ArtBus-Գունատեղ Արտենիում

Յուրաքանչյուր տարի դպրոցի աշակերտական խորհուրդները պետք է իրականացնեն ծրագիր, այն պետք է լինի դպրոցի ներսում կամ համայնքում։ Արտենիի միջնակարգ դպրոցի ԱԽ-ն որոշեց, որ այս տարի իր ծրագիրը պետք է լինի համայնքային։

-Երեխեք, եկեք հետաքրքիր ու այնպիսի ծրագիր անենք, որ չկա մեր գյուղում, և օգտակար կլինի բոլորի համար:

-Երեխեք, մեր գյուղում ի՞նչ չկա:

-Ժամանցի վայր, որտեղ երեխաները կարող են անցկացնել իրենց ազատ ժամանակը:

-Եկեք ավտոբուս գտնենք, ներկենք, վերանորոգենք ու կդառնա հավես տեղ։

Եվ երկար ժամանակ մենք ավտոբուս էինք փնտրում: Կային մի քանիսը, բայց անընդհատ ինչ-որ բան չէր ստացվում: Եվ վերջապես մի օր հեռախոսիս նամակ ստացա. «Ավտոբուսը բերել ենք, արդեն գյուղում ա, վաղը հավաքվենք, որ որոշենք` ինչ անենք»:

Ավտոբուսը բերելուց հետո մի քանի աշակերտներ գնացին համայնքապետի մոտ, որպեսզի ներկայացնեն մեր ծրագիրը և բյուջեն, թե որքան գումար է հարկավոր ավտոբուսը վերանորոգելու համար։ Համայնքապետը մեզ ընդառաջեց և տրամադրեց բյուջեին համապատասխան գումարը, և մենք սկսեցինք մեր աշխատանքները։

Երկար ժամանակ որոշելուց հետո, թե ինչ տեսք պետք է ունենա մեր ավտոբուսը, ինչ գույներով պետք է լինեն պաստառները, որոշվեց, որ աշակերտները գնան խանութ` կկողմնորոշվեն, կամ մեզ կուղարկեն` մենք կընտրենք։

Հետո մի քանի աշակերտներ գնացին մեզ անհրաժեշտ նյութերը գնելու։ Նյութերը բերեցին, և վերանորոգման առաջին քայլը ներկելն էր: Այդ ընթացքում մենք հյուր ունեցանք` սողուն էր, որը որոշել էր հանգրվանել մեր ավտոբուսում, սակայն մենք փչացրինք նրա նպատակները և հեռացրինք նրան։

Հետո ավտոբուսի ներսում ամրացրեցինք պաստառները, կառուցեցինք հատակ։

Մեր ավտոբուսի համար նաև պետք է ընտրեինք անուն: Երբ ծրագիրը պետք է ներկայացնեինք համայնքապետին, ասացինք, որ այն պետք է անվանենք «ArtBus», որը կբացվեր որպես Art-Արտենի և Bus-ավտոբուս: Ներկայացնելուց հետո մտածեցինք նաև հետաքրքիր այլ անուն տալ ArtBus-ին, և քանի որ մեր ավտոբուսը գունավոր էր, երեխաներից մեկը առաջարկեց դնել «Գունավոր տեղ», հետո մտածեցինք, որ կարելի է ստեղծել նոր և հետաքրքիր բառ` գունատեղ, և այդպես էլ արեցինք. մեր ավտոբուսը անվանեցինք «ArtBus-Գունատեղ»։

Մեր ArtBus-Գունատեղը պետք է ներկայացնեինք նաև Coaf-ի Սմարթ կենտրոնում, և ներկայացնելով մեր ծրագիրը` հիացրինք և զարմացրինք բոլորին, և մեր ծրագիրը համարվեց լավագույն ստեղծարար ծրագիր։ Պաշտոնական բացումը արեցինք հունիսի 19-ին։

Այսօր արդեն գործում է մեր ArtBus-Գունատեղը:

Համեցեք մեզ հյուր:

Susanna Grigoryan

Ուղղակի այլ կերպ

«Այլ կերպ» խաղը գիտե՞ք: Գնում էինք «Այլ կերպ» խաղալու: Խաղը չսկսած` մեզ արդեն չեմպիոն էինք զգում: Նույնիսկ ընկերուհուս գնած չափից դուրս դառը սուրճը ավելի համով էր, քան երբևէ իմ խմած որևէ այլ բան: Պատահում է, չէ՞, որ քեզ անսահման երջանիկ ես զգում առանց որևէ պատճառի ու առիթի: Մեզ հետ հենց դա էլ պատահել էր: Հետո հանկարծ ինչ-որ մեկը գոռաց.

-Հո քո տունը չէ՞, ի՞նչ ես պառկել, գնա էստեղից:

Էլեկտրիկ կապույտ վերնաշապիկով մարդ էր, գոռում էր նստարանին պառկած պապիկի վրա: Գոռաց, հետո խփեց: Նա էլ ընկավ գետնին ու գլորվեց մի կողմ: Հետո չգիտեմ` ինչ եղավ: Չգիտեմ, որովհետև մենք գնացինք, ուղղակի գնացինք: Իրար չնայեցինք, ոչինչ չասացինք: Ասելու բան էլ չկար:

Մեկ-մեկ ինձ թվում է, որ պապիկը ինձ էր նայում, կարծես ինչ-որ բանի էր սպասում: Բայց հաստատ չեմ կարող ասել: Միգուցե հորինում եմ: Ես ամեն ինչ դրամատիզացնելու վատ սովորություն ունեմ:

Իմիջայլոց ասեմ, որ խաղը լավ անցավ: Մենք երկրորդ տեղում էինք: Ուղղակի կորել էր անսահման երջանկության զգացումը: Երևի նստարանի մոտ էինք թողել:

Ani Avetisyan

Մտորումներ էջերի արանքում

«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի արդյունքները, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:

susanna harutyunyan girq erkrord kiraki

Մենք՝ ընթերցողներս, ծուլացել  ենք։ Դադարել ենք երկար պատմություններ կարդալ։ Կարդալիս էլ ժամանակի կեսը վատնում ենք փնթփնթալու, թե՝ երկար է, բնության պատկերն է շատ, փիլիսոփայություն է։ Ժամանակակից գրողներից շատերն էլ երկար չեն գրում։ Երկու տարբերակ կա։ Կամ գիտեն, որ մենք կարճ բաներ ենք ուզում կարդալ, կամ իրենք էլ են ծուլացել։

Բայց խնդիրը միայն ծուլությունը չէ։ Մենք՝ մարդիկս, հոգնել ենք զարդարված ու պճնված լինելուց։ Մեզ պարզություն է պետք։ Ու այդ պարզության մեջ շատ բան տեսնելու հնարավորություն։ Գրքերում էլ։

Հայ գրականության գոնե ինձ հայտնի ամենահաջողված գործերը մարդկային (այստեղ՝ հայկական) հոգեբանության արտացոլումներն են։ Եթե մի փոքր ավելի խորը դատենք՝ խոսքն ուղղակիորեն «հայու գեն» անունով հայտնի երևույթի մասին է։ Մաթևոսյանը, Վարդգես Պետրոսյանը, մեր ժամանակակիցներն ու նրանցից քիչ առաջ ստեղծագործած հեղինակներն ապրել ու մեզ ապրեցրել են հայկականությամբ։ Գրականագետներ կան, որ ասում են՝ սա է պատճառը, որ հայ գրականությունը չի բարձրանում համաշխարհային մակարդակի։ Բայց, Սարոյանն էլ է «հայկական» գրում, խնդիրը դա չէ։

Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» ժողովածուն էլ մի այդպիսի հայկական-հոգեբանական խտացում է։  Խտացում՝ բառի բուն և փոխաբերական իմաստով։ Հետաքրքիր է ժողովածուի նկարագրությունը՝ «մարդկային ճակատագրի անհասկանալիության ու եզակիության մասին» տողով։

Պատմվածքների հերոսները ոչ տիպական կերպարներ են, բայց տիպական միջավայրից ու կենցաղում։

Համանուն պատմվածքում, օրինակ, Արգոյին տիպական համարել չի կարելի։ Բայց նա եզակի էլ չէ։ «Վերադարձի հույսով» ապրող հայերի հաճախ կարելի է հանդիպել։ Նրանք բոլորը խտացել են մի մարդու հոգեկերտվածքում։ Նա ապրում է՝ վերցնելով հարևաններից չորացրած հացի կտորներ, ապրում է՝ թողած սեփական ես-ի բոլոր ցանկություններն ու անում է ինչ գործ պատահի, գումար վերցնում է կամ չի վերցնում։ Բայց նա իր սրտի գաղտնիքներն ունի։ Գեղարվեստական գրականությունից դուրս՝ կյանքում, գուցե անիրական թվա երեքհարկանի տան մասին պատմությունը, բայց նույն այդ կյանքում նման մարդիկ ապրում են հենց ինչ-որ տեղ վերադառնալու հույսով, դա է  կյանքում ամեն ինչ կորցրած մարդուն կյանքի հետ կապող միակ թելը։ Տարվա մեջ  մի քանի օր կորչելու հույսը Արգոյի պես շատերին է ապրեցնում։

Իսկ հայի հոգեբանության ամենացավոտ փիլիսոփայությունը պատմության մի տողում կարելի է գտնել․  «Հայերը չունեն քավարան, նրանց քավարանը համատեղվում է կյանքի հետ»։ Սեփական կյանքը սեփական ձեռքերով քավարան դարձրած Արգամի կերպարին բնորոշ գծեր ունեն նաև ժողովածուի այլ հերոսներ։

Հետաքրքիր են ամենօրյա-կենցաղային բեռի տակ կքած մարդկանց՝ կողք-կողքի ապրող ու իրար հակասող, բայց դրանով նաև մահկանացու էակի մի ներդաշնակ միասնություն ստեղծող զգացմունքները։ Կնոջ մահից շատ չանցած  բոլորը պատրաստ են կիսել-տանել այն ամենն, ինչ մնացել էր խեղճից («Ժառանգություն»), բայց վախենում են՝ չլինի՞ հանկարծ վնասեն «Աստվածաշունչը», չլինի՞ հանկարծ սրբապիղծ դառնան,  իրենք էդպիսին չեն, հարսն էլ նոր է աբորտ  արել, ո՞նց կարելի է․․․։

Շուշանն էլ  իսկական հայի կերպար է («Արևելյան պատի տակ»)․ «թասիբով», սկզբունքային ու  իրասածի։ Նրան մեկ է՝ ինչ են ասում, խորհուրդ տալիս ու խնդրում մյուսները, վիրավորված ինքնասիրությունը վերականգնել է պետք, «նորմալ մարդուն էդպիսի բանը նույնիսկ որպես բամբասանք չպիտի կպնի»։ Գրողը, սակայն, մինչև վերջ ուղղակիորեն չի գրում՝ ի՞նչը։ Այդ ինչ էր լսել կինը, որ վիրավորել էր ծերացած հոգին, այդ ի՞նչ ցավ էր անցել իր ու տերտերի միջով, որ խեղճը փոշմանել էր մեղքերն անգամ նրան վստահելու համար։

Կյանքի ու մահվան փիլիսոփայությունն էլ յուրահատուկ է ներկայացված շարքում։ Այստեղ կողք-կողքի ապրող ու մեռնող մարդիկ են, իրենց՝ ապրելու ու մեռնելու  ժամանակներով։ Կյանքն ու մահն էլ ժողովածուում նեղանում-նեղանում ու խիստ հայկական են դառնում։ Մահվանն էլ պետք է արժանանալ, Աստծուն հասնել-տեսնելու համար միայն մեռնելը քիչ է, հանաք բան չէ, ախր («Երթևեկություն»)։ Պատվով մեռնելու համար միայն հայրենիքում մեռնելը քիչ է, հողը չի  ընդունի նրան, ով ժամանակին լքել է այդ հայրենիքը, ով արյուն չի թափել նրա համար։ Եվ այս դատավճիռը կարդալու իրավունք ունի անգամ նա, ով բանտ է նստել սեփական հայրենիքում հայրենակցի արյունը թափելու համար։ Կյանքի օրենքն է, տանտիրոջ իրավունք։

Ընդհանրապես, կարդալով ժողովածուի պատմվածքները, թվում է, յուրաքանչյուրը մի պարզ պատմություն է։ Բայց այդ պարզությունն ընկալելու համար երբեմն չորս էջանոց պատմվածքը չորս անգամ կարդալու կարիք է լինում։ Գրողը գտել է միջոցը։ Ամեն բառն այստեղ մի կյանքի պատմություն է, ու այնպես են ընտրված դրանք, որ թվում է՝ ինքն է ապրել այդ բոլոր կյանքերը։ Նա եղել է արևելյան պատի տակ, խնդրել տերտերին վերադարձնել իր մեղքերը, նա էր եկել՝ հայրենիքում մեռնելու, նա էր “second hand” խանութ բացել, նա էր․․․։

Հերոսներն այստեղ փոքրիկ երկրի, նույնքան փոքրիկ գյուղի ու քաղաքի բնակիչներ են, սովորական վարք ու բարքի տեր։ Նրանք՝ իրենց հոգսերով ու կենցաղով գուցե պատմվածքի հերոս չդառնային։ Շուշանն էլ գուցե  Շուշան չլիներ, եթե իրեն ներսից այդպես չքրքրեին, վեր չհանեին «թասիբով» կնոջ բոլոր լավ ու վատ կողմերը։ Եվ այդ ամենը՝ մի ամբողջ կյանքն ու կյանքի մի սովորական ու կենսական դրվագը ընդամենը չորս մեկ չորրորդ էջերում։

Հոգեկան ու հոգեբանական պատկերները ժողովածուում հաջորդում են մեկը մյուսին։ Կյանքի ամենասովորական դրվագներում մարդիկ սիրում են, ատում, ժպտում են ու կասկածում։ Կյանքի այս դրվագներում Արգոյին ոչ ոք չի հասկանում, որ ավելի լավ է առանց տան ապրել, բայց ոչ առանց վերադարձի հույսի։ Ոչ ոք երևի չի էլ մտածել, որ պետք է, իրոք պետք է ունենալ վայր, ուր կարող ես վերադառնալ։ Ոչ ոք չի էլ մտածել, որ հայրենիքից գնացողներն էլ գնում են նույն՝ վերադարձի հույսով, ինչ հոգ, թե այդ վերադարձը կարող է ծանր նստել։ Ի՞նչ հոգ, թե հողը կարող է չընդունել վերադարձողին, ու նա «հումուս» դառնա այդ հողում։

Բոլորը գիտեն քո քնել-արթնանալու, մեռնել-ապրելու ժամերը։ Բոլորը ամեն ինչ գիտեն։

Այստեղ մարդիկ անգամ հարություն են առնում։ Ու ոչինչ, որ հարություն առնելն այնքան էլ լավ չէ, երբ Աստված չես։ Այստեղ՝ 140 մեկ չորրորդ էջերում դա հնարավոր է։ Գրականության ու գրաքննադատության տեսանկյունից Սուսաննա Հարությունյանի պատմվածքները գուցե ենթարկվեին այլ  տեսակի քննության։ Ես էլ, եթե կարդայի դրանք, ինձ գրաքննադատ զգալով կամ ինձ գրաքննադատի տեղ դնելով, գուցե սկսեի գրողի արտահայտչամիջոցների կիրառության առանձնահատկություններից, լեզվից ու արվեստից, հետո միայն հասնեի մարդկային հոգու ամենախորը ու հեռավոր անկյուններում թաքնված զգացմունքներին։ Նրանց, որոնք մեկ-երկու անգամ կարդալուց հետո թվում է, թե քոնն են։ Թվում է, թե դու էլ երբեք չես ընդունի “second hand”, դու էլ չես ների անվանդ կպած բամբասանքը, կամ դու էլ հեռու մի գյուղում երեքհարկանի դղյակ կկառուցես ու կգնաս ապրելու մի խարխուլ բնում։

susanna harutyunyan girq erkrord kiraki

Երկրորդ կիրակին ներառյալ

«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Սուսաննա Հարությունյանի «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքների ժողովածուի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի արդյունքները, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:inesa zohrabyan

Կարծեմ մարտն էր, երբ մենք դասարանում նստած էինք, ու հայտարարեցին.

-Այսօր գրող Սուսաննա Հարությունյանն է գալու դպրոց:

Մենք միշտ ինչ-որ փոփոխություններ ենք ուզում, ահա, մշակութային գործիչները այցելում են դպրոցներ, և մենք սոված ու հոգնած գնացինք ստեղծագործարան նրան ու նրա գործունեությանը ծանոթանալու համար: Ես հարց տվեցի, թե ի՞նչն է ոգեշնչում իրեն, իսկ նա պատասխանեց, որ ոգեշնչման աղբյուրները հաճախ փոխվում են, ու կոնկրետ մի բան չի կարող նշել:

Ու սրանից որոշ ժամանակ անց 17.am-ի հայտարարությունը տեսա, շտապեցի ձեռք բերել  գիրքը ու սկսեցի կարդալ:

Իրականում պատմվածքների մասին իր այցելության ընթացքում խոսել էր, ու ամեն կարդալուց ես նորից հիշում էի իր մեկնաբանությունները դրանց առթիվ:

Իմ սիրելի ֆիլմերից մեկում հայրը աղջկան հարցնում է, թե ինչ հասկացավ այն գրքից, որը կարդում էր այդ պահին: Աղջիկը ի պատասխան սկսում է պատմել սյուժեն, և հայրը նորից է հարցը կրկնում, որպեսզի աղջիկը իր տպավորությունների մասին պատմի, ոչ թե սյուժեի:

Այս նույն ձևով ես եմ ուզում առաջնորդվել:

Նախ, պատմվածքներ կային, որոնք հատկապես շատ եմ հավանել: Ես ամեն գիրք կարդալուց յուրաքանչյուր նախադասություն պատկերացնում եմ` իր տեղանքով, ժամանակով` ըստ գրքի նկարագրության, և հաճախ գուշակում էի պատմվածքի ավարտը… Բայց արի ու տես, որ այդպես չէր ավարտվում, հաճախ զավեշտալի ավարտ էր ունենում, ու ավերվում էին իմ դրամատիկ կամ ողբերգական պատկերացումները դրա ավարտի մասին:

Իսկ ես հավանեցի ամենաշատը «Երկրորդ կիրակին ներառյալ» պատմվածքը: Մի քիչ ուշ էր, հասկացա, որ պատմվածքն ու գիրքը նույն անվանումն ունեն, զուգադիպություն է, որ հենց դա եմ շատ հավանել:

Ես հավանեցի հատկապես սա, որովհետև իր մեջ կար այն, որը հաճախ ես էլ եմ զգում` վերադարձի սպասում: Ու ես, սիրելի ընթերցող, չեմ պատրաստվում պատմել քեզ սյուժեն. ինչը, ոնց, ինքդ սկսիր կարդալ ու ասա, թե որը հավանեցիր ամենաշատը և ինչու՞:

Իրականում առաջին անգամն է, որ որևէ գրքի մասին փորձում եմ հոդված գրել: Ուզում եմ ասել, որ սկզբից դժվար էի կարդում, որովհետև փոքր չափերի գրքեր չեմ կարողանում կարդալ. աչքերս ու ձեռքերս կամակորություն են անում, բայց հետո, փաստորեն, ստացվեց, եթե հիմա կարդում ես սա: Եվ իրականում գիրքը իրականության գեղեցիկ, եզակի կողմերն էր ներկայացնում, իրադարձություններ, որոնք շատերի համար մանրուք են երևի, իսկ հեղինակը դրանց մի այլ համ ու հոտ է տվել: Շարքից անսպասելիները հատկապես շատ սիրեցի, որովհետև իմ վառ պատկերացումները քարուքանդ էին լինում այնպիսի վերջաբանով, որ նույնիսկ չէի պատկերացնի: Ես հասկացա, որ պետք է կարդանք  21-րդ դարի հայ արձակը, ու գնահատենք միշտ: Եվ ինձ համար հոյակապ մի հատված.

«Արևն ընդամենը երկնաքար է, եթե, իհարկե, արև չլիներ և բոց չլիներ: Սիրտն ի՞նչ է` մսակտոր, եթե սիրտ չլիներ և իմը չլիներ: Այսպես դաղում էին արևն` աշխարհը, սիրտս` ինձ, ու ես ամեն  ինչ քաղաքում թողած գնում էի: Գնում էի այն հույսով, որով բեդվինները  կտրում են անապատը, նավերը դուրս են գալիս նավահանգստից, աստվածները գալիս են հող, կամ մարդիկ սլանում են երկինք, հույսով, որ այնտեղ իրենց բաժին ինչ -որ բան կա»:

anyuta paronyan

Ֆուտբոլի արքան

Հարցազրույց ֆուտբոլիստ Վահե Մանուկյանի հետ, որը ոչինչ չխնայելով՝ օր ու գիշեր մարզվում է իր երազանքին հասնելու համար։ Երազում է դառնալ այնպիսի ֆուտբոլիստ, որով կհիանա ամբողջ աշխարհը։ Նա իր աշխատասիրության շնորհիվ հասավ բաղձալիին։ 16-ամյա ֆուտբոլիստը հիմա խաղում է Իտալիայի Gassino թիմում։

-Մի փոքր պատմիր քո մասին։

-Ես Վահեն եմ, Երևանից։ Սկզբում միտք չկար ֆուտբոլի գծով առաջ գնալու, հաճախում էի կարատեի, բայց հասկացա, որ այս մարզաձևն իմը չէ և հիասթափվեցի։ Իմ ֆիզկուլտուրայի ուսուցիչը ֆուտբոլի մարզիչ էր, նա ինձ կանչեց իր թիմ մարզվելու։ Այդպես սկսեցի ֆուտբոլի հաճախելը։ Երևանում չորս տարի հաճախել եմ ֆուտբոլի։

-Ո՞ր դիրքում ես խաղում։

-Հարձակվող եմ։

-Իսկ ո՞րն է քո սիրած խաղային դիրքը։

-Հենց հարձակվողի դիրքն եմ շատ սիրում, որովհետև սիրում եմ շատ գոլեր խփել։

-Ինչպե՞ս սկսվեց քո հաջողակ կարիերան, ինչպե՞ս հայտնվեցիր Իտալիայում։

-Ես սկզբից իմ թիմում՝ Ալաշկերտում էի խաղում, իմ տարիքայինների հետ։ Հետագայում մարզիչս նկատեց իմ առաջընթացը և ինձ տեղափոխեց մեկ տարով մեծերի թիմ, որոնք մասնակցում էին Հայաստանի առաջնությանը։ Սկսեցի շատ գոլեր խփել։ Երեք առաջնության մասնակցեցի այդ թիմի հետ։ Դրանից հետո որոշեցի, որ կարիերաս պետք է շարունակեմ Եվրոպայում։

-Ինչպե՞ս ստացվեց, որ մեկնեցիր Իտալիա և խաղացիր Gassino թիմում։

-Մենք նկարահանել էինք իմ բոլոր խաղերը և ուղարկել էինք Իտալիա։ Ծանոթ մարդ ունեինք այնտեղ։ Նա էլ ֆուտբոլի ասպարեզում ծանոթ ուներ, այդպես տեսանյութն իրեն ուղարկեցինք, նա էլ փոխանցեց այդ մարդուն։ Նրանք հավանեցին իմ խաղը և ինձ կանչեցին Իտալիա։

-Իտալիայում մարզվելուն զուգահեռ սովորո՞ւմ ես։

-Այո, սովորում եմ ամենալավ քոլեջներից մեկում։

-Ինչ-որ կոնկրետ մասնագիտությո՞ւն, թե՞…

-Չէ, կոնկրետ մասնագիտություն չէ, մաթեմատիկայի գծով է։

-Արդյոք վերադառնալո՞ւ ես Հայաստան, ի՞նչ ապագա պլաններ ունես։

-Շատ կուզեմ վերադառնալ Հայաստան, իմ ընկերներին ու հարազատներին տեսնելու նպատակով, բայց դեռ հնարավոր չէ։

-Ինչպե՞ս ես տեսնում ֆուտբոլիստի քո ապագան, որտե՞ղ ես այն տեսնում։

-Իմ երազանքը «Յուվենտուսում» խաղալն է, բայց դրա համար շատ աշխատանք ունեմ դեռ անելու։

-Որտե՞ղ էր ավելի դժվար մարզվելը։

-Իտալիայում, որովհետև այստեղ պարապմունքները ավելի դժվար են և ծանրաբեռնված։

-Ի՞նչ մշակութային դժվարություններ ես ունեցել իտալացիների հետ շփման մեջ։

-Միակ դժվարությունը լեզվի իմացությունն է եղել, բայց հիմա տիրապետում եմ իտալերենին 80 տոկոսով։

-Ըստ քեզ՝ որո՞նք են քո ուժեղ կողմերը։

-Մինչև վերջ պայքարելու ունակությունը։

-Արդյո՞ք ունես որևէ մականուն, իհարկե, ֆուտբոլի հետ կապված։

-Այո, Բոմբեր։

-Ի՞նչ կմաղթես սկսնակ ֆուտբոլիստներին։

-Խորհուրդ կտամ, որ երբեք չհանձնվեն և պայքարեն իրենց երազանքի համար։

Դեղինից դեղինն Աշտարակում

Հունիսի 2-ին Աշտարակի ավագ դպրոցի հարակից տարածքում տեղի ունեցավ 100 մետր երկարությամբ դեղինից դեղին Color Transition Wall-ի բացման պաշտոնական արարողությունը: Ժամանակակից քաղաքային արվեստով պատը գեղեցկացնելը աշտարակցի երիտասարդ Արման Ստեփանյանի մտահաղացումն է:

5 տարի առաջ, երբ Արմանը դեռ ուսանող էր, միտք առաջացավ ավելի գրավիչ դարձնել պարիսպը:

-Նորայր Սիսակյանի դպրոցի ճակատային հատվածում, որը բաժանում է դպրոցը բնակելի շենքեր տանող ճանապարհից, 100 մետր երկարությամբ պարիսպ կա,- ասում է Արմանը,- արահետով անընդհատ մարդիկ էին գնում-գալիս, բայց ճանապարհը լքված ու անմխիթար տեսք ուներ: Մտածեցի ինչ-որ կերպ բարելավել տարածքի վիճակը:

2016 թվականին Արմանը գույնզգույն խցաններից Գևորգ Չաուշի դիմանկարն էր պատրաստել պատի վրա՝ հենց այն հատվածում, որտեղ վերջանում էր բնակելի շենքեր տանող արահետը: Իսկ ահա այս տարի Արմանը կարողացավ իրականություն դարձնել նաև այս գաղափարը՝ շնորհիվ Աշտարակի քաղաքապետարանի և Awesome Foundation Yerevan-ի:

Նախագիծը տվյալ տարածքի 3 կարևոր խնդիրներ է լուծում:

1-ինը` սոցիալական խնդիր, քանի որ տարածքում բացակայում էր լուսավորությունը, և մեծ դժվարություններ էր առաջացնում գիշերային ժամերին տեղաշարժվելիս:

2-րդը՝ բնապահպանական խնդիր, քանի որ տարածքը բավականին աղտոտված էր:

3-րդը՝ գեղագիտական խնդիր, քանի որ պատը մոխրագույն էր և լքված պարիսպ էր հիշեցնում:

-Եթե այս 3 խնդիրները, համապատասխանաբար, կարմիր, կապույտ և դեղին գույներով տեղադրենք սկավառակի վրա և այն պտտենք, կստանանք գույների բոլոր երանգները, ինչը և իմ նախագծի լուծումն է,- ասում է Արմանը:

modern art5

100 մետր երկարությամբ և 2 մետր բարձրությամբ բետոնե պատը ամիսների տքնաջան աշխատանքի արդյունքում ներկվել է դեղինից դեղին գունային անցումով, որն առաջին անգամ կիրառվել է դիզայնի առաջին դպրոցում՝ Բաուհաուսում (Գերմանիա):

Այնուհետև պատը լուսավորելու համար օգտագործվել է 100 լուսադիոդ՝ պատի ամբողջ երկայնքով, որոնք եռակցել է Արմանի հայրը:

Բնապահպանական խնդիրը լուծելու համար էլ հավաքվեցին շենքի բնակիչները, փոքրիկ կամավորները, ինչպես նաև Հայկական Կարմիր Խաչի ընկերության Արագածոտնի մարզային մասնաճյուղի անդամները, ովքեր տարածքը մաքրեցին խոտից, մետաղի ու պլաստիկի թափոններից:

Հիմա երեկոյան երեխաները բաց տարածքում տարբեր խաղեր են խաղում, իսկ մարդիկ հաճույքով են գնում-գալիս արահետով: Տարածքն էլ հրաշալի վայր է լուսանկարվելու համար, ու եթե ֆեյսբուքյան ու ինստագրամյան պրոֆիլների սիրուն նկարներ են պետք, եկեք Աշտարակ, գտեք ձեր սիրելի գույնն ու նկարվեք:

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Մեր մանկությունից

Ես Մոսկվայում եմ ծնվել, մի շատ ցուրտ ձմռան ամենաերկար գիշերվա օրը։ Ես, իհարկե, ոչինչ չեմ հիշում, բայց հորաքույրս պատմում է, թե ինչպես էր քույրս սառույցների վրա թռվռալով գնում հիվանդանոց, որ ինձ տեսնի։ Ասում են՝ երբեք այդպես չէր շողացել։ Քույրս էլ 4,5 տարեկան էր այդ ժամանակ, բայց անհամբեր սպասում էր իմ ծնվելուն։ Հետո պատմում են, որ շատ ուրախացել էր, որ աղջիկ եմ, ոչ թե տղա։ Մեր տանն էլ, որ ինչ-որ բարեկամներից լսել է, թե ափսոս, որ տղա չեմ, սկսել է տղաներին զզվանքով նայել։ Մի ուրիշ բարեկամի տղա երեխայի էլ, որ դարակներն է քանդել, շորից բռնել է ու ասել. «Սրանի՞ց էիք ուզում»։

Բայց ես դրա մասին չէի ուզում պատմել, ու ոչ էլ ինչ-որ զվարճալի պատմության։ Ես զվարճալի պատմություններ չունեմ էլ, որովհետև ամենաանհամ ու անհետաքրքիր երեխան եմ եղել, որին դուք կարող եք պատկերացնել։ Դե, եթե իհարկե, քույրս չպատմի։ Իրեն որ լսեք՝ հրաշք եմ եղել։

Ուզում եմ պատմել մի նկարի մասին, որը արվել է ինձ հիվանդանոցից տուն բերելուց հետո։ Մահճակալի վրա քույրս է՝ թուշիկներով սիրուն երեխա, երջանիկ հայացքով նայում է իր կողքին ինչ-որ հետքի։ Այդ ինչ-որ հետքը ես եմ։ Սև, ուռած դեմքով, գլուխս 90 աստիճան թեքած, որ կարծես վրայիցս պոկած՝ կողքի դրած լինի, ձեռքերը վերև ինչ-որ արարած է։ Ու Հասմիկը էնպես է նայում էդ հետքին, կասես մի հրաշք է տեսել։ Հիմա ինչքան էլ փնտրեմ այդ նկարը, չեմ գտնի, երևի գյուղում է մնացել, բայց հիշողությանս մեջ շատ վառ է։ Առաջին անգամ շատ էի ծիծաղել դա տեսնելիս։ Քույրս էլ միշտ շուրջս է պտտվել, ասում են՝ նույնիսկ ինքն է ինձ քնացրել միշտ։ Առաջին անգամ էլ, որ գրկել է, ուղիղ գլխիս վրա գցել է ներքև։ Ասում են՝ դրա համար եմ մի քիչ խփնված, դրա համար էլ եմ Հասմիկին շնորհակալ։ Կատակ են անում։ Դե, երևի։

Ուզում եմ, որ բոլոր երեխաները լինեն իրենց ընտանիքներում կամ գոնե քույր-եղբայրների համար այնքան սպասված ու սիրելի, ինչքան ես էի Հասմիկի համար։

Թող բոլոր երեխաները ունենան իրենց կյանքում մեկին, ով կնայի իրենց այնպես, ինչպես 4,5 տարեկան Հասմիկը իր կողքի անճոռնի գորշ հետքին։

Մարիամ Նալբանդյան

***

Մերոնց պատմություններն իմ մասին միշտ աչքի են ընկել ինչ-որ հրաշալի հնչեղությամբ։ Ես մի «հերոս» էի` որից սարսափում էին բոլորը։ Ոչ, ես ամենևին էլ հրեշ չէի, ուղղակի սիրում էի ամեն բան ջարդուփշուր անել` տեսնելու համար, թե ինչ կա ներսում։

Մերոնք պատմում էին, որ մի անգամ չեչաքարով խազել եմ մորեղբորս նոր գնած մեքենան, որ տեսնեմ, թե ինչ գույն կա մոխրագույն ներկի տակ։

Մի անգամ էլ ծնունդիս օրը նվիրած խաղալիք մեքենան էի կոտրել, որ հասկանամ, թե ինչպես է շարժվում, ու թե ինչ փոքրիկ կանաչ բան կա դրա ներսում։

Ես քիչ բան եմ հիշում իմ մանկությունից, ինչն էլ հիշում եմ` մերոնց պատմածի մտավոր վերապատկերումն է։ Բարեկամներս պատմում են, որ մի անգամ, երբ շատ էին բարկացել ինձ վրա, կորել էի։ Այդ օրն էլ սաստիկ քամի ու անձրև էր եղել, ու բոլորը դուրս էին եկել ինձ փնտրելու։ Իսկ ես գիտե՞ք, թե որտեղ էի… Ես խնձոր էի ուտում գազի բալոնի հետևում նստած։

Այ, այդպիսի «հերոսական սխրանքներ եմ գործել»։

Սարգիս Մելքոնյան

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

Երջանկության ակունքներում

Մենք սովորեցնում ենք երեխաներին հաշվել, իսկ երեխաները մեզ` լինել երջանիկ:
Լուսանկարը` Զառա Թորոսյանի, ք. Երևան

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի, ք. Երևան

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Վիոլետա Մկրտչյանի, Արագածոտնի մարզ, գ. Մուղնի

Լուսանկարը` Վիոլետա Մկրտչյանի

Լուսանկարը` Վիոլետա Մկրտչյանի, Արագածոտնի մարզ, գ. Մուղնի

Լուսանկարը` Վիոլետա Մկրտչյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Անի Ավետիսյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի, ք. Երևան

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի