Մեր տղաները

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան 7։10 արթնացանք հակաօդային ռումբերի պայթյունից, այն պայթեց մեզանից շատ քիչ հեռավորության վրա։ Արագ մեր  տեխնիկաները մարտական վիճակի բերելուց հետո, արդեն պատրաստ էինք  կռվին։ Հենց առաջին օրը ԱԹՍ խոցեցի։

Մարտական ոգին սկզբի օրվանից էլ շատ բարձր է եղել, քանի որ գիտակցում ես, թե ինչի համար ես կռվում։  Այն պահից, երբ մտնում ես մարտի դաշտ, սկսում ես չմտածել կյանքիդ մասին, քանի որ օրվա մեջ մի քանի անգամ փրկվում ես մահից։

Մեր առջև դրված խնդիրը բավական մեծ էր, և հրամանատարությունը վստահում էր մեզ բավականին բարդ առաջադրանքներ»,-պատմում է կրտսեր սերժանտ Պապին Բնյանը:

Երիտասարդը պատմելու ընթացքում  անընդհատ շեշտում է  հայ զինվորի արիությունը, այն, որ կարողացել են  այդ իրավիճակում կռիվ մղել առանց նահանջի։ Քսան տարեկան Պապինը տանկիստ է:  Պատերազմի հինգերորդ օրը խոցել են իր տանկը, սակայն վիրավոր լինելով շարունակել է մարտը`  մենակ չթողնելով իր զինակից ընկերներին։ Յոթերորդ օրը  կրկին խոցել են տանկը, հրթիռով՝ չթույլատրված «կասետային» արկերով։ Նշենք նաև որ Պապինը իր քսանամյակը տոնել է սեպտեմբերի 28-ին՝ ռազմաճակատում։

Մարտի դաշտում բոլորը դառնում են միասնական: Պապինը պատմում էր, թե ինչպես են տանկիստները միախմբված  մարտ վարում և մեծ վնասներ պատճառում հակառակորդին։

Կրտսեր սերժանտը  պատմում է, որ կամավորականները, ովքեր կռվի հենց առաջին օրվանից  մեկնել էին ռազմաճակատ` ժամկետային զինծառայողներին օգնելու, փաստում էին, որ այս պատերազմը ոչ  իննսունականների պատերազմին է նման, ոչ Քառօրյային։

Եվ այո, այս պատերազմը ավելի ծավալուն և խոշորամասշտաբ է, և մենք պետք է հպարտ լինենք, որ ունենք Պապինի և նրա նման շատ ու շատ հերոս տղաներ, ովքեր լինելով  ընդամենը 18- 20 տարեկան, կարողանում են դիմակայել և կերտել հաղթանակ։

«Պարտվել» բառը չի սիրում հայերին

Առավոտները այլևս սովորականի պես չեն բացվում։
Դրանք միշտ թախծալի ու տխուր աչքերով են նայում երկնքին։
Ու առաջին պետքական իրը, որ բոլոր ժամանակների և սերունդների չարիքն է համարվել, դառնում է հեռախոսդ։ Ինքնաբերաբար ձեռքդ ես առնում ու սկսում ես կարդալ առաջին նորությունը երկրիդ վերաբերյալ։ Ամեն մի նոր խոցված թշնամու զինտեխնիկան ակամայից դառնում է ժպիտիդ պատճառը։ Գիտակցում ես, որ խիղճդ անգամ վերացել է: Ու թշնամու ամեն մի նոր պարտություն քո երկրի հաղթանակն է։
Երբեք չէի կարծել, որ հայրենիքիս հանդեպ իմ սերը կարող է այսքան ուժգին լինել։ Ես ինձ համարում էի հայրենասեր, բայց հիմա ավելի շատ։ Ու զգացմունքներս էլ երբեմն դառնում են անկառավարելի։ Ամեն մի նոր լուր երկրի վերաբերյալ ցնցում է ամբողջ հոգիս։ Մահվան կարևորությունը դառում է առաջնային։ Հասկանում ես, որ ապրելուդ ցանկությունը ավելի շատ է, քան մեռնելուդ։
Բայց միևնույն ժամանակ հայրենիքիդ հանդեպ սերը ամենակարևորն է դառնում։
Մենք՝ հայերս, միշտ հաղթել ենք։
«Պարտվել» բառը չի սիրում հայերին։
Մենք անցել ենք պատմության ամենադժվար ժամանակների միջով։ Հայ ժողովուրդը տեսել է ոճրագործությունների հսկա շղթա, որոնց մասին կարելի է անվերջ խոսել։ Հիմա իրավիճակը այլ է, հիմա մեր քաջորդիներն են իրենց կյանքը զոհում հանուն հայրենիքի։ Իսկ ամեն զոհի անուն կարդալիս արցունքները անհասկանալի կերպով հոսում են։
Հիմա մենք մի ընտանիք ենք, որտեղ չկան պարտություններ։
Ու մի տանիք, որի ներսում միշտ հաղթանակներ են գրանցվում։
Հայերի մեջ միշտ էլ սիրել եմ միասնական լինելու վեհ գաղափարը։
Դա դարերից ի վեր փոխանցվել է մեր պապերից։ Հայերի մասին կարելի է անվերջ խոսել, միշտ մի նոր պատմություններ հյուսել…
Արդարությունը երբեք չի կարող պարտվել։
Հայ ազգը միշտ էլ պատրաստ է եղել իր կյանքը զոհել հանուն հայրենիքի։
Ու թշնամին էլ անգամ չի գիտակցում, որ հայերը հավերժ են։
Թշնամին այս անգամ էլ պիտի հասկանա, որ Արցախը դա լոկ հող չէ, դա տարածք է, որտեղ հերոսների արյամբ է հումուսացել հողը։ Ամեն նռնակի պայթյուն ճեղքել է հողը ու
այն դարձրել ավելի կանաչ։
Զոհված տղաների առջև խոնարհվում ենք…
Խոսք տալիս, որ իրենց թողած հայրենիքը միշտ էլ լինելու է հաղթանակած։
Իսկ ապագա սերունդները ապրելու են միայն կապույտ ու խաղաղ երկնքի տակ։

Զգույշ եղիր և ամուր մնա

Ո՞վ է ասել, որ այս (իմ) սերունդը ոչինչ չի տեսել. ոչ մի դժվարություն, ոչ մի ցավ, ոչ մի կարոտ։ Այսօր ամեն ինչ հակադարձեց՝ մեր սերունդը չափից ավելին տեսավ…

Զինվոր ունեմ բանակում, սահմանին, մահվան «բերան»… Չեմ ճանաչում, բայց զգում եմ, որ նրան, ում պետք է հանդիպեի մի օր, հիմա դիրքերում է։ Չեմ ուզում սպասել, չեմ ուզում տագնապել, չեմ ուզում վախով ապրել…  Չեմ ուզում դեռ չգտած՝ կորցնել։ Ուզում եմ ճանաչել, հետը լինել, զգալ իր շունչը, լինել կողքին, ապրել հետը, իմանալ իր մասին… Ուզում եմհենց հիմա  իմանա, որ բացի ընտանիքից էլի սպասող ունի։ Կասեմ իրեն: Կգրեմ նամակ ու կուղարկեմ։

«Իմ զինվոր, իմ հերոս, իմ քաջ մարտիկ, հուսամ լավ ես, առողջ ես, կուշտ ես ու ժպտում ես։ Չգիտեմ՝ ով ես, չգիտես՝ ով եմ, բայց կասեմ, որ իմն ես։ Դու ես այն մեկը, ում ես կհանդիպեի մի օր փողոցում, կամ միգուցե մի ուրիշ տեղ, կծանոթանայինք, կմտերմանայինք ու կամուսնանայինք։ Բայց դու հիմա սահմանին ես, կռվում ես որ այդ օրը գա, միասին լինենք։ Գիտե՞ս՝ ինչու, որովհետև այսօր երազումս մենք հանդիպել էինք: Կանաչ, գեղեցիկ, վառ կարմիր ծաղիկներով լեփ-լեցուն դաշտում էր, հեռվում սև ու դեղին մոլեգին ինչ որ պատկեր էր երևում, կարծես պատերազմի հակառակ կողմում լինեինք։ Դու զինվորական համազգեստով էիր, ես` ազգային տարազով, ու դեռ նոր էիր վերջացրել քո մասին պատմելը, երբ ականի պայթյունը խլացրեց ու սթափեցրեց ինձ։ Ես միանգամից որոշեցի՝ գտնել քեզ ու գրել այս մասին։ Ուրախությանս սահման չկար, երբ երազումս լսած անունն ու ազգանունն ասացի զինկոմիսարիատում, ու ասացին, որ կամավորագրվել է և մեկնել սահման… Այսինքն, իրական էր, դա երազ չէր, դա՝ նշան էր…

Եթե հիմա սա կարդում ես, ուրեմն արդեն՝ գտել եմ։

Սպասելու եմ քեզ, ամուր մնա, զգույշ եղիր, հոգ տար քո մասին, որ գաս հասնես ինձ, կողքիս լինես ու կյանքս դարձնես լիարժեք։

Ամուր գրկում եմ»:

Ու այսպիսի քանի՜ նամակներ են անպատասխան մնացել, քանի՜ այսպիսի նամակ գրող է կարոտից տառապել, քանի՜ այսպիսի նամակ է կորել…

Բայց ես կսպասեմ իմ զինվորին։ Գիտեմ, նա կգա:

ԵՊՀ-ն մեր զինվորին

Երևանի պետական համալսարանը արդեն երկու օր է, ինչ օգնություն է հավաքում: Ուսանողները բոլոր արկղերին մակագրում են՝ «Հաղթել ենք, սպասում ենք, տղաներ ջան, բոլորդ հետ վերադառնաք»: Բոլոր մթերքները և հագուստները տեսակավորված են, ամեն ինչից մի քիչ-մի քիչ: Ամեն ինչ առաջնագիծ ուղարկելու համար է՝ սուրճ, դեղորայք, քաղցրավենիք, հիգիենայի պարագաներ: Ամեն արկղի մեջ փոքրիկ բացիկներ ենք դնում: Համալսարանից կամավոր մեկնած տղաները արդեն առաջնագծում են: Հոգով ու սրտով մենք տղաների կողքին ենք:

Հաղթելու ենք:

Պահպանության աղոթք

Երբևէ չէի ցանականա գրել այս մասին, չէի ցանկանա տեսնել և զգալ այն ամենը, ինչը հիմա եմ ապրում։

Առավոտ էր… Թվում էր, թե սովորական առավոտներիցս մեկն է, մինչև այն պահը, երբ կարդացի համացանցի լուրերը:

-Մա՜մ, պատերազմ ա՞… Հա սկսվել ա, ռմբակոծել են, մա՜մ…

Երանի սխալ լիներ, սուտ լիներ ամեն կարդացածս բառը։

Միայն խնդրում եմ Աստծուց խաղաղություն, տղերքիս` ուժ ու հավատ։

Գրում եմ այն հույսով, որ առավոտ արդեն ամեն ինչ վերջացած է լինելու, մատուռում զինվորներիս համար վառած մոմերս չեն մերժելու խնդրանքս, աղոթքներս զուր չեն անցնելու…

Վստահ եմ, լավ է լինելու, մեր եղբայրներն են կանգնած սահմանին, իրենք լավ գիտեն իրենց գործը, իրենք գիտեն, որ սպասում ենք, որ պիտի անպայման վերադառնան։

Վստահ եղիր, սիրելի ընթերցող, Զինվորդ վերադառնալու է:

Եկեք աղոթենք աշխարհի խաղաղության և մեր զինվորների համար:

Հայր մեր, որ յերկինս ես,

Սուրբ եղիցի անուն Քո։

Եկեսցէ արքայութիւն Քո։

Եղիցին կամք Քո,

Որպես յերկինս և յերկրի։

Զհաց մեր հանապազորդ

Տուր մեզ այսօր։

Եւ թող մեզ զպարտիս մեր,

Որպէս և մեք թողումք մերոնց պարտապանաց։

Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն,

Այլ փրկեա զմեզ ի չարէ։

Զի քո է արքայութիւն և զօրութիւն

Եւ փառք յաւիտեանս: Ամէն:

Հաստատուն քայլերով դեպի ապագա

Այսօր կներկայացնեմ  երիտասարդ ծրագրավորող Վարդան Մելքոնյանին: Վարդանը դեռ 18 տարեկան է: Բայց նախ, թող ինքը պատմի իր մասին:

-Ծնվել եմ 2002-ի հունվարի 8-ին Արագածոտն մարզի Թալին քաղաքում։ Ապրել եմ Արմավիրի Շենիկ գյուղում, 9 տարի սովորել տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև, շարունակելով ուսումս Թալինի ավագ դպրոցում, ընդունվել եմ UFAR-ի «ԻԿՄ» ֆակուլտետ։ Փոքր հասակից, հետաքրքրված լինելով համակարգչային խաղերով, դրանցում չարաճճի ճանապարհներով առավելություններ ստանալով ու հատկապես մաթեմատիկայով, սկսեցի ծանոթանալ տարբեր ծրագրակազմերի հետ, սկսեցի փնտրել ուղիներ համակարգչին իմ ուզածը հասկացնելու համար, ու դա, անկասկած, ծրագրավորումն էր։

Թալինում ծանոթացա և ընկերացա Վիգենի հետ:  Վիգենը համոզեց, որ մտնեմ «Արմաթ ինժեներական լաբորատորիա»։ Եվ այո’, այս քայլը փոխեց կյանքս։

Սկսեցի ստանալ ինժեներական, ծրագրավորման, ռոբոտաշինության, 3D մոդելավորման հիմնական գիտելիքներ, մասնակցել տարբեր մրցույթների, ու վերջապես Արմաթը սովորեցրեց ինձ՝ ինչպես սովորել։

Վիգենի հետ խորացանք AR տեխնոլոգիայի ոլորտում, 2018-ին հիմնեցինք TakeAR ստարթափը, որը սկզբնական շրջանում կրթական ոլորտում առաջարկում էր կրթվելու նորարար մոտեցում։ Մենք տեխնոլոգիայի օգնությամբ կենդանացնում էինք դպրոցի դասագրքերը՝ սովորելու պրոցեսը հաճելի դարձնելու և հեշտացնելու համար։

Սակայն հիմա, բազմաթիվ դրամաշնորհներ հաղթելուց հետո, թիմը կենտրոնացել է ազգային (մասնավորապես պատմամշակութային) արժեքների նորովի ներկայացման ու վերջիններիս մատուցման նոր մշակույթի ձևավորման վրա։

-Հայաստանը վաղուց հայտնի է որպես ծրագրավորողների երկիր: Դու քեզ համարո՞ւմ ես նրանիցից մեկը:

-Կարծում եմ Հայաստանը հստակ քայլերով տեխնոլոգիաների ասպարեզում գնում է առաջ, եւ 21-րդ դարը չի հանդուրժում միջակություն: Այսինքն, եթե դու ցանկանում ես խորանալ մի մասնագիտության մեջ, ապա քո գործը պետք է անես լավագույնս: Ու, եթե ես մարդ եմ այն հազարավորներից, ովքեր փորձում են իրենց քայլն անել IT-ում, պետք է դա անեմ լավագույնս: Եւ այո՛, ես ինձ համարում եմ ծրագրավորող թե՛ համակարգչի դիմաց, թե՛ առհասարակ կյանքում:

-Ձեր կարծիքով մեր կրթական համակարգը կարողանո՞ւմ է բարձրակարգ ծրագրավորողներ պատրաստել, թե՞ դրանից զատ այլ պարապմունքներ են պետք:

-Իրականում կրթական համակարգը դպրոցներում չի տրամադրում ծրագրավորող-կադրեր, և  չեմ սխալվի, եթե ասեմ, որ համալսարանները ևս չեն տրամադրում, քանի որ ծրագրավորումը այն մասնագիտություններից է, որ պահանջում է ամենօրյա աշխատանք: Եվ դրանցով ապահովում են թե՛ Թումո ստեղծարար կենտրոնները, թե՛ Արմաթ լաբորատորիաները:

-Իսկ ի՞նչ է պետք լավ մասնագետ դառնալու համար։

-Ցանկագած մասնագիտության մեջ լավ և հաջողակ լինելու համար պետք է սիրես այդ մասնագիտությունը: Մտածի՛ր սկզբից արժեքի մասին, իսկ գումարը կգա ինքը:

-Ինչպե՞ս եք տեսնում մեր աշխարհը տասը տարի անց:

-Ես կարծում եմ, որ տեխնոլոգիաների զարգացման եւ այլ ոլորտների թռիչքային զարգացման այս դարում անխուսափելի են լինելու նոր փոփոխությունները: Կարծում եմ մարդիկ պետք է պատրաստ լինեն նոր մարտահրավերների:

-Ի՞նչ կցանկանայիք փոխել մեր երկրում:

-Երկրում ամեն փոփոխություն գալիս է անհատական մակարդակից, և մենք ինքներս պետք է փորձենք մեր շրջապատը դարձնել լավը:

Ուզում եմ հաջողություն մաղթել Վարդանին և Վիգենին: Համոզված եմ, իրենց նպատակասլացության, համառության շնորհիվ դեռ հաճախ ենք լսելու այս անունները:

qnarik.mkhitaryan

Փոփոխվող և չփոփոխվող աշուն

«Աշտարակի պոպոքը, Հմայակի սապոկը»։ Ակամայից հայտնի երգի բառերն են գալիս մտքիս, որի իմաստը այդպես էլ չհասկացա։ Համենայնդեպս  աշունն ինձ համար այս երգով է սկսվում։ Աշունն ինձ համար խորհրդանշվում է թաց ընկույզով, մելամաղձոտ երաժշտությամբ և վերջ․ ես գնում եմ քնելու։ Բայց երևի թե ձեզ ավելի կհետաքրքրի գյուղի բնակիչների աշնանային առօրյան։

Ուստա Համոյի համար աշունն  սկսվում է օղի թորելու գործընթացով:  Երկար է սպասել, սեր ու մի քիչ շաքար ավելացրել օղուն, որ  այսօր թորի, իսկ դրան հաջորդելու է  պարծենալու գործընթացը։ Հարևանների մոտ նա դեռ պիտի գլուխ գովի իր անմահական 90 աստիճանի օղով։

Իսկ այ, Օֆիկ տատը հավաքել է Հայաստանի բոլոր մրգերը  ու  բանջարեղենը և պատրաստվում է ցրտաշունչ ձմռանը։ «Այ բալա, գնա ծիծակն էլ առ` թթուն դնենք ու վերջ»։ Վե՞րջ, երևի ուզում էիր ասել  թթուների՞ն վերջ։ Անկեղծ ասած, ինձ համար այդ  արարողությունը այդքան էլ  հաճելի չէ: Ես  գործ անել չսիրող թոռնուհիների շարքին եմ պատկանում, ինչպես կասեր տատս, հայտնի հեքիաթի Անբան Հուռին եմ` ուտեմ ու քնեմ։

Պետք է խոստովանեմ, որ երբեք չեմ հասկանա մեծերին, երբ ոչինչ չես անում, չես օգնում իրենց, միշտ դժգոհում են, իսկ երբ գնում ես օգնելու.  «Այ բալա, զգույշ, տաք է կաթսան», «Էդ լոլիկը  ճխլեցիր, տենց ո՞վ ա գործ անում: Հել գնա, քո գործ անելը քեզ մնա», և այսպես միշտ:

Շատ  եմ երազել ունենալ տատիկիս համբերությունից ու տրամադրությունից, ով մեկ առ մեկ հավաքում է գետնին թափված ընկույզը և խնամքով լցնում պարկի մեջ։ Ամեն անգամ սիրտս լցվում է, երբ չեմ կարողանում գտնել ժամանակ, առաջվա նման գալ և խառնվել մեծերի գործերին,  հողերի մեջ թավալ գալ,  քնելու փոխարեն մտածել կարտոֆիլ հավաքելու մասին, վերցնել ինձանից մի քանի մետր բարձր բահը և «Պապն ու շաղգամը» հեքիաթի նման չարչարանքով հողից հանել բերքը և հպարտանալ, որ դա իմ ցանածն է, իմ մշակածն է,  դա հենց ես պիտի ուտեմ։ Հավատացեք, աշնանային հոգսերի մեջ դա անասելի երջանկություն է։ Հիշում եմ  փոքր ժամանակ անհամբեր սպասում էինք, երբ ենք կարտոֆիլը հավաքելու, որպեսզի սեպտեմբերին կարողանայինք գյուղ եկած առևտրականների հետ փոխանակում անել` կոշիկի դիմաց մի պարկ կարտոֆիլ։  Այդ մի կոշիկը քարերի մեջ  ոչ ոք չի կարող այնքան խնամքով հագնել, որքան դրա համար տանջված 5 տարեկան փոքրիկը։ Եվ այո, ես երազում եմ այդ մանկության մասին։

Աշունը ինձ համար հիմա փոխվել է, հողին փոխարինելու է եկել թուղթը,  փայտին, որով ես նկարում էի հողի վրա,  լրացնում է գրիչը: Աշունն ինձ համար է փոխվել, բայց տատիկս դեռ  հավաքում է թաց պոպոքը, առանձնացնում մեծ ու փոքր կարտոֆիլը,  իսկ ուստա Համոն  դեռ պարծենում  է իր օղիով։ Աշունները նրանց կյանքում կարծես ոչինչ չեն փոխել։

svetlana davtyan

Սեպտեմբերյան անձրև

Ասում են, թե մեր սիրո աշունը, էլ երբեք չի կրկնվի, բայց չեն կրկնվում ոչ միայն աշունները, այլ մեր գարունները, ամառները, ձմեռները …

Այս աշունը դեռ չսկսված ծանր էր, միայնակ, անձրևաշատ: Նույն անձրևն էր՝ նման բոլոր աշուններին: Բայց ամեն աշուն իր գույնն ու բույրն ունի: Բայց արտասովոր ծանր, անձրևաշատ: Ասես ամեն երկնքից թափվող անձրև իմ սրտից է պոկվում, որ թեթևացնի ցավը: Ներսում, ամենախորքում, ինչ-որ բան է ցավում, չգիտեմ, թե դա ինչ է, բայց շատ է ցավում:

Այս աշունը տարավ իմ կեսը, բայց ինձ սովորեցրեց ապրել, արարել, նկարել նոր, մաքուր, ճերմակ էջից: Երևի նա, ով հասկանում է աշնան մեջ թաքնված խորհրդավորությունը, օրհնյալ է կամ էլ անիծված:

Նկատե՞լ եք, որ աշունը վրա է հասնում միանգամից: Երևի, որ չհասցնես պատսպարվել: Չեմ սիրում հոկտեմբերյան աշունը, որ կարծես խլում է քո կյանքի ուրախ պահերը` քո մեջ թողնելով միայն տխրությունը: Ես սիրում եմ սեպտեմբերյան աշունը, երբ ամեն անգամ անձրևից հետո կարողանում ես տանիքին կանգնել ու գորշ ամպերի տակից որսալ արևի շողերը:

Երբեմն պետք է մնալ անձրևի տակ, մինչև ոսկորները թրջվել, որ սիրես կյանքի ամեն պահը: Ու հետո, երբ ջուրը կսկսի գոլորշանալ մազերիցդ, կտաքանաս ու կհասկանաս, որ իրականում երջանիկ լինելը դա քո ընտրությունն է, այլ ոչ ուրիշին սպասելը:

Susanna Grigoryan

Նոր գլխացավանք

Եթե չէիք նկատել, ասեմ՝ սեպտեմբերի 1-ը արդեն անցավ։ Այսինքն, արդեն դժվար կլինի խանութներում Հզոր Ռենջերներով պայուսակներ ու Հելլո Քիթիով տետրեր գտնել։ Չնայած դրան, ուսանողների մեծամասնության համար դասերը սկսվում են սեպտեմբերի 15-ից, ու դեռ փնտրտուքները շարունակելու ժամանակ կա։ Ուղղակի եթե նախորդ տարիների նախաուսումնական դիլեման կայանում էր նրանում, թե երկու տուփ անուշ հոտով գունավոր գրիչներից որը ընտրել, ապա այս տարի մարզերում ապրող ուսանողները համարյա նույնքան կարևոր ևս մեկ դիլեմա ունեն լուծելու։

Այս տարի բարձր կուրսեցիները համալսարան գնալու են շաբաթվա մեջ միայն մի քանի օր,  ու այդ մի քանի օրվա համար բնակարան վարձելը, մեղմ ասած, անիմաստ է թվում, ( չմոռանանք, որ նորից օնլայն դասերի անցնելու հեռանկարը ոչ ոք չի չեղարկել)։ Մյուս կողմից էլ, ոչ ոք չի ցանկանում օրվա մեջ մի քանի ժամ ճանապարհին անցկացնել, ու արդյունքում` ուզած-չուզած բոլորն էլ  բնակարանների տարբերակներ են ման գալիս:

Եթե պատրաստվում եք բնակարան վարձով տալ, ինձնից ձեզ խորհուրդ՝ գները բարձրացնելու իսկական ժամանակն է, ու միանգամից մի քանի ամսվա կանխավճար էլ կուզեք, մեկ էլ տեսար` իրոք, նորից օնլայն դասերի անցանք, ու հո առանց շահույթ չե՞ք մնալու։ Իսկ եթե դուք բարիկադների հակառակ կողմում եք ու հենց սկզբից էլ որոշել էիք, որ ավարտելու եք ու լավ աշխատանք գտնեք, որ  ծնողներին վերադարձնեք բոլոր վարձով բնակարանների գումարները` տոկոսներով, ապա ատոմակայանի հաստիքները աչքաթող մի արեք: Ասում են՝ շատ լավ են վարձատրում, ոլորտն էլ հեռանկարային է։

Բայց էս հեչ, առօրյա մանրուքներ են, դուք էն ասեք` անուշ հոտով գունավոր գրիչներից ո՞րը ընտրեցիք։

ՀԳ․ Հոդվածը միտք չուներ վիրավորելու բնակարան վարձով տվող անձանց կամ ատոմակայանի աշխատակիցներին։ Հոդվածը գրելիս վերոնշյալ կատեգորիայի անձինք չեն տուժել: