valya gasparyan

Աջս ու ձախս

Երբ սկսեցի տարբերել ձեռքերիս աջ ու ձախ լինելը, անգիտակցաբար հատուկ համակրանք սկսվեց ձախ ձեռքիս հանդեպ։

Աջով միշտ գրում եմ քո մասին ու պատմում, աջս շատախոս է, քո դեպքում ու քո մասին՝ առանձնահատուկ շատախոս, ու հենց գրիչ է տեսնում՝ անկախ թանաքի գույնից, գրում է քո մասին՝ առանց հեգնանքի։ Նույն գրիչով ձախս խզբզում է ու կեղտոտում թուղթը, ձախս լռում է քո մասին․ համենայնդեպս, ինձ մոտ լռում է։

Երբ ուշ է արդեն, ու ես դրսում եմ, ու հեռախոսս զանգում է, աջս վազում ու պատասխանում է զանգին՝ երևի մտածելով, որ դու կլինես, բայց սխալմամբ ուղարկված զանգ է լինում։ Այդ ընթացքում ձախս մրսած ու կծկված գրպանումս սպասում է։ Ձախս եսասեր չէ, ձախս գիտակցում է, ձախս հասկանում է, որ չես զանգելու ու հասկանում է, որ սխալմամբ ուղարկված զանգեր չեն լինում։

Երբ քեզ ուղարկելու ակնկալիքով նամակներ եմ գրում, աջս ագահաբար սոսնձում է դրանք ու հավատում, որ ուղարկելու եմ։ Ձախս անգամ սոսինձը բացել չի փորձում, ախր, հասկանում է, ախր, ժամանակավոր բաներ ու անհուսություններ տանել չի կարողանում։

Երբ տան զանգն է հնչում, աջս անկառավարելիորեն փախչում է ինձնից, կուլ է տալիս բռնակն ու ողջ ուժով հրում դուռը, ձախս լռում է, որովհետև գիտի, որ մեր աստիճանները շատ են, դու՝ ալարկոտ։

Երբ անձրև է գալիս ու ավտոբուսի պատուհանները վատ տեսանելի են դառնում, աջս մաքրում է ապակին, որ նայեմ դուրս։ Ձախս անգործ է մնում, որովհետև գիտի՝ ինչքան մեծ է լինում տեսադաշտս, այնքան երկար եմ քեզ փնտրում։

Աջով եմ գրում, բռնում, խզբզում ու մեկ-մեկ էլ մաքրում, բայց մտածողությամբ ձախլիկ եմ: Ես լուռ եմ քո մասին, ես ձախիս պես լուռ եմ քո մասին․ համենայնդեպս, ինձ մոտ լուռ եմ։

Արտենին ընտրում է

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Չգիտեմ, թե դու ի՞նչ ես մտածում այս արտահերթ ընտրությունների մասին, բայց ես կարող եմ ասել, որ այն շատ հետաքրքրեց ինձ: Ես սկսեցի սիրել նաև քաղաքականությունը: Չնայած արդյունքները դեռ չենք տեսել, բայց կանխատեսելի է: Ասեմ, թե ինչու սիրեցի այս նախընտրական շրջանը, և համոզված եմ, որ սրանից հետո ավելի եմ սիրելու:

Նախ, մեր համայնք` Արտենի էին գալիս թեկնածուներ, ովքեր լուսավոր էին, դրական էին տրամադրված և սուտ խոստումներ չէին տալիս: Սիրեցի, որովհետև այդ հանդիպումների ժամանակ մեր ակտիվ գյուղացիները տալիս էին շատ կարևոր և իրոք անկեղծ հարցեր: Մյուս պատճառը` դրանք բանավեճերն էին: Եթե մինչ այդ իմ ու պապիկի միջև քաղաքական բնույթի քննարկումներ էին լինում, ապա բանավեճերի եթերային ժամերին մենք լուռ լսում էինք, հետո մեկնաբանում: Պապիկս նաև կողմնորոշվեց, թե ում կարելի է ընտրել, ես նույնպես: Ափսոս, դեռ ընտրության իրավունք չունեմ: Սիրեցի, որովհետև իմ մի քանի ծանոթները արդեն դարձել էին պատգամավորի թեկնածուներ, ու հետաքրքիր էր նրանց լսել այս հարթակում:  Իսկ այսօր` դեկտեմբերի 9 -ին, դուրս եկա  շրջելու գյուղում և  հասկանալու մարդկանց տրամադրությունները:

