդացի, հետո ասաց, որ գիրքը ստանալուն պես, տանեմ իրենց տուն ու իր համար էլի կարդամ: Լավ չեն տեսնում պապիկիս աչքերը, ու ես սիրով կարդում եմ նրա համար: Ուրախ, ուրախ համաձայնեցի ու սպասեցի գիրքը ստանալուն:

Ուրախությունս կրկնապատկվեց, երբ գիրքը հայտնվեց իմ ձեռքում: Սկսեցի հպարտությամբ կարդալ իմ ազգականի ստեղծագործությունները: Հիմա եմ հասկանում, եթե չլիներ պապիկիս լռությունը, ես երևի այդպես էլ չգտնեի տիկին Նաիրային և չստանայի գիրքը: Շնորհակալ եմ շատ տիկին Նաիրային, նվերի համար:

Ուզում եմ, որ դուք էլ իմանաք Արտաշես Պողոսյանին: 

Ահա, նրա բանաստեղծություններից մեկը.

Ինչո՞ւ աշխարհում
Ամենահամառն « ինչո՞ւ»-ն է էլի.
Ինչքան էլ խեղդես պատասխաններով,
Ինչքան էլ խեղդվես պատասխանելով,
Ծնկի չի գալիս,
Շնչում է էլի:
Ինչո՞ւ աշխարհում
Ամենաքնկոտն «ինչո՞ւ»-ն է էլի.
Ինչքան ուզում ես՝ ձաղկիր մտրակով,
Ինչքան ուզում ես՝ ծակիր մկրատով,
Հսկայի պես է՝
Ննջում է էլի:
Ինչո՞ւ աշխարհում
Ամենազորեղն «ինչո՞ւ»-ն է էլի.
Ետ է շպրտում նա մինչև այսօր
Պատասխանների գրոհներն անզոր,
Ու մենք կարծում ենք միամտորեն՝
Ծնկի ենք բերել «ինչո՞ւ»-ներն ամեն:
Այնինչ աշխարհում
Ամենահամառն «ինչո՞ւ»-ն է էլի,
Ամենաքնկոտն « ինչո՞ւ»-ն է էլի,
Ամենազորեղն «ինչո՞ւ»-ն է էլի,
Շնչում է էլի,
Ննջում է էլի,
Բոլոր շուրթերից
Հնչում է էլի:

Արտաշես Պողոսյան

elada

«Երևանի նշանավոր ընտանիքները»

Այս գիրքը նվեր ստացանք մեզ շատ հարազատ դարձած մարդուց՝ Արմեն Խեչումյանից: Նա մեր ընտանիքի բարեկամն է դարձել դեռ շա՜տ վաղուց, երբ պապիկս աշխատել է հաստոցաշինական գործարանում: Այնտեղ Արմեն Խեչումյանը լաբորատորիայի վարիչ էր աշխատում, այդպես ծանոթացել և բարեկամացել ենք ընտանիքներով:

Արմեն Խեչումյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է: Նա իր թեզը պաշտպանել է Սանկտ Պետերբուրգում, իսկ հիմա ապրում է Ռուսաստանում և տարին գոնե մեկ անգամ այցելում է մեզ: Հենց այդ այցելությունների ժամանակ էլ նվիրեց Ամիրյան Անահիտի հեղինակային գիրքը «Երևանի նշանավոր ընտանիքները» վերնագրով, որտեղ տոհմածառի տեսքով նշվում է հատկապես իրենց տոհմը, քանի որ այն ամենամեծն է Երևանի նշանավոր ընտանիքների մեջ: Գիրքը նվիրված է Երևանի՝ 18-20-րդ դարերի այն նշանավոր անհատներին, որոնք կարևոր դերակատարություն ու ներդրում են ունեցել Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, տնտեսության, արդյունաբերության, քաղաքականության, գիտության, բժշկության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում: Աշխատության մեջ նյութերի ընձեռած հնարավորությունների սահմաններում, փորձ է արվել անդրադառնալու նաև նրանց ծագումնաբանության ու տոհմի պատմության հարցերին…

Գիրքը կազմելիս հեղինակներն օգտվել են Հայաստանի ազգային արխիվի, Երևան քաղաքի պատմության թանգարանի ֆոնդերի նյութերից, գրքում նշված էր, որ անհատական զրույցներ են ունեցել նշանավոր մարդկանց սերունդների ներկայացուցիչների հետ: Առանձին մասով ներկայացված են փաստաթղթեր, լուսանկարներ, անձնական իրեր, գունավոր պատկերներ:

Այս գիրքը շատ է տպավորել է իմ մեջ, քանի որ ինձ ծանոթ և հարազատ մարդկանց մասին էլ է նշված գրքի մեջ, ուստի ցանկացա ներկայացնել ձեզ, որպեսզի դուք էլ կարդաք, գուցե և ձեր կողքին էլ են ապրում Երևանի նշանավոր ընտանիքների սերունդներից, կամ էլ հանկարծ պարզեք, որ այդ սերունդներից մեկն էլ դուք եք:

hayarpi baghdasaryan

«Թիթեռը»

Գրադարանս նոր գիրք ունի։ Այ էդպես, նախանձի ու գնա քեզ գիրք առ։ Անհամբեր տուն եմ գալիս, մի անգամ էլ Երևան-Սևան մայրուղու վրա կարդում արդեն 3-4 անգամ կարդացած գիրքն ու նոր հանգիստ խղճով դնում գրքերիս կողքին։ Չէ, դիմացն եմ դնում, որ լավ տեսնեմ մեծ տառերով գրված «Թիթեռը»… Մի անգամ, ամենաառաջին անգամը, երբ նյութ գրեցի 17-ի համար, վերնագրել էի «Գրականության այսօրը»։ Բայց չկարդաք դա. վատ-վատ բաներ եմ գրել ու վատ եմ գրել ու չեմ սիրում էդ նյութս։

Ասեմ՝ ինչի համար հիշեցի վերջինս. ուրեմն, մի տարի առաջ համոզված էի, որ նորօրյա գրականություն չունենք՝ չնայած կարդացածներիս թշվառ ու աղքատիկ ցանկին։ Ինձնից գոհ իբր թե քննադատում էի ժամանակակից գրականությունը, բայց արի ու տես, ինչքան ավելի ենք մեծանում, էնքան ավելի ենք հասկանում՝ քիչ բան գիտենք… Ավելի ենք սխալվում։ Ես, ամեն դեպքում, մի տարվա մեջ փոխեցի կարծիքս, կամ որ ավելի կոնկրետ ասեմ՝ մոտ մեկ ամիս առաջ։ Նոյեմբերի սկիզբն էր, երբ շատ պատահական մեր շատ սիրելի ՖԲ-ի իմ էջին եկավ Միքայել Նահապետյանի գրառումը, որտեղ փոքրիկ օգնություն էր պետք իր վիպակի համար։ Ես էլ, ոնց որ թե բարի էի տվյալ պահին, որոշեցի առաջարկել օգնությունս։ Էստեղ էլ չմանրանամ։ Արագ ասեմ, քանի ոգևորված եմ։

Ուրեմն էսպես. մեր Միքայել Նահապետյանը տպագրեց իր վիպակը ու ես էլ, իհարկե (հեհե), առաջիններից էի, ով ունեցավ գրքի իր օրինակը։ Մի ընտիր բան է մտածել Միքը. գրքի ամեն օրինակի վրա ձեռքով նկարված թիթեռ կա, ու ամեն մեկը մյուսից լրիվ տարբեր։ Գիրքը կարդալուց համ քո սեփական թիթեռն ես ունենում, համ` քո սեփական վիպակը։

Ես ո՛չ գրաքննադատ եմ, ո՛չ էլ, առավել ևս, գրականությունից շատ հասկացող մեկը, որ հիմա ձեզ ասեմ՝ ինչ կա գրքում, ինչն է լավ կամ` վատ։ Ինչ որ պետք էր՝ ասել եմ գրողին։ Միայն, թույլ տվեք էստեղ ասեմ՝ ինչ է ի’նձ տվել տվյալ գիրքը։ Ես շատ հասարակ ընթերցող եմ, ում ձեռքն ընկավ «Թիթեռը», ու հավատացեք՝ սա էն քչերից է, որ քաղցած ուտում ես, հետո արագ մարսում, հետո մտածում, որ շատ համեղ էր։ Ուրեմն գիրքը շատ համեղ էր, որովհետև համեմված էր իրականությամբ, բայց էդ իրականությունը գրողը շատ սիրուն էր մատուցել։ Առաջին անգամ գիշերվա 2-ին կարդացի, երկրորդը՝ ցերեկով, հետո` մի անգամ էլ։ Իսկ այ, էս վերջին անգամը՝ բոլորից, աշխարհից, մարդկանցից կտրված ու մենակ, ինքս իմ ու «Թիթեռի», ինքս իմ ու Միքայելի ստեղծած աշխարհի հետ։ Մենակ, որ կռիվ անեմ, նվնվամ, հուզվեմ, նեղանամ, բանակցեմ ու սուս-փուս փակեմ գիրքը, ասեմ՝ ուշ-ուշ են գալիս, բայց` ոչ ուշացած։

Հա, ու չմտածեք, թե գովք եմ անում։ Դե, չէ։ Շատ ավելի ընտիր վեպեր, պատմություններ կան, բայց սա էլ իր ժամանակում, իր միջավայրում էն լավերից է, որ քիչ են հանդիպում։

Հիմա ասածս ինչ է՝ Նոր տարին մոտ, շատ մոտ է, իրար գրքեր նվիրեք, ու ինչի չէ՝ Միքայել Նահապետյանի «Թիթեռը» վիպակը։ Կարդացեք՝ քննարկենք։

Փայտը բերեցին

Լուսանկարը` Լաուրա Սեկոյանի

Լուսանկարը` Լաուրա Սեկոյանի

-Հա, Արշ ջան, մենք էլ ուզում էինք զանգել քեզ, որ ցախ բերեիք:

Այսպես էր խոսում մորեղբայրս իր աներձագի հետ, ով զանգել և առաջարկում էր, որ փայտ բերեն մեզ համար։ Արշակը ապրում է Դիլիջանում և զբաղվում է փայտի գործով։ Մորեղբայրս` Ռուդիկը, խորհրդակցեց տատիկիս հետ և վերջնական պատասխան տվեց Արշակին:
Նոր էի դասից եկել, և տան դռան առջև ասեղ գցելու տեղ չկար։ Հինգ խորանարդ մետր փայտ էին բերել մեզ համար, և բոլորը հսկա կոճղեր էին:
-Ապրեք, տղերք ջան, դե, եկեք տուն` մի բաժակ սուրճ խմեք, հետո կզբաղվենք փայտի գործով:
Տղաները եկան տուն, սուրճ խմեցին, հանգստացան, և փայտը դասավորելու համար տեղ պատրաստեցին։ Տեղը պատրաստ էր, և մեզ մնում էր միայն կոճղերը մի քանի մասի բաժանել ու դասավորել։ Կացինը սուր էր, իսկ տղամարդկանց բազուկը` ուժեղ։ Այդ պատճառով էլ երեք ժամվա ընթացքում փայտը կոտրեցին։ Դիլիջանի փայտը լավ է վառվում, տատիկս հավանում է։ Երբեմն փայտի որակը ստուգելու համար, երբ փայտը գցում ենք վառարանի մեջ ժամ ենք պահում, փորձելու համար, թե որքան ժամանակ է փայտը կրակ պահում։ Արդյունքում փայտը իրեն արդարացնում է։ Արդարացնում է այնքանով, որ երեկոյան հաճախ տալաշ ենք անում։ Մինչև հիմա էլ, կեսօրից հետո, բոլորի այգիներից փայտ կտրող սարքի ձայնն է գալիս, ովքեր չեն հասցրել փայտ գնել բավարարվում են իրենց ունեցածով, մինչև որ կգնեն։ Գյուղի բնակչության մեծամասնությունը վառարան է վառում, շատ քչերն են, որ բնական գազ են վառում: Թանկ է:

Լաուրա Սեկոյան

***

Տարվա եղանակները հերթափոխում են միմյանց, և ամեն եղանակ իր հետ գյուղացու համար նոր հոգսեր է բերում: Հատկապես հոգսաշատ են ամռան վերջը և աշունը`մրգերի պահածոյացում, խոտհավաք, պարենամթերքի պահեստավորում և այն: Բոլոր գյուղացիները ձմռանը տաքանալու համար մերձակա անտառից փայտ են հատում: Որոշ բնապահպաններ անընդհատ հորդորում են գյուղացուն` չհատել ծառերը, խնամքով վերաբերվել մայր բնությանը: Առաջարկում եմ այդ բնապահպաններին ձմռանը` ցուրտ սառնամանիքին, գալ և բնակվել գյուղի չջեռուցվող տներում:
Հաճախ եմ լսում, որ գյուղացիք տեսնելով կտրված փայտը, ափսոսանքով ասում են. «Մեղք էին», վերջում էլ ավելացնում. «Բայց այլ ճար չկա»:

Լուսանկարը` Լաուրա Սեկոյանի

Լուսանկարը` Լաուրա Սեկոյանի

Ոչ ոք չի ցանկանում վնասել այն բնությանը, որը սնում է իրեն: Սրանք միայն հարկադրված քայլեր են, սեփական գոյությունը պահպանելու, բնական երևույթներին դիմակայելու համար:
Իհարկե, կան որոշ լուծումներ…
Առաջինը, այնքան էժանացնել գազի գինը, որ գյուղացին ավելի շահավետ համարի օգտագործել գազով ջեռուցում:
Երկրորդը. ծառահատումները կատարել միայն հիվանդ ծառերի հետ, իսկ առողջները հատելիս, դրանց փոխարեն նորերը տնկել: Սա ամրագրված է Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, բայց ինչպես ասում են, օրենքները շրջանցելու համար են, և ոլորտը վերահսկելու համար մեծ հետևողականություն է պետք: Ներկայումս անտառածածկ տարածքները կազմում են հանրապետության տարածքի միայն 11.2 տոկոսը:
Նախկինում Հայաստանի «թոքեր» անվանում էին Տավուշը, անտառահատումների արդյունքում` արդեն Լոռին: Իմ ցանկությունն է, որ Հայաստանը տասը «թոք» ունենա, տասն էլ լիարժեք գործող:
Հաճախ մենք մեր ուշադրությունը հրավիրելով ավելի մեծ խնդիրների վրա, ինչպիսին է, օրինակ, երկրագնդի գլոբալ տաքացումը, մոռանում ենք ուշադրություն դարձնել ավելի փոքր ու աննշան թվացող խնդիրներին, մինչդեռ մեկ տնկված ծառը, մեկ խնայված թուղթը, շատ բան կարող է փոխել:

Անի Ղուլինյան

arman arshak

Ես ձեր քիմիայի ուսուցչուհին եմ

6-րդ դասարանի առաջին օրերն էին։ Ինչպես ամեն ուսումնական տարի, այս մեկը ևս բացառություն չէր՝ կար տարեսկզբյան ոգևորվածություն։ Նոր առարկաներ, նոր ուսուցիչներ։ Երբեք չէի մտածի, որ ուսուցիչներից մեկի հետ հանդիպումը կլինի ճակատագրական, և տարիներ հետո էլ երբեք չեմ մոռանա այս խոսքերը. «Բարև ձեզ, ես ձեր քիմիայի ուսուցչուհին եմ՝ ընկեր Սարգսյանը»։ Այս խոսքերը ես դեռ երկար եմ հիշելու, քանի որ այս խոսքերն էին, որ մերձեցրին ինձ իմ երկրորդ մոր հետ, որին իմ հետագա պատմության ողջ ընթացքում կազատեմ «երկրորդ» բնութագրից, քանի որ նա երկրորդ չէ, չէ՛, չէ՛, ոչ էլ առաջին, նա մի ուրիշ աշխարհ է։ 

Արդեն 9-րդ դասարանցի էինք, դե բնականաբար, միշտ կա այդ վախը՝ քննություններ, հոսքային ուղղություններ։ Իսկ ո՞ր առարկան պետք է ընտրել բնագիտական քննության համար: Շատերն արդեն գիտեին, որ ես քիմիան էի ընտրելու։ Ընտրել այն առարկան, որը դասավանդում է սիրելի ուսուցիչդ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հիասքանչ է, երբ ունես ուսուցչուհի, որը թե՛ մայր է, թե՛ ուսուցչուհի, թե՛ ընկեր, հուսամ, կկարողանաք պատկերացնել: Ամբողջ դպրոցում միայն չորս աշակերտ էր ընտրել քիմիան, ու չորսս էլ վախենում էինք քննությունը չհաղթահարելուց: Ընկեր Սարգսյանն ինձ ու երեք դասընկերներիս արտաժամյա դասերի էր կանչում, ու ամեն անգամ, երբ մտնում էինք նրանց տուն, կարծես մեր հարազատ օջախը մտնեինք: Օ՜, իսկ համը այն չրի, որ ամեն անգամ նա հյուրասիրում էր մեզ, հաստատ երբեք չեմ մոռանա, ինչպես այս խոսքերը. «Ես ձեր քիմիայի ուսուցչուհին եմ՝ ընկեր Սարգսյանը»:

seda harutynyan-2

Մինչև լույսը կբացվի

Մտքիս եկավ գրել մահվան մասին։ Շատ վատ ու մռայլ թեմա է։ Իսկ դու կարո՞ղ ես ասել, թե ինչ է մահը։ Լա՛վ, անցանք։

Ամեն օր մենք վիճում ենք, սիրահարվում, ատում, հիասթափվում, նոր շունչ առնում, և ամեն օր նոր մտքեր են ծագում հաջորդ օրվա համար։ Նոր պլաններ, նոր համարձակ քայլեր և այլն։ Իսկ դու երբևէ մտածե՞լ ես, որ կարող է առավոտյան չարթնանաս։ Գլուխս ամեն գիշեր լցված է այդ հիմար մտքերով, և նրանով, թե ինչ կլինի, եթե հաջորդ առավոտս չլինի։ Սարսափելի է։

Երբ կռվում եմ մեկի հետ, և այդ մեկը ինձ հարազատ մարդ է, գիշերը՝ քնելուց, մտածում եմ, իսկ եթե վաղը նա չլինի՞, կամ չլինեմ ե՞ս։ Եվ այդ միտքը գլխումս, որոշում եմ մի կողմ դնել հպարտություն կոչվածը, և ներողություն խնդրել հենց գիշերը, հենց այդ պահին։ Եվ կապ չունի` ես եմ մեղավոր եղել, թե դիմացինս, այդ բառը գրելուց կամ ասելուց հետո սիրտս թեթևանում է։
Հաճախ կարծում եմ, որ հաջորդ օրը արթնանալուս հույսերը ավելի մեծ են այն ժամանակ, երբ գիշերը աղոթում եմ։
Կար ժամանակ, երբ Աստծուց միայն պահանջում և խնդրում էի, իսկ հիմա ամեն գիշեր պատուհանի մոտ կանգնած նայում եմ երկնքին, և շուրթերս ինքնաբերաբար արտասանում են․շնորհակալ եմ։
Իսկ ինչի՞ համար եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ, որ արթնացա, տեսա ինձ շրջապատող հիասքանչ աշխարհը, ապրեցի և վայելեցի անգամ այսօրվա սպիտակ թերթիկիս վրայի սև բծերը։

Եկեք պատկերացնենք, որ կա մեկը, որ գրում է մանրամասնորեն մեր այդ օրվա բոլոր մտածածներն ու կատարածները։ Ու մի օր, շա՜տ տարիներ հետո, մեզ են հանձնելու այդ գիրքը։ Եկեք ապրենք այնպես, որ գիրքը կարդալու ընթացքում չամաչենք և չհիասթափվենք ինքներս մեզանից։ Իսկ եթե արդեն ինքներս մեր ձեռքով սևացրել ենք այդ էջերը, ի՞նչ ենք անելու։ Երբ գիրքը դեռ չնթերցած, այդքանը գիտակցում ենք, պետք է ուղղակի վեր կենալ, պատռել այդ գիրքը և սկսել նորից։ Այո՛, պատռել։
Շատերը վախենում են մահից, շատերը մահացածներից, իսկ ես վախենում եմ միայն հոգեվոր մահից։ Ի՞նչ է դա։ Ես չգիտեմ` դա ինչ է, բայց գիտեմ, որ այդ մահվան ժամանակ դու ապրում ես այնտեղ, որտեղ ապրել ես միշտ, միայն շուրջդ ամեն ինչ մութ է ու մռայլ։

Եկեք ապրենք մաքուր, ապրենք ազնիվ, քանի որ մենք չգիտենք` որն է լինելու մեր վերջին օրը։ Ապրենք այնպես, որ երկար, շատ երկար տարիներ մեզ հիշեն ու գովեն։ Եկեք ապրենք` կողմ դնելով հպարտություն, գոռոզություն, եսասիրություն ասվածները։ Եկեք ապրենք զգացումով, որ ապրում ենք վերջին անգամ։

Ինքս էլ ինձ չեմ հասկանում, բայց զգում եմ, որ դուք էլ խորհելու ժամանակ կունենաք և կկազմեք լավ ապրելու ձեր բանաձևը: