svetlana davtyan

Աշունը մարդկանց գլխում է

Եղանակը սառն էր մարդկանց սրտերի պես,

Փողոցները՝ քանդված մարդկանց հոգիների պես,

Ծառերը՝ անտերև, ինչպես մարդիկ՝ առանց հույզերի:

Աշուն էր, քամի էր, անձրև էր…

Ես էի, ուրիշ ոչ ոք:

Ծառերը արև էին ուզում, ծաղիկ ու խոտ,

Իսկ ինձ միայն դու էիր պետք:

Մարդաշատ փողոցում ես մնացել էի միայնակ,

Ինձ միայն մեկն էր պետք, որպեսզի նրանով վառեի լույսերը բոլոր,

Սակայն այդ մեկը լուսավորեց բոլորին՝ բացի ինձնից:

Ես ու աշունը սպասում էինք քեզ,

Ինչպես ամեն անգամ,

Բայց դու քեզ համար գարուն էիր գտել:

Իսկ ես դեռ սպասում էի քեզ, ինչպես միշտ՝ չակնկալելով ոչինչ,

Միայն թե տեսնեի քեզ, ու ինքս իմ աչքերին երանի տայի

Այդ բերկրալի տեսարանի մասնակիցը լինելու համար:

Ես ու աշունը քեզ էինք ուզում,

Բայց դու հարբել էիր գարնան ծաղիկների բույրով,

Ու խոստացել էիր երբեք չգալ:

svetlana davtyan

Չեմ ուզում տեսնել շղթայված հոգիդ

Բարև, սիրելիս: Վաղուց չենք հանդիպել, երևի շատ ես անհանգստացել: Նորից եմ եկել, որ մի բուռ լույս բերեմ մտքերիդ, ցրեմ հոգուդ խավարը, որովհետև գիտեմ՝ հաճախ ես նետվում հուսահատության գիրկը:

Բայց մի մտածիր, եկել եմ ու միշտ եմ գալու՝ առանց քո խնդրելու, քանզի քեզանից լավ գիտեմ, թե ինչ ես զգում ու ինչպես է վիշտը գտնում քո աքիլլեսյան գարշապարը: Ես գալիս եմ, որ դարման դառնամ վշտերիդ ու արև բերեմ ինձ հետ, որը կհալեցնի հոգուդ սառույցները ու կհարթի սրտիդ ակոսները:

Ինձ համար հեշտ է տանել քո ցավը, թույլ չեմ տա, որ քամիները անցնեն քո միջով: Բայց պետք է սովորես մի օր թևերդ առանց ինձ բացել ու գիտակցել, որ ես կրկին գնալու եմ:

Եկար բաժանումից հետո, երբ տեսնում ենք իրար, նայում եմ աչքերիդ ու հասկանում, որ դեռ անկարող ես: Ամեն անգամ գալիս եմ, կանգնում քո դիմաց ու տեսնում եմ արցունախառն աչքերդ, որոնք ինձ ստիպում են լինել շղթայված, փախչել քեզնից հեռու, որ չտեսնեմ հոգուդ տանջանքները: Չեմ ուզում տեսնել քեզ այդպես հոգեմաշ: Ուզում եմ, որ առանց ինձ էլ հոգիդ ծաղկի:

Սիրտս այնպես է սպասում քո գալուն, իմ միակ մխիթարություն:

Ինձ թվում էր, որ հուսահատության մեջ ընկած մարդկանց վարքը ենթակա չէ վերլուծության, որ դա չի կարելի վերապրել, բայց ահա մարդկային հոգում կարող են նկարագրվել կսկիծները: Այդ աչքերը, որ ինձ պատմում էին մարդկային մխիթարություն գտած տառապանքի մասին, ինձ ևս մի գաղտնիք հայտնեցին, որ քո հոգին կարող է առնել հուժկու Սամսոնի ուժը և լցվել շառաչով: Միայն թե աչքերդ աչքերիս չհանդիպեն:

inesa zohrabyan

Ամառ ջան

-Վա՜յ, դու դեռ դպրոցակա՞ն ես։

Եթե ինձ այսպիսի հարց տան, վերջապես կկարողանամ ասել՝ արդեն չէ, ուսանող եմ (չնայած՝ դեռ չեմ պարզել հարաբերություններս այս բառի հետ, ինչևէ)։

Իրականում, իմ ամառը բոլոր թելերով կապված էր համալսարան դիմելու հետ. քննությունների նախապատրաստական շրջանի, քննությունների, արդյուքների հրապարակման, լարված վիճակով անունդ փնտրելու ու գտնելու տրամադրությունների, սպասման։

Բայց, իհարկե, իմ սիրելի միջավայրը նոր պեղումներով ի մի բերելու ամառ։
Երևի թե ամեն մի մայրամուտը նկարել եմ, ամեն մայրամուտի համար մե՜ծ ժպտացել եմ, դե հա, իմ արխիվացրած արևածագերը քիչ են, բայց կան, կարող էին և չլինել, չէ՞։ Կանաչի, ստվերների, շանս հետ հարաբերությունները այս ամառ տեղափոխվեցին մի այլ զոնա։
Շանս շնչակտուր վազքը ու շնչառության՝ ինձ մոտ լինելը, կանգնած մնալը ու անխոս վերև նայելը թռչունների երամի ընթացքը զգալու համար իմ սիրելիներն էին այս ամառվա։ Գույն, գույն, գույն։

Մեկ-մեկ լինում է, չէ՞, որ ինչ-որ դիրքից նայում ես ինչ-որ կետի ու մտածում (օրինակ՝ սենյակի վարագույրին), որ քանի տարի է՝ դա կա, գոյություն ունի, բայց դու կարծես դա նոր բացահայտես, կամ նոր անկյունից քեզ համար տարածք բացես զննելու. այսպիսի ամառ էր։

Ամառ, երբ արդեն բժշկական դիմակ կրելը դառնում է գերսովորական մի բան։

Ամառ, երբ փոքր դետալների մեջ երջանկություն ես փնտրում ու գտնում. օրինակ՝ փորձում ես ուրիշներին էլ ասել, որ կակտուսիդ ծաղկելը կարող է հոգիդ լցնել։

Շնչելու ու արտաշնչելու ամառ։

Մեծ չափաբաժնով լույս օրեր եմ ուզում նաև աշնան համար։

Գնանք։

svetlana davtyan

Մինչև երեկ ես դեռ պատրաստ էի

Երեկ մտածում էի, որ եթե լինեմ ավելին, քան դու, կդադարեմ հիշել քո մասին: Սուտ է, հերքում եմ դա: Երեկ մտածում էի, որ եթե լինեմ ավելին, կդադարեմ փողոցներով քայլելիս ամեն տեղ քո հայացքը փնտրել: Ես մտածում էի, որ սերը կարելի է գնել նվիրվածությամբ, ուշադրությամբ, ինչ-որ պահից՝ գումարով, մտածում էի՝ հեշտ ու արագ է զգացմունքները կառավարելը, մտածում էի, որ երբ լինի ուրիշը, դու ինքդ կդառնաս ուրիշ ինձ համար, մտածում էի, որ ժամանակն ու տարածությունն են ամենազորեղը ու մոռացնել կտան ամեն ինչ քեզ հետ կապված, երեկ ես դեռ չգիտեի, որ հայացքը կարող է այդպես խորը դաջվել մարդու մտքում, ես երեկ չգիտեի, որ դու ամենակարող ես, ու բոլորը քո ստվերն են լոկ: Բայց այդ ամենը ես մտածում էի երեկ, այսօր ես հերքում եմ ու ասում, որ սուտ են բոլորը։

Դու թանկ ես, ու ոչ ոք չկարողացավ քեզ իջեցնել իմ աչքից, ոչինչ չկարողացավ քեզ պակասեցնել իմ երակներում, մտքերիս անկյուններից: Ես հասկացա, որ փոքրիկ ճրագը շատ ուժեղ էր վառած հանգցնելու համար: Այսօր ես հասկացա, որ օտար են բոլոր ուրիշները, իսկ դու ուրիշ հարազատ ես:

Մտածում էիր՝ այսպես եմ ասելու: Չէ, սխալվեցիր, ինձ էդպես էլ չսովորեցիր արագ հասկանալ: Միշտ հիշիր, որ ինչքան էլ թանկ բան է ատամը, ցավելիս հանում են, գցում:

87210528_1494549020722917_880813722719748096_o

«Ամեն ինչ լավ ու բարով է լինելու» արտահայտությունը միշտ թեյիս մեջ եմ լցնում խմելիս

Շատ հաճելի զրույց ունեցա «Թեյահոլիզմ» գրքի հեղինակ Լիլի Մկրտչյանի հետ, ով մեծ սեր և ջերմություն է դրել իր գրքի ամեն տողում ու փոխանցում է դա իր թեյահոլիկներին:

-Լիլի ջան, «Թեյահոլիզմը» բոլորի կողմից շատ սիրելի է դարձել, ինչպե՞ս ծնվեց գիրքը գրելու գաղափարը, ո՞րն է այն կարևոր ասելիքը, որը գրքի միջոցով ցանկացել եք փոխանցել ընթերցասեր լսարանին:

-Լուսինե ջան, շնորհակալ եմ թե՛ հարցիդ, թե՛ սիրուն գնահատականիդ համար։ Գաղափարը երևի թե ենթագիտակցությանս ու ամենաթաքուն ցանկություններիս մեջ միշտ էլ եղել է, իսկ այ գաղափարի տրանսֆորմացվելը նպատակի ու գործի եղավ վերջին երկու-երեք տարիների ընթացքում, երբ հասկացա, որ պահը հասունացել է։

Գիրքը մի քանի հաղորդագրություն ունի՝ ինքդ քեզ ճանաչելուց ու սիրելուց մինչև դիմացինի մասին հոգալու, քեզ ու մյուսներին հասկանալու, իրավիճակները վերլուծելու կարևորություն։ Այս ամենը փորձել եմ ամփոփ ներկայացնել «նկատելու» հաղորդագրությամբ՝ ավելի շատ տեսնել, լսել, մտածել ու դրանով էլ՝ նկատել։

-Ո՞րքան ժամանակում եք գրել գիրքը, ունեի՞ք սիրելի մարդիկ, ովքեր գիրքը գրելու ժամանակ միշտ քաջալերում էին Ձեզ և միշտ Ձեր կողքին էին:

-Եթե դիտարկենք ստեղծագործական պրոցեսը, ապա 2-3 տարի, տեխնիկական պրոցեսը, իհարկե, շատ ավելի կարճ է։

Իհարկե, կարծում եմ ոչ միայն կոնկրետ գիրք գրելու, այլև ցանկացած նպատակ իրականացնելու, ցանկացած քայլ անելու դեպքում կարևոր է իմանալ, որ կան մարդիկ, ում համար կարևոր է պրոցեսը, որով անցնում ես, որոնք ուժ ու էներգիա են տալիս, թեյ են լցնում ու ոգևորում, անգամ երբ ինքդ էլ որևէ պահի չես պատկերացնում՝ ոնց կամ երբ ես սկսելու։ Այդ առումով ես երջանիկ մարդ եմ ու հետևաբար՝ շնորհակալ, որ ընտանիքս ու ընկերներս միշտ կողքիս են։

-Ի՞նչ եք կարծում, ընթերցողները հիմնականում ի՞նչ տարիքի են, ո՞ր խումբն է կազմում Ձեր թիրախային լսարանը:

-Երևի թե ամեն հեղինակի համար պատիվ է նկատել, որ ընթերցողների տարիքը խիստ տարբեր է։ Եթե քեզանից երիտասարդ կամ քեզանից տասնամյակներ ավելի ապրած մարդիկ կարդում են գրածդ, մտածում դրա շուրջ, քննարկում ու արձագանքում, ապա սա արդեն շնորհակալ լինելու լավ առիթ է։

-Ո՞րոնք են գրքի Ձեր ամենասիրելի տողերը և ինչո՞ւ եք հենց դա ընտրել:

-Ամենից սիրելի են այն հատվածները, որոնք կարդացողին որևէ կերպ օգտակար են եղել։ Նման ամեն արձագանքից հետո որևէ հատված վերաիմաստավորված կերպով եմ սիրում։

-Լիլի, ստեղծագործելու հետ մեկտեղ նաև տնտեսագետ եք: Երևի թե երկուսն էլ շատ հարազատ են Ձեզ, բայց եթե հնարավորություն լիներ միայն մեկը ընտրելու, ո՞րը կընտրեիք:

-Իսկապես երկուսն էլ հարազատ են։ Աշխատանքի ընթացքում ուրիշ է կիրքը՝ վերլուծություններ, գնահատումներ, խնդիրների լուծում։ Սեղծագործական պրոցեսը բոլորովին այլ է, թեպետ էստեղ էլ առանց վերլուծելու հեռուն չես գնա։ Գիտեք, Լուսինե ջան, դա կլիներ ոչ թե հնարավորություն, այլ սահմանափակում, որովհետև երկուսն էլ ես եմ ընտրել ու ուրախ եմ ընտրությանս համար։ Բայց եթե ստիպված լինեի միայն մեկով զբաղվել, երազումս մյուսը կկոմպենսացնեի, իմ ենթագիտակցությունը կարծես թե այդպես է աշխատում:

-Այսօր աշխարհն ու մեր հասարակությունն ի՞նչ է ակնկալում ստեղծագործող մարդուց:

-Անկեղծություն։ Միանշանակ ու պարզ մի բառով՝ անկեղծություն։

unnamed

-Քանի որ շատ մոտ եք գրականությանը, ի՞նք կարծիք ունեք նոր փոփոխությունների մասին:

-Գնահատականներում այդքան շռայլ մի եղեք, Լուսինե ջան, այսօր շատերն առիթ են փնտրում խոսքերից կառչելու։ Ասենք այսպես, եթե դեմ չեք. լինելով գրականությունից ոչ այնքան հեռու մարդ, պիտի ասեմ, որ շատ փոփոխություններ դրական են, շատ դրական։ Անգամ տեխնիկական տեսանկյունից նայելիս։ Գրքերն այսօր ամենուր են՝ սկսած մեզ ամենամոտ գրախանութներից ու գրադարաններից մինչև մեր հեռախոսներ ու համակարգիչներ։ Սա տեխնիկական մասով։

Բովանդակային տեսանկյունից՝ այն, ինչ այսօր ունենք ոլորտում, մեծ մասամբ դրական է ըստ իս։ Կա նաև ժամանակակից հեղինակների գործեր կարդալու լայն ընտրություն․ մեկ կամ երկու հեղինակ չէ ներկայացված, իսկ վերջիններս էլ սահմանափակված չեն խիստ գրաքննությամբ։ Այսօր բազում հեղինակներ ներկայացնում են իրենց ամենատարբեր պատկերացումները, մոտեցումները, հերոսներին ու նրանց աշխարհընկալումը։ Իհարկե, ոչ միշտ է ներկայացվող գործն արժանանում միանշանակ գնահատանքի, իսկ ավելի ճիշտ՝ գրեթե երբեք չի էլ լինում այդպես, ու սա նորմալ երևույթ է։ Նորմալ է, որ որոշ գործեր սիրվում են, որոշ գործեր ժամանակի հետ վաստակում են արժեք ներկայացնողի դիրքում հայտնվելու իրավունքը, որոշ գործեր էլ մոռացվում են կամ քննադատվում։ Ցանկությունս է, որ մեկ կամ մի քանի ստեղծագործությունից ստացված գուցե ոչ ճիշտ տպավորությունը չվերագրվի ամբողջ ոլորտին։ Մենք այսօր շատ արժանի հեղինակներ ունենք, որոնց ոչ միայն հաճույքով եմ կարդում որպես ընթերցող, այլև հարգում եմ որպես ժամակակցի։

Բովանդակային մասն ապահովող մյուս կողմն էլ ընթերցողն է։ Ընթերցողը նուրբ կերպով զգում է ու տարբերում, ընտրում։ Մարդիկ կարծես թե ավելի շատ են սկսել կարդալ, քան մի քանի տարի առաջ։ Ճաշակի նոր շերտեր են ձևավորվում, հետևաբար՝ պահանջարկի վրա պրոյեկցիան էլ նույնական է։ Սա ուրախալի և պատասխանատու մարտահրավեր է հեղինակների համար։

-Ունե՞ք կարգախոս, որ Ձեզ միշտ առաջ է տանում՝ անկախ ամեն ինչից:

-Առանձնահատուկ կարգախոս չեմ ընտրել, բայց «ամեն ինչ լավ ու բարով է լինելու» արտահայտությունը միշտ թեյիս մեջ եմ լցնում խմելիս։

-Մտադրություններ կա՞ն հաջորդ գիրքը գրելու վերաբերյալ, ապագայում ի՞նչ նպատակներ ունեք։ 

-Մտադրություններ ու քայլեր, նոր գործեր ու մշակումներ, իհարկե, կան։ Չկա շտապողականություն։ Մինչև ասելիքն իմ ներսում ինձ համար չեփվի, չեմ գրի՝ որպես հերթական մի գործ։ Երկար չեմ սպասեցնի, բայց հում էլ չեմ մատուցի որևէ բան կարդացողիս։

«Թեյահոլիզմում» թեմաները բազմաշերտ են, թեման կյանքն է ու մարդը, իսկ իմ գրելիքի առանցքը միշտ սա է։ Մատուցման ու սյուժետային մասով, իհարկե, կլինեն տարբերություններ, այս պահին փակագծերը շատ չբացեմ, փոխարենը կմանրամասնեմ, երբ թեյի ինչ-որ կումից հետո կասեմ՝ վերջ, պատրաստ է։

-Ի՞նչ կմաղթեք Ձեզ շատ սիրող լսարանին։

-Էլի շռայլ եք, ու էլի շնորհակալ եմ։ Կարծում եմ՝ ամենից գեղեցիկ պահը, որ ապրում ենք կարդալիս, այն է, երբ մեզ գտնում ենք գրվածի մեջ։ Ուրեմն՝ թող յուրաքանչյուրն իրեն գտնի ամենաբարու ու երջանիկի մասին պատմող տողերում։

Valya Gasparyan

Երբ ամեն ինչ հասկանանք

Մայրս պատմում է, որ երբ փոքր եմ եղել, տատս ինձ գրկել ու ցույց է տվել, թե ինչ է կատարվում շուրջս, որ շուտ ճանաչեմ աշխարհը։ Էդ ամենը հասել է այն աստիճանի, որ բացել է գազօջախի վրա դրված կաթսայի կափարիչը ու ցույց տվել, որ էնտեղ ջուր է եռում։ Մայրս էլ մտածել է՝ ջուր է էլի, եռում է էլի։ Դե, մեծերին հատուկ են նման ավանդույթները, դրա նման արտահայտությունները, որոնք կենաց են թվում, որոնք սովորել են ինչ-որ անհայտ տեղից, փոխանցում են իրար ու երբեմն իմաստը չեն հասկանում կամ չկա էլ, որ հասկանան։

Արդեն տարիք է գալիս, որ գրկից իջնում ես, լինում ես փնթի, անփույթ, վնասվում ես, եթե խորն են վերքերդ, հետո էլ ես հիշում, եթե ոչ այդքան, մենակ մեծերն են հիշում։ Էս տարիքից արդեն սկսում ենք հեքիաթ կարդալ, բայց դե իմաստը չենք հասկանում։ Հեքիաթ պատմողին ուղղակի մեր կողքին գիշերվա մեջ նստած մեծահասակ ենք ընկալում ու չենք հասկանում, որ էդ պատմածի մեջ հերոսներ կան, գործ են անում, կռվում են, պարտվում են։ Կեսից քնում ենք ու չենք ափսոսում, որովհետև չգիտենք, որ վերջում ընկնող խնձորներ կան, որոնց գոնե կարելի է սպասել։ Էդ մի քիչ ավելի հետո ենք հասկանում ու էլ կեսից չենք քնում, քնելուց էլ գոնե ափսոսում ենք։ Սա արդեն այն տարիքն է, որ բոլորիս կյանքում հայտնվում են փոքր, երեք ակ ունեցող հեծանիվները, որոնք միշտ անհետաքրքիր տեսք ունեն երևի անգամ էդ տարիքում։ Պապս ինձ գնեց էդ հեծանիվից ու սկսվեց մի ներկայացում, որի գլխավոր հերոսը դարձա ես, գործողության զգալի մասը լացն էր, բայց դե նպատակային էր։ Ուզում էի իմ հեծանիվով տուն գնալ։ Եթե ունեմ սեփական փոխադրամիջոց, տիրապետում եմ դրան, գիտեմ ճանապարհը, եթե չգիտեմ էլ, մեքենայի հետևից կգնամ, ինչի համար նստեմ ուրիշի մեքենան, նայեմ՝ ոնց է էդ ուրիշը վարում ու հասցնում էն տեղը, որտեղ ես էլ կարող էի հասնել։ Նույն ներկայացումը սպասվում էր սպորտային կոշիկներ գնելու ժամանակ։ Էլի գլխավոր հերոսն էի, էլի լաց կար ու էլի նպատակ՝ գնալ ինքնուրույն։ Էլի չէի հասկանում՝ եթե ունեմ ոտքեր, որոնք ամուր են, որոնք ունեն հատուկ վազքի համար կոշիկներ, եթե գիտեմ ճանապարհը, եթե չգիտեմ էլ, մեքենայի հետ հետևից կգնամ, ինչի համար նստեմ ուրիշի մեքենան, նայեմ՝ ոնց է էդ ուրիշը վարում ու հասցնում էն տեղը, որտեղ ես էլ կարող էի հասնել։

Էս լացուկոծը մի կողմ ենք դնում ու գնում դպրոց։

Սև, սպիտակ, սպիտակ. սա շարքի կանոնն էր, բայց քանի որ երրորդ կանոնը պարտադիրներից չէր, ես էլ սիրողներից չէի, ինձ մոտ բացակայում էր: Առաջին սևն ու սպիտակը դպրոցական համազգեստն էր, իսկ վերջին սպիտակը մեծ, աչք ծակող մազակալներն էին, որոնցից մի անգամ եմ ունեցել` դա էլ մորս ցանկությամբ: Նույն մազակալի կտորից կարված նասկիներին միշտ մկրատով էի դիմավորում, դարձնում էի կարգին նասկի ու մեծավարի հագնում, մեծավարի գնում դպրոց ու դրա բացակայությունը նկատող էլ չկար, դրա համար ցածր գնահատող էլ: Կիսամեծավարի հագնված գնացի դպրոց ու ստացանք միջոցառման համար խոսքեր, որում տղաներից մեկը պետք է ասեր՝ ամենադժվարը լավ մարդ լինելն է: Ախր էդ շրջանում սովորելուց ու գերազանցիկ լինելուց դժվար բան չկա, լավ մարդ լինելը դրա դիմաց ինչ է, որ։ Հիմա լավ մարդ լինելը իրենց հանդեպ չարությամբ լցված մարդկանց քանակով են որոշում, էդ քանակը կարևորվածության զգացում է տալիս, բայց ես հո գիտեմ, որ դա էդպես չի։

Լավ մարդ լինելու թեմայից էլ ավելի տարածված էր երբեք մի ասա երբեք-ը: Մենք էդ տարիքում երբեքը կամ առհասարակ չէինք օգտագործում, բայց ոչ կանոնին հետևելու նպատակով, կամ ամեն ինչ կարելի էր ասել երբեքից հետո ու շրջանցել կանոնը: Անհասկանալին դարձել էր բոլոր նման արտահայտությունների հարմար որոշիչ։ Մեզ երբեք կարգին չեն բացատրում, երբեք վտանգի մեջ չեն մտցնում, որ ավելի շուտ հասկանանք կարելիի ու չի կարելիի սահմանը, մենք ամեն ինչ շատ ուշ ենք հասկանում, երբեմն այնքան ուշ, որ ինքնուրույն կամ հանկարծակի է լինում։ Մայրս էլ տատիս չհասկացավ, ես ու դու էլ մեծերին ճիշտ ժամանակին չենք հասկանում, որովհետև մեզ շատ են խնայում, անկարելի շատ։

Փոքրանայի, տատս գրկեր, տաներ եռացող կաթսայի մոտ, թույլ տար ձեռք տամ ու վառվեմ, հետո ստիպեր հեքիաթը կիսատ թողնելու համար ափսոսամ ու հաջորդ օրը չշարունակեր, թույլ տար հեծանիվով գամ ու ընկնեմ ու ճանապարհի մյուս մասը ինքնակամ նստեմ մեքենան, նույն սցենարն օգտագործեր նաև մարզակոշիկի դեպքում, հետո մի անգամ էլ չթողներ էդ մազակալից ու նասկուց ունենամ, որ լիաթոք կարողանայի ասել, թե դրանցից երբեք չեմ ունեցել, հետո ներքին ուժ տար՝ուսուցչուհուն ասելու, որ ես չեմ հասկանում լավ մարդ լինելու դժվարը որտեղ է ու ինչ մոգական բան կա էդ երբեք-ի մեջ ու գուցե այդ ժամանակ ամեն ինչ ինքնուրույն, բայց ոչ ուշացած հասկանանք ու չօգտագործենք ըղձական եղանակը:

Susanna Grigoryan

Երկու մարդ ու մի շուն (շագանակագույն աչքերով)

Մեծ, շագանակագույն աչքերով շունը պառկել էր տաք ավազին։

Նա սովորականից ավելի ուրախ էր։ Էնպես չէ, որ առավոտվանից ինչ-որ համով բան էր կերել կամ էլ էսօր, բացառության կարգով, բակի տղաները քարով չէին խփել, ուղղակի ինչ-որ տարօրինակ զգացում ուներ, որ շուտով մի լավ բան է լինելու։

Շների շրջանում կանխազգացումները չեն ողջունվում ու առհասարակ ընդունված չէ նման անիմաստ բաներով զբաղվել։ Որոշները, իհարկե, շների դրախտին են հավատում, բայց դա էլ յուրաքանչյուրի անձնական ընտրությունն է։ Մեծ, շագանակագույն աչքերով շունն էլ էր հավատում շների դրախտին, որովհետև իր թափառական կյանքի վերջում նա արժանի էր էնպիսի մի տեղ գնալուն, որտեղ սրտիդ ուզածի չափ ոսկոր կլիներ ու ոչ մի բակի երեխա։

Շագանակագույն աչքերով շանը բախտ չէր վիճակվել սիրուն ծնվել, ու անցորդները իրենց պարտքն էին համարում ամեն անգամ հիշեցնել էդ մասին։ Նա իր երկար կյանքի ընթացքում տեսել էր իր ցեղին հատուկ բոլոր դժվարությունները, մի անգամ նույնիսկ մեքենայի տակ էր ընկել։

Մեր օրերում կենդանիները դժբախտ են, ու նա պատրաստ էր շների դրախտ գնալ, թեկուզ հենց հիմա․․․

***

Ծերունին աչքերը բացեց ու տեսավ, որ էլի նախաճաշը չեն բերել։ Ուրիշ բան չէր էլ սպասում․ երևի օրերն են հաշվում, որ իրենից ազատվեն։ Ամբողջ կյանքում աշխատեց, որ որդիները կրթություն ստանան, մարդ դառնան, որ հիմա էսպե՞ս հատուցեն։ Եթե աշխարհում արդարություն լիներ, իրեն ուրիշ զավակներ բաժին կհասնեին։

Դուռը բացվեց։ Փոքր թոռը ուտելիքով ամանը դրեց սեղանին ու փախավ դուրս։

-Ծնողներդ մեծերին բարևել չե՞ն սովորեցրել,- հետևից գոռաց ծերունին։

Հարցը հռետորական էր․ ինքը գիտեր, որ չեն սովորեցրել: Ու գիտեր, որ թոռները ամեն անգամ կռիվ-դավով են իր սենյակ մտնում, իսկ նախաճաշը միշտ խաղերում պարտվողն է բերում։ Օրը մի անգամ էլ որդին գալիս է, նստում իր մահճակալի մոտ ու իր գործերից է պատմում։ Կամ զուտ պատշաճության համար, կամ էլ էնքան հիմար է, որ մտածում է, թե իրեն հետաքրքիր է։

Արդեն 5 տարի է՝ բժիշկները որդուն խոստանում են, որ ուր որ է մահանալու է, ու արդեն 2 օր է՝ ճնշումը չի իջնում, բայց ինքը գիտի, որ դեռ երկար է ապրելու, շատ երկար․․․

***

Հանրակացարանի խոնավ սենյակում անդադար պտտվող մոծակները չէին թողնում քնել։ Ուսանողը շուռումուռ էր գալիս, բայց հարմար դիրք չէր գտնում ու հիշեց, թե ոնց էր հենց նույն կերպ քունը կորցրել 6 տարի առաջ։ 6 տարի առաջ, երբ բոլոր հեռու-մոտիկ բարեկամները մի կերպ խցկվել էին հորեղբոր որդու «նիվա»-ի մեջ՝ իրեն ճանապարհ դնելու: Հայրը արդեն 4-րդ անգամ էր գլուխ գովում, որ իրենց անտառաճանաչ գերդաստանի մեջ տղան միակն է, որ «արտասահմաններում է սովորելու», իսկ մայրը բոլորից թաքուն հաց ու պանրի վերջին բրդուճն էր ուսապարկի մեջ պահում։ Ինքն էլ հորեղբոր որդուն հաջողություն անելիս խոստացավ, որ հենց մի քիչ գործերը լավանան, փող է ուղարկելու, որ իրեն նոր մեքենա գնի, թե չէ «էս թվին նիվա քշելը արդեն ամոթ է»:

Ամեն ինչ էդքան էլ պարզ չէր, ինչքան թվում էր: Գործերը էդպես էլ չէին լավանում, ու իրենց գերդաստանի հպարտությունը «արտասահմաններում» սովորական միջակության էր վերածվում:

Հանրակացարանի խոնավ սենյակում կրծքավանդակի ծակոցներից շուռումուռ եկող ուսանողը մտածում էր, որ ամեն դեպքում նիվան էդքան էլ վատ մեքենա չի․․․

***

Մեծ, շագանակագույն աչքերով շունը ծերությունից ու շատ հաչալուց սատկել էր: Իսկ ծերունին դեռ երկար է ապրելու, շատ երկար։

Ուսանողը նոր մեքենայի գումարը էդպես էլ չուղարկեց։