Mane Minasyan

Գիտե՞ք, կկարոտեմ…

Նորից բարև, վաղուց չկայի, չէ՞, գիտեմ, շատ եմ «թամբալացել»:

Հիմա եկել եմ բացատրություն տալու, մի քիչ էլ իմ առօրյայից խոսելու համար:

Դե երևի արդեն գիտեք՝ շրջանավարտ եմ:

Շրջանավարտ. եթե այս բառը փորձենք վերլուծել, ապա «շուրջ + ավարտ», չէ՞:

Ավարտվում է մեր կյանքի ամենապայծառ ու կարևոր փուլերից մեկը:

Ավարտվում է՝ մեզ մի քիչ մեծացնելով:

Ավարտվում է իրենից թողնելով հիշողություն՝ ողջ կյանքիս համար:

Ավարտվում է կյանքիս մի էջն էլ փակելով:

Գիտե՞ք, երբ մարտ-ապրիլ ամիսներին ասում էի «Վերջին զանգ», սիրտս այսքան արագ չէր զարկում: Իսկ հիմա, երբ հետհաշվարկը սկսել ենք ու ամեն առավոտ դասարան մտնելով ջնջում ենք օրացույցի ևս մեկ թիվ, հասկանում եմ, որ ուզում եմ գրիչի թանաքն ավարտվի, ու օրերը չջնջվեն:

Գիտե՞ք, երբ ամեն օր փորձի ենք գնում, ես ուզում եմ այդ ժամանակ ժամացույցը կանգնի, ու մեր փորձը չավարտվի:

Գիտե՞ք, ես երևի շատ կկարոտեմ: Չէ: Ես արդեն կարոտում եմ:

Կարոտում եմ իմ ավագ դպրոց բերող առաջին սեպտեմբերի մեկը, երբ իրար չճանաչող մի խումբ մարդիկ հավաքվել էին նոր դպրոցում ու փորձում էին հասկանալ, թե ուր են ընկել:

Կարոտում եմ առաջին դասերը, ուսուցիչների մի տեսակ հայացքները, որոնք փորձում էին մեզ նմանեցնել ինչ-որ մեկին:

Կարոտում եմ այն օրը, որը երեք տարվա ընթացքում մեկ անգամ եղավ, երբ երկրորդ ժամին փորձեցինք դպրոցից փախչել, բայց ճանապարհին բռնվեցինք ու որպես արդարացում ասացինք, թե իբր սոված էինք:

Կարոտում եմ ամեն ժամից հետո ուսուցչանոցի դռան մոտ դասղեկին սպասելը:

Կարոտում եմ, դեռ չավարտած կարոտում եմ:

Կարոտելու եմ, հենց ավարտեմ՝ ավելի շատ:

valentina chilingaryan ararat

Ես Վալենտինան եմ

Ողջու՜յն, ես Վալենտինան եմ Արարատի մարզի Ավշար գյուղից: 16 տարեկան եմ: Սովորում եմ տասներորդ դասարանում` գերազանց առաջադիմությամբ:  Հետաքրքրված եմ սպորտով, արվեստով և բնական գիտություններից`  կենսաբանությամբ: Ունեմ ծով հետաքրքրություններ: Օրինակ` տանը զբաղվում եմ հյուսվածքային կուլտուրայով: Այն տարվա բոլոր եղանակներին բույսեր բազմացնելու լավագույն միջոցն է, որը նպատակահարմար է հազվադեպ հանդիպող տեսակների և դեղաբույսերի բազմացման համար: Վերջերս ավարտեցի Պանարմենիան Մեդիա դպրոցի 6-ամսյա կուրսը: Ասում են, որ ունեմ հիմնական նախադրյալները լավ լրագրող-հաղորդավար դառնալու համար: Բայց իրականում չեմ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Դե դեռ շուտ է: Չէ՞ որ դեռ երկու տարի ժամանակ ունեմ հստակ որոշում կայացնելու համար: Գուցե գրող, կամ լեզվաբան, կամ կենսաբան, կամ բժիշկ, կամ, ինչու չէ, քաղաքական գործիչ որոշեմ դառնալ: Դե, վերջինը կատակ էր: Կես կատակ, կես լուրջ: Կարծում եմ անկախ մասնագիտությունից, ամեն ոք պետք է լինի կրեատիվ: Գնահատի այն, ինչ ունի և ձգտի այն ամենին, ինչ չունի: Կյանքում ցանկացած երազանք իրագործելի է: Թեպետ իրագործելի է դառնում միայն այն ժամանակ, երբ մենք երազանքը վերածում ենք նպատակի: 17.am -ի մասին իմացա եղբորիցս` Հովհաննես Ղուլիջանյանից, ով արդեն թղթակից է և հասցրել է հաջողություններ գրանցել: Գրեթե ամեն օր խորհուրդ էր տալիս, որ ես էլ միանամ Հայաստանի պատանի լրագրողների ցանցին: Շատ ուրախ եմ, որ առաջին անգամ լսեցի նրան և համոզված եմ, որ ճիշտ եմ արել: Իսկապես հիանալի է, երբ քո երկրում կա մի ԹԻՄ, որի առաքելությունն է՝ միավորել բոլոր պատանի լրագրողներին: Իզուր չէ, որ թիմին հատուկ է «ՄԱՆԱՆԱ» անվանումը: Առաջին հոդվածի համար այդքանը: Խոստանում եմ, որ սրանով ոչինչ չի սահմանափակվի, այլ կլինի շարունակական:

araqsya azizyan

Բաժանման խաչմերուկում

Գիտեք, երբ դպրոցում 12-ցիները ավարտում էին, միշտ մտածում էի, ավելի շատ երազում, որ իմ ավարտելու ժամանակն էլ գա: Ես էլ էի ուզում վերջին անգամ հագնել դպրոցական համազգեստը, ուզում էի ինձ համար էլ վեջին անգամ հնչեր դպրոցի զանգը, ես էլ էի ուզում վերջին անգամ նստել աշակերտական նստարանին, վերջին անգամ գրել ստուգողական աշխատանքներս… Բայց հիմա, երբ արդեն մի քանի օր է մնացել, ուղղակի ուզում եմ ձեռքով օրերը պահել, որ չմոտենա պահը բաժանման:
Իսկ հիմա ես արդեն վերջին անգամ եմ բացելու դասասենյակիս դուռը ու ասեմ.
-Բարև, երեխեք:
-Բարև, երեխա:

Երբ միպահ հետ ես նայում, ուզում ես, որ նորից հետ գան այն 12 տարիները, որոնք օրեր հետո անցյալում են մնալու: Հասկանում ես, որ մանկությունդ իր տեղն է զիջում պատանեկությանը: Մեր ներսում թախիծն ու ուրախությունը միախառնվել են: Հասկանում ես, որ կարոտելու ես ամեն ինչ, ինչ կապված է դասարանիդ հետ: Նույնիսկ կարոտով ես հիշելու բոլոր կռիվները: 12 տարի նույն դպրոցում, նույն դասասենյակում ենք լացել, ուրախացել, դաս պատասխանել: Հասկանում ենք, որ 12 տարի անցավ կյանքիցդ` իր հետ կապելով դպրոցն ու աշակերտական կյանքը: Հասկանում ես, որ էլ առավոտյան մեզ ոչ ոք չի զանգելու ու ասի:
-Արագացրու, ուշանում ենք դասից:
Օրեր հետո վերջին անգամ ենք բացելու դպրոցի դուռը, ու վերցնելով քաղցր հիշողությունները` դուրս ենք գալու: Մեր կապույտ սենյակն ու կանաչ երազը ես կարոտով եմ հիշելու: Կարոտելու եմ նույնիսկ դպրոցի պահակին, որ ամեն մեր ուշանալը ներում էր ու դպրոց թողնում: Կարոտելու եմ, այն աթոռը, որի վրա նստել ենք: Կարոտելու եմ ամենաուրախ դասամիջոցները: Մնաց մի քանի օր, և դպրոցը կդառնա մի մեծ կարոտ:

Առաջին ելակներ

Լուսանկարը` Գոհար Հակոբյանի

Լուսանկարը` Գոհար Հակոբյանի

Սուրճ էի եփում, երբ պատահաբար լսեցի, որ մեր հարևան տիկին Անիկն ու աղջիկները գնում են ելակ հավաքելու:

Խնդրեցի որ ինձ էլ տանեն իրենց հետ: Վերցրի գրիչս ու տետրս և վազեցի: Հասանք հողամաս, ուր գտնվում է ելակի արտը: Մեզ հետ վերցրել էինք, մեր լեզվով ասած, ելակի թասերը: Տիկին Անիկն ու աղջիկները մտան արտ, ամենքը մի շարք, ու սկսեցին:
Ես հարցեր էի տալիս ու գողանում նրանց հետաքրքիր պատասխանները.

-Անիկ տատիկ, հե՞շտ է ելակ մշակելը: 
-Գիտես, այնքան էլ չէ: Երկար աշխատանք է պահանջում: Ջրում ենք մի քանի անգամ, հաճախ քաղհանում, պարարտացնում, որ լավ բերք ստանանք:

Լուսանկարը` Գոհար Հակոբյանի

Լուսանկարը` Գոհար Հակոբյանի

-Սիրո՞վ եք կատարում այս աշխատանքը:
-Իհարկե: Երբ սիրով ես կատարում գործդ, հաճույքով մշակում, հողը քեզ պարգևատրում է:

Աղջիկները լուռ քաղում էին, իսկ ես հաճույքով ուտում էի այս տարվա առաջին ելակները: Երբ արդեն վերջացրել էինք հավաքը, նստեցինք ու սկսեցինք մեծ և փոքր ելակները առանձնացնել իրարից:

-Անիկ տատիկ, իսկ սա ինչի՞ համար է:
-Սա անում ենք նրա համար, որ ավելի հեշտ լինի տարբերելը:
Ինչքան բան չգիտեի, որ իմացա այսօր:

-Տաթ, սիրո՞ւմ ես ելակ:
-Ոնց չեմ սիրում, կա մարդ, որ չսիրի ելակ:
-Բա սիրո՞ւմ ես քաղելու գործընթացը:
-Չէ, էդ մեկը չեմ սիրում:
Ծիծաղեցինք:
Դաշտի մաքուր օդը, մեր հետաքրքիր զրույցն ու ելակի անուշ բույրը միախառնվել էին:
-Սուս, մի բան էլ դու ասա:
-Ինչ ասեմ, էսքան ելակ տեսնողը  խոսելու ժամանակ կունենա՞: Կեր, կխոսենք հետո:

tatevik haroyan

Լուսանկարներով և իրական կյանքում

Բոլոր ուսանողների պես ես էլ շատ զբաղված եմ լինում, դե էն զբաղվածությունների նման՝ միջանկյալների եմ, բանավոր քննությունների եմ պատրասվում և այլն: Դրանից բացի նաև պրակտիկայի էի մեկ ամիսը, որը շատ հաճելի, բայց միաժամանակ ահավոր հոգնեցնող էր: Արդեն պրակտիկայիս ամենապարտավորեցնող վերջին շաբաթն էր ,երբ զանգ ստացա «Մանանա» կենտրոնից և հրավիրվեցի Հայաստանի պատանի թղթակիցների առաջին մրցանակաբաշխությանը: Սկզբում չգիտեի՝ ինչ պատասխանել, բայց զգացողություն ունեի, որ մի ինչ-որ հետաքրքիր բան է լինելու: Համաձայնեցի:

Եկա ու… Չէի սխալվում, տեսա պատանիների մի հոծ բազմություն. «Մանանայի» սաներն էին, մի հիանալի մթնոլորտ: Մի տեսակ հպարտության նման մի բան զգացի՝ չէ որ ես էլ եմ այդ սաներից մեկը: Սկսեցի նոր ծանոթյուններ հաստատել երեխաներից շատերի հետ, այնքան հաճելի էր շփվելը նրանց հետ ,ամեն մեկը մի յուրահատուկ կերպար էր:
Հետո սկսեցի ծանոթ դեմքեր փնտրել, ճիշտ է, շատերին չէի ճանաչում, բայց իրենց նյութերից արդեն գիտեի: Օրինակ, կարդացել էի մի տղայի նյութ, ով «ժարիտի» մասին էր գրել, կամ կարդացել էի հայերիս մեջ տարածված հնդկականների քննարկումներին վերաբերող նյութերը, սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների գրած նյութերը, քառօրյա պատերազմի ու նրան հաջորդող օրերի մասին, հարցազրույցները, տոներին վերաբերող մի շարք հետաքրքիր նյութեր… Մի խոսքով, ես գտա նրանց, որոնց գիտեի միայն իրենց գրած նյութերով ու լուսանկարներով, ու հիմա տեսնում եմ իրականում: Էն պահն էր, որ տեսնում ես հայտնի մարդկանց էկրանից այն կողմ ու այս կողմ…
Ես հպարտ եմ, որ «Մանանան» կա իմ կյանքում, ու ինձ հնարավորություն է ընձեռում շփվելու նման տաղանդավոր երեխաների հետ և ունենալու նման լավ ընկերներ:
Հ.Գ. Պատանիներն իմ պատկերացրածից ավելի լավն էին…

Hripsime Vardanyan

Օրագրի տողերի արանքում

Հոդվածիս առաջին մասը կարդացեք որպես օրագրի մի էջ, որը գրված է ինչ որ ժամանակ առաջ:

-Չգիտեմ, որքան ժամանակ էի այդպես սառած նայում դեպի անորոշություն, երբ զգացի, որ ընկերուհիս կանչում է: Պտտվեցի և նրա հայացքից զգացի, որ էլի ուսուցչուհու հարցը ուղղված է ինձ, ու ես էլի անուշադրության պատճառով չեմ լսել նրան (առաջին դեպքը չէր, երբ գլխի շարժումով պատասխանում եմ ուսուցչուհուս այն հարցին, որն իր պատասխանի մեջ թվական էր պահանջում): Այս անուշադիր և անորրշ վիճակը վաղուց չէ ինձ մոտ: Չեք հավատա, բայց հոգնել եմ ամեն ինչից: Ամեն օր արթնանալ, մի կերպ ինձ ստիպելով քայլել դեպի դպրոց տանող այդ երեք հարյուր մետրը, դպրոց մտնելուն պես բարեվել բոլոր-բոլորին, աստիճանների մոտ հավաքվածների միջով այնպես անցնել, որ ինձ չնկատեն, կամ աչքի տակով նայել. արդյո՞ք կա ծանոթ մարդ, բարևե՞լ, թե՞ ոչ, դասերի ընթացքում ընկնել մտածմունքների գիրկը, մինչև կվերջանան դասերը: Դպրոցում վատ չէ, անգամ շատ լավ է, բայց այս անորոշ վիճակին վերջ տալ է պետք: Գիրք կարդալը կամ ֆիլմ դիտելը չի օգնում:

Եվ ահա եկավ այն օրը, երբ պետք է հանդիպեինք նրանց՝ առաջին հայացքից անծանոթ, բայց հարազատ դառնալ խոստացող «Մանանա» թիմին, ովքեր փոխեցին իմ և շատերի կյանքը:

17.am-ը իմ կյանքում մեծ դեր խաղաց: Սկսած վորքշոփերից իմ կյանքում շատ փոփոխություններ տեղի ունեցան շնորհիվ 17.am-ի: Առաջին հերթին ստացա շատ գիտելիքներ, որոնք ինձ պետք եկան և դեռ շատ պետք կգան: Ձեռք բերեցի նոր ընկերներ, որոնց հետ շփվում եմ մինչ օրս: Օգնեց ապագա մասնագիտությանս ընտրության հարցում: 17.am-ը նման է օրագրի, որտեղ գրառումներ ենք անում և պատմում մեր անցկացրած հետաքրքիր օրերի մասին: Իսկ մեդիաճամբարի ընթացքում ստացած փորձը և գիտելիքները ուղղակի անփոխարինելի են: 17.am-ը մեր երկրորդ ընտանիքն է, որտեղ բոլորս ունենք մեր տեղը: Ինձ դուր է գալիս խմբագրել 17.am-ում, հետևել արդյոք իմ հոդվածը տեղադրե՞լ են, թե՞ ոչ, իսկ երբ տեղադրեն, աշխարհով մեկ լինել և ցույց տալ բոլորին: Դուր է գալիս ամեն գեղեցիկ բան տեսնելուց մտածել, թե արդյո՞ք կլինի գեղեցիկ ֆորոշարք, թե՞ ոչ: Դուր է գալիս ամեն անգամ բաց թողնել վերնագրի տեղը, որպեսզի խմբագրակազմը նորից մի գեղեցիկ վերնագիր ընտրի: Մի խոսքով, շնորհակալ եմ, «Մանանա» թիմ:

Angelina Karapetyan

Ե՞ս եմ պարինը, թե՞ պարն է իմը

-Կանգնե՛ք պարային գիծ: Մեջքը՝ ուղիղ, ուսերը՝ հետ, ոտքերը՝ ձիգ, ծնկներն՝ առանց ծալելու, անում ենք նախավարժանք:

Պարը դարձել է իմ նիստուկացը, իմ ոճը, իմ շարժուձևը և, վերջապես, ապրելու իմաստներից մեկը: Դժվար է պատկերացնել կյանքս առանց պարի: Ամեն ինչ կանեի շաբաթվա բոլոր օրերին էլ պարի հաճախելու համար: Այն օրերին, երբ պարի պարապմունք չունեմ, պարի խումբն է տեղափոխվում իմ սենյակ, սակայն ես եմ իմ և՛ ուսուցչուհին, և՛ աշակերտը:

Ես ունեմ պարելու անսպառ եռանդ, էներգիա: Մայրս միշտ ասում է.

-Անգել, տեսենես կգա՞ մի օր, որ ուժասպառ լինես, եռանդդ ու էներգիադ սպառվեն, որ անգամ խոսել չկարողանաս:

-Իհարկե, ոչ:

Մայրս միշտ տալիս է այդ հարցը և գրեթե ամեն անգամ էլ ստանում նույն պատասխանը, քանի որ անգամ հաց ուտելիս եմ պարում:

Չեմ կարողանում հասկանալ՝ ես եմ պարինը, թե պարը` իմը: Բայց, ըստ իս, մեր սերը փոխադարձ է:

Tamara galstyan

Հայկական ֆիլմեր. սև ու սպիտակ

Մի երկու տարի առաջ, երբ մայրիկս հեռուստացույցով գրեթե միշտ հայկական ֆիլմեր էր դիտում, ես նյարդայնանում էի.

-Լավ էլի, մամ, էլի ես սև-սպիտակ կինոն ես նայում, ախր, մի հետաքրքիր բան էլ չկա, ի՞նչ էս էդքան կլանված նայում:

Այդ ժամանակ ես ընդհանրապես ցանկություն չունեի նայել այդ ֆիլմերը, որովհետև անհետաքրքիր էր (ինչ անխելքն էի): Այս տարի, քանի որ ունեմ բանավոր քննություն գրականություն առարկայից, ինձ հանձնարարված է կարդալ շատ ու շատ գեղարվեստական գրքեր: Գրքերը վերցնում էի դպրոցի գրադարանից, ու ամեն գիրք վերցնելուց գրադարանավարուհին՝ ընկեր Ջուլիկը, ասում էր, որ ֆիլմն անպայման դիտեմ, ու վաղը կիսվեմ տպավորություններով: Մտքիս մեջ ասում էի. «Վայ, էս էլի էն սև-սպիտակ կինոներից ա լինելու, հավես չունեմ նայեմ», բայց հետո մտածում էի. «Ախր, ինձ պետք ա, բա որ քննությանը դա ընկնի, գուցե ֆիլմը օգնի՞ ավելի լավ հասկանալ ստեղծագործությունը»: Գնացի տուն և առաջին ֆիլմը, որ դիտեցի, Հովհաննես Թումանյանի «Գիքորն» էր: Մինչ այդ ամբողջությամբ չէի դիտել: Հա, «Գիքորը» միակ ֆիլմն էր, որ սիրել եմ (բայց հիմա միակը չէ), երկրորդը՝ Նար-Դոսի «Սպանված աղավնին», երրորդը՝ Ստեփան Զորյանի «Խնձորի այգին», չորրորդը՝ Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արևը», և այդպես շարունակ: Չեմ թաքցնի և կասեմ, որ այս բոլոր ֆիլմերի ժամանակ արցունքները աչքերիցս հոսում էին (երբեք այդպես չէի հուզվել ֆիլմերից): Կարծիքս հին հայկական ֆիլմերի մասին փոխվեց ամբողջությամբ, դրանք իմ աչքին երևացին այնքան գունավոր, այնքան լուսավոր, այնքան հեքիաթային: Անչափ հաճելի է հայկական ֆիլմեր դիտելը, նախ, հաճելի է տեսնել բնական գեղեցկությունը: Այսօրվա ֆիլմերում կանանց շպարը շատ ցայտուն է (մի քիչ մեղմ եմ արտահայտվում), իսկ հայկական հին ֆիլմերում կնոջը տենում ես իր բնական գեղեցկությամբ: Երկրորդը՝ հայկական ֆիլմերում իսկապես շունչ ես զգում, քեզ թվում է, թե այդ ամենը քո աչքի առաջ է տեղի ունենում: Այնքան բարություն կա այդ ֆիլմերի մեջ, այնքան մաքրություն, որ մարդկանց հոգում հետք են թողնում, ամեն ֆիլմից մի կարևոր բան ես սովորում: Երբ դիտում եմ հայկական ֆիլմ, զգում եմ, թե հերոսը կամ հերոսուհին ինչ հոգեվիճակում է գտնվում: Այդ ամենը նաև շնորհիվ դերասանական անձնակազմի, հրաշալի են կատարում իրենց դերը: Այնքան բան կա ասելու հայկական ֆիլմերի մասին, բայց այսքանով այսօր կսահմանափակվեմ: Ուղղակի խնդրում եմ բոլորին. անջատեք այդ հնդկական սերիալները ու նայեք մերը՝ մեր հայկականը, հաստատ այն ամենը, ինչ ստանալու եք հայկական ֆիլմերը դիտելուց, երբեք չեք ստանա այլ ֆիլմերից: Շնորհակալ եմ, մայրիկ, ու շնորհակալ եմ, ընկեր Ջուլիկ, որ ծանոթացրիք ինձ այդ հրաշալի, սև-սպիտակ ու գունավոր աշխարհի հետ:

Հ.Գ Առաջինը դիտեք «Աշնան արևը», հետո անպայման մյուսները: Բարի դիտում: