Anjik

Ինչ եմ ուզում

Ի՞նչ եմ ուզում… Հըմմմմ… Չգիտեմ, ախր, շատ բարդ հարց եք տալիս:

Լավ, սպասեք պատասխանեմ: Եթե կրկնեմ ու ասեմ՝ առողջություն եմ ուզում, խաղաղություն եմ ուզում, այդ ամենը հաստատ չի լինի: Չէ, բայց չմտածեք, որ չեմ ուզում խաղաղ ապրենք, ու բոլորն  առողջ լինեն:

Բայց այսպես էլ չէ.

-Լսի, Անգել, իմացե՞լ ես, ի՞նչ ա եղել:

-Ի՞նչ ա եղել: Կարո՞ղ ա դժբախտ պատահար ա եղել:

-Վայ, դե, չէ էլի, ավելի վատ բան ա եղել:

-Իսկ այդ դեպքում ի՞նչ:

-iPhone-ի նոր մոդել ա դուրս եկել, ոնց եմ ուզու՜մ:

-Ծո, տնաշեն, լեղաճաք էրիր, ես էլ կըսեմ` ինչ կըսե:

Չէ:  iPhone էլ չեմ ուզում: Որ մեր հեռախոսների հետևը կծած խնձոր չի, ուրեմն հեռախո՞ս չի:

Լավ, իմացա ինչ եմ ուզում: Ուզում եմ հասկանալ էն մարդկանց, որ ասում են.

-Վայ, ո՞նց ես այսքան շոկոլադ ուտում, ախր, վնասակար ա, համ էլ` կչաղանաս:

Ուզում եմ ասել՝ երեխեք ջան, շոկոլադ հանգիստ կերեք,  ձեզ բան չի լինի: Բացի այն, որ շոկոլադը համով ա, ունի օգտակար հատկություններ: Լավ, սպասեք մի քանիսն ասեմ, որ հետո շոկոլադ չսիրողները չասեն` առանց փաստերի խոսում ա:

Սկսենք նրանից, որ շոկոլադը պատրաստվում է կակաոյից, ինչը թարգմանաբար նշանակում է` «աստվածային սնունդ»: Ո՞նց կարելի է այս աստվածային ուտելիքը չսիրել:

Շոկոլադն իր մեջ պարունակում է կալցիում և երկաթ, որտեղից էլ հետևում է` ամրացնում և լավ է անդրադառնում ոսկորների աճի վրա, արևից պաշտպանվելու հիանալի միջոց է:

Մարդիկ կան ասում են.

-Քիչ կեր շոկոլադ, ամբողջ թևերիդ ցան կլինի:

Ապասեք, սպասեք: Ասեմ, որ շոկոլադը հարթեցնում է մաշկը և դարձնում այն ավելի ձիգ:

Բա այնպես եմ նյարդայնանում, որ ասում են.

-Չէ, ինձ շոկոլադ մի հյուրասիրեք: Ես շոկոլադից ալերգիա ունեմ:

Լավատեսական տեղեկություն շոկոլադասերներս համար` շոկոլադի նկատմամբ ալերգիա շատ հազվադեպ է լինում:

Լավ, դե սպասեք, մի բան էլ մամայիս ուղղեմ, ու վերջ:

Մամ ջան, տան շոկոլադներն իմաստ չունի ինձանից պահես: Միևնույնն ա, գտնելու եմ և ուտելու:

Նյամ-նյամ: 

hripsime vardanyan

Միապաղաղության դեմ

Մարդիկ ինչքան նման են իրար: Կյանքը ավելի ուրախ, լուսավոր ու լիքը դարձնելու ոչ մի փորձ: Միապաղաղ անցկացնում են կյանքի ամենահետաքրքիր տարիները:

Այ, օրինակ ես ձգտում եմ տարբերվել: Թե՛ արտաքինով, թե բնավորությամբ: Փորձում եմ առանձնանալ մյուսների անգույն ֆոնից: Փորձում եմ իմ և ինձ շրջապատողների կյանքը լցնել գույներով: Մարդկանց կարծիքով, հասարակության մեջ տարբերվել նշանակում է` լինել այլմոլորակային: Տեսա նամակը, որով ինձ ասվում էր, որ ընդգրկված եմ Արարատի մարզի պատանի թղթակիցների Արտաշատյան դասընթացին: Ասացի ծանոթներիս, բարեկամներիս, ընկերներիս: Ստացա հետևյալ պատասխանները.

-Ինչ լավ է, կգնաս, կսովորես: Դու էլ մտածում էիր` ինչ դառնալ: Հնարավոր է հենց լրագրող էլ դառնաս:

-Է՜… Ի՞նչ էլ հավես ունես:

Ուզում եմ պայքարել հենց սրա դեմ. անտարբերության, անհավեսության դեմ:

Իմ կարծիքով, մարդ օժտված լինելով մտածելու և ստեղծագործելու կարողությամբ, պետք է կարողանա նաև ձգտել՝ դեպի լավը: Չամաչի իր հետաքրքրասիրությունից՝ տա հարցեր, ստանա պատասխաններ և զգա իրեն բավարարված: Ամեն մարդ պետք է ձգտի ինչ որ հետք թողել իր հետևից: Ես նույնպես ձգտում եմ, այնքանով, որ փորձում եմ տարբերվել: Թող յուրաքանչյուր մարդ ձգտի դրան: Հակառակ դեպքում, էլ ի՞նչ իմաստ կա:

mane minasyan -2

Վախեցած հայտերս

-Հայտդ լրացրու, Մանե՛,- ասում է մայրիկը ցանկացած ծրագրի մասնակցելուց առաջ.

-Մամ, չէ, միևնույն ա, չեմ անցնելու,-  կրկնում եմ միշտ:

Վախենալով, միևնույն ժամանակ, ինքս իմ ուժերին վստահ լինելով, լրացնում եմ հայտը, ու ստանում պատասխան. «Շնորհավորում ենք, դուք ընտրվել եք մասնակցելու մեր ծրագրին»:

Առաջին հայտը, որը լրացրեցի, 8 տարեկան էի: Մայրիկս որոշեց, որ պետք է մասնակցեմ «Հայ աղջկա պարը Վրաստանում» ծրագրին, և ես, մտածելով, որ մեկ է, չեմ անցնի, լրացրեցի հայտն, ու բախտս մի տեսակ բերեց, ու անցա:

Վրաստանն ինձ շատ բան տվեց: Սովորեցի վստահել ինքս իմ ուժերին ու հավատալ ինքս ինձ:

Վրաստանից վերադարձա ու անմիջապես սեպտեմբերին մասնակցեցի «Կանաչ դպրոց» բնապահպանական ծրագրին, որտեղ ևս գրանցեցի մի շարք հաջողություններ, և որ ամենակարևորն է, սկսեցի խնամքով ու հարգանքով մոտենալ բնությանն ու փորձեցի դա փոխանցել ուրիշներին:

Այս ծրագրին հաջորդեց «Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնը », որն ինձ սովորեցրեց սիրել կենդանիներին ու նրանց ինձ ընկեր կոչել:

Մասնակցել եմ նաև «Հրաշքով լի կյանք » ծրագրին, անցել հաջորդ փուլ, մասնակցել Սոցիալական ներառման հարցերի շուրջ ազգային պատանեկան վեհաժողովին,որն իմ կյանքում շատ բան փոխեց:Կարելի է ասել, փոխեց աշխարհայացքս: Ես սկսեցի մարդկանց ինձ հավասար համարել, տարբերություն չդնել այն մարդկանց մեջ, ովքեր հաշմանդամություն ունեն:

Ինքս ինձ չհավատալով լրացրեցի նաև «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության «Մեդիագրագիտության և առաջնորդության դասընթացի» հայտը և այստեղ էլ ընտրվեցի: Այստեղ ևս շատ-շատ եմ սովորել ու սովորում: Ավելի եմ կոփվում լրագրության մեջ:

Վերջերս դպրոցում անցկացվում էր «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ամենամյա բիզնես ծրագիրը, որին նույնպես մասնակցել եմ ու քննության միջոցով անցել հաջորդ փուլ` մասնակցելու աշակերտների ամառային ճամբարին: Այս ծրագիրն էլ իմ մեջ զարգացրեց տնտեսագիտությունը, չնայած մաթեմատիկա այդքան էլ չեմ սիրում:

Մի շարք այլ ծրագրերի ևս մասնակցել եմ, որոնք հիմա չեմ կարող մտաբերել: Ուղղակի ուզում եմ ասել, որ այս ամենն ինձ սովորեցրել է շատ, ամենագլխավորը` սովորեցրել է հավատալ ու վստահել սեփական ուժերիս, ու չվախենալ մերժվելուց:

Չգիտեմ, փորձս ներում է թե չէ, բայց ձեզ էլ խորհուրդ եմ ուզում տալ, որ վստահեք ձեր ուժերին, հավատաք ինքներդ ձեզ, և ամեն ինչ լավ կլինի:

Screenshot 2017-06-30 15.58.19

Բերքահավաք

Բոլոր նրանց համար, ովքեր չգիտեն՝ ասեմ, որ ես ապրում եմ Արարատի մարզի Մրգավան գյուղում: Մեր գյուղը փոքր է, ունի քիչ բնակիչներ, բայց մենք հայտնի ենք մեր աշխատասիրությամբ: Իզուր չէ մեր գյուղի անունը Մրգավան: Գյուղի բոլոր տների բակերում կան մրգատու ծառեր, գրեթե բոլորն ունեն այգիներ և մրգավանցիների սեղաններին՝ գարնանից մինչև ուշ աշուն կտեսնեք թարմ մրգեր, իսկ ձմռանը՝ դրանցից պատրաստված հատընտիր չրեր:

Արարատի մարզը հայտնի է իր ծիրանով: Եվ ինչպես գիտեք, հիմա գրեթե ամեն տեղ ծիրանը հասունացել է, սկսվել է բերքահավաքը: Նրանք, ովքեր չեն մասնակցել ծիրանի բերքահավաքի, թող դիտեն այս փոքրիկ ֆիլմը:

sirun

Տխրությունը ճանաչողները

Իսկ ո՞վ գիտի` ինչ է տխրությունը: Երբ ամեն անգամ քո ձեռքից երկու-երեք անգամ մեծ ձեռք բռնած անցնում ես նույն խանութի մոտով, որի ցուցափեղկից մշտապես «աչքով է անում» մի հրաշք տիկնիկ՝ փայլփլուն ու չքնաղ զգեստով, որն անգամ օրորոց ունի: Նայում ես երկար, ուզում ես քոնը լինի, բայց դու չես կարող բարձրաձայնել քո ցանկությունը… Այդ մեծ ձեռքը թվում է, թե շատ ուժեղ է, ամեն ինչ կարող է: Ախր, դա քո՝ ամեն ինչ հասցնող և ամեն ինչ հոգացող մայրիկի ձեռքն է, և այդքան փոքրիկ ձեռքեր ունեցող փոքրիկն էլ փոքրիկ սրտիկ ունի, որը կարծես թե չպետք է ոչնչից հուզվի: Բայց արի ու տես՝ այդքան փոքրիկի մտքերը շատ «մեծական» են, իսկ սիրտը՝ մտահոգ. չէ որ մայրիկը փող չունի… Ահա, թե ովքեր են տխրությունը ճանաչողները.  փոքրիկներ, անմեղ փոքրիկներ, ուրախության ու հզոր քայլերի սպասումներով փոքրիկներ, որոնք զսպում են իրենց ցանկությունները, երազները՝ դժվարության, անկարողության, անապահովության, մայրիկի ցավի, տխրության գիտակցումով:

Ինչն է ինձ հուզո՞ւմ… Ինձ բոլոր փոքրիկների մանկությունն է հուզում, անհո՛գ մանկությունը:

Մեր օրերի այս տեխնիկապես, սոցիալապես, մտածողության մակարդակով զարգացած ժամանակաշրջանում այդ անմեղ էակներն անգամ չունեն լիարժեք ուրախություն և անհոգություն: Նրանք ականատեսն են կյանքի դժվարությունների, իրենց սիրելի մարդկանց տխրության, թաքուն և բացահայտ արցունքների, կոտրված սրտերի: Սա է պատճառը վաղ հասունացման և պարզ ու մաքուր սրտերի կարծրացման: Ժամանակից շուտ մեծանում են հոգեպես՝ չնկատելով, թե ինչպես են կորցնում իրենց մանկության օրերն ու խաղերը:

Ինձ մտահոգում է այսօրվա վիճակը, այն վիճակը, որի պատճառով մենք ու մեզ նման շատերը կորցնում ենք մեր անհոգ մանկությունը:

Կցանկանայի, որ փոխվեր անտարբերությունը արդեն սովորական դարձած այս կորստի նկատմամբ:

Mishel Harutyunyan

Ուզում եմ փոխվել

Ես Միշել Հարությունյանն եմ: Ապրում եմ Արտաշատում: Լավ եմ սովորում դպրոցում, համարյա բոլոր միջոցառումներին ու մրցումներին մասնակցում եմ: Մի քանի ամիս առաջ  մասնակցեցի Հայոց եկեղեցու պատմության օլիմպիադային և հասա մինչև մարզային փուլ, սակայն այդ փուլում ինձ տվեցին, ոչ թե վեցերորդ, այլ ութերորդ դասարանի թեստ: Դե պարզ է, որ այդ հարցերից միայն երեքին կարողացա պատասխանել:

Այդ օրվանից հետո ես հուսահատվեցի: Ինձ թվում էր, թե մյուս բոլոր մրցույթները նույնպես անարդար կլինեն: Դրանից հետո ես մասնակցեցի ընթերցանության օլիմպիադային և հասա հանրապետական փուլ: Սակայն այդ օրը համընկավ «Ամենախելացին» մրցույթի օրվա հետ, ես շատ տխրեցի: Դա ինձ համար մեծ ձեռքբերում էր, որ ես պետք է մասնակցեի նման մրցույթի: Րոպե առաջ ուզում էի վերադառնալ Արտաշատ: Մայրս բարկացավ ու ասաց, որ ես արդեն հաղթող եմ, որ հասել եմ հանրապետական փուլ, և լինելու բանը կլինի:

Իմ ընկճվելու պատճառով վատ ընթերցեցի և, բնականաբար, գրավեցի ցածր հորիզոնական: Հետո մենք հետ վերադարձանք: «Ամենախելացի»-ի աշխատակիցները ինձ թույլ տվեցին մասնակցել մրցույթին Երևանի բնակիչների հետ: Հիմա ես շատ եմ ափսոսում, որ կարող էի հաղթել, բայց իմ` շուտ հուսահտվող բնավորության պատճառով միայն տուժեցի:

Մեր կողքին ապրող երեխաները

Astghik Qeshishyan

Որ գրկեմ Մասիսը

«-Էրեխեք՜, պապան էկավ, դե ներքև իջե՛ք…

-Պա՜պ, իսկ ինչի՞ են մեր Խոր Վիրապի սարերը կարիչնիվի, իսկ Մասիսը` կապույտ: Նայի՛, հենց թեկուզ էս մեկը, ոնց որ տատիի գրքի հսկաներից մեկը ուղղակի մի բուռ հող լցրած լինի գետնին, իսկ այ Մասիսը…Ըըը, ո՞նց ասեմ, պա՛, երկնքից էլ ա կապույտ ու երկնքից էլ սիրուն ա: Ինչի՞:

-Մասիսն էլ ա կարիչնիվի, աչոն ջան, ուղղակի շա՜տ հեռու ա, դրա համար կապույտ ա թվում, ու Մասիսն էլ ա մի մեծ բուռ հող, բայց մեզ երկինք ա թվում, որովհետև միշտ էլ կորսվածն ա երկինք, մնացածը ուղղակի մի բուռ հող են: Ու կապույտը երևի կարոտի գույնն ա, գիտե՞ս: Իսկ մենք սովոր չենք կարոտել էն, ինչը դեռ մերն ա…

Չեմ հիշում, թե պապան էլ ինչեր ասաց: էսքանն էլ երևի ավելի շուտ հորինում եմ, քան հիշում, իսկ ես էդ պահին մտածում էի, թե ուղղակի չգիտի հարցիս պատասխանը: «Ի՞նչ հեռու, է, ախր, պարզ էրևում ա, որ եթե մի քիչ էլ բոյովանամ, ձեռքերս կերկարեն, ու եթե թևերս դիմացս պահած առաջ ձգվեմ, հաստատ կգրկեմ Մասիսը: Իսկ պապան երևի շատ ա մառոժնի կերել, գրիպ ա կպել, տատին չի թողել դասի գնա, ու հենց էդ օրը դպրոցում իրանց բացատրել են, թե ինչի ա Մասիսը ամենակապույտ սարը աշխարհում: Ես, որ մեծանամ, մառոժնի քիչ կուտեմ»:

Հնարավոր ա, որ ես էսպիսի բաներ եմ մտածել, իսկ պապան գրկել ա ինձ ու մազերիս հետ խաղացել՝ բառերով չբացատրելու չափ նուրբ (պապան միակ մարդն ա, ով իրավունք ունի մազերիս կպնելու) ու ինձ կամ Մասիսին ա նայել իր կանաչ աչքերի ամբողջ կենսագրության ամենատխուր հայացքով:

-Պա՛պ, բա որ էս ճանապարհով քայլենք էրկուսով, ինչքա՞ն ժամանակում կհասնենք Մասիսի ամենագագաթը՝ ա՜յ, էն սպիտակ մասը:

-Քայլելով չենք հասնի:

Էդ պահին կոկորդումս հաստատ ինչ-որ բան ա կուտակվել, որն ուզեցել ա փղձկա, դուրս թռնի: «Եթե ոտքով չի լինի, ուրեմն պիտի ավտոյով գնանք, իսկ մեր «Մոսկվիչը» կարող ա, Մասիսին չհասած, փչանա»:

-Մեր «Մոսկվիչը» կդիմանա՞ մինչև էն սպիտակ տեղը:

Էստեղ պապան երևի ժպտացել ա.

-Նոր մեքենա կառնեմ` կգնանք, իսկ էդ սպիտակը ուղղակի ձյուն ա, ա՛յ դմբլդոխ:

Ես էլ եմ ժպտացել…»

-Աստըը՜ղ, ու՞ր մնացիր: Իջի՛, թույն ավտո ա:

Գրողների ասած՝ կտրվում է հուշերիս թելը, ես քմծիծաղ եմ տալիս ինքս ինձ վրա ու աստիճաններով ներքև վազում: Մասիսը գրկե՜լ, չէ մի…

Բակում սև BMW ա կանգնած: Հարևանի տղան ոգևորված ինչ-որ բան ա ստուգում, չնայած գրազ կգամ՝ մեքենաներից բան չի հասկանում:

-Հը՞, ո՞նցն ա, աչոնի՛կ:

-Շատ լավն ա, պապ ջան: Միշտ ռույլդ աջ:

Բոլորս ծիծաղում ենք, որովհետև ես էնքան հեռու եմ ծամծմված ու «քյարթու» բարեմաղթանքներից, ինչքան հարևանի տղա Արոն՝ մեքենաներից: Ասում եմ՝ շատ լավն ա, իսկ եթե իմ փոխարեն հարցնեին ինձ մի 10-12 տարի առաջ, կոկորդումս էլի ինչ-որ բան կհավաքվեր, որ կուզեր դուրս թռնել: Էս գետնին կպած, «արիստոկրատ» մեքենայով սկի մեր Խոր Վիրապի հող-բլուրները չենք բարձրանա, էլ ուր մնաց՝ Մասիս-երկինքը: Իսկ հիմա անտարբեր ասում եմ, թե շատ լավն ա, թույն ա:

-Մի քանի տարի էս ավտոն կքշեմ, պապ ջան, հետո մեծանամ, «ֆեռարի» եմ առնելու,-լոպազանում ա փոքր ախպերս:

-Անպայման, տղե՛ս, անպայման:

-Գեղա՜մ, իսկ քո «ֆեռարի»-ով Մասիս բարձրանալ կլինի՞:

-Էլի գժվեցի՞ր, Աստ:

Դոլարը

Լուսանկարը՝ Մարիամ Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Մարիամ Հովհաննիսյանի

-Հերիք է տանջեք այդ խեղճին:

Սա ասում եմ ամեն անգամ, երբ տեսնում եմ, թե ինչպես են տանջում Դոլարին: Դոլարը մեր բակի շունն է: Նա շատ մարդասեր շուն է. երբեք որևէ մեկին չի վնասում: Ես շատ եմ սիրում նրան: Ինձ միայն նրա անունը դուր չի գալիս: Կարծում եմ` այն այդքան էլ չի համապատասխանում: Շատերը նրան այլ կերպ են անվանում` Ռուբլի: Իսկ ես նրան Դոնար եմ ասում, քանի որ աղջիկ է: Բակում ապրող բնակիչներին ճանաչում է: Սակայն բոլոր մեծահասակները նրան չեն սիրում:

Հիշում եմ, մի անգամ նա վազում էր մի տարեց կնոջ հետևից, քանի որ կինը հագել էր երկար կիսաշրջազգեստ,  և Դոլարը պարզապես ուզում էր  խաղալ  զգեստի փեշերի հետ: Տարեց կինը մեղադրեց երեխաներին` ասելով, թե հենց նրանք են այնպես արել, որ շունը ընկնի իր հետևից:

Նա շատ աշխույժ է, վազվզում է բոլոր մեքենաների և կատուների հետևից: Ուտելու բան գրեթե չունի: Նրան ճանաչողներն են կերակրում իրեն: Դոլարին շատերն են սիրում, բայց սիրելով հանդերձ, շատ են չարչարում. երեխաները նրան ոտքով են սիրում կամ անընդհատ վազացնում են. ինչ որ բան են գլորում, որ նա վազի:

Դոլարը զգայուն կենդանի է: Սիրում է երբ իրեն շոյում են և դա ցույց է տալիս իր պոչը շարժելով: Նա միշտ էլ կմնա մեր սիրելի շունը:

satenik

Սերը երբեք չի անհետանում

2016 թվականի  հունվարի 23-ը տարբերվեց  մնացած տարիների հունվարի 23-երից:  Այո, տարբերվեց նրանով, որ ամբողջ Հայաստանում նշվեց Սուրբ Սարգսի՝ Սիրո բարեխոսի տոնը: Երիտասարդները աղի բլիթ կերան, որպեսզի ծարավեն և երազում տեսնեն իրենց սիրելիին: Ոմանք հավատում են, իսկ ոմանք՝ ոչ: Այս օրը  նաև չամուսնացած աղջիկներից շատերը այլյուրով սկուտեղ են դնում իրենց պատուհանի գոգին՝ սպասելով, որ առավոտյան Սուրբ Սարգիսն իր նժույգով կգա, կանցնի իրենց տան մոտով, և նժույգի ոտնահետքերը կմնան ալյուրի վրա: Այս տոնը նաև նշեցինք մենք՝ գլուղ Արարատի երիտասարդությունս: Բոլորս հավաքվել էինք մեր գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում: Ես կարծում եմ, որ եկեղեցին կարող է միավորել մի ամբողջ ազգ: Օրը սկսվեց Պատարագով: Եկեղեցում հավաքվել էին տարբեր բնավորության, խառնվածքի տեր մարդիկ, սակայն նրանց բոլորին միավորում էր աղոթքը: Բոլորը լսում էին Տեր Դավթի օրհնանքը՝ առ մեզ: Պատարագից անմիջապես հետո բաժանվեցին աղի բլիթներ: Եվ այդ ամենին հաջորդեց երաժշտական ծրագիր՝ հենց եկեղեցու բակում:

Լուսանկարը՝ Ծովինար Ղազարյանի

Լուսանկարը՝ Ծովինար Ղազարյանի

Ահա և երեկոյան բոլոր  երիտասարդները` և աղջիկ, և տղա, կերան աղի բլիթները՝ հավատալով, որ երազում կտեսնեն  իրենց սիրեցյալին: Անկախ ամեն ինչից, թե դուք տեսաք երազում, կամ չտեսաք, հավատացեք. «Սերը համբերող է, քաղցրաբարո է, սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա, ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում: Սերը երբեք չի անհետանում»: