Մի խոսքով, գարնանային խառը տրամադրություն

Վերջին երկու տարում սովորեցի էլ չասել ինքս ինձ. «Դե լավ, կարող էր ավելի վատ լինել», որովհետև էդպես էլ լինում է: Ազնվորեն, էլ ոչ մի բան ինձ չի զարմացնի էս աշխարհում։ Եթե վաղն արթնանամ, ու մեր հարևանը այլմոլորակային լինի, ես նույնիսկ ունքս չեմ շարժի։

Առաջ մտածում էի, եթե 2-րդ Համաշխարհային պատերազմի ժամանակ սոց. ցանցեր լինեին, հոլոքոստ չէր լինի, որովհետև մարդիկ կտեսնեին, կդատապարտեին։ Բայց վերջին իրադարձություններից հետո (սկսած Սիրիայից) հասկացա, որ դա բան չէր փոխի, քանի որ դատապարտումը կլիներ սթորիների ու ժամանակի ընթացքում հնացող փոստերի ձևով, իսկ երեխաները միևնույն է, կզոհվեին։

Ինձ համար անհասկանալի է էն փաստը, որ քննադատում ենք աշխարհին 2020 թվականի պատերազմի ժամանակ լռելու համար, երբ ինքներս ոչինչ չարեցինք գոնե մեր ներսի մեղավորներին դատապարտելու։ Մենք համակերպվում ենք, բայց մյուսներին մեղադրում, որ չդատապարտեցին, չխոսեցին։ Հիմա էլ, երբ Արցախում ութ օր է` մեր հայրենակիցները մնացել են առանց ջերմության` թշնամու կողմից գազատարը պայթեցնելու պատճառով, սպառնալիքների, որ պետք է լքեն իրենց գյուղերը, չենք համախմբվում, չենք փորձում ինչ որ բանով աջակցել մեր հայրենակիցներին:

Էս նկարը զուտ առիթ էր արտահայտվելու համար, քանի որ եղանակն էլ ստիպում է բարկությունը ներսում պահել, մանավանդ հիմա փիսոյին էլ վիրահատում են, բոլորս անհանգիստ ենք…  Իրար գլխի եմ կուտակել ամեն բան (իսկ այսօր մի դեպք եղավ, մինչև հիմա ափսոսում եմ, որ լռեցի։ Ախր, պետք է խոսեի, բողոքեի, օֆֆ…)։

Որոշեցի մի քիչ արտահայտվել, ասել, թե ինչ եմ զգում, թե չէ հետո ավելի ծանր նստվածք կտա:  Էնպես որ, կարող եք դուք էլ գրել, կիսվել, որոշ չափով կթեթևանաք։ Առողջությունը ափսոս է։ Դեռ պետք կգա էն, ինչ մնաց քովիդից հետո:

Խոստանում եմ հաջորդ անգամ ավելի դրական մի բան գրել:

Gohar Petrosyan

Զարմացրու ինձ քո ՄԱՐԴ տեսակով

Դու երբեք չես զարմացնի ծնողներիդ գնած թանկարժեք հագուստով ու խաղալիքներիդ բազմազանությամբ։ Չես զարմացնի դպրոցում ծանոթ-բարեկամի կարգով բարձր գնահատականներ ստանալու ու չսովորելով ամբողջ տարին գերազանց ավարտելու համար։ Չես զարմացնի համալսարանում դասի չգալով ու գումար տալով կարմիր դիպլոմ ստանալու ու լավ սովորողի փոխարեն ծանոթի կարգով անվճար սովորելու համար։

Չես զարմացնի «կռուտոյ» ձևանալով, վերջին թվի մեքենան քշելով, դատարկաբանելով Tik Tok-ում` մազերիցդ շատ հետևորդներ հավաքելով ու վերջին այֆոնը ունենալու համար։ Չես զարմացնի շուրթերդ ու կրծքերդ մեկ տոննա սիլիկոն լցնելով ու ապրածդ ամեն վայրկյանը սոցցանցերում հրապարակելով։ Չես զարմացնի հարսանիքիդ վրա ծախսած միլիոններով, մեղրամսի, կարմիր խնձորի, խնձորի հետ եկած շնորհավորական նվերների ու ամբողջ կյանքդ կույս մնալու կամ ձևանալու համար։ Չես էլ զարմացնի փողկապ ու կոստյում հագնելով, իբրեւ թե խելացի ձևանալով ու քաղաքական հարցերի մասին դատարկաբանելով։ Չես զարմացնի մեկ-երկու տարեկան ամեն երեխայիդ ձեռքը մի թանկանոց հեռախոս տալով, բրենդային հագուստ հագցնելով ու առանց դաստիարակության թողնելով։ Ընդհանրապես չես էլ զարմացնի այդ նույն երեխաներիդ բերանը տասը մետր լեզու դնելով ու իրենց տեղը աշխատելով, գրպանները գումար դնելով, մեքենա ու տուն գնելով։ Չես հավատա, բայց երեխաներդ էլ չեն զարմացնի նման ձրիակերի պես ապրելով, թոռներդ էլ, ծոռներդ էլ։ Դե ու հարազատներդ էլ չեն զարմացնի թաղումդ ամենաթանկանոց հոգեհանգստի սրահում կազմակերպելու, ծաղկեպսակներդ Հոլանդիայից «զակազ» տալու, սև բրաբուսներով փողոցները փակելու, քեզ էլ ոսկե դագաղում դնելու համար։

Բայց այ, կզարմանաս դու, որ ամբողջ կյանքդ ուրիշներին զարմացնել փորձելուց ու ձախողվելուց հետո գնում ես աշխարհից ու հետդ ոչ մի այֆոն ու բրաբուս էլ չես տանում։ Աշխարհակալ Մակեդոնացին այս աշխարհից հեռացավ ձեռնունայն, բայց դու երևի թե գնալուց էլ մի հատ ճոխ ոսկեդագաղախառը սելֆի անես, դնես Ֆեյսբուքիդ ու ինստագրամիդ պատին, նոր գնաս։

Զարմացրու ինձ ինքդ քեզանով ամեն բանի հասնելով ու կողքիններիդ օգնելով, դիմացինիդ կյանքը չխորտակելով, ընտանիքներ չքանդելով, սրանից-նրանից չբամբասելով, կենդանիներին մի կտոր հաց տալով ու գոնե չվնասելով, շահամոլ ու քծնող չլինելով, երեխաներիդ ճիշտ դաստիարակելով, քեզանից թույլերին օգնելով ու չծաղրելով․․․

Կարճ ասած, զարմացրու ինձ քո ՄԱՐԴ ծնված ու մնացած տեսակով։

Jenya Yegikyan

Երեք բազում կետ

Ասել եմ՝ չեմ սիրում։

Ասել մտքիս մեջ,

Որ քայլ է դավաճան ու չներվի երևի։

Ես անքեզ եմ ու առանց մենք։

Թե հանդիպել եմ քեզ,

Ես ի՞նչ ունեմ քո հանդեպ։

Ասել եմ՝ էլ չգաս,

Ասել քեզ,

Որ գաս պիտի։

Քեզ թողել մայթերին

Ու ես գնացել կանգառը իմ։

Որ չներվի երևի։
***

Ես վաղն աշխարհը շուռ կտամ,

Թող սպասեն։

Ծով կլինեմ ու ալիքներին կհանդարտեցնեմ։

Քամի կլինեմ ու իմ բույրը կբերեմ։

Պատուհանիդ նայող լուսինը կլինեմ։

Արևդ կլինեմ ու առավոտյան դիմագծերովդ կսահեմ։

Կլինեմ։

Կանեմ։

Հիմա ոժ չունեմ այդչափ։

Ես գրկված չեմ, թողել ես կարոտված։

Հիմա ծովի ալիքներն էլ կշտապեն ափ։

Քամիդ էլ հողմ կլինի։

Որովհետև ես գրկված չեմ,

Որովհետև թողել ես կարոտված։

 

***

Մենք մեզ բաժան-բաժան արել ու ուշացել ենք իրարից։

Ես քո կանգառն անցա,

Դու իմը չհասար։

 

***

Ինձնից քեզ խլել`

Տարել պահել ես,

Որ չգտնեմ:

Ես փնտրում եմ քեզ

Ու անդադար մեղադրում,

Որ ինձնից տարար Քեզ։

Խիղճդ հանգի՞ստ է թաքնված։

Հոգիս բզիկ-բզիկ եղած է։

Gohar Petrosyan

Հիշում եմ, սիրում էիր սպիտակ մեխակներ

Գիտեմ, նեղացել ես ինձանից. ուշ-ուշ եմ շիրիմիդ այցի գալիս։ Քեզ կորցնելուց հետո ինքս ինձ ու քեզ խոսք տվեցի երկրորդ տունս դարձնել հողե ննջարանդ։ Բայց արի ու տես, որ խոստումս չեմ պահում։ Երևի թե հենց նրա համար, որ զգում եմ ներկայությունդ իմ մեջ։ Բայց դա արդարացում չէ ինձ և արդարացում չէր հեռանալուդ։ Բայց դու ի՞նչ մեղք ունեիր, և ո՞րն է մեղքը իմ` քեզ մտքումս ողջ պահելու համար։ Ես չեմ հավատում, թե մի օր կտեսնեմ քեզ, և գիտեմ, որ երբեք ինձ չես մեղադրել ոչ մի հավատք չունենալու համար։ Ես պարզապես հավատում էի, որ կտեսնես ինձ նպատակներիս հասած և կհպարտանաս ինձով, քանզի ամեն ինչ անում էի քեզ հպարտություն պարգևելու համար։ Բայց հիմա անիմաստ է ամենը առանց քո ներկայության։ Երևի թե կամաց-կամաց սկսեմ մեղադրել ինձ ամեն ինչից հիասթափվելու համար։

Անցնում են օրերը, ու ավելի եմ հեռանում քեզանից։ Տպավորություն է, թե անցյալ կյանքում եմ ունեցել քեզ. է՜հ, քեզ կորցնելուց հետո կորցրի և ինձ, վերածնվեցի մի աշխարհում, որտեղ մեկ վայրկյան ապրել անգամ չէի ցանկանա։ Բայց ապրում եմ, քանզի վախենում եմ այս կյանքն էլ կորցնել և վերածնվել նորից։ Այնպես որ, շարունակելու եմ ձևացնել, թե խաղ ու պար է կյանքն ինձ համար, որ կողքիններս մեկ րոպե անգամ չխղճան ինձ։ Դու ես դաստիարակել ինձ իբրև ուժեղ մարդ, ես իրավունք չունեմ թույլ երևալու։ Թող կարծեն, թե խենթ եմ, կամ փոքր երեխա, որը չունի ոչ մի մտածմունք ու խնդիր։ Բայց թե գան ու ասեն, որ օրերից մի օր կտեսնեմ քեզ, կդադարեմ ուժեղ ձևանալուց և չեմ զսպի ուրախության արցունքներս։ Քեզ մոտ կգամ նպատակներիս հասած ու մեծ ձեռքբերումներով, որ կրկին հպարտության փայլը տեսնեմ աչքերումդ։ Բայց ինձ փակված ու սառը աչքեր պետք չէին, հա՛յր։ Այս ճղճիմ կյանքը չխղճաց ո՛չ ինձ, և ո՛չ քեզ։ Մի հարցում է սիրտս հանգիստ, որ մայրդ չտեսավ քեզ այդպես անշարժ ու անշունչ։ Տանջված կյանք տեսած տատուս առաջին անգամ երանի տվեցի քեզ կորցնելու այդ ծանր օրերին։ Երանի եմ տալիս և իմ մեծ, բայց մեծանալ չհասցրած եղբորս և ծանր հիվանդությամբ մահացած պապուս։ Ու հիմա էլ ապրում եմ հույսով, որ այլևս ոչ մեկին երանի տալու կարիք չեմ ունենա ու միակ տունս չեմ դարձնի այդ հողե ննջարանը։ Կներես, թե խոսում եմ կոտրված ու վատը մտածող մեկի նման։ Պարզապես ինձ արդարացնելու ոչ մի պատճառ չեմ կարողանում գտնել շիրիմիդ չայցելելու համար։ Ինձ էլ հասկացիր. ամեն անգամ քեզ մոտ գալիս մեր հրաժեշտի հուշերը խեղդում են կոկորդս։

Շուտով ծննդյանդ օրն է։ Կայցելեմ շիրիմիդ սպիտակ մեխակներով։ Հիշում եմ, սիրում էիր սպիտակ մեխակներ…

Syuzanna Arshakyan

Համալսարանում ուսանողը վերջին տեղում է

Երբ մասնագիտությանդ ամենափոքր դետալներին ծանոթանալիս ես հասկանում, որ երեք տարի շարունակ համալսարանը գրեթե ոչինչ չի տվել…
Ավելին, ուսանողի հանդեպ կառույցի անտարբերությունը հանգեցնում է նրան, որ ուսանողը հիասթափվի սեփական ընտրությունից։

Խոսքը դասախոսական կազմի կամ ուսումնական ծրագրի մասին չէ, չնայած՝ սա բոլորովին այլ ու ավելի ցավալի թեմա է ուսանողներիս համար, այլ առօրյա ու աննշան թվացող խնդիրների, որոնք միայն հերիք են, որ ուսանողն անգամ հոգնի մասնագիտական հետաքրքրություններից ու ինչքան էլ շահագրգռված լինի սեփական ընտրությամբ, միևնույնն է, այս գործոնները չեն կարող ազդեցություն չունենալ։

Մասնագիտություն սովորելու ընթացքը երիտասարդի համար ամենակարևորն է։ Ուսանողն ամբողջ ուժերը կենտրոնացնում է դասերի վրա, փորձում ամեն հնարավորը քաղել չորսը տարվա ընթացքում ու կառչել ցանկացած հնարավորությունից, իսկ համալսարանի համար ուսանողը, չեմ վախենա ասել՝ վերջին տեղում է։ Դեպքերից մի քանիսը համառոտ ներկայացնեմ։

1. Դասախոսը չգիտի քննության մասին, ներկա չէ, իսկ ուսանողները վաղուց համալսարանում են։
2. Քննության, կուրսային աշխատանքի պաշտպանության և այլնի մասին, որոնց պատրաստվելու համար ուսանողին պետք է հատկացվի ամենաքիչը մեկ շաբաթ, բայց ուսանողը տեղեկանում է նախորդ օրն ու ստանում մեկ օր, ինչը բավական չէ ուզածդ ձևով ներկայանալու համար։ Հաջորդիվ համալսարանի ընձեռնած հնարավորությունների մասին, եթե այդպիսիք կան։ Օրինակ, համալսարանում գործում է թերթ, որտեղ ուսանողներն ունեն իրավունք տպագրվելու, և ինչը խրախուսում են դասախոսները։ Իսկ երբ դու՝ լինելով լրագրություն բաժնի ուսանող, ցանկանում ես ստացածդ գիտելիքը կիրառելով խոսել բոլոր ուսանողներին հուզող խնդիրների մասին, հույս ունենալով, որ այն կտպագրվի և դասախոսներն ու անձնակազմը ևս կկարդան, հայտնվում ես հուսահատության հաջորդ կանգառում, քանի որ հոդվածդ չի պարունակում պրոֆեսորադասախոսական կազմի գովաբանություն, այն միանշանակ տեղ չի գտնում համալսարանի թերթում։ Հնարավորության հաջորդ դուռը բացվում է մասնագիտական պրակտիկաների ժամանակ, որի կազմակերպման կարգ ու կանոնը ևս զարմացրել է մեզ։ Բոլորս թողնում ենք առօրյա գործերը, աշխատանքից բացակայում, ժամանակը տրամադրում մեզ համար ամենակարևորին և մեզ նախապես ասված ժամին ներկայանում հեռուստատեսություն, որտեղ պետք է անցկացնենք պրակտիկայի առաջին օրը։ Անվտանգության աշխատակցից ենք միայն իմանում, որ մեր խմբին ուղեկցող ղեկավարը քովիդի պատճառով մեկուսացման մեջ է, մոտակա մեկ շաբաթը աշխատանքի գալ չի կարող։ Ի դեպ, այս տեղեկությունը ստանալուց րոպեներ առաջ համալսարանից հրահանգ էինք ստացել մեզ ուղեկցողին ևս մեկ ժամ սպասելու։ Մի՞թե չի կարելի կապ հաստատել հաստատության կամ անհատի հետ, ուսանողական խմբին հստակ ժամի, հստակ վայր ուղարկելուց առաջ։ Ու՞մ է ուղղված համալսարանի ուշադրությունը, կամ ինչո՞վ է պայմանավորված այս անտարբերությունը։ Պարզ է դառնում միայն, երբ բանը հասնում է վարձավճարներին։ Անտարբերությունը փոխվում է կատարյալ ուշադրության, օր առաջ պետք է կատարես համապատասխան վճարումը, հակառակ դեպքում չի թույլատրվի ներկայանալ քննության, բոլորի մոտ կհայտարարեն անուն-ազգանունդ և կհիշեցնեն վարձի վճարման մասին։

Ուսանողը համալսարանի համար պարզապես եկամուտի աղբյուր է, ոչինչ ավելի։ Ու այս համոզմանը եկած երիտասարդը ուսման երրորդ տարում է միայն վերապրում սեփական մասնագիտությանը սիրահարված լինելու զգացումը, երբ հեռուստատեսությունում առաջին անգամ հադիպում է այն իրականությանը, որն ընտրել է։

Ամենամյա ուսանողական բիզնես մրցույթ CaseKey-ն մեկնարկել է

CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի հայտերն արդեն բաց են։ Միջազգային ֆորմատով մրցույթը Հայաստանում կանցկացվի 2-րդ անգամ, այս անգամ ներգրավելով ավելի շատ շահառուների։

Մրցույթի նպատակը ուսանողներին հնարավորություն տալն է կիրառել իրենց ստացած բիզնես գիտելիքները իրական բիզնեսներին լուծումներ տալու նպատակով։ Ըստ ֆորմատի՝ 5 ամսյա կրթական ծրագրից հետո մասնակիցները թիմերի բաժանված ստանում են այդ տարվա համար նախատեսված բիզնես խնդիրը, որից հետո ունենում 72 ժամ այն լուծելու համար։

«2021-ին կայացած միջոցառումը փաստացի Հայաստանում առաջին բիզնես խնդիրների լուծման մրցույթն էր, որը ցանկանում ենք դարձնել շարունակական՝ ներգրավելով էլ ավելի շատ շահառուների։ Մրցույթից հետո նույնիկ կարողացանք հրավեր ստանալ լավագույն ուսանողական թիմի համար, որպեսզի ներկայացնի Հայաստանը ԱՄՆ Ֆլորիդա նահանգում այս տարվա մարտի 20-26-ին կայացող միջազգային մրցույթում»,- մեջբերել է միջոցառման համակազկակերպիչ Nation in Action նախաձեռնության ղեկավար Արշակ Կարապետյանը։

Անցյալ տարի մրցույթը ստացել է ավելի քան 300 անհատների և 20 թիմերի հայտեր, որոնցից ընտրվել են շուրջ 30%-ը։ Մասնակիցներն ստացան հնարավորություն հանդիպել հայկական բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ, ստեղծել գործարար կապեր և շատ դեպքերում ստանալ աշխատանքային հրավերներ։ Հաղթող թիմը նաև ստացավ 3000 ԱՄՆ դոլար մրցանակ, որը կարող է ուղղվել կրթական միջոցառումներին մասնակցելուն։

2022թ-ի CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի հայտերն արդեն բաց են։ Մրցույթին կարող են դիմել 17-25 տարեկան դպրոցականները, ուսանողները և նորավարտները՝ ինչպես անհատական, այնպես էլ թիմերով։ Դիմումների ընդունման ավարտից հետո մասնակիցները կբաժանվեն թիմերի և նրանց կկցվեն քոուչեր, ովքեր պարբերաբար կրթական հանդիպումներ կունենան մասնակիցների հետ, որպեսզի պատրաստեն նրանց իրական խնդրի լուծմանը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը Մարտի 27-ն է, դիմումները հասանելի են այստեղ՝ https://nationinaction.com/bcc2022-apply-as-a-participant/:

«Այսօր էլ աշխարհի տարբեր ծայրերում Ալեններ են ծնվում»

«Գնալ երազանքի հետևից, սիրել և հանդուրժել մարդկանց իրենց բազմազանությամբ և աշխարհը նվաճել այն կատարելության բազմազանությամբ, որ վաղն ավելի լավն է լինելու»,-մեջբերեց ՀՊՄՀ ռեկտոր  Սրբուհի Գևորգյանը` 44-օրյա պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի խոսքերը։

Արցախի Հերոս Ալեն Մարգարյանի 23-րդ տարեդարձը նշվեց հարազատ համալսարանում`փետրվարի 11-ին։

Միջոցառմանը ներկաները ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի բակում տեղադրված  խաչքար-հուշաքարի մոտ ծաղիկներ խոնարհեցին, ինչից հետո Կուլտուրայի ֆակուլտետում բացվեց քանդակագործ  Մկրտիչ Արզումանյանի հեղինակած Ալեն Մարգարյանի կիսանդրին։ Նույն ֆակուլտետի կարմիր դահլիճում էլ շարունակվեց հուշ-միջոցառումը։ Ներկայացվեցին երաժշտական, պարային համարներ` համալսարանի փողային նվագախմբի, «Բերդ» պարային համույթի, հենակետային վարժարանի սաների և երգիչ Գոռ Սուջյանի մասնակցությամբ։

-Ալենը կրթելու մեծ առաքելություն ուներ և այդ տարիքում հասցրել էր ունենալ բազում հաջողություններ ու ձեռքբերումներ գրեթե բոլոր ոլորտներում»- խոսեց ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սրբուհի Գևորգյանը` ավելացնելով,- Նա երիտասարդ էր, որը ձգտում ուներ ուսանել և մանկավարժական փորձը փոխանցել: Սա պատահական չէ, քանի որ նա ընտրեց հենց Հայկական Պետական Մանկավարժական համալսարանը։

Ալեն Մարգարյանի ծննդյան առթիվ  Սրբուհի Գևորգյանը հերոսի  մորը՝  Նազելի Տերտերյանին հանձնեց «Մանկավարժական համալսարան» մեդալը։

-Արժևորեց ամենից շատ հայրենիքը, սերը դեպի հայ ժողովուրդը և անսահման անձնուրացությունն էլ դարձավ տխուր, բայց շատ հպարտ վախճան,-որդու մասին խոսեց Նազելի Տերտերյանը,-Սիրում էր կրթվել ու կրթել, հնարավորություն ունենալով` չօգտագործեց, դարձյալ ապացուցելով, որ ինքն ուրիշ է, ինքն այլ արժեհամակարգի կրողն է։

Հերոսի մայրը հպարտությամբ հայտնեց, որ աշխարհի տարբեր երկրներում ամեն օր Ալեններ են ծնվում։

Նազելի Տերտերյանը նաև  խոսեց «Ալեն Մարգարյան» բարեգործական հասարակական-կազմակերպության հետագա առաքելության մասին` տեղեկացնելով, որ շուտով կհիմնվի «Ալեն Մարգարյանի» անունը կրող կրթահամալիր, որտեղ սովորելը կլինի պարտավորեցնող, բայց միևնույն ժամանակ, հաճելի ու պատվաբեր։

Խոսեց նաև «Ալեն մոլորակը մեր մոլորակում» գրքի հեղինակ, ՀՊՄՀ հենակետային վարժարանի 10-րդ դասարանի սան Արման Վարդանյանը։

-Այս գրքի էջերը անվերջ են, ինչպես Ալեն մոլորակը, ինչպես Ալենի երազանքները, սերը։

Արմանը նշեց, որ չնայած գիրքը պատերազմում անմահացած հերոսի վառ հիշատակին է նվիրված, սակայն ոչ պատերազմի մասին է, ոչ մահվան։

-Գիրքը ներքին բոլոր պատերազմները հաղթահարելու և որակյալ աշխարհաքաղաքացի լինելու մասին է,-հավելեց հեղինակը։

Խոսելու և հիշողություններով կիսվելու հնարավորություն ընձեռվեց նաև Ալենի կուրսընկերներից Էլեն Խաչատրյանին։

-Նա մեր մոտիվացիան էր, ոգևորում ու մոտիվացնում էր բոլորիս, անգամ այն ժամանակ, երբ տրամադրություն չունեինք ոչնչի համար։ Ալենը լույս էր, գրկելու մեծ տաղանդ ուներ և իր գրկախառնությամբ կարող էր մոռացնել տալ ցանկացած տխուր պահ։ Գիտեի, որ գալու է մի օր, երբ խոսելու եմ նրա մասին, բայց այն ժամանակ, երբ ֆիլմերից մեկը Օսկար կստանար… Սակայն նա ընտրեց հերոսանալու այլ տարբերակ։

Էլենը խոսքը եզրափակեց.

-Ալենը միշտ ներկա է ու միշտ մեր կողքին։

Հուշ-ցերեկույթի ավարտին ցուցադրվեց հերոսի անցած ուղու մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ, որից հետո ներկաները այցելեցին Եռաբլուր պանթեոն։

«Կյանքի իմաստը վաղվա օրվա ավելի լավը լինելու հավատի մեջ է»։