Լուսավոր քաղաքի մոռացված կինոթատրոնը

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Չարենցավան. շատերն այս անվանումը լսելիս անմիջապես պատկերացնում են գանգրահեր տղայի արձանը, իսկ ոմանք էլ իրենց առջև տեսնում են մի լուսավոր և  հույսերով լի քաղաք, որի պատմությունը սկսվեց 1947թ ապրիլի 23-ին: Երիտասարդ քաղաքը հիմնվեց արդյունաբերական նպատակներով, սակայն այն զերծ չէր նաև հոգևոր մշակույթի կենտրոններից, որոնց մեջ իր ուրույն տեղն է գրավել նոր սերնդի կողմից մոռացված կինոթատրոնը: Ես, լինելով իմ քաղաքի նոր սերնդի ներկայացուցիչ, իմ պարտքն եմ համարում արծարծել մեր կինոթատրոնի պատմությունը: Ինչո՞ւ պետք է այսօր Չարենցավանի երիտասարդությունը ժամանակ անցկացնելու, ֆիլմեր դիտելու համար գնա Երևան, մինչդեռ իր հարազատ քաղաքում առկա է կինոթատրոնի պատրաստի շինությունը…

Լուսանկարը՝ Նաիրի Խալափյանի

Լուսանկարը՝ Նաիրի Խալափյանի

Այն հիմնադրվել է 1966թ.-ին: Երկար փնտրտուքներից հետո ինձ հաջողվեց զրուցել մի կնոջ՝ Անահիտ Բունիաթյանի  հետ, որը ընտանիքի հետ իր փոքրիկ ներդրումն է ունեցել շինության կառուցման  գործում: Ամուսինը և որդին կառուցել են առաստաղը, իսկ նա ջուր է կրել շինարարության համար: Կինոթատրոնի տնօրենը եղել է ՍոնյաԿարապետյանը, ով ջանք չի խնայել իր աշխատանքի բարեհաջող ընթացքի համար: Կինոթատրոնի դահլիճը ծառայում էր նաև մշակութային այլ միջոցառումներին: Այստեղ ելույթ են ունեցել  Հայաստանի և արտերկրի նշանավոր արտիստները, ինչպիսիք էին` Վալենտինա Տոլկունովան, Աշոտ Ղազարյանը և այլոք: Խորհրդային Միության տարիներին լեփ-լեցուն էր կինոդահլիճը  իր 600 նստատեղերով: Նույնիսկ կային մարդիկ, ովքեր տեղերի բացակայության պատճառով մոտ երկուսուկես ժամ ոտքի վրա էին անցկացնում: Ցուցադրվել են թե հայկական, թե սովետական և թե արտասահմանյան ֆիլմեր: Տիկին Անահիտը ինձ հայտնեց, որ կինոմեխանիկը եղել է Վահան Աբաջանյանը, ով այժմ աշխատում է եկեղեցում : Ես ուրախությամբ քայլերս ուղղեցի դեպի եկեղեցի, որտեղ էլ հանդիպեցի նրան: Ծերունին լսելով ինձ՝ սկսեց մեծ ոգևորությամբ և սիրով պատմել իր սիրելի աշխատանքի մասին: Նա ամեն կերպ ջանացել է, որ լավագույն և նոր  ֆիլմերը ցուցադրվեն նախ Չարենցավանում, հետո նոր մայրաքաղաքում: Ես մի պահ հուզվեցի, երբ իմացա, որ Վահան պապիկը, հույս ունենալով վերադառնալ իր սիրելի աշխատանքին, խնամքով  պահել էր հին մաշված կինոժապավենները: Նա պատմեց ինձ նաև կինոթատրոնի բակի մասին, որը, չգիտես ինչու, այժմ կոչվում է «Էշակ մեյդան»: Ես ամեն կերպ ձգտեցի իմանալ, թե ինչու: Պարզվեց, որ կինոթատրոնի գործունեության դադարումից  հետո այստեղ սկսել են հավաքվել և զրուցել բազմաթիվ անգործ մարդիկ: Անցորդներից մեկը, տեսնելով օրեր շարունակ այնտեղ հավաքվող անգործ մարդկանց, բացականչել է. «Պարապ անբաններով հավաքվել եք, ի՞նչ է, սա էշակ մեյդա՞ն է»: Ահա այսպես էլ կինոթատրոնի հարակից հրապարակի անունը մնացել է «Էշակ մեյդան», այսինքն՝ պարապ մարդկանց հանգրվանատեղի: Իհարկե, անվանումը տարածում է գտել միայն հասարակության շրջանում:

Լուսանկարը՝ Անի Կարապետյանի

Լուսանկարը՝ Անի Կարապետյանի

Վարպետ Վահանը մեծ սիրով և պատասխանատվությամբ  է կատարել իր աշխատանքը շուրջ 40 տարի՝ թողնելով նախորդ սերնդին լուսավոր հիշողություններ:

Կվերականգնվի՞ մի օր Չարենցավանի կինոթատրոնը: Շատ կուզենայինք, բայց այս հարցի պատասխանը ոչ ոք չտվեց:

Հայաստանը գնացել ա Ռուսաստան…

Լուսանկարը՝ Դավիթ Ասլանյանի

Լուսանկարը՝ Դավիթ Ասլանյանի

-Հո’ս, դե կհանձնես էլի, մի վախեցի,- քաջալերում էի եղբորս, երբ զանգեց Շուշանը:

-Լուս ջան, բարև, լա՞վ ես:
-Լավ եմ, Շուշ ջան, իսկ դո՞ւ:
-Լավ եմ, չէ’, լավ չեմ, ուֆ, չգիտեմ` ոնց եմ, երկու օրից քննության եմ, ո՞նց պիտի լինեմ: Լավ ինչևէ, Լուս ջան, հիշո՞ւմ ես, որ գնացել էինք ձեր բարեկամի տուն, որ իրենց Նարեկ գրքի մասին հարցազրույց վերցնեինք Տանյա տատից ու իր աղջիկ Հայաստանից: Հետո Տանյա տատիկը ասաց, որ եթե երազանք պահենք ու կարդանք էդ գրքի էջերից մեկը` մեր երազանքը կկատարվի: Իմ երազանքը կատարվել է և ուզում եմ նորից գնալ իրենց տուն: Կգաս, չէ՞:
- Հա, բա ոնց, հիշում եմ, շատ լավ ա,- ասացի ես` փորձելով մտաբերել, թե ես ինչ երազանք եմ պահել այդ ժամանակ,- գնանք հենց վաղը, կգա՛ս, ես քեզ կդիմավորեմ:
Հաջորդ օրը առավոտյան Շուշանը եկավ, իսկ ես գնացի նրան դիմավորելու: Մի փոքր քայլեցինք, և Շուշանը միանգամից նկատեց այն խանութը, որտեղից նախորդ իր գալուց պաղպաղակ էինք գնել ու որոշեցինք, որ նախաքննական լարվածությունը ցրելու համար պաղպաղակը չէր խանգարի: Մտանք խանութ և վերցրեցինք վաղուց մոռացված երկու պաղպաղակ (ուրիշ ընտրություն չունեինք) և մոտեցանք մթության մեջ նստած վաճառողուհուն, վճարեցինք` սպասելով մանրին: Սպասելը տևեց  հինգ րոպե, մինչև այդ կինը 800 դրամը կտար 10 և 20 դրամներով: Վերջապես Շուշանի ձեռքի մեջ լցվեցին մի բուռ կոպեկներ, և մենք դուրս եկանք խանութից: Շուշանը իր շուշանական դժգոհ դեմքով ասաց.
-էէէէէ… Բա սրանցով ի՞նչ անեմ, լրիվ մանր ա…
-Ինչ արած, Շուշ ջան, մոտը առևտուր չի լինում, մարդ չի մնացել էստեղ… Ի՞նչ անի…
-Տանյա տատիկը տունը կլինի, չէ՞…
-Հա, բա ոնց, ո՞ւր պիտի լինի:
Տանյա տատիկին մի բան պետք է տանեինք, բայց մոռացել էինք, սակայն ինչպես ասում են` լավ է ուշ, քան երբեք. մենք մեր ուղղությունը փոխեցինք ու գնացինք խանութ: Վերցրեցինք շոկոլադե սալիկ` փափուկ միջուկով (մտածեցինք Տանյա տատիկի ատամների մասին): Երբ հասնում էինք արդեն իրենց տանը, ակամայից սկսեցինք հիշել Տանյա տատիկի այգին.
-Հիշո՞ւմ ես, ինչ լավ այգի ուներ` խնամված, սիրուն;
-Հաաա, ծաղիկները տարբեր գույների ու տեսակների …
Ինչ խոսք, Տանյա տատիկը լավ էր խնամում այգին: Երբ հասանք, եղավ այն, ինչից Շուշանիկը ավելի շատ էր վախենում, քան իր հաջորդ օրվա քննությունից: Տանյա տատիկենց դարպասը փակ էր, իսկ խոտերը փակում էին տունը, և կարծես երբեք չէր էլ եղել այն կախարդական այգին:
-Սպասիր, ես հասկացա, ախր, հնարավոր չի, է,-ասացի ես և վազեցի հարևանի տուն:
-Բարև ձեզ, չե՞ք ասի` որտեղ է Տանյա տատին …
-Տանյան,-մեզ մոտենալով ասաց հարևանուհին ,- Հայաստանը գնացել ա Ռուսաստան, մորն էլ հետն ա տարե….
Մենք գլխիկոր և շուշանական դժգոհ դեմքով դուրս եկանք: Որպեսզի Շուշանի գալը իզուր չլիներ, ես նրան տարա մի ուրիշ մատուռ, և երկուսով աղոթեցիքն բոլոր դիմորդների համար:

Հ.Գ Մաղթում եմ հաջողություն բոլոր դիմորդներին:

Բարի երթ

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Այսօր հանրապետության բոլոր դպրոցներում հնչելու է վերջին զանգը բոլոր տասներկուերորդցիների համար: Մենք նույնպես հուզված ենք, չէ որ այսօր Հայաստանի պատանի թղթակիցների ցանցը ևս  ունի շրջանավարտներ:

Ռիմա Պետրոսյան, Գեւորգ Մարգարյան, Լիլի Նալբանդյան, Լեյլի Թադեւոսյան, Արմենուհի Ունուսյան, Վահագն Հովհաննիսյան, Էլմիրա Հովհաննիսյան, Մարիամ Ներկարարյան, Շուշանիկ Հարությունյան, Նաիրա Մարկոսյան, Տաթեւիկ Թադեւոսյան, Լիլիթ Բալաբեկյան, Թագուհի Վարդանյան, Սիլվա Խանսանամյան, Անի Կարապետյան, Մերի Սարգսյան, Մանե Սարգսյան Ա., Մարիաննա Գեւորգյան, Տաթեւիկ Խաչատրյան, Սյուզաննա Խառատյան, Սիրուշ Մկրտչյան, Սվետա Սարգսյան, Լիլիթ Սարգսյան, Գոհար Մարտիրոսյան, Նարե Դավթյան, Լիլիթ Ավանեսյան, Լուսինե Համբարձումյան, Մանե Թումանյան, Աստղիկ Իսրայելյան, Աիդա Մովսիսյան, Հասմիկ Հակոբյան, Մարտին Մովսիսյան, Վարդուհի Լեւոնյան, Սուսաննա Մարդումյան, Լիանա Ծովանյան, Էլիզաբեթ Խուդավերդյան, Սոնա Ղեւոնդյան, Լիանա Դավթյան, Տիգրան Չիբուխչյան, Սուսաննա Գալստյան, Նառա Սոլոյան, Վիրաբ Հայրապետյան, Թերեզա Հայրապետյան, Մոնիկա Բարսեղյան, Աննա Այվազյան, Սոնա Նալբանդյան, Վերոնիկա Հովսեփյան, Լիլիթ Մանուկյան, Նարե Դալլաքյան, Լենա Մանուսարյան, Ալիկ Գրիգորյան, Էմմանուել Մկրտումյան, Սամվել Մքոյան, Դիանա Ղազարյան, Արփինե Աղավելյան, Սյուզաննա Քոսյան, Անի Ավագյան

Շնորհավորում ենք, սիրելիներ: Մենք հավատում ենք, դուք այն սերունդն եք, որը գալիս է լի եռանդով ու լավատեսությամբ, նոր փոփոխությունների վճռականությամբ:  Սա առաջին քննություն է այդ ճանապարհին, որը համոզված ենք,  հաջողությամբ կհաղթահարեք: Հավատացեք ինքներդ ձեզ, հավատացեք ձեր ուժերին և հավատացեք այն առաքելությանը, որ դրել եք ձեր առաջ: Բարի երթ:

Պտույտ մը Հրազդանի թաղերուն մեջ

Լուսանկարը՝ Մարիամ Ներկարարյանի

Լուսանկարը՝ Մարիամ Ներկարարյանի

Գարնանային արձակուրդներն էին: Աչքերս բացեցի և հասկացա, որ այդ օրվա համար առանձնապես ոչ մի պլան չունեմ: Որոշեցի վերցնել հեծանիվս ու գնալ փոքրիկ շրջագայության Հրազդանի փողոցներով: Սկզբում զբոսնում էի այն վայրերով, որտեղ անցել է մանկությունս: Կանգ առա ու սկսեցի լուսանկարել բնությունը, շինությունները: Լուսանկարելիս, երբ տարվել էի շինության մասին մտքերով, ականջիս տակ խռպոտ և հետաքրքրական մի ձայն լսվեց.

- Ազիզ, դու վի՞ր թոռն ես:

Անմիջապես  շրջվեցի, և ուղիղ դիմացս հայտնվեց մորուքով, անատամ, ստորին ծնոտը փոքր-ինչ առաջ, սա էլ հերիք չէր, ձախ աչքն էլ կիսաբաց, ճաղատ մի ծերուկ: Մի քանի վայրկյան անշարժ կանգնելուց հետո ծերուկը շարունակեց:

- Էդ տելեվիզորը ի՞նչ էս անում:

Սթափվելով պատասխանեցի.

- Պապի պլանշետա:

Սակայն մի որոշ ժամանակ  անորոշ հայացքով նայելուց հետո ծերուկը հարցրեց.

- Պպպլանշետն ի՞նչ ա:

-Դե պլանշետը սմարթֆոնի մեծ տեսակն ա:

- Հ~ա, հասկացա, բա սմարթֆորդն ի՞նչ ա:

- Դե, խելացի հեռախոս:

- Բա ես գիտեմ թոռս ա խելացի, հա, ու էն, ինչ են ասում, օլինպիադաներ ա հաղթել:

- Չէ, պա’պի, պլանշետս հաստատ օլիմպիադայի չի մասնակցի, բայց դե թոռդ էլ էսպես լավ չի կարողանա նկարել:

- Բա էդ մենակ նկարումա՞ :

- Պապի կարող էս մարդկանց զանգել, համացանց մտնել, նկարներով փոխանակվել…

- Հասկացա, թոռս էլ դրանից ունի, գնամ թող նկարներս ուղարկի Ռուսաստան` տղերքս ընդեղ են:

Րոպեներն անցնում էին, իսկ ծերուկը ավելի ու ավելի հետաքրքրասեր էր դառնում, իսկ իմ ժամանակն անսահմանափակ չէր, այդ իսկ պատճառով եկավ հրաժեշտի ժամանակը:

- Պապի’, ես գնամ` արդեն ուշ է:

- Հաջողություն քեզ, ա’զիզ ջան:

Ճանապարհին մտքերով ապագայում էի. ինձնից երկու սերունդ փոքր երիտասարդն ինձ հետ ինչի՞ց պիտի խոսի…

Արտագնացության մեկ այլ երեսը

Լուսանկարը՝ Տաթեւիկ Տեր-Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Տաթեւիկ Տեր-Հովհաննիսյանի

Երբեմն ծնողները  մեկնելով արտագնա աշխատանքի իրենց երեխաներին էլ են տանում իրենց հետ: Այսպիսի բախտ ինձ էլ է բաժին հասել: Վեց տարեկան էի, երբ մեկնեցինք Ռուսաստանի Դաշնություն: Ութ տարեկանում գնացի առաջին դասարան և բնականաբար իմ համադասարանցիներից բավականին մեծ էի երևում: Ավարտելով այնտեղ երրորդ դասարանը, մենք վերադարձանք Հայաստան: Անշուշտ դա ինձ  համար հեղափոխություն էր, բայց միևնույն ժամանակ անչափ հետաքրքիր: Երբ եկավ սեպտեմբեր ամիսը, ինձ տարան դպրոց, այս անգամ արդեն Հայաստանում: Իմ ծնողները ինձ չէին ասել, որ ինձ մի դասարան ցածր են նստացրել: Այսպես ասած, դա «անակնկալ» էր ինձ համար: Սկզբում ես ինձ կաշկանդված էի զգում: Անսովոր էր, ինչ խոսք, երբեմն նաև անտանելի: Շուրջս բոլորը ինձանից  բավականին փոքր էին, մենք խոսելու թեմա չունեինք, ընդհանուր հետաքրքրություններ չունեինք: Բայց շուտով մի փոքր դժվարությամբ ես հարմարվեցի: Այժմ իմ հասկակակիցները պատրաստվում են ավարտել դպրոցը, իսկ ես դեռ ութերորդ դասարանում եմ: Առաջ շատ էի մտահոգվում, իսկ այժմ ՝ ոչ:

Այս ամենը պատմեցի, որ ծնողներն իմանան, թե հաճախ ինչ դժավությունների առաջ են կանգնեցնում իրենց զավակներին, երբ որոշում են գնալ արտերկիր` աշխատելու:

Մայիսմեկյան տոները Հայաստանի գյուղերում

Դասընթացներ, որ փոխեցին իմ կյանքը

Իմ` լուսանկարչության հանդեպ սերը ավելի մեծացավ սկսած 2013թ. հուլիսի 1-ից: Ամեն ինչ սկսվեց ընկերուհուցս` Տաթևից: Մի անգամ, երբ մեր սովորության համաձայն իջել էինք դուրս, ու Տաթևը մեզ ոգևորված պատմում էր, որ մասնակցել է Մանանա կենտրոնի կողմիվ Հրազդանում կազմակերպված մեդիա դասընթացներին, որտեղ դասեր են անցկացվում ժուռնալիստիկայի, կինոյի և լուսանկարչության մասին, ինձ շատ հետաքրքրեց: Ես խնդրեցի նրան ճշտել` հնարավո՞ր է, որ ես էլ մասնակցեմ: Համաձայնություն ստանալով` հաջորդ օրը նրա հետ գնացի: Ծանոթանալով` ստացա հարցաթերթիկ, որը պետք է լրացնեի: Հարցերից մեկը մինչև հիմա էլ մնացել է հիշողությանս մեջ, որին երկար ժամանակ չէի կարողանում պատասխանել: Գրված էր. Ձեր սիրած լուսանկարիչը, ու ես երկար ժամանակ չէի կարողանում պատասխանել, ոչ թե այն պատճառով, որ նրանք շատ էին, այլ այն պատճառով, որ ես լուսանկարիչների չգիտեի: Մինչ այդ երբեք չէի հետաքրքրվել պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ և չէի էլ մտածել, որ մի օր լուսանկարչությունը կդառնա իմ կյանքի անբաժանելի և, թերևս, ամենասիրելի բանը: Եվ ես որոշեցի գրել այն միակ լուսանկարչի անունը, որ գիտեի` Ջիլս Բենսիմոն, որի անունն էլ լսել էի հեռուստաշոուի ժամանակ: Մինչ այս դեպքը, մինչ Մանանա կենտրոնին անդամակցելը, ես միայն սիրում էի նկարել երկինքը` այն էլ միայն սիրողական, բայց ստանալով հնարավորություն` տեսնելու, թե ինչքան հետաքրքիր է մարդկանց նկարելը, և ինչքան բան կարելի է ասել ընդամենը մեկ դիմանկարով` դիմանկարը դարձավ իմ ամենասիրելի ժանրը:

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի
Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի
Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի