sargismelknyan12

Ախ, կարանտի՜ն, կարանտի՜ն

Չնայած որ միլիոնավոր մարդիկ համատարած մեկուսացումն ու կարանտինը դիտարկում են որպես նոր տնտեսական ճգնաժամի սկիզբ, ես ու ինձ նման շատերը գտնում ենք, որ այն նոր հնարավորություններ է բացելու։

Օրինակը մեր գյուղի վրա բերեմ։ Երբ շատ ոլորտների աշխատատեղեր փակվեցին, ու գյուղացիները, ովքեր Երևանում էին աշխատում, ավելի շատ ժամանակ սկսեցին անցկացնել գյուղում, սկսեցին առավել կենտրոնանալ առողջ ապրելակերպի ու գյուղատնտեսության վրա։ Կարանտինի օրերին ամեն առավոտ շատերն են դուրս գալիս վազելու, մյուսներն էլ երեկոյան են զբաղվում սպորտով։

Գյուղատնտեսությունը սկսեց առավել արժևորվել։ Շատ մարդիկ սկսեցին վարել ու ցանել իրենց չմշակվող հողերը։ Մյուսները վերագործարկեցին իրենց ջերմոցները, ու քանի որ շատ ժամանակ էին անցկացնում տանը, առավել մեծ խնամքով ու նվիրվածությամբ սկսեցին վերաբերվել այս ամենին։
Մի քանի օր առաջ այցելեցի իմ հորեղբորորդուն, ու երբ տեսա, թե ինչ նվիրվածությամբ էր նա սրսկում իրականացնում իր ջերմոցում, որոշեցի վերցնել հեռախոսն ու որպես #agent17՝ անմահացնել պահը։

Կարանտինն այսօր ավարտվեց, թեև ոչ բոլոր աշխատատեղերն են բացվել, իսկ կրթական համակարգը շարունակում է հեռավար ուսուցումը: Եվ ես ուզում եմ հավատալ, որ մենք այս օրերին կլինեն ավելի զգույշ, կազմակերպված և պատասխանատու:

anna gasparyan

Ուսանող եմ

Բարև ձեզ, հարգելի՛ դասախոսներ․․․ Զարմացած եք, չէ՞, որ ինչ սկսվել են օնլայն դասերը, ես չեմ մասնակցում դրանց։ Երևի մտածում եք, թե հենց այնպես եմ ընդունվել համալսարան, անիմաստ, առանց ոչ մի մտադրության, ուղղակի դիպլոմի համար։ Ու հիմա ձեր կասկածները հաստատվեցին, չէ՞, որ չեմ մասնակցում դասերին, չեմ գրում ձեր հանձնարարած աշխատանքները։ Բացակա, բացակա, ու էլի բացակա, մեյլով ուղարկված ոչ մի նամակ իմ անունից։ Այսօր ուզում եմ իմանաք, թե ինչու չեմ մասնակցում դասերին։

Ես և եղբայրս ուսանողներ ենք, երկուսս էլ Երևանի պետական համալսարանի, երկուսս էլ ընդունվել ենք լրագրություն բաժինը։ Եղբայրս երրորդ կուրսում է, ես՝ առաջին։
Երբ սովորում էի դպրոցում, մտածում էի ուսանողական կյանքիս մասին, մտածում էի՝ ոնց պետք է գնամ դասի, վերադառնամ տուն։ Ինչ բնավորության տեր մարդկանց հետ շփվեմ, որ թեքումով գնամ։ Եվ այդպես շարունակ։ Ամեն ինչ պատկերացնելը այնքան հեշտ էր։
Եվ ահա դասերը պետք է սկսվեին։ Հասկանում եք՝ իմ պատկերացրած կյանքը այդքան էլ հեշտ չէր։
Երբ պետք է դասերը սկսվեին, մնացել էր մի քանի ամիս, սկսեցի մտածել ծախսերի մասին։ Չէ՞ որ համալսարանում սովորելու համար գումար է հարկավոր։
Հիմա կմտածեք՝ ծնողներս կապահովեն ամեն ինչով։ Չէ՞ որ տվել են սովորելու, պարտավոր են պահել։
Հայրս ու մայրս ապրում են գյուղում ու առանց աշխատանքի։ Ապրում են հորս ու պապիս թոշակով։ Ու այդքան քիչ գումարով կարող են պահել 2 ուսանողի, մեկ դպրոցականի ու հաշմանդամ պապիկի։ Դպրոցական եղբորս պետք է ապահովեին թույն հեռախոսով, բրենդային հագուստով, որ չտարբերվեր իր հասակակիցներից, որ իրեն վատ չզգար։ Այդ ամենը հաշվի առնելով՝ սկսեցի աշխատել։ Սկսեցի աշխատել սուպերմարկետում։

Արդեն մի քանի ամսվա աշխատող էի։ Դասերը սկսվեցին, գնացի համալսարան ու առաջին հերթին տեսա դասացուցակը։ Ու վախենում էի նրանից, ինչ եղավ։ Աշխատանքս խանգարում է դասերիս։ Ի՞նչ պետք է անեմ։ Դասերս ավելի կարևոր էին, բայց դասի գնալու համար էլ գումար էր հարկավոր։
Գնացի աշխատանքի, մոտեցա տնօրենիս, ասացի, որ պետք է դուրս գամ աշխատանքից։ Պատմեցի, որ չեմ կարող հարմարացնել դասերիս հետ․ դասերս երկրորդ հերթ են ու չեմ կարող գնալ աշխատանքի։ Խոսելուց հետո արցունքներս աչքերիս դուրս եկա սենյակից ու մտքումս մի հարց էր պտտվում, թե ինչ պետք է անեմ։

Հաջորդ օրը տնօրենը զանգեց ինձ և կանչեց խանութ՝ խոսելու։ Նա առաջարկեց, որ դուրս չգամ աշխատանքից, և իմ գրաֆիկը մի քիչ տարբեր կլինի մյուս աշխատողներից։ Հարցրեցի, թե ոնց պետք է գնամ։ Նա ասաց, որ առավոտյան կգնամ աշխատանքի մինչև 12-ը, հետո կգնամ դասի, դասերից հետո էլի կգնամ աշխատանքի։ Շատ ուրախացա, որովհետև այդ աշխատանքը ինձ շատ էր պետք։ Ու ես առավոտյան գնում էի աշխատանքի, հետո՝ դասի, հետո՝ էլի աշխատանքի։ Տուն բացարձակ չէի մտնում ու դասերս էլ անում էի գիշերը 12-ից հետո, ուշ էի քնում, շուտ զարթնում։ Ժամանակ է եղել, որ քնել եմ դասերի ժամանակ։ Ինչևէ․․․

Ես արդեն ուսանող եմ ու ամենակարևորն այն է, որ ես կարողանում եմ ինձ ապահովել ամեն ինչով ու ծնողներիս նեղություն չեմ տալիս։ Ապրում եմ Երևանում՝ վարձով։ Տանը չունեմ Wi-Fi-ի սարք, չկա համակարգիչ։ Հարգելի դասախոսներ, այդ պատճառով էլ չեմ կարող մասնակցել օնլայն դասերի, Word-ով չեմ կարող հավաքել ձեր տված հանձնարարությունները։ Հուսով եմ՝ ինձ խիստ չեք դատի իմ բացակայությունների համար։ Ինձ այս ուսանողական կյանքը հեշտ չի տրված։ Ու ես ամեն կերպ պայքարում եմ նպատակիս հասնելու համար, որ մի օր դառնամ լավ լրագրող։

Շնորհակալ եմ տնօրենիս ինձ միշտ աջակցելու համար և ձեզ, որ ձեր դասերի ժամանակ պահ է եկել, երբ քնել եմ, ու ինձ չեք արթնացրել։ Երևի ընկերներս պատմել էին, որ աշխատանքից եմ եկել։ Շնորհակալ եմ ընկերներիս ամեն կերպ ինձ օգնելու, բացակա ժամերի դասերը բացատրելու, քննությունների առաջադրանքները ուղարկելու համար։ Երախտապարտ եմ Աստծուն, որ ունեմ սրտացավ ընկերներ, աջակցող տնօրեն և նման բարի դասախոսներ։

SvetlanaDavtyan

Երջանկության պարադոքսը

Արտակարգ իրավիճակում պետք է կարդալ արտակարգ գիրք: Եվ ինչը կարող էր լինել դա, եթե ոչ հենց այն՝ իր արտակարգ վերնագրով՝ «Թքած ունենալու նուրբ արվեստը»: Մարկի գիրքը նման է շտապ օգնության, որը ճիշտ ժամանակին հասնում է տեղ և ցույց տալիս օգնություն, սա այն է, ինչ հիմա քեզ պետք է:

Մինչ կարդալը շատ էի մտածում՝ կարդա՞լ, թե՞ չկարդալ: Այս է խնդիրը:

Գրքի մասին իրարից շատ տարբեր կարծիքներ էի լսում (ոչ այնքան բարի կարծիքներ), գռեհիկ բառեր, սլենգ, ազատ բառապաշար: Դե, ինչ պետք է մտածեի, որ մեղմ ասած՝ գիրք չէ, այլ ապուշություն: Չէ խաբում եմ, ես էդպես չմտածեցի: Դե հա, երբ հայ մարդը լսում է, որ կա ազատ բառապաշար նորմալ է, որ խռովկան հոգին մի քիչ փոթորկվում է: Բայց ասեմ քեզ, սիրելի ընկեր, ի վերջո կարդացի: Հաստատ կասեմ, որ գոնե մեկ անգամ պետք է կարդաս: Իսկ դրանից հետո դու ինքդ կցանկանաս կրկին կարդալ, վերջում կկարդաս նորից, որպեսզի ոչ մի միտք բաց չթողնես և ճիշտ հասկանաս, իսկ ամենավերջում ինքդ կհասկանաս, թե ինչպես է այն տանում քեզ իր հետևից ու ստիպում նորից կարդալ բառերի ուժը զգալու համար: Ոչ մի գիրք այսչափ երկար իր ազդեցությունը չէր պահել երակներումս:

Գիրքն ընթերցվում է մեկ շնչով, տալիս է մեծ փորձ ու փոխանցում հաճույք: Ամեն օր չես գտնի գիրք, որը քեզ անկեղծ կասի, որ որոշ բաներ սխալ ես անում, բայց այնպես, որ չնեղանաս ու շպրտես մի կողմ: Սովորեցնում է, որ եթե մի քանիսի համար ազդեցիկ մարդ ես ուզում լինել, պետք է գիտակցես, որ մյուսների համար դառնալու ես ծաղրածու: Եթե մի քանիսին օգնելու ես, ապա այլոց խանգարելու ես: Ու պետք է չթքել ամեն ինչի վրա, բայց պետք է թքել քեզ համար պրոբլեմ ստեղծողի երեսին:

Դե, էլ ինչ ասեմ:

Իզուր մի սպասիր, չեմ նկարագրելու սյուժեն: Իսկական ժամանակն է, գնա ու սկսիր:

Susanna Grigoryan

Նա

(Իրական փաստերի հիման վրա)

Նա միշտ արագ էր քայլում՝ ինչքան տարիքը ներում էր։ Եթե երիտասարդ լիներ, հաստատ կվազեր։ Երևի որովհետև տանից դուրս գալ, մարդկանց հետ շփվել չէր սիրում։ Բացի դրանից՝ նա էլի բազմաթիվ բաներ չէր սիրում։ Չէր սիրում չոր աթոռներ, զինվորական կոշիկներ ու դատարկ դարակներ։ Չէր սիրում, երբ դրսում ուժեղ անձրև էր գալիս կամ երբ արևը այրում էր։ Բայց աշխարհում ամենից շատ նա ատում էր հերթերը՝ երկար, հեղձուցիչ, որ չէին թողնում շնչել, հասնել ուտելիքին․․․

Երկար հերթերը նրան չէին սպառնում։ Նա էնքան փոքր գյուղում էր ապրում, որտեղ դրանք պարզապես չկային։ Բայց միևնույնն է, հանգիստ խանութ գնալ չէր ստացվում։ Բոլորը նայում էին։ Ձևացնում էին, թե չեն նայում, բայց նայում էին։ Երեխաների համար իսկական տոն էր։ Հրում էին իրար, բարձր ծիծաղում ու մատով ցույց տալիս։ Ծնողները փորձում էին նրանց տուն մտցնել, բայց աչքի տակով իրեն էին նայում։ Մինչև հասնում էր խանութ, ձեռքերը սկսում էին սովորականից ավելի շատ դողալ, բերանը չորանում էր, ու մի քանի անգամ ձեռքից գցում էր ձեռնափայտը։ Մտնում էր ու մեծ փաթեթով դուրս գալիս։ Ամեն անգամ իրեն խոստանում էր, որ կհասնի տուն նոր կբացի, բայց չէր ստացվում, բա որ չհասցներ։ Արդեն սովորել էր ինքն իրեն ոչինչ չխոստանալ։ Հենց տեղում էլ հանում էր երշիկն ու մեծ-մեծ կծելով սկսում ուտել։ Գյուղացիները ավելի մեծ եռանդով էին երեխաներին ներս հրում։ Երևի վախենում էին, որ նրանց էլ կուտի, որովհետև նա ուտում էր ամեն ինչ՝ առանց հասկանալու, առանց կշտանալու, էնքան, որ սիրտը խառնի, որ ստամոքսը սկսի ցավալ։ Ու հետո ոնց եկել էր, էդպես էլ հետ էր դառնում՝ թուքը կաթացնելով գյուղի փողոցներին։

Գյուղացիները խոսում էին, որ պատերազմի ժամանակ գերի է եղել ու էնքան են սոված պահել, որ խելքը թռցրել է։ Էլ ուտելիքից չի կշտանում, վախենում է, որ ուր որ է՝ էլի պատերազմ է սկսվելու ու ինքն էլ էլի սոված կմնա։ Մի մասն էլ եղածը ավելի էր ճոխացնում։ Իբր տանը ուտելիքի պահոց ունի,  որտեղ ինչ ասես չկա․ էլ նրբերշիկ, էլ կանաչի, էլ պանիր ու պահածոներ՝ լիքը-լիքը պահածոներ․․․

Գյուղացիները շատ են խոսում․ ճիշտն ու սխալը դժվար է ջոկել: