Svetlana Davtyan new

Տղերք, երանի մի օր հանդիպենք

Ու ամեն կորսված զինվորի հետ, ես ինքս ինձ եմ կորցնում:

Ու չուզելով, բայց գիտակցում եմ, որ ինչ-որ պահից,

Ինչ-որ տեղ, ինչ-որ մեկին, պարտվում եմ այս պատերազմին:

Ամեն հերոսացած զինվորի հետ, ես էլ եմ բարձրանում երկինք:

Այդքան անծանոթ եք ինձ, բայց միևնույն ժամանակ, այդքան ծանոթ:

Ամեն մի գրած երկտողից, սիրտս պոկվում է տեղից:

 

Ասում են հրեշտակները առաքելությամբ են գալիս երկիր,

Բայց ես չէի ուզում, որ դուք այսքան շուտ վերադառնաք երկինք:

Ու նեղանում եմ ձեզանից, մազերս պոկում գլխիցս,

Որ էդպես էլ գոնե մի անգամ չհասցրի ձեր ձայնը լսեմ:

Սա մեր ընտրությունը չէր, ձերն էր, բայց ոչ մերը:

Դուք գնացիք, ու այս գրողի տարած կարոտը կոկորդիս կանգնած խեղդում է:

Բայց վերջում գալիս է հավատը, կրկին հանդիպելու հույսով ողողված,

Ու ամեն երկնքում ճախրող աղավնի տեսնելիս, կիմանամ, որ հյուր եք ինձ:

Դու հաղթեցիր, մենք պարտվեցինք

81 դաժան օրեր` սպասումով ու աղոթքով: Հավատալով սպասում էինք քեզ: Սպասում էինք, որ կգաս: Հավատում էինք, որ ամեն ինչ լավ է լինելու, հավատում էինք, որ կգաս ու կկատարես մայրիկիդ տված խոստումը: Ասում էիր. «Մամ ջան, լաց չլինես: Կգամ ու քեզ թագուհու նման կպահեմ»:

81 օր, դաժան օրեր, որոնք խեղդում էինք հպարտությամբ ու կարոտով, որ քեզ նման հերոս տղա ունենք: Բայց մենք հերոս չենք ուզում ունենալ, մեզ դու էիր պետք: Քո հայրենասիրությանը, ընկերասիրությանը չկար սահման: Հպարտ էիր, որ ծառայում էիր, ու ավելի հպարտությամբ էիր խոսում, որ ծառայում ես Արցախում։ Դու էիր ասում. «Տղան Արցախում պետք է ծառայի»։ Դու ապացուցեցիր, թե ինչ է նշանակում ծառայել հայրենիքին ու զոհվել հանուն նրա։

Չհանձնեցիր դիրքդ… Քո ու ընկերներիդ կյանքով կանգուն մնաց: Դուք հաղթեցիք, մենք պարտվեցինք ձեր բոլորի առաջ, ձեր կամքի ու ուժի առաջ, Դավո ջան, անմահացած հերոս, Դավիթ Ավոյան… Դու ընդամենը 19 տարեկան էիր…

Քո ու բոլոր անմահացած հերոսների հոգիները հավերժ լույսերի մեջ մնան:

Արի’, իմ սոխակ

Հավանաբար այս պատերազմը մեզ ինչ-որ մեկից խլեց, ինչ-որ մեկից կտրեց, չէ՞: Մենք, այնուամենայնիվ, մտածում ենք նրանց մասին: Մեր՝ պատերազմի մասին մտքերը, նրանցով սկսվում և նրանցով էլ ավարտվում են: Մեր այդ մտքերն առանց նրանց չեն կարող լինել: Նրանք են մեր «պատերազմը»:

Ես կարոտում եմ Ռուստամին, թերևս ամենաշատը: Նրան կորցրի պատերազմում, ում չէի էլ հասցրել լիովին գտնել: Նա այն մարդկանցից էր, ով խորհուրդ տվեց ընդունվել Հայ-ռուսական համալսարան: Ես հիմա ուզում եմ ասել նրան, որ ընդունվել եմ, որ նրա բոլոր խորհուրդները անգիր եմ արել: Ասում էր, որ ոչինչ չթողնեմ քննության վերջին օրվան: Ես հիմա ուզում եմ ասել նրան, որ ես նախօրոք պատրաստվում եմ: Նա հարցնում էր՝ արդյո՞ք սարքել եմ տեսախցիկս: Ես ուզում եմ երկար «չէ»-երից հետո ասել «այո»:  Ես ուզում եմ ասել, բայց նա չի լսում կամ էլ լսում է:

 

Ես ամեն օր մեր նամակներն եմ կարդում, և եթե մի ժամանակ դրանք ուղղակի նախադասություններ կամ բառեր էին, հիմա էդպես չի:

Համբուրում էի նրա շիրմաքարը,  այնինչ մտորումներիս մեջ պատկերացնում, որ ես կամաչեի նրան գրկել, երբ դեմ առ դեմ հանդիպեինք:

Կարճ ասած՝ մենք կարոտում ենք նրան:  Նա, հավանաբար, կբարկանար մեր այս չափից դուրս սենտիմենտալությունից:

Ես ուզում եմ, որ նա ների մեղավորներին, որ նա մեզ ների: Մենք չենք հասկանում, թե ինչու նա այս անարդարության զոհը դարձավ, ինչու պատերազմը տարավ նրան, երևի միայն ինքն է հասկանում…

Գիտե՞ս՝ ես նեղվում եմ: Նեղվում եմ, որ քեզ ավելի լավ չեմ ճանաչել, ավելի շատ չենք շփվել: Ես մտածում եմ, որ դու լավ ես և որ մի ազնիվ, մաքուր ու կապույտ տեղում ես,     որտեղ հնչում է. «Արի’, իմ սոխակ»-ը, և որ դու ձայնակցում ես դրան:

Անկեղծ ասած, այս երկիրը խեղդվում է այդ սև ժապավեններից…

«Ժամկետային զինծառայողները երբեք ետ չեն նայում, այլ միայն առաջ»․ մայոր Տիգրան Վարդանյան

Մայոր Տիգրան Վարդանի Վարդանյանը ծնվել է 1991 թվականին Երևանում՝ զինվորականի ընտանիքում։ 2007-2011թթ․ սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Ընդամենը 29 տարեկան հասակում հասցրել է մասնակցել երկու պատերազմի։

Նախքան պատերազմը պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, իսկ պատերազմից հետո նաև «Արիության» մեդալով։

Մայոր Վարդանյանի հետ զրուցել ենք զինվորականի մասնագիտության,  դրա դժվարությունների ու պատերազմի մասին։

- Այն, որ Դուք ծնվել եք զինվորականի ընտանիքում, արդեն իսկ շատ բան է ասում Ձեր մասնագիտության ընտրության մասին։ Գուցե եղե՞լ են այլ պատճառներ ևս։ 

- Ինձ համար գոյություն ունի մեկ առաքելություն և մեկ գաղափար՝ պաշտպանել հայրենիքը, և հենց սա է գլխավոր պատճառը։

- Երկար տարիներ աշխատում եք ռազմական ոլորտում։ Անկասկած եղել են խոչընըդոտներ և դժվարություններ։ Կարողացե՞լ եք հաղթահարել բոլոր խոչընդոտները։

- Կցանկանայի մի բան ուղղել, զինվորականը ոչ թե աշխատում է, այլ ծառայում է։

Բնականաբար զինվորականի կյանքում դժվարությունները շատ են, բայց պետք է հաղթահարել դրանք։ Ես վստահ կարող եմ ասել, որ հաղթահարել եմ ու շարունակում եմ հաղթահարել բոլոր դժվարությունները։

- Եղե՞լ է Ձեր կյանքում մի պահ, որ զղջաք մասնագիտության ընտրության համար, մտածեք, որ կարող էիք այլ մասնագիտություն ձեռք բերել։

- (Առանց հապաղելու պատասխանում է) Երբե՛ք, բացարձակապես երբեք։ Վաղ մանկությունից կրել եմ զինվորական համազգեստ, հայրիկիս ողջ ծառայության ընթացքում եղել եմ նրա կողքին և երբեք չեմ պատկերացրել ինձ այլ ոլորտում։ Ընտրել եմ հենց այս ուղին և երբեք չեմ զղջա։

- Ռազմական ոլորտը ամենապատասխանատու ոլորտներից մեկն է։ Ասում են՝ յուրաքանչյուր ոք, ով ընտրում է այդ ճանապարհը պետք է ունենա որոշ բնորոշ գծեր։ Ձեր կարծիքով որո՞նք են դրանք։

- Յուրաքանչյուրը, ով ընտրում է այդ ուղին, պետք է կարողանա լինել լավ հրամանատար, լավ ընկեր, լավ հոգեբան և մանկավարժ, որովհետև մենք՝ զինվորականներս, առնչվում ենք տարբեր ընտանիքներում ծնված ու դաստիարակված, տարբեր մտածելակերպ ու հոգեբանություն ունեցող մարդկանց հետ, և դա շատ դժվարին գործ է։ Պետք է յուրաքանչյուրի հետ լինել յուրովի։

- Պատմում են, որ պատերազմի ընթացքում ամենամարտունակը եղել են ժամկետային զինծառայողները։ Ի՞նչ կասեք, արդյո՞ք ճիշտ կարծիք է սա։

- Ժամկետային զինծառայողները շատ ավելի երիտասարդ են, տաքարյուն են, նրանք պատրաստ են ամեն ինչի։ Միգուցե ինձ հետ համաձայն չլինեն, բայց նրանք երբեք ետ չեն նայում, այլ միայն առաջ են նայում։

Իհարկե մարտունակություն ասվածը լայն հասկացողություն է։ Լավ չուսուցանվել, ճիշտ չկատարել տրված հանձնարարությունները և լինել մարտունակ, ուղղակի անհնար է։

Իսկ եթե նրանք ստանում են պատշաճ ուսուցում, ապա կարող են հասնել ամեն ինչի։

- Իսկ այժմ՝ պատերազմից հետո, ինչպիսի՞ հոգեվիճակում են ժամկետային զինծառայողները։

- Թե ինչ հոգեվիճակում է յուրաքանչյուր զինծառայող, կախված է նրանից, թե ինչի հետ է առնչվել նա պատերազմի ընթացքում։ Լինում են դեպքեր, երբ ընկերդ վիրավորվում կամ զոհվում է հենց քո կողքին, դրանք շատ ծանր ապրումներ են։ Հնարավոր է, որ մեկը նորմալ տանի այդ ամենը, սակայն մյուսի հոգեվիճակի վրա ունենա շատ ծանր ազդեցություն։ Մի փոքր բարդ է ասել, դա կախված է նաև զինվորի հոգեբանությունից։

- Ճակատում շարքային զինվորի համար անկասկած մեծ նշանակություն ունի իր հրամանատարը։ Ի՞նչ պետք է անի հրամանատարը, որպեսզի զինվորը չվախենա, չընկճվի և համարձակ շարունակի մարտը։

- Հրամանատարի դերն ու նշանակությունը չափազանց մեծ է։ Նա պետք է օրինակ ծառայի իր զինվորներին, ոգեշնչի նրանց։ Հրամանատարի  մեկ սխալը կարող է ճակատագրական լինել ողջ անձնակազմի համար, որովհետև զինվորը միշտ հետևում է իր հրամանատարին։

- Ո՞րն է ամենակարևոր խորհուրդը, որ տալիս եք ձեր զինվորներին ռազմի  դաշտում՝ մարտի մեկնելիս։

- Որպես այդպիսին չկա այնպիսի առանձնահատուկ խորհուրդ, որ հիմա կարող եմ նշել։ Դրանք ոչ թե խորհուրդներ են, այլ ոգեշնչող, դաստիարակչական, գաղափարական կոչեր, որոնց միջոցով բարձրացնում ենք անձնակազմի բարոյակամային հատկանիշները։ Իսկ ամենամեծ խորհուրդները մենք մինչև մարտը պետք է փոխանցենք զինվորին՝ մարտական պատրաստության դասընթացների ժամանակ։ Եթե զինվորը պատրաստ է մարտի, ուրեմն չկա այլևս ոչ մի խորհրդի կարիք։

- Յուրաքանչյուրս, թեկուզ ամենակարևոր իրավիճակում, սովորում ենք մի նոր բան։ Ի՞նչ սովորեցիք Դուք պատերազմի ընթացքում։ Ո՞րն էր պատերազմի տված ամենամեծ դասը։

- Պատերազմը մի մեծ դպրոց է, որը քեզ հնարավորություն է տալիս հասկանալ, թե ով է իսկական ընկերը, ինչքա՜ն թանկ է հայրենիքը։ Այն թույլ է տալիս ըմբռնել ծառայության ամենամեծ ձեռքբերումները, հրամանատարի նվիրվածությունը, քո սովորածի և սովորեցրածի կարևորությունը, արդյո՞ք այն հասել է իր նպատակին։ Կարճ ասած, պատերազմը շա՜տ բան է սովորեցնում և բառերով նկարագրել ուղղակի անհնար է։ Պետք է ինքդ տեսնես, ապրես, որպեսզի հասկանաս։

- Այդքան երիտասարդ հասակում արդեն մասնակցել եք երկու պատերազմի։ Ի՞նչ կարող եք ասել այդ մասին։

- Ներկա եմ եղել երկու պատերազմներին էլ։ Չնայած մեկը մյուսի հետ հնարավոր չէ համեմատել, բայց ամեն դեպքում պատերազմը մնում է պատերազմ։ Այդ ընթացքում դու կարող ես տեսնել, թե հայրենիքի և թե ընկերոջ կորուստը։ Այդ ցավն աննկարագրելի է։

- Կարո՞ղ եք հիշել որևէ հետաքրքիր դեպք, որ տեղի է ունեցել պատերազմի ընթացքում։

-Հակառակորդը ներթափանցել էր հարևան ստորաբաժանման դիրքեր, գրավել էր երկու կարևորագույն բարձունք։ Դա մեծ վտանգ էր ստեղծում մեզ համար։ Հակառակորդը հնարավորություն ուներ շրջափակման մեջ վերցնել մեր ստորաբաժանումները, և ես խնդիր ստացա իրականացնել դարանակալման աշխատանքներ։ Ես և իմ հետախուզական ստորաբաժանումը սկսեցինք իրականացնել խնդիրը։ Ընդամենը հանձնարարված էր պահել այդ հատվածը, որպեսզի հակառակորդը չշրջանցի։ Իմ զինվորներից մեկը՝ սերժանտ Հայկ Հակոբյանը, բարձացավ բարձունքը հետախուզման համար և այնտեղ հայտնաբերեց մի պայմանագրային զինծառայողի՝ մոտ 40 տարեկան, ծայրահեղ ծանր վիճակում։ Ոչ ոք չէր հավատում, որ նա կարող էր ապրել, սակայն եթե դիմացել էր մեկ օր, ապա հնարավոր էր փրկել։ Օգնություն կանչեցինք, շտապ օգնության մեքենան տեղափոխեց նրան։ Փառք Աստծո, հիմա ողջ է և առողջ։ Սա պատմության մի մասն է։

Շուտով Հայկը հայտնեց ինձ, որ շատ մոտ ենք հակառակորդին։ Անկեղծ ասած՝ սկզբում չհավատացի։ Մի պահ բոլորս լռեցինք, և լսվեց հակառակորդի խոսակցությունը։ Դիտարկման արդյունքում նկատեցինք թշնամու հետախուզական ստորաբաժանման զինվորներին։ Սկսեցինք փոխհրաձգություն վարել կարճ տարածության վրա։ Նույն պահին հրետանու կանչ տվեցի, և մեր հրետանին սկսեց կրակ վարել այդ երկու բարձունքների ուղղությամբ։ Այս ամենը ծրագրված չէր, բայց քանի որ իրավիճակը այդպիսի զարգացում ստացավ, որոշեցի առաջանալ և գրավել կորցրած բարձունքները։ Համոզվելով, որ տվյալ տարածքում այլևս հակառակորդ չկա, չորս զինծառայողների հետ շարժվեցինք առաջ՝ տեղում թողնելով գնդացրային խումբը։ Երբ հաղթահարեցինք բարձունքը, 10 մետր հեռավորության վրա նկատեցինք հակառակորդի ստորաբաժանման 10-15 զինծառայողի։ Բոլորս անակնկալի եկանք, բայց արագ կողմնորոշվեցինք, հատկապես, որ նրանք մեզ չէին նկատել։ Անմիջապես դիմահար կրակոցով խոցեցինք թշնամուն։ Հակառակորդի ստորաբաժանումը գլխովին ջախջախվեց։ Մենք ետ վերադարձրինք երկու կարևորագույն բարձունք։ Ցավոք այդ մարտական գործողությունների ընթացքում զոհվեց Հայկը՝ իմ լավագույն զինծառայողը։ Նա ընկավ քաջարի մահով և փառքով պսակեց իր անունը։ Որպես իսկական հերոս կուզեի առանձնացնել հենց նրան՝ սերժանտ Հայկ Արարատի Հակոբյան։ Նա դեռ մեծ բարձունքներ էր նվաճելու։ Ցավոք, զոհվեց և հերոսացավ։

Ամեն դեպքում սա ողջ պատերազմի ընթացքում ամենահիշարժան և ամենահերոսական դեպքն էր։ Փոքր ուժերով պայքարել այդքան մեծ ուժերի դեմ, այն էլ առանց նախօրոք ծրագրելու, կարելի է տեսնել միայն ֆիլմերում։ Ես այդ օրը դեռ շա՜տ երկար կհիշեմ։

- Դուք շարունակել եք ձեր հոր ուղին։ Ունեք որդի։ Կցանկանա՞ք, որ նա ևս շարունակի ձեր գործը։

- Յուրաքանչյուրը պետք է պաշտպանի իր հայրենիքը, սակայն դրա համար պարտադիր չէ լինել զինվորական։ Միգուցե իմ որդին այլ ոլորտում ավելի պիտանի լինի իր  հայրենիքին։ Բայց որպես հայր հոգու խորքում վստահ եմ, որ կշարունակի իմ ուղին։

Իմ հրեշտակը Արտակ անունը ունի

…Եվ հայրս, ով իր կյանքի վաթսուն տարիների ընթացքում տեսավ երիտասարդ քրոջ ու եղբոր, նորածին որդու, ծնողների, ապա նաև հերոս եղբորս վիշտը, այսօր  շարունակում  է ժպտալ և շատերին ինքն է սիրտ տալիս, իսկ գիշերվա ժամերին, երբ մնում է բոլորովին մենակ, մտքերին տալիս է ազատություն, և նրա աչքերում կուտակված արցունքների մեջ կարող ես կարդալ ցավը… Մի՞թե հեշտ է գնալ դի ճանաչելու` վախենալով , որ կարող է` ճանաչես… Մի՞թե հեշտ է ինքդ քեզ համոզել, որ դա Նա չէ, քո որդին չէ, ում մեծացրել ես բավական մեծ տարիքում, ով քո հույսն էր ու հենարանը, ինչպես հույս ու հենարան էր իմ և մորս համար: Մայրս… Որդեկորույս մայրս, ով այսուհետ ամեն անգամ ինձ նայելիս գնալով  նմանեցնելու է ինձ ու եղբորս… Գուցե նա չասի այդ մասին, բայց նրա հայացքից դա էլ կարելի է կարդալ… Նա եղբորս ուրիշ ձև էր նայում, ինձ` ուրիշ, բայց` ինչպես հավասարը հավասարի… Նա այդ նույն հայացքով հիմա էլ է նայում եղբորս, ավելի ճիշտ` եղբորս ժպտացող նկարին, իսկ հետո` իր գործած հրեշտակի պատկերին, որին եղբայրս գնալով  նմանվել էր: Իմ հրեշտակը Արտակ անունը ունի, եկել է Սամվելին փոխարինելու: Գուցե սա կարդում եք առանց արցունքների, որովհետև ցավը սովորեցնում է քարանալ, ինչպես եղավ մեր դեպքում, բայց երբեմն մենք լացում ու գոռում ենք հոգեկանի պես, իսկ ուրիշների ներկայությամբ` հավաքվում… Պետք չէ, որ տեսնեն ու թուլանան, թող կարծեն, որ ուժեղ ենք: Իսկ ե՞ս: Ես հիմա մի ամբողջ  տիեզերք ցավ եմ ապրում, բայց չեմ համեմատվի ծնողներիս հետ: Ես էլի եղբայրներ ունեմ, ովքեր ամեն կերպ ուզում են լցնել դատարկությունս, իսկ ծնողներս ուրիշ որդի չունեն, թեպետ ինքս էլ փորձում  եմ մի քիչ Արտակ լինել նրանց  համար: Դատարկությունս երբեք չի լցվի, պարզապես ինձ ստիպում են մոռանալ դրա մասին: Մարդկանցով լիքը աշխարհում ես մնացի մենակ, որովհետև եղբայրս լավագույն եղբայրը լինելուց բացի ինձ համար նաև հայր էր, ընկեր ու առհասարակ լավագույն մարդն էր աշխարհում: Ես նրա մասին կգրեի երկար, բայց կշարունակեմ նրա նկարի մոտ կամ նրա հոգին գրկած, որը պտտվում է մեր տխուր տան սենյակներով: Կարոտս կուլ կտամ արցունքներիս պես` երբեք չազատվելով դրանից:

Արտակ Սերոբի Սարգսյանը 19 տարեկան էր, ծառայում էր Մարտակերտում մեկ տարի և 3 ամսից ավել։ Նա միայնակ կռվել է 12 հոգու դեմ և զոհվել Կարմիր շուկայում, հոկտեմբերի 28-ին։ Նա ընդունվել էր Ֆրանսիական համալսարանի իրավագիտության բաժինը, որպեսզի հետագայում աշխատեր Ինտերպոլում՝ աշխարհին արդարություն բերելու համար։

Աշխարհին նայելու և աշխարհին ցուցադրելու պատուհանը

Շատերին թվում է՝  ամեն  գիծ քաշող նկարիչ է, սակայն իրականում ստեղծագործելը դարեր շարունակ եղել և  այսօր էլ մնում է ընտրյալների մենաշնորհը՝ հենված բնատուր կարողությունների և տարիների ընթացքում ձեռք բերած իմացության վրա:
-Պարույր Սևակը համբուրում էր Սարյանի ձեռքը, իսկ հիմա ո՞վ է գնահատում նկարչին,- ասում է Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքի բնակիչ Գոհար Սիմոնյանը, ով ևս զբաղվում է նկարչությամբ:

19-ամյա աղջիկը նկարչության նկատմամբ անտարբեր չի եղել դեռ մանկուց:

-Սիրում էի  թաքուն հետևել, թե ինչպես էին հարազատներս նկարելիս շարժում վրձինը,  ինչ գույներ էին խառնում: Իսկ երբ մի քանի րոպեով հեռանում էին նկարից, ինքս էի վերցնում վրձինը, մի քանի բան ավելացնում, իսկ հետո ինքնագոհ հայացք էի ընդունում, որ չեն նկատել իմ արած գծերը:

Կատարելագործվելու նպատակով յոթ տարեկանից  հաճախել  է  նկարչության Ապարանի Արվեստի դպրոցում, իսկ 16-17 տարեկան հասակում մեծ ոգևորությամբ մասնակցել է մրցույթների ու ցուցահանդեսների:

-Նկարում էի ու անհամբեր սպասում մրցույթի օրվան, իսկ երբ  հասնում էր օրը, մատներս խաչած սպասում էի՝ երբ են իմ անունը տալու հաղթողների շարքում:

Պարտություններ էլ են եղել, հիասթափություններ էլ, սակայն  ուսուցչուհու՝ Թագուհի Հարությունյանի շնորհիվ ոգևորվել և առաջ է շարժվել:

Գոհարի մեկնաբանմամբ նկարչությունը աշխարհը տեսնելու և այլոց ցուցադրելու միակ պատուհանն է: Այնտեղ  խառնվում են իրական ու անիրական սահմանները, ստեղծվում նոր շունչ կտավի վրա:

Կարևորելով գունային ճիշտ ընտրությունը, ստեղծում է գունային հատուկ և տարբերվող համադրություններ, օգտագործում վառ գույներ:
-Նկարներիս գույները հոգուս ու կյանքիս արտացոլումն են,- նշում է նա:
Ըստ Գոհարի նկարելու իմաստը կայանում է սեփական նկարը ստեղծելու և ինքնաարտահայտվելու մեջ, չնայած  ինքն էլ զբաղվել է արտապատկերմամբ:

-Նկարելիս էլ մի քիչ «գողություն» եմ անում: Օրինակ՝ բնությունը նկարելիս գեղեցիկը վերցնում եմ  գյուղս շրջապատող բնությունից, իսկ գույներն ու էմոցիաները մեկ-մեկ էլ  իմ սիրելի նկարիչներից:

Նկարելով տարբեր թեմաներով՝ Գոհարն աշխատում է պատկերել այն, ինչ զգում է՝ նկարին փոխանցելով դրական հույզերը, իսկ բացասական հույզերի դեպքում շեղվել թեմայից, քանի որ յուրաքանչյուր նկար ունի հիշողություններ արթնացնելու հատկություն:

Ունենալով նկարչական տաղանդ և միևնույն ժամանակ հաճախելով նկարչության՝ աղջիկը կարևորում է մասնագետի, ուսուցչի դերը  յուրաքանչյուր նկարչի կյանքում, քանի որ անհրաժեշտ են խորհուրդներ և ուղղումներ:

Հիմա պահում է թե՛ ստացված, թե՛ չստացված նկարները, իսկ ապագայում պատրաստվում է ունենալ իր արվեստանոցը, որտեղ էլ կշարունակի նկարել, կմասնակցի ցուցահանդեսների, իսկ վաճառել նկարներն ափսոսում է:

-Վստահ եմ՝ մի օր նկարներս ճանաչում կունենան. ասելիքս մեծ է, կյանքն էլ առջևում:

anna vardanyan

Պատերազմից հետո

Վերջին անգամ եղբորս (մորեղբորս տղային) տեսել էինք փետրվարին իր երդման արարողության ժամանակ, հետո սպասում էինք, որ արձակուրդ գար (օտպուսկ), բայց կորոնավիրուսը տարածված էր, և չթողեցին գալ… Այնքան էինք կարոտել, օրերն էինք հաշվում, բայց միշտ հետաձգվում էր… Հետո սկսվեց չարաբաստիկ պատերազմ կոչվածը, ու բոլորիս մտքում Տղերքն էին, հատկապես մեր զինվորը՝ Գառնիկը: Ամեն օր զանգում էինք, հարցնում, թե զանգե՞լ է մեր զինվորը, միշտ մեր մտքում էր, այդ օրերին մեր հպարտությունը և կարոտը կրկնապատկվել էր…

Պատերազմը դադարեցվեց… 2 օր անց քեռիս, պապս և եղբայրներս մեկնեցին Արցախ, որպեսզի տեսնեին մեր հերոսին: Վերադառնալուց հետո հավաքվեցինք, և քեռիս սկսեց պատմել.

-Պապ ու թոռ փակվել էին սենյակում, մոտ մեկ-մեկուկես ժամ թողել էինք մենակ, ասացինք` կարոտները թող լավ առնեն: Պապը ապերի (այդպես ենք դիմում) ձեռքերը ամբողջ ընթացքում բռնել էր և բաց չէր թողնում, համբուրում էր, շոյում… Հետո կազմակերպեցին, մեզ մենակ թողեցին, 2 ժամ գնացինք իրենց կամանդիրին էինք փնտրում, որ թույլտվություն վերցնեմ` երեխես գիշերը մեզ մոտ մնա: Ասեմ` էնքան ուրախացա, էնքան ջերմություն ստացա իրանց կամանդիրի մասին լսելով: Տղես ասեց` հեսա կգա ձյաձ Մհերը, պապ…

-Ո՞նց, հրամանատարին ձյաձյայո՞վ են դիմում,-զարմացանք մենք:

-Հա, հրամանատարությունը զոհվել էր: Էդ ձյաձ Մհերը իրանց վարորդն ա եղել, լավ կռվել ա, տվել են հրամանատար: Երեխեքը շատ-շատ էին սիրում: Եկավ, խոսեցինք, թույլտվություն ստացանք, գնացինք տուն, ապերս կանչեց ընկերներին: Խոսում էինք: Էնքան լավ էրեխեք էին, խելացի, էնպես պատմություններ էին պատմում, հետաքրքիր էին խոսում, հետո մի տղա ասեց. «Մեր ընկերոջ պապան ես, ասում եմ, բայց բոլորի մոտ էլ կասեմ, մեր Գառնիկից  չկա: Սպասեք` բացատրեմ ապերիս գործը: Հոպար, Գռնոն էնպիսի ճիշտ հաշվարկներ էր անում… Հետո հրամանատարն ասեց` պիտի գնանք կռվի ինքնաձիգներով: Գիտեմ, բոլորիդ համար դժվար ա, ո՞վ  ա գալու: Առաջին տղեն, ով կանգնել ա, Գառնիկն ա եղել: Ասել է` ես եմ գալու: Հրամանատարն ասել է` դու այստեղ ես պետք: Քո գործն էլ է կարևոր, հետո երկրորդ անգամ հարցրեց, էլի վեր կացավ ու ասեց` ես»…

Տղես ասում էր` մեկ ա, ինչ էլ պատմեմ, չեք հասկանա, չեմ կարող պատմել…

Ասում էր.  «Պապ, խոսքդ միշտ ականջիս մեջ էր, որ ես պիտի էստեղից ողջ վերադառնամ, էդ ոնց որ իմ մեջ մտած լիներ»:

Փառք Աստծո, Աստված ջան, մեռնեմ քո զորությանը… Անպատմելի բաներ էին տեսել էդ երեխեքը, աննկարագրելի…

Հպարտությամբ ենք խոսում մեր հերոսի մասին, և խոնհարվում մեր մյուս հերոսների առջև:

qnarik.mkhitaryan

Այս տարվա ձմեռը

Այս ձմռանը ամեն բան ուրիշ է լինելու․ ձյունը՝ կարմիր,  լույսերը՝ խամրած, իսկ մարդիկ` անգիտակից։ Ձմռան ցրտին չեն դիմանալու շատ  մարդիկ, հայրը կմոռանա փայտ կոտրել, մայրն էլ չի պատրաստի այն ուտեստները, որ որդին էր սիրում, քույրը կկարկամի, կարոտ աչքերով կսառի ճամփին։ Կյանքի անորոշությունը կխեղդի մարդկանց, բայց ոչ բոլորին․․․

Սարերի ձյունը էլ սարսափելի չի թվա մարդուն, ով ուզում է բարձրանալ այնտեղ` որդու շիրիմին, ոչ ոք ոչնչից էլ չի վախենա, քանի որ ամենասարսափելին երիտասարդ շիրիմն է, ու դա ցավոք,  ոչ մեկն էր, ոչ երկուսը,  և ոչ էլ երեքը ․․․

Թվում է հողերի հետ փոքրացել է նաև մարդկային հոգին, սիրտ է քարացել մարդկային… Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է ապրել՝ ոչ անմարդկային պայմաններում, իսկ դա կերտողը մենք ենք։ Դատարկությունը այնքան շատ է, որ ամեն քայլափոխի մարդիկ են չարությամբ լցված, ու անհասկանալի է, թե ինչու են ատում, մեղադրում իրար, ինչու չեն սիրում այն երկիրը, որի համար շատ հերոսներ իրենց սերերն են լքել։  Մեզանից յորաքանչյուրը պետք է հասկանա իր առջև դրված մեծ պարտավորությունը,  այն է՝  երկու մանկան փոխարեն չորսն ունենալ, որ  չկորցրած երկիրը նոր զինվոր ու հերոս ունենա,  և Մոնթեների ու Սեդաների  երազած փոքրիկները ծնվեն։

Ասում են կորուստների հետ համակերպվել է պետք: Ասում են, իսկ ինչ որ մեկը կա՞, որ կարողանում է համակերպվել որդու չգալուն, եղբոր չլինելուն և սիրելիի անդարձ կորստին։

Չկա այդ մեկը, կան միայն մարդիկ, ովքեր ուղղակի ցավում են դիմացինի դժբախտության համար, ցավում են, բայց չեն ապրում այդ ցավը, չեն կրում այդ տառապանքը, բայց ասում են` պետք է համակերպվես ու  քեզ սփոփանք դարձնես՝ հերոսը։

Գիտես շատ մայրեր երազում   են  աշխարհի  երեսին շպրտել այդ հերոսական կոչումները,  երազում են  գիշերը որդու  շորերը և շքանշանները գրկելու փոխարեն որդուն  գրկել։ Եթե կարողանանք այդքանը հասկանալ, կհասկանանք նաև, որ պատերազմը դաժան արհավիրք է, որը հաղթահարում են միայն հերոս ազգերը․․․ Իսկ մենք հերոսական չլինելու հետ մեկտեղ հերոս հարգել էլ չգիտենք:

Մենք այդ ամենը գիտակցո՞ւմ ենք, երբ ասում ենք, որ  կորուստների հետ համակերպվել է պետք: