hripsime vardanyan

Պուշկինն ու մենք

Վերջին մի քանի հոդվածներս սկսվում են խոսքերով այն մասին, որ երկար ժամանակ է, ինչ չեմ գրել: Եկեք ավանդույթները չխախտենք:

Երկար ժամանակ է, ինչ չեմ գրել: Պառկում եմ քնելու` հազարավոր և միլիոնավոր մտքեր ու թեմաներ են ծագում գլխումս: Ինքս ինձ խոստանում եմ, որ առավոտյան բոլորը հերթով կգրեմ: Սակայն, եթե նկատել եք` անցած հոդվածիցս գրեթե մեկ տարի է անցել:

Ի տարբերություն Չինաստանի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի և այլ երկրների ժողովրդի, և ի զարմանս ինձ՝ իմ նոր տարին շատ լավ եմ սկսել: Ինչ-որ թարմություն էի զգում իմ մեջ: Զգում էի, որ այս տարին հաջողակ է լինելու: Սակայն տեղի ունացավ այն, ինչից, ցավոք, ոչ ոք ապահովագրված չէ: Մի մտածեք, թե սկսելու եմ գրել COVID-19-ի մասին: Արդեն հոգնել եմ նույն վատ նորությունները լսել ամեն առավոտ: Դրա համար շեղվենք այդ թեմայից:

Իհարկե, ծիծաղելի կհնչի, բայց այս մեկուսացումը մեծ հնարավորություն է բոլորիս համար` բացահայտելու մեր մեջ թաքնված կարողությունները, կամ անել այն, ինչը պլանավորում էինք դեռ վաղուց, օրինակ` հոդված գրել, կամ կարդալ վաղուց պահարանին մոռացված գիրքը: Վերջիվերջո, «մարդու նման» շփվել ընտանիքի անդամների հետ, արխիվից հանել հին լուսանկարներն ու հիշել անցած, գնացած տարիները: Ես իջնում եմ բակ, մայրիկիս օգնում տան գործերում, իսկ ինչու ոչ: Իմ գրականության դասախոսը, փորձելով մեզ ոգեշնչել, մեզ հիշեցրեց այն մասին, որ Ա.Ս. Պուշկինն իր ամենահայտնի և ամենասիրված ստեղծագործությունները գրել է մեկուսացած լինելով: Այնպես որ, հետևեք Պուշկինի օրինակին` գուցե մի բան ստացվի:

Nare Hovhannisyan

Իմ նվիրած փողկապը

Էս աուրան կթողնեմ էստեղ, իսկ դու կկառչես դրա ճոթերից, կօրորվես։ Հետո մի պահ կփորձես հիշել դիմագծերս, լուռ ու մուգ աչքերս, երկար ու խիտ թարթիչներս, նեղ ու կիսակարմիր շուրթերս․․․ Դրանք բոլորը աղոտ տպավորված կլինեն գլխումդ, ու նորից կձևես ինձ ու կփոշմանես, որ կազմվածքս լավ չես հիշում։ Կնստես բազմոցին, կվառես վերջին ծխախոտդ, ամուր կպահես ատամներիդ արանքում, ու կխեղդվես, որովհետև էլի ծխել չսովորեցիր։ Կհանես մուգ կապույտ վերարկուդ, անփութորեն կշպրտես դռան մոտ դրված պահարանի վրա, ակնթարթի պես վերարկուդ կսահի ու կփլվի գետնին՝ մոռանալով իր անհրաժեշտության մասին։ Նորից կփլվես բազմոցին, ճմլված ծխախոտը վերջապես կհանես բերանիցդ ու կնետես աշխարհից ծանրացած մոխրամանի մեջ։ Տաք թեյին կկարոտես, մտքումդ մի քիչ դարչին կավելացնես՝ նուրբ կծվություն պահանջելով, թզի մուրաբան էլ կհալչի բերանումդ։ Փողկապդ կարձակես, որը միշտ վզիցդ բռնում է ու թափ տալիս քեզ՝ հիշեցնելով ով լինելդ։ Մի թեք հայացք կնետես, որ էլի իմ նվիրածը չկապեցիր, որովհետև մանուշակագույնն ու նարնջագույնը քեզ համար համատեղելի չեն։ Աչքերիցդ այն կողմ ծակող ու անտանելի ցավեր կզգաս, կտրորես, կմտածես իմ ասած մեթոդների մասին, ու աչքերդ 20 անգամ աջ ու ձախ կտանես, 30 անգամ վերև-ներք և միայն մեկ անգամ այդ ամենը կանես հավատով։ Կփնտրես բազմոցին շարված բարձերից մեկը, գլուխդ կդնես ու կհիշես, որ ասել եմ, որ չի կարելի առանց ծածկոց քնել, այն էլ հունվար ամսին։ Միտքդ ինձ կհիշի, ու հենց այդ պահին գլուխդ ծուլորեն կբարձրանա բարձից։ Մարմինդ՝ կմախքացած ու նվաղած, օրորալով հյուրասենյակից կուղղվի ննջարան ու քնելուն ծարավ հայացքով կանիծի չխմած թեյերի համար։ Մարմինդ կնետես մահճակալին ու կմոլորվես նրա ծալքերում… Թեյնիկը կեռա, տաք թեյի կկանչի, իսկ դու իմ նվիրած փողկապը էդպես էլ չես կապի։

Mariam Harutyunyan

Հարմարվենք կարանտինին

Երբևէ փորձե՞լ եք դեմ գնալ օրենքներին՝ հարմարվելով դրանց հետ։ Համաձայն եմ՝ տարօրինակ է հնչում։ Ըստ իս՝ եթե մենք գտնենք իրավիճակին հարմարվելու այլընտրանքային ճանապարհ, հաղթանակած դուրս կգանք։ Մի օր իմ ամենամոտիվացնող դասախոսներից մեկն ասաց՝ օրենքների դեմ պետք է պայքարել՝ ստեղծելով մեր comfort zone-ը հենց այդտեղ։ Հաշվի առնելով դասախոսիս՝ մտածել ստիպող միտքը և ներկայիս լարված իրավիճակը՝ կարծում եմ հենց այդպես էլ պետք է վարվենք։

Կարանտինի օրերին մեզ մոտիվացնող մտքեր են պետք, որպեսզի ցրենք լարված իրավիճակը։ Իսկ լարված իրավիճակը ցրելու լավագույն օգնականները գրքերն են։ Ձեզ եմ ներկայացնում 3 գիրք, որոնք կփոխեն կյանքի նկատմամբ ձեր հայացքները։

1․Ջեյն Օսթին «Հպարտություն և նախապաշարմունք»

Սերն ընդդեմ խտրականության. սա է այս գրքի գլխավոր իմաստը։ Սուր հեգնանքը, իրապաշտությունը, հումորը և սոցիալական խավերի նկարագրությունները օգնել են վեպի հեղինակին համբավ ձեռք բերել քննադատների, գիտնականների և ժամանակակից հանդիսատեսի շրջանում։ Ես դեռ դպրոցական էի, երբ կարդացի այս գիրքը։ Սկզբում կարծում էի՝ անիմաստ սենտիմենտալ գործ է՝ լի ռոմանտիկ, կամ ինչպես ասում եմ ես հաճախ՝ «ղզիկ» դրվագներով։ Բայց սխալվեցի։ Այս վեպի միջոցով ես հասկացա, որ խտրականություն ասվածը ոչինչ է՝ բացի ֆանտաստիկ ուտոպիա լինելուց։ Խտրականությունը ապրում է մեր մեջ, փորձում «կառավարել» մեզ։ Երբ գրադարանից գիրքը վերցրի, մի կին, ով այդ պահին այնտեղ էր, ինձ հարցրեց.

-Իսկ սիրահարվա՞ծ ես։

-Դա որևէ կապ ունի՞ այս գիրքը ընթերցելու հետ։

-Ընթերցելուց հետո կհասկանաս։

Ինձ մոտ ինչ-որ տարօրինակ զգագողություն առաջացավ այս կնոջ հետ կարճատև զրույցից հետո։ Տպավորություն ստեղծվեց, որ ես զրուցում եմ հենց Ջեյն Օսթինի հետ։ Ցավոք, դա մեր առաջին և վերջին հանդիպումն էր, այդ կնոջը այլևս չտեսա։

2․ Հերման Հեսսե «Տափաստանի գայլը»

Գիրքն առաջարկել է կարդալ իմ ամենամոտիկ ընկերներից մեկը։ Միջանկյալ քննությունների նյութերը մի կողմ դրած՝ կլանվել էի այս գրքի մեջ։ Այնքա՜ն ասելիք կար գրքում։ Չեմ կողմնորոշվում՝ ինչպես մեկնաբանել, որտեղից սկսել։ Առաջին հերթին՝ ինձ շատ հետաքրքրեց գրքի հեղինակի կյանքը։ Կարծես դժբախտ բառը նրա համար է ստեղծված, անգամ ինքնասպանության փորձ է արել, որն իր արտացոլումն է գտել վերոնշյալ գրքում։ Գիրքը ինձ տվեց հետևյալ միտքը՝ ինքնասպան լինողները միայն նրանք չեն, ովքեր ֆիզիկապես գոյություն չունեն, մարդը կարող է ապրել, շնչել, բայց լինել ինքնասպանված։

«Տափաստանի գայլը» գիրքը երբեմն անվանում եմ «անշունչ հոգեբան», քանի որ ահռելի հոգեբանական-ուսուցողական ենթատեքստ կա այնտեղ։

3․ Վիկտոր Հյուգո «Թշվառները»

Սա ամենահզոր գիրքն է, որ երբևէ կարդացել եմ։ Այդ ժամանակ սովորում էի 12-րդ դասարանում։ Մի կողմից միասնական ընդունելության քննությունների համար էի պարապում, մյուս կողմից կարդում էի գիրքը։ Ուսուցիչներս ասում էին՝ մի՜ կարդա, ընդունվելուց հետո կկարդաս, չես հասցնի, բա միասնականներիդ համար ո՞վ ա պարապելու։ Եվ ես միշտ հանգստացնում էի նրանց՝ ասելով՝ ամեն ինչ կհասցնեմ, այս գիրքը մոտիվացնում է ինձ, այդպես ես ավելի դրական եմ տրամադրվում քննությունների նկատմամբ։ Այն ամենը, ինչ գիրքը տվեց ինձ, դժվար է բառերով բացատրել։ Դուք ի՞նչ եք զգում «թշվառ» բառը կարդալիս կամ լսելիս։ Մինչ այս գիրքը կարդալը ես միայն տհաճություն էի զգում, «թշվառը» մարդու թույլ, խղճուկ վիճակն է։ Բայց գիրքը կարդալուց հետո ներսումս հեղափոխություն տեղի ունեցավ։ Հասկացա, որ ամենաուժեղ ու ամենապատվավոր մարդիկ հենց թշվառներն են։ Հենց նրանց է բաժին ընկել ճակատագրերից ամենադառնահամը, բայց նրանք այդ դառնահամ ճակատագրի արժանապատիվ կրողներն են։

Դե ինչ, սրանք իմ ամենասիրելի 3 գրքերն էին, կիսվեք ձեր սիրելի գրքերով ևս, փակվեք ձեր սենյակում, զբաղվեք ընթերցանությամբ և «հաղթեք» օրենքներին։

valentina

Ընտանեկան խճանկար

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Նարեի աչքի տակ հայտնվեց կարմրակապտագույն կապտուկը: Քանի որ նրան է պատկանում մեր ընտանիքի համեստագույնի համբավը, «խեղճ» երեխու տիտղոսը, ես ու եղբայրս պետք է ինքներս դուրս գայինք մեր պատրաստած ճաշից (կամ ուտեինք այն, չգիտեմ) և փրկեինք Նարեի «պատիվը»: Այնպես ստացվեց, որ ես մոռացա բռնել եղբորս հեծանիվը, դե, նա խնդրել էր, որ այդպես անեի, մինչ նա կյուղապատեր, կձեթապատեր, և ինչու չէ՝ կփայլատակեցներ շարժվող շղթաները: Մոռացա բռնել հեծանիվը, ինչպես հաճախ մոռանում եմ, որ սիրտս բաբախում է, մարդկանց անունները, և «սթեսցյուն» արտասանող մարդկանց գոյությունը հերքելը: Դե, որովհետև սիրտս միշտ բաբախում է, մարդկանց անունները դժվար է մտապահել, իսկ այդ մարդիկ ամենուր են` գետնի վրա, գետնի տակ, ինչու չէ` երկնքում: Ինչևէ, հեծանիվը ընկավ ցած` ջուրը գցելով եղբորս տառապած աշխատանքը: Բայց դա դեռ ամենը չէ, ես պատրաստվում էի շտկել արածս, երբ մի մեծ վայրենի կենդանի գազանացած դեմքով հարձակվեց վրաս: Եղբայրս էր: Մի կաթիլ յուղից սկսվեց տաք պատերազմ: Հայտնվեց Նարեն` սկսեց առանձնացնել մեզ, ավելի ճիշտ՝ մեզ չէ, այդ աբորիգենին՝ ինձնից, բայց փոխարենը ստացավ նրա տաք բռունցքը: Այո՛, եղբայրս «մաուգլիաբար» «գլխեց» նրան: Այս դաժան տեսարանին հաջորդեց իմ ու եղբորս ցինիկ ծիծաղը, որովհետև Նարեն էր գազանացած դեմքով նայում մեզ: Մի խոսքով, պետք էր պատճառ հորինել` երկար բարակ խոսակցություններից փախչելու համար: Կարող էինք խաբել, թե Նարեն սկսել է շրթներկ օգտագործել, բայց այտին, կամ Նարեն զբաղվում է չինական մարտարվեստով, բայց բավարարվեցինք միայն այն ստով, որ Նարեն հեծանիվը սարքելուց ընկել է հենց այտի վրա, ուղիղ այտի վրա:

Ամեն ինչ ավարտված էր, ես ու եղբայրս գոհ էինք, հեծանիվի «բազարները»՝ փակված, Նարեն էլ` երջանիկ, որ դասերն ու պարապմունքները առցանց են:

Arpine Miqayelyan

Մտքի էվոլյուցիա

Կեսգիշեր էր: Հյուրասենյակում մնացել էինք ես ու պապան: Բոլորը քնած էին: Իրականում, ծանր աշխատանքային օր ունենալուց հետո պապան էլ էր բազկաթոռին քնել: Չուզեցի արթնացնել ու որոշեցի ծածկոց գցել վրան, մեկ էլ.

-Չէ՜, գալիս եմ:

Բարձրացանք վերև, պառկեցի, հեռախոսիս ձայնն ինչպես միշտ անջատեցի, որ հաջորդ օրը մոռանամ միացնել ու բաց թողնեմ տասնյակ զանգեր ու միշտ լսեմ «էդ հեռախոսդ ինչի՞ համար ա» արտահայտությունը: Բայց ամեն դեպքում արեցի էնպես, ոնց միշտ եմ անում: Փողոցի լամպի լույսն ընկնում էր ուղիղ աչքերիս մեջ. էլի վարագույրը մի կողմ էին տարել: Մեկ էլ էդ լույսի պես ու լույսի արագությամբ գլխիս մեջ ընկան հիշողություններ ու սկսեցին դասավորվել փոքրից մեծ. հիշեցի ինձ ու վարքագիծս տարբեր տարիքներում: Չգիտեմ՝ ինչպես կոչել․ մտածողության, բարության, գիտակցության կամ գուցե հասունության փուլեր:

Արի քեզ պատմեմ մտքերիս մասին, ձեռքդ բռնեմ ու բարձրանանք իմ տարիքային աստիճաններով:

Երբ փոքր էի, ծայրահեղ եսասեր երեխա էի: Խանութի ամենասիրուն տիկնիկն ուզում էի ու իր ճակատագիրը պարզ էր մամայիս համար։ Բերում էի տուն ու շատ կարճ ժամանակ անց տիկնիկ չկար, ու էդպես՝ միշտ: Երեխա էի, չէի հասկանում, որ դժվար վաստակած գումարով գնված նվերին գոնե պիտի լավ վերաբերվեմ, չէ՞ որ պարտադրել եմ, որ գնեն ինձ համար, իսկ եթե չգնեին, երևի մազերս կպոկեի տանը, պոկելուց հետո էլ երևի կլացեի ու կպահանջեի, որ կպցնեն մազերս, ոնց անում էի, երբ իմ կամքին հակառակ կտրում էին մազերս: Ինչևէ, գիտեմ, որ հեչ լավը չեմ եղել:

-Մա՛մ, քո տեղը լինեի՝ ինձ չէի պահի,- ասում եմ ես, իսկ մաման ժպտում է ուղղակի, որովհետև ինձ շատ է սիրում՝ անկախ ամեն ինչից:

Հետո մեծացա, բայց էն «էծանալու» պահը չէ: Դարձա հանգիստ, հավասարակշիռ երեխա (դե, էլի երեխա էի դեռ): Ես չէի ստիպում, որ ամեն օր ինձ համար պաղպաղակ գնեին, արդեն գիտակցում էի, որ գումարը գրպանի մանրաթելերից չի առաջանում ու որ պետք է հասկանալ: Երբ ինչ-որ ցանկությունս մերժվում էր, ժպտում էի մամայիս՝ հիմար կապրիզների փոխարեն:

Միշտ ընկերներիս հետ էի, բայց չէի զգում՝ ինչ է ընկերությունը: Երբ ընկերներիցս մեկին մի բան էր լինում, ինչ-որ անհասկանալի բաներ էի մտածում: Այ, օրինակ միշտ ինձ էի մեղադրում, եթե կողքինս տխուր էր, եթե անգամ հենց ինքն էր մեղավոր իր տխուր լինելու համար, բայց անընդհատ քեզ մեղավոր զգալն ու անընդհատ էդ բեռից ճկվելը ճիշտ չի, չէ՞: Չգիտեմ, երևի լող էի տալիս բարության, պաթետիկության ավազանում, բայց դե դա չի բարությունը:

Մենք ամեն օր փոխվում ենք, չէ՞, ամեն օր նոր մտքեր ենք ունենում, նոր «բարի լույս» ենք ասում աշխարհին: Հիմա շատ բան է փոխվել, դա բնական է, հիմա շատ բաների այլ աչքով եմ նայում ու այլ կերպ եմ ընկալում: Հիմա ես չեմ ապրում որպես մեկի ընկեր, մեկի քույր, մեկի աղջիկ ու էդպես շարունակ: Ես գիտեմ, որ մեկն եմ ու եթե մեղավոր եմ, դա էլ գիտեմ. ես ընդունում եմ սխալս ու սովորում եմ դրանից: Ես գիտեմ, որ առանձնին անհատականություն եմ ու ունեմ իմ իրավունքները՝ ինչպես մյուսները: Գիտեմ, որ պետք է շատ սեր ունենա մարդ իր մեջ, որ չչարանա ու չատի որևէ մեկին. էդպես էլ փորձում եմ անել (մեկ-մեկ շեղվում եմ):

Ու գիտեմ, որ առայժմ իմ էս տարիքն եմ սիրում ու հասունությանս էս մակարդակը: Նաև գիտեմ, որ էսքան պատմածիս մեջ գոնե մի տեղ քեզ գտել ես: Բայց աչքերս արդեն փակվում են ու ուզում եմ էսօրվա «բարի գիշերը» մաղթել: Վաղը արի թեյ խմենք միասին, մեխակով ու դարչինով կպատրաստեմ, հետո էլ կհիշեցնես, որ հեռախոսիս ձայնը միացնեմ, թե չէ հաստատ մոռանալու եմ:

shushanhakobyan

Դպրոցում

Գիտեմ, որ սխալ կլինի միայն մեկ դպրոցի անցուդարձին ծանոթ լինելով կարծիք հայտնել հանրապետության դպրոցներում տիրող վիճակի մասին, բայց, համենայնդեպս, կներկայացնեմ, թե ինչ է տեղի ունենում մեր դպրոցում, և թե ինչ է ստիպում մտածել այդ իրողությունը ուսուցչի «վեհ» աշխատանքի մասին:

Վերջերս 17.am-ում տեղադրված նյութերից մեկում հավանաբար ավագ դպրոցի աշակերտներից մեկը դպրոցին տվեց «ճաղերով փակված շենք» բնութագրումը: Դրա հետ, իհարկե, համաձայն եմ, բայց այն դպրոցում, որտեղ սովորում եմ ես, այս արտահայտությունը կարելի է հասկանալ ուղիղ իմաստով. դպրոցի դուռը մի՛շտ փակ է և պահակն այն բացում է միայն այն ժամանակ, երբ ներկայացվում է դասղեկի և տնօրենի կամ փոխտնօրենի ստորագրությունը: Բազմաթիվ դեպքեր կարող եմ նշել, երբ տնօրենը բարձր ջերմություն ունեցող աշակերտին թույլ չի տվել գնալ տուն հետևյալ խոսքերով. «Դուք սատկելուց էլ լինեք, պիտի գաք, դպրոցում սատկեք»։ Սա՝ մեկ:

Ուսուցիչները ոչ մի կերպ չեն վերահսկում իրենց բառապաշարն աշակերտների հետ խոսելիս: Դասի ժամանակ անում են արտահայտություններ, որ հավատացեք, բոլորի պատկերացումներից դուրս են: Չհաշված, որ տնօրենն ուսուցիչների հետ, ի դեպ՝ իրենից տարիքով մեծ, խոսում է նույն ձևով, ինչպես աշակերտների հետ խոսում են այդ նույն ուսուցիչները… Շա՜տ լավ օրինակ են ծառայում, ինչ խոսք: Սա՝ երկու:

Այսքանից հետո կրթության որակի մասին նույնիսկ հարկ չկա խոսելու, որովհետև այն ակնհայտորեն ցածր մակարդակի վրա է: Դժվար թե գտնեք մեկին, ով դպրոցից դուրս գալու վայրկյանները չի հաշվում: Նման կերպով մատուցվող դասերը միայն ձանձրույթ են հարուցում, իսկ ուսուցիչները ոչինչ չեն անում այդ 45 րոպեն՝ ավելի հետաքրքիր, իսկ դպրոցական ծրագրի յուրացումն առավել դյուրին դարձնելու համար: Սա էլ՝ երեք:

Այնուամենայնիվ, դպրոցում կան հիանալի մանկավարժներ ու իրենց անելիքն իմացող ուսուցիչներ, սակայն նրանք միշտ մնում են այն ստվերում, որն առաջացնում են մեծ թվով «ուսուցիչ» բառից կիլոմետրերով հեռու անձինք:

Nare Hovhannisyan

Ասք փոխադրամիջոցների և իմ մտքերի մասին

Հիմա այնքա՜ն հոգնած եմ, է՜հ, սխալ ասացի, ալարում եմ։ Քեզ մոտ էլ է պատահել, որ մեծ պլաններ կազմած, արդեն այդ պլանները գլխումդ մի քանի անգամ իրականացրած, վստահ, գլուխդ բարձր, իջնում ես ավտոբուսից ու հանդարտ քայլերդ ուղղում տուն։ Դե՜ վստահ ես, որ մաման մի լավ բան ա պատրաստել, որի հոտն արդեն զգացել ես, դե՜ հոտառական ընկալիչներդ էլ էնպես են զարգացած, է՛լ դու սուս։ Մի լավ հաց ես ուտում, ու այդ պահին արդեն գիտակցում ես, որ քունդ տանում է, ու մեկ ժամ առաջ ծրագրածդ լեգենդները հօդս են ցնդում վայրկյանական… բա՜։

«Հենց այսպես էլ ապրում ենք»,- կասեր Ֆորշը, երբ կրկին միացնեի հեռուստացույցի երաժշտական ալիքը, բայց չէ, ես կսահմանափակվեմ ինքս կատարելով և ձայնալարերս վնասելով։ Հիշո՞ւմ ես՝ մի քանի վայրկյան առաջ ավտոբուս գոյականն եմ օգտագործել։ Հա՜, ավտոբուս ասացիք, հիշեցի. ի՞նչ փոխադրամիջոցներից ես օգտվում՝ առավոտյան 9։30 համալսարան հասնելու համար։ Դու մինչ կպատասխանես, ես կասեմ։ Ես ամեն օր Էրեբունյաց Էրեբունի հասնելու համար փոխում եմ երկու ավտոբուս. դե՜, նախ Երևան հասնում եմ ուսանողական ավտոբուսով, ի դեպ, եթե չգիտես, թե այդ ուսանողական ավտոբուս հասկացությունն ինչ է, ապա ես կբացատրեմ։ Ուրեմն, այն ևս հանդիսանում է «փոխադրամիջոց» (չակերտավոր ասված) և հատուկ տրամադրվում է տվյալ համայնքի (գյուղի) ուսանողներին։ Իրականում լավ գաղափար է։ Հա՜, շարունակեմ։ Այնուհետև համպատասխան ավտոբուսով, որոնք իհարկե շա՜տ են, հասնում եմ համալսարան։ Միանշանակ, սա մի գեղեցիկ տեղափոխման գրաֆիկ է, որն այս պահին շատերին կթվա բավականին անիմաստ, սակայն մի շտապեք կարծիք կազմել, քանզի առաջին տպավորությունը սովորաբար սխալ է լինում։ Ինչևէ, ժամանակին ինձ թվում էր, որ երբեք չեմ կարող տեղափոխվել նման ավտոբուսներով, մտածում էի, թե, այդ ինչպե՞ս պետք է գտնեմ համապատասխան ավտոբուսը, ինչպե՞ս բարձրանամ, որ պահին ասեմ, որ կանգնի կանգառում… Մի խոսքով՝ նման անիմաստ մտքեր, ինչպիսիք վստահ եմ՝ բոլորդ ունեցել եք։ Դե, իսկ հիմա, երբ պտույտ եմ տալիս մտքերիս անտառում, որն ի դեպ բավականին խիտ է, հասկանում եմ, թե ինչքա՜ն ժամանակ և հավես եմ ունեցել այդպիսի լեգենդներ հյուսելու համար։ Իսկ այժմ ես էլ այդպես չեմ մտածում, ինձ համար այնքա՜ն սովորական է դարձել «ավտոբուս» նստել, համապատասխան կանգառում իջնել, ամուր բռնվել, որ հանկարծ նահատակ չդառնամ և այլ շատ ու շատ նմանատիպ հասկացություններ։ Այնքան սովորական է, որ տպավորություն է ստեղծվում, որ միշտ հենց այսպես էլ եղել է, որ միշտ տեղափոխվել եմ իմ սիրելի դարձած 41, 10, 22 և 67 համարի ավտոբուսներով։

Իսկ վերջում պատմեմ մի դեպք, որը հենց այսօր առավոտյան տեղի ունեցավ։ Ես, սովորականի նման, կանգառում կանգնած դեգերում էի, որի ընթացքում գարնան տա՜ք արևը այրում էր դեմքս, ու արդյունքում դեմքիս տոնային կրեմը «ծորում էր»։ Ես հասկանում էի, որ դա շա՜տ վատ է, սակայն հազիվ ոսկրերս տաքացել էին ձմռան մեղմ ցրտից հետո։ Ու հանկարծ եկավ 7 համարի ավտոբուսը, որը սովորաբար ես չեմ նստում, քանզի այն ինձ դուր չի գալիս և մի քանի անգամ համոզվել եմ, որ այդ ավտոբուսից պետք է օգտվել միայն ծայրահեղ դեպքերում։ Սակայն, չես հավատա, եթե ասեմ, որ մի քանի վայրկյան տատանվելուց հետո ես բարձրացա 7 համարի ավտոբուսը ու հարմար տեղավորվեցի։ Չգիտեմ, թե ինչու, ուղղակի։ Տե՛ս, ես չէի շտապում և սա էլ այն ծայրահեղ դեպքը չէր, բայց բարձրացա…

Բավականին ճանապարհ էինք անցել, հասել էինք Կայարան, երբ իմ սիրելի ավտոբուսը փչացավ, ու շարժիչից սկսեց ծուխ արձակել։ Ես կասեմ, որ վարորդի բախտը բերեց, քանզի լուսացույցը փոխել էր կարմիրը, և մեքենաները հանգիստ կանգնած սպասում էին կանաչ լույսին։ Ու այս ընթացքում վարորդը հասցրեց ուսումնասիրել շարժիչից ելնող ծուխը ու դրա առաջացման պատճառները, ինչն ի դեպ անում էր մի գործիքով, որն ինձ հիշեցրեց հարթաշուրթ։ Մի քանի վայրկյան բարկացած վարորդը զննում էր շարժիչը, երբ ավտոբուսի տարեց ուղևորները խե՜ղճ վարորդի կողմն էին ուղղում իրենց գեղեցիկ բառերը։ Այդ պահին կարմիր լույսը ակնթարթորեն փոխվեց կանաչի, ու լսվեց մեքենաների ականջ ծակող ազդանշանները։ «Խե՜ղճ վարորդ, ոնց են անիծում էս խեղճ մարդուն»,- մտածում էի ես, երբ ավտոբուսը շարժվեց։ Լավ էր, ամեն բան կարգավորվեց և 7 համարը սահուն ընթացավ արդեն կիսադատարկ փողոցով։ Գիտե՞ս, երբ ավտոբուսը կանգնել էր փողոցի հենց մեջտեղում, երբ վարորդը տանջվում էր շարժիչից դուրս եկող ծխի «ձեռքում», ես մտածում էի մի բան. հետաքրքիր է, չէ՞, երբ մենք յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր վայրկյան կարող ենք գտնվել տարբեր ավտոբուսներում, կանգնել տարբեր մարդկանց կողքին, նրանց հետ անցնել նույն ճանապարհը, վճարել նույն 100 դրամը, չնստել ու մի կերպ ճխլվելով կանգնել, բայց երբեք չմտածել՝ ով ենք նրանք։ Իսկ ես մտածում էի, երբ 7 համարը կանգնած էր փողոցի մեջտեղում, երբ չէր շարժվում։ Ես մտածում էի, ու հայացքս ուղղում մի ուղևորից մյուսը։ Մեկը՝ խոժոռ դեմքով, մյուսը՝ ճաղատ, մեկը՝ դժգոհ, մյուսը ուղղակի շնչում էր, կողքիս նստած կինը, պահը բաց չթողնելով, անընդհատ կրկնում էր. «Վա՜յ, Աստված ջան», մյուսը ուղղակի խաղում էր մազերի հետ, իսկ ես հանդարտ ու հանգիստ նստած էի։
Կյանքում շարժման ընթացքում մենք երբեք մեր շուրջը չենք նայում, մենք չենք ուսումնասիրում, չենք հարցնում, մենք ուղղակի շտապում ենք, իսկ երբ վերջապես կանգ ենք առնում, երբ գիտակցում ենք, որ աջ կամ ձախ կողմում կա մեկը, կա մյուսը, ով հնարավոր է՝ օգնության կարիք ունի, կամ ուղղակի ինչ-որ մեկի հետ խոսելու ցանկություն, մի ժպիտի կարիք, մի շնորհակալության, մի «կներեք»-ի, մի հայացքի… Այդ պատճառով այդ մի քանի րոպեների ընթացքում ես զննում էի մարդկանց, ինչը չէի անում, երբ մենք շարժման մեջ էինք, ու գիտե՞ս՝ ես այնքա՜ն բաներ նկատեցի, որը եթե ցանկանայի, չէի տեսնի այն ժամանակ, երբ շարժվում էինք… Կանգնի՛ր մի պահ և ուղղակի շուրջդ նայիր, տե՛ս, ինչքա՜ն բան է փոխվել…

Mariam Harutyunyan

Ռոքը

Եթե որևէ մեկը ռոք է լսում, ապա նա պարտադիր սատանիստ է։ Սա բոլոր անհեթեթություններից թերևս ամենաանհեթեթն է։

Հիշում եմ՝ 3 տարի առաջ, երբ դեռ դպրոցական էի, դասի ընթացքում քննարկում էինք, թե ինչ ասել է` լավ երաժշտություն։ Այն հարցին, թե որն է իմ սիրելի երաժշտական ժանրը, պատասխանեցի՝ 1-ին տեղում ռոք (և սկսեցի արագ-արագ թվարկել իմ սիրելի բենդերը՝ Guns n roses, Pink Floyd, Deep purple, Green day, Queen, Scorpions, Metallica, Europe), 2-րդ տեղում՝ ջազ։ Լսվեց ուսուցչուհուս հուզված, ինչ-որ տեղ նաև շփոթված ձայնը.

-Ի՞նչ, ո՞նց թե` ռոք, էդ « խուժան» սատանիստական երգերը մի՜ լսի, ինչպե՞ս կարող է հայուհին ռոք լսել, չի կարելի, դու խելացի աղջիկ ես, քեզնից չէի սպասում։

Սկզբում լռեցի: Դժվարանում էի որևէ բան ասել, ավելի ճիշտ՝ փորձում էի ուսուցչուհուս ասածները «մարսել»։ Խափանելով ոչինչ չասող տհաճ լռությունը՝ ասացի.

-Բայց որտե՞ղ է գրված, որ ռոքը սատանիստական, կամ առավել ևս, «խուժան» երաժշտություն է։

-Էդ բոլորն էլ գիտեն։

-Բոլորը՝ ովքե՞ր։

-Դե հերիք ա, հետս կռի՞վ ես անում։

Հասկացա, որ լարված իրավիճակ սկսվեց։ Լարված մթնոլորտը ցրելու համար հարցրի․

-Լավ, այդ դեպքում դուք ասեք՝ ի՞նչ երաժշտություն եք նախընտրում։

-Հին երգեր։

Անսովոր պատասխան էր։

-Օրինակ՝ Ֆրեդի Մերկուրի լսո՞ւմ եք։

-Վա՜յ, շա՜տ։ Երիտասարդ տարիներիս սիրած երգիչն է։

-Իսկ Ջոն Լենո՞ն։

-Ինչպե՞ս կարելի է նրան չսիրել։

-Բայց ախր, նրանք ռոք երաժիշտներ են,- ասացի ես՝ կիսահարձակվողի կեցվածքով։

-Հետո՞ ինչ։

-Այն, որ դուք քիչ առաջ ռոքը սատանիստական, «խուժան» երաժշտություն համարեցիք։

Ու այս խոսքերից հետո հնչեց ամենաանսպասելի ու ամենասթափեցնող պատասխանը․

-Անցանք դասին, հերիք է շեղվենք, ու առաջինը, Մարիա՛մ, դու ես պատմելու…

Elen Hakobyan Ararat

Հանկարծ շրջվեցի

Քննությունների թոհուբոհի մեջ հաճախ շատ բաներ ենք անտեսում ու մոռանում։ Մոռանում ենք ուշադրություն դարձնել նրանց, ովքեր անհանգստանում են մեզ համար, մոռանում ենք մեզ շրջապատող մանրուքների կարևորությունն ու անգամ մեզ ենք մոռանում։ Դադարում ենք մտածել, թե ինչ նախասիրություններ ունենք, ինչ ժանրի ֆիլմ կդիտեինք կիրակի երեկոյան և թե որտեղ կզբոսնեինք ուրբաթ օրը դասերից հետո։

Մի օր հայոց լեզվի ուսուցչուհիս երկար նայեց մեզ ու ասաց.

-Ի՞նչ եք դարձել, մոռացել եք ձեզ,- ու հառաչելով ավելացրեց,- կրթական համակարգը փչացնում է իմ երեխաներին, ձեր աչքերի փայլը կորել է։

Ինչևէ, ճանապարհը ինքս եմ ընտրել և բոլորովին չեմ բողոքում, բայց և այնպես ցանկացա մի բան պատմել իմ զբաղված առօրյայից։

Օրվա դասին էի շտապում՝ հաջորդ օրվա դասերի մասին մտածելով, եթե մի փոքր էլ շտապեի, քայլերս վազքի կվերածվեին, ու Նեմրա էի լսում (այդ այլընտրանքային ռոք խմբի երգերը իմ այլընտրանքային կյանքի համար են)։ Երգը վերջացավ, ու մի քանի վայրկյանից պիտի նորը սկսվեր, բայց հաջորդ երգին անցնելու այդ դադարը փոխեց իմ այդ օրվա և գալիք օրերի մասին ակնկալիքները։ Մի նվաղած ձայն լսեցի, բայց չկարծեցի, որ ինձ է ուղված, շարունակեցի քայլերս, բայց ավելի դանդաղ ընթացքով, երգի ձայնն անջատեցի և լարեցի լսողությունս, և այո, չէի սխալվում, ինձ էր կանչում մի անծանոթ։ Շրջվեցի, մի ծեր մարդ էր, մի քանի անգամ ձայն էր տվել, բայց չէի լսել, ներողություն խնդրեցի, պատճառաբանեցի, որ երգիս ձայնը բարձր էր ու հարցրի՝ ինչով օգնեմ։ Հառաչեց, նստեց մոտակա քարին, ինձ էլ կանչեց իր մոտ։ Չնայած, որ ուշանալու էի, բայց գնացի պապի հետ։ Նայեց ինձ, նայեց հեռախոսիս, հետո՝ գրքերիս ու ասաց.

-Աղջիկ ջան, սովորում ես՝ լավ ես անում, արևդ ապրի, բայց կբացատրե՞ս՝ ինչի ես դասի գնում աչքերդ ու ականջներդ փակ, զգայարաններդ անջատած ու անտարբեր մարդկանց նկատմամբ։

Երբ փորձեցի բացատրել պապին, որ ուղղակի երգ էի լսում լիցքաթափվելու համար, նա ինձ ընդհատեց ու շարունակեց.

-Ականջներդ փակ քայլում ես ու չես էլ զգում, որ մեկը բղավում ա, որ շրջվես օգնես, վա՞տ կլինի, ասա՛, վա՞տ կլինի։ Ինչի՞ են հիմա ջահելները էսքան անտարբեր, ինչի՞ են էսքան էգոիստ։ Չէ, բալես, դու մեղավոր չես, բոլորն են տենց, բոլորն անխտիր կույր են, խուլ են, համր են ու զոմբի են դարձել։

Պապը լացեց, ես էլ ամոթից չգիտեի՝ ինչ անել, զգացվեց, որ պապի սիրտը ուղղակի լցված էր, ու ոչ թե բարկացավ իմ ականջակալներից, այլ ուղղակի էդ պահին ես դարձա իր համբերության բաժակի էն վերջին կաթիլը։ Միակ բանը, որ կարողացա ասել, ներողությունն էր ու գրեթե ծնկած՝ պապին խոսք տվեցի, որ էլ երբեք անտարբեր չեմ լինի, զգոն կքայլեմ, որ ամեն քայլիս իմ կարիքը ունեցողին օգնեմ։

-Գնա, բալես, ինձ բան պետք չի, գնա հանգիստ երգդ լսելով, Աստված քեզ հետ։ Ապրի, բալես, հասցրու ապրել, էդ զիբիլից դուրս շատ սիրուն աշխարհ կա (հայացքով ցույց տվեց հեռախոսս)։ Կողքերդ նայելով քայլի, որ մեկին պետք գաս՝ միանգամից ձեռք մեկնես, անտարբերությունը սարսափելի բան ա, բալես։ Կյանքը շատ դառն ա, օձի լեղի ա, եթե մարդու լավ գործը չլինի, կյանքը կյանք չի (զգացի, որ շատ սիրուն գործից մի հատված ցիտեց)։
Պապին գնաց, ես մնացի տեղում։ Ուշացա պարապմունքից, բայց մի բան հասկացա ու հասկացա ամբողջ կյանքիս համար։

Հ.Գ․ Երբ դուրս գաս փողոց քո սովորական ճամփով քայլելու, ուշադիր եղիր, որ նրան, ով ունի քո կարիքը, օգնես։ Անտարբերությունը շա՜տ սիրուն բաներ սպանելու տարօրինակ ու զարմանալի ուժ ունի։ Տարբեր հոգսերով ու տառապանքներով շտապ-շտապ քայլող մարդկանց մտահոգ դեմքին ժպիտ նվիրողներից մեկը եղեք։

davit gorgoyan

695

Պատուհանից էն կողմ կիրակի էր, մեր առօրյայի պես հասարակ առավոտ՝ մեկ քամի, մեկ ձյուն, մեկ էլ էքստազի հասցնող արև։ Էսօր առանձնակի բախտավոր ենք լսել հրամանատարի քֆրտոցը` բացառապես տաք եղանակը ներծծելով։

Քամին անցնում էր միջովս, շոյում ոսկորներս, հետո թույլ տալիս արևին լիզել երեսս նույն եռանդով, ինչով շարահրապարակի կիսականգնած շներն էին դրանից ոգևորված սիրով զբաղվում: Բավականին տարօրինակ տեսարան օր ու գիշեր նույն սեռի հետ օրն անցկացնողի համար։ Էստեղ գրքերից Կոելիո են շրջանառում` կենդանական կարիքները թեկուզ տեսականորեն բավարարելու համար ու անունը դնում «պարապ չենք մնում»։ Շատերի կույս միտքը առաջին անգամ է պայքարում նման մարտահրավերի դեմ ու չդիմանալով` վերադառնում նույն բողոքներին։

-Ընգեր, առանց հեռախոս էլ չի լինում, չեմ ձգում։ Ես էլ ասի` գամ ստեղ, մի քիչ ցրվեմ: Հորս արև, գիտե՞ս ինչեր էի անում քաղաքացիական կյանքում․ մաշնեն կար, ժամանակը` լիքը, ընգերներս իմ պես ազատ, էսէմէսներին էլ չէի հասցնում պատասխանեի, էլ ընգերուհի ի՞նչ եմ անում։ Թե չէ` էս ի՞նչ ա։ Շարքով ենք գնում զուգարան, արա։

Բացում եմ գիրքը։ Հենց առաջին էջի վրա, կպչուն թղթիկի վրա նշաններ կան՝ էջերի համարներ են։ Ուրախացա, որ գիրքը ճաշակով կարդացողի ձեռքն է ընկել։ Բացում եմ նշված էջերը ու բնավ չեմ զարմանում. առանձնացված էջերը զուտ բաց տեսարաններ են նկարագրում։

Օդը սառն էր ու հաճելի, բայց միանշանակ վատ էր ազդում նախորդ շաբաթվա եղանակը սրտին մոտ ընդունողների համար։ Աչքերդ փակում ես ու երազում` ոտքերդ ձեր բակի սեղանին դրած, ականջիդ՝ Andrea Boceli լսելով ու խնձորը կծելուց հյութալի մասը ողջ հոգով ստամոքսը քաշելու մասին, թույլ տալիս ճառագայթներին այդպես էլ հատված չդառնալով անցնել միջովդ, հալվել, թուլանալ․․․

Էսպես կարելի է խեղդվելու չափ խտանալ ու չհասկանալ, որ օրդ շարահրապարակի վրա ես անցկացրել։ Հարկավոր է մի խռպոտ հազ, քիթը վեր քաշելով շարքով տարածվող աղմուկ, ու անկախ քեզնից, օրվա երկրորդ «վեր կացն ես» հայհոյում։ Բայց և հասցնում եմ նկատել մոտիկ հորիզոնից կախ ընկած սարի վրա, չնայած խորթ թեքությանը, տները մարտկոցիցս հավասար են շարված։ Անգամ վառարանների ծուխն է համաչափ  թեքվում։

Շուրջս խաղաղություն է շնչում, ներսս՝ թմրածություն։

Կիրակին ներս էր լցվել պատուհանների ճեղքերից։ Շաբաթվա ծանրությունը տղերքը (իբր, ուրիշ էլ ովքե՞ր), շաշկու, գրքի, գրչային խաղերի, ժամերով դիմացի միագույն պատերին նայելով են դատարկում։ Մեկը ոտքերի արանքում համազգեստի ավելորդություններն է զգուշությամբ վերացնում, մյուսը` թռցրած հեռախոսն է ձեռքերում պտտում, մեկ ուրիշը անհանգիստ թպրտում է․ քունը տանում է, քնել չի կարելի։ Ինչ-որ ֆիլմ են ցույց տալիս խոհարարի մասին։ Ըհըն, համբույրի տեսարան… Ընդհանուր թմրություն օդ բարձրացավ։ Գոնե բիբերս լայնանար, կամ ասենք, հիշողության վրայից փառը ճաքեր տար, ու սիրտս անհանգիստ թպրտար։ Լավ է գոնե ֆուտբոլ նայելիս էնտուզիազմը չենք կորցրել։ Լավ է, չենք մեռել։

-Ա՛պ, արևը դուրս էկավ, չհելնե՞նք դուրս։

-Դուրսն ի՞նչ ես անում, ֆոտոսինթե՞զ։

Խոսում են ամեն ինչի մասին․ աղջիկներ, մեքենաներ, նկատառումներ ընդհանուր ծառայության մասին։ Խոսում են խորը փիլիսոփայական երանգով, խորաթափանց հայացքով, մտքում մանր-մանր ծամծմելով, գցել-բռնելով, վերամտածելով, պատրաստ լինելով պատասխան տալ «բարև»-ը «ե», «վ»-ով արտասանելու համար։ Զգո՛ւյշ, խորը չշնչես օդը, կթունավորվես։ Կարճ ասած, մենք ստեղծարարներ ենք։ «Ես»-ը պահակակետիցից դուրս ենք թողել, թաղել թփերի արանքում, նոր միայն ներս մտել՝ նորը ստեղծելու։ Թե կարաս` հետդ ներս մտցրու ու դարակիդ չերևացող արանքում պինդ պահիր։ «Ոսկե արծիվ» չեն տա, բայց հերոսի կոչումով դուրս կգաս։ Դրա համար ենք ազատ ժամերին շախմատով զբաղվում։

Ձգտում ենք կատարյալ հավասարության, միօրինակության. շարքով ուտելու, շարքով ծխելու, շարքով նաև թքելու։ Անգամ ծառերն են շարքով ցցված, ճյուղերի այն երկարությամբ, որ համեմատական է մազերիս երկարությանը։ Ահագին անսովոր երևույթ՝ պատուհանագոգին նստած, ոտքերը ծուռումուռ շպրտած, օրը System of a down-ի երգերի տակ անցկացնողի համար։ «Զինվորական կարգապահություն» պիտակի  տակ լարովի խաղալիք են շինում։ Չես մեղադրի, պիտի ապրե՛ս, որ կուլ չգնաս։

-Տղե՛րք,- ականջիս տակ պայթեց մեկի բամբ ձայնը,- կարո՞ղ ա մեկը դարակիս չարազը վերցրել ա։

-Լավ էլի, այ ախպեր։ Մեր մեռած վիճակն ու քո Նոր տարվա չարազը։

Դրսում դեռ կիրակի է։ Ոչ մի բանից հոգնած շները հենվել են գնդապետի մեքենայի անիվներին, կուրծքը բացել արևի առաջ, որը դանդաղ տեմպերով սկսել է հալեցնել ծխարանի տանիքից հավետ կախ ընկած սառցակտորները։

-Տղե՛ք, հասկացե՛ք, որ էս զենքը վերցնելուց դուք արդեն մարդասպան եք։ Պիտի պատրաստ լինեք սպանելու ու չվախենաք դրանից։ Կամ ընկերոջդ կսպանես, կամ հակառակորդին։ Դրան էլ պատրաստ եղեք։ Հրացանի էս անտեր փողի միջից էլ խաղալիք շարիկներ դուրս չեն գալիս։ Մի ձեռքում զենքն են բռնում, մյուսում` ուրիշի կյանքը։

Գիշերը լավ չեմ քնել։ Անջատված նստած եմ լսարանում։

Կիրակին ավարտվեց։ Արթնացա հրամանատարի «ձեռքերիս մեջ մահացավ»-ի վրա։