Svetlana Davtyan new

Կարբի, նոյեմբերի 23, 2020

Սիրելի ապագա, ես հուսով եմ, որ արդեն լավ ես, ու հերթական նամակս կարդում ես սթափ գլխով: Ուզում եմ, որ կարողանաս հետ գնալ ժամանակի միջով, վերանայես սխալներդ, սթափվես ու վերադառնալով ասես, որ ամեն ինչ լավ է լինելու:

Հուսով եմ, որ երբ վերադառնանք մեր կյանքի այս կետին (որը կարծես ինչ-որ պահից կանգ էր առել) ու նորից սկսենք ապրել, կհասկանանք, որ արժեր այս ծանր ապտակը ստանալ սթափվելու համար: Ու գիտակցել, որ պետք է կյանքին ավելի բաց ու պարզ աչքերով նայել՝ կրթությանը` կրթության աչքով, աշխատանքին` աշխատանքի աչքով, հակառակորդին` հակառակորդի աչքով: Ու ի վերջո, գալ այն գիտակցությանը, որ վաղը կսկսեմ-ը կարող է ուշ լինել:

Հուսով եմ, որ հիմա, երբ խաղաղություն է հաստատվել, ամեն առավոտ արթնանում եք ոգևորված և ուրախ, որ ողջ եք, անվնաս, ձեր ընտանիքի կողքին (ցավոք, դեռ այդպես չէ): Հուսով եմ, արդեն գտել եք ձեր օրերն անցկացնելու մի տարբերակ, որը ձեզ բերում է ուրախություն, հաջողություն և դրական լիցքեր (ավաղ, սա էլ դեռ այդպես չէ): Որ խլացված կրակի ձայները այլևս չեն խանգարի քնելուն ու ծրագրեր կազմելուն (իսկ սա արդյո՞ք արդեն հնարավոր է):

Հուսով եմ ՝ ձեր կյանքում հավասարակշռությունը սկսում է վերականգնվել, և որ դուք ինքներդ եք հոգ տանում դրա մասին: Հուսով եմ ՝ դուք շող եք, լույս ուրիշների համար նույնպես, ինչը նրանց ոգեշնչում է լինել ուրախ, ներկա և լիարժեք՝ իմաստավորելով իրենց գոյությունը:

svetlana davtyan

Կարբի, նոյեմբերի 19, 2020

Բարև և բարի գալուստ այս զարմանալի և միաժամանակ գեղեցիկ անկյուն: Ուզում եմ ասել, որ այստեղ ոչ մի մագլի համար տեղ չկա, այս փոքրիկ անկյուն մուտք եք գործում միայն ձեզ հետ բերելով սեր, լույս ու ջերմություն: Եթե ճիշտ ասացիր գաղտնաբառը, կարող ես ներս գալ: Ես այս վայրում ձեր թվով վեցերորդ օրագիրն եմ: Ես կարող է լինեմ համար վեցը, բայց ես դեռ առանձնահատուկ եմ, քանի որ տարբերվում եմ այն օրագրերից, որոնք դուք ունեցել եք մինչև ինձ: Ես ձեզ համար սովորական, ձանձրալի թղթերի կույտ չեմ, այլ առաջին ուղեցույցներից մեկը ձեր նոր ճանապարհներին, որն ամբողջությամբ հարթելու եք ինքնուրույն: Դուք կարող եք շատ հպարտ լինել, քանի որ այն հարթ տեսք է ունենալու: Ինչպես հին ու բարի ժամանակներում, այնպես էլ հիմա, ես այստեղ եմ ՝ լսելու ձեզ և այն ամենը, ինչ կատարվում է ձեր կյանքում: Այո, ես գիտեմ, որ 45 օրը հիմնահատակ փոխեց մեր կյանքը, խարխլեց ինչ-որ մեկի հիմքերը, կիսատ թողեց մի փունջ երազանքներ, խախտեց տիեզերքում հավասարակշռությունը, բայց մենք չպետք է թույլ տանք, որպեսզի խավարը մթագնի մեր ուղեղը:

Հիշում եք, չէ՞, պետք է վախենաք սեփական մտքերից, քանի որ բառերը ինքնին էներգիա են և իրականություն են դառնում: Մենք երկուսս էլ գիտենք, որ առջևում շատ հետաքրքիր ժամանակներ են գալու: Բայց բացի հետաքրքիր ժամանակներից, ես միշտ կլսեմ ձեզ ձեր վատ ժամանակներում: Պարզապես հիշեք, որ նորմալ է վատ օրեր ու դժվար ժամանակներ ունենալը, հիասթափությունը: Դրանք միայն ձեզ ավելի ուժեղ են դարձնում և դասեր քաղելու հնարավորություն ընձեռում: Յուրաքանչյուր պատմություն ունի վերելքներ և անկումներ, և դրանք են, որ այն դարձնում են հետաքրքիր և եզակի: Կյանքը գիրք է, իսկ դու` հեղինակ:

Ձեր կյանքը ձեր պատմություններն են, ձեր գիրքը: Եկեք թույլ տանք, որ ամբողջ աշխարհը կարդա մեզ:

Եվս մեկ բան, մինչև թույլ տամ, որ գնաք ու գրեք ձեր պատասխան նամակը: Չկախվեք ձեր սխալներից: Նկատեք դրանք, առաջ շարժվեք և այն ավելի լավը դարձրեք հաջորդ անգամ: Սխալները պետք են այստեղ, որպեսզի դուք սովորեք դրանցից, այլ ոչ թե հիասթափվեք և կորցնեք առաջ շարժվելու և աշխարհը փոխելու մոտիվացիան:

Հիմա սպասումը

Օրերը կայծակնային արագությամբ են սլանում։ Ու չենք էլ հասկանում` որն էր հաջողված, բայց հասկանում ենք, որ դրանց մեջ կա մեծ դժբախտություն։ Հասկանում ենք, որ հոգում մի բան պակասում է միշտ, ու օրերի մեջ դրանք սպանվում են, չասված բառերի ու չզգացված զգացմունքների տեսքով։ Օրերը հիմա դարձել են ամիսներ ու քարացել են, ու քար են դարձել, երևի մոտալուտ ձմռան պատճառով։

Հիմա առաջվա պես ժպտալով չենք քայլում։
Առաջվա պես երջանիկ չենք։
Առաջվա պես է՝ դատարկություն, որ միշտ կա։
Ու կարծես չի ցանկանում հեռանալ։
Հիմա տեսնում ենք, լսում ենք, պատկերացնում ենք, բայց ոչինչ առաջվանը չէ։
Երկնքում արևը պայծառ է, բայց սառն է, որ դիպչում է հոգուդ վերքերին, ու ստիպում է ցավից գալարվել։

Հիմա օդը լցված է սպասումով։
Հիմա օդն անգամ խելագարված է, ու օդում հազարավոր հառաչանքներ են տիրում։
Հիմա փողոցներն էլ են լաց լինում, ու ամեն տան մեջ վառվող մի ճրագ այլևս չկա։
Հիմա սպասումը միայն նկարների տեսքով է։
Սպասումները ճյուղավորվել են ու մեծ արմատներ ունեն։
Հիմա սպասումը անուն ունի։
Սպասումը հպարտությամբ քայլում է, բայց բացակայում է։
Անմահացավ ու թողեց հուշեր` էս ցուրտ ձմռանը դիմագրավելու համար։

Երանի ազգիս սպասումները ավարտվեն, ու հրեշտակների բանակը ետ վերադառնա իրենց տները…
Ու թող այսպիսի աշուններ չլինեն ու, ձմեռները ավելի քարացած չլինեն։ Թող բարությունը, արդարությունը ու հոգատարությունը սավառնի Հայոց երկնքում։
Սպասում ենք…

Ներեք մեզ, եթե կարող եք

Առավոտ, երբ աչքերս բացեցի ու հարցրեցի, թե` ի՞նչ ա եղել, մամ, ցավոտ պատասխան ստացա.

-Հողերը տալիս ենք…

Ցավը շատ մեծ է: Չգիտես` ուրախանա՞ս, որ վերջապես վերջացավ, թե՞ որ մեր տղերքի արյամբ սնած հողերը տվեցինք… Դժվար է ընդունել, որ Արցախ ենք կորցնում, որ այնտեղ, որտեղ ընկել է և հերոսաբար զոհվել հայորդին, պիտի տանք թշնամուն և պիտի տանք նրա համար, որ մենք և մյուս սահմանին կանգնած քաջերն էլ չընկնեն, պիտի տանք, որ էլ չկռվեն, ու վերջանա… Վերջանա և երբեք չմոռացվի…

Մենք միայն համակերպվողի դերում ենք, ընտելանում ենք կատարվող ամեն ինչի հետ, հիմա բոլորս մեծ ցավ ենք ապրում, մենք մեզ չենք ներում, բայց քիչ-քիչ ընտելանում ենք, և այս ամենն էլ է սովորական դառնում:

Սովորեցինք ապրել վիրուսի հետ (որը պատերազմի դեմ չնչին երևույթ էր):

Սովորեցինք ապրել պատերազմի հետ, սովորեցինք կորցնել արդեն ամենաթանկերին և չսպասվածներին…

Կսովորենք նաև ապրել ընդունելով, որ հայ զինվորի շնորհիվ ենք ապրում, նրա կյանքն էլ մեր կյանքի հետ պիտի ապրենք, որ գոնե մեզ կարողանան ներել, որ այն հողը, որը մեր ապրելու համար էին պահում, կա, ու մենք ապրում ենք:

Շատ դժվար է նկարագրել նրանց հերոսությունը, բառեր չես գտնում, էնպիսի բառեր, որ իրոք բնութագրում է… Ուզում եմ հերոսներս իմանան, որ թեև հողը տվել ենք, բայց երբեք չենք մոռացել իրենց հերոսական արարքները: Մենք չենք ուզել այդ հողերը տալ, մենք միայն արցունքներով ենք ընդունել դա, ընդունել ենք ինքներս մեզ չներելով, բայց ձեզանից ներում սպասելով, որովհետև դուք ամենաբարին եք, ամենահայրենասերը և ամենաամենան:

Ներեք մեզ, որ առանց ձեզ ենք ապրելու…

Մեր աղոթքները երբեք չեն պակասի ձեր սուրբ հոգիների խաղաղության համար:

Զանգ սահմանից

-Ալո, Ան, բարև: Ո՞նց ես, ի՞նչ կա, Ան: Ան, նորությունները լսել ես, չէ՞, թե ինչ եղավ։

-Բարև, Համ, լավ եմ, ախպերս: Դու լավ լինես: Հա, տեսա, ախպերս, ամեն ինչ գիտես: Դու ասա` ո՞նց ես, ի՞նչ կա։

-Ան, հիմա որ ես գամ գյուղ, գյուղացիք չե՞ն ասի` էս ի՞նչ տղա ես, չկարեցար մի հող էլ պահես: Ան, կասե՞ն, թե չէ։

- Համո, գժվա՞ր: Ի՞նչ ես խոսում, չեն ասի, իհարկե, չեն ասի։

-Էսքան բոյ տվինք, էսքան արյուն թափվեց, ու հիմա սենց։

-Լավ կլինի, ախպերս: Մենք կհաղթենք, մի մտածի: Վաղ թե ուշ մերը կլինի ամեն ինչ։

-Հա, մենք  կհաղթեինք: Գիտե՞ս երբ կհաղթեինք: Երբ էդ որ իրանց լավ տղա են զգում, Ազգային Ժողով են մտնում, իրանց լավ տղա են զգում, 100 հոգով մի հոգու են ծեծում։ Էն որ իրանց ուժը մենակ սեղան աթոռի վրա են կարում ցույց տան։ Երբ էդ տղերքը ստեղ մեր կողքը կանգնած լինեին, էդ ժամանակ կհաղթեինք։ Կհաղթեինք, երբ մի պոստ վստահված ա 30 հոգու, երբ կրակում էին, էդ պոստը 7 հոգով էինք պահում: Մնացածը փախնում էին։ Փախնում էին 30 տարեկան մարդիկ, իսկ մենք՝18-19 տարեկաններս, բոյ էինք տալիս, հետո հելնում էին ու չէին կարում մեզ նայեին: Ու էդ ժամանակ մեզ մի բան էր մնում` թքեինք իրենց ճակատին, որ եկել էին պատերազմ, բայց թողնում փախնում էին, ու դու ուզում էիր, որ մենք հաղթեինք: Հա, հաղթեինք, երբ ընկերոջդ դիակի մոտ նստում ես, որ հաց ուտես, բայց չես կարողանում: Հասկանում ես. հաց դու չես ուտում, 40 օր շարունակ դու ուղղակի գոյատևում ես։ էհ, Ան, էնքան բանի միջով ենք անցել… Հա, Ան, մեկ էլ ինձ համար մի լավ հոգեբան ճարի, որ հոգեկանս կարգի բերի, Ան: Կանե՞ս, կլինի, չէ՞…

- Չգիտեմ` ինչ ասեմ: Մենակ մտածիր, որ լավ ա լինելու…

-Ան, ստեղ միակ լավ բանը էն ա, որ պատերազմը դադարեց: Մեր տղերքը զոհվեցին էդ հողի վրա, բայց եթե շարունակվեր, մեր դիակները հատիկ-հատիկ տուն էին բերելու… Բայց մենք մեր հողերը հետ կբերենք վաղ թե ուշ: Մեր տղերքի արյունը իզուր չի թափվել ընդեղ: Մեր տղերքը իրանց կյանքը իզուր չեն զոհել… Հետ ենք բերելու 100%: Աստված վկա, սա սենց չի մնա: Մեր տղերքի հոգիները հիմա հանգիստ չի: Մենք մեր տղերքի հանգստությունը հետ ենք բերելու ու Ռոբի խոսքերի տերն ենք լինելու: Հաղթելու ենք վաղ թե ուշ, քուրս…

-Գիտեմ, ախպերս, գիտեմ։

Տեսե՞լ եք` ինչքան թախիծ կա զինվորի աչքերում, երբ պատմում է էդ հերոսական  դրվագները, երբ պատմում է, թե ոնց է ընկերոջ դիակը փրկել: Ոնց են մեռնելուց պրծել, ոնց են 40 օր ոչնչացված ապրել…

Մենք կհաղթենք, Աստված վկա, մեղավորները պետք է պատժվեն։ Մեր տղերքի արյան վրեժը մենք հանելու ենք, եթե անգամ աշխարհում մի հայ էլ մնա…

Արագած գյուղը սգում է

Ծանոթացեք, Սևակն է Ալեքսանյան, ով 2019 թվականին գնացել էր պարտքը տալու հայրենիքին և 3 ամիս էր մնացել, որ տուն վերադառնար։ Սակայն հենց նրա ծննդյան օրը սկսվեց սարսափելին՝ պատերազմը։ Սևակը կյանքը չխնայեց հանուն հայրենիքի: Նա անմահացավ։ Նույն դպրոցում էինք սովորում ու նաև քեռուս որդին է։ Շատ ուրախ ու նպատակասլաց տղա է, հումորով, ընկերասեր ու «ջիգյարով»։ Լիքը նպատակներ ու երազանքներ ուներ։ Չեմ կարող նրա մասին անցյալով խոսել, որովհետև նա կա, նա մեր սրտերում է, ու երբեք չենք մոռանա սիրուն ժպիտով տղային, ով ամեն բան անում էր, որ դիմացինի դեմքին ժպիտ հայտվներ: Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ` փոքր։ Աստված որոշեց, որ Սևակը պետք է իր կողքին լինի ու տարավ նրան մեզանից։ Երբ խոսում էինք նրա հետ, նա այնքան ոգևորվածությամբ էր խոսում ու միշտ ասում էր, որ հաղթելու ենք։ Նա օրագրերից մեկում գրել էր.

«Այս աշխարհում ոչ մի ծնող որդու մահը թող չտեսնի,

Ծնողն ապրած իր ողջ կյանքում որդու համար թող չլացի,

Խնդրում եմ քեզ, իմ Տեր Աստված, ընտանիքիս առողջ պահիր»։

Սևակ, չստացվեց… Լույսերի մեջ մնաս, իմ հերոս եղբայր։

Իսկ նա Հովհաննեսն (Հովաս) է Բեյբության։ Համեստության մի տիպար։ 23 տարեկան էր, ու իր կյանքը զոհեց հանուն հայրենիքի։ Ավարտել էր պատմության և  իրավագիտության ֆակուլտետը։ Ավաղ, չհասցրեց մասնագիտությամբ աշխատել… Լույսերի մեջ մնաս, հերոս։

Հադրութի ամենալավ գնդապետը Ապարանցի Հայկն էր Կիրակոսյան, ով իր  ողջ կյանքը ծառայեց հայրենիքին անձնվիրաբար։ Իր ծննդավայր Արագածից ու լեռներից ուժ հավաքած Հադրութի գնդապետը մինչև վերջին շունչը պայքարեց հանուն հայրենիքի։ Հայկը իր երկրի համար նվիրյալ զավակ էր։ Պատերազմի ժամանակ նա միշտ ասում էր, որ ինքը գնդապետ չէ, այլ իր զինվորների նման շարքային ծառայող։ Հերոս, քո կորուստը անդառնալի հետք թողեց թե՛ քո զինվորների, թե՛ մեզ վրա։ Հանգչես խաղաղությամբ, ապարանցի գնդապետ։

Խոնարհվում եմ  հերոս ծնած բոլոր մայրերի առաջ: Մեծ ուժ ու համբերություն ձեզ։

Հաղթելու ենք

Հրեշտակների բանակը

Ժամանակ կա, ամսաթիվն էլ է փոխվում, մենք էլ ենք ապրում, բայց մեր մեջ մարդկային շատ բացականեր կան, փողոցները գնալով դատարկվում են, ու երկրի երեսից պակասում են ամենաանկեղծ ժպիտները։ Շա՜տ տխրեցինք, ու շատ հպարտացանք, կորցնում ենք ֆիզիկապես, բայց հոգեպես մենք ստեղծում ենք հերոսներ։ Մենք` բոլորս, ապրում ենք գիտակցված մեղքի մեջ, այո, մենք մեր կյանքի փոխարեն ապրում ենք շա՜տ տղաների կյանքը։ Ու ցավն անգամ այնքան շատ է, որ դրա ուժգնությունը չենք էլ զգում։

Այո, մենք հպարտորեն կարող ենք նշել, որ շատ հերոսների հետ ապրել ենք մի փողոցում, սովորել նույն դպրոցում, ու կիսել ենք նրանց հետ ամենաիսկական ժպիտները, նրանց հետ կիսել ենք մեր դժվարություններն ու երբեմն նրանցից նեղվել։

Այո, մենք նրանց կյանք ենք պարտք։ Ու իրենց չապրածը մեր ապրածից մեծ է ու շատ, վեհ է ու ավելի բարձր։

Այո, աշխարհը չկարողացավ այսքան բարություն մի փոքր երկիի վրա բնակեցնել։

Այո, նրանց կյանքը ծնված օրվանից հրեշտակային էր, նրանց հոգին ճերմակ էր ու մաքուր։ Նրանց հոգու մաքրությունը չկարողացավ դիմակայել այսքան կեղծիքի ու ստի։

Ճիշտ է, նրանք հրեշտակներ են ու հրեշտակի պես էլ հեռացան…
Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարելի է ապրել առանց հրեշտակի, դրա համար մարդուն շա՜տ մեծ ուժ է պետք։
Մենք կորցրեցինք հրեշտակների մի ամբողջ բանակ, մենք կորցրեցինք մի ամբողջ կյանքի սերեր, մենք կորցրեցինք մի ամբողջ կյանք։
Ու անհնար է ծնողին բացատրել, որ իր տղան հրեշտակ է, որ հայրենիքը իր որդու կյանքից ավելի թանկ է։ Ու դժվար է սպասող սրտին ասել, որ մի օր կգա ու շա՜տ ամուր կգրկի։

Հերոսները անմահացան, նրանք գնացին հավերժի ճամփով ու դարձան մի ամբողջ երկրի պահապան հրեշտակը…

Տուն դարձեք, տղերք

Մեր հերոսները հայր դառնալ էդպես էլ չհասցրին …

Շատ փոքրիկներ էդպես էլ հերոս հայրեր չունեցան,

Աղջիկները մնացին անվերջ սպասելով,

Ու ոչ ոք չգիտի, կհավատա՞ն սիրուն կրկին …

Պատերազմը կավարտվի,

Կհաղթենք, անպայման կհաղթենք,

Ու երջանկությունից բարձր կգոռանք, ոռնալու աստիճան:

Բայց կորուստները հավերժ կսգանք,

Որովհետև բոլորս կորցրինք ամենաթանկը:

Ու երևի, թե էլ լիաթոք երբեք չենք ուրախանա:

Նրանց տեղը ոչ ոք չի լրացնելու:

Նրանց տեղը տան դուռը բացող չի լինելու:

Նրանց տեղը ոչ ոք հետ չի գալու:

Նրանց տեղը սիրող չի լինելու:

Էլ երբեք,

Ոչ մի ժամանակ,

Ոչ մեկը …

Սիրտներս արնաքամ է լինում:

Հերիք ա տղերք, տուն դարձեք:

Հայրենիքը մերն է

Արդեն մեկ ամիսն անցավ: Պատերազմը շարունակվում է, պատերազմ հանուն ազատության և հանուն հայրենիքի։ Մեր լսած հեքիաթների չարն ու բարին են կռվում դեմ առ դեմ, որտեղ միշտ չարը պարտվել է, և այսօր էլ պարտվում է։

Պատմությունը շա՜տ է ստիպել մեզ՝ պայքարելու և պահելու մեր իսկ հողում ապրելու արդարացի իրավունքը, հողում, որի հիմնական «պարարտանյութը» դարերով ու հազարամյակներով եղել է հայի արյունը։ Թեև որտե՞ղ չի թափվել այն… Անգամ Դեր Զորն ենք «սնել» այդ արյունով: Զարմանալի է, որ այդպես էլ չծաղկեց այդ անապատն այս հարյուր տարվա ընթացքում։ Դարերով ու հազարամյակներով ստիպված ենք եղել կռիվ տալ, պայքարել, մեռնել, որպեսզի ապրենք… Այդպես էր Հայկի ու Բելի ժամանակներում, այդպես էր 451թ.-ին, այդպես էր 1992-ին, այդպես էր 2016 թվականի ապրիլին, այդպես է նաև այսօր…

Թվում է, թե անցել են զենքի ու պատերազմի ժամանակները, թե հարցերն արդեն կարելի է լուծել մեկ սեղանի շուրջ, բայց դա այդպես չէ ամենևին։ Հայը 21-րդ դարում էլ շարունակում է պայքարել, կռիվ տալ, մեռնել, որ ապրի… Հարձակվել են, բզկտել, ամեն մեկը փորձել է փախցնել իր կտորը, բայց հայ տեսակին վերացնել չեն կարողացել ու չեն էլ կարողանա։

Մերօրյա հերոսը հայ զինվորն է։ Այն զինվորը, որը միայնակ մնալով խրամատում և չլքելով իր անմահացած ընկերներին, նռնակով պայթեցնում է իրեն և իր հետ տանում թշնամուն։

Անմահացան հանուն մեզ, հանուն հայրենիքի ազատության…

Հերոս են տասնութամյա պատանիները, ովքեր դեռ մեկ տարի առաջ դպրոցական նստարանին նստած սերտում էին հայրենասիրության մասին, Ավարայրի ճակատամարտի ու Վարդան Մամիկոնյանի սխրանքի մասին, իսկ այսօր իրենք են սահմանին կանգնած ապացուցելու իրենց հայրենասիրությունն ու նվիրվածությունը, իրենց խիզախությունն ու քաջությունը։

Հերոս է յուրաքանչյուր զինվոր, թե՛ կամավոր, թե՛ ֆիդայի։ Յուրաքանչյուր տագնապի դեպքում անվարան վերցնում են զենքն ու առանց վախի համարձակ կանգնում սահմանին։

Մեր շուրջն այնքա՜ն հերոսներ կան… Հերոս են դեռ չծնված։ Ծնվում ու մեծանում են հայրենիքին նվիրաբերվելու համար։ Մինչև վերջին շունչը կռվելով պատմություն կերտում։ Դարերից եկած մեր վրեժխնդրությունը նրանց մեջ էր, նրանք կյանքի գնով լուծեցին այն…

Պատերազմ չենք ուզում, չենք նախաձեռնում, չենք հրահրում, բայց գիտե՛նք դիմակայել, գիտե՛նք մեկ բռունցք դառնալ, գիտե՛նք ձեռք ձեռքի տալ, գիտե՛նք արյան գնով կռիվ տալ, մեզ չե՛ն ստիպում, մեզ չե՛ն համոզում, մեզ չե՛ն խնդրում… Ո՛չ, մենք ինքնակամ ենք գնում՝ առանց նայելու տարիքին ու օրվա հոգսին, գնում ենք, որովհետև հողը մերն է, ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵՐՆ Է…