Աշխարհում ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է

Սաշա. այդպես էի ես անվանել նրան, որովհետև չգիտեի` տղա՞ է, թե՞ աղջիկ: Նա ապրում էր մեր դպրոցից մի քանի մետր հեռու` իմ ճանապարհի վրա: Մենք հաճախ նրան Սաշոկ էինք անվանում և ամեն օր խաղում հետը: Նա փողոցում էր ապրում, բայց բոլորի կողմից շատ սիրված էր և միշտ ուտելու բան ունենում էր: Նա ուղղակի ընդունակ չէր ինչ-որ մեկին կծել, կամ վախեցնել: Անգամ հաչելիս նրան երբեք չէի տեսել: Նա մուգ էր և ուրախ աչքեր ուներ: Միշտ վազվզում էր իմ ու ընկերուհուս հետ:

-Սաշ, պրիվետ,- ասում էի ես ամեն անգամ և թփթփացնում նրա գլխին: Նա պտտվում էր շուրջս և ձեռքս լպստում: Հետո ես մեկնում էի ձեռքս նրան և ուրախ բացականչում.

-Սաշ, թաթիկդ: Թաթիկդ տուր, դե տու~ր… Իսկ հիմա մյուսը:

Նա, առջևի թաթերն ինձ տալով, կանգնում էր երկու ոտքերի վրա և ուրախ բացում բերանը: Երևի պոչն էլ կշարժեր, եթե ունենար պոչ: Նրա պոչն ու ականջները կտրված էին:

-Իրան տենց ավելի լավ ա,- ասում էր ընկերներիցս մեկը,- փողոցի շներինը կտրում են, որ մյուս շները չքաշքշեն…

Արդեն մենք հին ընկերներ էինք դարձել, ամեն անգամ, երբ ինձ տեսնում էր, վազում էր մոտս ու թաթերով բարձրանում վրաս: Իսկ երբ քնած էր լինում և չէր տեսնում ինձ, ես շոյում էի նրա գլուխը, որ դանդաղ արթնանա, հանկարծ չվախենա:

Մի օր դասերս ուշ վերջացրի և չհասցրի Սաշոկին տեսնել: Երբ տուն եկա և մտա ֆեյսբուք, անմիջապես ընկերուհուցս հաղորդագրություն ստացա.

-Մար, Սաշոկին տարել են:

-Ի՞նչ: Ո՞ւր, ո՞վ:

-Բակի մյուս շների հետ: Ինչ-որ մեծ մեքենա էր, վրան գրած էր «Պայքար փողոցային շների դեմ» կամ ինչ-որ տենց բան:

Աչքերիս առջև մի պահ սևացավ: Փորձեցի ինձնից հեռու վանել այն մտքերը, որ դեռևս անտուն շների ոչ մի կացարանի մեր երկրում չեմ հանդիպել: Ուրեմն ի՞նչ են անելու Սաշոկիս: Ընկերներիցս ոմանք ինձ երկար համոզում էին, որ նրան պարզապես ինչ-որ դեղ են սրսկելու և հետ բերեն, կամ բաց թողնեն: Միևնույնն է, նա հոտառությամբ կվերադառնա: Բայց գիտակցությանս մեջ մի գորշ միտք էր ծանրանում, որը բարձրաձայնեց ընկերուհիս.

-Մար, լավ էլի, երեխա՞ ես, ի՞նչ հետ բերել…

Չգիտեմ, նրանցից ով է ճիշտ, բայց փաստը մնում է փաստ, Սաշան դեռ չի վերադարձել: Ես հիմա չգիտեմ էլ, թե ու՞ր է նա, ո՞ղջ է արդյոք, բայց փողոցային շների նկատմամբ այդ վերաբերմունքը շատ մեծ սխալ է, որի արմատները շատ-շատ խորն են մեր հասարակության մեջ: Չէ՞ որ «Փողոցային շների դեմ պայքարին»,  կամ էլ ինչպես որ կոչվում է դա, չգիտեմ, ինչ-որ մեկը զանգահարել և կանչել էր: Ինչ-որ մեկը, ում անհասկանալի անհանգստություն էր պատճառել լրիվ անվնաս ու բարի այդ կենդանին:

Ահա և ես

Կանաչ, մեծ աչքերով, անընդհատ պոչով, բաց վարդագույն կծմծոտած շրթունքներով, նիհարած այտերով այդ աղջիկը ես եմ։ Երբեք չեմ սիրել ինքս ինձ բնութագրել։ Երևի նրա պատճառով, որ չեմ կարողանում դա լավ անել։ Դե ինքներդ դատեք՝ տեսնում եմ իմ դիմացինին, շրջապատս, ձեռքերս և քայլելաձևս, իսկ դեմքիս արտահայտությունը, տեսքս միշտ չէ, որ կարողանում եմ տեսնել։ Բայց երբեմն դիմում եմ ռիսկի և ինձ բնութագրում։ Դե ինչ, սկսենք մազերիցս։ Բարակ, մի փոքր ալիքավոր, խճճված, մուգ շագանակագույն այս մազերս ես չեմ սիրում։ Նրանք ինձ չեն ենթարկվում։ Ոչ կարողանում եմ հարթեցնել, արդուկել, ոչ էլ խուճուճացնել, դրա համար անընդհատ պոչ եմ կապում կամ էլ հավաքում եմ։ Երբեմն լինում է, որ երեկոյան մազերս արձակելով դրանք ցավում են և կանգնում ինչ-որ արտասովոր ձևով։ Սիրում եմ կրել գլխարկներ, տարբեր ձևի և չափի։ Դրանք ինձ սազում են։ Աչքերս կանաչ են, երբեմն մուգ, երբեմն բաց, իսկ երբեմն էլ դրանք դառնում են կապույտ։ Տատիկս ասում էր, որ իմ աչքերի գույնը փոխվում է հագածս զգեստի գույնի հետ։ Ես էլ, որ փոքր էի զարմանում էի ու հարցնում.

-Իսկ եթե կարմիր հագնեմ, աչքերս էլ կարմիր կլինե՞ն։

Տատիկս ծիծաղում էր և շոյում գլուխս։ Փոքր ժամանակ աչքերս ավելի շատ կապույտ երանգի էին, իսկ այժմ մուգ կանաչ։ Իսկ երբ ծիածանաթաղանթս վերջանում է, սկսվում է ինչ-որ մուգ գիծ։ Շատերը ասում են, որ կարծես այդ գիծը մատիտով ընդգծված լինի։ Աչքերիս չափը այժմ մի քիչ փոքրացել է։ Երեխա ժամանակ, ինչպես եղբորս և մայրիկիս մոտ, դրանք մեծ են եղել, զարմացած։ Ի դեպ, եթե այժմ ես մի փոքր վախենամ, զարմանամ, աչքերս ինքնըստինքյան մե՜ծ կբացվեն։ Թարթիչներս երկար չեն, բայց խիտ են ու հաստ։ Աչքերիս տակ մուգ պարկեր կան, քիչ քնելու պատճառով։ Դրանք լինում են մանավանդ դասերի ժամանակ։ Այտերս վերջերս նիհարել են իրենց կամքով, և ես ոչ մի միտումնավոր բան չեմ արել։ Շրթունքներս բաց վարդագույն են, փոքր չեն, բայց մեծ էլ չեն։ Արդեն ռեֆլեքս է դարձել այն կծմծելը, դրա համար հետքեր են մնում։ Իսկ դրսում, ցուրտ ժամանակ, դրանք չորանում են և ուռում։

Ահա և ես՝ մի աղջիկ կանաչ աչքերով, կապած մազերով նստած գրում եմ իմ մասին։ 

Սառը պատերազմ

Լուսանկարը՝ Բելլա Մելտոնյանի

Լուսանկարը՝ Բելլա Մելտոնյանի

Յուրաքանչյուրդ ունեք ձեր դասարանը: Միգուցե դուք երբեմն բողոքում եք ձեր դասարանից, դասընկերներից, բայց իսկապես սիրում և հարգում եք ձեր համադասարանցիներին: Շատերդ դպրոց մտնելուց առաջ մտքում ասում եք.

-Երանի այսօր… Օրս դպրոցում լավ անցնի:

Կամ դրա նման ինչ-որ բան: Իսկ ես դպրոց մտնելուց առաջ մտածում եմ. «Երանի այսօր դասարանս համերաշխ լինի, ոչ ոք դուռը ջարդելով չփակի: Վերջապես, այսօր ուսուցիչները ոչ թե անընդհատ գոռան ու ասեն, թե մենք ինչ վատն ենք, ասեն, որ սա լավ դասարան է»: Ես շատ կուզենայի, որ իմ այս մտածմունքը օրերից մի օր իրականանար, թե չէ արդեն հոգնել եմ այն իրավիճակից,  երբ բոլորը պատմում են, թե ինչ լավն է իրենց դասարանը, թե ինչքան են ուսուցիչները գովում իրենց, իսկ ես այդ ժամանակ լռում եմ, քանի որ իմ դասարանում չկա «մեկ դասարան» հասկացությունը: Աղջիկները… Դե ինչ, աղջիկները դեռ ոչինչ, համերաշխ են: Մենք կարող ենք աղջիկներով ինչ-որ բան պլանավորել ու անել, իսկ տղաները… Մեկը մյուսին վիրավորում է, մեկը մյուսի մասին վատ բաներ է ասում կամ հանձնում է ուսուցչուհուն, նրանցից ոմանք իրենցից ոչինչ չներկայացնելով, վեր-վեր են թռչում ու անպոչ գդալի պես իրենց ամեն տեղ մտցնում: Սա դեռ առանձին-առանձին աղջիկներն ու տղաները: Իսկ միասին աղջիկներն ու տղաները նույն բանն է, ինչ Ռուսաստանն ու Ամերիկան: Միշտ նրանք իրար դեմ են, հավերժական մրցույթի մեջ: Ու թեկուզ նրանք բաց խաղաքարտերով չեն խաղում, միևնույնն է, ընթացքում մեկը հաղթում է կամ պարտվում: Իսկ եթե այդ երկու կողմերը իրար հետ ինչ-որ բան են պլանավորում, այդ դեպքում պլանավորածը չի իրականացվում կամ իրականցվում է ոչ լրիվ, բացթողումներով: Միևնույնն է, կռիվը շարունակվում է թեկուզ այդ ժամանակ: Իսկ հաղթող կլինի նա, ով ճիշտ մտածելակերպով, խելամիտ քայլերով կկարողանա հասնել իր նպատակին: Չեմ կարող ասել, թե ով է Ռուսաստանը, ով` Ամերիկան, բայց այն, որ այս կռիվը մոտակա մեկ տարին կշարունակվի, դա հաստատ է: Այս հարաբերությունները երկու հակառակ սեռի ներկայացուցիչների միջև կարելի է խաղ համարել և հաշիվ վարել: Տարվա սկիզբ. հաշիվը 0:0 էր, քանի որ ամառային երեք ամիսները ավելի հանդարտեցրին և միգուցե նաև շատ բաներ հիշողությունից ջնջեցին: Սակայն դեռ մեկ շաբաթ էլ չանցած, կռիվը վերսկսվեց: Մինչ այժմ առաջատար էին տղաները, որոնք անընդհատ կարողանում էին դիմադրել աղջիկներին, սակայն մեկշաբաթյա արձակուրդից առաջ աղջիկները կարողացան հասնել տղաներին, իհարկե, ուսմասվար-ուսուցիչ լրացուցիչ ուժերի միջոցով: Սակայն այդ լրացուցիչ միջոցները այնքան անզոր էին առաջին հայացքից անպարտելի տղաների դեմ, որ շուտով դարձան ուսուցիչների հերթական սպառնալիքներից, որոնք այդպես էլ չեն կատարվում: Լուրերը այս պատերազմի մասին օրեցօր, ժամառժամ նորացվում էին: Եվ ըստ վերջին տվյալների, 8բ մարտական դաշտում տեղի ունեցան հարձակումներ կազմակերպված տղաների կողմից: Հենց այդ հարձակումները մահացու դարձան իրենց համար, և կարելի է ասել, հրամանատարները ծանր վնասվածքներով տեղափոխվեցին մյուս դասարաններ: Կարելի է ասել աղջիկները լիարժեք հաղթանակ տարան տղաների նկատմամբ, բայց ես չէի շտապի այդպիսի եզրակացություն անել: Աղջիկներն էլ վնասվածքներ ստացան արցունքների տեսքով: Նրանցից ոմանք ողբում էին, քանի որ, հրամանատարները՝ իրենց ընկերները, ցրվեցին տարբեր դասարաններով: Ոմանք էլ լացում էին, «մեկ դասարան» հասկացության չլինելու պատճառով, իսկ ոմանք էլ լացում էին իրենց անձին ուղղված վիրավորանքներից:

Ինչպիսի քայլեր կձեռնարկեն այս երկու հակառակորդ կողմերը, ինքս էլ չգիտեմ, բայց այն, որ շուտով կռիվ կսկսվի աղջիկների ջոկատում, դրանում ես համոզված եմ 55,9%-ով:

Բոլոր սերունդների սիրելի կերպարը

Հունվարի մեկից սկսած ես ամեն օր միացնում էի համակարգիչս միայն մի նպատակով. ստուգելու` արդյոք չի՞ հայտնվել իմ շատ սիրելի սերիալի նոր սերիան: Դե, արձակուրդներ բոլորն ունեն, սերիալիս ստեղծագործական անձնակազմն էլ, բայց նրանք արձակուրդ գնալուց առաջ խոստացել էին իրենց ֆանատների ամանորյա ամենալավ նվերը` երրորդ սեզոնի առաջին սերիան: Ես էլ, ուրիշ ոչ մի նվերի ուշադրություն չդարձնելով, սպասում էի BBC-ի նվերին` «Շերլոկի» նոր սերիային: Մի գեղեցիկ ձմեռային գիշեր ես այցելելով իմ սիրելի կայքը, որով էլ միշտ դիտում էի սերիալս, տեսա, որ երրորդ սեզոն բաժնում հայտնվել է նոր գրություն` «1-ին սերիա»: Ուրախությունից պատրաստ էի գրկախառնվել բոլոր տանեցիներիս հետ և գրել բոլոր դասարանցիներիս տնայինները, բայց բախտս բերեց` տանը բոլորը քնած էին, իսկ դասարանցիներիցս ոչ մեկը չիմացավ պատրաստակամությանս մասին: Հաշվի չառնելով գիշերվա ուշ ժամը` անմիջապես տարվեցի հետաքրքիր ֆիլմով: Հետո, իհարկե, չկարողացա քնել, ամբողջ գիշեր մտածում էի Շերլոկ Հոլմսի առեղծվածային մահվան մասին և փորձում գտնել ճիշտ տարբերակ, թե ինչպես է նա ողջ մնացել: Այդ հարցի պատասխանը ստանալու համար ես սպասել էի մի քանի ամիս, բայց հիմա այդպես էլ չիմացա: Ֆիլմում ներկայացված էին մի քանի տարբերակներ, և հայտնի չէր, թե դրանցից որն է գործել իրականում: Բայց միևնույնն է, ուրախ էի, որ ֆիլմի ստեղծողները ստիպում են ինձ մտածել, ինչպես Արթուր Կոնան Դոյլն էր ստիպում մտածել իր ընթերցողներին: Շերլոկ Հոլմսին ես վաղուց էի ծանոթ` կարդացել եմ գրքերը, դիտել ֆիլմերը: Երբ կարդում էի, չէի մտածում, որ որևէ ֆիլմ կարող է այնքան «ուժեղ» լինել, որ ստիպի ինձ չքնել գիշերը, ինչպես գիրքը: Հատկապես, երբ իմացա, որ «Շերլոկ» սերիալը Հոլմսին տեղափոխում է մեր օրեր, չմտածեցի, որ կարող է ինչ-որ հետաքրքիր բան լինել և թերահավատորեն նայեցի առաջին սերիան: Բայց արդեն ֆիլմի երրորդ րոպեից հասկացա, որ ինչպես միշտ, առաջին տպավորությունս սխալ էր: Եվ այդ օրվանից դարձա «Շերլոկի» հավատարիմ երկրպագուն: 

Ուրիշ սերիալներ էլ կան, որ նայում եմ, բայց միայն ազատ ժամանակ, իսկ «Շերլոկի» համար միայն ես ստեղծում եմ ազատ ժամանակ: Ուղղակի շատ եմ սիրում այնպիսի ֆիլմեր, որոնք միշտ լարվածության մեջ են պահում և ստիպում են, որ կոպիտ ասած, աշխատեցնես ուղեղդ և հետաքննես գործը Շերլոկ Հոլմսի հետ միասին:

Ի՞նչ կարող է եղած լինել

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Դասամիջոց էր: Երեխաները կանգնած էին իրար կողքի և զրուցում էին.

-Դասը սովորե՞լ ես,- հարցրեց երեխաներից մեկը մյուսին:

-Իհարկե, դո՞ւ:

-Էդքան էլ լավ չէ:

Հանկարծ զանգը հնչեց: Բոլորը նստեցին իրենց տեղերում:

Մի քանի րոպե նրանք լուռ էին, բայց աշակերտներից մեկը խախտեց լռությունը.

-Էս ի՞նչ զարմանալի բան ա: Մեր ուսուցչուհին երբեք չի ուշանում: Կարո՞ղ ա` ինչ-որ բան ա պատահել:

-Գուցե նա քնա՞ծ է մնացել,- ենթադրեց աշակերտներից մեկը:

-Կամ այսօր էլ ինքը դասին պատրաստ չի և ամաչում է ներս գալ,- իր կարծիքը հայտնեց երկրորդը:

-Գուցե այլմոլորակայիններն են տարել իրենց մոլորակ, ի՞նչ իմանաս,- ասաց մյուսը:

-Է՜, դու շատ ֆանտաստիկ բան ես ասում,- չհամաձայնեց նրա հետ առաջին աշակերտը:

-Ինչի քո ասածը ֆանտաստիկ չէ՞ր: Ուսուցիչները երբեք քնած չեն մնում:

-Ինչի ուսուցիչները մարդիկ չե՞ն: Յուրաքանչյուրն էլ կարող է քնած  մնալ:

-Դե…- չիմացավ ինչ պատասխանի վիճող աշակերտը շփոթված:

-Հնարավոր է` նա ինձ պես հեռվից է գալիս և հիմա կանգնած երթուղային տաքսուն է սպասում,- բացակայության պատճառը փորձեց գուշակել մեկ ուրիշը:

-Կամ արդեն երթուղայինի մեջ է, որն էլ կանգնած է խցանման մեջ,-շարունակեց խոսակցությունը մի այլ աշակերտ:

-Գուցե նա սխալմամբ ուրիշ երթուղային տաքսի է նստել և հիմա քաղաքի մյուս ծայրում է:

-Կամ էլ` սոված է դուրս եկել տնից, նրա մայրիկն էլ իմանալով այդ մասին, զանգել է ու կանչել տուն՝ հաց ուտելու: Այդպես կարող է լինել, իմ փորձից եմ ասում,-  չէին դադարում կիսվել իրենց վարկածներով երեխաները:

-Ինձ էլ թվում է, որ նա տանը ինչ-որ բան է մոռացել, օրինակ՝ աշակերտների տետրերը, և վերադարձել է տուն՝ վերցնելու:

-Այդ ամենից ոչ մեկն էլ չի, երևի նա ուղղակի երեկ ծնունդ էր գնացել կամ հարսանիք և այդ պատճառով էլ այսօր չի եկել:

-Կարող է` նա ուղղակի իրեն մի քիչ վատ է զգացել ու չի եկել,- ասաց երեխաներից մեկը, և բոլորը լրջացան:

-Կամ աստիճաններից գլորվել է ցած ու մի տեղը կոտրել է,- ասաց մյուսը, և բոլորն իրար նայեցին:

-Հուսանք նրա հետ ոչ մի վատ բան չի պատահել, նա շատ լավն է,-անկեղծորեն արտահայտվեց նրանցից մեկը՝ դեմքի լուրջ արտահայտությամբ: Մի քանի րոպե տիրած լռությունը խախտվեց դռան ճռռոցով:

-Ներեցեք, ես տնօրենի մոտ էի, մի կարևոր հարց էինք քննարկում: Նստե՛ք,- լսվեց ուսուցչուհու ձայնը:

-Ինչ լավ է,- ժպտալով պատասխանեցին երեխաները:

-Իհարկե, ձեզ համար լավ է իմ ուշացումը, դասից արդեն 20 րոպե անցել է,- ասաց ուսուցչուհին:

-Չէ, լավ է, որ Ձեզ հետ ոչ մի վատ բան չի պատահել,- ասացին աշակերտները:

Ուսուցչուհին ժպտաց, և դասը սկսվեց:

Մի 57-ի պատմություն

Երկուշաբթի

«Երկուշաբթի օրերը երթուղայինում քիչ մարդ ա լինում»,- մի անգամ ասաց մայրիկս, թե ինչու` չգիտեմ և երբեք էլ չեմ իմանա, որովհետև ոչ մի անգամ չեմ տեսել, որ երկուշաբթի օրը երթուղայինում քիչ մարդ լինի: Բայց, այնուամենայնիվ, ամեն երկուշաբթի ինձ հույս եմ տալիս: Արդեն ութն անց ինը րոպե էր, և ես շնչակտուր վազում էի կանգառ: 57-ս անց տասը պետք է գար: Եկել է, թե ոչ, ես իմանում եմ մինչ կանգառ հասնելը: Ամեն առավոտ, ուղիղ ութն անց ութ րոպե կանգառ է ժամանում սև շորերով մի երիտասարդ, որը ժամացույցից էլ ճշտապահ է: Հեռվից նայում եմ, եթե երիտասարդը  կանգնած է, ուրեմն չեմ ուշացել, իսկ եթե նա չկա, ուրեմն անց տասի 57-ը անցել է: Ահա և նա: Ես ու սև կերպարանքով երիտասարդը մտնում ենք երթուղային: Գրողը տանի, ոնց եմ արդեն անգիր արել այս դեմքերը: Առաջինը տեսնում եմ «Հենզելին ու Գրետելին»: Որ այնքան գեղեցիկ երեխաները, որոնք սովորում են մեր դպրոցի կողքի դպրոցում, գերբնական ձևով նման են իրար, սակայն երևում է, որ տղան մի քիչ ավելի մեծ է: Աղջիկը, որ չգիտեմ ինչու, մտածում եմ անունը Լիլիթ է, բացարձակապես զուրկ է դաստիարակությունից: Միշտ ինչ-որ հրաշքով նստած է լինում և երբեք որ մեկին տեղ չի տալիս: Ինձ թվում է, նրան մոռացել են սովորեցնել, որ մեծերին պետք է տեղ զիջել: Բայց եղբայրը լավն է, միշտ բոլորին տեղ է զիջում, անգամ ինձ: Պատուհանի մոտ ինչպես միշտ նստած է գեղեցիկ հագնված կինը, ես նրան մտքումս «գլամուրիկ» եմ անվանում: Նա ավելի գեղեցիկ կերևար, եթե դեմքի արտահայտությունը գոնե մի քիչ համապատասխաներ գեղեցիկ հագուստներին ու զարդերին:

Երեքշաբթի

Այս օրերին ուղեղս զարմանալիորեն չի տեսնում ոչ մեկին: Ես ոչինչ չեմ մտածում, ոչ մեկին մտքումս չեմ ծաղրում և անուններ չեմ կպցնում: Առաջին ժամը գրականություն է… Ես միայն լսում եմ ականջակալներումս հնչող երաժշտությունը: Ուղեղս անջատված է և մտածում է միայն չուշանալու մասին: Առաջին ժամը գրականություն է…

Չորեքշաբթի

Սևազգեստ արարածը իր տեղում է: Չեմ ուշացել: Գրետելը այսօր բացակայում է, բայց Հենզելը տեղում է: Օ~, հրաշք, վերջում ազատ տեղ կա: Ես շտապեցի այնտեղ և նստեցի 57-ի ուղևորներից իմ ամենասիրելիի կողքը: Ես նրան անվանում եմ «լավ կին», նա շատ բարի դեմք ունի և միշտ վերցնում է պայուսակս, երբ ես կանգնած եմ լինում: Առաջին շրջադարձից հետո 57 է բարձրանում արքայական տոհմից սերող երիտասարդ մայրիկը`իր բացարձակապես ոչ մի բան չարտահայտող և չհասկացող դեմքի արտահայտությամբ երեխայի հետ: Ես նրանց անվանում եմ «Ձերդ մեծությունն իր կարտոֆիլի հետ»: Վեհ և վսեմ այս թագուհին ինչ-որ հրաշքով հայտնվել է մեր օրերում, և մենք բոլորս մոռացել ենք, որ նա մեր թագուհին է և բոլորս պարտք ենք նրան: Անգամ չենք խոնարհվում, պատկերացնո՞ւմ եք: Ես մեկ-մեկ խղճում եմ նրա «կարտոֆիլին»: Երևի հետագայում բանակ էլ մայրիկի ձեռքը պիտի բռնած գնա: Ինձ ընդհանրապես չէր հետաքրքրի արքայական այս ընտանիքը, եթե թագուհին ամեն անգամ կռիվ չփնտրեր: Նա մի անգամ կարողացել է կռվել անգամ 57-ի ամենահանդուրժող և դինջ ուղևորի` այսինքն ինձ հետ: Ինձ թվում է մեր ամբողջ 57-ի անձնակազմը վարորդի հետ միասին ատում է նրան: Ահա և երկրորդ շրջադարձը: Ես այստեղ աչքերով փնտրում եմ ընկերուհուս, բայց նա, իհարկե, ինձնից շուտ է դուրս եկել: Այս կանգառում երթուղային է բարձրանում «Божий одуванчик»-ը: Նա շատ բարի և միամիտ  դեմքով կին է և միշտ «անտիկվար» վերարկուներ է հագնում: Ես ուզում եմ նրան զիջել տեղս, բայց չեմ զիջում, որովհետև մի անգամ, երբ կանգնեցի, խեղճ կինը մինչև հասկացավ, որ իրեն տեղս եմ զիջում, այնտեղ նստեց «թագուհին»: Ես, իհարկե, այրվում էի կոշիկիս համարը նրա դեմքին տպելու ցանկությունից, բայց զսպեցի ինձ, որովհետև գիտեի, որ մյուս կանգառում իջնելու է: Այս կանգառում նա մարտնչում է իր հեռախոսի հետ և ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, որ սենսորային հեռախոսը ձեռնոցով չի աշխատում: Մյուս կանգառն իմ ամենասիրելին է: Այստեղ մենք ազատվում ենք թագուհուց և արքայական կարտոֆիլից: Երթուղային է բարձրանում մեկ այլ հրաշք` իմ «սիրելի» «հուրի-փերին»: Նա իր գոտկատեղից ներքև ձգվող շագանակագույնի ոչ այնքան հաճելի երանգ ունեցող մազերը կամ շատ հարթեցնում է, կամ ալիքաձև դարձնում, բայց երբեք չի հավաքում: Նրան միշտ տեղ են տալիս, երևի վախենում են, որ կանգնած մնալով գլուխը հանկարծակի արագ կթեքի և իր մազերով խեղդամահ կանի միանգամից մի քանի հոգու: Նա իր անիմաստ ժպիտով նստում և նայում է բոլորին:

Հինգշաբթի

Օ~, ոչ… Սևազգեստ ավետաբերս տեղում չէ: Ես բաց եմ թողել անց տասի 57-ը: Այսօր չեմ տեսնի իմ «սիրելիներին»: Ինչպես ապրեմ այսօր: Բայց Հենզելն ու Գրետելը հաստատ 57-ում կլինեն: Մենք ինչ-ոչ հրաշքով նույն օրերին ենք շուտ դուրս գալիս, կամ ուշանում: Ճակատագիր է, չես փախչի:

Ուրբաթ

Սևը տեղում է: Ինչ լավ է, չեմ ուշացել, թե չէ կարոտին չէի դիմանա: Այո~, վերջապես նա եկավ, ինչպե~ս էի կարոտել: Արքայական բանջարեղենի իջնելու կանգառում բարձրանում է մի նիհարիկ աղջիկ: Նա միշտ սև է հագնվում և շատ էլեգնատ գլխարկներ է դնում: Ու շատ հաճելի և դրական աղջիկ է: Եթե անկեղծ, ես նրան շատ եմ սիրում:

Օ~, ոչ… Կանգառն անցանք, իսկ Հուրի-Փերին չեկավ… Իսկ ես արդեն ուզում էի հաճոյախոսել նրան իր չքնաղ վարսերի համար: Հաջորդ կանգառում մեզ է միանում իմ սիրելիների շարքից ևս մեկը: Նա բարի տղամարդ է և միշտ տեղ է տալիս բոլոր կանանց և աղջիկներին: Սիրում եմ նրան, թող որ բոլոր տղամարդիկ այդպիսին լինեն: Գոնե 57-ում:

Մյուս կանգառում կանգնած չի կողմնորոշվում մեր դպրոցից մի աղջիկ: Նրան այնքան եմ նմանեցնում ինձ: Երբ բարձրանում է, կամ դուռը չի փակվում, կամ պայուսակն է ընկնում, կամ վարորդը արագ թափ է առնում, և նա ընկնում է: Բայց հիմնականում կանգառում կանգնած մի քայլ առաջ մի քայլ հետ պարում է. չի կարողանում որոշել` գա, թե սպասի 12 ավտոբուսին: Նա չեկավ: Գնացինք առաջ: Քանի որ իմ դպրոցից քիչ հեռու 57-ի վերջին կանգառն է, հետագայում այլևս շատ մարդ չի բարձրանում:

Ես գնահատում եմ շանսերս: «Էն աղջիկը չեկավ, «Առյուծիկը» չկա…»: Ուրեմն հնարավոր է իմ ասելով վարորդը չկանգնի: Քիչ էր մնում մոռանայի, «Առյուծիկը» մեր դպրոցում է աշխատում, երևի ուսուցչուհի է, չգիտեմ: Մեր դպրոցը շատ մեծ է, և հնարավոր է շատերին չճանաչել: Նրա մազերը հետաքրքիր ձևով ցցվում են և հենց առյուծի մորթու գույն ունեն, դրա համար էլ ես նրան «Առյուծիկ» եմ ասում:

-Կանգառում կկանգնեք,- պահանջում եմ ես:

-«Սիթիի» մոտ կկանգնես,- հետևից հրամայում է տղամարդու ձայն:

Եվ, քանի որ «Երևան Սիթի» սուպերմարկետը կանգառից վերև է, վարորդը չի կանգնում, և ստիպված ես էլ եմ իջնում «Սիթիի» մոտ և ոտքով գնում դասի: Դե, իսկ ճանապարհին մտքումս բողոքում եմ վարորդներից, 57-երից, «Սիթին» կառուցողներից, ընդհանրապես ավագ դպրոցներից և ամբողջ-ամբողջ աշխարհից:

Սեւ ու սպիտակ օրս

Էլի նույն երգը։ Էլի էս աղջիկը վեր կացավ անկողնուց ու գժի նման սկսեց այս ու այն կողմ գնալ։ Տեսնես հիմա ի՞նչ է փնտրում։ Յա, կամաց, աղջիկ ջան, գրքերը գլխիս ես թափում։ Էլ ո՞ւր ես շոյում, մեկ ա, արդեն ցավացել է։

Վերջապես արթնացավ իմ նկատմամբ ամենաուշադիր մարդը։ Շուտով թարմ նախաճաշ ու ջուր կունենամ։ Վայ, ինչ լավ է, այս անգամ ճաշս այնքան տաք չի, որ չկարողանամ ուտել։ Համով ճաշից հետո սառը ջուրը շատ հաճելի է։ Էս աղջիկը ամեն օրվա պես այսօր էլ գնաց կանգնեց այն դռան առաջ, որի մյուս կողմում ինձանից մի հատ էլ կա։ Հենց ես այդ դռան առաջ կանգնած հաչում, դռան մյուս կողմինն էլ է ինձ հետ հավասար հաչում։ Ֆու, էս հոտից ինչքան կարելի է փռշտալ, քիչ օգտագործի, էլի, վայ։ Գոնե այս անգամ հասցնի ինձ դուրս տանի, թե չէ հոգնել եմ մենակս բակում շրջելուց։ Չէ, այս անգամ էլ առավոտյան դուրս չեկա, երևի էլի ուշանում էր այնտեղից, ուր շտապում էր։ Էլի տանը գրեթե մենակ մնացի, չկա էնպիսի մեկը, ում հետ հիմա կկարողանամ խաղալ, ում կկարողանամ գժվեցնել կամ հաց ուտելը խանգարել։ Դե որ մենակ եմ, ես էլ կգնամ ու իմ փափուկ աթոռին կպառկեմ։ Վեց ժամ էլ չկա, ինչ պառկել եմ, հիմա էլ սկսվեց մի նոր աղմուկ։ Այս անգամ այնտեղից, որտեղից ինձ ճաշ են տալիս, ու որտեղ իմ ամաններն են։ Այս աղմուկից արդեն զգում եմ, որ ընկերներիս գալու ժամանակն է։ Մեկ էլ հանկարծ այդ նույն ծլնգոցը։ Դե արի տեղիցդ վեր կաց ու առաջինը հասիր դռան մոտ: Չնայած դա էլ իմ պարտականությունն է։ Ահա և եկավ իմ խաղի ընկերը։ Մենք միշտ իրար հետ թավալ ենք գալիս գետնին կամ խաղում ենք գնդակով, բայց տանը։ Ինչպես ամեն անգամ, այս անգամ էլ դիմավորեցի ընկերոջս ու էլի գնացի պառկեցի իմ տեղը։ Հազիվ էի տեղավորվել ու տաքացրել տեղս, երբ հնչեց երկրորդ ծլնգոցը։ Էլի ես անցա իմ պարտականությանը։ Վեր կացա տեղիցս, գնացի դռան մոտ, շարժեցի պոչիկս այնքան, մինչև եկավ ամենահոգատար մարդն ու բացեց դուռը։ Հիմա էլ եկավ իմ զբոսանքի ընկերը։ Միայն նա է ինձ հետ զբոսանքի համար տրամադրում այնքան ժամանակ, որքան ես եմ ուզում։ Նա կարող է ժամերով կանգնել այնտեղ, որտեղ ես հոտոտում եմ, թավալ եմ գալիս։ Իսկ երբ ցուրտ է լինում միայն նա է ինձ գրկած տուն բերում, չնայած, որ ես իրեն կեղտոտում եմ։

Հիմա բոլորը հավաքվեցին սեղանի շուրջ, որ ընթրեն։ Տեսնես, որ ընթրեն, մեկը կլինի, ով ինձ դուրս կտանի։ Երբ նրանք ընթրում են, ես էլ սովորաբար իմ ճաշիկն եմ ուտում։ Ընթրիքը ավարտելուց հետո հնչեց ինձ համար սպասված բառակապակցությունը.

-Լաքի, դու՛րս։

Այս լսելուց հետո ես միանգամից հասնում եմ դռան մոտ, շարժում պոչիկս ու սպասում, թե երբ ինձ կկապեն ու կտանեն դուրս։ Կապելուց հետո ես իմ զբոսանքի ընկերոջ հետ գնում եմ զբոսնելու։ Զբոսանքից հետո շատ ծարաված եմ լինում, տուն մտնելուն պես ջուր եմ խմում ու սպասում եմ, տեսնեմ, թե ով է առաջինն անկողին մտնում, որ ես Էլ գնամ ու իր կողքին տեղավորվեմ։ Իմ գիշերվա քնի տեղը շատ փոփոխական է։ Քնում եմ այնտեղ, որտեղ շատ տաք ու փափուկ է ինձ այդ պահին թվում։

Ես շատ եմ սիրում իմ ընտանիքի անդամներին, չնայած ամենքին յուրովի, ինչպես, որ իրենք են ինձ սիրում։

Մանկության հեքիաթի նման

Արդեն մի ամիս էր, ինչ մամայի հետ քննարկում էինք նվերների հարցը.

-Տե՛ս, Վահրամն ինչ ա ուզում, նամակ գրեք:

-Ես գիրք եմ ուզում՝ նոտաների ու ոչ միայն:

-Մանեին ի՞նչ առնեմ, որ դուրը գա:

-Նարեին խաղալիք առ:

Դեկտեմբերի սկզբից մաման սկսել էր ցուցակ կազմել, որի մեջ առանձնահատուկ տեղ էին գրավում մեր նվերները, նախ՝ Ձմեռ պապինը, հետո՝ իր կողմիցը: Վահրամը փոքր եղբայրս է, ինը տարեկան, ամբողջ սրտով հավատում է Ձմեռ պապին, և երբ ինչ-որ մեկը ասում է, թե Ձմեռ պապ չկա, նա սկսում է վիճել և հակառակը պնդել:

-Ախր սենց ինչքա՞ն, արդեն մեծ ա, մի օր պիտի՞ իմանա, թե՞ չէ:

-Ինչքան ուշ իմանա, էդքան լավ: Հենց իմացավ, մանկությունը կվերջանա:

-Էս վերջին տարին ա, դե, կտեսնես:

Մաման ամեն օր մի նվեր էր տուն բերում, իսկ ես զբաղեցնում էի եղբորս, որ չտեսներ մամայի ներս մտնելը, որ շարունակեր հավատալ, որ շարունակեր երեխա մնալ:

-Միամիտ ա, իսկական միամիտ:

-Է՜, մա՛մ:

Մի հարմար օր, երբ եղբայրս տանը չի լինում, նվերները զգուշությամբ տալիս ենք մեր բարի հարևանին, ում շնորհիվ ամեն տարի եղբայրս չի հասցնում Ձմեռ պապին տեսնել: Դա ծանոթ ցանկություն է, մի տարի, երբ դեռ երեխա էի, Ամանորի գիշերը բացել էի դրսի դուռը, կանգնել մուտքի մոտ ու սպասում էի Ձմեռ պապին: Նա այդպես էլ չեկավ, մինչև դուռը չփակեցի: Ես տարիներ հետո հասկացա, որ նրան միշտ էլ տեսել եմ: Մի օր եղբայրս էլ կհասկանա:

Այս տարի Ամանորը տատիկենցս տանը դիմավորեցինք՝ մեր մեծ ու լավ ընտանիքով, և ինչպես մեր հին Ամանորները, այս գիշերն էլ նմանվեց իսկական հեքիաթի:

-Արագացրեք, արդեն նախագահն ա խոսում:

-Էս որ սենց թողնեմ, կվառվի:

-Անջատի՛:

Արդեն տասներկուսն էր, բոլորս շնորհավորում էինք իրար, մեկ էլ դուռը թակեցին: Փոքրերը միանգամից վազեցին դուռը բացելու, մի անգամ էլ զարմացան, թե Ձմեռ պապը ոնց է այդքան արագ փախչում, և իրենց նվերները վերցնելով՝ եկան ներս: Տոպրակների մեջ ես միանգամից ճանաչեցի իմը, վերցրի և մի կողմ քաշվեցի: Սկսեցի հետևել փոքրերին, ովքեր անսահման երջանիկ ուսումնասիրում էին իրենց նվերները և հրճվում: Ես էլ բացեցի իմ տոպրակը, սկսեցի նայել նվերներս, իբր առաջին անգամ էի տեսնում:

-Միլե՞ն, քո Ձմեռ պապը ոնց որ գրադարանում ա աշխատում, հա՞,- ասում է հորաքույրս, որովհետև նվերներս հիմնականում գրքեր էին:

Տանը աղմուկ էր, բայց հաճելի, ինչը ինձ հիշեցրեց իմ մանկության մաքուր ու անկեղծ Ամանորները, երբ էլի Ձմեռ պապ կար, երբ էլի այսքանով էինք ու մի քիչ ավել, երբ էլի աղմուկ էր ու էլի հաճելի…

-Միլենը հուզվել ա՞:

-Վա՜յ, հա:

-Հլը ճիշտն ասա՝ ինչի՞ էր լացում:

-Ուղղակի շատ էր ջերմ:

-Ի՞նչը:

-Ամեն ինչը…

Նամակներ Ձմեռ պապիկին

Ողջույն, սիրելի Ձմեռ պապ,

Շատ էի սպասում Նոր տարվան, որպեսզի նորից քեզ տեսնեի: Անցած տարի քեզ հազիվ տեսա: Երբ դու իմ նվերն էիր բերում, ես մտա սենյակ և քեզ բռնացրի: Երբ ես մտա սենյակ, լույսը վառեցի, քեզ տեսա այն պահին, երբ նվերն էիր դնում: Եվ տեսա, որ թաքնվելու տեղ էիր ման գալիս, բայց չկար: Միակ ելքը մահճակալի տակ մտնելն էր, բայց չկարողացար, որովհետև գեր էիր: Ես քեզ հազիվ քաշ տալով տարա մայրիկի և հայրիկի մոտ: Մենք շշմած քեզ էինք նայում, որովհետև լեզուդ չէինք հասկանում:

Առաջ ես չէի հավատում, որ դու գոյություն ունես, որովհետև ես թաքուն քեզ նայելիս քեզ չէի տեսնում: Բայց մտածում էի, թե ո՞վ է ինձ նվեր բերում: Իսկ երբ տեսա քեզ, հավատացի: Մենք միասին ճաշեցինք, չիր ու ընդեղեն կերանք: Ես այնպես եմ ուզում քո թոռնիկ Ձյունանուշին էլ տեսնել: Խնդրում եմ այս տարի էլ մեզ հյուր արի քո թոռնիկ Ձյունանուշի հետ:

Անի Նալբանդյան, 8 տարեկան

 

Սիրելի Ձմեռ պապիկ,

Ես շատ եմ սիրում քեզ և հավատում: Ես ցանկանում եմ մի անգամ տեսնել քեզ: Ես միշտ մտածել եմ, որ դու կաս: Ես քեզ հարցեր ունեմ, օրինակ՝ քանի՞ տարեկան ես, գե՞ր ես, մորուքդ քանի՞ մետր է, քանի՞ շոր ունես և երեխաներ ունե՞ս: Որտե՞ղ ես ապրում՝ Լապլանդիայո՞ւմ, թե՞ Լապլոյում:

Ձմեռ պապիկ ջան, ես քեզ չեմ հավատում, քանի որ մի անգամ, երբ նամակ էի ուղարկել քեզ, մայրիկս և հայրիկս դուրս էին եկել, որ նամակս տանեն: Երբ դուրս եկան, ես տեսա, որ նամակս պահարանի վրա է: Նաև գիշերը տեսել էի, որ մայրիկս նվերներս դնում է եղևնու տակ: Տեսել էի, որ նվերները մայրիկի անկողնու տակ էին: Ես մայրիկիս ստիպել եմ, որ նա պատասխանի, թե ի՞նքն է Ձմեռ պապիկը, և նա պատասխանել է` այո:

Ինձ այս տարի մայրիկս նվերները շուտ տվեց, սակայն ես չտխրեցի: Այս տարի ես նրանից ոչինչ չէի ուզել: Սակայն երբ հավատում էի, ես նրանից ուզել էի շուն` հասկի: Սակայն մտածում էի, որ նա ինձ չէր բերի, որովհետև այն շատ թանկ է: Մենք Նոր տարի չենք նշում, քանի որ գնում ենք Թբիլիսի, որովհետև եղբայրս Կանադայից է գալիս:

Անի Ուզունյան, 9 տարեկան

 

Սիրելի Ձմեռ պապ,

Այս տարի ուրա՞խ ես: Եթե այո, ես կարծում եմ, որ մի քանի հոգի սկսել են քեզ հավատալ, քանի որ խելոքացել են: Բայց այն երեխաները, որոնք քեզնից IPhone են ուզում, մի բեր և նամակ գրիր այսպես. «Ուրիշ բան ուզիր, օրինակ՝ խաղալիքներ», թե չէ կնեղանան:

Ես կարծում եմ, որ այս տարի դու ինձ լավ նվեր չես բերի: Բայց երևի կբերես, որովհետև ես քեզ հավատում եմ: Իսկ դու կին ունե՞ս: Ո՞վ է: Ձյունանուշիկը ո՞ր դպրոցում է սովորում: Լա՞վ է սովորում: Իսկ դու կարո՞ղ ես կախարդությամբ դինոզավր ստեղծել: Լավ կլիներ, որ ես էլ դինոզավր ունենայի: Մի խոսքով, ամեն ինչ լավ է: Ցտեսություն: Բարևներ բոլորին:

Սիրով`

Անրի Չիլինգարյան, 10 տարեկան

 

Բարև Ձմեռ պապիկ,

Ո՞նց ես: Իսկ դու որտե՞ղ ես բնակվում, դու քանի՞ տարեկան ես: Դու ընկեր ունե՞ս, իսկ դու որ մեզ նվեր ես բերում, ուրա՞խ ես: Երբ դու եկել ես մեր տուն, ես ի՞նչ էի անում: Իսկ Ձյունանուշը որտե՞ղ է ապրում: Նոր տարուն դուք ի՞նչ եք անում: Ձյունանուշը ո՞ր դպրոցն է հաճախում: Դու կին ունե՞ս: Իսկ դու քո ծնունդին ի՞նչ ես անում: Ես քեզ հավատում եմ, որովհետև իմ ծնողներն ինձ ասում են, որ դու կաս: Բայց մի բան էլ կա, ես քեզ չեմ հավատում:

Արթուր Արսենյան, 7 տարեկան

 

Բարև, սիրելի Ձմեռ պապիկ,

Ես քեզ շատ եմ կարոտել: Շատ շնորհակալ եմ անցյալ տարվա նվերիդ համար: Ես շատ ուրախացա պլանշետի համար: Գիտե՞ս, մեր դասարանի Անրին ասում է, որ դու չես բերում պլանշետ: Ճի՞շտ է, թե՞ ոչ:

Սիրում եմ Նոր տարին: Հավատում եմ քեզ: Իսկ Ձմեռ պապը և Սանտա Կլաուսը նույն մա՞րդն են: Ինչո՞ւ դու չես ուզում, որ քեզ տեսնեն: Մի անգամ փորձեցի տեսախցիկով նկարել քեզ, բայց այն ոչինչ չնկարեց:

Մի օր մեզ ուսուցչուհին պատմեց, որ իր աշակերտը գնացել է Լապլանդիա:  Ձմեռ պապիկը ապրում է Լապլանդիայում, այնտեղ Ձմեռ պապիկը իսկական է: Աշակերտը պատմեց, որ ժամը տասին կամ տասներկուսին բոլոր մարդիկ հավաքվում են սարի վրա և նայում Ձմեռ պապիկին: Բայց ինձ պետք չէ գնալ Լապլանդիա, որ քեզ հավատամ: Կարո՞ղ եմ քեզ հարց տալ: Դու քանի՞ տարեկան ես:

Դարյա Մարջանյան, 9 տարեկան

 

Բարև Ձմեռ պապիկ,

Ինչպե՞ս ես: Ես էլզան եմ, 10 տարեկան եմ: Ես գնում եմ դպրոց, 5-րդ դասարանցի եմ: Ինչո՞ւ, երբ դու գալիս ես ու նվեր բերում, ես քեզ չեմ տեսնում, բայց հետո նվերը գտնում եմ տոնածառի տակ՝ շատ սիրուն տոպրակի մեջ: Բայց դա 4-8 տարեկանում էր: Հիմա ես չեմ հավատում Ձմեռ պապիկին: Ես մի անգամ հեռուստացույց էի դիտում, և հեռուստացույցով մի ֆիլմ էին ցույց տալիս, որտեղ ասացին, որ Ձմեռ պապիկ չկա: Ես չհավատացի և նայեցի ինտերնետում և գտա Ձմեռ պապիկի պատմությունը: Ես նայեցի և տեսա, որ Ձմեռ պապիկին հորինել է մի հայր իր տղայի համար: Ես մի քանի օր լացեցի, բայց հետո հանգստացա: Չնայած ես քեզ չեմ հավատում, բայց չեմ ուզում ասել ուրիշ երեխաների, որ նրանք չնեղվեն:

Էլզա Զոհրաբյան, 10 տարեկան