Իմ քույրը

Լուսանկարը՝ Վալեր Հարությունյանի

Լուսանկարը՝ Վալեր Հարությունյանի

Ես տասը տարեկան էի, երբ ինձ հասավ այն լուրը, որ ես պետք է քույր ունենամ։ Շատ ուրախացա և ամբողջ օրը ժպիտով շրջում էի տան մեջ։ Մենք որոշել էինք, որ քրոջս անունը պետք է դնենք Լիլիա, բայց հետո հայրս հակառակվեց և անունը դրեցինք Լիլիթ։ Երբ քրոջս հայրիկիս մեքենայով տուն էինք տանում, նա աչքերը բացեց և նայեց ինձ, ես շատ ուրախացա և գրկեցի նրան։ Նա շատ փոքրիկ էր, նրա աչքերը մուգ շագանակագույն էին։ Քույրս այդ ժամանակ շատ էր սիրում լողանալ։ Հետո անցան օրեր, և քույրս ատամ հանեց ու ատամնահատիկ արեցինք։ Այդ ժամանակ նա վերցրեց գումար, ներարկիչ և ատրճանակ։ Առաջին տարին մի քիչ վատ էր, բայց երբ սկսեց խոսել, ճանաչել, ավելի ուրախ դարձավ մեր կյանքը։ Հետո քույրս արեց իր առաջին քայլերը։ Այդ ժամանակ ես մի կրիա ունեի, որը բավականին մեծ էր, որոշեցի տալ քրոջս, նա շատ էր սիրում այդ կրիային, երբ նստում էր կրիայի վրա, նա գնում էր և ամեն կերպ փորձում էր գցել նրան իր վրայից։ Քույրս սկսեց արդեն վազել, այնպիսի օր չէր լինում, որ նա չընկներ։ Հետո կրիան փախավ: Ճիշտ է, Լիլիթը տխրեց, բայց կրիան ազատվեց Լիլիթից։ Հետո ինձ ընկերս նվիրեց 2 ճագար։ Քույրս նույնպես մտերմացավ ճագարների հետ, բայց երբ մեծացավ, ճագարների ականջներից բռնում և նետում էր օդ։ Ճագարներին դա դուր չէր գալիս, և երբ քրոջս տեսնում էին, արագ թաքնվում էին։ Մի օր էլ քույրս այդպիսի բան արեց, բայց ավարտվեց Լիլիթի լացով, որովհետև ճագարը մի լավ դաս էր տվել նրան։ Ճագարը ցատկել ու ճանկերով վնասել էր քրոջս ձեռքը։ Այդ օրվանից քույրս վախենում է ճագարից։

Իմ քույրը մի օր վիրավորեց ինձ և նեղացած գնաց։ Ես միտումնավոր մի շոկոլադե ձողիկ գնեցի և տարա տուն, որպեսզի քույրս տեսնի։ Ինձ շատ հետաքրքիր էր՝ այդ ձողիկը տեսնելով կշարունակի՞ նեղացած մնալ, թե կգա ինձ հետ ընկերություն կանի։ Եվ երբ նա տեսավ ձողիկը, արագ վեր թռավ և եկավ ինձ մոտ։ Նայեց ինձ ու ասաց.

-Էս ձողիկը կտա՞ս, ապեր ջան։

-Դու ինձ ապուշ ես ասել։

-Չէ, ապեր ջան, էլ չեմ ասի, կտա՞ս ձողիկը։

-Վերցրու։

Եվ երբ կերավ և վերջացրեց, գնաց մի քիչ հեռու և գոռաց.

-Վալե՜ր, ապու՜շ։

Ու փախավ։

Ես ընկա հետևից և բռնեցի նրան, երբ ուզում էի դաս տալ նրան, նա ինձ ասաց.

-Չէ, ապեր, ես քեզ չասեցի, ես ինձ ասեցի։

Ես ջղայնացա, բայց իմ քրոջը ես չէի կարող ապտակել, քանի որ այնպիսի անմեղ դեմք ունի, որ կարծես հրեշտակ լինի։ Ես շատ եմ սիրում իմ քրոջը։

Լինել հավասար

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Ինձ շատ հարցեր են հուզում, հատկապես այն, որ քաղաքներում և գյուղերում նույն երկրի ժողովուրդը ապրում են շատ տարբեր պայմաններում: Օրինակ, եթե մայրաքաղաք Երևանում համեմատաբար ճանապարհները բարվոք վիճակում են, ապա հեռավոր գյուղերում ոչ միայն բարվոք չեն, այլ նաև անանցանելի են: Եթե քաղաքներում գոնե զբոսանքի համար նախատեսված վայրեր կան, ապա գյուղերում անգամ չգիտեն, թե դա ինչ է նշանակում: Եվ, ի վերջո, ինչու՞ պետք է փոքր երեխաներն իրենց ծնողների հետ գնան քաղաք, որպեսզի օգտվեն բոլորի համար նախատեսված բարիքներից: Եվ երբեմն հենց սա էլ պատճառ է դառնում, որ մեծամասամբ քաղաքի և գյուղի երեխաների միջև առաջանում են կոնֆլիկտային իրավիճակներ: Ասածս սխալ չհասկանաք. ոչ թե տուրուդմփոց է առաջանում, այլ գյուղի երեխաներն իրենց ավելի ցածր, ավելի նվազ են զգում քաղաքի երեխաների առաջ: Հենց սա է այն խնդիրը, որ ինձ շատ է հուզում:

Խաղատանը

Լուսանկարը` Մուշեղ Բաղդասարյանի

Փոքր հասակից գիտեի, որ պապս առավոտյան գնում էր տնից և միայն կեսօրից հետո տուն գալիս: Այն ժամանակ կարծում էի, թե պապս աշխատանքի էր գնում, բայց երբ մեծացա, հասկացա, որ ամենևին էլ այդպես չէ: Սկսեցի հարցուփորձ անել, և պարզեց, որ… Պապս գնում էր խաղատուն: Չկարծեք թե մերօրյա խաղատների մասին է խոսքը: Մեր գյուղինը մի հնամաշ կառույց է, որտեղ հավաքվում են բացառապես ծեր տղամարդիկ ու կազմակերպում տարատեսակ «առաջնություններ»: Օրինակ` պապս ամենալավ նարդի խաղացողն է: Սրանից զատ, նա ամենածերն է, բայց արտաքինով` երիտասարդներից մեկը: Չկա օր, որ պապս «ներկա» չստանա:

Սակայն տարիներն անցնում են, և պապս կորցնում է իր հին ու ամենալավ ընկերներին: Մեկ տարի առաջ նա կորցրեց վերջին ընկերոջը: Այդ օրերին նրա հետ խոսելն անհնար էր: Բայց դե ինչ արած, կյանքն այդպիսին է, այն պետք է ընդունել և’ լավ և’ վատ կողմերով:

Մի օր էլ որոշեցի գնալ և աչքովս տեսել, թե նա ինչ է անում այնտեղ: Եվ այսպես, ես «խաղատանն» եմ. պապս ընկերոջ` Ռազմիկ պապիկի հետ թղթախաղ է խաղում, կողքս նստած Արամայիս պապը քաղաքականությունից է խոսում և քննադատում քաղաքական գործիչներին. «Սաղին պիտի քշել Մագադան, Վորկուտա…»,- պարբերաբար ասում է նա: Արտեմ պապը նյարդայնացած նարդի է խաղում (հավանաբար պարտվում է), Վազգեն պապն էլ, վառարանի կողքը նստած, ծխամորճը մաքրելով, հեռուստացույց է դիտում:

Վաղը նրանք նորից կգան «խաղատուն», որ ծերանոց են անվանում, ինչպես նաև մյուս օրը, դրան հաջորդող օրը` առանց շաբաթ-կիրակի հաշվի առնելու ու կշարունակեն նորություններով փոխանակվել` ով է եկել, ով` գնացել, իսկ ով` մահացել: Նրանք ներկա են ստանում ամեն օր` դարձնելով այն կյանքի օրենք, ու հենց այդ օրենքին ենթարկվելով` մի օր նրանցից մեկը չի մասնակցի «համընդհանուր» քննարկմանը:

Մեր փոքրիկ «ճամփորդական» ընտանիքը

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Էլի գտնվում ենք Հրազդան-Երևան և Երևան-Հրազդան ճանապարհի վրա: Ամեն ինչ սկսվեց սեպտեմբերի 1-ին, երբ պետք է գնայինք դասի: Հրազդանցի ուսանողները, թեև Հրազդանից Երևան այնքան էլ մոտ չէ, սակայն Երևանում չեն մնում, այլ ամեն օր անցնում են այդ երկար ճանապարհը և վերադառնում: Լավ է, եթե կարողանում ես համագյուղացի այլ ուսանողներ էլ գտնել, և միասին մի մեքենա վարձել, որն ամեն օր կտանի ու կբերի: Աստիճանաբար ձևավորվեց մեր փոքրիկ ընտանիքը: Մեր հիմնական անդամները 7-ն են` ես, քույրս` Անին, Անահիտը, Լիլիթը (ում մենք գրեթե միշտ ազգանունով ենք դիմում` Շահիջանյան), մեր երկու Լուսինեները (Տոնոյան և Հակոբյան), և դե, իհարկե, մեր վարորդ Աշոտ «ձաձան»:  Շատ համախմբված ենք, եթե մեզնից որևէ մեկի դասերը ուշ են վերջանում, մենք բոլորս միասին սպասում ենք նրան: Ամեն օր, երբ վերջացնում ենք դասերը և հավաքվում ենք մեքենայի մեջ, ամեն մեկս սկսում ենք պատմել մեր օրից: Ներկայացնեմ մեր անդամներին մեկ առ մեկ: Սկսեմ Անիից: Անին մեր ռեկորդակիրն է: Նա գրանցել է մի շարք ռեկորդներ (ամբողջ ճանապարհին խոսելու, ամբողջ ճանապարհին չխոսելու և մի շարք այլ ռեկորդներ): Եթե Անին տրամադրություն չունի, դա լավ չի. նրանից պետք է հեռու մնալ: Մոռացա նշել, որ մի անգամ Անին ռեկորդ գրանցեց և մինչև Երևան հասնելը բոլորիս հետ կռվեց: Անահիտը մեր Սիայի («Hello Kitty»  խաղալիք) մայրիկն է, որի գլխարկը պոկվեց Լուսինե Հակոբյանի թեթև ձեռքով: Մի անգամ Անահիտը Սիային մոռացել էր տանը և խնդրում էր մեր վարորդին հետ գնալ, բայց մենք, իհարկե, չհամաձայնեցինք: Անահիտը նաև մեր պարուհին է: Նա շատ է սիրում ասել «Ինչ հաճելի ա» արտահայտությունը, որը արդեն ազդում է մեր նյարդերի վրա: Անահիտը ևս զերծ չի մնացել ռեկորդներից: Նա մինչև Երևան հասնելը ոչ մի անգամ չասաց իր սիրելի արտահայտությունը, բայց ոչ թե նրա համար, որ այլևս չէր օգտագործելու, այլ նրա համար, որ այդ օրը պարզապես չէր խոսում:  Ես և Անահիտը հաճախ ենք պարային համերգներ տալիս մեքենայի մեջ ռադիոյի ուրախ երգերի տակ: Լիլիթը կամ նույն ինքը` Շահիջանյանը, մեր Սմայլիկն է: Լիլիթին գրեթե անհնար է պատկերացնել առանց ժպիտի: Ինչպես մի անգամ նշեցի ես` Լիլիթը նման է «Ալիսը հեքիաթների աշխարհում» հեքիաթի կատվին, որը միշտ ժպտում է: Մեր Լիլիթը նրան ոչնչով չի զիջում, քանի որ նույնպես միշտ ժպիտով է (նրան շատ դժվար է տխուր պատկերացնելը): Ես և Լիլիթը մեր խմբի ամենաշատ ուտողներն ենք: Բայց, եթե Լիլիթը առավոտյան հաց չի ուտում, դա լուրջ խնդիր է դառնում մեզ համար, որովհետև սոված Լիլիթից պետք է զգուշանալ: Լիլիթը մեզ ուրախացնում է իր քրոջ երեխաների` Նարեկի և Արամեի մասին պատմություններով: Իսկ Լիլիթի սիրած արտահայտությունն է` հըմմ: Երբ ինչ-որ բան ենք պատմում և ավարտում ենք, հանկարծ լսում ենք Լիլիթի ձայնը` հըմմ, և ստիպված ենք լինում ամեն ինչ նորից պատմել: Լուսինե Տոնոյանը մեր խմբի ամենահումորով և անկանխատեսելի անձնավորությունն է: Լուսինեն կարող է չխոսել-չխոսել, բայց մի հատ այնպիսի հումոր անել, որը կհիշվի մի քանի օր: Մի անգամ Լուսինեի կողմի դուռը բաց էր, իսկ այդ ժամանակ մեքենան ընթացքի մեջ էր:  Լուսինեն ոչ մեկ, ոչ երկու ասաց. «Հա էլի, բաց ա, ես էլ` ասեմ ինչի ա փչում», ու դուռը բացեց-փակեց:  Հետո Լուսինեն պարզաբանեց եղելությունը: Փաստորեն ինքը շուտ էր զգացել, բայց մտածել էր չի կարելի բացել: Բայց, երբ վարորդը հարցրել էր, իրեն թվացել էր` ուրեմն կարելի է: Ես ու Լուսինեն «V.I.P. կուպեի» բնակիչներ ենք Անահիտի հետ, կա նաև առաջին կուպե և զրո կուպե (վարորդի կողքը): Զրո կուպեում հաճախ Անահիտն էր նստում, իսկ Արմենի հայտնվելուց հետո ամեն ինչ փոխվեց: Իսկ այն օրերին, երբ Արմենը չի գալիս, Շահիջանյանը պահը չկորցնելով իրեն նետում է զրո կուպե: 

Եվ մեր գլխավոր անդամը, որից սարսափում են բոլորը, Լուսինե Հակոբյանն է: Եթե Լուսինեն բարկացած է, նրանից հեռու մնալը ամենալավ բանն է, որ կարող ենք անել: Երբ մենք ուշանում ենք, Լուսինեն այնքան է զանգում, որ արդեն չենք իմանում, թե ինչ սուտ հորինել: Իսկ վերջում, երբ հասնում ենք «Ռայկոմ», արժանանում ենք նրա ահեղ դատաստանին, որին արժանանալը հավասար է մահվան: Ահա, թե ինչու ենք մենք բոլորս վախենում Լուսինեին սպասեցնելուց: Բայց միշտ հակառակի նման այնպես է ստացվում, որ ուշանում ենք:  Մենք բոլորս Լուսինե Հակոբյանի համար ուսուցիչներ ենք` հայոց լեզվի, անգլերենի, գրականության, մաթեմատիկայի: Բայց ոչ ոք չի կարող ժխտել, որ ամենամոլի ուսուցիչը Լիլիթն է` Շահիջանյանը:

Մեր բարձրագույն մաթեմատիկա իմացող և մաթեմատիկայի մոլի երկրպագու Լիլիթը անչափ ուրախանում է երկու բառ լսելիս` «ուտելիք» և «մաթեմատիկա»:  Եվ երբ նա Լուսինեին օգնում է տնային աշխատանքները գրելիս, միայն պետք է տեսնել նրա դեմքի ժպիտը: Հաճախ օգնելիս մոռանում է, որ ոչ թե ինքը պետք է գրի, այլ պետք է Լուսինեին օգնի, և սկսում է ինքնամոռաց լուծել վարժությունները: Երբ Լիլիթը սոված է լինում, և նրան հարց ես տալիս ուտելիքի մասին, շատ ոգևորված է սկսում պատմել: Մի անգամ Լիլիթը սկսել էր պատմել իր սիրած պանրով կարկանդակի մասին. «Ան, հլը լսի, ուրեմն ինքը սենց տաք հաց ա, ու համ էլ նենց փափուկ ա… Դե որ տաք ա, պանիրն էլ դնում են մեջը, սենց հալվում ա, նեեենց համովա…» Ու այդ պահին կարելի  է նկատել նրա աչքերի փայլը: Դե ինչ, այսքանը մեր փոքրիկ «ճամփորդական-ուսանողական» ընտանիքի մասին:  Ի դեպ այս ամենին անմասն չի մնում նաև մեր սիրելի վարորդ Աշոտ «ձաձան»:

Մեղրաձոր

Լուսանկարը՝ Արփինե Հակոբյանի

Լուսանկարը՝ Արփինե Հակոբյանի

Մեր գյուղը ծվարել է Ծաղկունյաց և Փամբակ լեռնաշղթաների միջև: Գյուղում ամենաառաջին բնակչությունը, այսպես ասած գյուղի հիմնադիրները, եղել են մի խումբ գաղթականներ, ովքեր եկել են Բայազետ նահանգի Կոգովիտ գավառի Արծափ գյուղաքաղաքից, 1829 թվականին:

Նշեմ, որ գյուղս կոչվում է Մեղրաձոր, իսկ ավելի վաղ ժամանակներում այն կոչվել է Թայչարուխ: Նախկին անվանումն ունի մի քանի բացատրություն: Առաջինը՝ քանի որ գյուղը գտնվում է երկու՝ Մարմարիկ և Փամբակ գետերի հատման կետում: Մյուս բացատրության համաձայն, իբր մի անցորդ կամրջի վրայով անցնելիս կորցրել է չարոխի մեկը, իսկ «թայ» նշանակում է հենց զույգի մեկը:

Մեր գյուղը շատ նշանավոր է հատկապես իր տաղանդներով: Գյուղում ունեինք չորս-հինգ պատմաբաններ, գիտնականներ: Գյուղը հատկապես վերջերս սկսել է ծաղկել: Արդեն մի քանի տարի է, ինչ գյուղում գործում է Սբ. Աստվածածին եկեղեցին, որը ևս հանդիսանում է գյուղի բնակչությանը համախմբող կենտրոն: Եկեղեցու շնորհիվ գյուղի բնակչության մեջ կրկին արթնացել է հոգևոր կյանքի գիտակցությունը, ավելի մոտեցել են եկեղեցուն:

Գյուղի անմիջապես գլխավերևում անխավար ու անսասան կանգնած է ևս մեկ եկեղեցի, որը, ճիշտ է, չի գործում, բայց մեծ համբավ ունի և գյուղի բնակչությունը բարձրանում է այդ եկեղեցին, մոմ վառում, աղոթում: Գյուղն ունի իր ուխտի օրը, այդ տոնը նշում է ողջ գյուղը:

Գյուղի մշակութային կենտրոնի ջանքերով և դպրոցի աջակցությամբ կազմակերպվում են մի շարք միջոցառումներ, հավաքույթներ: Հատկապես գյուղի համար կարևոր նշանակություն ունեն կազմակերպվող շաբաթօրյակները, որի ընթացքում գյուղի բնակչությունը համախմբվում և մաքրում է գյուղը աղտոտումից:

Գյուղի երիտասարդությունը ևս շատ ակտիվ մասնակցություն ունի գյուղում ընթացող բոլոր արարողություններին: Երիտասարդները մասնակցում են հավաքների, խմբակների:

Գյուղացիների ապրուստի հիմնական միջոցը հողագործությունն ու անասնապահությունն է, ինչպես նաև գյուղում գործող «Մեղրաձոր Գոլդ» ոսկու հանքը, որը մեծ համբավ է ձեռք բերել ողջ աշխարհում: Չնայած՝ գյուղում դրությունը բավականին լավ է, այնուամենայնիվ, գյուղում կան այնպիսի ընտանիքներ, որոնք ապրում են սոցիալական ծանր պայմաններում:

Գյուղում ակտիվ գործունեություն են ծավալում և ժամանակին գործել են մի շարք հասարակական կազմակերպություններ, խմբակներ:

Ինչպես ցանկացած բնակավայրում, այնպես էլ մեր գյուղում անպակաս են վեճերն ու կռիվները, որոնք վերջում հիմնականում բավականին ծիծաղելի ավարտ են ունենում:

Գյուղի ակտիվ կյանքն ապահովում են դպրոցը, մանկապարտեզը, մշակութային կենտրոնը և մասնավոր այլ շինություններ:

Ազգը պիտի հերոսներ ունենա

Լուսանկարը՝ Շուշան Հարությունյանի

Վերջերս հնարավորություն ունեցա հանդիպելու գեղանկարիչ Արարատ Սարգսյանի հետ: Մարդ, ում դժվար է միայն նկարիչ անվանելը: Արտիստի աշխատանքների թվին են դասվում մի շարք ֆիգուրատիվ և խորհրդանշական պատկերներ, ձեռակերտ գրքեր: Նրա աշխատանքները և նախագծերը ցուցադրվել են  Եվրոպայի, Ամերիկայի և Արևելքի մի շարք երկրներում:   Բավականին հետաքրքիր ու անկեղծ զրույց ունեցա նկարչի հետ: Չնայած նախապես հարցազրույցի պլաններ չունեի՝ առիթը բաց չթողեցի արվեստագետին մի քանի հարցեր տալ:

-Պարո՛ն Սարգսյան, ո՞րն է Ձեր արվեստի հիմնական թեման:

-Իմ հիմնական թեման նախատիպերի մասին է: Եթե անգամ բնություն եմ նկարում, ապա անպայման փնտրում եմ նախատիպը: Մեր օրերում դա շատ կարևոր է: Կարծում եմ, որ այդ գիտակցությունն էր, որ ինձ բերեց «Արքետիպեր» նախագիծը անելուն:

-Ինչի՞ մասին է «Արքետիպերը»: Կմանրամասնե՞ք: 

-94թ.-ին արեցի «Արքետիպեր» նախագիծը: Արքետիպը նախատիպն է: Դրա մեջ ես հավաքեցի մոտ հարյուր լեզու՝ ուրարտական, մայաների, պոմպեյական և այլն:  Հորդանանում ցուցադրության  ժամանակ մի արաբ կնոջից թուղթ պատրաստել էի սովորել, և դա շատ հարմար եկավ իմ «Արքետիպերին»:

- Որքանով տեղյակ եմ ձեռակերտ գրքեր եք պատրաստում:

-Ես 10-12 տարբեր թեմաներով գրքեր ունեմ: Օրինակ՝«Կորուսյալ դրախտ», «Արձանագրություն և լանդշաֆտ», «Խաչքար» նախագիծը և այլն, իսկ ձեռակերտ գրքեր սովորել եմ պատրաստել Եվրոպայում: Հիմա Հայաստանում այդքան էլ դա տարածված չէ:

-Վերջերս բավականին քննարկվող է դարձել  Ձեր  «Խաչքար» նախագիծը: Ի՞նչը հանգեցրեց դրան:

-Երբ 2006թ.-ին տեսա, թե ինչպես են ազերի զինվորները ոչնչացնում Ջուղայի խաչքարերը, ափսոսանք ապրեցի ու բարկացա, որովհետև որպես արվեստագետ ես հո լավ գիտեի դրանց արժեքը: Աշխարհի ցանկացած  թանգարան կուզենար գոնե մեկ հատ այդ խաչքարերից իր ցուցադրության մեջ ունենալ, ու դա մեծ հարստություն կլիներ: Եվ ես փորձեցի այդ խաչքարերը վերականգնել հին լուսանկարներից: Ինչպես բազմիցս ասել եմ, ես թուղթ եմ պատրաստում: Դրանցով ֆոտոներից պատրաստեցի մատրիցաներ, ու այդպես վերականգնեցի ուղիղ 36 խաչքար: 36-ը մեզ համար խորհրդանշական թիվ է համարվում:

Ես դա միշտ նմանեցնում եմ նրան, երբ երկու երեխաներ ավազի վրա խաղում են, մեկը մի բան է պատրաստում, ծնողները  գովում են, մյուսը գալիս փշրում է: Մենք ամբողջ տարածաշրջանում մեծ հետք ենք թողել:

Այս նախագծով ես ուզեցի հակադրվել՝ ասելով, որ, եթե դուք ձեր ինքնությունը հաստատելու համար փչացնում եք ուրիշի արածը, ապա իմ ազգը իր ինքնությունը հաստատելու համար միշտ նոր բան է ստեղծում: Ես հոգին վերցրեցի ու դրեցի մի նոր, ուրիշ ֆիզիկայի մեջ:

Լուսանկարը՝ Շուշան Հարությունյանի

-Ձեր կարծիքով արվեստագետը այսօր պիտի ավելի շատ գլոբա՞լ մտածի, թե՞ ազգային:

-Մինչև հայերեն չիմանաս, լավ անգլերեն չես խոսի: Ես պիտի իմը լավ իմանամ: Երբ 94թ.-ին արեցի «Արքետիպերը», ինձ համար շատ կարևոր էր գիտակցել, որ ես գիր ունեմ, որ ես ունեմ այբուբեն: Դա ուրիշ զգացողություն է: Կալիգրաֆիան կապ չունի այբուբենի հետ: Օրինակ, հրեական այբուբենը 20 տառից է և ունի 200 թվային կոդ, հայկականը չորս հատ ինն է…

Ես քսանից ավելի երկրում եմ արել այս նախագիծը ու բոլորին հետաքրքրել է, որովհետև իմ երկիրը դնում եմ գլոբալի մեջ:

-Դուք մեր ազգային էպոսին նվիրված աշխատանք ունեք…

-Այո՛, ես հավաքել եմ մեր էպոսը գյումրու բարբառով, կավի վրա նկարազարդումներ եմ արել՝ իմ ձեռքով քանդակած կաղապարների միջոցով: Ինքնության հիմքերը շատ կարևոր են: Պետք է ամեն կերպ հասնել դրանց:

Լուսանկարը՝ Շուշան Հարությունյանի

-Ներեցեք, Դուք նաև քանդակո՞ւմ եք:

-Եթե դու արտիստ ես, ուրեմն պիտի տիրապետես ամեն ինչի: Եթե պետք լինի` կերգեմ էլ:

-Ի՞նչն է կարևոր մեզ համար այսօր:

-Հերոսները: Հերոսը նա է, ում մասին դու գիտես, ում ուզում ես նմանվել: Օրինակ, ռուսների համար Պուտինն է, գյումրեցիների համար՝ Յուրի Վարդանյանը …Ազգը պիտի  հերոսներ ունենա…

…Երբ սովորում ենք ստեղծել դեռ փոքր հասակից

-Ակվարիումնե՛ր գնեք, հաջողություն բերող ակվարիումներ…

-Չե՞ք ուզում մեր գրչատուփերից գնել: Հայկական մոտիվներով գրչատուփեր…

-Լա՛վ էլի, գոնե մեկը գնեք. զեղչեր կանենք…

-Անտարբեր մի՛ անցեք, համեցե՛ք գնումների: Մեր գործարար ընկերությունը ձեզ է առաջարկում աշխարհի ամենաուրախ շապիկները…

-Մենք էլ դեղաբույսեր ու թուրմեր ենք վաճառում: Ամբողջը մենք ենք հավաքել, փաթեթավորել: Թուրմերն էլ ենք մենք սարքել: Շատ առողջարար են: Չե՞ք ուզի եղինջ կամ ասենք մասուր գնել…

Լուսանկարը՝ հեղինակի

Արդեն 15 տարի է, ինչ Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ-ի  հետ համատեղ  իրականացնում է «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրը, որի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում ապրող մի շարք երիտասարդներ ստանում են տնտեսագիտական գիտելիքներ, ծանոթանում բիզնես հմտություններին, դաստիարակվում, որպես հասարակության նկատմամբ պատասխանատվություն ունեցող քաղաքացիներ:

Օրեր առաջ առիթ ունեցա մասնակցելու ՀՊՆ-ի կողմից կազմակերպված տոնավաճառին: Հայաստանի տարբեր անկյուններից  եկած երիտասարդները ներկայացրել էին իրենց աշակերտական գործարար ընկերության կողմից թողարկած արտադրանքը: Ծրագրի պատասխանատուները՝ Արմինե Հովհաննիսյանի գլխավորությամբ, հերթով մոտենում էին երիտասարդներին, հարցուփորձ անում, խորհուրդներ տալիս, լսում նրանց հարցերը և հաճախ ինչ-որ բան գնում նրանցից: Անտարբեր չէր նաև հասարակությունը: Անցորդներից շատերը կանգ էին առնում աշակերտական ընկերության այս կամ այն տաղավարի մոտ, զննում առաջարկվող արտադրանքը, իրենց գոհունակությունը հայտնում նախաձեռնությունից, իսկ վերջում մի բան գնում և գոհ ժպիտներով հեռանում: Ես էլ մի քանի բան գնեցի, և՛ նրա համար, որ ուզում էի աջակցել երիտասարդներին, և՝ որ իսկապես լավն էին:

Լուսանկարը՝ հեղինակի

Ամեն կողմից անցորդներին առաջարկվում էին «կախարդական շարֆեր», «հայկական տիկնիկներ», «անմահական թուրմեր», «հրաշահամ փոխինձ», «երջանկություն բերող թևնոցներ» և այն ամենը, ինչ կարող է նույնիսկ մարդու երևակայությունից դուրս լինել: Հիշեցի, թե ինչպես ուղիղ մեկ տարի առաջ մեր գործարար ընկերությունն էլ գնորդներին առաջարկում էր «աշխարհի ամենագունավոր, ուրախ և հաջողակ դարձնող շարֆերը», ինչպես ամեն ինչ սկսեցինք համարյա ոչինչ չունենալով, ինչպես առաջին անգամ ձախողվեցինք ու հաղթանակ ունեցանք, ինչպես սովորեցինք ինքնուրույն ինչ-որ բան ստեղծել  ու, թե ինչքա՜ն դժվար էր մեր առաջին արտադրանքը վաճառելը, որովհետև դրա հետ կապել էինք մեր ժամանակը, ջանքերը, ցանկություններն ու նպատակները: Ինչքա՜ն շատ էինք չարչարվել, և ինչքա՜ն վաստակած էր մեր առաջին շահույթը: Ժամանակը հետ տալով հիշեցի, թե ի՜նչ մեծ ոգևորությամբ հիմնեցինք մեր հասարակական կազմակերպությունը: Չնայած այնքան էլ մեծ շահույթ չունեինք, բայց պատասխանատու գտնվեցինք այն հասարակության նկատմամբ, որտեղ իրականացրել էինք մեր արտադրանքի վաճառքը և շահույթի մի մասով իրականացրեցինք կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն:

Լուսանկարը՝ հեղինակի

Մեզ համար ծրագրի ավարտը եղավ ՀՊՆ-ի կողմից կազմակերպված ամառային ճամբարը, որի ընթացքում մեր ստացած հիմնավոր գիտելիքներն ու փորձը ամբողջացան  բիզնես ոլորտում արդեն հայտնի և հաջողակ գորածարարների անցկացրած սեմինարներով և խորհուրդներով:

Այդ օրը՝ տոնավաճառի ժամանակ, ես կարծես նույն զգացողություններն ու հուզումը, նույն ճանապարհը տեսա երիտասարդների աչքերում: Եվ այսպես, արդեն 15 տարի և 15 սերունդ…

Լուսանկարը՝ հեղինակի

Բնականաբար, մեզանից ոչ բոլորը կընտրեն ապագա տնտեսագետի մասնագիտությունը, բայց ջունիորցիներից շատերը արդեն ընտրել և դեռ ընտրելու են այդ ուղին: Հնարավոր է նաև, որ մեր կյանքում մենք կունենանք ավելի լավ նմանատիպ ծրագրեր և կրթական հնարավորություններ, բայց իր տեսակի մեջ ՀՊՆ-ը կմնա եզակի, որովհետև առաջին անգամ մեզանից շատերը հենց այստեղ սովորեցին հանդգնել լինել ստեղծագործական և ունեցան իրենց առաջին նվաճումը՝ պատանեկան նվաճումը Պատանեկան նվաճումների հետ: