Anahit nazaryan

Ես տասը զինվորի մայր եմ

Մայրս ՝ Արևիկ Առաքելյանը ուսուցչուհի է, աշխատում է մեր գյուղի դպրոցում։ Նա այն մարդն է, ով ինձ ոգեշնչում է ամեն օր ու ամեն ժամ։ Միշտ հիանում եմ, թե ինչպես է պաշտում ու ջանասիրաբար կատարում իր վեհ գործը։

 -Մամ, ինչո՞ւ ընտրեցիր հենց այս մասնագիտությունը։

-Քանի որ ծնվել եմ ուսուցչի ընտանիքում, միշտ լսել եմ, որ ամենամեծ ու վեհ գործը Ուսուցիչ լինելն է…
Երևի չեմ գիտակցել, թե ոնց, բայց միշտ երազել եմ Ուսուցիչ դառնալ և, փառք Աստծո, երազանքս դարձել է իրականություն։

-Մեր օրերում բավականին բարդ է աշխատել տարբեր տարիքի երեխաների հետ ։

-Եթե մի գործի մեջ կա սեր ու նվիրում, ապա հաղթանակն ապահովված է։ Երեխաներն այն ուրույն աշխարհն են , որ մոռացնել են տալիս բոլոր խնդիրները։ Եվ ամեն օր ավելի ու ավելի եմ համոզվում, որ գոնե մեկ օր չեմ կարող պատկերացնել առանց իմ սիրած աշխատանքի։

-Մամ, դեռ փոքր տարիքից դու տարբերվել ես քո՝ հայրենիքի հանդեպ յուրահատուկ ընկալմամբ։ Ուսուցիչ լինելը, իմ կարծիքով , հայրենիքին տրվող ամենամեծ ծառայություններից է։ Ի՞նչ ես կարծում դրա վերաբերյալ ։

-Հայրենիքն իմ սրտում է։ Ես երևի այն բացառիկ մարդկանցից եմ, որ չեմ սիրում ճանապարհորդել՝ համարելով, որ աշխարհում չկա գոնե մի անկյուն, որ իմ Հայաստանից քաղցր ու գեղեցիկ լինի։ Չեմ բղավում, բայց ներսումս միշտ կրկնում եմ, որ հայրենիքն ամենաքաղցրն է ու այն ավելի գեղեցիկ է հայ ժողովրդով, և այն անառիկ պահելու համար հարկավոր է հայրենասեր մարդիկ դաստիարակել, իսկ հայրենասիրությունը սկսվում է հայրենագիտությունից, ուստի ես անտրտունջ ու մեծ սիրով կատարում եմ իմ գործը ՝ համարելով, որ ես էլ այդպես եմ իմ ծառայությունը մատուցում հայրենիքիս։

-Խոսելով հայրենիքի մասին, դու հպարտորեն նշում ես , որ «10 զինվորի մայր ես»` քո աշակերտներն այսօր պահպանում են մեր սահմանները ։ Ի՞նչ կմաղթես հայրենիքի պաշտպաններին։

-Իմ աշակերտները գիտեն և վստահ են, որ իրենց հանդեպ իմ սերը ոչ մի բանով չի զիջում մայրական սիրուն։
Այո’, ես հպարտ եմ, որ այսօր տասը զինվորի մայր եմ, հպարտ եմ, որ սահման եմ ուղարկել քաջ ու հայրենասեր մարտիկներ և բաց ճակատով կարող եմ քայլել իմ հայրենիքում, Մեր հայրենիքում ։
Իմ զիվորներին չեմ առանձնացնում, բոլորին մաղթում եմ անկոտրում կամք, արիություն, պահն ընկալելու կարողություն, հայրենի հողը պահելու հաստատակամություն և ուժ։
Աստծո բարեգթություն եմ խնդրում մեր հերոս մարտիկների համար։ Թող այսուհետ ոչ մի ծնող իր կյանքը չանցկացնի սպասելով…

seryoja ghazaryan

Իմ, հայրիկիս ու պապերիս գյուղը

Հարցազրույց հայրիկիս` Օհանավանի բնակիչ  Ժիրայր Ղազարյանի հետ

-Պապ, ե՞րբ է հիմնվել մեր գյուղը:

-Մեր գյուղը հիմնվել է 1827-28-ական թվականներին: Պարսկաստանի Մակու քաղաքից մեր նախնիները գաղթել և եկել են այստեղ, հիմնելով մեծ համայնք:

-Արդյո՞ք նախկինում գյուղում ապրել են տեղաբնիկներ:

-Հնում այս տարածքում եղել է միայն Հովհաննավանքի միաբանությունը: Երբ մեր պապերը եկել են, վանքի շուրջը հիմնել են մեծ համայնք:

-Ինչի՞ համար է գյուղը անվանակոչվել Օհանավան:

-Սկզբում գյուղը հայտնի է եղել որպես վանքի գյուղ և անվանվում էր Հովհաննավանք: Հետագայում այդ անունը փոփոխվել և դարձել է Օհանավան:

-Պատմության ընթացքում արդյո՞ք գյուղը տվել է անվանի մարդիկ:

-Գյուղը տվել է հայտնի գիտնականներ, ինչպիսիք են` փիլիսոփա, աստղագետ Ս.Ավետիսյանը, տվել է հերոսներ, օրինակ, Վահան Գրիգորյանը և Արցախյան պատերազմի ժամանակ հերոսացած այլ մարտիկներ, հզոր հոգևորականներ` Զաքարիա Քանաքեռցին, որը հայտնի է իր եռհատորյա «Պատմագրություն» աշխատությամբ:  Գիտես նաև, որ մեր գյուղում գործել են ժամանակի հզոր հայագետներ, որոնք մեծ ավանդ են թողել հայոց պատմության մեջ: Օրինակ, Ղազար Փարպեցին, որը մեզ մոտ է գրել իր պատմությունը, Առաքել Դավիժեցին և շատ ուրիշներ:

-Ճի՞շտ է, որ գյուղի եկեղեցու վերանորոգման աշխատանքներին մասնակցել են գյուղացիները:

-Գյուղի բնակիչների համար կարևոր է եղել գործող եկեղեցի ունենալ: 1990-ական թվականներին վանքը զգում էր վերանորոգման կարիք, և գյուղացիները իրենք իրենց աշխատանքով ներդրում ունեցան վանքի վերանորոգմանը:

-Գիտեմ, որ եկեղեցու խաչը դու ես տեղադրել, ի՞նչ զգացողություն ունեիր այդ ժամանակ:

-Երբ լսեցի, որ խաչը պիտի տեղադրեմ, մարմինս փշաքաղվեց, մտածեցի, որ իմ սերունդները հպարտ կլինեն և ավելի շատ կկապվեն մեր Հայաստանյայց Սբ. Եկեղեցուն:

-Երբևիցե պատկերացրել ես քեզ ուրիշ վայրում բնակվելիս:

-Շատ անգամ եմ հնարավորություն ունեցել տեղափոխվել այլ վայր, բայց երբեք չեմ լքի իմ հայրենի գյուղը, որովհետև այստեղ են գտնվում իմ պապերի գերեզմանները, ինչպե՞ս կարող եմ թողնել և հեռանալ:

Զրույցը վարեց  Սերյոժա Ղազարյանը

ani avetisyan portret

Հոսոն տուն կգա…..

-Գիշերը, երբ շատ մութ լինի, Հոսոն տուն է գալու…

Ապրլի երկուսից, ամեն օր այս տողերը կրկնում են փոքրիկ Գեղամն ու Էրիկը, իսկ  Հոսոն նրանց հայրն է՝ կապիտան Հովսեփ Կիրակոսյանը, ով զոհվեց Արցախի սահմանին, քառօրյա պատերազմի ժամանակ: Նրա զավակները դեռ սպասում են իրենց հորը՝ իրենք իրենց համոզելով, որ եթե առավոտյան շուտ արթնանան, կտեսնեն Հոսոյին… Բայց փոքրիկ ու անմեղ երեխաները դեռ չգիտեն, չեն հասկանում, որ աշխարհում պատերազմ անունով հրեշ կա, որ գալիս է, իր կոշտ ու արյունոտ ձեռքերով բռնում ու տանում տղերքին՝ Հոսոյի նման զինվոր տղերքին: Նրանք չգիտեն, որ պատերազմն իր չգրված օրենքերն ունի: Չգիտեն, որ հոր կարոտից՝ իրենց անմեղ աչուկներից թափվող ամեն կաթիլ արցունքը աշխարհի խղճին է ծանրանում: Որ իրենց նման՝ շատ ու շատ փոքրիկներ ամեն առավոտ արթնանում ու իրենց Հոսոյին են սպասում, նրանց, ում էլի պատերազմն է տարել…..

Պատերա՞զմ… Իսկ ինչպե՞ս 3-4 տարեկան փոքրիկներին բացատրել, թե ինչ է պատերազմը, ինչու են մարդիկ պատերազմում, երբ նույնիսկ մեծահասակները հստակ չգիտեն այդ հարցերի պատասխանները: Ինչպե՞ս նայել նրանց աչքերին ու չատել աշխարհի օրենքները, պատերազմը, պատերազմին…

 

 

… Մեզ համար ապրիլի 2-ից օրերի հաշվարկում ոչինչ չի փոխվել, բայց այս երկու փոքրիկների, նրա մայրիկի և մյուս բոլոր հերոսների ծնողների ու ընտանիքների համար ժամանակը կանգ է առել, և երևի դեռ երկար առաջ չի շարժվելու:Նրանց ժամանակը կանգնել է, որ շարունակվի մեր ժամանակը, որ Հայոց աշխարհի ժամանակը երբեք կանգ չառնի:

Կապիտաններ  Հովսեփ Կիրակոսյանը, Արմենակ Ուրֆանյանը, ժամկետային զինծառայողներ Ազատ Սիմոնյանը, Քյարամ Սլոյանն ու բոլո՜ր-բոլո՜ր  հերոս հայորդիներն իրենց այսօրվա գնով ապահովեցին մեր վաղվա օրը:

Փոքրիկ Էրիկի ու Գեղամի վերջացած մանկության  գնով ապահովագրվեցին  այնքա՜ ն անհոգ ու ազատ մանկություններ…

Նրանց  մանկությունը կավարտվի շատ շուտ, նույնիսկ չսկսած՝ այնպես, ինչպես ավարտվեցին 19-ամյա տղաների դեռ կարգին չսկսված կյանքերը: Կավարտվի այն օրը, երբ նրանք առավոտյան շատ շուտ կարթնանան  ու կհասկանան, որ Հոսոն գնացել է ու էլ չի գալու…

Իսկ նրանք դեռ հավատում են. Հոսոն տուն կգա…

Ի՞նչ անենք, ինչո՞վ ձեզ սփոփենք, իմ փոքրիկ եղբայրներ, ի՞նչ անենք, որ ձեր մանկությունն այսպես հանկարծակի չավարտվի…

ani grigoryan

Իմ արմատները

Հարցազրույց մայրիկիս ̀  Կարինե Գրիգորյանի հետ

-Մամ.  ես շատ եմ լսել իմ հորական արմատների մասին, բայց դու ինձ երբեք չես պատմել քո արմատների մասին: Կասե՞ս, թե ովքեր են եղել քո պապիկն ու տատիկը:

-Տատիկիս անունը Անիկ է, նա ծնվել է Վան քաղաքում, նրա հայրը հենց վանեցի էր, իսկ մայրը` Իգդիրից: 1920 թվականին Թուրքիան հարձակվել էր  Հայաստանի Առաջին Հանրապետության վրա: Տատիկիս ընտանիքը հարուստ է եղել, ունեցել են շատ մեծ ֆերմաներ: Նրանք ունեին մի թուրք հարևան, որին օգնում էին ապրելու  ու գոյատևելու:  Եվ երբ ընթանում էր պատերազմը, Անիկի հայրը ամեն կերպ փորձում էր պաշտպանել իր ընտանիքին: Եվ հենց այդ թուրք հարևանի տանն էլ թաքցրեց իր ընտանիքի անդամներին, իսկ ինքը մնաց իր սեփական տանը: Եվ երբ թուրքերը արդեն հասնում են տան բակ, հայրը դուրս եկավ, որպեսզի կարողանա ժամանակ շահել, մինչև թուրք հարևանը պահի իր ընտանիքին: Հենց այդտեղ թուրքերը սպանեցին Անիկ տատիի հորը, մտան տուն, թալանեցին ամեն ինչ, վառեցին և հեռացան:

Թուրք հարևանը երեխաներին պահել էր գոմում և այս ամենը ինչը, ինչ կատարվեց նրանց հոր հետ, իր իսկ սեփական աչքերով տեսել է: Երեխաները լացում էին, Անիկ տատը այդ ժամանակ 6-7 տարեկան էր: Մայրը չէր կարողանում կողմնորոշվել սկզբից ում հետ դուրս գալ գոմից: Մայրը իր մեծ երեխաների և թուրքի հետ փորձում է փախուստի ճանապարհը գտնել, որ այնտեղ մնացած անդամներին էլ կարողանան իրենց հետ տանել: Եվ հենց այդ ժամանակ նրանց նկատում է թուրքը ու սպանում հայերին: Թուրք հարևանը տեսնելով այդ ամենը, փորձում է գտնել երեխաների մորաքրոջը, քանի որ շատ էին կապված նրա հետ: Մորաքրոջ միջոցով և թուրքի օգնությամբ նրանք հասնում են Արտաշատ:

Տատիկս  պատմում էր, որ փախուստի ճանապարհը ուղղակի աննկարագրելի էր ̀ մահացած դիակներ, թուրքեր, որոնք սպանում էին փոքր երեխաներին …

-Եվ այս ամենից հետո, երբ  հասան Արտաշատ, հետո ի՞նչ պատահեց նրանց հետ

-Ճիշտն ասած, չեմ հիշում, թե ում միջոցով, բայց նրանք կարողանում են տուն գտնել ժամանակավոր ապրելու համար: Մորաքույրը պահում է Անիկին, նրա քրոջն ու եղբորը: Նրանք սկսում են գնալ դպրոց:

-Երեխաները ավարտո՞ւմ են դպրոցը: Եվ ի՞նչ եղավ նրանց հետ այդ տարիների ընթացում:

-Անիկ տատի մայրը դերձակ է եղել, և ինքն էլ ցանկացել է շարունակել իր մոր գործը, չնայած որ սիրում էր բժշկությունը: Նրա քույրն ու եղբայրը նույնպես ավարտում են դպրոցը: Եղբայրը Արտաշատում զբաղվում է հողագործությամբ, իսկ քրոջ մասին տեղեկություններ չեմ հիշում: Միայն հիշում եմ, որ քույրը մորաքրոջ հետ տեղափոխվում է Երևան և հենց այդտեղ էլ ամուսնանում է:

Այդ տարիներին մի երիտասարդ սիրահարվում է Անիկ տատիկին, մի որոշ ժամանակ անց նրանք ամուսնանում են, ինչքան հիշում եմ, նրանք ապրում են Արտաշատ քաղաքի ինչ-որ գյուղում: Տատիկս պատմում էր, որ նրանք շատ սիրով ու ջերմությամբ լցված ընտանիք են լինում:

Անիկի առաջին ամուսինը, զոհվել է Հայրենական պատերազմի ժամանակ: Երբ տատիկի ամուսինը բանակում է լինում, ծնվում է նրանց որդին ̀ Ժորան: Հետո երբ գալիս է բոթաբերը և տալիս նամակը, նա վերցնում է իր երեխային և վերադառնում Արտաշատ ̀ եղբոր մոտ:

Քույրն ու մորաքույրը, երբ իմանում են այդ մասին, հետագայում որոշում են Անիկին ամուսնացնել, բայց քանի որ այն երիտասարդը, որին նրանք ընտրել էին, չի ցանկանում պահել Ժորային, որոշում են այդ փոքրիկին տալ ուրիշի: Եվ հենց այդպես էլ անում են:

Մի օր տատիկս գնում է աշխատանքի իր արհեստանոց, վերադառնում է տուն և տեսնում, որ երեխան չկա: Նա ուղղակի չի կարողանում խելքի գալ, գոռում էր, գոչում, ուղղակի խելագարության էր հասել:

Մի որոշ ժամանակ անց նրան ստիպողաբար ամուսնացրել են Հմայակ պապիի հետ, որը Երևան քաղաքից էր:

-Անիկ տատն ու Հմայակ պապը ինչո՞վ էին զբաղվում:

-Նրանք ապրում էին Պուշկինի փողոցում: Պապիկս աշխատում էր որպես տնտեսվար, այն ժամանակ ЦУМ կոչվող հանրախանութում: Իսկ տատիկս այդ ժամանակ մասնակցում էր բժշկական դասընթացների, և հետո աշխատել է որպես բուժքույր:

-Ինչպե՞ս դասավորվեց նրանց համատեղ կյանքը

-Նրանք ունեցան 5 երեխա  ̀ 1  տղա և 4 աղջիկ: Բոլորն էլ ստացան բարձրագույն կրթություն, ունեցան տարբեր մասնագիտություններ ̀ երկուսը` երաժիշտ, մեկը` մանկավարժ: Մայրս ունեցել է երեք աշխատանք ̀ եղել է և վարսավիր, առևտրական և դերձակ, իսկ մեծ մորաքույրս դերձակ է եղել: Բայց ցավոք, նրանցից ողջ են 2 մորաքույրներս միայն:

-Ի՞նչ պատահեց Ժորայի հետ

-Տատիկս իր ամբողջ կյանքի ընթացքում չի դադարել հիշել Ժորային, միշտ փնտրել է: Անիկ տատիի մորաքույրը մահանալուց առաջ ասել է, որ փոքրիկը հիմա գտնվում է Երևանում: Ու տատիկս անվերջ փնտրել է նրան:

Մի օր մայրս գտավ Ժորային, բոլորին հավաքեց մի տան մեջ և հայտնեց այդ լավ լուրը: Հենց այդ պահին Ժորան ներս մտավ… Մի աննկարագրելի պահ, հույզեր ու թաց աչքեր:

Ժորան այդ ժամանակ ամուսնացած էր, ուներ 2 երեխա ̀ 1 տղա և 1 աղջիկ, և աշխատում էր Ֆիզիկայի ինստիտուտում: Անիկ տատիկի կյանքի վերջին պահին էլ Ժորան մնաց նրա կողքին:

Պապիկս շատ էր զղջում այս ամենի համար, բայց անկախ ամեն ինչից, ես շատ եմ սիրել իմ պապիկին:

-Ապրե՞լ ես նրանց հետ

-Այո, ապրել եմ նրանց հետ, հենց Պուշկինի փողոցում: Դա մի մեծ բակ էր, որտեղ ապրում էինք տատիկը, պապիկը, մորեղբայրս և նրա կինը, ես, մայրիկս, քույրիկս ու եղբայրս:

Հիշում եմ, երբ պապիկը մանկապարտեզից ձեռքս բռնած տուն էր տանում: Ցավոք, շատ բան չեմ կարողանում մտաբերել ու հիշել, անգամ նրանց դեմքն եմ աղոտ հիշում:

-Ինչպիսի՞ն էր քո մանկության Երևանը:

-Հենց Երևանի անունը տալիս եք, կարոտը ինձ խեղդում է, աչքերս լցվում են: Երևանի ամեն ինչը սիրում եմ ̀ փողոցները լվացող մեքենաները, մայթերը, պուրակները, արևից հալվող ասֆալտը, ծառերի ու ծաղիկների բույրը, որը ոչ մի երկրում էլ չեմ գտնի, մեր փողոցը, մեր բակը, մեր դուռը, էլ ինչ ասեմ… Իմ դպրոցն եմ սիրում ̀ Մռավյանի անվան: Մեր հարևաններին եմ սիրում, կարոտում ու հիշում:

Հիշում եմ Արծվիկ տատիկին, որի համար վազելով գնում էի Աբովյան փողոցից սև հաց էի գնում: Նա ինձ շատ էր սիրում, և երբ հացը տանում էի ̀ գրկում համբուրում ու ասում էր.

-Ապրես, Կարինկա ջան:

-Ի՞նչ եղան այդ տներն ու հարևանները:

-Քանդեցին, կառուցեցին տարբեր շենքեր, որը այժմյան Հյուսիսային պողոտան է: Չեմ կարողանում ինձ զսպել ու չասել, որ քանդեցին ու վերացրեցին տասնյակ մարդկանց մանկությունը, նրանց հիշողությունները, տները և հիմա մեզանից ոչ մեկը չի ապրում գոնե այդ շենքերից որևիցե մեկում:

tatev aghazaryan

Խորհրդավոր ամիս և խորհրդավոր օր

Ես ծնվել եմ ապրիլի 23-ին: Խորհրդավոր ամիս և խորհրդավոր օր: Ապրիլին տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ և կան կարևոր օրեր: Նշեմ դրանցից մի քանիսը.

1. Ապրիլի 1՝ կատակների և սրամտության օր,

2. Ապրիլի 2՝ մանկական գրքի միջազգային օր,

3. Ապրիլի 8՝ գնչուների համաշխարհային օր,

4. Ապրիլի 12՝ ավիացիայի և տիեզերագնացության համաշխարհային օր,

5. Ապրիլի 15՝ Կորեայի ազգային տոն՝ Արևի օր,

6. Ապրիլի 25՝ ֆաշիզմից Իտալիայի ազատագրման օր:

Տեսնում եք` ինչ շատ են: Վերջապես անդրադառնամ իմ ծննդյան օրվան: 1915 թվականին թուրքերը կատարած ցեղասպանությանը զոհ գնացին մեկուկես միլիոն անմեղ հայեր: Ասում են, թե մեկը մահանում է, մյուսը՝ ծնվում:

Կարծում եմ, որ ես ծնվել եմ նրանցից ինչ-որ մեկի փոխարեն: Եվ իմ ճակատագրի էջերում գուցե գրված են նաև հենց այդ մեկի նպատակները, իղձերը, երազանքները…

Ավելի փոքր ժամանակ մտածում էի, թե ինչ վատ օր եմ ծնվել: Սակայն հիմա կարծում եմ, որ ծնվել եմ շատ խորհրդավոր օր: Մենք ընտանիքով միշտ ամեն տարվա ապրիլի 23-ին ջահերով գնում ենք երթի և մեր հարգանքի տուրքը մատուցում անմեղ զոհերի հիշատակին:

Հ.Գ. Ցավոք սրտի, ապրիլին ավելացավ ևս մեկը` քառօրյա պատերազմի դաժան օրերը: Եվ ևս մեկ անգամ մեր թշնամին հասկացավ, որ հայի ոգին անպարտ է…

ani avetisyan portret

Կրթությունը. այսօր և երեկ

Հարցազրույց մայրիկիս` ֆիզիկայի ուսուցչուհի  Հասմիկ Սարգսյանի հետ:

-Մա’մ, երբ փոքր էիր, ի՞նչ էիր ցանկանում դառնալ:

-Երբ երեխա էի, շատ երազանքներ ունեի, բայց դպրոց գնալուց հետո ցանկացել եմ ուսուցիչ  դառնալ: Դպրոցն ավարտելուց հետո ամեն ինչ արեցի նպատակս իրագործելու համար և ընդունվեցի մանկավարժական համալսարան:

-Դպրոցում լա՞վ ես սովորել: Իսկ ձեր ժամանակ գովասանագրեր տալի՞ս էին:

-Դպրոցում առաջադիմությունս բավականին բարձր է եղել: Գովասանագրեր, իհարկե, եղել են: Մեր ժամանակ մի լավ ավանդույթ էլ կար դպրոցում. գերազանց սովորող աշակերտներին ոգևորելու համար ժամանակ առ ժամանակ նվերներ (հիմնականում գրքեր) էին տալիս:Դա պատճառ էր դառնում նաև, որ մյուսներն էլ ձգտեն ինչ-որ արդյունքների: Ես նույնպես ստացել եմ նմանատիպ գրքեր, որոնք մինչ օրս էլ պահում եմ:

-Իսկ ինչո՞ւ ընտրեցիր հենց ֆիզիկան` որպես մասնագիտություն:

-Մանկավարժի մասնագիտությունն ինձ միշտ է գրավել, իսկ ֆիզիկան ընտրել եմ նախասիրություններիցս ելնելով. դպրոցում էլ նախընտրել եմ բնագիտական առարկաներ` մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա…

-Քանի՞ տարի է, ինչ աշխատում ես դպրոցում:  Հե՞շտ է արդյոք  այսօրվա աշակերտների հետ «լեզու գտնելը»: 

-Դպրոցում աշխատում եմ արդեն 25 տարի: Ժամանակի ընթացքում երեխաների թե՜ հոգեբանությունը և թե՜ մտածելակերպը շատ է փոխվել: Մի քանի տարի առաջ աշակերտների հետ աշխատելն ավելի հեշտ էր, քան այսօր: Երեխաներին այսօր քիչ բան է հետաքրքրում:

-Իսկ ինչպիսի՞ն էր ձեր ժամանակների դպրոցը, ինչպիսի՞ն էին աշակերտները. փոփոխությունները դեպի լա՞վն են կատարվել, թե՞ հակառակը:

-Մեր ժամանակ դպրոցն ավելի կարգապահ էր, աշակերտների մեջ կրթություն ստանալու ձգտում, ցանկություն կար, իսկ ծրագրերը  մատչելի էին, աշակերտներին ավելի հասկանալի: Այսօր այդ ամենը չկա, իսկ աշակերտները տարված են ավելի շատ համացանցով, սոցիալական կայքերով, և դպրոցը մղվել է երկրորդ պլան:

-Մեր օրերում ֆիզիկայով հետաքրքրվող աշակերտներ կա՞ն: Ի՞նչ ես  կարծում,  ապագա ֆիզիկոսներ կունենա՞նք:

-Այսօր աշակերտների մի մասին ֆիզիկան չի հետաքրքրում, քանի որ բարդ է ու դժվար ընկալելի, իսկ դասագրքերն էլ շատ են ծանրաբեռնված: Բայց, ինչպես բոլոր ոլորտներում, ֆիզիկայում նույնպես տաղանդներ ունենք, ինչի ապացույցը միջազգային օլիմպիադաներում մեր երեխաների արդյունքներն են: Ճիշտ է, նրանք քիչ են, բայց ապագայի մեծ հեռանկարներ ունեն:

-Իսկ ի՞նչ ես կարծում, կա՞ ինչ-որ բան, որն ազդում է երեխաների նախասիրությունների, նրանց հետաքրքրությունների վրա:

-Այո, հատկապես միջավայրի ազդեցությունը աշակերտների վրա շատ է մեծ: Նրանցից շատերին հետաքրքրում են այնպիսի մասնագիտությունները, որոնք լավ աշխատանքով ու եկամտով կարող են ապահովել, իսկ գիտությունը, այն էլ Հայաստանում, դրանց թվում դասելը սխալ կլինի:

-Ի՞նչ կարծիքի ես այսօրվա կրթության որակի և կրթական մեթոդների մասին: Ինչպիսի՞ն պիտի լինի այսօրվա կամ ապագայի ուսուցչի կերպարը:

-Որակյալ կրթության համար այսօր նախադրյալներ շատ կան, հատկապես համացանցի, նոր տեխնոլոգիաների ճիշտ ու նպատակային օգտագործումը կարող է շատ օգնել, թեև այսօր էլ, եթե համեմատենք մեր երկրի չափերի ու զարգացվածության աստիճանի հետ՝ այն բավական բարձր մակարդակի վրա է: Սակայն ավելի լավ կլիներ, եթե ուշադրության կնտրոնում լինեին ոչ միայն հոսքային, այլ հանրապետության բոլոր դպրոցները. փաստ է, որ գյուղերի դպրոցներում աշակերտների առաջադիմությունն ավելի բարձր է, քան քաղաքներում: Իսկ կրթական մեթոդներում, թեև թերություններ կան, բայց հիմնականում համապատասխանում են ժամանակի պահանջներին:

Կարծում եմ, որ այսօրվա և ապագայի ուսուցիչը նախ և առաջ պիտի լավ հոգեբան լինի, հասկանա երեխաներին, նրանց մտածելակերպը, երեխաների համար նախ ընկեր լինի, ապա նոր միայն ուսուցիչ:

Հարցազրույցը վարեց Անի Ավետիսյանը

Sargis մելքօնյան

Հին կյանքի նոր պատմությունը…

Հարցազրույց տատիկիս՝ Լենա Մելքոնյանի հետ

-Տատիկ ջան, խնդրում եմ պատմիր քո մանկության մասին:

-Ես ծնվել եմ Արագածոտնի մարզի (էն ժամանակ` Աշտարակի շրջան էր կոչվում) Օրգով գյուղում: Լեռնային գյուղ է՝ Բյուրականից հյուսիս- արևմուտք, Աղձքից հյուսիս: Ես էլ քո պես երեխա եմ եղել: Իմ մանկությունը անցել է պատերազմական շրջանում: Այն ժամանակ Սովետական Միության վրա հարձակվել էր ֆաշիստական Գերմանիան: Մեր ծնողները լացում էին: Մենք չէինք հասկանում, թե ինչի էին լացում: Դե փոքր էինք, շատ էինք փոքր: Նայում էինք իրանց, մենք էլ էինք լացում: Իսկ երբ արդեն պատերազմը վերջացավ, բոլորս իսկապես ուրախ էինք ու աշխատում էինք կոլտնտեսությունում:  Յոթ-ութ տարեկանից սկսել եմ աշխատել: Իմ հասակակիցները, բոլորը աշխատում էին: Օգնում էինք կոլտնտեսությանը: Ոչ թե ծանր աշխատանք էինք անում, այլ օգնում էինք մեծերին: Մենք կոլխոզի աշխատանքից բացի հարկ էինք մուծում: Ձու պիտի տայինք պետությանը, յուղ, ցորեն, ամեն ինչ, որ մեր պետությունը բարգավաճեր:  Մենք չունենալով կոշիկ, գուլպա էինք գործում ու տալիս որբ մանուկներին: Մենք ուրախ էինք անում այդ ամենը: Կար մեծ մարդասիրություն:

-Որտեղի՞ց էին քո ծնողները, ինչպե՞ս էիք ապրում:

-Մայրիկս Արևմտյան Հայաստանի Մշո գավառից է՝  Արտամերտ գյուղից: Էնտեղ լավ խնձոր է աճել: Հայրս Վասպուրականից է՝  Մոկսից: Նրանք հանդիպել են Արևելյան Հայաստանում գաղթելուց հետո,  1924  թվականին ու ամուսնացել են: Ծնվել ենք 7 երեխա: Բոլորս աշխատել ենք, սովորել ենք: Մեր գյուղի դպրոցը յոթնամյա էր: Էն ժամանակ չկար լուսավորություն, մոմի լույսի տակ էինք սովորում: Երբեմն նավթով լամպ էինք վառում: Լամպի լույսի տակ մեր ծնողներն ամեն ինչ անում էին, մենք էլ սովորելով նրանցից, ամեն ինչի ընդունակ դարձանք: Բոլորս աշխատում էինք, որ մեր պետությունը վերականգնվեր: Երիտասարդները մեկնել էին ռազմաճակատ, օգնում էինք նրանց ծնողներին, փորձում էինք վիճակը մեղմել:

-Իսկ ի՞նչ խաղեր էիք խաղում…

-Մենք խաղալու ժամանակ չունեինք, գնում էինք երեխեքով կոլտնտեսություն: Էն ժամանակ կամով էին ցորենը մանրացնում: Մենք օգնում էինք ցորենը լցնել պարկերի մեջ: Կոլխոզում մի մեծ կալ կար. երկու տարբեր բրիգադներ մրցույթ էինք անում, թե ով շուտ կավլի, կմաքրի հատակը: Օգնում էինք դաշտից ոլոռը, սիսեռը, լոբին բերողներին:

-Ի՞նչ արտառոց դեպք է եղել քո կյանքում…

-Արտառոց դեպքեր իմ կյանքում շատ են եղել: Մի անգամ, երբ երեխաներով դաշտ էինք դուրս եկել մեր ծնողներին օգնելու, մի ցնցում եղավ: Մենք չէինք հասկանում, թե ինչ բան էր երկրաշարժը: (Մեր ճանապարհներն անանցանելի էին: Գյուղացի կանայք ու տղամարդիկ էին հարթեցնում հողը, որ սայլերով դաշտից ռայոն մի բան տանեին կամ բերեին):  Մենք շատ զարմացանք ու շատ վախեցանք երկրաշարժի ժամանակ, մանավանդ որ մեծ-մեծ մեքենաներ եկան մեր գյուղ: Բերեցին զինվորական վրաններ ու խփեցին հողամասերում, որ գիշերեինք այդտեղ: Երկու- երեք օր վրանի տակ անցկացրինք, որ հետցնցումներից ոչ ոք չտուժի:

-Ի՞նչ արեցիր յոթնամյա դպրոցն ավարտելուց հետո…

-Յոթնամյա դպրոցն ավարտելուց հետո ավագ դպրոցի համար վարձ էինք մուծում՝ 150 ռուբլի՝ 75 ռուբլի առաջին կիսամյակում, 75 ռուբլի՝ երկրորդում: Ութերորդ, իններորդ, տասներորդ դասարանները սովորել եմ Բյուրականում: Տեղերից, Օրգովից, Անտառուտից (չորս- հինգ հոգի), մասամբ Ագարակից  ( Օշականում էլ ավագ դպրոց կար, ավագը ո՞րն ա, բարձր դասարանները, էլի: Հա, կեսը  այնտեղ էին գնում, կեսը՝ Բյուրական: Աղձքից, Բյուրականից ձորերի միջով ոտաբոբիկ գնում էինք, որ կրթություն ստանայինք: Բավականին աշակերտներ կային: Ութերորդ դասարանը «ա, բ, գ, դ» ուներ, երեսուն հոգի ամեն դասարանում: Սովորեցինք, ավարտեցինք տասներորդ դասարանը և մեզանից շատ քչերը կարողացան բարձրագույն կրթություն ստանալ: Ես գնացել եմ, բայց թերի մնաց, ես չկարողացա շարունակել, որովհետև մայրիկս վնասվել էր պատահարից՝ քաղաքում ավտովթարից գլխուղեղի ցնցում էր ստացել: Ես մնացի մայրիկիս խնամելու: Երեք օր եմ գնացել ինստիտուտ…

-Ինչպե՞ս եղավ որ ամուսնացար…

-Շատ դժվար ա ինձ համար էդ մասին պատմելը, որովհետև ես, լինելով միջին խավից, ամուսնացել եմ ծայրահեղ աղքատ ընտանիքի տղայի հետ: Ու փառք Աստծո, կարողացել ենք իրար թև ու թիկունք լինել ու դարձել ենք գյուղի միջինից բարձր խավի ընտանիք: Ունեցել ենք  5 երեխա՝ 4 աղջիկ, 1 տղա: Ես չեմ հասել իմ նպատակին, չեմ ստացել բարձրագույն կրթություն, բայց Աստծու հաջողությամբ, իմ մուրազը կատարեցին  իմ երեխաները՝ ստացան բարձրագույն կրթություն: Մեծ աղջիկս՝ Սուսաննան, սովորեց համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Արմենս՝ իրավագիտական, Ռուզաննաս՝ լուսահոգի՝ բժշկական… Իմ թոռնիկներն էլ հիմա բարձրագույն կրթություն են ստանում պետպատվերի համակարգում՝ Մարիաս, Նելլիս, Ջուլիետաս… Ինձ հետ ապրող թոռներս գերազանցիկ են, ու ես հպարտ եմ դրանով:

-Ի՞նչ կմաղթես բոլորին:

-Ցանկանում եմ, որ ամեն մարդ արժանի  լինի «մարդ» կոչմանը: Խաղաղություն եմ մաղթում մեր ժողովրդին ու մեծ ուժ, կորով ու առողջություն դիրքերի տղերքին…

Հարցազրույցը վարեց` Սարգիս Մելքոնյանը

Հայաստանի գյուղերը. Ոսկեվազ, Արագածոտնի մարզ