Հետք Մեդիա Գործարանը սկսում է 2022-2023թթ․ ուսումնական տարվա ընդունելությունը

Հետք Մեդիա Գործարանը սկսում է 2022-2023թթ․ ուսումնական տարվա ընդունելությունը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը` հունիսի 30 , 2022։

Դիմելու հայտը՝ այստեղ։

Տեղեկատվական այժմյան հոսքերի մեջ ավելի ու ավելի է արժևորվում պատասխանատու, վստահելի և ստուգված բովանդակությունը։ Հետք Մեդիա Գործարանը շարունակում է կրթել ճկուն, ստեղծարար և պատասխանատու լրագրողների, որոնք իրենց հրապարակումներով ազդեցություն են ունենում որոշումների կայացման և հասարակական գործընթացների վրա։

Այս տարվա նախնական դասացուցակով մեր ուսանողները սովորելու են.

●      Հետաքննական լրագրություն,

●      Տվյալների լրագրություն,

●      Վիդեո լրագրություն,

●      Նկարահանում և մոնտաժ,

●      Տվյալների վիզուալացում և անիմացիա,

●      Ֆոտո լրագրություն,

●      Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (GIS),

●      Փաստերի ստուգում,

●      Տնտեսական և ֆինանսական լրագրություն,

●      Անգլերենը լրագրողների համար,

●      Էթիկա և մեդիա օրենսդրություն,

●      Թվային անվտանգություն։

Եթե ցանկանում ես տիրապետել գրելու, նկարահանման, մոնտաժի, տվյալների վիզուալացման, վերլուծական հմտություններին և կիրառել դրանք հետաքննական և մուլտիմեդիա լրագրության մեջ, դիմիր Հետք Մեդիա Գործարանի կրթական ծրագրին, որտեղ հմտություններդ կարող ես դարձնել մասնագիտություն։

Հետք Մեդիա Գործարանում սովորելն անվճար է։

Այս տարի 30 ուսանող հնարավորություն ունի սովորել Մեդիա Գործարանում՝ նոր սերնդի աուդիո/վիդեո սարքավորումներով և համակարգիչներով։

Կրթական ծրագրի տևողությունը մեկ ակադեմիական տարի է՝ երկու կիսամյակով (սեպտեմբեր-դեկտեմբեր, հունվար-մայիս)։ Դասերը կազմակերպվելու են երկուշաբթիից ուրբաթ՝ երկու հերթափոխով. 10:00 – 13:10 և 14:30 – 17:40։

Հետք Մեդիա Գործարանում կարող են սովորել՝

●      18 տարին լրացած անձինք,

●      լրագրության կամ այլ ֆակուլտետների ուսանողները,

●      գործող և ֆրիլանս լրագրողները,

●      մեդիա ոլորտով հետաքրքրված անձինք։

Դիմեք Մեդիա Գործարան, եթե

●      կարող եք օրական 4-6 ժամ հատկացնել դասերին և հանձնարարությունների կատարմանը,

●      պահպանում եք վերջնաժամկետները,

●      պատրաստ եք աշխատել լրագրությանը հատուկ անկանխատեսելի իրավիճակներում,

●      գնահատում եք կրթվելու, անձնական աճի և մասնագիտական կարողությունների զարգացման կարևորությունը,

●      ճկուն եք նորարարությունների, փոփոխությունների և տարբերությունների ընկալման հարցում։

Ընտրության փուլեր՝

●      նախնական դիմում-հայտերի դիտարկում,

●      հարցազրույց և տեղում հանձնարարություն,

●      վերջնական ընտրություն և հաստատում։

●      Հայտերի ընդունման վերջնաժամկետը` հունիսի 30 , 2022։

Դիմելու հայտը՝ այստեղ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 44 20 20 48 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլ. փոստին՝ info@mediafactory.am։

Նախագիծն իրականացնում է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը` ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Հետք Մեդիա Գործարանի երրորդ ակադեմիական տարին հայտարարվում է միջոցների առկայության պայմանով։

Հայաստանի պատանի թղթակիցների կայքը 8 տարեկան է

Հիշենք պայծառ պահերը ձևավորման, կայացման, վերելքների ու վայրէջքների:

Մենք  շարունակում ենք մեր գործունեությունը, հաճախ դառն արցունքները կուլ տալով: Չէ՞ որ կյանքը շարունակվում է, ամեն տարի նոր պատանիներ են միանում մեզ, և հույս ունենք, որ մեր ընթացքը շարունակվելու է:
Շնորհավորում ենք:
ani jilavyan

Ամբողջ գերդաստանից ընդամենը մեկը

-Իմ պապան էլ ա փրկվել Եղեռնից,- լսեցի տատիկիս ձայնը, երբ մտա սենյակ,  որտեղ հեռուստացույցով մի հաղորդում էր, և խոսում էր Եղեռնից փրկված պապիկի թոռնուհին:- Դե իրան աղջկա շորերով են պահել, որ թուրքերը ձեռք չտան,- շարունակեց տատիկս:- Իրենց ընտանիքն ու հարևաններից մի քանիսը թաքնվել են իրենց նկուղում,  բայց  թուրքերը բացի տները, մտել են նաև նկուղները ու ստուգել:  Նրանց էլ գտել են, դուրս հանել:

-Իսկ հետո՞,- հարցրեցի ես, չնայած շատ էի լսել այդ պատմությունը:

-Նրա հոր ու եղբոր վիզն են կտրել իր աչքի առաջ,- շարունակեց պատմել տատիկս հուզվելով,- փոքր քրոջն էլ կապել են մոր մեջքից և դեպի Արաքս քշել` սպանելու: Պապաս միշտ ասում էր, որ այդ ժամանակ Արաքսը արյունից ամբողջովին կարմիր ա եղել: Հետո նրան ուժեղ խփել են: Նա հարվածից ընկել ա, և թուրքերը, կարծելով որ նա մահացել ա, այդպես էլ թողել են նրան: Հետո երբ վեր ա կացել, տեսել ա ռուսական զորքը գալիս ա, մտածել ա, թե թուրքերն են: Գնացել ա իրանց նկուղ, որտեղ ուրիշ մարդիկ են դեռ թաքնված եղել, ասել ա, թե թուրքերը կարմիր պոպոզավոր գլխարկներով գալիս են ձիերով: Էդ ժամանակ էլ մարդիկ ասել են, որ դրանք ռուսներն են, ու դուրս են եկել: Ռուսական զորքը փրկել ա նրանց, պապաս հայտնվել ա Ստեփանավանի որբանոցում,- ավարտեց պատմությունը տատիկս և աչքերը սրբեց անձեռոցիկով:

-Նա Մշից էր, չէ՞,- հարցրեցի ես:

-Հա, Մշից էր,- հաստատեց նա:

Մի քանի րոպե տիրած ծանր լռությունը խախտեց տատիկս.

-Պատկերացնու՞մ ես, մարդն իր ազգանունը չիմանա: Դե պապան փոքր ա եղել, իր ազգանունը չի իմացել, հետագայում չգիտեմ, թե ով է նրան ազգանուն տվել: Ես ու երկու քույրս էլ ենք էդ ազգանունով գրվում, բայց չգիտենք, թե մեր իսկական ազգանունն ինչ ա:

Մի քանի րոպե լռելուց հետո ասացի.

-Ամենավատն են ա, որ չենք կարող պարզել, թե ձեր իսկական ազգանունն ինչ պիտի լիներ: Հենց էդ էլ եղել ա թուրքերի նպատակներից մեկը` եթե չկարողանան բնաջնջել, գոնե պատմությունը ջնջեն:

-Ինչքան դաժանություն են տեսել հայերը…- տատիկիս միտքը կտրեց հեռախոսազանգը, և ես դուրս եկա սենյակից` հեռախոսը վերցնելու: Բայց  մտքերս դեռ 1915 թվականում էին, և ես պատկերացնում էի կարմիր Արաքսին նայող մանկահասակ Իլիաս պապիկին:

Հրապարակվել է 2015/04/25

Մենք վերապրողներ ենք

Ապրիլի 24-ին շատանում են Ցեղասպանության մասին նյութերը, պատմությունները։ Կամա, թե ակամա, ինքս դառնում եմ դրանց մասնակիցը։ Հետաքրքրվում եմ, թե ինքս որտեղից եմ, որտեղից են իմ արմատները։ Հարցնում եմ պապիկներիս, տատիկիս, լսում եմ նրանց պատմությունը, թե որտեղից են եկել նրանց ծնողները։ Ահա  ևս մի այդպիսի օր մոտեցա պապիկիս՝ մայրիկիս կողմից՝ Արտավազդ պապիկին։ Նա ծնվել է Երևանում, բայց գիտի իր ամբողջ ընտանիքի պատմությունը։

«Իմ պապան ծնվել ա 1916թ-ին, Էրզրում գավառի Սարիղամիշ գյուղում։ Սարիղամիշը շատ հայտնի գյուղ ա, այնտեղ շատ ճակատամարտեր են եղել, հարուստ պատմություն ունի։ Ցեղասպանությունը, դու շատ լավ գիտես, մի տարում, մի օրում չի եղել։ Այն շարունակվել է տարիներ։ Իմ պապայիս ընտանիքը Էրզրումից գաղթել է 1918 թ.-ին։ Գյուղում այդ տարիներին ինչ-որ երկաթուղի էին սարքում, որի շինարարությունը այդպես էլ անավարտ մնաց, որովհետև ռուսական զորքերը հանկարծակի հետ քաշվեցին։ Ամբողջ գյուղը մնաց անպաշտպան։ Բնակչությունը չէր կարող գնալ զորքերի հետ։ Դե ինքդ պատկերացրու։ Այդքան կին, երեխա, տարեց մարդիկ, եզներ, սայլեր։ Նրանք շատ դանդաղ կշարժվեին, զորքի հետ չէին հասցնի։ Բայց գյուղում մնալն էլ էր վտանգավոր։ Ու իմ պապիկը՝ Մինաս պապը, նրա եղբայրը ու եղբոր տղան հավաքում են իրենց ընտանիքներին ու ոչ միայն ընտանիքներին՝ հարևաններին, ու որոշում գնալ Արևելյան Հայաստան, Արաքսը անցնելու։ Շարժվում էին մոտավոր Ղարսի ուղղությամբ։ Նրանց համար Արաքսն անցնելը կյանքի տվյալ պահի միակ հույսն էր, կանցնեին Արաքսը` կլինեին խաղաղության մեջ։ 1918թ-ին Սարիղամիշ գյուղից մեծ թափոր գնում է Արաքսը անցելու, մարդիկ շարժվում էին շատ դանդաղ։ Դանդաղ գնալու պատճառներից մեկը իրենց հետ գնացող սայլերն էին ու կենդանիները, իսկ մյուսը՝ այն, որ նրանք շարժվում էին գիշերով, որ ոչ ոք նրանց չտեսնի։ Ու այդպիսի մի գիշեր, երբ թափորը շարժվում էր առաջ, զգացվեց ջրի պակաս։ Մինաս պապը ու Աղասար ամին՝ պապիս եղբայրը, գնում են ջուր բերելու։ Երևի գնում էին իրենց արդեն ծանոթ վայրերով, որովհետև գիշերը չէր լինի գնալ անհայտ ուղղությամբ ջուր բերելու։ Գնալուց մի քանի րոպե հետո լսվում է կրակոցի ձայն, ավելի ուշ Աղասար ամին է վերադառնում, առանց ջուր ու առանց Մինաս պապ։ Ամենայն հավանականությամբ թուրքերը նկատել էին իրենց ու կրակել, կրակել էին մոտիկից, ու երևի պապս միանգամից մահացել էր։ Չեմ կարծում, որ պապիս եղբայրը ուղղակի վնասված եղբորը կթողեր այնտեղ, թեկուզ քաշ տալով կբերեր, բայց երևի տեղում էր մահացել պապս։ Կրակոցից հետո երկամյա պապայիս, իր երկու մեծ քույրերին և մեկ եղբորը խնամում է Տիրուն տատը։ Ի դեպ, պապայիս եղբայրը այդպես էլ չտեսավ Մինաս պապին, քանի որ դեռ այդ տեղաշարժումների ժամանակ Տիրուն տատը նրանով հղի էր։ Այդ գիշեր եղավ միայն այդ կրակոցը, և հետո էլ մեծ հարձակումներ չեղան։ Մինչև սահմանն անցնելը թափորը հանդիպում է Անդրանիկի զորքին։ Նրանք Անդրանիկի զորքի հետ անցնում են սահմանը և գնում են Սյունիք։ Գնում են, որովհետև Անդրանիկի հետ իրենց պաշտպանված էին զգում, գիտեին, որ իրենց հետ ոչինչ չի լինի։ Անդրանիկը գնում է Սիսիան, իսկ դրանից հետո էլ որոշված էր գնալ Ղափան։ Բայց դե ոչ բոլորն էին ուզում գնալ ու այդտեղ արդեն թափորը մասնատվում է։ Ոմանք գնում են Անդրանիկի հետ, ոմանք մնում Սիսիանում, իսկ ոմանք էլ Սևանով դուրս են գալիս Դիլիջան, Ստեփանավան։ Բայց այդ ամենը մեկ ամսում չի լինում, լինում է մեկ տարում, երևի նույնիսկ ավել։ Ստեփանավանից էլ իմ պապայի ընտանիքը հաստատվում է Լենինականի Ղալիջա գյուղում։ Այնտեղ նրանց տալիս են տուն, ապաստան։ Ես այնտեղ եղել եմ, տեսել եմ իմ հոր տունը։ Այն հողի մեջ փորված փոքրիկ տնակ էր։ Բայց իմ տատը աշխատանք չուներ, փող չուներ, շատ հաճախ ուտելիք էլ չէր ունենում։ Եվ որոշվում է իմ երկու հորաքույրերին տանել մանկատուն, որ սովից չմահանան։ Մի մորաքրոջս անունը Աղուն էր, մյուսինը՝ Ֆլորա։ Մանկատնից հետո նրանց մասին այլևս ոչինչ չգիտենք։ Այդ ժամանակ տարածված էր տիֆ հիվանդությունը, միգուցե վարակվել էին և մահացել, միգուցե մյուս որբերի հետ տեղափոխվել Ամերիկա։ Համենայն դեպս, նրանցից էլ տեղեկություն  չունեցանք։ Ինչ վերաբերվում է հորեղբորս՝ Խաչիկին, նա անհայտ կորել է Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ։ Այսպես ասած «Սև թուղթ» չէր եկել, նրան համարել էին անհայտ կորած։ Իսկ պապաս՝ Հակոբը, մինչև Հայրենական Մեծ պատերազմը մասնակցել է Ֆիննական պատերազմին և վիրավորվել։ Ստացած վերքերի պատճառով նրան էլ բանակ չզորակոչեցին։ Նա վերադարձավ Հայաստան, կազմեց ընտանիք և կարծես վերսկսեց մեր ցեղը։ Իրենց ընտանիքից միայն ինքն էր ողջ մնացել։ Որպես նոր սկիզբ նա ունեցավ հինգ երեխա՝ Մինաս պապին, ինձ, Կարիկ պապին, Մայրանուշին և Սեդային։ Իսկ այ էս պատմությունը դու արդեն լավ գիտես, դրան ականատես ես, ինչպես և ես»։

Ահա և իմ ընտանիքի պատմությունը, Ցեղասպանության ևս մի ապացույց։ Եղեռնը սկսվեց, որպեսզի ես հիմա չլինեմ, իսկ ես այժմ հայերեն տառերով գրում եմ ցեղասպանության մասին, թե ինչպես իմ ապուպապը ողջ մնաց, փրկվեց և շարունակեց  իր տոհմի գոյությունը։

Հրապարակվել է  2015/04/23

Anjela Sedrakyan

Ես այստեղ եմ

Ես այստեղ եմ, այս մեծ Մոլորակում, որտեղ կան հազարավոր մարդիկ տարբեր ազգության, կրոնի, բնավորության, մտածելակերպի, ճաշակի ու նախասիրության, բայց մի նպատակով, այն է` ապրել այս գեղեցիկ կյանքը…

Ապրածս տասնինը տարիների համար շնորհակալ եմ ծնողներիս: Հայրիկիս ուղղված շնորհակալությունը հղում եմ դեպի երկինք, նա ամենապայծառ աստղն է ինձ համար երկնքում։ Մայրիկիս շնորհակալություն եմ հայտնում ամեն օր ինձ մեծացնելու և ճիշտ  դաստիարակելու համար։

Կյանքի ընթացքում մենք գտնում, կորցնում, շահում, պարտվում, համակերպվում ենք, և շարունակում ապրելու պայքարը: Մենք պայքարում ենք ամեն օրը լիարժեք ապրելու, մեզանից հետո ինչ-որ մի բան թողնելու համար:

Լինում են վայրիվերումներ, կորուստներ, հիասթափություններ, ցավեր ու սթրեսներ, բայց այն հաղթահարելի է, եթե ունես քեզ սիրող, աջակցող ընտանիք, եթե ունես ընկերներ, որոնք ամեն բան մի կողմ թողած կկիսեն թե՛ ուրախությունդ, թե՛ վիշտդ (միայն թե գտնես այդպիսի մեկին, ով ամբողջ կյանքում քեզ չի լքի ու կընդունի քեզ քո բնավորությամբ ու խառնվածքով)։

Ապագայի վերաբերյալ չեմ սիրում խոսել, բայց սիրելի՛ ընթերցող, եթե մի օր կորցնես հույսդ, մտածես, թե ոչինչ չի ստացվի, մի ընկճվիր։ Բոլորիս կյանքում էլ լինում են պահեր, երբ մտածում ես, թե ուղի չկա էլ անցնելու, երբ թվում է` խճճվել ես, ճահճում ես ու խորտակվում ես: Հիշի՛ր` ինչի համար ես պայքարում, ու՞ր պիտի տանեն քեզ քո երջանկության ոսկեձույլ աստիճանները, և ամենակարևորը, հիշիր այն մարդկանց, ովքեր սպասում են անկմանդ։ Հենց այդ ժամանակ էլ կսկսես կյանքին ու ապագային միտված քո լուրջ քայլերը ձեռնարկել, առաջ նայել, հաղթահարել բոլոր խոչընդոտները: Ինչպես նորածինը քայլել կսկսի, այնպես էլ դու նոր քայլեր կանես դեպի քո լուսավոր ապագան, որտեղ միայն բարին է իշխում, որտեղ քեզ սիրող ու գնահատող մարդկանցով ես շրջապատված լինելու։

Մի՛ քնիր, գործի՛ր, արարի՛ր, պայքարի՛ր, որ հետո վայելես դառը օրերիդ արդեն հասունացած քաղցր պտուղները։

Ես մի երկրում եմ ապրում, որտեղ կրակոցները չեն լռում, մի երկրում, որտեղ կարգը փոխված ծնողն է որդուն հուղարկավորում, մի երկրում, որտեղ տղաների ճակատագիրը մինչև դպրոցն ավարտելն ու դրանից հետո սեփական կյանքով Հայրենիք պաշտպանելն է…

Իմ երկրում մարդիկ չարացած են, անուշադիր, քծնող, քննադատող ու շահի գերի, բայց իմ երկրում նաև բարիների մի սիրուն փունջ կա, ովքեր սովորեցնում են նվիրվել, սիրել, պայքարել ու ապրել…

Ես իմ ապագան իմ Երկրում եմ տեսնում, հանուն որի շատ ջահելներ հավերժ ննջեցին, հանուն որի պարտքի զգացումը մեծացավ, դրա փոխարեն հույսը չմեռավ: Մտածեցիր, որ չպիտի թուլանաս, որովհետև ճակատագրով հայ ես ծնված, հայ ես ու պիտի ապրես, պիտի պայքարես ու շարունակես: Չէ՞ որ միայն քո կյանքը չես ապրում, այլ հազարավոր այլ կյանքեր ևս, ովքեր զոհեցին հանուն քո վաղվա գալիքի շարունակման ու հզորացման: Ուրեմն գլուխդ բարձր քայլիր, կյանքին ասա` Ես կարող եմ հաղթահարել իմ առջև ծառացած բոլոր դժվարությունները, որովհետև ես հայ եմ, իսկ հայի ինքնությունը անհնար է մերժել…

Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի

Արևը միշտ շողում է

Հարցազրույց հոգեթերապևտ Եղիա Չապարյանի հետ

- Ես հոգեթերապևտ եմ: Հոգեթերապիան ոլորտ է, որի միջոցով եմ ես հիմա նայում կյանքին, ինքս ինձ։ Ես չեմ կարող ասել, որ հոգեթերապիան այն է, ինչը միշտ եմ անելու։ Թեթև նախազգացում ունեմ, որ ինչ-որ բան հետո փոխվելու է:  Սկզբում սովորել և ավարտել եմ Տնտեսագիտական համալսարան Ռուսաստանում՝ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը, համաշխարհային տնտեսության ֆակուլտետը։ Ես դեռ այդ ժամանակ նայում էի համակուրսեցիներիս ու զգում էի, որ ես մի տեսակ ուրիշ եմ։ Հետո շարունակեցի ուսումս Անգլիայում՝ կառավարման մագիստրոսական ծրագրով։ Դա ավելի շատ տպավորիչ փորձ ձեռք բերելու տարի էր։ Վերադարձա ու զգում էի, որ ինչ-որ բան սպասվում է ինձ, բայց դեռ հայտնի չէ, թե ինչ, ու այդ անհայտությունը ինձ հուսահատության մեջ էր գցում, գրեթե դեպրեսիայի: Ես ինքս ինձնից մեծ սպասելիքներ ունեի, որ ավարտել եմ համալսարանը ու ինչ-որ կերպ պիտի սկսվի իմ կարիերան, բայց ոչ մի կերպ դեռ չէր սկսվում։ Ես թակում էի տարբեր դռներ, թակում էի ֆինանսական սեկտորի, խորհրդատվության, մարքեթինգի, անգամ  միջոցառումների կազմակերպման հետ կապված ոլորտների դռները։ Փառք Աստծո, նրանք չբացվեցին իմ առջև, քանի որ եթե բացվեին՝ ժամանակի վատնում կլիներ։ Արդյունքում ես հայտնվեցի մարդկային ռեսուրսների (HR՝ Human Resources) բիզնեսում։ Ես հայտնվեցի իմ լավ ընկերոջ՝ Նարեկ Ասլիկյանի ընկերությունում։ Ի դեպ, Նարեկը մի քանի տարի առաջ տեղափոխվել է Հայաստան և հիմա Հայաստանում բացել է իր ծրագրավորման ակադեմիան՝ Code Academy-ն։ Նարեկ Ասլիկյանը հիմա հայտնի ՏՏ hավաքագրորդ է:  Ես հայտնվեցի նրա ընկերությունում ու աշխատում էի այնտեղ որպես բիզնեսի զարգացման ղեկավար ու զգում էի, որ ինձ ձգում է ոչ թե ուղղակի վաճառքով զբաղվելը, չնայած դա նույնպես հետաքրքիր էր, ու ես այդ ժամանակի համար լավ գումար էի վաստակում, այլ նաև ինձ հետաքրքիր է ուսանողների հետ աշխատելը, անձնական  զարգացմամբ զբաղվելը և այն հարցերով, որոնք ինձ տանջում էին՝ ինքնափնտրտուք, կարիերային ինքնորոշում։ Ես այնքան սեփական փորձ ու նյութ հավաքեցի այդ թեմայի շուրջ, որ սկսեցի այդ թեմայով վարպետության դասընթացներ անցկացնել։ Ինչպես ասում են՝ նման ճակատագրի հեգնանք։ Այնտեղ, որտեղ շատ փնտրտուքներ ու տառապանքներ են եղել, այնտեղ դու կարող ես դառնալ շատ լավ ուսուցիչ։ Նման բուժարար, հոգեբանական մասնագիտության մեջ ասվում է, որ ամենալավ բուժարարը նա է, ով խորը վիրավոր էր ու ինքն իրեն բուժվել է։ Ես աշխատեցի ինքնազարգացման վրա, այդ կազմակերպությունում աշխատեցի կես տարի ու զգում էի, որ ինձ պետք է մեկ այլ տեղ գնալ, առաջ շարժվել։ Ես հայտնվեցի կրթության բնագավառում։ Այդ բնագավառում զբաղվեցի կրթական ծրագրերի զարգացմամբ, աշխատեցի Ռիբակով ֆոնդում, որտեղ իմ ծանոթության շրջանակը ընդլայնվեց։ Դա ինձ համար դարձավ տրամպլին` սոցիալական բնագավառում, բայց միևնույն ժամանակ, չեմ կարող ասել, որ մասնագիտական բնագավառում նույնպես դարձավ տրամպլին։  Եթե պատկերացնենք, որ կա օվկիանոս, ես դեռ ոտքերս թրջում էի կամ էլ քայլում ափով, բայց ոչ մի կերպ չէի մտնում այնտեղ։ Օվկիանոս մտնելս եղավ ինքնուրույն ջուրը մտնելը, մասնավորապես՝ քոուչինգը։ Սովորեցի  Էրիկսոն քոուչինգի համալսարանում (Erickson Coaching University)՝ որպես մասնագիտացված քոուչ։ Շատերի պատկերացմամբ քոուչը մոտիվացիոն մարզիչ է, իսկ իրականում այն օգնող մասնագիտություն է, որն ունի իր միջազգայնորեն սահմանված մասնագիտական ստանդարտները։ Իմ դպրոցը մտնում է Միջազգային Քոուչինքգի Ֆեդերացիայի  (ICF-International Couching Federation) մեջ, այսինքն՝ սերտիֆիկատավորված է։ Ավարտեցի այդ դասընթացները ու սկսեցի իմ պրակտիկան որպես քոուչ։ Շատ ոգեշնչված էի իմ այդ գործունեությամբ, բայց միևնույն է, այն ինձ չէր բերում անհրաժեշտ  եկամուտ ու չէր դառնում իմ  հիմնական մասնագիտությունը։ Այդ պատճառով զուգահեռ բազմազան նախագծեր ունեի։ Նաև այնպես էր ստացվել, որ ինձ կանչեցին դասավանդելու  Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանում։ Ես  այնտեղ մոտ 2-3 տարի դասավանդեցի մի դասընթաց, որն անվանեցի «Գիտակցված առաջնորդություն» (“Осознанное лидерство” (“Conscious/mindful leadership”)։  Այնտեղ էլ ունեի բազմազան այլ նախագծեր։ Մենք աշխատում էինք երիտասարդ ձեռնարկատերերի հետ։ Օգնում էի բիզնեսի ֆակուլտետին՝ «Ռուսաստանի Կապիտաններ»-ին («Капитаны России»), որտեղ դասավանդում էի այլ նախագծերով և ունեի անհատական խորհրդատվություններ, թիմային նախագծեր, թրեյնինգային նախագծեր, թրեյնինգներ կազմակերպությունների համար։
Բայց ամբողջ ընթացքում, միևնույն է, զգում էի, որ ուղղակի դեռ «թրջում եմ ոտքերս»։ Եվ վերջապես զգացի, որ լողում եմ և այնտեղ եմ, որտեղ պետք է, երբ սկսեցի զբաղվել հոգեթերապիայով։ Դա այն տեղն էր, որտեղ ես պետք է հայտնվեի, բայց չգիտեմ ինչու, անընդհատ ձգձգում էի այդ պահը։ Սկզբում արեցի անձնական թերապիա՝ գնացի հոգեթերապևտի մոտ։ Ես շատ էի ուզում իմ սեփական անհանգստություններից, ապրումներից գլուխ հանել։ Այնքան ուժեղ էին դրանք, որ անգամ կարելի է անվանել «հոգեկան տանջանքներ»։ Շատ հարցեր էին ինձ տանջում իմ վերաբերյալ, մարդկանց հանդեպ իմ վերաբերմունքի մասին։ Եվ ամբողջ ընթացքում  զգում էի, որ ես կամ, ոնց որ թե սա ես եմ, ապրում եմ, բայց ինչ-որ ոչ իրական բան կա նրա մեջ, թե ինչպես եմ ես ապրում, խոսում, ինչ եմ անում։ Ինձ համար շատ կարևոր էր գտնել իմ այդ էությունը, շփման մեջ մտնել այդ իմ էության հետ։ Եվ հիմա, ես հասկանում եմ, որ այդ ինքս ինձ վերադառնալու գործընթացը հիմնական գործընթաց է, այն չընդհատվող է, բայց ես գոնե զգում եմ, որ մեծ աշխատանք է կատարվել, ու  հիմա ինքս ինձ հետ շատ ավելի լավ է, քան երբևէ։ Ինձ հաճելի է լինել իմ մարմնում, ուրախ եմ, որ անցնում եմ հենց այս ճանապարհը, չնայած որ այն հեշտ չէ, ինձ դուր է գալիս հանդիպել տարբեր ուսուցիչների,  ուղեկցողների հետ։ Թեև այս ճանապարհը անորոշ է, ես ստիպված եմ նորից ինքնուրույն ամեն բան բացահայտել՝ չկա ոչ մի ուղեցույց, բայց գոնե գիտեմ ուր դիմել. իմ զգացմունքներին, որոնք ինձ միշտ հուշում են ճիշտ ճանապարհը։
Ահա ես հայտնվեցի հոգեթերապիայում, հիմա ես սովորում եմ կլիենտակենտրոն հոգեթերապիայի ինստիտուտում։ Այդ մեթոդաբանությունը հիմնված է հումանիստական հոգեբանության հիմնադիր Կառլ Ռոջերսի աշխատանքների վրա։ Անցկացնում եմ անհատական պրակտիկա՝ որպես անհատական հոգեթերապևտ։ Բացի դրանից ես երբեմն անցկացնում եմ թրեյնինգներ հոգեթերապիայի թեմայով, հիմնականում դա Մարշալ Ռոզենբերգի ոչ բռնի հաղորդակցության թեման է (non-violent communication): Դա հիմա իմ մասնագիտացումն է։ Պլանավորում եմ ապագայում կատարել խմբային թերապիա, զարգանալ այդ բնագավառում։ Սա համառոտ իմ մասին, իմ աշխատանքի, ու թե որտեղ եմ ես հիմա ու ինչպես եկա այստեղ։

Նշեմ, որ առհասարակ, միջավայրն առանձնապես  բարենպաստ չէր ինքնորոշման համար, ավելի շատ բարենպաստ էր փնտրտուքների համար։ Մեր ծնողների համար դա ավելի հեշտ է եղել՝ «գնա տնտեսագետի մասնագիտություն ստացիր», ես էլ՝ «լավ, ոնց որ թե հեղինակություն ունեցող մասնագիտություն է», իսկ ես ելնում էի այսպիսի գաղափարներից՝ հեղինակություն, բարձր աշխատավարձ։ Եթե ես հիմա առաջնորդվեի հեղինակության ու բարձր աշխատավարձի գաղափարներից, չէի գնա հոգեթերապիայի ուղղությամբ։ Ծնողներիս համար այն անծանոթ մասնագիտություն էր։ Ես կարծում եմ նրանք մինչ այժմ առանձնապես չեն հասկանում, թե ինչով եմ զբաղված։ «Դե լավ, հոգեբան, ուրեմն հոգեբան․․․»։ Ծնողներս, կարելի է ասել, համակերպվում են մեր ընտրած ճանապարհների հետ։ Նրանք  ընդունող են, բարի, ոչ կատեգորիկ, ոչ կոնսերվատիվ, իրենց համար կարևորն այն է, որ երեխաները երջանիկ լինեն, այդ պատճառով այս հարցում իրենք մեզ չէին ճնշում։ Իմ եղբայրը՝ տաղանդավոր սթենդ ափ կատակերգու Արթուր Չապարյանը, ընդունվել էր Տնտեսագիտության բարձրագույն դպրոց, կես տարի սովորել բանասիրության ֆակուլտետում, իսկ հետո դուրս եկել այնտեղից։ Նա չունի բարձրագույն կրթություն, միայն երաժշտական կրթություն ունի՝ երաժշտական ուսումնարան է ավարտել։  Նույնպես ոչ ստանդարտ ճանապարհ է, որը որոշ ծնողների կարող է շոկի ենթարկել. «Այդ դեպքում ինչպե՞ս կկայանաս։ Քեզ ոչ ոք աշխատանքի չի ընդունի»։ Արդյունքում ես ու եղբայրս հաղթահարեցինք այդ կարծրատիպը, որ մեզ ինչ-որ մեկը պետք է աշխատանքի վերցնի, քանի որ հիմա մենք ինքներս կարող ենք ընդունել ինչ-որ մեկին աշխատանքի կամ էլ չընդունել: Ինչպես ուզում ենք, այդպես էլ ապրում ենք։ Քչացել է կախվածությունը, քանի որ կան ներքին ուժեր, ստեղծագործական ներուժ և՛ ինձ մոտ, և՛ եղբորս։ Իհարկե, եղբայրս յուրահատուկ կերպար է։

-Ի՞նչ էիք ցանկանում դառնալ փոքր ժամանակ։

-Շատ մանկական, ինֆանտիլ գաղափարներ էին։ Ես հիշում եմ, որ շատ փոքր տարիքում ուզում էի դառնալ զինվորական օդաչու, հրշեջ։ Հետո դպրոցում դրանք շատ պարզ բաներ էին՝ իրավաբանական կամ տնտեսագիտական ուղղություն, նաև կար բժիշկ լինելու գաղափարը, բայց դրանց վրա կենտրոնացում չկար։ Ես շատ բարի, բավականին հանգիստ, համեստ ու ծնողներիս հետ շատ կապված երեխա էի։ Ես չեմ ունեցել դեռահասական ըմբոստության ժամանակաշրջան։
Ամեն ինչ սահուն էր ընթանում, ծնողներիս լսում էի, այդ պատճառով այդ պահերին չեմ ունեցել սեփական անձի այդպիսի հստակ ըմբռնում։ Ես ապրում էի ավելի շատ ինչ-որ սաղմնային վիճակում։ Համեմատաբար վերջերս եմ սկսել դուրս գալ այդ «սաղմնային երազային» վիճակից։ Միայն հիմա՝ համեմատաբար վերջերս, սկսեցի լսել իմ ձայնը, ունենալ ավելի համարձակ պատկերացում այն մասին, թե ինչպես կարող եմ շարժվել և ուր շարժվել։ Ինձ համար երջանկություն է իմ զգացմունքների, ցանկությունների վրա հենվելով շարժվելը ու լինել նա, ում ոչ թե ուզում են կամ սպասում են տեսնել, կամ ով պիտի լինեմ հասարակության պատկերացմամբ, ինչպիսի տղամարդ և այլն, ուզում եմ լինել ազատ։ Այդ պատճառով ես երբեմն սիրում եմ անել որոշ հոգեբանական մարզանքներ՝ իսկ ի՞նչ կլինի, եթե ես դա չանեմ համաձայն սովորության, իսկ ի՞նչ կլինի, եթե այս բանը այլ եղանակով անեմ, կարող եմ փորձել։

-Ի՞նչն է ամենահետաքրքիրը Ձեր աշխատանքում։

-Իմ մասնագիտության մեջ ամենահետաքրքիրը սեփական խորքերը բացահայտելու մշտական հնարավորությունն է, կյանքի ճանաչման պոտենցիալը։ Ես կարծես թե լաբիրինթոսում քայլեմ։ Երբեմն ասես թե կա մոտավոր զգացողություն, թե ուր եմ գնում, որոշակի լույսի, սիրո վիճակ, բայց միևնույն ժամանակ, ճանապարհն անկանխատեսելի է, շատ հետաքրքիր է ու ամբողջ ընթացքում ասես թե ինչ-որ բան է առաջարկվում, որը ես կարող եմ բացել, որպեսզի շարունակեմ շարժվել առաջ։ Ամենահետաքրքիրը հենց այդ բացահայտումն է։ Կարծես թե այլ մարդկանց հետ աշխատանքը հիմա ավելի երկրորդական է, քան հենց բացահայտումը։ Ավելի շուտ ես ինքս անցնում եմ, հասնում եմ ինչ-որ տեղ, իսկ հետո դա արդեն իմ ծառայությունն է՝ ես կարող եմ անց կացնել այլ մարդկանց այնտեղ, որը ես ինչ-որ կերպ անցել եմ, կարող եմ օգնել այլ մարդկանց այդ հարցում։ Այդ պատճառով թերապիան այն է, ինչով ես չեմ կարող չզբաղվել։ Ինչպես ես չեմ կարող ջուր չխմել, այնպես էլ ես հիմա չեմ կարող չզբաղվել հոգեթերապիայով։ Այդ գործիքը ինձ թույլ է տալիս  կապ հաստատել իմ ներքին խորքերի, իմ մասերի հետ, ինքս ինձ հետ: Դա շատ նուրբ, խորը զգացումներ են, կապակցված ինչ-որ է՛լ ավելի մեծ բանի հետ, քան ես ինքս եմ։ Դա վերաբերում է Աստծո թեմային ի դեպ։ Որովհետև երբեմն մարդիկ մտածում են. «Դե, հոգեբան է, երևի հիմա Աստծո մասին նրա հետ չենք խոսելու»։ Բայց տարբեր հոգեբաններ Աստծուն տարբեր կերպ են անվանում։ Ինձ համար իմ հոգեթերապիան անքակտելիորեն  կապված է Աստծո գաղափարի հետ, թեև  ես չեմ օգտագործում այդ բառը իմ աշխատանքի մեջ, բայց իմ սեփական պրակտիկայում ես այն նկարագրում եմ այսպես՝ կա ինչ-որ բան, որ ապրում է իմ միջով, կա ինչ-որ բան, որ շնչում է իմ միջով։ Ամենահետաքրքիրը իմ մասնագիտության մեջ դա ինքս ինձ բացահայտելն ու գիտակցելն է, թե ով եմ ես։

-Ինչո՞վ է Ձեզ օգնում Ձեր մասնագիտությունը։

-Այն ինձ օգնում է արթնանալ ամեն առավոտ։ Այն ինձ օգնում է զգալ ավելի շատ սեր։ Այն ինձ օգնում է ավելի շատ սիրել մարդուն։ Այն ինձ օգնում է ավելի խորը սիրել կյանքը։ Այն ինձ օգնում է ազատ լինել և՛ ներքուստ, և՛ արտաքուստ։

-Իսկ ինչ-որ կերպ խանգարո՞ւմ է։

-Երբեմն ասում են, հատկապես ծնողներս. «Ուղղակի ապրիր, էլի։ Տունդ կա, մեքենադ կա, գումարը կա, ընկերներդ կան, ինչ ուզում ես կա, քեզ ի՞նչ է եղել»։ Այս մասնագիտության, այս ճանապարհի ամբողջ ընթացքում ես գտնվում եմ կենսական փոփոխությունների մեջ։ Ամբողջ ընթացքում։ Ես ամբողջ ընթացքում շարժվում եմ կյանքին համապատասխան, ներքին փոփոխություններին համապատասխան։ Ամբողջ ընթացքում ներքին աշխատանք է կատարվում։ Ինքդ քեզ հետ անկեղծ լինելու սահման չկա։ Անընդհատ դիմակների հղկում և գիտակցում է կատարվում։ Ներքին կոնֆլիկտների գիտակցում։ Ինչո՞վ է այն խանգարում։ Եթե նայենք սոցիալական այս մտքի տեսանկյունից՝ «Ուղղակի ապրիր ու մի բարդացրու», ապա դրան խանգարում է։ Բայց իրականում, եթե ավելի խորքային նայենք, այս սոցիալական միտքը ինչ-որ չափով սխալ է։

-Առօրյա կյանքում մասնագիտակա՞ն մոտեցումով եք առաջնորդվում։

-Այո, իհարկե, երևի դա կարելի է անվանել «մասնագիտական դեֆորմացիա»։ Երբեմն ընկերներիս հետ հանդիպումը դառնում է խմբային հոգեթերապիա, քանի որ ինձ դա հետաքրքիր է, և ես նաև ունեմ որոշ ներքին այնպիսի ուժ, որ մարդիկ ուզում են ինձ լսել, ու դա գործում է՝ իմ առաջարկները միշտ շատ ազդեցիկ են լինում ընկերներիս շրջապատում և արդյունքում իմ ասածով էլ լինում է։ Ինձ հետաքրքիր է ճանաչել իմ ընկերներին ավելի խորը, երբեմն  հանդիպումների ինչ-որ ձևաչափեր եմ մտածում։ Երբեմն ախտորոշում եմ մարդկանց։ Ես միշտ չեմ անում դա, քանի որ ամեն դեպքում էներգատար է, ուզում եմ հանգստանալ ու չզբաղվել թերապիայով աշխատանքից դուրս։ Մոսկվայում, օրինակ, բավականաչափ կլիենտներ ունեմ, այդ պատճառով նվազում է շփումը։ Հայաստանում ես այնպես լավ, հագեցած շփվում եմ, քանի որ չեմ աշխատում, ու այդ իմաստով ռեսուրսային սահմանափակում չկա։ Ես ճանաչում եմ աշխարհն ու ճանաչում եմ աշխարհն իմ, իմ ծանոթների, այդ թվում նաև շրջապատի միջոցով։ Իմ մասնագիտությունն այնպիսին է, որ եթե խոսքը գնում է հարաբերությունների մասին, ապա այն ինձ միանշանակ օգնում է, գուցե երբեմն խանգարում, բայց հիմնականում օգնում է, քանի որ երբ առաջանում են բարդ զգացմունքներ, ապա օգնում է գլուխ հանել դրանցից, հասկանալ, թե ինչ է կատարվում մյուս մարդու հետ։
Ասեմ, որ ես հակված չեմ ախտորոշելուն, դա ինձ այնքան էլ հարազատ չէ, այդ պատճառով ես ամեն դեպքում կողմնորոշվում եմ ընդհանրապես ոչ թե մարդու հոգեբանական դիմանկարին նայելով կամ նման այլ բաներով, այլ ավելի շատ այդ մարդու հետ շփումից հաճույք ստանալով։ Ինձ համար կարևոր է շփումից հաճույք ստանալը, ընդհանուր լեզու գտնելը կամ հասկանալը, թե որ կետերում կարող ենք հատվել, իսկ որ կետերում  ինչ-որ բաներով՝ ոչ։ Եվ նաև, հոգեթերապևտական առումով ինձ խիստ հետաքրքիր է այն, որ ներքին աշխատանքի, ներքին գիտակցության կատարման շնորհիվ անընդհատ փոխվում է շրջապատող ամեն ինչի ընկալումը։ Օրինակ՝ սեանսից հետո դուրս ես գալիս ու մտածում. «Օ՜հ, սա հիմա նորովի եմ տեսնում, նորովի եմ զգում՝ այլ գույներ, այլ զգացմունքներ, այլ վերաբերմունք»։ Այնտեղ, որտեղ առաջ այլ կերպ էիր անում ինչ-որ բան, հիմա ուզում ես այլ ձևով անել։ «Առաջ ես կարծում էի սա այսպես է կառուցված, իսկ պարզվում է, որ ես կարող եմ այստեղ այլ կերպ վարվել ու այլ բան զգալ»։ Սրանք ընկալման ներքին փոքր փոփոխություններ են, որոնք սկսում են իրենց ետևից ձգել փոփոխություններ, հետո ֆիզիկական առումով փոխվում է շրջապատը՝ ում հետ ես շփվում, ում հետ չես շփվում, քո նյութական բարեկեցությունն է փոխվում։ Այդ առումով նույնպես շատ հետաքրքիր է։ Ճանապարհիս սկզբին ես ավելի շատ էի վերլուծում շուրջս ամեն ինչ , բայց այստեղ ավելի շատ երևի կապված է նաև նրա հետ, որ ինչքան շատ է շրջապատի, մյուսների վերլուծությունը, այնքան ավելի շատ գիտես ներքին տագնապներդ ու  անապահովությունդ, իսկ երբ ներքուստ ավելի հանգիստ ես, ապա չես խորանում, տառապում, մյուսների մասին առանձնապես չես մտածում։ Ինչքան ավելի շատ ես ներքուստ հանգիստ, այդքան իրականում ավելի քիչ ես մյուսների մասին մտածում։

-Դուք պետք է ընդունեք Ձեր կլիենտներին այնպիսին, ինչպիսին նրանք կան, դժվա՞ր է դա անել։ Եվ եթե` այո, ապա ինչքանո՞վ է դժվար։

-Իմ հոգեթերապևտիկական աշխատանքի պայմաններից մեկը կլիենտի հանդեպ բարյացկամ վերաբերմունքն է ու էմպաթիան, որը նշանակում է «ընդունում»։ Քանի որ ես ի վերջո մարդ եմ, ապա որոշ գործողություններ, որոշ կլիենտներ որոշակիորեն ինձ վրա ազդում են։ Կան բաներ, որոնք կլիենտներն ասում ու անում են, որոնք կարող են ինձ վրա ազդել, ձանձրույթ առաջացնել, զայրացնել, հուսահատեցնել, ու դա նորմալ է: Բայց հարցն այն է, թե ինչ եմ ես դրա հետ անում։ Այն զգացողությունները, որոնք առաջացնում է կլիենտը, ես կարող եմ ներմուծել աշխատանքի մեջ։ Եթե ես հասկանում եմ, որ այն, ինչ այդ պահին կլիենտն անում է, դա ինձ, օրինակ զայրացնում է, ես փորձում եմ հասկանալ՝ իսկ ինչի՞ հետ է կապված իմ զայրանալը։ Օրինակ, կոպիտ ասած, կլիենտն ասում է. «Այսօր չի ստացվի տանն անել սեանսը, ես այգում կքայլեմ ու կզրուցեմ Ձեզ հետ»։ Դա ինձ դուր չի գալիս, ես չեմ ընդունում դա։ Ես ինքս ինձ հարցնում եմ, թե ինչն ինձ դուր չի գալիս։ Ես մտածում եմ. «Ինձ անհարմար կլինի, եթե մարդը քայլի սեանսի ժամանակ, և ամենայն հավանականությամբ, իրեն նույնպես»։ Բայց առաջին հերթին ես մտածում եմ իմ հարմարավետության ու թերապևտիկ ազդեցության մասին։ Ես նրան ասում եմ. «Լավ, բայց միայն եթե Դուք նստեք այգու նստարանին, և այդ ժամանակ մենք կկարողանանք աշխատել»։ Այսինքն, ես չսկսեցի նրան ասել․ «Այն, ինչ անում եք, ինձ դուր չի գալիս», ես ուղղակի իմ զգացումից ելնելով նրան առաջարկեցի չհակասող բան, և այստեղ իմ զգացմունքը դարձավ օգնող միջոց այս իրավիճակը լուծելու համար։ Ես իրեն ընդունեցի՞։ Դե, ընդհանուր առմամբ, այո, նրա դիրքորոշումը դա է, բայց ես առաջարկեցի այն, ինչն ինձ ավելի հարմար է, ու նա համաձայնեց։ Կամ էլ, օրինակ, կլիենտն ինչ-որ բան է ասում, ու ես ձանձրանում եմ։ Ես չեմ ցանկանում, որ նա երկար-բարակ խոսի, իր մտքերի մասին ասի։ Ես ուզում եմ, որ նա իր զգացմունքների ու ապրումների  մասին ասի։ Ձանձրույթ։ Ընդունո՞ւմ եմ ես այն՝ ոչ։ Ինձ համար կարևոր է, որ վերապրման աշխատանք կատարվի։ Գիտակցելով այդ ձանձրույթը, ես կարող եմ, օրինակ, հարցնել. «Երբ Դուք դա ասում եք, ի՞նչ եք զգում»։ Մարդը ինչ-որ բան անում է ու ասում իր ապրումների ու սրտի համաձայն, կամ էլ իր պաշտպանական պրոյեկցիաներում է, պաշտպանական մեխանիզմներում և նորից խուսափում է ապրումներից։ Իսկ թերապիայի նպատակն է, որ մարդն անընդհատ գտնվի իր ապրումների հետ, քանի որ թերապիայից դուրս մարդը փախչում է իր ապրումներից, զգացմունքներից՝ փորձում է հեռախոսի մեջ լինել, այլ մարդկանց հետ, մտքերի մեջ, այլ բաներով զբաղվել, միայն թե ոչ այնտեղ եղած զգացմունքների հետ բախվել։ Երբ մարդը գալիս է թերապիայի, ես նրա ուշադրությունը ուղղորդում եմ զգացմունքների վրա, իսկ նա ընդդիմանում է։

Իսկ ինչ վերաբերում է զգացմունքների ընդունմանը՝ ես ընդունում եմ մարդու բոլոր ապրումները, զգացմունքները, որոնք առաջանում են։ Բայց որպեսզի ընդունեմ այդ զգացմունքներն ու ապրումները, ամեն դեպքում պետք է ինչ-որ կերպ նկատեմ, տեսնեմ դրանք, պետք է, որ մարդը դրանք ինչ-որ կերպ խորհրդանշի, և միայն այդ ժամանակ կարող եմ գտնվել նրա զգացմունքներն ընդունելու դիրքում։ Այդ պատճառով ընդունումը հիմնական բազան է, դատապարտման և մեղադրանքի, պաշտպանության հակակշիռն է, բայց միևնույն ժամանակ, չպետք է ուղղակի լսես այն ամենը, ինչ ասում է մարդը, գնաս նրա հետևից, այլ, ամեն դեպքում, շփման պահպանման, զգացմունքների հետ շփման պահպանման մասին է, ինձ հետ շփման պահպանման մասին։ Սա այնպիսի աշխատանք է, որտեղ ես առաջադրում եմ իմ սահմանները, որտեղ ես միջամտում եմ։ Դա հոգեթերապիայում անվանվում է` ինտերվենցիա, ես որոշակի ինտերվենցիաներ եմ անում։ Հոգեթերապիայում նաև դժվարություն է լինում. պատահում է, որ կլիենտն իմ մեջ արթնացնում է ինչ-որ զգացմունքներ, որոնք տհաճ են ինձ, ես դա չեմ նկատում կամ էլ նկատում եմ, բայց չեմ հասկանում, թե ինչի հետ է կապված։ Այդ դեպքում ինձ անհրաժեշտ է անձնական աշխատանք վերահսկիչի կամ իմ անձնական հոգեթերապևտի  հետ, որպեսզի կարողանամ գիտակցել, թե ինչն է, որ ես այդ մարդու մեջ չեմ ընդունում։ Այլապես ես ինքս կլինեմ ոչ վավերական, քանի որ այն ինչ ասեմ, արտահայտեմ, չի համապատասխանի նրան, ինչ ես զգում եմ։ Ես կարող եմ զգալ մի մասով զայրույթ, չգիտակցեմ դա, իսկ արտաքնապես ցույց տամ, որ ամեն ինչ կարգին է, և այդ դեպքում կստացվի, որ ես և՛ ինձ եմ խաբում, և՛ կլիենտին։ Այդպես հաճախ է լինում։ Ես ի վերջո մարդ եմ, և հոգեթերապիայում ինքդ քեզ վրա աշխատանքը, ինչպես և հոգեթերապևտի հետ, կատարվում է անընդհատ։

-Ի՞նչն է ավելի դժվար՝ ընդունել կլիենտին այնպիսին, ինչպիսին նա կա, թե՞ ընդունել ինքդ քեզ այնպիսին, ինչպիսին կաս։

-Ինքս ինձ հետ ավելի դժվար է աշխատելը, քան կլիենտների հետ։ Ինքս ինձ տեսնելը ավելի բարդ է, այդ պատճառով էլ ես անընդհատ անձնական թերապիայի մեջ եմ գտնվում։ Ինչպես ասում են՝ ուրիշին հեշտ է խորհուրդ տալը։ Իհարկե, ես խորհուրդ չեմ տալիս, ես օգնում եմ մարդուն, որ նա տեսնի իր զգացմունքները։ Իսկ սեփական զգացմունքները ինքնուրույն տեսնելը երբեմն բարդ է։ Բայց դա նույնպես հղկվող հմտություն է։  Դրա հետ մեկտեղ միևնույն է, կան մութ անկյուններ, որոնք ուղղակի ինքնուրույն չի լինի նկատել, այդ պատճառով ուղեկցողները օգնում են, որպեսզի դրանք մենք էլ տեսնենք։ Առհասարակ, իմ կարծիքով, կյանքում անհրաժեշտ է ունենալ ուղեկցողներ, որոնք կօգնեն առաջ անցնել այնտեղ, ուր դու ինքնուրույն չես կարող անցնել։ Անպայման չէ դա հոգեթերապևտ լինի։ Երեկ ես, օրինակ, հանդիպել էի շատ հետաքրքիր տատիկի, նրա անունը տիկին Ժաննա է, նա զբաղվում է բուժարարությամբ, կարելի է ասել։ Շատ հետաքրքիր փորձ էր։ Նրա բժշկման միջոցը աղոթք կարդալն էր։ Դա շատ խորն էր, հուզիչ էր, և նա ինձ համար դարձավ  ուղեկցող դեպի ինչ-որ նոր մակարդակ։ Ինձ ինչ-որ կերպ ձգեց, սիրտս հուշեց, որ պետք է գնալ նրա մոտ:

-Մարդիկ խուսափում են հոգեբանի դիմել, մտածում են, որ միայն հոգեկան հիվանդություն ունեցողները պետք է դիմեն հոգեբանի, իրենք գիժ չեն:

-Եթե կոպիտ բաժանում անենք, ապա մարդկանց կարելի է բաժանել 3 խմբի։ Նևրոտիկները մենք ենք՝ մեր ներքին կոնֆլիկտներով, մեր դիմակներով, պաշտպանական մեխանիզմներով, և նման առողջ նևրոտիզմը հատուկ է բոլորին։ Ինչ-որ մեկի դեպքում մի քիչ ավելի առողջ է, մեկ այլ մարդու դեպքում այն ինչ-որ խանգարման է մոտ, օրինակ՝ շիզոիդ անձնային խանգարման, նևրոզային խանգարման, ինչ-որ մարդկանց դեպքում կարելի է ախտորոշել՝  տագնապային խանգարում, դեպրեսիվ խանգարում։ Ընդհանուր առմամբ, դա այս կամ այն աստիճանի նևրոտիզմ է։ Մենք բոլորս էլ ունենք նևրոտիզմ և դրանից կարող ենք ասել, որ մենք բոլորս կարող ենք հոգեթերապևտի կարիք ունենալ։ Երկրորդ կատեգորիայում սահմանային անձնային խանգարումով մարդիկ են։ Այդ մարդիկ ավելի բարդ իրադրության մեջ են։ Նրանց՝ բացի հոգեթերապևտը, նաև անհրաժեշտ է հոգեբուժական աշխատանք։ Հոգեբույժը հոգեթերապևտից տարբերվում է նրանով, որ հոգեբույժը բժիշկ է, և կարող է դեղային բուժում նշանակել մարդուն։ Եվ, երրորդ խումբը փսիխոզով մարդիկ են։ Փսիխոզը գործնականորեն չի բուժվում, այն պաթոլոգիական անձնային խանգարում է, և այդ մարդիկ հիմնականում հասարակայնորեն չեն ադապտացվում, գտնվում են հիմնականում հատուկ  հաստատություններում կամ հսկողության տակ, հակադեպրեսանտների կամ այլ դեղերի ազդեցության տակ։ Այդ պատճառով կան տարբեր մարդիկ․ ո՞վ է նրանցից գիժը։ Գիժը ինչ-որ առօրյա ժարգոն է, եթե մասնագիտական առումով ասենք, կարելի է ասել, որ եթե սովորական մարդը, քչից-շատից առողջ է, գնում է հոգեթերապևտի մոտ, դա նշանակում է, որ զգում է, որ ինքը ինչ-որ տեղ կարող է լինել ավելի ազատ, ավելի երջանիկ, և ընդհանրապես չի նշանակում, որ նա հիվանդ է կամ նա ինչ-որ պաթոլոգիա ունի։ Երբ հոգեբանության մասսայականացումը կատարվում է երիտասարդների շրջանում, այդ թվում այնպիսի երիտասարդների, ինչպես ես եմ, ապա մարդիկ ավելի արագ են փոխում իրենց վերաբերմունքը։ Մարդկանց մոտ դեռ կա կարծրատիպ, որ հոգեբանը ինչ-որ ոչ ադեկվատ, տարօրինակ կին է։ Իրականում՝ ոչ։ Հիմա շատ երիտասարդներ մասնագիտանում են հոգեբանության մեջ։ Հիմա կան երիտասարդ հոգեթերապևտներ՝ գեղեցիկ, հոյակապ մարդիկ, երջանիկ, շփվող, միևնույն ժամանակ նման ոչ հեշտ մասնագիտության մեջ, որտեղ աշխատանք է տարվում զգացմունքների հետ, որը երբեմն շատ ցավոտ է։ 

-Դուք ասում եք, որ պետք է վերադառնալ ինքդ քեզ։ Կարո՞ղ եք սահմանել, թե ի՞նչ է դա նշանակում։

-Վերադառնալ ինքդ քեզ նշանակում է` զգալ ամեն ինչ, ինչ զգացվում է։ Բացարձակապես ամեն ինչ՝ չբաժանելով «ճիշտ» կամ «լավ» զգացմունքների, չփորձելով ինչ-որ բանից ազատվել, լինել զգալու մշտական գործընթացի մեջ։ Դա հենց ինքդ քեզ վերադառնալու ճանապարհ է։ Կարելի է վերադառնալ ինքդ քեզ` մշտապես նման հարց տալով․ «Ինչպե՞ս եմ ես զգում։ Իսկ հիմա ինչպե՞ս եմ զգում։ Իսկ հիմա ի՞նչ եմ զգում»։ Այսինքն, ինքդ քեզ վերադառնալը ինչ-որ բանի ավարտ չէ, այլ զգալու մշտական գործընթաց է։ Ինքդ քեզ վերադառնալը «ինչպիսին դու պիտի լինես» գաղափարի դեն նետումն է և ընդունումն է նրա, թե ինչպիսին կաս, ով ես հենց այս պահին, ամեն իրավիճակում, ամեն պահի։

-Վստահությունը ամենակարևոր բաներից է (կամ ամենակարևորն է) Ձեր մասնագիտության մեջ։ Ինչպե՞ս եք հասնում նրան, որ Ձեզ վստահեն։

-Ես հատուկ ոչինչ չեմ անում, որպեսզի կլիենտն ինձ վստահի, ավելի ճիշտ՝ եթե ես անեմ ինչ-որ բան, որ ինձ վստահեն, ապա դա մանիպուլիացիա կլինի և ինչ-որ ոչ իրական բան։ Այդ պատճառով ես փորձում եմ հատուկ ոչինչ չանել, անկեղծորեն լինել  այնպիսին, ինչպիսին կամ, հույս դնել իմ զգացմունքների վրա։ Ինձ համար վստահության հիմքը, գրավականը անկեղծությունն է ինքս իմ ու այլ մարդու հանդեպ։ Ամեն տեսակի անկեղծությունը՝ անգամ տհաճը, որովհետև եթե ես ուզում եմ ինչ-որ մեկի համար լավը լինել, եթե ինձ թվում է, որ ինձ այդպես կվստահեն, ապա դա անտեղի կթվա,  քանի որ մեկ այլ մարդ կարող է հեշտորեն կարդալ ինչ-որ կեղծավորություն,  փակվածություն, վախ։ Նաև, այդ դեպքում ինչ-որ իրական բան ամբողջ ընթացքում կմնա ետնաբեմում։

-Դուք ինքներդ Ձեզ համար է՞լ եք հոգեթերապևտ, թե՞ Դուք էլ, եթե կարիք կա, դիմում եք հոգեբանի։

-Ես շաբաթը մի օր այցելում եմ հոգեբանի, մնացած ժամանակ պետք է ինչ-որ կերպ ապրել, այդ պատճառով ինքս ինձ հետ նույնպես կարողանում եմ աշխատել։ Ես անգամ առցանց դասընթաց էի վարում՝ «Ինքդ քեզ հոգեբան»։ Ես կարողանում եմ աշխատել ինքս ինձ հետ, ունեմ իմ գործիքները, իմ միջոցները։ Իմ թերապևտը երբեմն գրիչն է, բլոկնոտը, ինքս ինձ հարցեր տալը, երաժշտությունը։ Եթե ինձ դժվար է հասկանալ, թե ինչ եմ զգում, ապա կարող եմ մոտավորապես որոշել, թե ինչ երաժշտություն հիմա ինձ դուր կգա։ Եթե ես ցանկանում եմ տխուր երաժշտություն, միացնում եմ այն, հասկանում եմ, որ հիմա երաժշտությունն է իմ թերապևտը ու այն ինձ հիմա հասկանում է ավելի լավ, քան որևէ մեկը։ Կամ էլ, դա կարող է լինել պարային ուրախություն կամ ինչ-որ մանտրա։ Երաժշտությունը օգնում է շատ հստակ կողմնորոշել ներքին վիճակը։ Ինչպես սիմֆոնիկ նվագախմբում են գործիքները լարվում հոբոյի «լյա» նոտայով, այդպես էլ այստեղ երաժշտությունը կարող է լինել նման միջոց, այն լարվում, հարմարվում է քեզ։ Եթե ինչ-որ անկումային վիճակ է, քիչ էներգիա, տխրություն ու վիշտ, պետք չէ փորձել ուրախանալ, դարձնել քեզ ուրախ, այլ պետք է գիտակցել, առաջինը, թե այդ վիճակն ինչի հետ է կապված։ Եվ միայն հետո գտնել երաժշտություն, որը կօգնի հիմա լինել ինքդ քեզ հետ ռեզոնանսի մեջ ու ընդունել քո վիճակը։ Երբ վշտի մեջ ես, իսկ ինչ-որ մեկն ուզում է քեզ գոտեպնդել, ասել, որ ախր, ամեն ինչ լավ է, դու ավելի ես զայրանում, դրանից ավելի ես վշտանում, քանի որ մարդը այդ ժամանակ չի ցանկանում ընդունել կամ հասկանալ քո ներքին վիճակը։ Դրանից ավելի տխուր ու  միայնակ ես քեզ զգում։ Ես նման տեսակետ ունեմ, որ միշտ կա երջանկություն ու սեր, ու դրա համար ոչինչ պետք չէ, միայն պետք է ազատվել նրանից, ինչը խանգարում է այդ երջանկությանը։ Արևը միշտ շողում է, ու միայն պետք է խանգարող ամպերը մի կողմ քաշել։ Իմ տեսակետն այսպիսին է՝ եթե ես հիմա բավականաչափ երջանիկ չեմ ինչ-որ հարցում, ապա ինչ-որ բան խանգարում է։ Իմ խնդիրն է` ուղղակի գիտակցել, թե ինչն է խանգարում, ու այդ ժամանակ արևը մի քիչ ավելի պայծառ կշողա։

-Խորհուրդ տվեք մեր ընթերցողներին հոգեթերապիայի հետ կապված գրքեր։

-Առաջին հերթին խորհուրդ եմ տալիս «Կյանքի լեզուն․ ոչ բռնի հաղորդակցություն» գիրքը, որի հեղինակը Մարշալ Ռոզենբերգն է։ Երկրորդը` խորհուրդ եմ տալիս կարդալ Վիկտոր Ֆրանկլի գրքերը, օրինակ՝ «Կյանքին ասել ԱՅՈ» և «Կյանքի իմաստի որոնումներում»։ Խորհուրդ եմ տալիս Բրենե Բրաունի գրքերը, նա շատ է գրում խոցելիության, ամոթի մասին։ Օրինակ՝ «Մեծապես հանդգնել» (“Daring Greatly “) կամ «Անկատարության ընծաները» (” The Gifts of Imperfection”): Խորհուրդ եմ տալիս հոգեթերապևտ Իլսե Սանդի գրքերը, նա շատ լավ գրքեր ունի, օրինակ՝ «Խիստ զգայուն մարդիկ ոչ զգայուն աշխարհում՝ ինչպես կառուցել երջանիկ կյանք» (“Highly Sensitive People in an Insensitive World: How to Create a Happy Life”; ռուս․՝ “Близко к сердцу Как жить, если вы слишком чувствительный человек”) կամ «Մոտ արի՝ սիրո և ինքնապաշտպանության վերաբերյալ» (“Come Closer: On Love and Self-protection”; ռուս․՝ “Страх близости: Как перестать защищаться и начать любить ”): Խորհուրդ եմ տալիս Իրվին Յալոմի գրքերը։ Նա եզակի գրող է, որը հոգեթերապևտ է և դրա հետ մեկտեղ  ունի գեղարվեստական գրքեր հոգեթերապևտների մասին։ Նրա ցանկացած գիրք կարելի է կարդալ։ Խորհուրդ եմ տալիս կարդալ երեխաների հոգեբանության մասին, ոչ միայն նրանց, ովքեր երեխաներ ունեն, այլ բոլորին, որպեսզի հասկանան իրենց մանկությունը, իրենց ներքին երեխային։ Օրինակ՝ խորհուրդ եմ տալիս Լյուդմիլա Պետրանովսկայայի և  Յուլիա Գիպենրեյթերի գրքերը։ Նրանց ցանկացած գիրք։

-Կա՞ն ինչ-որ օգտակար սովորություններ, որը խորհուրդ կտաք։

-Այո, ես մտավոր սովորություններ կառաջարկեմ։ Հնարավորինս հաճախ հարցրեք ինքներդ ձեզ․ «Ի՞նչ եմ ես զգում հիմա։ Ի՞նչ կուզեի, իսկ ի՞նչ չէի ուզի»։ Ինչպես նաև սովորություն դարձրեք երբեք չշտապել և որոշակիություն չփնտրել, բոլոր առաջացած կասկածներին, բոլոր զգացմունքներին տեղ տալ։ Եվ երրորդ սովորությունը ձեր մարմնով զբաղվելն է, հնարավոր բոլոր միջոցներով՝ պար, սպորտ, ավելի լավ կլինի գիտակցական սպորտ՝ յոգայի, պիլատեսի նման, մարմնամարզություն, լող, վազք։ Յոգան հոյակապ է։ Հնարավոր ամեն բան արեք, քանի որ մարմինը նույնպես մեր գիտակցությունն է, ուղղակի ավելի խիտ տեսքով։ Մարմնի վիճակը սահմանում է հոգեվիճակը։ Այն ավելի ճիշտ է ցույց տալիս մեր հոգեվիճակը։ Առողջ մարմնում՝ առողջ հոգի։

-Ինչպե՞ս կարելի է այս մշակույթը զարգացնել ու տարածել Հայաստանում։

-Կարծում եմ հոգեբանական թեմաներով գրքերի մասսայականացմամբ։ Լավ կլիներ կազմակերպել տարբեր թեմաներով և տարբեր մոտեցումներով մի շարք կրթական միջոցառումներ, որտեղ կհրավիրվեին խոսնակներ, փորձագետներ ու հարցին տարբեր կողմերից կնայեին՝ մայնդֆուլնես[1], գիտակցվածություն, յոգա, հոգեթերապիա, հոգեբանություն։ Իմ կարծիքով միշտ կարևոր են կարծիքի առաջնորդները, որպեսզի նրանք հայտնվեն հասարակության մեջ ու շարժիչ ուժ լինեն։

-Ի՞նչ է Mindful Armenia-ն ու ի՞նչ է այն անում։

-Մի քանի տարի առաջ ընկերոջս հետ Հայաստանում արեցի հոգեբանական-սպորտային ուղևորություն ռեթրիթի նման, հրավիրել էինք Ռուսաստանից մարդկանց։ Մենք ճանապարհորդում էինք, զբաղվում սպորտով, հոգեբանական ու հոգևոր պրակտիկաներով և երբ վերադարձանք Երևան, ես ցանկանում էի շարունակել հանդիպել մարդկանց հետ, միասին յոգա ու մեդիտացիա անել։ Ես ստեղծեցի տելեգրամյան չաթ՝ «Mindful Armenia» անունով և  աստիճանաբար մարդիկ սկսեցին ավելանալ։ Հիմա այն մեծ չէ, այնտեղ մոտ 60 մարդ կա։ Չեմ կարող ասել, որ այն ակտիվ է։ Այդ չաթի իմաստն այն է, որ մենք հանդիպում ենք ու զբաղվում ինչ-որ հոգեբանական պրակտիկաներով և այլն։ Ես այդ ժամանակ նաև մի քանի հոգեբանական սեմինար անցկացրեցի Երևանում ու անգամ ինչ-որ կազմակերպության, լավ չեմ հիշում որ, թրեյնինգ անցկացրեցի Social Impact-ում։ Հանդիպելը, շփվելը, ծանոթանալը, ահա ինձ համար մասսայականացման ձև՝ հոգեբանության, հոգեթերապիայի խմբակցության միջոցով։ Մենք միասին նախաճաշում ենք, շփվում ենք, բայց հիմա դա ավելի շատ ընկերական ձևաչափ է, քան պրոֆեսիոնալ։

-Ինչպես գիտեք Հայաստանում պատերազմ էր։ Դուք հետևում էիք իրադարձություններին ու կիսվում Ձեր զգացմունքներով։ Ինչպե՞ս էիք զգում, երբ նայում էիք ու փորձում ինչ-որ բան անել։

-Ցավոտ էր։ Դեռ ցավոտ է։ Այդ պահին՝ պատերազմի ժամանակ, ես ինձ զգացի մարդկության մի մաս, ինչպես երբեք չէի զգացել, իմ ազգի մի մաս, ես ուղղակի չեմ կարող դա հերքել, ես դա զգում եմ։ Ես զգում էի, որ մարդիկ, երիտասարդները, որոնք գնում էին այնտեղ ու զոհվում, իմ որոշակի մասերն էին։ Ինձ միայն մնում էր զգալ ու խոսել իմ զգացմունքների մասին։ Էլ ի՞նչ կարող էի անել։ Այստեղ կարող ենք խոսել  կոլեկտիվ բուժումից, տրավմայի ապրումից։ Իմ կարծիքով, հիմա խնդիրը սգալն է այն, ինչ կատարվել է։ Խնդիրը հիմա վշտանալն ու այդ տեղի ունեցած տրավման ապրելն է։ Չշարունակել վրեժխնդիր լինել, զայրանալ, պլաններ մշակել, իշխանության համար պատերազմել, այլ՝ սգալ այն ամենը, ինչ եղել է ու ինչ-որ կերպ առաջ շարժվել։

-Իսկ ինչպե՞ս առաջ շարժվել։

-Խոսել զգացմունքների մասին, այլ ոչ թե փորձել ուժեղ լինել։ Պետք չէ ուժեղ լինել, երբ պետք լինի՝ մարդը կլինի ուժեղ։ Իսկ երբ արցունքների ժամանակն է, պետք է տեղ տալ արցունքներին, քանի որ մինչ մենք պահում ենք վիշտը, մինչ մենք չենք վշտանում, տեղ չենք տալիս մեր ապրումներին, ամբողջ էներգիան գնում է դրանք պահելու վրա։ Չի կատարվում շարժում, չի կատարվում փոփոխություն։ Որպեսզի էվոլուցիան շարունակվի, անհրաժեշտ է, որ ապրումները ապրվեն։ Անհրաժեշտ է, որ գետը հոսի։ Եթե գետը կանգնում է,  վերածվում է ճահճի։ Մնում ես անցյալում, դադարում ես ապրել։ Շարունակել վրեժխնդիր լինել, կնշանակի տեղ չտալ ապրումներին, այլ փորձել ազատվել ներքին ցավից՝ թշնամիներից ազատվելով, բայց դա այդպես չի աշխատում, այդպես ցավը չի հանգստանա, թեկուզ  ոչնչացնես բոլոր թշնամիներին։ Դրանից ապաքինում չի կատարվում։

-Ինչքա՞ն հաճախ եք գալիս Հայաստան։

-Մոտավորապես տարին երկու անգամ։

-Ի՞նչն է այստեղ Ձեզ համար կարևոր։

-Ինձ այլ կերպ զգալը։ Երբ ես հայտնվում եմ Հայաստանում, ամեն անգամ մի բան ինձ հետ կատարվում է։ Այդ ինձ թույլ է տալիս ավելի լավ ճանաչել ինքս ինձ, ծանոթանալ իմ նույնականացման հետ։ Ինձ այստեղ գտնվելը հաճելի է, ես այստեղ շատ զգացումներ ունեմ, շատ ապրումներ։ Ես գալիս եմ Հայաստան, որպեսզի ինչ-որ բան իմանամ, թե հստակ ինչ՝ չգիտեմ։ Ամեն անգամ դա ինչ-որ մի նոր բան է։

-Գիտե՞ք հայերեն։ Կարևո՞ր է արդյոք իմանալ մայր լեզուն և ինչո՞ւ։

-Ես հայերեն գիտեմ խոսակցական մակարդակի վրա՝ հասկանում եմ, կարդում եմ դանդաղ, բայց չեմ գրում։ Կախված է, թե ինչի համար է կարևոր։ Հայաստանում ես երբեմն հայերեն եմ մտածում։ Առհասարակ, մինչ 3 տարեկանը ես միայն հայերեն գիտեի։ Իսկ մինչ երեք տարեկանը հոգեբանության մեջ համարվում է կրիտիկական շրջան, երբ ձևավորվում է մարդու անձնականության էությունը, այդ պատճառով իմ  նույնականությունը հայկական է, ու իմ խորին ապրումները զուգորդվում են հայերեն լեզվի հետ։ Երբ ես խոսում եմ հայերեն, ես ինձ ավելի ինքս ինձ մոտ եմ զգում։ Երբ ես ռուսերեն եմ խոսում, ես մի քիչ հեռանում եմ ինքս ինձնից, չնայած նրան, որ ամբողջ կյանքս խոսում եմ ռուսերեն։ Ես ինձ ոնց որ ավելի մոտիկ եմ զգում, ոնց որ մի քիչ ուրիշ մարդ լինեմ, երբ հայերեն եմ խոսում։ Երբ ես լսում եմ ուրիշ մարդկանց, որ ինձ հետ հայերեն են խոսում, ավելի շատ եմ զգում մեր կապը։ Ես կուզեի ավելի ազատ հայերեն խոսել, բայց երևի ուզելը բավական չէ։ Երևի երբևէ դա տեղի կունենա, կունենամ ավելի մեծ մոտիվացիա սովորելու հայերեն։ Ես գիտեմ այնպիսի զարմանալի օրինակներ, թե ինչպես են մարդիկ ամբողջ կյանքում խոսել ռուսերեն, իսկ հետո հանկարծ սկսել են հայերեն սովորել։ Չգիտեմ, ես հետևում եմ դրան, չեմ ցանկանում արհեստականորեն ինձ ստիպել՝ հայրենասիրությունից դրդված կամ նրանից դրդված, որ դա կարևոր կլինի երեխաներիս համար։ Ուզում եմ, որ դա կատարվի այնպես, ինչպես ես կզգամ։ Դա էլ ինձ համար ճիշտ կլինի։ Այդ պատճառով, կարևո՞ր է արդյոք սովորել հայերեն։ Լեզուն շատ բան է որոշում ու շատ բանի վրա է ազդում, բայց ամեն մեկը կարող է ինքնուրույն որոշել՝ իր համար հիմա դա կարևո՞ր է, թե՝ ոչ։

-Որո՞նք են Ձեր սիրելի վայրերը Հայաստանում և ինչո՞ւ։

-Էջմիածինը, ես այնտեղից եմ։ Ինձ դուր է գալիս Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, Սուրբ Գայանե եկեղեցին, դուր է գալիս ամեն տեսակի ամայություն Էջմիածնում՝ դաշտերը, տները, այդ դատարկ ու լուռ փողոցները։ Ինձ շատ է դուր գալիս Օձունի շրջանը, շատ է դուր գալիս Տաթևը, շատ է դուր գալիս Դիլիջանը, Պարզ լիճը, Գոշավանքը։ Ես հիացած էի Մեղրիով։ Հայրական կողմի արմատներս Լիբանանից ու Մուսալեռից են, այդ պատճառով Մեղրիի կլիման ինձ մոտ խորապես արձագանքում է, ձգում է՝ ավելի շոգ, մի քիչ չոր, ավելի էկզոտիկ մրգերով, ծառերով։ Ես Հայաստանում շատ եմ սիրում արևմտահայկական, լիբանանյան, սիրիական ռեստորանները, շատ եմ սիրում Կասկադը, ուղղակի պաշտում եմ։ Ես շատ եմ սիրում Սարյան ու Պուշկին փողոցների մեջտեղում գտնվող բակի փոքր եկեղեցին։ Ես շատ սիրեցի Գյումրին, այն ինձ շատ հայկական թվաց։ Ինձ դուր են գալիս տուֆից երևանյան շենքերը։ Կարճ ասած, շատ բան կա՝ ամեն ինչն ասացի։ Նաև սիրում եմ Կասկադի «Գրին բին» սրճարանը, քանի որ այնտեղ է մեր հայրենադարձ ընկերը, և մենք մեզ այնտեղ միշտ լավ ենք զգում։ Բայց ինձ Հայաստանում այնքան էլ դուր չեն գալիս այգիները, որովհետև, օրինակ՝ Սիրահարների այգում չի կարելի խոտի վրա զբոսնել, դեկորատիվ այգի է։ Մյուս այգիները փոքր են։ Չնայած, ես այսօր «Թեյի տնակում» էի, շատ հաճելի տեղ էր։ Մինչ այդ էլ մենք Անգլիական այգում յոգայով էինք զբաղվում։

-Դուք հաճախ եք մեդիտացիա անում Կասկադում, ինչո՞ւ։

-Դուր է գալիս տեսարանը, լայնարձակ տարածությունը, բոլորի համար վայրի հասկանալիությունը։ Կասկադում յոգայով զբաղվելիս շատ արտասովոր կերպ ես զգում ինքդ քեզ։

-Պլանավորո՞ւմ եք ինչ-որ միջոցառումներ անցկացնել Հայաստանում։

-Հուսով եմ, որ կոնֆերենցիա կանցկացնեմ, եթե չկորցնեմ հետաքրքրությունս այդ գաղափարի հանդեպ։ Ցանկանում եմ ինչ-որ ռեթրիթ անցկացնել Հայաստանում՝ քաղաքից դուրս ուղևորմամբ և պրակտիկաներով։ Դեռ այսքանը։


[1] Հոգեբանության մեջ mindfulness-ը այն պրակտիկան է, որի ժամանակ մարդու ուշադրությունը դիտավորյալ դրվում է ներկա պահի վրա, առանց այն գնահատելու։ Այս հմտությունը զարգացնում են մեդիտացիայի կամ այլ վարժանքի շնորհիվ։ Mindfulness բառը ունի ուշադիր, հոգատար իմաստները։

Արվեստը պետք է զգալ, ոչ թե հասկանալ

Հայաստանի նկարիչների միության անդամ Մերի Եփրեմյանը նկարել սկսել է մանուկ հասակից։ Նկարչուհին դժվարանում է իրեն նկարագրել, գերադասում է, որ իր մասին ոչ թե ինքը, այլ ուրիշները խոսեն։

Նպատակասլաց ու արագ որոշումներ կայացնող մարդ է, սիրում է ստեղծագործել ազատության մեջ։ Մերին մասնագիտության ընտրության հարցում չի տատանվել, իրեն որևէ այլ ոլորտում երբեք չի էլ պատկերացրել։ Նկարչուհին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ է։ Մագիստրատուրայի շրջանակներում, փոխանակման ծրագրով մեկնել է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի ակադեմիա։

-Շտիգլիցում ուսանեցի գերազանց, վերադարձա Հայաստան` դիպլոմային աշխատանքս պաշտպանելու: Այն համարվեց լավագույնն ու Հայաստանի նկարիչների միության անդամ դարձա,- պատմում է Մերին։

Գեղանկարչուհին 2012 թվականից ցուցահանդեսներ է ունեցել։ Մեծ արձագանք է ստացել հատկապես գրաֆիկայի առաջին անհատական ցուցահանդեսը՝ 2017 թվականին։

Մերի Եփրեմյանը մեզ հետ զրույցում խոսեց նաև Սանկտ Պետերբուրգում և Բելառուսում վերջերս տեղի ունեցած ցուցահանդեսների մասին:

-2021 թվականին Բելառուսում միջազգային ամենամյա ցուցահանդես կայացավ` բիենալե, որին մի շարք երիտասարդ նկարիչներ էին մասնակցում Շվեդիայից, Էստոնիայից, Ղազախստանից, Ռուսաստանից և այլ երկրներից։ Ես պատիվ ունեցա ներկայացնելու Հայաստանը, և 17-րդ դարի շքեղ ցուցասրահում միայն ինձ շնորհվեց պատվոգիր,- ոգևորությամբ նկատում է նկարչուհին՝ հավելելով,- տպավորություններս բառերով անհնար է նկարագրել։

8 երկրի ներկահացուցիչների շարքում Մերի Եփրեմյանի կտավը միակն էր, որ արժանացավ «Լավագույն աշխատանք» մրցանակի։

Մերին երազկոտ մարդ է և ունի բազմաթիվ երազանքներ, որոնց մեծ մասն արդեն կատարված է համարում՝ ընդգծելով․

-Այսօր էլ քայլ առ քայլ մյուս երազանքներիս ետևից եմ գնում։ Երջանիկ մարդ եմ ինձ համարում։

Ինչպես զրույցի ընթացքում նշեց նկարչուհին`ցանկացած միջավայր նկարելու ցանկություն է ստեղծում, սակայն բնությունն ու սեփական արվեստանոցը առանձնահատուկ են իր համար։

Մերի Եփրեմյանը նաև մոդելինգով է զբաղվում:

-Սիրում եմ աշխատել տեսախցիկի հետ, ոչ ստանդարտ, ոճային կերպարներ ստանալ հագուստից, ու ամեն ինչին որպես արվեստ մոտենալ,-նշում է Մերին, որն իր այդ ձգտումը համարում է իր առանձնահատկությունը։

Մերին դասավանդում է նաև արվեստի դպրոցներում։ Որպես լավագույն խորհուրդ սաներին՝ ընդգծում է․

-Պետք է արվեստն անսահման սիրել ու կոչմանը հավատարիմ մնալ` ինչքան էլ փորձություններով հարուստ լինի ուղին։ Նկարչությունն անսահման խորը աշխարհ է։

Մերի Եփրեմյանը վստահ է․

-Արվեստը պետք է զգալ, ոչ թե հասկանալ։