


Ջրի կռիվ
Ես ապրում եմ Արարատի մարզի Մրգավետ գյուղում: Իմ գյուղում մի բան կա, որ ինձ շատ է անհանգստացնում: Առավոտյան քնից արթնանում եմ մարդկանց գոռգոռոցից, հասկանում եմ, որ նորից ջրի համար են վիճում: Կռվում են, թե ով պիտի առաջինը ջրի իր հողամասը: Մարդիկ իրար ինչ ասես` ասում են, վիրավորում են, քիչ է մնում իրար հարվածեն, ու չեմ էլ կասկածում, որ մի օր դա էլ կլինի:
Ինձ շատ է անհանգստացնում այդ ամենը, ես չեմ ուզում ամեն օր լսել այդ գոռգոռոցները: Պետք չի ջրի համար իրար վիրավորել: Ի վերջո նույն գյուղում ենք ապրում, պետք է հասկանալ իրար, ընդհանուր հայտարարի գալ առանց վիճելու:
Հիմա կասեն` մեծ-մեծ խոսում ես, իսկ ի՞նչ անենք, եթե ոռոգման ջուրը չի բավարարում, դրա համար էլ ամեն մեկը մոռանում է մարդկային ամենակարևոր հատկանիշները, քաղաքավարության կանոնները:

Ավստրուհի տատիկս
Փոքր տարիքից մինչ հիմա ինձ ասում են, որ ես նման եմ իմ ավստրուհի տատիկին: Այն ժամանակ չէի հետաքրքրվում, թե ով է նա, և ինչով եմ նման նրան: Ինձ հետաքրքրեց` տատիկս իրո՞ք եղել է ավստրուհի, թե նրա բնավորության ինչ-որ գծի համար են իրեն ավստրուհի ասել: Միակ մարդը, ով տեղյակ էր ամբողջ պատմությունից, դա իմ հորեղբոր կինն էր: Դե լավ, սկսենք պատմությունը:
Իրադարձությունները սկսվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ հայրիկիս Հրաչ պապիկը գնում է պատերազմ: Կռվի ժամանակ վիրավորվում և գերի է ընկնում Ավստրիայում: Նրան և մյուս վիրավոր գերիներին տանում են հոսպիտալ: Հոսպիտալի բուժքույրերից մեկը նրան առանձնահատուկ ուշադրություն է դարձնում: Վիրակապերը փոխելու ընթացքում զրույցները և հարցուփորձերը բուժքրոջը ստիպում են պապիկիս տեղափոխել իրենց տուն: Դժվարությամբ, բայց նա կարողանում է դա անել: Բուժքույրը պապիկիս ծանոթացնում է իր աղջկա հետ: Այդ աղջիկը իմ տատիկն էր՝ իմ Մարիա տատիկը: Նրանք սիրահարվում են: Ինչ որ ժամանակ անց որոշում են ամուսնանալ: Սակայն երկրի կառավարությունը հրաման է արձակում, ըստ որի բոլոր գերիները պետք է աքսորվեն երկրից: Մարիա տատիկս որոշում է իր ապագա ամուսնու հետ հեռանալ: Նրանք գնում են ԱՄՆ, այնտեղ ապրում են որոշ ժամանակ, հետո վերադառնում են Հայաստան: Այստեղ ապրում են մոտ քառասուն տարի: Քառասուն տարի անց տատիկս որոշում է այցելել իր հայրենիք: Սակայն մերժում է ստանում, երկիրը նրան չի ճանաչում որպես քաղաքացի: Այսպես նա ստիպված է լինում ամբողջ կյանքը անցկացնել և մահանալ առանց վերջին անգամ հայրենիքը տեսնելու:
Ահա այսպիսի հուզիչ պատմություն դուրս եկավ ավստրուհի տատիկիս պատմությունը:
Աղվերանի մեդիա ճամբար. Միշելի քեռին

Լուսանկարը` Խաչիկ Բունիաթյանի
Մի քանի օր առաջ քննարկում էինք և փորձում ընտրել 19 կինոյի թեմաներից մի քանիսը, որոնք պետք է նկարահանեինք Աղվերանի մեդիա ճամբարի օրերին: Բոլոր թեմաներն էլ հետաքրքիր էին, բայց ես անմիջապես ընտրեցի «Միշելի քեռին» աշխատանքային վերնագրով թեման, և շատերը հավանություն տվեցին այդ ֆիլմը նկարելու գաղափարին: Ասեմ, որ Միշելը մեր Արարատի մարզի թղթակիցներից է:

Լուսանկարը` Խաչիկ Բունիաթյանի
Մենք հասանք Չարենցավան` ԱրթուրԳալստյանենց տուն: Մեզ դիմավորեց նրա ուրախ ու գեղեցիկ ընտանիքը: Արտակը գամված է հաշմանդամի սայլակին: Նա ուրախ ժպիտով մեզ ներս հրավիրեց: Նստեցինք և սկսեցինք զրուցել: Սպորտում բազմաթիվ հաջողություններ ունեցող մեր ֆիլմի հերոսը ունեցել է բազմաթիվ հաղթանակներ: Արթուրը զբաղվում է սեղանի թենիսով և բասկետբոլով: Երբ ցույց տվեց իր պատվոգրերն ու մեդալները, հասկացա, որ շատ ուժեղ կամքի տեր մարդ է: Երեխաները շրջապատել էին մեզ և հետաքրքրությամբ նայում և լսում էին: Արթուրին կյանքը չի ընկճել, նա զբաղվում է արհեստով, կարողանում է մեքենա վարել, շատ ակտիվ մարդ է: Ավելին, Արթուրը մտածում է նաև բոլոր այն սահմանափակ կարողությունների տեր մարդկանց օգնելու մասին, որոնք ապրում են իրենց քաղաքում:
Արթուր Գալստյանի մասին ավելի շատ բան իմանալու համար սպասեք մեր ֆիլմին: Հաստատ ձեզ էլ կոգեշնչի նրա կերպարը:

Բժշկուհի՞, թե՞…
Ինձ հուզող հարցերից մեկը մասնագիտության ընտրությունն է. շատ դժվար և ճակատագրական հարց։ Սակայն մի բան հաստատ գիտեմ` ի՞նչ մասնագիտություն էլ ընտրես, պետք է լավ մասնագետ լինես։ Այս տարիքում շատ բարդ է միայնակ ընտրություն կատարելը։
Երբ շատ փոքր էի, ուզում էի խաղալիք գտնող դառնալ։ Չէ, չէ, արդեն մեծ եմ ու գիտեմ, որ նման մասնագիտություն չկա։ Առաջին հայացքից ծիծաղելի է, չէ՞։ Ես ուզում էի, որ ոչ մի երեխա չտխրի, երբ իր խաղալիքը կորցնի։ Ես կգտնեի ու կվերադարձնեի։ Հետո, երբ մի քիչ մեծացա, ուզում էի պիցցա սարքող դառնալ, որ ամեն օր պիցցա ուտեի։ Երբ արդեն հինգերորդ դասարանում էի, ուսուցչուհիս ասաց, որ ես շատ լավ ու խիստ ուսուցչուհի կլինեմ։ Ինձ շատ դուր եկավ այդ գաղափարը. ատամհատիկիս էլ գիրք էի վերցրել: Սակայն մայրիկս ուսուցչուհի է, և ես տեսնում եմ, թե ինչ դժվար և պատասխանատու գործ է։ Մայրս նույնպես խորհուրդ չի տալիս։
Հիմա ծնողներս խորհուրդ են տալիս բժշկուհի դառնալ։ Ես նույնպես շատ եմ ուզում։ Վերջերս հայրիկս իրեն վատ էր զգում, տարել էինք բժշկի մոտ։ Նրան պիտի վիրահատեին։ Լավ էր, որ մեր ծանոթներից մեկը լավ բժշկի գիտեր և մեզ խորհուրդ տվեց դիմել նրան։ Ես էլ ավելի շատ եմ ուզում բժշկուհի դառնալ այդ դեպքից հետո, որ կարողանամ բուժել ծնողներիս և ընդհանրապես բոլորին։
Մի ընկերուհի ունեմ, որը Ֆրանսիական համալսարանում է սովորում, և ուզում է դառնալ ֆինանսիստ։ Ես տեսնում եմ, թե նա ինչքան խելացի է և դրա հետ մեկտեղ շատ է տանջվում` օր ու գիշեր։ Եվ ես, քանի որ սիրում եմ նաև բանկային գործ և ֆինանսներ, հիմա խճճվել եմ. բժշկուհի՞, թե՞… Դժվար է։

Վառածն ավելի համով է
Դեռ փոքր տարիքից սիրել եմ խոհանոցն ու պատրաստելը:
Ճիշտ է, շատ էի լսում՝ «դուրս արի խոհանոցից», «խանգարում ես», «հերիք ա փչացնես ամեն ինչ» արտահայտությունները, բայց, ինչպես միշտ, ես համառ էի ու շարունակում էի ինձ երևակայել «ընտիր» խոհարար ու անել գործս:
Սկզբում, անկեղծ ասած, շատ էի նեղվում, բայց մի օր, երբ երևի յոթ կամ ութ տարեկան էի, պապիկս ինձ համար բաղադրատոմսերի գիրք բերեց ու ասաց, որ ինձ բան չասեն, որ ես պիտի վառեմ, փչացնեմ ու վերջապես սովորեմ:
Ու ես ամեն երեկո կապում էի գոգնոցս, կանգնում սեղանի մոտ ու կրկնում. «Բարի երեկո, սիրելի՛ հեռուստադիտողներ»: Դե հա, ես միշտ էլ երազել եմ խոհանոցի վերաբերյալ հաղորդում վարել:
Արդեն տասնմեկ տարեկան էի, երբ մերոնք սկսեցին չվախենալ փորձել պատրաստածներս:
Տասներկուսում առաջին տորթս դրեցի ջեռոցը: Առաջին կտորը տատիկս փորձեց, ու երբ ասաց, որ լավ է ստացվել, աշխարհն իմն էր:
Դե, տասներեք տարեկանում արդեն լավ էի պատրաստում, որովհետև փորձողը տասից ինն էր գնահատում: Ուրեմն լավ էր ստացվել:
Հիմա էլ եմ ազատ ժամանակ խոհանոցում լինում, ու մաման, որը մի քանի տարի առաջ ինձ խոհանոցից հանում էր, հիմա ասում է.
-Մա՛ն, մի բան սարքի ուտենք:
Աղջիկնե՛ր, մի՛ վախեցեք վառելուց, վառածն ավելի համով է, իսկ դուք, սիրելի՛ մայրիկներ, մի՛ արգելեք մեզ պատրաստել մեր առաջին «գլուխգործոցները»:

Գտնված երազը, որ կորցնում ենք
Երեկ քննություններն ավարտելուց հետո առաջին անգամ հյուր էի գնացել: Բարեկամիս երեխաների հետ շփվել գրեթե չհաջողվեց. մուտֆիլմ էին դիտում: Որոշեցի ինքս միանալ նրանց, բայց 10-15 րոպե անց իրոք փոշմանեցի: Դե պատկերացրեք՝ մուլտֆիլմը որքան սարսափելի պիտի լինի, որ գերադասեմ վերադառնալ մեծերի մոտ ու լսել նրանց ձանձրալի զրույցները: Ո՛չ լեզուն հասկացա, ո՛չ կերպարներին, ոչ էլ առավել ևս սյուժեն. անտրամաբանական արարածները անկապ, անիմաստ ձայներ էին արձակում, ու չէի էլ հասկանում՝ ով ում բարեկամն է, ով ինչ է ուզում անել: Իսկ երեխաները ոգևորված դիտում էին ու կրկնօրինակում դրանց ձայներն ու շարժումները:
Ես իհարկե կարող էի գրել. «Բա մեր ժամանակ էսպե՞ս էր» ծամծմված նախադասությունը, բայց չէ՞ որ ինքս էլ այս ժամանակից եմ ու գիտակցում եմ՝ բոլոր ժամանակներում էլ եղել են, կան, կլինեն լավն ու որակյալը նախընտրող երեխաներ, միայն թե ծնողներն էլ պիտի ուղղորդեն ու օգնեն:
Երբ փոքր էի, հայրս հայկական մուլտֆիլմերի սկավառակ նվիրեց: Ես այդպես էլ ամբողջ պարունակությանը չծանոթացա, քանի որ «սիրահարվել էի» երկար մազերով, վարդագույն զգեստով, այնպե՜ս քնքուշ ու այնպե՜ս բարի աղջնակին և նրա՝ քունը կորցրած պապիկին ու միայն իրենց էի դիտում, իրենց հետ մեծանում: Վստահ եմ՝ հասկացաք՝ խոսքը «Գտնված երազ»-ի մասին է, որը մինչ օրս էլ իմ ամենասիրելի մուլտֆիլմն է: Շատ եմ սիրում նաև «Պինգվինաշենը»: Փոքրիկ Վինի` «Նախ անում եմ, ինչ կամենամ, հետո դիմում ծնողներիս: Հարմա՜ր է այդպես:» արտահայտությունը իմ ու շատ ուրիշների մանկության կարգախոսն էր, որով արդարացնում էինք մեր չարաճճիությունները…
Միայն բարեկամի երեխաները չէին, որ «ստիպեցին» ինձ գրել մուլտֆիլմերի մասին: Այսօր Հանրային հեռուստաալիքը հերթական անգամ ցուցադրեց «Հայելին» մուլտֆիլմը: Ու ես հերթական անգամ սկսեցի մտածել այս մասին. «Ընտիր մտահղացում է և շատ ավելի խորը գաղափար ունի, քան շատ ֆիլմեր, բայց ախր, ինչո՞ւ են կերպարները, միջավայրը այսքան մռայլ ու անտեսք: Արդյո՞ք այս վախենալու հերոսները ինչ-որ ձևով կկարողանան գրավել մանուկներին: Չէ՛, համոզված եմ, որ չեն կարող: Փոքրիկ Աստղիկին հաստատ չէին գրավի»: Ուրեմն, ինչո՞ւ «Հայելու» հավես սցենարին և հայկական շատ այլ մուլտֆիլմերի սցենարներին նոր ու պայծառ զգեստներ չհագցնենք, որ երեխաները հաճույքով դիտեն, մեծերն էլ չասեն. «Բա մեր ժամանակ էսպե՞ս էր»:
Փիսոյիս ձագերը

Լուսանկարը` Թամարա Գալստյանի
Նկարներում իմ կատվի ձագուկներն են: Մի քանի ամիս առաջ կատուս, որի անունը մինչև հիմա չենք որոշել, ուղղակի ասում ենք Փիսո, ձագուկներ ծնեց: Ունեցավ 5 հրաշք, որոնք մեզ ամեն օր զարմացնում են, հիացնում իրենց շարժուձևով, խաղերով: Մի փոքր պատմեմ, թե ինչպես ենք անցկացնում մեր օրը ձագուկների հետ: Առավոտյան, երբ նստում ենք հաց ուտելու, պարտադիր նրանք էլ են գալիս և չեն թողում հաց ուտենք: Ինչ ուտում եմ, համարյա կեսը նրանց եմ տալիս: Ինչքան էլ ասում են` սեղանի վրայից մի կերակրեք նրանց, երբ թախծոտ աչուկներով ինձ են նայում, չեմ կարողանում անտարբեր մնալ:
Երբ ուտելը վերջացնում են, սկսում են խաղալ: Թռչում են ծառից ծառ, քարից քար, քարերով խաղում են, գզվռտվում են իրար հետ: Կարծես իրենց մանկությունը վայելեն: Նրանց խաղին հետևելն անչափ հետաքրքիր է:

Լուսանկարը` Թամարա Գալստյանի
Մայրս այդքան էլ կողմ չի , որ ձագուկները մնան: Ասում է, որ շուտով կմեծանան, դժվար կլինի պահելը: Բայց ոչինչ, մենք մի կերպ կպահենք: Փիսիկների ձագուկներն իհարկե շատ համովիկ են, երբ դեռ փոքր են: Բայց շատերը «հեռուն» են նայում, և ձագուկներին տանում-գցում են ինչ-որ տեղ, «կորցնում են», ինչ է, չեն կարողանում պահել, կամ «զահլաները» տանում է մլավոցը: Ճիշտ է, մի քանի տարի առաջ ես էլ եմ փիսոյի ձագուկին տարել, անծանոթ մեկի դռան առաջ դրել, որ ինչ-որ մեկը տեսնի, վերցի, պահի, բայց հետո անընդհատ մտածել եմ, թե ինչ եղավ ձագուկը. Իսկապես գթասիրտ մեկը նրան ներս տարավ, թե չէ: Հաստատ էլ նման բան չի լինի, ինչքան էլ դժվար լինի, մի կերպ կպահեմ:

Լուսանկարը` Թամարա Գալստյանի
Հիմա, երբ նայում եմ նրանց խաղին, նրանց աչքերի մեջ, այլևս չեմ կարող այդպես վարվել, թեև մեծերը անընդհատ պնդում են:այց մայրիկիս էլ հասկանում եմ` վեց կատու մի բակում… Չգիտեմ ինչպես վարվել և որտեղից հոգատար տեր գտնել:
Ախր, չկարծեք իրենց փոքրիկ սրտիկը քարից է: Իրենք էլ ուշադրության կարիք ունեն, ջերմության, սիրո, ու պետք է մենք այդ ամեն ինչը իրենց տանք: Իմացեք, իրենք այդ ամենը հասկանում են:

Գյուղում ապրողների ամառը
Ամառային արձակուրդի երկու ամիսն արդեն անցավ։ Տարբեր երեխաներ տարբեր կերպ են հանգստանում։ Շատերը մեկնում են այլ երկրներ, շատերը տանն են հանգստանում։ Տանը ասելով նկատի չունեմ բնակարանում… Այն երեխաները, ովքեր քաղաքում են ապրում, ունեն հնարավորություն դուրս գալ և շրջել քաղաքում, գնալ սրճարան կամ զբոսնել այգիներում և պուրակներում, որոնք զարդարված են գեղեցիկ ծառերով, լույսերով և ցայտաղբյուրներով։ Կարծես թե կարող ենք լավ հանգիստ անցկացնել, սակայն…
Այստեղ կա մի հարց, որն ինձ շատ է հուզում։ Եթե նկատեցիք, ես ասացի, որ այդպիսի ժամանակ կարող են անցկացնել քաղաքում ապրող երեխաները, իսկ գյուղի երեխաները… Այ, սա է հարցը…Գյուղի երեխաները ինչո՞ւ չեն կարող գնալ սրճարաններ, հանգստանալ և ժամանակ անցկացնել այգիներում և ակումբներում և նման այլ ժամանցի վայրեր այցելել:
Մենք կամ գյուղատնտեսական աշխատանքներ ենք անում, լավագույն դեպքում պարզապես մնում ենք մեր տանը, շատ ժամանակ չիմանալով ինչով զբաղվել:
Ւ՞նչն է պատճառը, որ պետությունը չի ստեղծում նման պայմաններ նաև մեր` գյուղում ապրողներիս համար։

Մի փոքր հույս
Շատերի կյանքում լինում են դեպքեր, որոնց ժամանակ ասում ես` վերջ, այլևս ինչ-որ բան փոխել անհնարին է:
Իմ կյանքի դրվագններից մեկում էլ եղել է նման մի դեպք: Ես ունեի ոտքերի հետ կապված խնդիր և մտածում էի ոչինչ անել հնարավոր չէ: Ես պետք է ապրեմ այդ խնդրով ամբողջ կյանքս:
Որոշ ժամանակ անց ես հանդիպեցի մի մարդու, որը նման խնդրով էր ապրում, բայց նա, մոռանալով այդ խնդրի մասին, ապրում էր այնպես, կարծես նման խնդիր իր կյանքում չկա, չի էլ եղել:
Համարձակությունս հավաքեցի և նրա հետ զրուցեցի: Նա ասաց.
-Կյանքը կարճ է, իսկ մեր ժամանակը շատ երկար, որպեսզի ապրենք այնպես, որ մահվան մահճում ունենանք այնպիսի հաճելի հուշեր, որոնք մեզ հետ կլինեն հավերժ: Դրա համար պետք է ամեն ինչ անես, որ լիարժեք ապրես, առաջ նայես և հույս ունենաս, որ ամեն ինչ կարող ես և լավ է լինելու։
Նրա հետ զրուցելուց հետո, փորձեցի իմ կյանքում որոշ փոփոխություններ մտցնել: Սկսեցի մարզվել, ջանք գործադրել, որպեսզի ոտքս որոշ չափով վերականգնվի: Պատկերացրեք, ստացվեց: Շատերի, անգամ ինձ համար անհավանական երազանք ունեի. շատ էի ուզում պարի գնալ: Ծնողներս դեմ էին: Իմ կարծիքով մտածում էին, որ իմ այս ոտքով ինչ կարող եմ անել, որ հիմա էլ
պարել կարողանամ, մտածում էին, որ գուցե ավելի վատթարանա ոտքիս վիճակը: Բայց ես նրանց ապացուցեցի, որ կարող եմ: Ես նրանց շատ համոզեցի, և նրանք ինձ պարի տարան։ Ութ տարի անընդմեջ ես պարի էի գնում: Տարիները հաջորդում էին իրար, կարծես մոռացել էի, որ ոտքս հիվանդ է, նույնիսկ իմ ծնողներն էին մոռացել այդ մասին:
Ես արդեն 16 տարեկան եմ և ունեմ մասնագիտություն: Ես այսօր ունեմ իմ պարի խումբը: Թվում է, անհավանական է, բայց ես հասել եմ դրան իմ ջանքերի շնորհիվ, հաճախ անտեսելով ցավը, չեմ հուսահատվել դժվարություններից: Ես շարունակելու եմ իմ սիրած գործով զբաղվել: Սովորացնելու եմ ուրիշներին էլ պարել:
Իսկ հիմա կասեմ, թե ինչու որոշեցի այս մասին գրել: Հաճախ եմ տեսնում, թե ինչպես են մարդիկ ամեն փոքր դժվարությունից հուսահատվում: Իմ խորհուրդը ձեզ. երբեք հույսը մի կորցրեք: Հույս կա ամենուր, նույնիսկ այնտեղ, որտեղ այլևս թվում է` հույս չկա: Մի աննշան մանրուք, մի խոսք, մի մեծ երազանք կարող է կյանքի կոչել մարդուն, ինչպես իմ դեպքում եղավ։