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Մեր գյուղում  կա 2 ընտրատեղամաս: Ես զրուցեցի մեր մշակույթի տան տնօրեն, ինչպես նաև ընտրատեղամասի հանձնաժողովի տնօրեն Մնացական Աթանեսյանի հետ:

-Պարոն Մնացական, նշեք մեկ  փոփոխություն, որը կա հեղափոխությունից հետո:

-Մարդիկ անկեղծ ժպտում են, դա ակնհայտ է:

-Իսկ  կա՞ փոփոխություն հենց գյուղացու առօրյայում:

-Փոփոխություններ դեռ չկան, բայց սպասումները շատ են: Գյուղացուն պետք են էժան ոռոգման ջուր, կարկտահարման դեմ պայքարող հզոր սարքավորումներ, աշխատանք, զբաղվածության խնդիրը շատ մեծ է, խմելու ջուր:

-Ի՞ նչ սպասումներ ունեք այս ընտրություններից, հանուն ինչի՞ եք քվեարկել:

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

-Քվեարկել եմ հանուն արդարության, երիտասարդների բարօրության, լավ ապրելակերպի: Այս 27 տարիների մեջ սա 2-րդ արդար ընտրությունն է: Առաջինը` Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, 2-րդն էլ հեղափոխությունից հետո:

-Երեք բառ, որոնք կարտահայտեն  երջանիկ քաղաքացի լինելը:

- Խաղաղություն, աշխատանք, առողջություն:

Հետո պտտվեցի նաև Արտենիի «շենքերում», մենք այսպես ենք կոչում եռահարկերի փողոցը:

Այստեղ էլ հանդիպեցի մի քանի տատիկների, ովքեր ևս ուրախ էին այս նոր քայլերի համար և համբերությամբ սպասում են Արտենիի կյանքի բարելավմանը:

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Լուսանկարը` Ինեսա Զոհրաբյանի

Կարծես թե բոլորն էլ նույն տրամադրություններն ու սպասելիքները ունեին: Ես նույնպես ակնկալում եմ լուսավոր և զարգացող Հայաստան: Եկե’ք հավատանք ու ներգրավվենք մեր երկրի առողջացմանը:

Այսօր շատ գեղեցիկ օր էր:

Եռաչափ մոդելավորման երկրորդ մրցույթը

Լուսանկարը` Սարգիս Մելքոնյանի

Լուսանկարը` Սարգիս Մելքոնյանի

Դեկտեմբերի 6-ին Best Western Congress հյուրանոցում տեղի ունեցավ Եռաչափ մոդելավորման հայաստանյան մրցույթը, որը կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից։ Մասնակիցները 10-17 տարեկան պատանիներն են, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիական զարգացումներով և տիրապետում են եռաչափ մոդելավորմանն ու դիզայնին։ Նրանք Արմաթ ինժեներական լաբորատորիաների սաներ են։ Կազմակերպիչների խոսքերով, նախորդ տարվա համեմատ մասնակիցների թիվը թռիչքային աճ է գրանցել։ Այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել 62 թիմ` Հայաստանից և Արցախից, որոնցից եզրափակիչ փուլ է անցել 38-ը։

Մրցույթում գնահատվում են համակարգչային մոդելավորման որակը, մոդելավորված նախագծի ընդհանուր դիզայնը, ինժեներական լուծումները, բաղկացուցիչ մասերի ընդհանուր քանակը, օգտագործված նյութերի քանակը և այլն։

Մրցույթի նպատակը դպրոցականների շրջանում արտադրական նախատիպերի պատրաստման խթանումն է, ինչպես նաև եռաչափ մոդելավորման հմտությունների զարգացումն ու ցուցադրումը։

Խմբակները ներկայացված են թիմերով, որոնք եռաչափ մոդելավորման ծրագրերով ստեղծել են ռոբոտներ եւ ռոբոտատեխնիկա, մեխանիզմներ կամ հայկական պատմամշակութային կոթողներ։

Լուսանկարը` Սարգիս Մելքոնյանի

Լուսանկարը` Սարգիս Մելքոնյանի

Շիրակի մարզային համակարգող, խմբակավար Սոֆյա Հարությունյանը կարևորում է նման մրցույթների անցկացումը, քանի որ դրանք նպաստում են ինչպես աշակերտների հմտությունների զարգացմանը, այլև հնարավորություն են տալիս նոր գաղափարներ մշակել ու մոդելների վերածել հայկական ճարտարապետության հրաշալի կոթողները։

Մասնակիցներից Գորայքի խմբակավար Նինա Առուստամյանը նշում է, որ Արմաթ ինժեներական լաբորատորիաներում աշակերտների հետ աշխատանքը հաճելի է, և միևնույն ժամանակ, պարտավորեցնող, քանի որ տեխնոլոգիաները փոխվում են ժամ առ ժամ, իսկ տեխնոլոգիական ուսուցումը, որով զբաղված են խմբակավարները, պիտի քայլի ժամանակի պահանջներին համապատասխան։

Մրցույթի ավարտին հայտարարվեցին հաղթողների անունները։

Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Արցախի ՏՏ Արմաթ թիմը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի թիմը, իսկ առաջին հորիզոնականը զբաղեցրեց «Ղողանջ» ՀԿ-ի Արմաթ թիմը։

Առանձին մրցանակներ էին սահմանվել նաև Հայկական պատմամշակութային կոթողներ, ռոբոտներ եւ ռոբոտատեխնիկա, մեխանիզմներ եւ մեքենաշինություն անվանակարգերում։

Ani Avetisyan

Օրագիր, որում օրերը նշված չեն, կամ պատմություն մեծ քաղաքի մասին

Հովնանի ճանապարհորդական նոթատետրում 12.11.2018- 19.11.2018-ի կողքին ինքնաթիռում վերադարձից տասը րոպե առաջ գրվեցին Բեռլին ու Պոտսդամ քաղաքների անունները։ Հետո՝ մեկ-մեկ բոլոր, իսկ իրականում ընդամենը 20%-ն այնտեղ ապրած ուրախ ու տխուր պահերի։

Հետո ինքնաթիռն օդ բարձրացավ։
Իսկ ներքևում մեկշաբաթյա, բայց մեկ ամիս թվացող կյանք մնաց։ Բեռլինի` լաբիրինթոս հիշեցնող կայարանները, գնացքները, որ մեկ քեզ տանում են ուզածդ վայրը, մեկ լրիվ հակառակ ուղղությամբ։ Պապիկը, որ փորձում էր մեզ օգնել ու Մարիամի հայացքը, որ փորձում էր հասկանալ նրա գերմաներենը։
Մարդիկ, որ անգլերեն էին խոսում առանց բացառության, մինչդեռ փողոցներում ու կայարաններում անգլերենով մի ցուցանակ անգամ չկար։ Իսկ գնացքի վերջին կայարանն անգլերենով էին հայտարարում, դե հո մարդ չպիտի՞ մնա ներսում։
Մաքուր փողոցներն ու ծխախոտի մնացորդները ձեռքով հավաքող աշխատողները։
Աղբը տեսակավորող աղբամանները, որի վրա էլի գերմաներեն էր գրված։ Կարելի է կարծել` տուրիստներին թույլատրված է խախտել կանոնները։ Այնինչ` ոչ։
Հետո տարածական պատկերներն ավելի են փոքրանում, ու հայտնվում ես հոսթելում, որտեղ 40 կամ ավելի երիտասարդներ են։ Սեմինարի են եկել։
Խոսում են, պատմում, քննարկում։ Քաղաքականություն, մեդիա, մշակույթ ու էլի ինչեր ասես։ Հետո զարմանում են` ոնց ենք մենք` հայերս, կարողանում գրել երեք այբուբեններով։ Զարմանում են նրանք, ովքեր գիտեն եվրոպական 3-4 լեզու։ Բայց կապ չունի, իրենք միայն լատինական այբուբենը գիտեն։
Հետո զարմանում են, թե ինչու հինգ հայից երկուսը ֆրանսերեն գիտեն, կամ թե` ինչու են հայերը ֆրանկոֆոն (դե, մեր հինգից Մարիամն ու Սիրանը գիտեին, էլի): Հետո ավելի են զարմանում, երբ իմանում են, որ մենք ֆրանսիական համալսարան ունենք։ Էլ չասեմ` ինչ է լինում, երբ լսում են ռուսականի ու ամերիկյանի մասին։
Հետո խոսում եք քաղաքականությունից, ու հասկանում ես, որ նրանք կա՛մ լավ են պատրաստվել, կա՛մ ծանոթ են Հայաստանին, Հայաստանում տեղի ունեցողին։ Չնայած, առաջինի մասով կասկածում եմ։

Եվ դու կարող ես նայել մեծ քաղաքի մեծ գնացքների պատուհաններից ու մտածել։ Ու ընդհանրապես էլ էական չէ` ինչի մասին։

Ասենք, ինչո՞ւ քննությունները խանգարեցին, որ մի լավ ուսումնասիրեմ քաղաքի պատմությունը։ Կամ` ինչ լավ է, որ չհասցրի. էսպես ավելի հետաքրքիր է, երևի։ Հետո կանեմ։ Ուղղակի հետո էլի քննություններ են։ Կամ` ինչի՞ համար են մարդիկ մեզ մոտ այսքան տարբեր։ Այստեղ` Հայաստանում։ Դա անգամ բարձրաձայն քննարկել կարող ենք։ Ուղղակի էդպես էլ չհասկացա` լա՞վ է, թե՞… Բայց լավ է, երևի։

Գուցե թե ազգային առանձնահատկություններից բացի ինչ-որ ուրիշ բան կա։ Չգիտեմ։

Բայց կա այն, ինչ կա։

Հետո կանգառ։
Մտքերում էլ։

Ու մեկ շաբաթում վերջին` երևի հարյուրերորդ անգամ Բունդեսթագի կողքով քայլելիս կմտածես, թե ինչքան քիչ ժամանակ էր պետք՝ ձուլվելու օտար քաղաքին։ Ու կմտածես` ի՞նչ եղավ, ո՞նց։ Բայց չես ծանրաբեռնի կյանքդ դրանցով։ Բան չմնաց։

Ինքնաթիռը վայրէջքի կպատրաստվի, լույսերը կանջատվեն, ու Հովնանի նոթատետրում պակաս բաներ հաստատ կմնան։

anna gasparyan

Գյուղացիների հաղթանակը

«Արագածի չարիք» հոդվածս գրելուց հետո շատ քննադատություններ լսեցի։ Գյուղացիներից մեկը ինձ անվանում էր «ապատեղեկատու»։ Որպեսզի մարդկանց կողմից չլսեի մեղադրանքներ, որ հոդվածս կեղծ է, ես ինձնից եմ հնարել, որոշեցի գյուղացիներից հարցնել, թե ինչ են մտածում այդ խնդրի մասին։

-Դու շատ ճիշտ հոդված ես գրել, քանի որ որպես նոր սերնդի ներկայացուցիչ՝ մտահոգվում ես քո գյուղի ճակատագրով, քո գյուղացիների ճակատագրով և այդ քո մտահոգությունների հիման վրա գրել ես այդ հոդվածը։ Գովելի է այդ արարքը, և քո գրած հոդվածը տեղին է, քանի որ մենք բոլորս տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր գյուղում, ջրի աղտոտվածությունը տեսնում ենք բոլորս։ Ով կքննադատի քո այդ հոդվածը, կարող ենք իրեն ցույց տալ հենց ջուրը, որը իրոք չարիք է դարձել մեր գյուղում։ Մենք չենք ասում՝ թող չաշխատեն, բայց աշխատելու դեպքում էլ թող աշխատեն այնպես, որ ո՛չ մեզ վնաս լինի, ո՛չ էլ իրենց։

Մեկ ուրիշը պատասխանեց այսպես.

-Հէկ-երը, ճիշտ է, չարիք են մեր գյուղի համար, բայց շահագործումից հանելն էլ հարցի լուծում չի։ Դա կարող է մի որոշ ժամանակ տևել ու դրանից հետո նորից կսկսեն շահագործումը։ Մենք պետք է ուրիշ լուծում գտնենք, որովհետև հասկանում ենք՝ եթե դադարեցնենք շահագործումը, մի շարք մարդիկ կզրկվեն իրեն աշխատանքից։ Այդ իսկ պատճառով պետք է ճիշտ գործի դնեն այդ ամենը։ Պետք է ջուրը ֆիլտրման ենթարկվի, որ մեզ հասնի մաքուր ջուր, չէ՞ որ կյանքի կենարար աղբյուրներից մեկը հենց ջուրն է։ Ուղղակի մարդիկ պետք է իրենց խիղճը չկորցնեն և աշխատեն օրենքի համաձայն, ամեն ինչ պետք է անեն, որպեսզի հա՛մ գյուղացիները գոհ մնան, հա՛մ իրենք։ Թե չէ հիմա ինչ անում են, իրենց համար են անում, չեն էլ մտածում գյուղացիների մասին։

Ժամեր հետո իմացա, որ Արագածոտն մարզի մարզպետը եկել էր գյուղ, որպեսզի լսեր գյուղացիների պահանջը։ Մարզպետի հետ հանդիպման էին եկել նաև կողքի գյուղի բնակիչները։ Մարզպետը լսեց գյուղացիների պահանջը և արեց այն, ինչ պետք է արվեր դեռ տարիներ առաջ։ Մարզպետը ստորագրեց փաստաթուղթը, որում նշված էր գյուղի երկու հէկ-երի շահագործման դադարեցման մասին։ Գյուղացիները ուրախությունից ուզում էին արդեն պարել, նրանց ուրախությանը չափ չկար։ Գյուղացիներից մեկը նույնիսկ ասաց.

-Այ, հիմա կարամ հանգիստ մեռնեմ։

Գյուղացիների պահանջը տեղ հասավ, և նրանք հասան իրենց նպատակին․ հէկ-երի աշխատանքը կասեցվեց։

anna gasparyan

Արագածի չարիքը

Նոյեմբերի 10-ին Արագած գյուղում եկել էին «Էպիկենտրոնի» լրագրողները` նկարահանելու Արագածում գործող հէկ-երը: Բոլորի պահանջը մեկն էր: Նրանք պահանջում էին դադարեցնել հէկ-երի շահագործումը: Գյուղացիները լրագրողներին ցույց տվեցին վարակված կարտոֆիլները, նրանց հետ բարձրացան դեպի հէկ-երը: Ցույց տվեցին ժանգոտված ջրերը, ցույց տվեցին, որ հէկ-երի պատճառով ժանգոտել են նաև քարերը: Արդեն 7 օր է, ինչ Ապարանի տարածաշրջանի 7 գյուղերի գյուղացիները բողոքի ցույց են անում` փակելով Ապարան-Երևան կենտրոնական ճանապարհը:

Գյուղացիները ասում են, որ հոգնել են անիմաստ տանջվելուց ու ոչինչ չվաստակելուց: Գյուղացիներից մեկը` Սամվել Գասպարյանը, հէկ-երի դեմ պայքարում է դեռ շատ վաղուց: Երբ իմացա, որ գյուղում լրագրողներ են եկել և նկարահանել են հէկ-երը, որոշեցի գնալ և զրուցել Սամվել Գասպարյանի հետ: Ուզում էի հասկանալ, թե ինչո՞ւ են թույլ տվել կառուցել հէկ-երը, եթե հիմա բողոքի ցույցեր են անում և ուզում են անպայման դադարեցնել շահագործումը:
-Ո՞րն էր գլխավոր պատճառը որ համաձայնվեցիք կառուցմանը:
-Հէկ-երի կառուցմանը համաձայնեցինք, որովհետև մեզ «ոսկե սարեր» էին խոստացել:
-Իսկ ի՞նչ էին խոստացել:
-Մեզ խոստացել էին, որ ջուրը ֆիլտրման կենթարկվի, խոստացել էին, որ խմելու ջուրը իր բնական հունով կհոսի 60%, բայց իրականում հոսում է ընդամենը 30%:
Դե, էդքան բան խոստացան, ամեն մի նախադասություն ասելուց շեշտում էին, որ ինչ անում են` մեր գյուղի համար են անում: Ու համաձայնվեցինք, որովհետև մտածում էինք` գյուղացիներից շատերը աշխատանք կունենան: Հիմա արդեն, երբ բացվեց գյուղացիների աչքերը, հասկացանք, որ ինչ անում են` իրենց համար են անում, չեն էլ մտածում մեր և մեր ապագայի, մեր երեխաների մասին: Չեն մտածում, որ հէկ-երի պատճառով թունավորում ենք հենց մեզ` ուտելով վարակված ուտելիքը: Նշեմ նաև, որ թունավորվում են ոչ միայն բերքը, մենք, այլ նաև անասունները:
-Եթե ձեր այսքան պայքարելը անիմաստ լինի և ոչ մի լուծում չլինի, հէկ-երն էլ չդադարեն շահագործվել, ինձ հետաքրքիր է, ինչի՞ են պատրաստ գյուղացիները:
-Գյուղացիները ամեն ինչի էլ պատրաստ են հանուն իրենց հետագա կյանքի, հանուն իրենց զավակների: Անգամ կանենք անհնարինը: Եթե մեր համբերությունը հատի, անգամ մենք մեր ձեռքով ամեն ինչ հողին կհավասարեցնենք: Ես չեմ պատրաստվում գյուղից գնալ ու հաստատ իմ ու իմ երեխաների կյանքը չեմ պատրաստվում կործանել: Ամեն ինչ մեր ձեռքերում է, ու մենք հաստատ կանենք այն ամենը, ինչը կօգնի այս հարցի լուծմանը:
Հասկացա, որ գյուղացիները շատ լուրջ են տրամադրված: Նրա հետ խոսելուց հետո դուրս եկա տանից: Ճանապարհին նկատեցի, որ երկու պապիկ քննարկում էին հէկ-երը: Որոշեցի նրանց էլ հարցնել, թե ինչո՞ւ են թույլ տվել, որ կառուցեն այդ հէկ-երը:
-Բալա ջան, մենք չիք իմացե, որ ետ հէկ-երը բդի սարքին: Եդրա տերն մինագ խոսացեր ա մեր նախկին գյուղապետի` Գագիկ Պողոսյանի հետ: Գյուղապետն էլ ամբողջ գյուղին չտեղեկացրե, ըսեր ա` մինագ էն ակտիվ մարդկանց, ովքեր կերթան ետ ժողովներին: Մենք բանից անտեղյակ ինք եղե: Գյուղապետն ու ետ կառուցողն լվացեր ին ետ մարդկանց ուղեղն: Մինչև սաղ խելքի եգան, արդեն ուշ էր: Մըգա էլ ելե` ցույց ա կենին: Են վախտ, օր մըզի էլ սեն, մեծի խոսքն լսեն, մըգա սօր ես օրին չեղնեն:
Հէկ-երը չեն թողնում մարդիկ հանգիստ ապրեն և իրենց տանջանքի դիմաց փոխատուցում ստանան:
Հ.Գ. Ուզում եմ նշել, որ արդեն մի քանի  օր է` մեր լույսերը անջատել են: Եվ դա արել են, որպեսզի գյուղացիները հետ կանգնեն իրենց որոշումից և չխոչընդոտեն հէկ-երի շահագործմանը:

How to Read Media in the Post-Truth Era, Բեռլին. Օր 7

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Հոսթելի խառը, մի քիչ բարդ ու անհասկանալի միջանցքներին սովորելն իրականում ավելի հեշտ ստացվեց, քան հասկանալը, թե որ գնացքը դեպի ուր է գնում։ Չնայած, թվում է, ամեն ինչ շատ  պարզ էր, հատկապես, երբ Հովնանը գիտի այդ բոլորը, ու դու նույնիսկ մտածելու հավես չունես։ Չնայած առանց իրեն մի երկու փորձ արել ենք։ Ստացվեց։

Մի երկու օր առաջ Մարիամն ասում էր` Բեռլինում դեռ սիրուն մայրամուտ չենք տեսել։ Դա էլ հասցրինք։

Միայն կատուն այդպես էլ մնաց մեր դասընթացի սրահներից մեկի պատին։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Իսկ սա վերջին լրիվ օրն է Բեռլինում, վաղն արդեն կավարտվի “How to read Media in the Post-Truth era” երիտասարդական փոխանակման ծրագիրը։ Ուրեմն` իսկական ժամանակն է ամփոփելու այն  ամենը, ինչ 40-ից  ավելի եվրոպացի երիտասարդներ հասցրին սովորել ու պատրաստել մեկ շաբաթվա ընթացքում։

Օրվա առաջին մասը կրկին նվիրված էր խմբային աշխատանքներն ավարտին հասցնելուն։

Մեր խումբն, օրինակ, պատրաստել էր վիկտորինա ապատեղեկատվության եւ դրանից պաշտպանվելու գործիքների մասին։ Յուրաքանչյուր հարցի համար նախատեսված էր մեկ թեմա, ամեն թեմայի համար` իրական օրինակ։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Այս ծրագրի ամենահետաքրքիր պահերից մեկն էլ ինձ համար այդ օրինակներն էին։ Ֆրանսիայի, Իտալիայի, Մոնտենեգրոյի ու  այլ երկրների օրինակներն օգնում էին  պատկերացում կազմել, թե ինչպիսին է մամուլը եվրոպական երկրներում, ինչ խնդիրներ ու հեռանկարներ ունեն։

Մեկ այլ թիմ ներկայացնում էր մեդիայի սոցիալական դերը, մյուսը` մեդիայի լեզվի առանձնահատկությունները։ Օրինակ, թե ինչպես է հնարավոր մեկ թեման միայն բառերի միջոցով ներկայացնել տարբեր ձևերով։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Դե, իսկ այս բոլոր թեմաների տեսական մասերին անդրադառնալ հասցրել էինք նախորդ օրերի ընթացքում։

Աշխատանքի ներկայացումների ավարտից հետո ժամանակը մերն էր` ապրելու վերջին երեկոն Բեռլինի Նիկոլազե կայարանի ահավոր դժվար անունով հոսթելում` աննկարագրելի սիրուն լճի ափին։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Հ.Գ. Այստեղ կարող էին լինել լիքը սրտաճմլիկ տողեր հինգ հայ երիտասարդների արկածների մասին Բեռլինում, բայց չի լինի։

«Մեդիացիա երկխոսության համար» դասընթաց

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը սովորական օրեր չէին իմ ու մի խումբ երիտասարդների համար: Այդ երիտասարդների մի մասը գնացքով Երևանից, Արագածոտնի, Արմավիրի մարզերից հասել էին Գյումրի, մի մասն էլ` Վանաձորից, Մեղրիից, Լոռու գյուղերից: Մեզ միացրել էր «Մեդիացիա երկխոսության համար» դասընթացը, որը կազմակերպվել էր Գյումրու «Ինքնություն և Աշխարհայացք» ԵՀԿ-ի կողմից և Եվրոպական Երիտասարդական Հիմնադրամի (EYF) աջակցությամբ: Դե, Գյումրուց էլ արդեն շարժվեցինք Թորոսգյուղ:

Իրականում առաջին օրվանից էլ խումբը ձևավորվել էր, ու շատ լավ էր ընթանում ամեն բան: Հավաքվել էին տարբեր տարիքի երիտասարդներ: Այդ 4 օրվա ընթացքում  քննարկեցինք տարբեր թեմաներ ու հարցեր. կարծրատիպեր, մեդիացիա, ինքնություն, մշակույթ, խտրականություն, ծրագրերի մշակում: Դե, իհարկե, սրանք համեմված էին նաև խաղերով ու ընդմիջումներով: Իմ ամենալավ աշնանային արձակուրդներից մեկը եղավ այս տարվանը. նոր միջավայր, ընկերներ, հմտություններ: Ու հիմա էլ, երբ գրում եմ այս նյութը, մեր ֆեյսբուքյան չաթը նորից ծնգում է (ախր, շատ ենք սիրում իրար): Մոռացա ասել, որ այս դասընթացի շնորհիվ հանդիպեցինք ես ու էլի 17.am-ցի Սեդան: Արտասովոր ու անմոռանալի էր հատկապես վերջին գիշերը, որովհետև այդ օրը մասնակիցների կեսը լուսաբաց էին դիմավորել, նաև մեր շատ միամիտների ու խորամանկների «մաֆիա» խաղը, որը մեր օրակարգի մի մասն էինք դարձրել: Ճաշի սեղանի մոտ մեկ էլ լսում էիր հոգեբան Լենայի ու Մեղրիից Թովմասի ձայները.

-Կոնտակտ.1,2,3… «Տատիի արև»:

Կարող եմ ասել, որ այս «տատիի արև»-ը դարձել էր մեր ամենաշատ օգտագործվող  արտահայտությունը, բայց պատճառը ոչ մեկը չգիտեր:

Իսկ հիմա  թրեյնինգի մասնակիցներից երկուսի կարծիքներն եմ ներկայացնում.

Սյուզաննա Խառատյան, Լոռու մարզ, գ.Դսեղ.

-Դասընթացը ինձ տվեց հնարավորություն` սեփական կարծիքս հայտնելու, չվախենալու  ու ներկայանալու։ Սովորեցի, թե ինչ է իրենից ներկայացնում մեդիացիան, բայց ամենից զատ, ինձ համար առանձնահատուկ էին ընկերները, առանց որոնց անհետաքրքիր և միապաղաղ կլիներ, ու վստահ եմ, որ նրանք ընկերներ կլինեն ամբողջ կյանքի համար:

Նարեկ Ալեքսանյան, Շիրակի մարզ, ք.Գյումրի.

-Առաջին օրը, որ եկանք Թորոս, ասացի` էս ինչ թույն թիմ ենք հավաքվե՜լ։ Ճիշտ է, մի քանի հոգի դուրս սկզբից չեկան, բայց իրենց հանդեպ էլ էդ սառույցը կոտրվեց արդեն իսկ երկրորդ օրը։ «Էներջայզերները», թեմաները շատ հավես էին ու մեզ ոչ թե հոգնեցնում էին, այլ էլի էներգիայով լցնում։ Երբ ասում էին, թե դուք էս «էքթիվիթիների» ազդեցությունը հետո կզգաք, չէի հավատում: Հիմա նկատում եմ, որ փոխվել եմ, կարծում եմ դրանք մեծ ազդեցություն ունեցան իմ դեպի լավը փոխվելու գործում։ Էլ չասեմ, թե ինչքան գիտելիք եմ ստացել: Բոլոր֊բոլոր մասնակիցների հետ ընկերացել եմ, իսկ մի քանիսի հետ էնքան եմ մտերմացել, որ արդեն կարոտում եմ։

Շնորհակալ եմ բոլորին, աշունս գույներով լցնելու համար:

Լուսանկարը` Սիրան Մանուկյանի

Բեռլինի երկնքի տակ