meri hakobyan

Թե ինչպես սիրեցի հասակս

«Չեմ սիրում բոյս, շատ եմ կոլոտ», – արտահայտություն, որը կարող էր փոխարինել իմ ամենօրյա «Բարի լույս»-ին: 15 տարեկան եմ, բոյս էլ 1մ 53սմ: Կմտածեք, ի՞նչ է որ, ավելի ցածրահասակներ էլ կան: Ես էլ այդպես կմտածեի, եթե փոքր տարիքից էլ այդպիսին լինեի: Դե, խնդիրն էլ հենց դա է: Ախր, փոքր ժամանակ ամենաբոյովն էի դասարանում: Ինչևիցե: Ես միշտ չեմ սիրել իմ հասակը, միշտ ինձ վատ եմ զգացել դրա համար: Բայց եկավ մի պահ, երբ կարծիքս փոխեցի, սկսեցի մտածել, որ կարճահասակությունն էլ ունի լավ կողմեր:

Ուրեմն, 13 տարեկանում ընդունվեցի պարի խմբակ: Երբ ուղիղ գիծ էինք կանգնում, շարքի մեջ ես նախավերջինն էի: Հենց այդ ժամանակ ավելի ու ավելի էի ատում կարճահասակությունս: Մերոնք միշտ ինձ մխիթարում էին, ասելով. «Հիշի՛ր, նախավերջինն ես, ոչ թե վերջինը»: Դիպուկ է, ինչ խոսք: Բայց չէր օգնում: Պարի ժամանակ, շարքի հետևում, ավելի ճիշտ բարձրահասակների հետևում, ես միշտ տանջվում էի, որ պարել սովորեմ: Չնայելով այն փաստին, որ անգամ հայելու մեջ չէի կարողանում ինձ տեսնել:

Հիմա հետ եմ նայում ու զարմանում, թե ինչու եմ այդքան վատ զգացել հասակիս համար: Խմբակ ընդունվելուցս շատ չանցած, ես արդեն պարում էի բարձրահասակների հետ: Իհարկե շարքի վերջում, բայց ամեն դեպքում նրանց հետ: Իսկ երբ արդեն նախավարժանքի ժամանակ ուսուցիչս կանգնեցրեց ինձ առաջին շարքում, հասկացա, թե ինչ լավ է ցածրահասակ լինելը: Կմտածեք, չնչին բան է, բայց հենց դրանից հետո սկսեցի սիրել իմ հասակը: Ես վերջապես կարող էի տեսնել ինձ հայելու մեջ, տեսնել, թե ինչ եմ պարում:

Եվ վերջում, խորհրդի կարգով. ցածրահասակ աղջիկներ, միշտ հիշե՛ք, ադամանդն էլ է փոքր:

arman arshak-shahbazyan

«Արմ, հել… Զանգը տվեց…»

-Արմ, հել… Ֆիզկուլտ ա էս ժամը, պիտի գնանք ֆիզկուլտդահլիճ,- ինչպես միշտ ականջակալներս հանելով լոնդոնյան անձրևոտ փողոցներից ինձ կտրեց կողքիս նստող կարմրահեր գեղեցկությունը։

-Ու՜ֆ, լավ էլի, գիտես, որ ես կենսաբի ժամին մտքերով Լոնդոնի փողոցներում անձրևի տակ քայլելուց ու երգ լսելուց բացի բան չեմ անում: Ինչի՞ ես երազներիցս կտրում…- էլի նույն բողոքավոր հայացքն ու տոնը։

-Լավ, լավ, գնացինք, ուշանալու ենք` էլի խոսա…

Էլի ինչպես բոլոր ֆիզկուլտի ժամերին, առաջին բառերը, որ լսում ենք . «Դուք էլի ուշանում եք, հեսա էլի կասեք` սպասում էինք մատյանը լրացնեին… Ըստ հասակի շարվեք… Հավսար, զգաստ…», ու էլի ես եմ շարքի ամենասկզբում: Էլի ես բոլորից տարբերվում եմ… Նայեցի ինձնից այն կողմ երկարող շարքին: Նայում էի ու մտածում «Ինչո՞ւ պիտի իմ տարեկիցներից էսքան տարբերվեմ, իրանց ու իմ հասակների տարբերությունը ինչի՞ ա սենց շատ»։

Այդ օրը ցանկություն չկար վոլեյբոլ խաղալու: Վերցրեցի հեռախոսս, դրեցի ականջակալներս ու… Չէ, չէ: Այս անգամ Լոնդոնում չէի… Նայում էի երեխեքին, թե ոնց են խաղում։ Չգիտես` ինչի աչքերիս առաջ առաջին ֆիզկուլտի դասը եկավ, կամ առաջին կամ երկրորդ դասարան էինք։ Երբ դասվարը սկսեց կանգնեցնել ըստ հասակի, կանգնեցրեց, ու պարզվեց, որ ես չորրորդն եմ՝ երեքից հետ: Այդ պահին չէի մտածում, որ քսաներեքից առաջ եմ, այլ մտածում էի` ինչի պիտի երեքից հետ լինեմ: Չգիտեմ, երևի երեխայական մտքեր… Չեմ հիշում` երբվանից սկսեցի կանգնել ամենասկզբում ու ինչ զգացի, բայց այսօր, երբ կանգնում եմ շարքի սկզբում, ու երբ բոլորը, իմանալով տարիքս, յուրահատուկ կերպ են վերաբերվում, իսկ բոլոր շրջապատներում ուշադրության կետրոնում եմ լինում, ինձ լավ եմ զգում: Զանգը տվեց, կտրվեցի մտքերիցս ու բարձրացա դասարան: Ականջակալներս չէի հանել: Նստեցի տեղումս ու էլի սկսեցի պատուհանից դուրս՝ ծաղկած ծիրանենիներին նայել:

-Տղա ջա՛ն, հերիք ա պատուհանից նայելով էլի ընկնես երազանքների գիրկը: Մարդ էդքան երազկոտ չի լինի,- ծանոթ ձայն էր՝ դասղեկս էր:

-Հա, ընկեր Սարգսյան, ի՞նչ ա պատահել,- ինչպես միշտ ժպտալով պատասխանեցի:

-Կենսաբանության ժամին ասացի, որ խմբակային լուսանկարվելու եք: Բոլորը ներքևում պատրաստվում են, իսկ դու 7-րդ երկինք ես հասել: Վեր կաց, վեր կաց, տենց էլ երազկոտ մնացիր…

Իջա ներքև, վստահ լինելով, որ լուսանկարիչը էլի ինչ-որ կերպ մեկնաբանելու ա հասակային տարբերությունը, ու լսելու եմ այն խոսքերը, որոնք լսում եմ ամեն անգամ. «Տղա ջան, չլինի՞ դասարանդ խառնել ես: Շատ անհարմար ա դասավորելը…»: Տեսնես` կգա՞ ժամանակ լուսանկարիչը զգա, որ այլևս ծիծաղելի չեն իր հումորները:

Բայց այս ամենի մեջ մի լուսավոր կետ կա: Գիտակցելը, որ դու քեզ շրջապատող միանման հասարակության մի դետալը չես, այլ յուրահատուկը՝ տարբերվողը…

-Արմ, հել… Զանգը տվեց…

gayane avagyan

Քսանմեկերորդ դարի միակ ծանոթը

-Ժամանակներն անցել են, բալիկս, էլ ո՞վ է գիրք կարդում: Գնա էն քո ինտերնետը բացի` ընդեղ հետաքրքիր բաներ կան, քույրիկդ ա ասում:
-Չէ,  պապի, ի՞նչ կլինի` գրքիդ դարակի բանալիները տուր: Գիրք եմ ուզում կարդալ, գրադարանն էլ փակ է, ախր, ոչ աշխատանքային օր է էսօր:
-Է~, բալես,- ասաց պապս, ու ինձ էնպես նայեց, ոնց որ միայն ինքն է կարողանում,- բալես, արի դու գնա` գրող դառի, որ մեր ժամանակների մասին գրես, ձեր էս ինտերնետային աշխարհի: Է, չէ, բալես, որ գրող դառնաս, պիտի էնքան կարդաս: Պետք չի, չէ, էդ քո կանաչ աչերը կսևանան:
-Է~, պապի, ժամանակ գտար կատակելու,- ասացի ես ու ժպտալով, նեղացած պապիկիցս, գնացի դուրս:
Պապս շատ է նեղվում, որ իր գրքերը մենակ ես եմ կարդում: Նեղվում է ու ինձ հետ կիսվում: Պատմում է ինձ, թե ինչպես էր դպրոցում մաթեմատիկայի դասերին թաքուն Րաֆֆի կարդում: Պատմում իր սիրելի գրքերի մասին ու խորհուրդ տալիս կարդալ: Գիտեի, որ իր թոռներից մենակ ես եմ շատ  սիրում կարդալ, այդ պատճառով էլ ինձ շատ է սիրում: Բողոքում է, որ հիմա չեն կարդում: Փորձում եմ համոզել, որ չէ, իմ դասընկերներից շատերը կարդում են: Պապիկիս մխիթարելու համար եմ ասում, թե չէ` հո ես էլ գիտեմ, որ դասարանցիներիցս մի քանիսն են կարդում, այն էլ նրա համար են կարդում, որ հետ չմնան գրականության դասերից:
-Պապի~կ,- մի օր ասացի ես,- գիտես, չէ՞, փոքր թոռնուհիդ այսօր Իսահակյանի մասին էր հարցնում, ես էլ երկար պատմում էի: Պետք է տեսնեիր, թե ինչ ուշադիր էր լսում:
-Վայ, ինչ լավ բան ասացիր: Ես էլ շատ եմ նեղսրտում, որ գրքեր չեն կարդում էս դարի երեխեքը, միայն ես չեմ, է, որ նեղանում եմ: Բա էն գրքերը ի՞նչ ասեն, որ դարակում փակված են ու մենակ քեզ են ճանաչում քսանմեկերորդ դարից: Նեղանում են, չէ՞, որ իրենց չեն կարդում:
-Պապիկ, հավատա, ժամանակը կգա` բոլորն էլ կսկսեն ավելի շատ կարդալ,- ասացի ես ինքս ինձ հույս տալով:
-Կարդացե՛ք, բալես, կարդացեք, միշտ հիշի` կարդալը լավ բան է, քեզ խելացի է դարձնում:

Eva Khechoyan

Իսկ աղավնիները մնացին մեր Արծվաշենում…

Իմ զրուցակիցը հայրս է՝ Գրիգոր Խեչոյանը: Հայրս ծնվել է 1975 թվականին: Մանկությունն անցկացրել է Արծվաշեն գյուղում, որը 1992թ. օգոստոսի 8-ին օկուպացվել է ադրբեջանական զորքի կողմից:

-Պապ, գիտեմ, որ մանկությունդ Արծվաշենում ես անցկացրել:

-Հա, տատիս ու պապիս հետ էի ապրում, քաղաք չէի գալիս: Սարգիս պապս գյուղի պահեստապետն էր:

-Գյուղը հիշո՞ւմ ես:

-Բա ոնց… Գյուղը բոլոր կողմերից շրջապատված էր սարերով: Ջրվեժներ ուներ, գետեր, առուներ, անտառներ, արհեստական լիճ…

-Ի՞նչ ես հիշում մանկությունիցդ: 

- Հիշում եմ՝ գնում էինք գետի մոտ, մայկաները հանում, տակից կապում ու դրանցով ձուկ բռնում: Արծվաշենը հարուստ, բերքառատ գյուղ էր: Պատկերացրու մի սար ունեինք,որը ծայրից ծայր պնդուկի ծառերով էր ծածկված: Դե մեր գյուղում պնդուկին «տկողին» էին ասում: Սարի անունն էլ «Տկողնուտ» էր:

-Ձեր տունը հիշո՞ւմ ես:

-Իհա՛րկե: Երկհարկանի սեփական տուն էր: Առաջին հարկում  նկուղներն էին ու խոհանոցը, իսկ երկրորդ հարկում՝ ննջասենյակները: Ես աղավնիներ ունեի: Մեր տան երկրորդ հարկում մեծ պատշգամբ կար, ներքևում էլ գոմն էր: Գոմի տանիքին անցք էի բացել, աղավնիներիս էդտեղ էի պահում: Կանգնում էի մեր տան պատշգամբում ու հետևում նրանց: Շատ լավն էին: Գնում էի, քաղաքից ընտիր-ընտիր աղավնիներ էի տանում գյուղ: Ամբողջ գյուղը «Գրիգորի ղշերից» էր խոսում:

-Գյուղում միայն հայե՞ր էին ապրում:

-Միայն հայեր: Ամբողջ գյուղը հայերով էր բնակեցված:

-Ի՞նչ տեսակ մարդիկ էին արծվաշենցիները:

-Աշխատասեր, բոլորն անխտիր շատ աշխատասեր մարդիկ էին: Հետո հումորասեր էին: Չկար գյուղում մի քար կամ թուփ, որ չունենար իր անունը. արծվաշենցիները ամեն ինչի համար անուն էին գտնում:

-Ե՞րբ հանձնեցիք գյուղը:

-1992 թվի օգոստոսի 8-ին մեր Արծվաշենը շրջափակման մեջ էր: Ես Ճամբարակում էի, սպասում էի, որ պապս դուրս գար գյուղից: Դե ով ոնց հասցրեց, դուրս պրծավ: Տուն-ունեցվածք, ամեն ինչ թողեցին ու լքեցին գյուղը, շատերն էլ չհասցրին, գյուղում սպանվեցին: Մեծ էր զոհերի թիվը…

- Իսկ ու՞ր տեղափոխվեցին արծվաշենցիները:

-Հիմնականում Ճամբարակ և դրան հարակից շրջանները, ու հիմա մեծ մասն անասնապահությամբ է զբաղվում: Ափսոս էր մեր գյուղը… Շատ ափսոս…

Մինչև հիմա ինձ հանդիպելիս իմ համագյուղացի արծվաշենցիները հարցնում են. «Գրիգո՞ր, էլ ղուշ չե՞ս պահում»… Բայց Արծվաշենն արդեն հանձնել ենք, իսկ իմ ղշերը մնացին մեր Արծվաշենում…

narek Stepanyan

Ամառային մի սովորական օր, որը դարձավ անսովոր

2015թ. 11-ը օգոստոսի, ամառային մի տաք օր, որը ինձ համար շատ վատ վերջացավ: Իրիկնաժամ էր, տղաներով խաղում էինք բակում և հանկարծ…

Երբ ուշքի եկա, շուրջս խառնված մարդիկ էին, ընկերներիս վախեցած դեմքերը և մորս հուսահատ դեմքը: Սկզբից չէի հասկանում` ինչ է կատարվում շուրջս: Ու քիչ-քիչ հիշեցի, ես ընկել էի: Հայրս ինձ  գրկեց, և ես ապահով զգացի նրա ամուր ձեռքերի մեջ, ու ինձ թվաց, թե ամեն ինչ ավարտվեց: Հիմա ես ոտքի կկանգնեմ, նորից դուրս կգամ և կշարունակեմ խաղս: Բայց այդպես չէր: Ինձ տարան  հիվանդանոց, և այնտեղ պարզվեց, որ ես վնասել եմ գլուխս և պետք է վիրահատվեմ:

Ես հասկանում էի լրջությունը, որովհետև բոլորի աչքերում վախ կար և  հուսահատություն, նույնիսկ մորեղբայրս, որը բժիշկ էր, անհանգստացած էր: Բայց երբ տեսա  ինձ վիրահատող բժշկին, ես հասկացա, որ հուսալի ձեռքերում եմ: Ես վիրահատվեցի օգոստոսի 12-ին:

Վիրահատությունը անցավ բարեհաջող, բայց ավելացան մի շարք չիկարելիներ. դադարեցի հաճախել շախմատի դպրոց, չէր կարելի զբաղվել սպորտով, նույնիսկ դպրոց սկսեցի հաճախել նոյեմբերից: Ընկերներս շուտ-շուտ այցելում էին ինձ, չթողնելով ինձ միայնակ զգամ: Ինձ լիարժեք հանգիստ էր պետք, բայց որոշ ժամանակ անց ես սկսեցի պարապել դասերս, որպեսզի չթերանամ: Անհամբեր սպասում էի, երբ պետք է դպրոց գնամ, որովհետև կարոտում էի դասերս, ընկերներիս, ուսուցիչներիս: Ամեն ինչ արեցի, որ չթերանամ, և դպրոցն ավարտեցի գերազանց առաջադիմությամբ:

Հիմա նորից ամառ է: Նորից իմ հասակակիցները բակում են, խաղահրապարակներում, մագլցում են լեռները, լողում են լճում ու լողավազաններում, մի խոսքով, վայելում են ամառային արձակուրդները: Այս ամենը ես ձեզ պատմեցի, որ դուք չկրկնեք իմ սխալը, զգույշ լինեք, որպեսզի ամառը դառնա ձեր ամենալավ ժամանակաշրջանը:

 

karine nahapetyan

Արտագաղթի դառը պտուղները

Ծնողական ժողովները սովորաբար վախ են առաջացնում երեխաների մոտ, իսկ իմ պարագայում դա ուրիշ է…

Մտածում եմ` մաման ու պապան այստեղ չեն, քույրերս աշխատում են, տատին ի վիճակի չի: Լավ, բա ու՞մ դիմեմ: Սկսում եմ հաշվարկ անել. տեսնես ավագ քույրս` Աննան, այդ օրը տա՞նն է լինելու: Զանգում եմ Աննային:
-Ան, էսինչ օրը տա՞նն ես լինելու. ծնողական ժողով ա:
Մի կես րոպե հետո պատասխանում ա.
-Հա, Կար, տանն եմ:
Վատագույն դեպքում մոտենում եմ դասղեկիս ու ասում, որ ոչ մեկը չի գալու…
Լավ, դեռ այսքանը շտկելի է ու արագ լուծվող…
Իսկ սրա մասին ի՞նչ կասեք…

Մեծագույն հաճույք չէ՞ արդյոք ցուրտ եղանակին դրսից գալ տուն և մամայի մեղմ ժպիտից ջերմանալ ու առանց հաց ուտելու կշտանալ «սոված չե՞ս, բալես» արտահայտությունից: Մեծագույն հաճույք է, բայց փոքրագույն պահանջ:

Գերագույն հաճույք չէ՞ արդյոք պապայի հետ վազել տան միջով և իրար «դաժանաբար ծեծել», բայց` սիրելով, և լսել տատիկի ձայնը.

-Տղա ջան, քու աղջինկեր հելել են քու բոյին, մեշու հուշիկ, էլի~, ճամփի վրի տուն ա… Պապան էլ, խեթ-խեթ նայելով, հասկացնում է` չէ, դեռ երեխա են, ես էլ` պատանի:

Պատմածս ոսկե հուշերից մի դրվագ էր…

Գալով տուն` ինքներս ենք հոգում մեր բոլոր կարիքները, չնայած` մեծ ենք, ասում են, որ  նաև` ինքնուրույն: Նստում ենք համակարգչի առջև, մեկ էլ` սքայփով զանգում են, հավանաբար, մաման ա կամ պապան:

Համաձայնվում եմ Սևակի հետ ու ինքս իմ հերթին պնդում` կարոտը գույն ունի:

-Մամ,- ասում եմ ես,- այ մամ, աչքերդ կանաչ են, պապայինն էլ ա կանաչ: Ուզում եմ, որ իմն էլ կանաչ լինի, կանգնեմ հայելու առաջ և կարոտս առնեմ ձեր աչքերից…

Կրկին անգամ համաձայնվում եմ այն անիծյալ մտքի հետ, որ կարոտը նաև ձև ունի:

-Պապ, այ պապ, իմ մատները քո մատերին են նման, նայում եմ ու զարմանում, թե ինչ բան է գենը…

Է~հ, կարոտը, պարզվում է, գույն էլ ունի:

-Մամ, պապ, որ գնում եք, ձեր հագած շորերը դիտմամդ չեմ լվանում, որ ձեր բույրը պահպանվի, պետք եկած ժամանակ հագնեմ ու կարոտս առնեմ:

Երբեմն ասում են` մամային եմ նման, մամ, դու էլ, քաջ գիտակցելով, որ այդպես չի, ասում ես` հա, բալես, իհարկե, նման ես: Բայց գրողը տանի, ինքս էլ գիտեմ, որ նման չեմ…

-Պապ, խելացիս լինելու գենը քոնն ա, պապ, մամային ասել եմ, չի նեղանում, չի նեղանա, կհասկանա:

Իսկ սա «ժանգոտ» իրականությունն է:

Հասկանում ենք, ամեն ինչ հասկանում ենք:

Հասկանալով` ճաշակում ենք արտագաղթի դառը պտուղները, հաճախ` զզվելով և չուզելով, ի վերջո կուլ ենք տալիս ու մարսում:

Ruzanna esayan

«Ո՞նց մնամ այնտեղ, որտեղ իմ հարազատներին են սպանել»

Իմ զրուցակիցն է մայրս` Լիաննա Բալյանը: Նա և հայրս` Գուրգեն Եսայանը, փախստականներ են, ովքեր գաղթել են Կիրովաբադ քաղաքից, որն այժմ անվանում են Գանձակ (Գյանջա):

-Մամ, ինձ միշտ ասել են, որ քո կյանքը բաժանված է մի քանի մասի. կբացատրե՞ս:

-Հա, կասեմ: Երբ 1988 թ.-ին ադրբեջանցիները հարձակվեցին Կիրովաբադի վրա` մեզ այնտեղից տեղափոխեցին: Մենք բնակություն հաստատեցինք Աբովյան քաղաքում, և երեք տարի այնտեղ բնակվելուց հետո ես ամուսնացա և եկա ապրելու Նոր Հաճնում:

-Վա~յ, իսկ այդ ժամանակ քանի՞ տարեկան էիր, երբ տեղափոխեցին քեզ: 

-14 տարեկան էի, յոթերորդ դասարանում էի սովորում:

-Մամ, բա դուք ո՞նց հասկացաք, որ կռիվը սկսվում է:

-1988 թվականի փետրվարին Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիները ջարդեր էին սկսել: Լուրեր էին պտտվում, որ վաղ թե ուշ մեզ են հասնելու: Մեր դասարանում մի ադրբեջանցի աղջիկ կար, անունը` Մինա: Նա մի օր եկավ և ասաց, որ ադրբեջանցիները այդ օրը հարձակվելու են հայերի վրա: Մենք ուշադրություն չդարձրինք, ասացինք` խոսում է, էլի: Այնինչ նա ճիշտ էր ասում: Տուն վերադառնալիս փողոցներում աղմուկ էր, և բոլորը տուն էին վազում: Մայրս ասաց, որ արդեն հարձակվել են, ու պիտի արագ թաքնվեմ:

-Է~, մամ, փշաքաղվեցի, բայց մի քիչ էլ պատմի, հա՞:

-Դե, բալես, լսի: Մեծ աղմուկով մտնում էին փողոցներ, ինչ կար-չկար, ջարդում: Դրսում մարդ տեսնելիս այնքան էին ծեծում, մինչև մահանա, իսկ ովքեր չէին մահանում, մենք տանում էինք ոչ թե հիվանդանոց, այլ եկեղեցի, որովհետև հիվանդանոցը թուրքի թաղամասում էր: Երբ ամենը ջարդելով դուրս եկան հայկական թաղամասից, հայերը միախմբվեցին և ամիսներ շարունակ կռիվ տվեցին: Հիշում եմ, մի անգամ, գիշերվա երեքը կլիներ, արթնացա, և կողքիս ոչ ոք չկար, անգամ եղբայրս, ով 21 տարեկան  էր: Հագնվեցի ու միանգամից թռա դուրս և տեսա, թե ինչպես ծնողներս, եղբայրս և հարևանները մեծ կրակ էին վառել ու չորսբոլորը նստել:

-Մամ, վախեցա, բա որ տեսար կողքիդ մարդ չկա, չվախեցա՞ր: 

-Համ վախեցա, համ ցավ զգացի: Ճիշտ է, այնտեղ քիչ էր այն, ինչ հայկական էր, բայց դա իմ ծննդավայրն էր, որտեղ անցել էին իմ կյանքի 14 տարիները: Եվ դժվար էր այդ ամենը ուղղակի թողնել և հեռանալ:

-Բա դուք ո՞նց դուրս եկաք Կիրովաբադից: 

-Արդեն մի քանի ամիս էր, ինչ կռիվը սկսվել էր: Դեկտեմբերի 3-ին, լավ հիշում եմ, օգնության հասան ռուս զինվորները ու երեխաներին ուղղաթիռով տեղափոխեցին Հայաստան:

-Հա՞, բա ձեզ ո՞նց դիմավորեցին:

-Շատ լավ: Ով բարեկամ չուներ Հայաստանում, իրենց ուրիշն էր պահում, իսկ ով ուներ, գնում էր բարեկամի տուն: Ու հենց այստեղ մենք նոր կյանք մտանք, հատուկ փախստականների համար դասարաններ բացվեցին: Հիշում եմ այն երջանիկ պահը, երբ առաջին անգամ գրեցի «Ա» տառը: Ու բոլորս շատ ուրախ էինք, որ կարողանում էինք գրի առնել այն, ինչ խոսում էինք: Դե, այնտեղ ադրբեջաներեն ու ռուսերեն էինք սովորում, բայց խոսում էինք հայերեն:

-Մամ, որ հնարավորություն ունենաս գնալ քո ծննդավայր, առաջին հերթին ի՞նչ կանես: 

-Կգնամ մեր փողոց, կտեսնեմ, արդյոք կա՞ մեր տունը, դպրոցը, եկեղեցին: Կհիշեմ մանկությունս, ընկերներիս, մեր խաղերը, մի խոսքով այն, ինչ կատարվել է այն տարիներին:

-Իսկ հնարավորություն ունենալու դեպքում մի քանի տարի կմնա՞ս:

-Չէ, չեմ կարող: Ամեն անգամ այդ փողոցներով անցնելիս կհիշեմ կռիվը, ու ինձ անընդհատ կթվա, որ այն, ուր որ է, նորից կսկսվի: Ո՞նց մնամ այնտեղ, որտեղ իմ հարազատներին են սպանել: Չեմ կարող այնտեղ հանգիստ շնչել, կվերադառնամ իմ տուն ու հենց այստեղ էլ կապրեմ:

artyom safaryan

Ֆուտբոլային կրքեր

Բարև Ձեզ: Ես Արտյոմն եմ, շուտով կլրանա 18 տարեկանս, սակայն մարդիկ, նայելով մազածածկույթիս, փորձում են գուշակել, թե քանի երեխա է ինձ «պապա» ասում և անկեղծորեն զարմանում են` լսելով իրական տարիքս: Երբ դեռ հաճախում էի կարատեի, մրցումների ժամանակ հաճախ վիճում էի մրցավարների և այլ մասնակիցների հետ տարիքիս հարցով: Հաճախ ասում էին.

-Գոնե թրաշվի, այ տղա, ոնց որ մոջահեդ լինես,- ինչին հնչում էր պատասխան.

-Թրաշը մարդկանց մեջ սարսափ է ներշնչում:

Ես ունեմ ընդամենը մի մոլուցք, որն, ի տարբերություն իմ հասակակից ստեղծագործ պատանիների, ոչ թե գիրքն է, կամ կինոն, կամ էլ, առավել ևս, փիլիսոփայությունը, այլ մի պարզ խաղ, որտեղ 22 միլիոնատեր վազում են 1 գնդակի հետևից և ուզում են այն ուղղել ուղղանկյուն դարպասների մեջ: Ճիշտ գուշակեցիք, դա ֆուտբոլն է. խաղ, որն ինձ ուղեկցում է ամենուրեք. և տանը, և դրսում, և նույնիսկ պարապմունքների ժամանակ, երբ ուսուցիչս աղաչում էր, որ ես սովորեմ «թոփիկը», իսկ ես մերժում էի, պատճառաբանելով, որ երեկոյան խաղում է Բարսելոնան, Բավարիան կամ էլ Արսենալը:

Մեր հարևանները հաճախ ասում են, որ խաղերը չեն նայում, քանի որ հաշիվը կարող են գուշակել մեր գոռոցներից: Սիրում եմ վերլուծել ֆուտբոլը և հաճախ գրում եմ ուղղակի ինձ համար, իսկ ամեն պարապմունքի գնալս ուղեկցվում էր մտքում չեմպիոնների լիգայի վերլուծությամբ: Ես ունեմ երազանք, որ նույնպես կապված է ֆուտբոլի հետ: Ես երազում եմ գեթ մեկ անգամ հայտնվել Einfield  մարզադաշտում և պարուրվել այդ ֆուտբոլային դարբնոցի ոգով և մեկնաբանել այնտեղ որևէ հանդիպում: Այսպիսին եմ ես, և եթե հետաքրքրեցի, կարող եք դիմել: Սիրով, Արտյոմ Սաֆարյան:

IMG_7793-7

Եվրոպայի օր. «Մանանա» կենտրոնը ներկայացնում է

Ամեն ինչ սկսվեց քսանմեկ տարի առաջ մի փոքրիկ սենյակում: Այն ժամանակ, երբ հույս չկար վաղվա համար, մարդիկ կային, ովքեր երազանքներ ունեին, ովքեր հավատում էին, ու հենց այդ մեծ երազանքից էլ ծնվեց «Մանանան»: Սկսելով լրագրության դասընթացներից՝ «Մանանայի» սաները սկզբում հրատարակում էին իրենց ամսագիրը՝ «Խաբարբզիկը»: Հետո որոշեցին, որ իրենց պատմությունների համար լուսանկարներ են հարկավոր: Այսպես բացվեցին ֆոտոլրագրության, իսկ հետագայում նաև` կինոյի և անիմացիայի ստուդիաները:

DSC_0354-18Ani Voskehat-8Երկար տարիներ այս ամենը կենտրոնացված էր Երևանում, և մարզերի երիտասարդներին հասանելի չէր, սակայն Եվրամիության աջակցությամբ «Արտահայտման ազատության խթանումը քաղաքացիական լրագրության միջոցով» ծրագրի շրջանակներում արդեն երկրորդ տարին է, կենտրոնը դասընթացներ է կազմակերպում նաև մարզերի 14-24 տարեկան երիտասարդների համար: Սկզբում «Մանանայի»  թիմի անդամները հանդիպումներ են կազմակերպում մարզային տարբեր քաղաքներում ու գյուղերում, պատմում ծրագրի մասին: Այնուհետև բազմաթիվ նամակներ ենք ստանում, որտեղ ցանկություն են հայտնում դառնալ Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի անդամ:

Սրանից հետո կազմակերպվում են դասընթացներ, որտեղ մասնակիցները գործնական գիտելիքներ են ստանում ֆոտոլրագրությունից, կինոյից, անիմացիայից և լրագրությունից, իսկ առավել ակտիվները մասնակցում են նաև մեդիա ճամբարներին, որտեղ հնարավորություն են ստանում ավելի խորացնել իրենց գիտելիքները, հանրապետության լավագույն կինոգործիչների, ֆոտոլրագրողների և լրագրողների վարպետության դասերին մասնակցել, համատեղ ֆիլմեր նկարահանել իրենց եվրոպացի հասակակիցների հետ, հանդիպել տարբեր մարզերում ապրող իրենց հասակակիցներին: Այսպիսով, ծրագրի արդյունքները կարող եք տեսնել մեր կայքում՝ www.17.am-ում: Այս ամենը կարճ նկարագիրն է այն ամենի, ինչն արվում է:

IMG_6794-4

Այնքան հեշտ է թվում մի քանի բառով պատմել դա, սակայն իրականում ամեն ինչ այդքան էլ պարզ ու հեշտ չէ: Սկսելով որպես ծրագրի մասնակից՝ արդեն երկար ժամանակ է, ես էլ եմ միացել թիմին և օգնում եմ կազմակերպել այդ ամենը: Այս ընթացքում տարբեր մարդկանց եմ հանդիպել՝ տարբեր երազանքներով ու հոգսերով: Մեր պատմությունները մեր մասին են, մեր աշխարհի, մեզ հուզող, անհանգստացնող, հետաքրքրող խնդիրների մասին: Մենք գրում ենք, լուսանկարում ու ֆիլմեր պատրաստում այն մասին, ինչը մեզ ծանոթ է, ինչն անմիջապես մեզ է առնչվում: Մենք միաժամանակ և՛ ազգային ենք, և՛ կոսմոպոլիտ, որովհետև կարծում ենք, որ աշխարհին հետաքրքիր ենք ոչ միայն նրանով, ինչով նման ենք, այլև նրանով, ինչով տարբերվում ենք…

IMG_6824-6

Մեր մասին ևս մեկ անգամ պատմելու հնարավորություն ստեղծվեց հունիսի 5-ին՝ Եվրոպայի օրը: Այս տարի այն նվիրված էր երիտասարդներին ու նրանց հիմնախնդիրներին: Որպես ամենաերիտասարդական կազմակերպություններից մեկը, մենք էլ էինք ներկայացնում մեր տաղավարը, որտեղ պատմում էինք բոլոր հետաքրքրվողներին ծրագրի մասին, նվիրում մեր ամսագրերը:

IMG_6789-3IMG_6783-27Չէ՛, պատկերացնու՞մ եք մեր ուրախությունը, երբ մեզ մոտենում էին լրիվ անծանոթ մարդիկ ու ասում, որ ծանոթ են մեր կազմակերպությանը, որ տեսել են, կարդացել մեր նյութերը: Եվ ոչ միայն անհատներ, նաև կազմակերպություններ, որոնք հետաքրքրվում էին մեզնով, համագործակցության առաջարկներ անում: Մենք միշտ բաց ենք համագործակցության համար և կարծում ենք, որ հետաքրքիր ծրագրեր դեռ կունենանք նրանց հետ:

Լուսանկարը՝ Սարգիս Մելքոնյանի

Լուսանկարը՝ Սարգիս Մելքոնյանի

Չգիտեմ՝ քանի՞ մարդու եմ պատմել այդ օրը մեր ծրագրի մասին, բայց կողքից լսողին երևի կթվար, որ լրիվ ուրիշ բանի մասին եմ պատմում, ամեն անգամ նոր «Մանանայի», որովհետև այնքան շատ բան կար պատմելու, որովհետև դրանք կենդանի պատմություններ էին նրա մասին, ինչն իսկապես սիրում ենք:

IMG_6806-5

Հ.Գ.  Հրաշալի օր ունեցանք, սակայն դեռ այնքան չասված բաներ են մնացել, այնքան զգացողություններ ու հետաքրքիր պատմություններ:

Եթե դու էլ 14-24 տարեկան ես, հետաքրքրված են ֆոտոյով, կինոյով, լրագրությամբ և անիմացիայով, ապա գրի՛ր մեզ. այնքա՜ն շատ բաներ ունեմ քեզ պատմելու, խորհուրդներ տալու և օգնելու ինտեգրվել մեր մեծ ընտանիքին: 

Մեր կողքին ապրող երեխաները