


Հողամասի շրջանը համարում եմ փակված
Ինչպես գիտեն շատերը՝ մեզ մոտ Ապարանում, այս ընթացքում կարտոֆիլի ցանքով էին զբաղվում: Իրականում, դա հետաքրքիր է անցնում, եթե հետաքրքիր ես դարձնում, բայց եթե ինձ պես ունեք եղբայր, որը ամեն հարմար առիթի խոսում է, ուրեմն կձանձրանաք:
Ուզում եմ մի քիչ խոսել մեր ընտանեկան խոհանոցից:
Երբ ինչ-որ գործ դուք պետք է անեք, բայց էնպես է ստացվում, որ ուրիշն է անում, ավելի բծախնդիր եք դառնում ու ձեզ թվում է, որ մի բան էն չի լինի: Դե ոնց շատերդ, էնպես էլ պապին էս տարի ինչ-ինչ պատճառներով չէր կարող մասնակցել ու իր գործը հանձնարարված էր ուրիշին: Երբ տանը չէր լինում, մենք աշխատում էինք՝ որոշելով, թե գալուն պես ինչ արձագանք կտա: «Կասի՝ էսքան ժամանակ է՞ս եք արել: Չէ՛, չէ՛, կասի՝ լավ էլ գնացել եք առաջ»: Որոշում, որոշում ենք, ու գալիս է պապին: Բոլորս սրտատրոփ սպասում ենք, թե ինչ պիտի ասի:
-Ապրեք, գնացել եք առաջ, բայց էս գլուխները լավ չեք փակել, շատ հող լցրեք:
Երբ հասել ես հողամասի վերջին ու հոգնածությունդ գլուխ է բարձրացնում, ալարում ես վերջին 5 թումբն էլ անել: Էդտեղ տատին, թե բա՝ էշը կերել եք, պոչն ա մնացել:
Մեզ հետ աշխատելիս կլսեք նաև «մի հաշվեք թմբերը, որ արագ վերջացնեք, բայց ասեմ, որ մնաց 25 թումբ», «էսքանը արել ենք, էս ի՞նչ ա՝ չանենք», «որ արագ աշխատենք, ավելի շուտ կգնանք տուն», «սոված եմ, հոգնեցի», «ո՞վ ա թռնում կոֆե դնելու», «լավ դե, թամբալություն մի՛ արա» ու էսպիսի շատ հայտնի տողեր:
Ես սովորաբար կարտոֆիլն եմ շարում, ու ասում են, որ բավականին արագ, մանավանդ, երբ գնահատող պապիկդ էդտեղ կանգնած է, սկսում ես մոռանալ, որ ձեռքիդ կես կիլոգրամ դույլ կա, որովհետև ինչքան էլ պնդեք, միևնույնն է, ուրախանում ես, երբ քեզ գովում են: Ի դեպ, արագ կարտոֆիլ շարել-հավաքելը մեր գյուղում առավելություն է, ու եթե այնպես է ստացվում, որ ուզում եք գալ մեր գյուղ, սովորեք կարտոֆիլ ցանել ու հավաքել:
Մեկ-երկու տարի առաջ կաշկանդվում էի, երբ հողամասում աշխատում էի: Դե, ինձ չեն ստիպել ու չեն ստիպում հողամասում աշխատել, բայց եթե գնում էի, ամաչում էի: Իհարկե, հիմա բացարձակ էդպիսի բարդույթ չունեմ, բայց ուզում էի ասել, որ գյուղում կան նաև մարդիկ, ովքեր, ենթադրենք, երեկ են ավարտել իրենց հողամասի գործը, բայց քեզ էնպիսի հայացքով են նայում, ոնց որ հենց նոր Լոնդոնից ժամանած զբոսաշրջիկներ լինեն, որոնք ոչ մի բանից տեղյակ չեն ու եկել են զուտ նայելու:
Բայց կատակը մի կողմ, երբ ջուր խմելու պատրվակով գնում եմ ու նստում հեռվում, նայում եմ, թե ինչպես են աշխատում: Իրականում էնքան սիրուն է աշխատող մարդուն նայել, չես ձանձրանում, ու ինձ հույս եմ տալիս, որ ես էլ եմ էդպես սիրուն տպավորություն թողնում ու գնում եմ դույլի մոտ՝ կարտոֆիլ լցնելու:
Ինչևէ: Նյութը գրում եմ հողամասից տանջված գալուց 15-20 րոպե հետո: Կարտոֆիլ շարելու ընթացքում, հիշում եմ, լավ մտքեր ունեի գրելու համար, հիմա մոռացել եմ: Դե, էսքանով նյութս ավարտեմ՝ վերջում ավելացնելով բոլորին օրհնող տատիս խոսքերը.
-Բոլորի ցանածը ուրախությամբ լինի, լավ լինի, օրհնված, բերքատու ու «բարաքյաթով»:

Հայի արարող ձեռքը
Ազգային նախշերի, տիկնիկների, գորգերի, տարազների, մրգերի մեջ ամփոփվում է ժողովրդի մտածողությունը: Հենց այդ սիրով էլ ստեղծվում է ցանկացած աշխատանք:
Տիկնիկները հայկական տոների կարևոր մաս են կազմել: Դրանք պատրաստելու համար օգտագործում են տարբեր նյութեր՝ փայտ, մորթի, կավ: Ասում են՝ տիկնիկները օժտված են չարը խափանող և հաջողություն բերող ուժով:
Մարդիկ դրանց տվել են տարբեր անուններ՝ Վասիլ, Նուրին, Ակլատիզ, Ասիլ-Բասիլ:
Նուրին համարվում է ծաղկազարդի խորհրդանիշ, որից երաշտի ժամանակ անձրև էին խնդրում: Նուրին սկսում է արտասվել, ու հողը թրջվում է: Նուրիի շապիկը նկարազարդ է, գոտին կարված է ծիածանագույն թելերից: Գլխին ունի ծաղկեպսակ:
Գորգերը եղել են ազգային նկարագիր տվող մշակութային արժեք: Հատուկ զարդանախշեր ունեցող գորգերը կախվում էին պատից: Զարդանախշերի մեջ թաքնված է հիշողություն և շատ հաճախ մարդկանց փոխարեն նախշերն են պատմում: Հայկական գորգերի ամենատարածված տեսակը վիաշապագորգն է: Դրանք ներկվում են որդան կարմիրով: Հայերը հավատում էին, որ եթե տանը վիշապագորգ ունեն, ուրեմն պաշտպանված են չար ուժից:
Հայն այսօր էլ ստեղծում և արարում է նորը՝ պահելով իր ազգային դիմագիծը: Նրա արարող ձեռքը կարելի է տեսնել ամենուր:

Տնից հեռու
Երբ աչքերս փակում եմ ու մի պահ պատկերացնում Շրի Լանկայի փողոցները, Նոր Գվինեայի բնությունը, Հնդկաստանի համեղ ուտելիքները, մարդակեր ցեղերին, նրանց վարքն ու բարքը, ակամա մտքումս մի անուն է պտտվում՝ Վարդան Սարգսյան՝ ամենաանվախ, ամենաէկզոտիկ ճանապարհորդ-հաղորդավարը: Նա գրեթե առասպելական կերպար ունի: Նրա տպավորիչ ռեզյումեն և պատմության հեռատես զարգացումը հետաքրքրում են բոլորիս:
-Ինչպե՞ս սկսեցիք Ձեր ճանապարհորդությունը:
-Ես ճանապարհորդել սկսել էի մինչև հեռուստանախագիծը, արդեն ճանապարհորդում էի, շա՜տ-շա՜տ երկրներ էի այցելում, և այն ժամանակ հաճախ երգում էի, գումար էի աշխատում, ու այդ գումարը ծախսում էի հենց ճանապարհորդության վրա: Այնպես որ, այդ սերը եղել է վաղուց, ոչ թե հենց հեռուստանախագծից: Սկզբում, իհարկե, փոքր ճանապարհորդություններ էին, մաքսիմում՝ Եգիպտոս կամ Լիբանան: Հետո սկսեցի ավելի հեռու և հետաքրքիր վայրեր գնալ: Այդպես սկսվեց ամեն ինչ:
-Ո՞րն է Ձեր ամենամեծ անձնական ձեռքբերումը:
-Ամենամեծ անձնական ձեռքբերումը իմ ընտանիքն է, աշխատանքը, որը ունեմ: Կարծում եմ՝ այո, այսօր երջանկություն է զբաղվել մի գործով, որը սիրում ես, ու ամենակարևորը, որ լավ ես կարողանում կատարել այդ աշխատանքը: Եվ այն, որ երկու հեռուստաընկերութամբ ինձ տեսնում եմ՝ «Armenia TV» և «ATV», դրան գումարած իմ տուրիստական գործակալությունը՝ «Vardan Travell»-ը, դրանք մեծ ձեռքբերում են ինձ համար: Երկուսն էլ կայացած են, ժողովրդի կողմից սիրված և ես մաքսիմալ եմ անում ամեն բան: Ծրագիրը հետաքրքիր է, հեռուստանախագիծը հետաքրքիր է, իսկ ճանապարհորդությունները ինձ հետ ապահով են և կազմակերպված:
-Եթե կարողանաք ժամանակը հետ տալ և երիտասարդ Վարդանին մեկ բան ասել, ապա ի՞նչ կլինի:
-Կասեի, որ ավելի շատ ժամանակ տանը անցկացներ, քան օտար երկրում: Որովհետև երբ հարազատիդ կորցնում ես, նոր ես սկսում հասկանալ, որ ավելի շատ ժամանակ կարող էիր տանը լինել, շփվել: Չնայած՝ իմ պարագայում ես կարծում եմ, որ ամեն բան հասցրել եմ անել:
-Ի՞նչ խորհուրդ կտաք ճանապարհորդությունների ձգտող երիտասարդներին:
-Խորհուրդ կտամ շատ ճանապարհորդել: Եթե բյուջե կա, կարելի է ոտքով, կարելի է նույնիսկ Երևանին մոտիկ գյուղեր, քաղաքներ գնալ, ուսումնասիրել, հետաքրքիր վայրեր հայտնաբերել, ֆոտոշարքեր ստեղծել ինստագրամում, ֆեյսբուքում կամ այլ ցանցերում: Բլոգեր բացել յութուբում ու գտնել, նկարահանել նույն մարդկանց առօրյան, ինչպես են շփվում, ապրում: Այդ ամենը շատ հետքրքիր է: Ճանապարհորդությունը պարտադիր չէ լինի Բալի կղզում, իսկ եթե այդպես է, շատ ավելի լավ է: Բայց կարելի է սկսել հենց Հայաստանից:
-Ինչպե՞ս սկսվեց ձեր կարիերան:
-Եթե խոսքը ճանապարհորդության մասին է, առաջին անգամ, երբ այցելեցի Հնդկաստան, իմ ֆեյսբուքյան էջում տեղադրում էի նկարներ, տեսանյութեր անսովոր վայրերից, իրենց ավանդական վայրերից, և մարդիկ անվերջ ասում էին. «Այս ինչ հետաքրքիր է, էլի տեղադրիր»: Կիսվում էին նաև, մեկնաբանություններ, դիտումներ, հետաքրքիր էր ամենը: Այդպես առաջացավ ցանկություն այդ ամենը ավելի մասսայականորեն ներկայացնել, այսինքն՝ հեռուստատեսությամբ, ու այդպես սկսվեց: Ամեն ինչ իրականում սկսվել է հենց Հնդկաստանից: Ես հետո փորձնական մեկնեցի Եգիպտոս, ATV-ի հեռուստաընկերության համաձայնությունիից հետո, նկարահանումներ արեցի և վերադարձա: Չորս հաղորդում էի նկարել, որոնք ATV-ի պրոդյուսերը շատ հավանեց և ասաց. «Սրանով կարող ենք սկսել այս նախագիծը»: Այդտեղից ամեն բան սկսվեց:
-Որպես ավանդական ճանապարհորդ՝ ինչպե՞ս եք Ձեզ զգում:
-Ժամանակին ճանպարհորդությունն ինձ համար հոբբի էր, հետո դարձավ հետաքրքրություն, հետո՝ աշխատանք, այսօր՝ բիզնես: Այսինքն՝ ես ճանապարհորդում եմ և գումար եմ աշխատում: Դա ամենակարևորն է, և դրան հասնելու համար պետք են շատ տարիներ, շատ ջանքեր: Եվ մեծ հարց է՝ կստացվի՞ քեզ մոտ, թե՞ ոչ: Ես կարողացա, ուստի դա իմ ապագան է:
-Ասեք երեք առանձնահատկություն, որ պետք է ունենա ամեն ճանապարհորդ:
-Նայած՝ ինչ ճանապարհորդ: Եթե մարդ սիրում է ճանապարհորդել, գնալ որևէ քաղաք, ծովի ափին պառկել, հանգստանալ, այդ մարդկանց խորհուրդ կտամ ընտրել մաքսիմալ լավ հյուրանոց և վերջ: Իսկ եթե մարդ իսկապես, օրինակ՝ ինձ նման ճանապարհորդ է, պետք է լինի դիմացկուն, չհոգնի, փնտրի անվերջ ամենահետաքրքիրը, և մի բան տեսնելու համար չալարի 1-2 օր ճանապարհ ընկնել, նույնիսկ դժվարություններով՝ ավտոբուսներով, փնթի տեղերով և այլն: Ես ինքս այդպես եմ անում, մի փոքրիկ դրվագ տեսնելու, նկարելու համար երկու օր ընկնում եմ ճանապարհ՝ մեքենաներով, ավտոբուսներով, գնացքներով և այլն: Բայց հասնում եմ, որ այդ ամենը տեսնեմ: Պետք է լինես աշխատասեր և ջանք չխնայես:
-Ո՞րն է Ձեր սիրած ճամփորդական գիրքը, և ինչո՞ւ:
-Ճանապարհորդական գիրք չգիտեմ, բայց ես անկեղծ շատ ժամանակ չունեմ գիրք կարդալու: Իմը ավելի համացանցն է, տեսանյութեր դիտելը, ուսումնասիրելը և այլն: Բայց գրքերից շատ եմ հավանում «Շանտառամ»-ը, Հնդկաստանի Մումբայ քաղաքի մասին պատմող գիրք է: Եթե չեք կարդացել, բոլորին խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ: Իսկ ճանապարհորդներից Միխայիլ Գոժուխովի վարած ծրագիրն եմ շատ հավանել: Մանկությանս տարիքի ծրագրերից է: Ճիշտ է՝ նա հիմա մեծ մարդ է, բայց ես ինստագրամով հաճախ շփվում և խորհուրդ եմ հարցնում նրանից: Ես մանկուց մեծացել եմ նրա ծրագրերը դիտելով, ինձ համար ամենահետաքրքիր նախագծերից էր: Իսկ գրքեր՝ որպես այդպիսին չեմ կարդացել:
-Ո՞րն է Ձեր սիրած վայրը:
-Եթե երկրի մասին է խոսքը, ես Շրի Լանկան եմ շատ սիրում: Այնտեղ սիրում եմ հանգստանալ, իսկ եթե կոնկրետ տեղ նկատի ունեք, բնականաբար՝ տունս:
-Ինչի՞ց եք ոգեշնչվում։
-Ես սիրում եմ, երբ մարդիկ իմ նախագծերը դիտում են, և դրանով հեռուստատեսային ռեյտինգը բարձրանում է: Սիրում եմ զարմացնել, սիրում եմ գտնվել այնպիսի վայրերում, որոնց մասին մարդիկ նույնիսկ չեն լսել: Դա ինձ ոգևորում է, որ մյուս անգամ ավելին անեմ: Այսինքն՝ դու եթե ինչ-որ հետաքրքիր բան ես անում, հաջորդը չի կարող թույլ լինել, ուստի դա ստիպում է ամեն անգամ էլ ավելի կատարելագործվել: Ես կարծում եմ՝ ամենամեծ հաղթանակը դա է, ես չեմ վախենում խոչընդոտներից, չեմ վախենում դժվարություններից, վտանգներից: Իսկ գումարի համար փորձում եմ նաև հայթայթել, հովանավորներ գտնել և նկարահանել այն, ինչ ուզում եմ:
-Ո՞րն է Ձեր՝ ճանապարհորդ լինելու ամենադժվար մասը:
-Ինձ համար ճանապարհորդության ընթացքում դժվար մաս չկա, եթե դու սիրում ես այդ գործը: Եթե դու հայտնվես վայրի ցեղերի մոտ, քնես անհարմար վայրում կամ չքնես օրերով, շատ դժվար ճանապարհ անցնես, հոգնես, միևնույնն է, դա քեզ հաճույք է պատճառելու: Եթե դու դժվարանաս օրվա ընթացքում կամ քո կյանքի որևէ փուլում, նշանակում է դու ճանապարհորդել չես սիրում: Ուրեմն ընտրիր այլ ճանապարհ, գնա այլ երկիր, որտեղ կարող ես ծովի ափին պառկել, հանգստանալ, վայելել, լողալ ու մի քանի էքսկուրսավար վերցնել քաղաք տեսնելու համար։ Դա իմը չէ:
-Սիրած ավիաընկերությո՞ւնը:
-Ես բոլոր ավիաընկերությունն էլ սիրում եմ, ճանապարհորդում եմ բոլոր ինքնաթիռներով, որը ավելի հարմար է լինում, և բնականաբար, որի տոմսն ավելի մատչելի է:
-Ի՞նչ տուրիստական գործակալություն եք սիրում՝ բացի Vardan Travell-ից:
-Ոչ մի տուրիստական գործակալություն ինձ համար սիրված չէ, որովհետև ես ունեմ իմը, ինձ համար իմը լավագույնն է: Ես ճանապարհորդում եմ, կարող եմ ճիշտ խորհուրդ տալ մարդուն, և իմ աշխատակիցները՝ ևս: Ինձ համար իմն է լավը, ինչպես մյուս տուրիսական գործակալությունների տնօրենների համար՝ իրենցը: Դա նորմալ երևույթ է:
-Սիրած քաղա՞քը:
-Սիրածս քաղաքը, բնականաբար, Երևանն է, դա չի քննարկվում:
-Առավել քիչ սիրած վա՞յրը:
-Այդպիսի վայր չկա: Անկեղծ լինեմ՝ ես բոլոր վայրերն էլ սիրում եմ, բոլոր պետությունները սիրում եմ: Եվ այս հարցն ինձ համար տարօրինակ է:
-Եթե Դուք կարողանաք ժամանակ անցկացնել ցանկացած վայրում, ո՞ւր կգնաք:
-Իհարկե, Շրի Լանկա։ Ես պատրաստ եմ ամիսը մեկ թռչել Շրի Լանկա: Այդ կղզում կա հանգստություն, ու հարցը բացարձակ ծովի ափի, ավազի, կամ օվկիանոսի մասին չէ, ուղղակի սիրում եմ այդ կղզին: Այնտեղ հանգստություն կա, չգիտեմ՝ ինչից է, բայց իմ հոգին է այնտեղ հանգստանում: Ես կարող եմ ամիսներով մնալ այնտեղ, փոքր տուն վարձել, ման գալ, շփվել մարդկանց հետ, ովքեր միշտ ժպում են: Շատ եմ սիրում Շրի Լանկան:
-Արդյոք զբաղված է Ձեր սիրտը:
-Իմ սիրտը զբաղված չէ, ազատ է: Եվ շատ ժամանակ չկա տրամադրելու, ցավոք սրտի:
-Կորոնավիրուսի պատճառով ամենաշատը տուժել է զբոսաշրջային ոլորտը, ինչպե՞ս է այն անդրադարձել Ձեր ճամփորդությունների հետագա պլանների վրա:
-Դե իհարկե, այս պահին չկան թռիչքներ, բայց հուլիս ամսից ունենք արդեն շատ ուղևորություններ, այնպես որ դեռ կհասցնենք ճանապարհորդել, իսկ այս պահին աշխատում ենք տանից, ու պետք է ասեմ՝ զանգերը չեն դադարում:
-Ի՞նչ ճակատագիր կունենա Ձեր հաղորդաշարը:
-Ես մինչև հուլիս ամիս և Armenia TV-ի և ATV-ի համար ունեմ արված նկարահանումներ: Իսկ հաջորդ եթերաշրջանը լինելու է հոկտեմբերին, այնպես որ սեպտեմբերին հաստատ կգտնեմ մի երկիր, որտեղ կկազմակերպեմ նկարահանումները:

Ասֆալտե տուփը
Նա ծնվել էր մի ահավոր լուռ օր, երբ երկինքը ասֆալտի գույն ուներ, ու երբ բրիտանացի գիտնականները կլաուստրաֆոբների մոտ նոպաների սրացում էին նկատել, որովհետև ուր էլ գնայիր, քեզ ասֆալտե տուփի մեջ փակված էիր զգում։ Երևի հենց այդ ասֆալտե տուփն ու ձայների բացակայությունն էլ խլեցին նրա բոլոր բառերը, ու նա ծնվեց կատարյալ լռության մեջ։ Հետո, իհարկե, մայրիկ էլ ասաց, հայրիկ էլ, ու ծնողներն էլ կարծես ինչ-որ չարագուշակ պատահականությամբ նրան շատ խոսուն անուն տվեցին, բայց ասֆալտե տուփը իր հետքը թողել էր…
Սովորական երեխա էր՝ առանց առանձնահատուկ տաղանդների կամ հետաքրքրությունների, էդպիսիների մասին ծնողները ասում են, որ կարևորը առողջ լինելն է, ու որ հաջորդը ամեն ինչ տեղը կդնի։ Բայց հաջորդը էլ չեղավ, ու գուցե բարին էլ դա էր, որովհետև դժվար կլիներ ծնված օրվանից ուսերիդ կրել ինչ-որ մեկի կյանքը տեղը դնելու ակամա պարտականությունը։ Բաժանումից հետո մայրը արդեն համոզված էր․ «Սա էլ հոր պես է, ոչինչ դուրս չի գա»:
Դպրոցում վատ չէր սովորում, որովհետև գրքի բառերը անգիր անելու համար շատ բան պետք չէր, բայց ընկերների հետ շփվելու համար ճիշտ բառեր էին հարկավոր, որ չկային։ Չնայած, եթե ձեր շփումը «բարև»-ով ու «հաջող»-ով է սահմանափակվում, ընկերություն էլ երևի չկա: Վերջին զանգին իր կարդացած բոլոր գրքերը 1-2 նախադասության մեջ հավաքեց, որ իրենց դասարանի Աննային ասի, թե ինչքան է սիրում, ու էդ անկանոն, անհասկանալի կմկմոցով էլ ավարտեց դպրոցը՝ հասկանալով, որ ինքը հորը ընդհանրապես նման չի, բայց մայրը ինչ-որ առումով ճիշտ էր։
Համալսարանում ամեն ինչ ավելի լավ էր, նույնիսկ ընկերներ ուներ (համենայնդեպս ինքը էդպես էր կարծում), մինչև էդ ընկերների հետ կիսամահ անելու չափ չծեծեց իրենց կուրսի երկար պոչիկով տղային։ Մարդ ծեծելու համար բանտ են նստում, իսկ դաժանության համար՝ ավելի երկար: Ու աշխարհի չափ հին էս պատմությունն էլ ավարտվեց բանտով ու հարևանների խոսակցություններով․
-Էդ տղան խոսել չգիտեր, մարդ ո՞նց կծեծեր։
Կծեծեր, հավատացեք, կծեծեր։ Մանավանդ, երբ 20 տարի հոգումդ կուտակված բառերը ոչ մի կերպ դուրս չեն գալիս։
Ասում են՝ բանտից հետո մարդիկ դժվար են ինտեգրվում հասարակությանը, բայց էդպիսի խնդիրներ չառաջացան, որովհետև նա երբեք էլ հասարակությունում ինտեգրված չէր եղել ու գիտեր՝ ոնց էդպես ապրել: Մի քանի տարի հետո ապագա կինն էլ հայտնվեց, որը դեռ մանկուց հավատում էր վատ տղաների ու խելոք աղջիկների մասին սիրուն հեքիաթներին ու նրան նայելիս միշտ կաշվե բաճկոնով ու մոտոցիկլով կինոյի տղաներին էր տեսնում: Նա այդպիսին չէր, բայց բառեր չգտավ բացատրելու համար, ու այդ բացատրությունները կուլ տված իրար հետ 7 տարի ապրեցին: 7 տարի լռության մեջ ապրելով սեր չի առաջանում, բայց մարդիկ համակերպվում են, ու նա գիտեր, որ կինը վաղուց ամեն ինչ հասկացել է ու որ վաղ թե ուշ հեռանալու է: Ամեն երեկո ուզում էր խոսել, ինչ-որ անիրականանալի բաներ խոստանալ, հավատացնել, որ կփոխվի, բայց ճիշտ բառեր էլի չկային: Ու մի առավոտ անկողնում մենակ արթնանալով՝ հասկացավ, որ այլևս կարիք չկա, որովհետև վատ տղաների ու խելոք աղջիկների մասին հեքիաթներին հավատացող իր կինը նոր հեքիաթների էր սկսել հավատալ, որտեղ 30-անց կանանց կյանքը դեռ նոր է սկսվում: Նա հեռանալիս էդպես էլ չէր ցանկանցել խախտել իրենց համատեղ կյանքի երկարամյա լռությունը:
Լռությունն ու մենակությունը իրար լրացնում են, բայց հեշտ չէ ընդունել, որ ամբողջ կյանքդ վակուումում ես անցկացնելու: Ու նա հավատում էր, որ ճիշտ բառերը մի օր գալու են։ Էդպես էլ ամբողջ կյանքում սպասում էր այդ հեռավոր ու խուլ բառերին, որ իրենից խլել էին, երբ դեռ երկինքը ասֆալտի գույն ուներ…

Այդքան սպասված անձրևը
Դրսում շոգ եղանակ էր։ Մի տեսակ հոգնել էի այրող արևից։ Փողոցում շտապող մարդիկ փորձում էին ավելի արագ քայլել, որպեսզի չհալվեն ու միաձուլվեն ասֆալտին։ Այն մարդիկ, ովքեր աշնանն ու գարնանը միշտ բողոքում էին արևից, հիմա ուղղակի երազում էին դրա մասին։
Հերթական մի առավոտ արթնացա անձրևի հաճելի ձայնից։ Սառը օդը լցվել էր սենյակ ու այն լցրել անձրևի անուշ, սառը բույրով։ Ժամանակ չկորցնելով դուրս եկա փողոց։ Անձրևի կաթիլները թափվում էին վրաս ու մոռացության տալիս անցած օրերի կիզիչ արևը։ Անհամեմատ հաճելի է բույրը անձրևից հետո։
Փողոցի մի անկյունում կանգնած հետևում էի, թե ինչպես էին անձրևի կաթիլները թափվում գետնին և հագեցնում հողի ծարավը։ Մարդիկ շտապում էին վայրկյան առաջ հասնել իրենց տները և քողարկվել։ Այնինչ ես ագահ մարդու նման կանգնել էի բաց երկնքի տակ և վայելում էի անձրևի սթափեցնող կաթիլները, միևնույն ժամանակ բոլորի հայացքներում որսում էի դժգոհություն և նախատինք։ Բայց չէ՞ որ երկինքը վատ բան չէր արել, ուղղակի մաքրել էր օդը, փողոցները, տերևները և ինչու չէ նաև մարդկանց հոգիները, որ լցված էին միայն դժգոհություններով։ Անձրևի պայծառ կաթիլները սկսեցին թափվել նոր ուժով, բայց արդեն տխուր։ Ընդամենը մեկ ժամվա ընթացքում գեղեցկացած ու թարմացած աշխարհը նորից տխրեց։ Բայց ես շարունակում էի քայլել և ինձ վրա վերցնել անձրևի յուրաքանչյուր կաթիլ։
Տխուր էի, որ մարդիկ այլևս չեն սիրում այն, ինչ գնահատում էին առաջ։ Մարդիկ հեռացել են բնությունից, փակվել իրենց վանդակներում, մոռացել իրականի ու գեղեցիկի մասին։ Ախր բնությունն ամեն ինչի մասին հոգ է տարել, մեզ միայն մնում է սովորել բնությունից։
Ես սիրում եմ անձրևը։ Հիմա նրան նայում եմ այն ակնկալիքով, որ այն կգա շատ երկար և ինձ մոռացնել կտա արևի այրող ցավը։

Մի տխրության պատմություն
Մեր տանիքը իմ տխրության միակ վկան է։ Մայիսյան օրեր են, իսկ դրսում թվում է՝ աշուն է։ Այնպիսի անձրևներ են գալիս, ասես ուզում են աշխարհի երեսից սրբել ամեն ինչ: Ես նորից տանիք եմ բարձրանում, այնտեղ ինձ չեն խանգարում։ Այնտեղ՝ վերևում միայնակ կանգնած՝ չկա ոչ մեկը, որ անիմաստ հարցեր ուղղի այն պահին, երբ դժվարանում եմ խոսել, որովհետև աչքերիցս չհոսող արցունքները լցվել են կոկորդս, ու խեղդվում եմ:
Կանգնած եմ լուռ ու նայում եմ երկնքին. անձրև է՝ խլացնող ու ամեն ինչ անհետ ջնջող անձրև, և երբեմն նկատվում են տուն վազող մարդիկ: Ահա նորից նույն մարդու դեմքը, որին ես չեմ էլ ճանաչում, բայց վաղուց նրան գիտեմ հայացքով, դեռևս անցյալ տարվանից աչքիս ընկել էր, միշտ նույն ժամին տուն էր վերադառնում։ Տեսնես՝ այդ մարդը կարողանո՞ւմ է քնել։ Չէ՞ որ հոգնում է առօրյա գործերից։ Իսկ գուցե ո՛չ, մարդ չի քնում, եթե միտքն արթուն է:
Հերթական մի օր տանիքում կանգնում ու մտածում եմ, թե ինչքան թույլ ենք մենք՝ մարդիկս, որ համարվում ենք աշխարհի տերն ու տիրակալը: Մեկը հոգնել է սեր փնտրելուց, մեկը հոգնել է գտնելուց, բայց անընդհատ կորցնելուց, մեկը հոգնել է իր անզորությունից ու Աստծուց խնդրելուց, որ վերադարձնի արցունքները:
Խոնավ է շուրջ բոլորը։ Այդ խոնավությունը նման չէ ուրիշ անգամներին։ Այս անգամ նրանում տխրությունը ավելի շատ է, դատարկությունը՝ թաց։ Ու այդ խոնավ դատարկությունն է լցվել իմ ներսը, կլանելով ինձ։ Տեսնում եմ անթափանց դատարկություն, բայց թե կույր լինեի, ամբողջ էությամբ կզգայի այդ դատարկությունը: Ու ամեն անգամ այս դատարկությունը կանգնում է ճանապարհիս՝ փորձելով ինձ տապալել, իմ մեջ թողնելով անշնչացած հարցականներ:
Եթե ուժ ունենայի, երկաթե վարագույրով կծածկեի այդ դատարկությունը: Բայց ես էլ եմ խոնավ… Խոնավությունը հավանաբար դաջված է աչքերումս, ափերիս մեջ։ Ես տանիքում եմ, որը թեև խոնավ է, բայց նույն հարազատն է։ Տարիներ շարունակ գալիս եմ նրա մոտ։ Չէ, ես նրա հետ չեմ խոսում, այն ունակ է ինձ լուռ կարդալու։ Քանի անգամ եմ նստել նրա կողքին ու լուռ ոռնացել: Ես սիրում եմ ցուրտը, բայց լռությունը՝ ավելի, և այն միշտ ինձ հետ է։ Ես մտածում եմ աշխարհի, մարդկանց մասին…
Իսկ հետո՞։ Հետո ինձ է սպասում աշխարհի ամենաստոր սենյակը, և ես անում եմ ամեն բան, որպեսզի հնարավորինս ուշ հասնեմ այնտեղ: Չգիտեմ՝ ուր փախչել, նա ինձ նվիրում է ամենազզվելի անքուն ժամերը, բայց չէ՞ որ հոգնել եմ ես այդ նվերներից։ Ու ես ատում եմ առավոտները, աղմուկը, հարցերը… Իսկ հայելիները տանել չեմ կարողանում, որովհետև միշտ միևնույն արտահայտությունն է աչքերի։ Իսկ այդ կոպերը լացից չէ, որ այդպիսին են, լաց վաղուց չկա, դա անքնություն է, որ բազմաթիվ հարցեր է ծնում գարշելի ամբոխներում․ «Լացե՞լ ես», «Չե՞ս քնել»…
Սրիկաներ։ Ես լռություն եմ ուզում, իմ լռությունը։

Թող գարունները գան ու չգնան
Գյուղի գարունը
