


Պատահում է
Պատահում է, որ փրկությունը սպանում է քեզ, իսկ սպանությունը դառնում փրկություն: Պատահում է, որ կյանքը դառնում է շնչել, իսկ շունչը՝ կյանք: Պատահում է, որ իմաստը դառնում է թշնամի, իսկ անիմաստությունը՝ լավ ընկեր: Պատահում է, որ լավ ընկերը դառնում է բառ, իսկ բառը՝ կողքինդ: Պատահում է, որ կողքինդ դառնում է կողքի, իսկ կողքինը՝ անցյալ: Պատահում է, որ անցյալը դառնում է մարդ, իսկ մարդը՝ տանջանք: Տանջանքը դառնում է խաղ, իսկ խաղը՝ սովորական: Իսկ պատահում է նաև, որ սովորականը դառնում է երազանք, իսկ երազանքը… Երազանք պատահում է, որ չես ունենում: Պատահում է, որ ազատությունը դառնում է երազ, իսկ երազը… Իսկ երազներ չես տեսնում: Պատահում է, որ իրականությունը դառնում է անհայտ, իսկ անհայտը… Ամեն բան բացահայտված է լինում. պատահու՛մ է: Պատահում է, որ բացահայտումը դառնում ես դու, իսկ դու…
Լավ, սպասիր: Ես որոշում եմ որոշել դու-ն: Թող որոշեմ:
Իսկ որոշումից առաջ կարծում ես` կա՞ ընտրություն։
Պատահում է, ես քեզ չեմ հասկանում քո ընտրություններում, որովհետև չեմ կարող նախապես գնահատել բոլոր հնարավոր եզրույթները ո՛չ քո ենթագիտակցականի, ո՛չ էլ՝ կյանքի։ Հիմնականում ես չեմ որոշում քո որոշվելիք ընտրությունները։
Ա՜յ օրինակ, պատկերացրու. դու նստած ես մի հարմարավետ աթոռի՝ դրսում մի տեղ` հաճելի լուսավորության, մաքուր օդի ու առհասարակ բավականին ապրեցնող պայմաններում։ Կյանքը հոսում է ուղիղ։ Դու նստած ես անշարժ, իսկ շուրջդ… Շուրջդ անվերջ մի ուղղությամբ ընթանում է. չէ՛, առաջ չէ, ուղղակի անընդմեջ ընթացքի կանգառն էլ հենց դա է. նույնն է։ Ու էստեղ գալիս եմ ես։ Ես որոշում եմ, որ դու պետք է որոշես, որ որոշումով դու շարժվես. ես որոշում եմ, թե ինչ ես ընտրելու դու, որ ընթացքին՝ կանգնած, տաս իմաստներ։ Ես քեզ տալու եմ մի բուռ կրակ, որ ծխացնես, ես քեզ տալու եմ մի բաժակ՝ կիսով չափ լիքը, ես քեզ տալու եմ ելևէջներ ՝ տիեզերական, ես քեզ տալու եմ սերեր՝ դառնաքաղցր ու գինովցած, ես քեզ տալու եմ գույներ՝ արբեցնող, ու տալու եմ համեր, ասես համբույրներ առաջին ու տալու եմ համբույրներ՝ թե հարմար մեկը եղավ։ Ես քեզ տալու եմ երփնաշատ անկյուններ ու տալու եմ բազմաձև հայելիներ, ես քեզ տալու եմ, ու տալու եմ, ու տալու եմ, ու տանուլ եմ տալու, եթե քո միակ հարցի միակ տոնայնություններն ու շեշտադրումները փոխվեն։
Ես քեզ տալու եմ հարցեր, շա՜տ հարցեր։ Դու տուր ինձ միայն մի պատասխան։
Որովհետև… Որովհետև գժվում եմ ես այս անիմաստ իմաստներում, որովհետև գիժ եմ ես, քանզի իմաստ եմ ստեղծում կամ որովհետև կգժվեմ մի օր, որովհետև անիմա՜ստ եմ այնքան՝ իմաստաշատ այս պայմաններում։
Ես երևի թե չշարունակեմ, որովհետև այստեղ հատվում են իմ ու քո ոսկե միջինները։ Ես երևի չշարունակեմ, քանզի էստեղ է, որ չկա ոսկե միջին, այլ միայն ծայրահեղ կյանք՝ միշտ միջին, միջին, միջին։ Ես երևի չշարունակեմ, քանզի երբեք էլ չեմ սկսել ոչինչ. ինձ տրված են որոշված ընտրություններ, ես քեզ կտամ որոշվելիք ընտրություններ, իսկ դու նստիր ու ազատ զգա քեզ՝ «քո» ընտրություններում։ Ես քեզ կտամ քեզ. խնդրում եմ, գտիր…
Երբեմն պատահում է, պատահում է ինձ հետ որևէ բան, ու ես գտնում եմ, երբեմն պատահում է գտնելը դառնում է խաբեություն, իսկ խաբեությունը՝ անհրաժեշտություն: Պատահում է անհրաժեշտությունը դառնում է թուլություն, իսկ թուլությունը դառնում է ժամանակավոր, իսկ ժամանակավորը՝ հավերժ: Պատահում է հավերժը դառնում է սահման, իսկ սահմանները՝ ազատություն: Պատահում է ազատությունը դառնում է բառ, իսկ բառը՝ հորինվածք: Պատահում է հորինվածքը դառնում է արվեստ, իսկ արվեստը՝ իրականություն: Իսկ իրականությունը երբեմն փրկում է: Իսկ փրկությունը…

Նորից ձմեռ

Հայոց երկինքը

Այն մասին, թե ինչպես է անցնում իմ կյանքը
Տան մասին
Ես վերցնում եմ հալչող մոմերն ու շարում՝ տան սյուների տեսքով, դնում եմ թրջվող գիրքը՝ գլխավերևումս՝ տանիքի պես, սառչող թեյի գոլորշով տաքացնում եմ տանս պատերը, որ նոթատետրի բարակ էջերն են: Ես փորձում եմ հյուրերին ընդունել ու կարգին հյուրասիրել ու նոր՝ ճանապարհել, չհորինվածության ամենամսյա փառատոներ ստեղծել և հաղթող՝ ընտանիքի անդամներ ընտրել: Հետո բացում եմ պատուհանը ու անընդմեջ պատերազմի ռմբակոծություններ լսածի պես՝ ամեն կաթիլի հետ թփրտալով՝ լսում անձրևը: Քամին էլ փչում ու քանդում է ամենը:
Ֆիլմ՝ փողոցի ու անցորդի մասին
Իմ կեղծանունով փողոց կա: Ինչու կեղծանունո՞վ: Ինձ ոչ մի անունով չեմ պատկերացնում, երևի թե ունեմ որևէ համապատասխան կեղծանուն, և իմ փողոցը հենց այդպես է կոչվում: Փողոցի ազդանշաններին գրված է «Շնչե՛լ ասոցիացիաներ», «Ապրե՛լ ֆիլմեր», «Խփե՛լ իրար բարձերով», «Հագնե՛լ լայնացած սվիտերներ», «Չթափել սուրճը անկողնուն խստիվ արգելվու՛մ է», «Չծխելը՝ ցուրտ պատշգամբում, վնասակար է առողջությանը», «Գրե՛լ զավեշտալի, պարզ ու պաթոսային», «Խոսե՛լ երգելով ու գոռալով»: Անցո՛րդ, նայի՛ր սևեռուն ապագան մոռացած, անցյալը թողած, պահը ապրած՝ լուսակիրի բոլոր երեք կարմիր գույներին ու կանգնիր: Հետևիր բոլոր ազդանշաններին ու… «Մի՛ գնա, անցորդ»:
«Զգու՜յշ, չընկնե՛ս մեքենայի տակ»:
Երևի մի օր կհանդիպենք նորից՝ մեկ այլ փողոցում:
«Դու կդառնաս քո երազած գնացքը» հույսը և ռոբոտացված կյանք
Օրերն ասես գնացքի սպասող երկաթգծեր լինեն, իսկ ես որևէ մետաղաշեն բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիա, որն ուղղակի չի կարող անցնել երկաթգծերով: Անվերջ ժամերը փախչում են, անում եմ ինչ-որ բան. ինչ-որ անկարևոր, մեխանիկական ու չնչին շատուշատ բաներ, որովհետև «պետք» եմ, որովհետև պետք է և… Հա, երևի միայն այդպես: Անում եմ, որ չմտածեմ, կամ որովհետև ուժ չեմ գտնում, կամ որովհետև օրը բացվում է՝ ես էլի նույնն եմ, աշխարհը կառուցված է նույն սխեմայով, օրն էլ դեռ 24 ժամ ունի: Շուտո՜վ, շուտով սա՛ էլ կանցնի. շուտով կդառնամ իմ երազած գնացքը ու հուսամ կյանքը չի անցնի:
Անքնությունը որպես ապրելակերպ
Գիշերը միշտ էլ տարօրինակորեն հետաքրքիր է ազդում օրգանիզմի վրա: Լիալուսնային տեղատվություններ՝ օրը մեջ, անքնություններ՝ 24 ժամը մեկ: Ես կիսախուփ աչքերս հառում եմ երկինք և ունենում մթնշաղային անուրջներ: Ես մղկտացող աչքերս հառում եմ երկինք ու հաշվում աստղերը: Ես չռված աչքերս հառում եմ երկինք ու զգում դատարկ մտքերս: Ես ուղղակի շագանակագույն աչքերս հառում եմ երկինք ու փնտրում ինձ համար ստեղծված ապրելակերպը՝ բոլոր 24 ժամերից դուրս:
Այն մասին, թե ինչպես է անցնում իմ կյանքը
Հաշվարկելով ժամաքանակները՝ կորցրի հաշիվս և ուղղակի չոր հաշվարկով որոշեցի, որ կյանքիս կեսը շատ էլ լավ ձևով է անցնում. լսելով ճանապարհի մասին՝ ավտոբուսում՝ որևէ տեղ գնալիս, լսելով որևէ տեղի մասին՝ քայլելիս, լսելով ծանոթ քայլեր՝ որևէ աղմուկ խեղդելիս, լսելով ելևէջներ՝ լռության մեջ, լսելով մտքեր՝ դատարկ գլուխ ունենալու դեպքում, լսելով հիշողություններ՝ օբլիվիոնի ժամանակ, լսելով էմոցիաներ՝ ապատիայի ճիրաններում, լսելով՝ սեփական ձայնս և անջատելով՝ ավելի հաճախ:

Մարդու միայնակ ձայնը
Կանգառում

Ուժեղ քայլ` դեպի նպատակ
«Ասա՛ ինձ, որ չեմ կարող, և ես կանե՛մ դա»։ Կյանքի այսպիսի կարգախոս ունի Քիկ բռնցքամարտի մարզիչ Ժաննա Մանուկյանը։ Նրա համար մարդկանց խոսքը որոշիչ է։ Եթե մեկը նրան ասի` չես կարող, նա հենց այդ խոսքը կդարձնի իր համար նպատակ և կանի ամեն բան` դրան հասնելու համար։
Թվում է նրա անունը ոչինչ չի ասում, ծանոթ չէ որպես անձ և մարզիչ։ Ժաննան ընդամենը 20 տարեկան է, և այսօր այս տարիքում արդեն պրոֆեսիոնալ մարզիչ։ Ակունքի հպարտությունն է։ Այսպես են նրան ճանաչում իր ծննդավայրում։ Ժաննան ծնվել է Կոտայքի մարզի Ակունք գյուղում 2001 թվականի սեպտեմբերի 2- ին։
-Շատ չարաճճի երեխա էի, բայց ամեն բան պլանավորում էի, մանկուց ժամանակս արդյունավետ ու նպատակային եմ օգտագործել։
Խոսելով մանկությունից, տեղափոխվեցինք մի քանի տարի հետ ու հիշեցինք զվարճալի դրվագ։
- Հիշում եմ փոքր ժամանակ տանը կակտուս ունեինք, ես էլ խաղում էի կակտուսի հետ ու պատահաբար նստեցի կակտուսի վրա։ Մինչև հիմա հիշում եմ, թե ոնց էր մայրս ժամերով փշերը հանում։
Մանկության տարիները շատ հագեցած են անցել, գրեթե ազատ չի եղել։ Հինգ տարեկանից պարի է գնացել մինչև ութ տարեկան։ Ութ տարեկանից, երբ արդեն հետաքրքրությունները ընդլայնվել են դեպի նոր բնագավառ, հաճախել է Երկրապահ կամավորականների միություն։ Ինը տարեկանից սկսել է պարապել թեկվանդո։
- Շատ պատահական է ստացվել սպորտով զբաղվելս։ Ընկերուհիս էր գնում, խորհուրդ տվեց միասին գնալ։ Ես անտեղյակ, գաղափար չունենալով սպորտից, ընդունվեցի Աբովյան քաղաքի սպորտդպրոց։ Զբաղվելով թեկվանդոյով հասկացա, որ ի՛մն է։ Շատ սիրեցի այդ սպորտաձևը։
Չորս տարի հետո Ժաննան տեղափոխվել է Երևանի Դինամո, այնտեղ է շարունակել։ Երկու տարի հետո, տարվեց նոր սպորտաձևով` Քիկ բռնցքամարտով։ Ֆեդերացիա մտնելուց մեկ տարի հետո արդեն սկսել է զբաղվել մարզչական գործունեությամբ։
- Տասնհինգ տարեկանից և՛ պարապում եմ, և՛ մարզում եմ երեխաների։ Հիմա թիմ ունեմ Քիկ բռնցքամարտի, աշխատում եմ ֆիտնես ակումբում և համատեղ սովորում եմ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում ։
Կյանքը լի է անակնկալներով։ Ինչպես բոլորի, այնպես էլ Ժաննայի կյանքում անկումներ եղել են։ Իր կյանքի ընթացքում սովորել է կայունանալ, ամուր կանգնել ոտքերի վրա։
- Ինձ համար կյանքում ամենակարևորը` չհանձնվելն է։ Ինչքան էլ պարտվես, կոտրվես, պիտի հետ քայլ չանես, քանի որ հե՛նց այդ անկումներն են դարձնում ավելի ուժեղ ու հասցնում նպատակիդ։
Ժաննան երջանիկ է իր հարազատներով, ընկերներով։ Նրանք են իր հաջողությունների, երջանիկ պահերի ու հաղթանակների ուղեկիցները։ Հիմա Ժաննայի նպատակն է` կատարելագործվել իր ոլորտում, սաներին հասցնել նոր առաջընթացների, և ամենակարևորը` շարունակել ապրել և զարգանալ հայրենի հողում։

Ուղեկիցները 2
