Իմ «Տարվա մարդը». Իմ շարժիչ ուժը

Tamara Galstyan erexaiov

Գիտեք, բոլորիս կյանքում էլ կա այնպիսի ժամանակահատված, երբ հայտնվում է ինչ-որ մեկը, և մեր կյանքը այդ րոպեից սկսած համարում ենք փոխված: Կարծես մենք դառնում ենք ուրիշ  մարդ, փոխվում է մեր հայացքը կյանքի նկատմամբ` կամ հիասթափվում ենք կյանքից, կամ` ավելի ուժեղ դառնում: Հիասթափություններ միշտ էլ լինում են, ավելի լավ է խոսեմ ինձ ավելի ուժեղ դարձնող էակի մասին:

2019 թվականը իսկապես ինձ համար որոշիչ տարի էր: Ես ունեցա բալիկ,  և նրա շնորհիվ դարձա մայր:  Ես միշտ պաշտել եմ մորս, մորը նվիրված բանաստեղծությունները անգիր էի սովորում և նվիրում մայրիկիս, կամ ինքս էի բանաստեղծություն գրում նրա համար, բայց երբեք չէի մտածում, թե ես ինչ կզգամ, երբ մայր դառնամ: Երբ տեսնում էի, թե ինչպես է մայրս հորս հետ միասին, օր ու գիշեր աշխատում, որ մեզ պահեն:  Ճիշտ է, հասկանում էի, որ դժվար է, բայց դրա հետ միասին նաև հանգիստ էի, որ ունեմ ծնողներ, որոնք հոգ են տանում ինձ:

2019 թվականին իմ կյանքում հայտնվեց այն էակը, որի համար ես եմ հոգ տանում: Մայր դառնալը շատ պատասխանատու գործ է, բալիկս իր ծնունդով ինձ դարձրեց էլ ավելի պատասխանատու անձ, այստեղ հիշեցի Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» խոսքերը. «Ընդմիշտ պատասխանատու ես բոլոր նրանց  համար, ում ընտելացնում ես»: Մենք ընտելացնում ենք նրանց և պատասխանատվություն կրում նրանց հանդեպ ողջ կյանքի ընթացքում:

Նա սովորեցրեց ինձ լինել ուժեղ, հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները, տխուր ժամանակ նայել նրա քաղցրիկ ժպիտին և մոռանալ բոլոր հոգսերը: Նա մի աշխարհ է, որ փոխեց իմ աշխարհը, դարձնելով այն ավելի լուսավոր ու հետաքրքիր: Ես ամեն բան անում եմ, որ ապագայում օրինակելի ծնող լինեմ նրա համար, որ ինչ-որ բան չիմանալով գլուխս չկախեմ նրա առաջ: Նա ինձ համար դարձել է նպատակներիս իրականացման շարժիչ ուժը:

Այո, մենք կարող ենք շնորհակալ լինել նաև փոքրիկ մանկիկից, նա նույնպես կարող է մեզ անասելի ուժ ու եռանդ տալ փորձությունները հաղթահարելու համար, իր գոյությամբ դառնալով մեր տարվա մարդը:

davit gorgoyan

Հետհաշվարկ

-Տղա ջա՛ն, իջացրու՜…

Հենց այս նոտայի տակ էլ մուտք ես գործում աշխարհում միակ վայրը, ուր քեզ գրկաբաց սպասում են: Մի՛շտ: Մուննաթ արտահայտող դիմային երանգով, բայց սպասում են: Ծնվածդ օրվանից հաստատածը ստորագրելու ես գնում: Ու դու ուրախ ես:

Էս չասվող տխրություն շնչող վայրում ուրախ են… բոլորը:

-Ստրու՜կ: Էս դո՞ւ էլ ես ստեղ: Հըն, մտե՞լ ես: Ի՞նչ ասին:

-Ասին` առանց քո թանկ ներկայության, իրանք իրավունք չունեն ինձ ասեն, թա՛նկս:

Էստեղ մեծ մասամբ թքած ունեն քեզ վրա:

-Հա, բայց ցավում ա:

-Ամեն ինչ մաքուր ա, անցի՛: Հաջո՜րդը…

-Տղա ջան, ես հոգեբան եմ, ոչ թե գինեկոլոգ: Մաքուր ա, անցի՛:

Մի խումբ  «մասնագետների» համար դու երկու տարի օգտագործելիության ժամկետով երաշխիք ես, չբավարարված տասներկու տարեկան աղջկա համար՝ սոցցանցերում սեփական IQ-ից ցածր որակի շարադրություններ գրելու մուսա, մորդ համար՝ չխոսելու թեմա, հորդ համար՝ հպարտություն, ընկերուհուդ համար՝ անորոշ պարտավորություն ու մի շարք այլ ածականների խումբ, որ քեզ միայն կողքից կնկարագրեն: Իսկ դու էդպես էլ չկողմնորոշվեցիր` գնում ես կորցնե՞ս, թե՞ գտնես:

-Ազիզ ջան, ի-ջաց-րու, վա՜յ…

Կապույտ գուլպաներով, մոխրագույն, հնամաշ տաբատով ու հաստ վերարկուով հոգեբանը (ի դեպ, դու ոտքից գլուխ մերկ կանգնած կլինես նրա դիմաց ու քեզ թշվառ կզգաս) կնայի թղթապանակիդ, հերթական հարցերը կտա այն մասին, թե որտե՞ղ ես սովորում, վճարովի՞, թե՞ անվճար համակարգում, արդյոք գիտե՞ս, թե տարվա տասնմեկերորդ ամիսը որն է, դու էլ մտքում կհրճվես, որ հենց էդ ամսին ես ծնվել, որովհետև «եքա մեծ էշ ես», բայց դեռ մատներիդ վրա ես հաշվում ամիսները (ի վերջո, ի՞նչ պարտադիր է): Մինչև պատասխանելը նորից կհամոզվես, որ քեզ վրա իրոք թքած ունեն, բայց և այնպես, կնկատես էլ, որ պարոն հոգեբանի սրածայր բեղերի դեղնությունը պաշտոնի ու աչքերի խաղաղության (կամ արհամարհանքի) հետ շատ համահունչ է, ու նորից կհրճվես, որ գոնե մի լուսավոր կետ տեսար էս մութ լաբիրինթոսում: Կհասցնես մի երկու անգամ էլ ներվայնանալ, որ մի քանի հակահիգիենիկ մորքուրներ ստիպեցին այս կամ այն դիրքն ընդունել ու առանց ստուգելու հաստատել՝ պիտանի է:

Ընկերներդ կգան խամրած աչքերով ու կհպարտանան սեփական սխրանքներով, ազատորեն կհայհոյեն բախտը կամ հրամանատարին, խորհուրդներ կտան ճիշտ խոսելու, ճիշտ քայլելու, ճիշտ շնչելու ու էդ աշխարհի սահմաններում ճիշտ դրսևորվելու մասին, կամ էլ կպատմեն, թե ինչպես հոսպիտալ տեղափոխելու ճամփին ընկերը թպրտոցով հոգին ազատեց, ու դու գլուխդ կօրորես:

-Ապե, էդ տղուն պետք ա: Կգնաս, կգաս, նոր կջոկես, հլը տաք ես: Քո արև, ես էլ էի դեմից տենց մտածում, նորմալ ա:

Նախորդող երկու ամիսներին դասընթացներ կանցնես փորձառուներից՝ «Աֆիցեռի քրֆածը լուրջ ընդունելն ու դրա հետևանքները» թեմայով, կսովորես արտահայտելի բառերի ճշգրիտ ընտրությունն ու «ուվալնենի» և «օտպուսկ» բառերի տարբերությունը:

Կփորձես ուղեցույց դարձնել ուրիշի կաշին չհագնելու անվստահ ցանկությունդ, որովհետև մի սիրուն օր, Էսկոբարի կծու շոկոլադով կոլումբիական սուրճ ըմպելիս, երբ դու պահը վայելելու էքստազի տակ էիր, դիմացիդ կանաչին հենված սարդն ուր որ է շուռ կգար դրսի քամուց, երբ տիեզերքի անվերջի հետ քեզ համեմատելի կզգաս, երբ դրսի արևը ներսիդ հետ շփվելուց կայծեր կառաջացնի, ու դու աննկատ կցնցվես, ինչ-որ Կատարելություն հայացքը վրադ կմեխի.

-Հենց զգաս, որ փոխում են, էս խիստ հայացքս հիշի… Թե չէ` կսպանեմ:

Դու էլ գլխով վեր ու վար կանես ու կրծքերիդ միջնափոսին խաչ կանես, որ չմոռանաս: Չասածներդ էլ կկախես օդից, որ կարճահասակների բոյը չհասնի ու կժպտաս, որ դիմանաս:

Չեմ խոստանում: Կհիշեմ:

31, 30, 29 …

Processed with Focos Processed with VSCO with m3 preset

Կորցրած մոտիվացիաս և ավտոբուսային արկածները

Չգիտեմ` ում է հետաքրքիր, ում չէ, բայց ուզում եմ պատմել, թե ինչպես օրս սկսվեց այսօր:

Ինձ ճանաչողները գիտեն վերջին ամիսների իմ զգացողությունները, ու արդեն «զզվացրել» եմ իրենց` հարցնելով, թե որտեղից քեզ մոտիվացիա, ոնց հետ բերեմ կորցրածս մոտիվացիան և այլն:

Այնպես ստացվեց, որ այսօր արթնացա առավոտյան ժամը 5-ին և, որ ամենազարմանալին է, առանց զարթուցիչի: Արթնացա` լցված մեծ էներգիայով. կարծես թե մոտիվացիաս հետ է եկել: Արթնացա, լվացվեցի, կրկին զարմանալի կերպով նախաճաշեցի (ես երբեք չեմ նախաճաշում) ու սկսեցի գրել ոչ մասնագիտական առարկայի անիմաստ հանձնարարությունները (փաստորեն իրոք մոտիվացիաս ու «հավեսս» ետ են եկել): Վերջացրի աշխատանքս, լսելով ամանորյա երգեր (ես դրանք ամառվանից եմ լսում), պատրաստվեցի և դուրս եկա տանից: Գնացի ավտոբուսների կայարան, որ համալսարան գնամ: Ժամը 8:00ն էր: Կանգնած էր մեկ ավտոբուս` լցված լիքը մարդկանցով: Սպասեցի մոտ 10 րոպե մինչև շարժվեց: Եւ ուզում եմ նշել, որ առաջին մարդն էի կանգնած, ով սպասում էր հաջորդ ավտոբուսին: Հաջորդ ավտոբուսը եկավ ոչ թե 5, ոչ թե 10, ոչ թե 15, այլ 20 րոպե հետո (երևի վարորդը քնած էր մնացել, կամ էլ աշխատանքի գալու մոտիվացիան կորել էր): Իսկ այս «կարճ» ժամանակահատվածի ընթացքում ինձ միացան ևս մոտ 40 հոգի (եթե ոչ ավել):Եկավ ավտոբուսը, և մարդիկ իրար հրելով, միմյանց անպատիվ խոսքեր ասելով, «ցատկեցին» ներս, իսկ ես արդեն կես ժամ է` սպասում էի, բայց լինելով առաջին սպասողը` բախտս չբերեց (դե, Հայաստանում հերթ հասկացողությունը չկա):

Ինչևէ, նորից ինքս ինձ համոզեցի, որ չկորցնեմ մոտիվացիաս ու հուրախություն ինձ` կարողացա նստել հաջորդը: Շարժվեցինք: Զբաղեցվեցին բոլոր տեղերը, ավտոբուսը բառիս բուն իմաստով լցվեց, չմնաց որևէ դատարկ տարածություն, սովորականի նման չկար կանգնելու տեղ նույնիսկ աստիճաններին, իսկ վարորդը կանգառներում և կանգառներից դուրս շարունակում էր կանգնել ու կանգնել: Մի կին չդիմացավ և պոռթկաց. սկսվեց 3-րդ համաավտոբուսյան պատերազմը (իսկ թե 1-ինն ու 2-րդը, երբ է սկսել, չգիտեմ): Ավտոբուսը բաժանվեց կողմերի. ստեղծվեց երկու միություն` «Վարորդ» դաշինք և «Խիզախ կնոջ հետևորդներ» միությունը: Վարորդը բանակ դրեց` կանգնեց մի տեղ, և սկսվեց «կաշան»: Իսկ ես, ուշանալով դասից, փորձելով չկորցնել մոտիվացիաս, շարունակում եմ կարդալ գիրքս…

Հեքիաթ ունեցեք, ձեր հեքիաթը

 «Հեքիաթ ունեցեք, ձեր հեքիաթը ու ձեր հոգու մի մասնիկով հավատացեք այդ հեքիաթին ու այդպես ապրեք»: Սա «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալի ամենահայտնի միտքն է:

Երկու ամիս առաջ Հանրային հեռուստաընկերությունը եթեր հեռարձակեց Վարդգես Պետրոսյանի  «Վերջին ուսուցիչը» վիպակի հիման վրա նկարահանված, 16 մասից բաղկացած համանուն հեռուսատասերիալը՝ հաղորդելով ժամանակակից կյանքի շունչը: Անվիճելի է, որ ֆիլմը սիրվեց հատկապես երիտասարդների կողմից: Ֆիլմի, դերասանի մասնագիտության, Ամանորի և այլ թեմաների մասին կզրուցենք հեռուստասերիալի գլխավոր դերասաններից մեկի` Արմեն Միքայելյանի հետ:

-Ինչպե՞ս ընտրեցիր դերասանի մասնագիտությունը:

- Դերասանի մասնագիտության մասին չեմ երազել: Ամեն ինչ սկսվեց, երբ բացվեց Աշոտ Ղազարյանի «Ծիծաղի, հումորի և խոսքի դպրոցը»: Պապիկս ինձ տարավ այնտեղ, որպեսզի փորձեմ ուժերս: Միաժամանակ արդեն սկսեցի հաճախակի այցելել ներկայացումների: Հետո արդեն սկսեցի շատ գրքեր կարդալ և սիրահարվեցի դերասանի մասնագիտությանը:

- Ի՞նչ թերություններ և առավելություններ կնշես դերասանի մասնագիտության մեջ:

- Դերասանի մասնագիտության միջոցով կարողանում ես շատ արագ և հեշտ ճանաչել դիմացինիդ, իսկ որպես թերություն կարող եմ նշել ցածր աշխատավարձը կամ այն, որ ինստիտուտը տարեկան ավարտում են 80-ից 100 դերասան, և մեծ մասը մատնվում են անգործության:

- Ամենակարևոր հատկանիշը դերասանի համար:

- Դերասանը ուղղակի պարտավոր է լինել բազմակողմանի զարգացած և շատ կարդացած: Այդ ամենը կարող եք նկատել առանց նրա հետ շփվելու, այլ ուղղակի նրա աչքերին նայելով:

- Խոսենք «Վերջին ուսուցիչը» ֆիլմից: Ինչպե՞ս ստացար ֆիլմում նկարահանվելու առաջարկը:

- Ինստիտուտում հայտարարեցին քասթինգ, որը անցկացվելու էր Ռադիոտանը: Առաջին օրը ուսումնասիրեցի Աշոտի կերպարը: Երեք շաբաթ անց զանգեցին ու առաջարկեցին Վահանի դերը, ինչի համար ուրախ եմ, որովհետև Աշոտի կերպարը ինձնից շատ հեռու է, ու հաստատ դժվարություններ կառաջանային:

- Արմեն, ի՞նչ ես կարծում՝ ո՞րն էր հեռուստասերիալի հաջողության գաղտնիքը:

- Ֆիլմը պարզ մարդկային հարաբերությունների մասին է: Հերոսները սովորական մարդիկ են` իրենց դրական և բացասական կողմերով, ճիշտ ու սխալ քայլերով: Այս ամենի շնորհիվ էլ ֆիլմը դիպավ մարդկանց սրտերին:

- Քո դպրոցական տարիներին ո՞ր կերպարին էիր նման:

-Հենց Վահանի կերպարին: Ես էլ էի բավականին լավ սովորում և ունեի հանգիստ բնավորություն: Ֆիլմում Վահանը որոշ հատվածներում մեջբերումներ է անում «Աստվածաշնչից»: Իրական կյանքում ես էլ շատ աստվածապաշտ եմ ու ոգեշնչվում եմ «Աստվածաշնչից»:

- Ո՞ր ֆիլմն է քեզ վրա խորը ազդեցություն թողել:

- Մել Գիբսոնի նկարահանած «Խղճի թելադրանքով» ֆիլմը. խորհուրդ կտամ դիտել բոլորին:

- Խոսիր թատրոնի և կինոյի տարբերությունների մասին:

-Երկուսում էլ հիանալի միջավայր է, բայց կինոյում ես ինձ կաշկանդված եմ զգում, թատրոնում՝ ազատ: Բացի այդ, «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալում կան կադրեր, որտեղ իմ խաղից շատ դժգոհ եմ, բայց ուղղելու հնարավորություն չունեմ, իսկ թատրոնում ես դրա հնարավորությունը միշտ ունեմ:

- Ըստ քեզ՝ ե՞րբ որևէ հայկական ֆիլմը կարժանանա Օսկարի:

- Հավատացեք՝ մեր դերասաններից ոմանք ոչ մի բանով չեն զիջում հոլիվուդյան դերասաններին, բայց միայն դա քիչ է: Մեզ անհրաժեշտ է նաև լավ օպերատորական, լավ մոնտաժային, լավ տեխնիկական աշխատանք, դրա համար էլ անհրաժեշտ է գումար, իսկ հայկական կինոարտադրությանը շատ քիչ գումար է հատկացվում:

-Պատմիր քո և գրքերի կապվածության մասին

- Գրքերը իմ մոլուցքն են: Ընդունվելու համար պետք է գրականության մի երկար ցանկ կարդայի: Մուտքը դեպի գրականություն ազդարադվեց Շիրվանզադեի  «Պատվի համար» ստեղծագործությամբ: Ինչ-որ կոնկրետ գիրք առանձնացնել չեմ կարող: Սիրելի են այն գրքերը, որոնց մեջ ես ինձ եմ տեսնում: Հիմա գրքերս ինձնից նեղացած են, երեսիս էլ չեն նայում, որովհետև ժամանակս շատ սուղ է կարդալու համար:

- Արմեն, հեռուստասերիալում քո սերը հաղթահարեց բոլոր դժվարությունները: Իրական կյանքում քո սիրտը զբաղվա՞ծ է:

- Փոքրիկ գաղտնիք բացեմ. դերասանների մեծ մասի սիրտը միշտ զբաղված է. դա մեզ առաջ է մղում: Հիմա իմ կողքին աղջիկ չկա, բայց ես շատ հաճախակի եմ սիրահարվում ու սիրահարվում եմ միմյանցից շատ տարբեր աղջիկների:

-Հիշո՞ւմ ես առաջին սերդ:

- Այո, չորրորդ դասարանում ես և ընկերս սիրահարված էինք տասներորդ դասարանի մի աղջկա: Մենք պայքարում էինք մեր սիրո համար, այսիքն այն բանի համար, ինչը որ սեր էինք համարում, բայց երբեք չէինք պայքարում միմյանց դեմ: Մինչև հիմա պահպանել եմ օրագիրս. օրինակ՝ 14-րդ էջում սիրահարված էի Անիին, 16-րդ էջում՝ Լիանային և այդպես շարունակ: Հիմա ծիծաղով եմ թերթում էջերը:

- Շուտով Ամանոր է: Հետաքրքիր է՝ սովորաբար ի՞նչ ես նվիրում Ամանորին:

- Ըստ նախասիրությունների և կարիքների: Բայց արդեն իմ դեպքերում նախընտրելի է, որ ինձ գիրք նվիրեն:

-Ո՞րն է ամենավառ հիշողությունը Ամանորի հետ կապված

- Չեմ սիրում Ամանորը, որովհետև ցուրտը, ձյունը, ձմեռը արդեն վանող են ինձ համար: Ա՜յ, եթե տոնը լիներ օգոստոսին, շատ կսիրեի: Իսկ որպես վառ հիշողություն ասեմ, որ մի Ամանորի ժամանակ ծնողներս ու քույրիկս Սանկտ Պետերբուրգում էին, ես՝ տատիկիս ու պապիկիս մոտ, և դռան ամեն թակոցի հետ հույս ունեի, որ դռան հակառակ կողմում ընտանիքս է կանգնած:

Աշնան վերջին օրը Հայաստանում

Tamara Arman

Մեր կյանքը

Երկար ժամանակ է, ինչ նյութ չեմ գրել: Երևի, ինչ ամուսնացել եմ, անընդհատ ցանկանում էի գրել, բայց մի քանի տող գրում էի ու կանգնում` վառելանյութը վերջացած ավտոմեքենայի նման: Այժմ ցանկանում եմ գրել մինչև վերջ:

Ինչպես ասացի, արդեն ամուսնացել եմ, ունեմ բալիկ, ապրում եմ ամուսնուս ծնողների հետ: Տանը, բացի մեզանից, ապրում են նաև ամուսնուս եղբոր ընտանիքը` կինը և երկու երեխաները: Մի խոսքով բազմանդամ ընտանիք ենք: Ես դեռ սովորում եմ համալսարանում, երրորդ կուրսում եմ, ու ասեմ նաև, որ ունեմ բարձր առաջադիմություն: Փորձում եմ ամեն կերպ կարգավորել առօրյաս, որ ո’չ բալիկս տուժի, ո’չ դասերս, ո’չ ընտանիքս, ո’չ էլ առօրյա գործերս:

Հա,  20 տարեկան աղջկա համար շատ բան եմ վերցրել ուսերիս, բայց կարևորը ցանկությունն է կատարելու և կամքը` չհանձնվելու:

Երեկ հյուրեր ունեինք արտերկրից` ամուսիններ էին: Առավոտյան ժամը11-ն էր, մեր ծաղկի ցելոֆանե «ծածկոցներ» բացելու ժամը: Ամեն երեկո ժամը 4-ին փակում ենք, որ ցուրտը չվնասի ծաղիկներին գիշերը, առավոտյան բացում, որ տաքանան ու աճեն: Հա, մեր հյուրերին շատ հետաքրքրեց այդ աշխատանքը:  Ես և սկեսուրս փոխեցինք մեր հագուստները, հագանք աշխատանքային արտահագուստ ու գնացինք ջերմոց: Մենք կատարում էինք մեր ամենօրյա աշխատանքը: Մեր հյուրերին այդ աշխատանքը շատ զարմանալի ու անսովոր էր թվում: Զարմանում էին նաև, որ երեք ընտանիք համատեղ ապրում ենք մի հարկի տակ, չէ որ այնտեղ`Ամերիկայում, 18 տարին լրանալուն պես առանձին են ապրում: Հետո զարմանում էին նաև, որ ամեն օր տքնաջան աշխատում ենք, որպեսզի կարողանանք ապրել: Նրանք ասում էին, որ իրենց երկրում մարդիկ իրենց հստակ աշխատելու և հանգստանալու ժամերն ու օրերը ունեն, իսկ այստեղ` գյուղում, պետք եղած ժամանակ կեսգիշերին էլ ենք աշխատում:  Օրինակ, երբ խաղող ենք մաքրում, որ դնենք սառնարանը ձմռանը վաճառելու նպատակով:

Վարուժանը` մեր հյուրը, ասաց. «Մեզ մոտ ուշ են ամուսնանում: Ճիշտ է, ամուսնանալուց հետո ձեզ պես տանջանք չեն տեսնում, բայց ցանկանում են կյանքը վայելել: Մի կյանք ենք ապրում»: Ու այդ պահին ես մտածեցի, մի՞թե մենք չենք ապրում: Սա էլ մեր կյանքն է, մեր աշխատանքը, մեր երկիրն ու հողը, մեր Հայաստանը, մեր գյուղը:

lilit grigoryan ararat

Պայքար ոչ պարտադիրի դեմ

 Նախորդ օրերի ամենաքննարկված թեման ԿԳՄՍ նախարարության մշակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծն է, որը շուտով պետք է դրվի հանրային քննարկման: Ըստ օրինագծի` բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը այլևս պարտադիր չի լինի:

 Կարծիքները տարբեր են: Խնդրով հետաքրքրված մարդկանց մի մասը կարծում է, որ առարկաները չպետք է դուրս գան պարտադիր դասավանդվողների ցուցակից, քանի որ այս առարկաները հայագիտական նշանակություն ունեն:

 «Հայոց լեզուն պետք է պարտադիր լինի բոլոր բուհերում` գոնե առաջին մեկ տարին: Շատ եմ հանդիպել մարդկանց, որոնք իրենց ոլորտում մասնագետ են՝ հաշվապահ, ծրագրավորող, ֆինանսիստ, բայց հայոց լեզվից նվազագույն գիտելիքներ չունեն,-նշում է Հայասատանի պետական ճարտագիտական համալսարանի առաջին կուրսի ուսանող Համլետը,- Հայոց պատմություն առարկայի դեպքում կարծիքս մի փոքր այլ է: Կարծում եմ՝ ուսանողը տվյալ առարկային պետք է հրաժեշտ տա դպրոցում՝ արդեն բավարար գիտելիքներ ստացած»:

 Իսկ կրթության նախարարությունում պնդում են`ուսանողը պետք է իր ժամանակի մեծ մասը տրամադրի մասնագիտական առարկաներին:

 Ինչ վերաբերում է ինձ, ես լրագրության ֆակուլտետի ուսանողուհի եմ և հայոց լեզու պետք է անցնեմ ընդամենը երկու տարի: Եթե ես, լինելով ապագա լրագրող, հայոց լեզու առարկան պետք է ուսումնասիրեմ ընդամենը երկու տարի, ապա այդ տրամաբանությամբ օրինակ, տնտեսագիտական համալսարանում այդ առարկան չպետք է դասավանդվի, որովհետև հայոց լեզուն իմ մասնագիտության հիմքն է, տնտեսագետինը՝ ոչ: Այս ամենից կարելի է ենթադրել, որ պետք է ապահովել դպրոցներում Հայոց լեզու առարկայի դասավանդման բարձր որակը և պետք է բարձրացնել միասնական քննության անցողիկ շեմը:

 Հայոց պատմություն առարկայի դասավանդման վերաբերյալ կարծիքս այլ է: Ես անտրամաբանական եմ համարում այն տեսակետը, ըստ որի, դպրոցական տարիների ընթացքում հայոց պատմություն առարկայից բավարար գիտելիքներ չկուտակած ուսանողը, կարող է դա անել մեկ տարվա ընթացքում: Ի վերջո, եթե նա դա չի արել մի քանի տարիների ընթացքում, մեկ տարվա ընթացքում դժվար թե անի:

valentina

Վաչոն՝ որպես հավաքական կերպար

-Ուղղակի ինքը ուրիշ ա։ Ինքը Վաչոյի պես չի։

-Վաչոն ո՞վ ա։

-Վաչոն իմ բոլոր սերերի հավաքական կերպարն ա։

-Հա, բայց ինչի՞ Վաչո։

-Որովհետև բոլորն էլ Վաչո են՝ անդուր, հիմար ու տգետ։ Էդքանը։

-Չեմ հասկանում։

-Ես էլ, բայց ինքը ուրիշ ա։

Սկսում ես հետաքրքրվել ֆուտբոլով, անգիր ես անում Ռեալ Մադրիդ թիմում խաղացող բոլոր ֆուտբոլիստների անունները (11 թե 13, թե գրողի տարած 14 հոգու անուններ), տարբերում ես անկյունայինը շրջանայինից (թե՞ ֆուտբոլում շրջանային չկա), ինքդ քեզ հաղթահարում ես էն փաստի համար, որ միայն ռադիատորն է եռում ու վերջապես սովորում ես, որ ձվածեղ սարքելու համար սկզբից ձեթն են լցնում, ոչ թե ձուն։ Խոսքով չես կծում, որ մերսեդես է սիրում, անգամ սկսում ես մեկ-մեկ քո սիրելի «բեմվե» մակնիշի մեքենայի թերությունները նշել, սկսում ես թարգել ճուտիկ, պոնչ ու ապուշ ասելու ջիգյարով սովորությունդ, որովհետև մտածում ես, որ հաջորդ անգամ նրա ժայթքելուց ճակատագրական «լավ»-եր կլինեն, կազմում ես հատուկ գրաֆիկ, որ չաղանաս։ Չաղանաս տեղը տեղին՝ սալիկներով ու թշիկներով։ Բայց ինքը էլի քո նամակին չի սպասում կամ քեզ չի հավանում, սատանի ականջը չկանչի՝ գուցե ուրիշին է հավանում։

Հպարտանում ես ինքդ քո մեջ, որ շատ խելացի ու «քյարթ» չի, ու դիմանում ես, որ ամեն անգամ պոնչո չանես էդքան լավը լինելու համար (բայց տեսնես՝ թմբը՞լ ա, թե՞ չէ), փորձում ես հանդուրժել իր յուրաքանչյուր «ֆազոտման» պրոցես (էս ինչ բառ էր, բայց «ջղայնացած» չէր սազի)՝ աղջկական դոմինանտությունը կոծկելով երեխայական հայացքների մեջ։ Ականջի հետև ես գցում էն փաստը, որ մագնիսի նույն բևեռները իրար չեն ձգում, այլ վանում են։

Քեզ լուրջ ես պահում, որ չմտածի, թե տարօրինակ ես։ Ու հասկանում ես, որ էդ քո ու ուրիշը դառնալու պայքարում հաղթում է քո եսը, որովհետև քոնը չի ո՛չ Մերսեդեսի մարտկոցը, ո՛չ Ռոնալդուի գնդակները, ո՛չ տնային պայմաններում պատրաստված լեչոյի տիրուհու կերպարը, ոչ էլ պոնչ չասելու (չ)հակումները, որովհետև դու ուզում ես լինել դու` քո պրակտիկ բոթասներով, խայթելու սովորությամբ, անիմաստ անեկդոտների պաշարով ու հա, հավերժական նիհար լինելու տոմսով։

Ու հա, հետո ի՞նչ, որ Վաչոյին նման չի։ Կամ էլ, եսիմ։ Կարևորն՝ ուրիշ ա։

Ոգեշնչման աղբյուր՝ Սյունե Սևադա

nare hovhannisyan new

Պապս

Մեր կյանքում կան մարդիկ, որոնց ներկայությունը շատ կարևոր է։ Եվ հետաքրքիրն այն է, որ նրանց բացակայությունը մենք արագ ենք նկատում, որովհետև ի սկզբանե մենք կապված ենք նրանց հետ։
Այդպիսի մարդիկ սովորաբար հենց փոքր տարիքից ուղեկցում են մեզ, ու մենք դեռ մանկուց նրանց հպարտության առարկան ենք դառնում՝ անկախ ամեն ինչից։ Այդպիսի մարդիկ միշտ շատ խորհրդավոր ու իմաստուն են լինում, միշտ խոսում են կարևոր թեմաներից, տալիս տրամաբանական հարցեր ու սպասում խելացի պատասխանների։
Ի՜մ պապը, ի՜մ Արայիկ պապը։ Արտաքնապես նա շատ բարի ու վեհ կեցվածք ունի՝ չնայած փոքր ու մուգ աչքերին։ Բնավորությամբ չափազանց պատասխանատու, ճշտապահ և ինչպես տատս է միշտ նշում. «Պապդ իսկը գերմանական ժամացույց է»։ Նա շատ մարդասեր ու կամեցող է, օգնում և աջակցում է ցանկացածին, ով իրենից օգնություն է խնդրում։
Ինձ համար նրա արտաքինում միշտ առեղծված կմնան ամբողջ վերին շրթունքին տարածվող սև ու արդեն սպիտակ բեղերը։ Երբ դեռ փոքր էի, միշտ փորձում էի պապիս պատկերացնել առանց այդ բեղերի, բայց ցավոք, անգամ հիմա, երբ փոքր-ինչ մեծ եմ, չեմ կարողանում պատկերացնել նրան առանց իր բեղերի։
Ինձ համար պապս շատ արտասովոր ու հետաքրքիր անձնավորություն է, քանի որ նա ունի այնպիսի սովորություններ, որ մինչ այսօր ես ոչ մեկի մոտ չեմ նկատել։ Պապս ամեն մարտի 1-ին պարտադիր գնում է ձնծաղիկ քաղելու, քանի որ հենց ձնծաղիկն է ազդարարում գարնան սկիզբը։ Եվ ես այն երջանիկներից եմ, ում բախտ է վիճակվել մասնակցելու այդ չափազա՜նց հետաքրքիր արարողությանը։ Այս ամենի հետ մեկտեղ, մի փաստ կա պապիս մասին, որն ինձ միշտ զարմացնում է. պապս աթեիստ է։
Մի քանի օր առաջ, երբ սովորականի նման պապիս հետ գնում էի Երևան, ես՝ դասի, նա էլ՝ աշխատանքի, զգացի, որ այդ օրը պապս սովորականից ավելի առույգ էր ու ուրախ։ Եվ առաջին բանը, որ նկատեցի, ռադիոն էր, որը սովորականի նման չէր հաղորդում Հայաստանում կատարվող իրադարձությունները, այլ ուղղակի հանգիստ երգում էր։ Զարմացա, քանի որ պապս միշտ պարտադիր ամեն առավոտ աշխատանքի էր շտապում ռադիոյի վեհ հնչերանգների ներքո, դե, ես էլ արդեն դրա անբաժան մասնիկն եմ դարձել՝ մեկ ամսից ավելի է։ Ինչևէ, մի փոքր անհանգստացա և ուզում էի հարցնել, բայց չհասցրի, քանի որ պապս արագ պատմեց ամեն բան.

-Այսօր իմ ազատ օրն է, աշխատանքի չեմ գնալու, մի օր էլ թող առանց ինձ աշխատանքն անցնի։ Պետք է, չէ՞, որ մարդ մի օր էլ իրեն նվիրի, դե՜ այսօր էլ իմ օրն է, գնում եմ վայելեմ,- ես չհասցրի հարցնել, թե ուր, բայց անչափ ուրախ էի, որ մի օր կհանգստանա։

-Տատիդ չեմ ասել է՜, մենակ քեզ եմ ասում։ Գնում եմ Գեղարդ կամ Գառնի, դեռ չեմ որոշել, դե, տատդ էլ սովորության համաձայն հետս հաց է դրել։

Ես լուռ ժպտում էի, և գլխով համաձայնում ամեն ասածին։ Ես ուղղակի ուրախ էի, որ պապս թողել էր հայկական տխուր ռադիոյի ելևէջները և լսում էր հանգիստ երաժշտություն, ուրախ էի, որ գնում էր Գեղարդ ու գնում էր մենա՜կ։

-Ճիշտ է, Նարե ջան, պապդ աթեիստ է, բայց ես սիրում եմ մեր եկեղեցիները, էնտեղ միշտ հանգիստ է և անվրդով։ Ախր զարմանում եմ, է, էն մարդկանց վրա, ովքեր գնում են եկեղեցի ու Աստծուց խնդրում, որ իրենց օգնի։ Ախր թամբալ մարդուն Աստված ո՞նց օգնի, եթե մարդ աշխատել չի սիրում։
Պապս ճիշտ էր, նա միշտ է ճիշտ։ Հետո հանգիստ ու վստահ տոնով եզրափակեց մեր զրույցը։

-Նարե ջան, գիտե՞ս՝ մարդ երբ պետք է թողնի էս աշխարհն ու գնա։ Էն ժամանակ, երբ խելքին, մտքին ոչի՜նչ չի հասնում, երբ արդեն խելագարվել է, երբ մարմնական ուժից զրկվել է։ Իսկ ես դեռ առողջ եմ, դեռ պետք եմ, դեռ կարող եմ աշխատել…
Ես տխրեցի, որ պապս ասաց դա, բայց մտքումս Աստծուն խնդրեցի, որ պապս երկար ապրի, քանի որ նրա իմաստուն մտքերը դեռ շա՜տ են պետք մեր այս աշխարհին։

 

Wake up Europe. Երևան, օր 4

Օրս սկսվեց Ֆրանչեսկայի և Դանիելի հետ հայկական սուրճ ըմպելով, որին հաջորդեց Ֆրանչեսկայի հարցը։

-Ինչպե՞ս ես դու քեզ պատկերացնում 10 տարուց:

-Ես ուզում եմ լինել կայացած կին, որը հասնում է իր նպատակներին անկախորեն` ջարդելով բոլոր կարծրատիպերը:

-Օ, դու ուզում ես լինել Քիմ Քարդաշյա՞ն,- ծիծաղում է:

-Չէ, ես այդպիսին չեմ ուզում լինել, դե, հասկանում ես,- ես էլ ծիծաղեցի:

-Պարզ է, դու ուզում ես լինել խելացի Քիմ Քարդաշյան,- արդեն երկուս էլ ծիծաղում էինք:

Հավանեցին մեր հայկական սուրճը, հետո սկսեցի նրանց գլուխները տանել մեր հայկական մուրաբաների մասին գովքով։ Ասում էի՝ էստեղ մարդիկ դեղ չեն խմում բարձր ջերմության դեպքում, որովհետև մայրիկի ձեռքով պատրաստված տնական և ավանդական ազնվամորու մուրաբան լուծում է բոլոր հարցերը։ Հայկական մշակույթի առանձնահատկությունները և եվրոպական անձնագրի առավելությունները քննարկելով հասանք «Մանանա» կենտրոն, որտեղ յուրաքանչյուրս տարբեր խմբի անդամներ ենք։ Նախկին օրագրերից արդեն գիտեք, որ կան 4 ծրագրեր, որոնց վրա աշխատում ենք։ Ես IT ոլորտի և արտագաղթի վրա այդ ոլորտի ազդեցության մասին մուլտիմեդիա պատմություն ստեղծող թիմում եմ։ Հասնելուն պես Մարիամից տեղեկացա, որ օրակարգում ունենք երկու հարցազրույց, որոնք արդեն հաստատվել են։

Վերջին անգամ Ալեքսի և Մարիամի հետ վերանայեցինք հարցերը, Ջուլիանը ինչպես միշտ ստուգում  էր տեխնիկական սարքավորումները, Սաֆը խնդրում էր լռություն պահպանել, որովհետև անգամ թեթև աղմուկը կխանգարի ձայնագրման աշխատանքին։ Առաջին ուսանողը մեր Մարիետան էր, ով սովորում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի հակակարգչային գիտություններ բաժնում։ Երկրորդը՝ Հայաստանի IT ոլորտի լրագրող Նարինե Դանեղյանն էր, ով մեզ պատմեց Հայաստանի IT ինդուստրիայի, խոշորագույն կազմակերպությունների, հաջողված ստարտափերի ու արագ զարգացող IT աշխատաշուկայի մասին։

Մեր թիմային փրոջեքթը ներառում է լուսանկարչություն, լրագրություն և փոդքասթ: Օրինակ, ես լինելով Team A (Writing)-ից, պատասխանատու եմ մուլտիմեդիայի introduction-ի համար, Մարիամը՝ Podcast-ից, Ջուլիանի և Սաֆի հետ ձայնագրման համար, իսկ Հելենը մեզ օգնում է ուսանողների դիմանկարներ ստանալու հարցում։ Պետք է համեստություն չանեմ, ու ասեմ, որ մեր թիմը իրոք շատ լավն է, որովհետև յուրաքանչյուրս ջանք չենք խնայում լավագույն մուլտիմեդիա պատմություն ստեղծելու համար։

Իսկ writing-ի որքշոփները էնքան օգտակար ու հետաքրքիր էին, որ պարտավորված եմ գրելու booming introduction (ինչպես ասում է մեր writing-ի թիմի լիդերը՝ Մայքը): Արդեն ստացել եմ առաջին դրաֆթիս ֆիդբեքը։ Կարծում եմ, այս գիշեր վերջնական տեսքի կբերեմ ամեն ինչ և կուղարկեմ։ Իսկ, Քուրիլը` իմ սիրելի սփիքերը,այսօր չկար։ Գրողը տանի, նա շատ լավն է։

Դե ինչ, վաղվա օրակարգում ունենք կարևոր հարցազրույց մեկ այլ ուսանողի հետ, ով աշխատում է IT ոլորտում, իսկ ես արդեն ամփոփեցի մեր 4-րդ օրը։

Փրոջեքթը կամաց-կամաց մոտենում է իր տրամաբանական ավարտին, բայց դրան զուգահեռ ավելի ենք զարգացնում հայ-եվրոպական ոսկյա հարաբերությունները։

Տեսնես, ո՞վ կգրի 5-րդ օրվա օրագիրը։