Սուրբ Սարգսի տոնը

Հիշում եմ, որ շատ տարիներ առաջ քույրս պատրաստում էր աղի բլիթներ և մեր փողոցի աղջիկներին էր բաժանում: Ես միշտ խուսափել եմ աղի բլիթ ուտելուց: Հիշում եմ նաև այն, որ փոքր տարիքում չէի հասկանում, թե քույրս ինչ է պատրաստում, մայրս ասում էր՝ թող լավ աղի լինի, որ շատ ծարավեք։ Մի անգամ, երբ քույրս կրկին աղի բլիթներ էր պատրաստում, մեկ րոպեով դուրս եկավ խոհանոցից, ես մի տուփ աղը ամբողջությամբ դատարկեցի խմորի մեջ: Երբ քույրս եկավ, զգաց, թե ինչ եմ արել և բարկացավ։ Մի կերպ «ուշքի բերեց» խմորը ու ինձ արգելեց մոտ գնալ: Միշտ չեմ հավատացել, որ երազ պիտի տեսնեմ կամ ջուր տվող ունենամ կամ որևէ մեկը կունենա, բայց պարզվում է, որ իսկապես կան մարդիկ, ովքեր հենց իրենց ծարավը հագեցնողի հետ են ամուսնացել:

Մայրիկիս հարցրեցի, թե իր երիտասարդ տարիներին ինչպես են նշել տոնը.

-Մեր ժամանակ այնպիսի դժվար կյանքով էինք ապրում, որ Սուրբ Սարգսի տոնի մասին անգամ չենք էլ լսել: Հիմա երիտասարդությունը գեղեցիկ կերպով նշում է, մեր եկեղեցին իր պատարագներով և եկեղեցական ծեսերով ավելի է գեղեցկացնում տոնը:

Նույն հարցը տվեցի իմ ուսուցչուհիներից մեկին.

-Ես, որ պատմեմ, թե ինչ կյանքով եմ ապրել, կզարմանաս, կհարցնես, թե ինչպե՞ս եմ ուսում ստացել: Ես 10-րդ դասարանի աղջիկ էի, պայուսակիս կանթերը 7 անգամ կարելով, գնացել եմ Վերջին զանգ: Կոշիկներս սոսնձում, դնում էի սեղանի ոտքի տակ, որ կպչի, հետո հագնում, գնում էի դասի: Ի՞նչ տոն այդ պայմաններում, ո՞վ կհիշեր տոնի մասին այդ տարիներին:

Ուսուցիչներիցս մեկը պատմեց ինձ, որ, աղի բլիթ ուտելով, երազ է տեսել և ամուսնացել է իր երազում տեսած նույն մարդու հետ:

Տեսնո՞ւմ եք, որ տոնը առաջ կարելի է ասել չի նշվել, կամ նշվել է միայն աղի բլիթով:

Սոնա Մխիթարյան,16 տարեկան, Արմավիրի մարզ, գյուղ Ակնալիճ

***

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Սուրբ Սարգիսը

Մայիսյան գյուղի մեր փողոցում մի հետաքրքիր սովորույթ կա Սուրբ Սարգսի տոնի հետ կապված: Այն միայն մեր փողոցում է ընդունված, որովհետև այնտեղ ապրում են հայրենադարձներ, և այդ սվորույթը նրանց է պատկանում:

Ամեն տարի Ս. Սարգսի տոնին բոլոր տներում պատրաստում են հալվա, աղանձ, կոնֆետեր, չիր և այլն: Ամեն ինչ նախապես պատրաստում են և սպասում, թե երբ շարֆերը դռան ճեղքից ներս կընկնեն: Հիմա բացատրեմ: Մութն ընկնելուն պես երեխաներով հավաքվում էինք փողոցի ծայրում և մտնում մեկի բակը: Մեզնից մեկը կիսաբաց էր անում դուռը մյուսները շարֆերը ներս էին գցում և դուռը փակում: Եվ սպասում էինք մինչև մեր շարֆերի մեջ կապեն տարբեր քաղցրեղեններ: Հետո նշան էին անում, և մենք հետ էինք քաշում մեր շարֆերը: Եվ այդպես բոլոր տները մտնում էինք: Իսկ վերջում մեր «ավարը» տանում էինք տուն: Կարևոր էր, որ մեր դեմքերը չտեսնեին: Իհարկե, երբեմն փորձում էին դուռը բացել: Մենք զգուշանում էինք, դրա համար էլ դուռը դրսից ամուր պահում էինք:

Ահա թե ինչու էինք մենք միշտ այդքան խանդավառությամբ ու անհամբերությամբ սպասում Ս. Սարգսի տոնին:

Աննա Անդրեասյան, 16 տ., Արմավիրի մարզ, գ. Մայիսյան

***

Օրվա թեմայից հետ չմնալով կցանկանամ ես նույնպես խոսել Սբ Սարգսի տոնի մասին: Ես անձամբ շատ եմ սիրում այդ տոնը, և որպես հետաքրքրասեր լրագրող, ցանկացա իմանալ, թե ինչպես են այդ տոնը նշել նախկինում: Հարցրեցի հայոց լեզվի ուսուցչուհուս: Պատմեց, որ երբ իրենք են եղել մեր տարիքին, նրանց չի թույլատրվել գնալ եկեղեցի, ուր մնաց թե տոն նշեին: Խորհրդային Միության տարիներին արգելվել է տոնել եկեղեցական տոները: Իսկ հիմա մեծ ուրախությամբ և ճոխությամբ են տոնում բոլոր տոները:  

Ավելի հանգամանալից  պատասխան ստանալու համար դիմեցի պատմության ուսուցչուհուս՝ Ռուզաննա Հարությունյանին.

-Նախ վերհիշենք, թե ո՞վ է եղել Սբ Սարգիսը: Նա զինվորական էր: Ինչպես գիտենք, Սարգիս անունը նշանակում է՝ մաքուր, պարզ, անաղարտ: Երբ պարսից արքան պահանջում է, որ Սարգիսը կրոնափոխ լինի և հրաժարվի քրիստոնեությունից, փախչում է: Շրջում է քրիստոնյա երկրներով և օգնում մարդկանց: Նա օգնում էր հովիվներին, փոթորիկների մեջ ընկած մարդկանց և իհարկե սիրահարներին: Եվ Հայոց եկեղեցին որոշեց ստեղծել սիրահարների տոնը՝ Սբ Սարգիսի տոնը: Հիմա երիտասարդները շփոթում են Սբ Սարգիսին և Սբ Վալենտինին: Եկեք տարբերենք Սբ Վալենտինը կաթոլիկ եկեղեցու սրբերից է, իսկ Սբ Սարգիսը Հայ առաքելական եկեղեցու:

Հռիփսիմե Վարդանյան, 16 տ., Արարատի մարզ, գյուղ Մրգավան

***

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Աշուղ Ղարիբն ու Շահ Սանամեն

Ս.Սարգսի տոնի հետ կապված կան բազմաթիվ ավանդազրույցներ: Ըստ դրանցից մեկի, լինում է մի աղքատ տղա՝ Աշուղ Ղարիբը, ով սիրահարված է լինում հարուստի աղջիկ Շահ Սանամեին: Վերջինս նույնպես սիրում էր տղային, բայց քանի որ տարբեր խավերից էին, հայրը դեմ է լինում նրանց  հարաբերություններին:

Տղան որոշում է երկրից դուրս գալ՝աշխատելու և հարստանալու նպատակով, և աղջկան պատվիրում է 7 տարի սպասել: Եթե 7 տարի հետո նա չվերադառնա, ապա կարող է ամուսնանալ նրա հետ, ում հայրը կառաջարկի: Եվ տղան, ոչ մի ջանք չխնայելով, աշխատում է 7 տարի, բավական փող կուտակում ու հետդարձի ճանապարը բռնում:

Ճանապարհին խոչընդոտների հանդիպելով՝ Աշուղ Ղարիբը աղոթում է Ս. Սարգիս զորավարին՝ հայցելով նրա օգնությունը: Եվ Ս. Սարգիսը իր ճերմակ ձիով գալիս է, տղային նստեցնում ձիուն և շուտ հասցնում Շահ Սանամեին: Աղջկա հայրը, տեսնելով հրաշքը, տղայի անկոտրում կամքն ու անկեղծ սերը՝ օրհնում է նրանց  միությունը:

Գեղեցին տոն է Ս. Սարգիսը, եթե հավատաս ու անկեղծ լինես:

Ստելլա Ավետիքյան, 14տ., Լոռու մարզ, գ.Դսեղ

Mishel Harutyunyan

Սուրբ Սարգիսը

Երիտասարդների ամենասիրած տոներից մեկը Ս. Սարգիսն է։ Հայերը այն նշում են մեծ շուքով։ Ս. Սարգսի տոնը հայ եկեղեցու շարժական տոներից է և նշվում է հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին։ Ս. Սարգսի ծիսակատարություններից միայն մեկ սովորույթ է մինչ օրս պահպանվել, այնինչ հնում տոնը այլ ձևով է նշվել։ Օրինակ՝ հայերը հնգօրյա պահք էին պահում, ցորենից խաշիլ և փոխինձ էին պատրաստում։ Ուրբաթ գիշերը տանտիկինները սկուտեղի վրա փոխինձ էին լցնում, հարթեցնում և դնում պատուհանի գոգին։ Նրանք վստահ էին, որ Ս. Սարգիսը իր ձիով այդ գիշեր պիտի այցելի իրենց, և որպես իր այցելության նշան, ձիու պայտի հետքը պիտի թողնի փոխինձի վրա։ Որպեսզի Ս. Սարգիսը հեշտությամբ մտներ տուն, շատերը տան դուռը բաց էին թողնում։ Շաբաթ առավոտյան բոլորը շտապում էին տեսնելու՝ Ս. Սարգիսը այցելե՞լ է արդյոք իրենց: Եթե հանկարծ նշմարվում էր ձիու պայտի հետքը, անչափ երջանկություն և հաջողություն էր սպասվում այդ ընտանիքում, և այդ մասին իմանում էին բոլորը՝ բարեկամները, հարազատները, հարևանները։ Սակայն լինում էին դեպքեր, երբ մարդիկ իրենք էին պայտը հպում փոխինձին։ Դրա համար էլ կային մարդիկ, որոնք չէին հավատում այդ ամենին։ Մայրս պատմում է.

-Ս. Սարգսի տոնի նախորդ ուրբաթ գիշերը, բոլորի նման, մենք էլ էինք փոխինձով սկուտեղ դրել տանիքին։ Առավոտյան, երբ տեսանք դրոշմած  փոխինձը, շատ ուրախացանք, սակայն դրա հետ մեկտեղ, նաև շատ զարմացանք։ Փաստորեն Սարգիս զորավարը գիշերն այցելել էր մեզ, և որպես նշան, թողել էր իր ձիու պայտի հետքը։ Ում էլ պատմում էինք, չէին հավատում, կարծում էին՝ մենք էինք հպել պայտի հետքը փոխինձին։

Ուրբաթ երեկոյան, չամուսնացած աղջիկներն ու պատանիները, նույն այդ փոխինձից աղի բլիթ էին պատրաստում և ուտում։ Գիշերը՝ երազում, ով իրեն ջուր տար, նա էլ պետք է լիներ իր փեսացուն կամ  հարսնացուն։ Տատիկս ասում է, որ նաև հետևում էին, թե ինչ բաժակով են ջուր տալիս իրենց՝ կավե, արծաթե, թե ոսկյա։ Եթե ջուր էին տալիս ոսկյա բաժակով, ուրեմն ընտրյալը հարուստ մարդ է լինելու, եթե կավե՝ ուրեմն աղքատ, իսկ եթե արծաթե՝ ուրեմն այդքան էլ հարուստ չի լինի։ Ս. Սարգսի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր։

Angelina Karapetyan

Երազում էլ իմ հայրենիքն եմ տեսնում

Հարցազրույց Հրահատ Կեսոյանի հետ, ով, գնալով Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, հաստատվեց այնտեղ:

-Ինչպե՞ս է անցել Ձեր կյանքը` մանկությունը, պատանեկությունը և երիտասարդությունը:

-Կյանքս անցել է այնպես, ինչպես բոլոր հայորդիներինը, բոլոր Հայաստանում բնակվող մանուկներինը, երիտասարդներինը: Ապրել եմ գյուղում, գյուղական միջավայրում, զբաղվել ենք գյուղական աշխատանքով, ունեցել ենք տնտեսություն, անասուններ ենք պահել, հող ենք մշակել: Հաճախել եմ դպրոց: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ տեխնիկումի շինարարական բաժին, որտեղ սովորել եմ արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն: Աշխատանքի ղեկավար եմ եղել: Այնուհետև ծառայել եմ սովետական բանակում`Նովոսիբիրսկի մարզում: Ընդունվել եմ կուսակցության շարքերը, որպես կոմունիստ, եղել եմ կոմունիստական կուսակցության անդամ: Սովորաբար բանակից վերադառնալուց հետո անցնում ես կյանքի երրորդ փուլը`պատանեկությունից թևակոխում երիտասարդություն: Այդ ամենի հետ ուրիշ հայացքներ են մարդու մոտ առաջ գալիս`ամուսնություն, ընտանիք կազմել, երեխաներ դաստիարակել:

-Քանի՞ տարի եք ապրել Հայաստանում, և ինչպիսի՞ն էր Ձեր ապրած տարիների Հայաստանը:

-Հայաստանում ապրել եմ 47 տարի, իմ կյանքի կեսից ավելին: Հայաստանը, որպես մայր հայրենիք, մնում է իմ հոգեհարազատ երկիրը: Դժվար է ասել` ինչպես կգնահատեի հայրենիքումս ապրած կյանքը: Գնահատում եմ շատ բարձր, որովհետև Հայաստանում եմ ծնվել, մեծացել, սնվել եմ նրա հող ու ջրից, էությունս, մանկությունս, երիտասարդական քաղցր տարիներս անց եմ կացրել Հայաստանում: Հայաստանում ինձ համար վատ չի եղել: Ապրել ենք, աշխատել ենք, ստեղծել ենք, չենք նախանձել ուրիշների ստացած արդյունքին թե´ կյանքի, թե´ ուսման, թե´ տնտեսական հարցերում: Ձգտել ենք բոլոր դեպքերում ունենալ մերը: Բայց արդեն ժամանակները փոխվեցին, ինչի հետ փոխվեց նաև մեր աշխարհայացքը, մտածեցինք, որ կարելի է դրսում աշխատել:

-Ինչպե՞ս որոշեցիք տեղափոխվել և բնակություն հաստատել Ռուսաստանում:

-Վերջին ժամանակներում աշխատանքային պայմանները Հայաստանում վատացան, ընտանիքը պահելու համար ստիպված պետք է գնայինք արտագնա աշխատանքի, իսկ դա նշանակում է՝ լքել հայրենիքը, գնալ Ռուսաստան ութ ամիս, տասը ամիս, աշխատել դրսում`ընտանիքից հեռու: Հենց այդ հանգամանքը ստիպեց, որ ես ու ընտանիքս որոշում ընդունեցինք տեղափոխվել Ռուսաստան, որպեսզի միասին ապրենք։

-Արդյո՞ք դժվար չէր այնտեղ ինքնահաստատվելը:

-Առանց դժվարությունների ոչինչ չի լինում: Նոր մարդիկ, նոր աշխատանքային պայմաններ, բայց երբ գիտակցում ես քո գործի էությունը. արդեն ինչ-որ տեղ այդ կազմակերպչական աշխատանքները անցնում են վստահորեն: Բնականաբար եղել են դժվարություններ, բայց աշխատել ենք հաղթահարել:

-Ինչպիսի՞ համեմատականներ կանցկացնեիք երկու երկրների միջև:

-Զուգահեռները բավականին մեծ են: Հայաստանում աշխատել, ստեղծելը մի քիչ դժվար է, որովհետև չկան բավարար պայմաններ թե´ տնտեսական, թե´ աշխատանքային ոլորտներում: Իսկ Ռուսաստանում կա մեծ հեռանկար, որտեղ հնարավոր է ամեն ինչ կազմակերպել, սակայն ամեն ինչ էլ գալիս է մարդու աշխատասիրությունից, ձգտումից։

-Ի՞նչ գործունեություն եք ծավալել այնտեղ:

-Քամի որ մենք գյուղի բնակիչ ենք եղել, հող ու ջրի հետ առնչվող մարդիկ, ՌԴ-ում նույն գործունեությամբ ենք զբաղվում: Ֆերմերային տնտեսություն ենք ղեկավարում, հողագործությամբ, կարտոֆիլաբուծությամբ ենք զբաղվում, բոստանային կուլտուրաներ ենք մշակում: Աշխատում ենք, ստեղծում ենք աշխատատեղեր: Մեզ մոտ աշխատում են 70 հոգի, որոնք տարբեր ազգերի ներկայացուցիչներ են:

-Երբևէ մտածե՞լ եք, որ սխալ որոշում եք կայացրել` տեղափոխվելով Ռուսաստան:

-Եղել են այնպիսի պահեր, երբ մտածել եմ, թե ինչից ելնելով ես լքեցի իմ հայրենիքը: Չսննկացած պարագայում կա հնարավորություն մեր ֆիզիկական գոյությունը պահելու, լավ ապրելու, սակայն հոգեպես մենք աղքատ ենք: Օտարության մեջ տանջում է հարազատների, ծանոթ մարդկանց, հայրենիքի, հող ու ջրի, նիստ ու կացի կարոտը: Մի քիչ փակագծերը բացեմ ու ասեմ, որ օտարության մեջ երազ տեսնելիս, ես իմ հայրենիքն եմ տեսնում: Շատ դժվար է դրսում, բայց կյանքը ստիպում է մարդկանց գնալ նման քայլի: Կյանքը շատ կարճ է, ինչ-որ տեղ պետք է կարողանաս այդ ընթացքում որևէ արդյունքի հասնել:

-Ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր հայրենակիցներին, ովքեր ցանկանում են լքել հայրենիքը:

-Հնարավորության դեպքում չլքել հայրենիքը, միայն ու միայն դա է իմ ցանկությունը: Բոլորն էլ այդ ամենը անում են, երբ զգում են, որ այլևս չեն կարողանում արժանավայլել ապրել, ստիպված դիմում են նման քայլի, բայց եթե Հայաստանում հնարավոր է հանապազօրյա հաց վաստակել, մի քիչ մարդավայել ապրել, ես խորհուրդ չէի տա լքել հայրենիքը:

khachik buniatyan

Հայը մնում է հայ

2017 թվականը դիմավորելով Ֆրանսիայում՝ կարոտել էի հայկական ավանդույթներին և ուտեստներին։ Սկզբում, ճիշտն ասած, չէի հարմարվում։ Փողոցում իմ տարիքի աղջիկներին ու տղաներին ծխելիս տեսնելը իմ աչքին անսովոր էր։ Քանի որ Հայաստանում այդպես ընդունված չէ, ինձ համար տհաճ երևույթ էր։ Հայերի կյանքն ու ապրելակերպը, կարելի է ասել, անհամեմատ ուրիշ է։ Քիչ-քիչ ընտելացա այնտեղի առօրյա անցուդարձին, գրեթե արդեն նորմալ էր ինձ համար, չնայած, ի՞նչն է նորմալ, երբ տեսնում ես, թե ինչպես է 16 տարեկան աղջիկը սուլում տղաների հետևից, կամ կինը ծխախոտ առաջարկում ամուսնուն։

Ես հայ եմ, չեմ կարող նման կերպ ապրել։ Քաղաքում ամեն նոր հայի գալստյան լուրը իմանում են տեղի բոլոր մյուս հայերը։ Սկսվում են նոր ծանոթությունները, ընկերությունները։ Քաղաքը մեծ է, և բացի մեզանից շատ հայեր կան, որոնցից արդեն մի քանի ընտանիք մեզ հարազատ են դարձել։ Ամեն օր կամ մենք ենք նրանց տանը, կամ նրանք՝ մեր։ Այսպես էլ անցնում էին տոնական օրերը։ Մի օր էլ մեր նոր ընկեր Արսենը առաջարկեց խորոված անել։ Հավաքվեցինք, տաք հաքնվեցինք ու գնացինք բաղձալի նպատակին հասնելու։ Դրսում ցուրտ էր՝ -6 աստիճան, բայց տրամադրությունն այնքան բարձր էր, որ ցուրտը անտեսվում էր։ Փողոցում անցող-դարձողը զարմացած նայում էր մեր կրակի ուղղությամբ։ Դե, քանի որ մենք էլ հայ ենք, մի քանի հոգու հյուրասիրեցինք մեր հայկական ավանդական խորովածը։ Լավ ժամանակ անցկացնելով՝ շտապեցինք տուն՝ նարդի խաղալու։

Հայերի բնավորությունը նույնն է. բարձր ձայնով տարբեր մեկնաբանություններ անելով խաղում էինք, իսկ ծիծաղն ու ուրախությունն անսպառ էին: Հայերի կյանքը Ֆրանսիայում էլ անցնում է նույն հայկական սովորույթներով։ Բայվ մեկ է, անընդհատ Սարոյանին եմ հիշում, վստահ կարող եմ ասել, որ իմ սիրտը Հայաստանում է:

Mishel Harutyunyan

Վերադարձ հեռուստաընկերություն

Ուղիղ 5 տարի առաջ ես սկսեցի վարել «Արարատ» հեռուստաընկերության` «Մանուկների օրագիր» հաղորդաշարը։ Այն ինձ շատ բան տվեց՝ ճանաչում, նոր ընկերներ, գիտելիքների շտեմարանս ավելացրեցի նոր գիտելիքներով։ Առաջին եթերից հետո մեջս առաջացավ հետաքրքրություն հեռուստատեսության նկատմամբ։ Ես շատ սիրեցի այդ մասնագիտությունը։ Մի եթերը չավարտված՝ անհամբեր սպասում էի մյուս եթերին։ Սակայն այդ ամենը տևեց ընդամենը 2 տարի։ Այդ ծրագիրը որոշ խնդիրների պատճառով դադարեց։ Ես ու ընկերներս շատ տխրեցինք։ Մեզ այդ ամենից մնացին ընդամենը գեղեցիկ հուշեր։
Երկար դադարից հետո, 3 տարի անց՝ գովազդով տեսա, որ «Մանուկների օրագիրը» կյանքի է կոչվել։ Չեք պատկերացնի, թե ինչքան ուրախ էի։ Ուրախությանս չափ ու սահման չկար։ Ես անմիջապես զանգահարեցի մեր գլխավոր խմբագրին՝ ընկեր Անուշին, որպեսզի իմանամ, թե երբ է լինելու մեր առաջին հաղորդումը։ Առաջին երկու եթերը ամանորյա էին, դրանք շատ ուրախ անցան։ Ես ու ընկերներս մեզ շատ լավ էինք զգում։ Հետո ընկեր Անուշը ասաց, որ դա մեր վերջին եթերն էր «Մանուկների օրագրում», քանի որ մեզ փոխարինելու են գալիս փոքրիկները։ Մենք էլ էինք շատ փոքր, երբ առաջին անգամ ոտք դրեցինք հեռուստաընկերություն։
Հիմա մենք աշխատում ենք նոր ծրագրի վրա և հեռուստադիտողին կհանդիպենք, արդեն որպես պատանի։

Angelina Karapetyan

Նոր քննակարգը եւ տասներկուերորդ դասարանցիները

Հարցազրույց տասներկուերորդ դասարանցի Թամարա Գրիգորյանի հետ:

-Ինչպե՞ս անցան քննությունները:

-Քննություններն անցան իմ սպասածից էլ լավ: Սկզբում շատ անհանգիստ էինք, քանի որ դասագիրքը չէինք հասցրել ամբողջությամբ վերջացնել, սակայն քննական հարցաշարը բավականին հեշտ էր, հիմնականում ներառված էր անցած տարվա ծրագիրը:

-Արդյո՞ք լավ էր կազմակերպված:

-Ամեն ինչ կազմակերպված էր ըստ օրենքի և համապատասխան կանոնների, այնպիսի դեպք տեղի չի ունեցել, որը չհամապատասխաներ նոր ծրագրին:

-Քննություն հանձնելիս կայի՞ն բարդություններ:

-Կարծում եմ միակ բարդությունն այն էր, որ հասցնեինք պատրաստվել քննությանը: Ինչ վերաբերում է հարցաշարին և քննության կազմակերպչական մասին՝ բարդություններ չկային:

-Արդյո՞ք գոհ ես քո արդյունքներից:

-Բնականաբար ամեն քննությունից հետո մտածում ենք, որ կարող էինք ավել լավ արդյունք ցուցաբերել: Իսկ ինչ վերաբերվում է հավաքածս միավորներին, հաշվի առնելով, որ պատրաստվելու ժամանակը քիչ էր, վատ չէր, դժգոհություններ չկան:

-Արդեն սկսվել է երկրորդ կիսամյակը: Ի՞նչ կարգով պետք է հաճախեք դասի, ի՞նչ փոփոխություններ կան:

-Կարգը նույնն է. պարտավոր ենք հաճախել դպրոց, բացակայության դեպքում՝ բացական դրվում է: Միայն ունենք ազատ ինքնապատրաստման ժամեր, որոնց ժամանակ կարող ենք զբաղվել այն առարկայով, որից միասնական քննություն ունենք հանձնելու:

-Ինչպե՞ս ես վերաբերվում նոր փոփոխություններին:

-Փոփոխություններն ինձ համար դրական են, քանի որ հիմա ավելի ազատ ժամանակ եմ ունենում, և հեշտ է պատրաստվելը տարեվերջյան քննություններին:

Իսկ եթե միախառնե՞նք

Լուսանկարը` Խաչիկ Բունիաթյանի

Լուսանկարը` Խաչիկ Բունիաթյանի

21-րդ դար: Դար, որը փոխել է մարդու կենսագործունեությունը և զբաղվածության գրաֆիկը։ Ես միշտ հպարտանում եմ, որ երկու դարերի մեջտեղում եմ ծնվել՝ 20-րդ դարի վերջում և 21-ի սկզբում։ Մեկ-մեկ էլ ընկերներիս մոտ կատակում եմ, թե ես արդեն մեկ դար ապրել եմ։ Ծնվել եմ 1999թ. դեկտեմբերի 13-ին։ Այդքան էլ մեծ տարիք չունեմ, բայց իմ ապրած ժամանակահատվածում էլ զգացել եմ տարիների փոփոխությունը մարդու ապրելակերպի մեջ։

Ծնողներիցս ու շատերից լսելով այս նախադասությունը՝ «Մեր ժամանակ ուրիշ էր», փոքր ժամանակ իմաստը չէի հասկանում, բայց երբ մի քիչ մեծացա, հասկացա, որ դա զուտ նախադասություն չի: Շատ խորը իմաստ ունի։ Հիմա ես էլ այդ նախադասությունը շատ եմ օգտագործում։

21-րդ դարը ինձ համար «հետէվոլուցիայի» դար է, քանի որ մարդը, ընկղմվելով ինտերնետային սարդոստայնում, դառնում է ավելի ինքնամփոփ, կտրված աշխարհից, ու ինձ համար ամենացավոտը, ռոբոտանում է։ Հա, ճիշտ է, մեր ժամանակ ուրիշ էին մեր խաղերը, մեր օրը, մեր հետաքրքրությունները։ Ես ինքս գյուղում ապրելով, ունեցել եմ անկրկնելի և ուրախ մանկություն։ Հիշում եմ, որ տատիկիս ծաղկանոցում թիթեռ էինք բռնում երեխաներով ու չորացնում էինք: Մի քիչ դաժան բան է, բայց դե, երեխա էինք: Ցեխերի ու ջրերի մեջ մեր ֆուտբոլը ի տարբերություն դարի ինտերնետային խաղերի, մնացած միակ հուշն է, որ ուրախությամբ հիշում եմ։

Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ մանկությունս վայելել եմ, իսկ այս դարի երեխաներին մի քիչ էլ, կարելի է ասել, խղճում եմ: Պլանշետներ, ականջակալներ, հեռախոս… Մի ամբողջ պահեստ է ամեն երեխայի վրա։ Ու ինձ ուզում եք համոզել, որ մեր «չլիկ-դաստայից», «ֆուտբոլից», «հալա-մուլայից» ու «կլասից» լա՞վն են ձեր աչքերը զոդող խաղերը։

Լուսանկարը` Խաչիկ Բունիաթյանի

Լուսանկարը` Խաչիկ Բունիաթյանի

Մանկությունը պիտի անցկացնել դրսում՝ ընկերների ու լիքը հետաքրքիր խաղերով, ոչ թե հոլոգրաֆիկ պատկերներով խաղերով։ Հնի ու նորի միախառնումից կստացվի մի նոր բան, որը կարող է փոխել ձեր կյանքը:

Հենց էնպես չեմ ասում, ես նախորդ դարում էլ եմ ապրել, թեկուզ 18 օր…

Mane Minasyan

Մնաց հինգ ամիս

Գրեթե յուրաքանչյուր տասներկուերորդցի այս տարի դարձել է ավելի պատասխանատու, քան նախորդ տարիներին: Ես՝ շարքային տասներկուերորդցիս, բոլոր դիմորդների պես ունեմ հույսեր քննությունների, համալսարանի ու ուսանողական կյանքի հետ կապված:

Քննությունների վերաբերյալ ինձ հետ հույսեր են կապում նաև ուսուցիչներս, ծնողներս, հարազատներս ու մտերիմներս, ինչը ինձ ավելի է պարտավորեցնում ու ստիպում է շատ աշխատել՝ նրանց գոհացնելու համար:

Շատերը մտածում են, որ քննության օրը վախեցնող է, և սկսում են լարվել: Սակայն իմ դեպքում մի փոքր այլ է: Քանի որ ես շատ ակտիվ եմ, ու մասնակցել եմ շատ ծրագրերի, որոնց ընթացքում մի շարք քննություններ եմ հանձնել, այդ լարվածությունը չկա: Հիմա շատերն են ափսոսում, որ դպրոցական տարիներին խուսափում էին հասարակական ակտիվությունից: Թե ավելի ինքնավստահ կլինեին այսօր, և թե քննություններին էլ հանգիստ կվերաբերվեին:: Մի հուզվեք ու մի լարվեք, վախենալու բան չկա:

Ասում են, որ համալսարանում միայն առաջին շաբաթն է անցնում հետաքրքիր, ու այնտեղ ոչինչ չես սովորում: Բայց ես մանկուց երազել եմ այնտեղ սովորելու մասին, ու հույսերս մի տեսակ շատ մեծ են:

Համալսարա՛ն, հուսախաբ չանես: Բոլոր ուսանողներն ասում են, որ սա կյանքի ամենահետաքրքիր փուլերից մեկն է: Անգամ տատիկներն ու պապիկները, հիշելով իրենց ուսանողական կյանքը, ժպտում են:

Եթե անկեղծ, ապա ես ուզում եմ դպրոցը շուտ ավարտել, ուսանող դառնալու համար: Բայց, այսքանին հասնելու համար դեռ 5 ամիս պետք է աշխատել:

mane minasyan -2

Ամփոփում ենք կրթական 2016-ը

Ամեն տարի Նոր տարվա նախամուտին բոլորս էլ մտքում փորձում ենք ամփոփել անցնող տարին, ու հասկանալ, արդյոք այն մեզ տվեց ինչ-որ բան, թե չէ:

2016-ը սկսվեց մեծ սպասումով, սակայն սպասումներիս դիմաց ստացա մի մեծ արկղ՝ այն էլ փաթեթավորված մեծ կարմիր ժապավենով:
2016-ի գարնանը ընտրվեցի «Հույսի Կամուրջ»-ի կազմակերպած Մեդիագրագիտության դասընթացներին մասնակցելու:
«Հույսի Կամուրջն» ինձ տվեց մի մեծ փունջ «Արևածաղիկ»:

Արևածաղիկներից յուրաքանչյուրն իր կարևոր տեղը գտավ իմ կյանքում:
2016-ին մեր դպրոցը մասնակցեց Հայաստանի պատանեկան նվաճումների ամենամյա բիզնես ծրագրին, ու, չգիտեմ էլ ոնց, քննությանը բարձր միավորներ հավաքելով, ես էլ մասնակցեցի Հայաստանի պատանեկան նվաճումների դպրոցական ճամբարին, որտեղից վերադարձա գիտելիքների մեծ պաշարով ու լիքը ընկերներով՝ ամբողջ Հայաստանից:
2016-ին մեր դպրոց եկան «Մանանա» կենտրոնից, ու էլի ես ընտրվեցի դասընթացին մասնակցելու, ու հենց «Մանանայի» շնորհիվ երազանքներիցս մեկն իրականացավ, ու դարձա թղթակից 17.am-ում:
Ասեմ ավելին, դարձա ակտիվ թղթակից ու մասնակցեցի մեդիաճամբարի, որն էլի շատ գիտելիքներ ու ընկերներ տվեց:
Դե, այս տարի վերջին սեպտեմբերս էր դպրոցում, սակայն, եթե անկեղծ լինեմ, այս տարի չհասցրեցի դպրոց գնալ ամեն օր, քանի որ ինձ հյուր էին եկել շտեմարանները:
2016-ին սկսեցի թղթակցել «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթում:
2016-ին սկսեցի հանդես գալ eJournal.am կայքում:
2016-ին նորից միացա «Արևորդուն, սակայն այս տարի որպես կամավոր:
2016-ին ես հասկացա, թե ինչ է նշանակում «ժամանակ չունեմ»-ը:
Եթե փորձեմ մի քանի բառով նկարագրել 2016-ը, ուրեմն կասեմ՝ այն ինձ համար կրթական տարի էր:
Շնորհակալություն 2016, որ եկար, ու մի քիչ էլ ինձ մեծացրեցիր:
Մնաս բարով…

Angelina Karapetyan

Հրաշքն է կորել

Նկատե՞լ եք, Ամանորը կորցրել է իր հեքիաթային բնույթը և դարձել պարտադրված տոն:

Բնականաբար, մեծանալով հասկանում ենք, որ մեր երազանքների Ձմեռ պապը գոյություն չունի, դե կամ էլ ունի, պարզապես շատ հեռու է մեզանից գտնվում, և չի կարող կատարել մեր ամենանվիրական երազանքը: Սակայն գալիս է մի ժամանակ, երբ հասկանում ես, որ քո ստեղծած երազանքների հեքիաթում ապրելը ավելի հաճելի է, նվիրական ու բաղձալի, քան դուրս գալ հեքիաթից և ապրել իրականությամբ և ընկալել այն:

Հեքիաթում այսպես էր. մանուկները լիովին հավատում են Ձմեռ պապիկի գոյությանը, գրում են նամակ, ծրարի մեջ դնում և տալիս ծնողներին` համոզված լինելով, որ փոստատարի միջոցով կհասնի Ձմեռ պապիկին, և նա կայցելի իրենց: Իսկ Ամանորի գիշերը ուշ են քնում, որպեսզի տեսնեն նրան: Երբ արթնանում են, տեսնում են տոնածառի տակի նվերները, իրենց մտատանջում հարցերով.

-Ո՞նց ա Ձմեռ պապին տեղավորվել ծխնելույզում, ո՞նց չհասցրի տեսնել նրան:

Տոնածառը զարդարելիս ամեն խաղալիք կախելուց հետո երազանք էինք պահում, իսկ հիմա՞:

Ամանորը դադարել է շնչել, մոռացել է արտաշնչել, անհետացել է ամանորյա հեքիաթը: