Lilit vardanyan

Ո՞նց թե, պատվաստվա՞ծ ես

-Տատ, արի գնանք պատվաստվելու,- առաջարկում է եղբայրս։

-Պատվաստվելը ինչի՞ս ա պետք,- ամեն անգամ պատասխանում է տատիկը։

Մոտ 4 ամիս է, ինչ Հայաստանում կան պատվաստանյութեր, բայց շատ քիչ մարդ գիտեմ, ովքեր արդեն պատվաստվել են։ Պատվաստանյութերի նկատմամբ անվստահությունը բոլոր երկրներում է, բայց Հայաստանում կորոնավիրուսը արդեն վաղուց մոռացված հիվանդություն է։

Պատվաստանյութերի առաջացումը բերեց նոր օրենքներ և նոր սահմանափակումներ, որոնք ոչ բոլորին են դուր գալիս։ Իսկ ինչու՞ լինել պարտավորված պատվաստվել ճանապարհորդելու համար, ինչու՞ դիմակ կրել, եթե պատվաստված չես, ինչու՞ պատվաստվել, եթե վարակն ուղղակի հիվանդություն է։

-Լիլիթ, նախագիծ կա, որ ուսանողները կա՛մ պետք ա պատվաստված լինեն, կա՛մ էլ երկու շաբաթը մեկ թեստ հանձնեն։

-Պապ, բայց մի քիչ ու՞շ չի։ Գոնե ամառային արձակուրդների ընթացքում որոշումը կայացնեին։ Համարյա վստահ եմ, որ ոչ մեկը չի ուզի պատվաստվել,-պատասխանեցի ես։

Լինեմ անկեղծ, բավականին ուրախ էի՝ լսելով այդպիսի նախագծի հնարավոր լինելը, բայց միաժամանակ պատկերացրի համալսարանում տիրող խառնաշփոթն ու բողոքները․ մի ամբողջ գլխացավ։

Պատվաստվելու մասին ես մտածել էի այդ նախագծի մասին լսելուց շատ ժամանակ առաջ։ Բայց մինչ այդ ես չէի ունեցել ժամանակ կամ էլ առիթ պատվաստվելու համար, որովհետև որքան էլ վճռական լինեի, միևնույն է, ունեի որոշ պատճառներ և կասկածներ չպատվաստվելու համար։

Ընտրությունը շատ չէր։ Քանի որ հայրիկս շատ է ճանապարհորդում, իսկ հորեղբորս աղջիկը պետք է գնա Կանադա, նրանք արդեն պատվաստվել էին Աստրա Զենեկայով։ Ինձ այդքան էլ դուր չէր գալիս այդ Աստրա Զենեկայով պատվաստվելու միտքը, որովհետև կողմնակի էֆեկտները ինձ դուր չեն գալիս։ Սպուտնիկը միանգամից բացառվեց միայն ռուսական լինելու պատճառով (որոշ չափով էլ Աստրայի նման կողմնակի էֆեկտների)։

Վերջնական որոշումս դարձավ Կորոնավակը, որովհետև իմ որոնումների արդյունքում պարզվեց, որ մարդիկ չեն ունենում ջերմություն և թեթև են տանում պատվաստումը։

Մեգամոլի դիմացի պատվաստման կետում հերթ էր՝ մասնավորապես պարսիկներից կազմված։ Անիմաստ չսպասելու համար հարցրինք՝ Կորոնավակի միայն երկրորդ դեղամիջոցից կար։

-Կարո՞ղ եք էրեխեքին պատվաստել,- հարցրեց հայրիկը պոլիկլինիկայում։

-Երեխաներին չենք պատվաստում,- ասաց բուժքույրը՝ ենթադրելով, որ ես ու եղբայրս դեռ երեխա ենք։

Հայրիկը դեռ չէր հասցրել հասկանալ, թե ինչ է կատարվում, երբ ես, սովորության համաձայն, միանգամից պատասխանեցի․

-Բայց մենք էրեխա չենք։

Մի քանի րոպե սպասելուց և սենյակները պարզելուց հետո, մենք արդեն գրանցվում էինք՝ Կորոնավակով պատվաստվելու համար։

-Առաջինը աղջիկը,- ասաց մեզ ստուգող բժիշկը։

-Չէ, թող առաջինը ինքը լինի,- ասացի ես՝ մտածելով, որ գրանցվելուց հետո միանգամից պատվաստելու են։

Ամբողջ ամառվա ընթացքում այդքան ժամանակ ունեի պատվաստվելու, բայց երբեք չէի պատկերացրել ինձ պատվաստվելուց։

-Ճնշումը՝ 110/70,- ասաց ինձ ստուգող բժիշկը, որը ինձ բավականին զարմացրեց, որովհետև դեռ կես տարի առաջ 90/60 էր։

-Ծերանում եմ էլի,- կատակեցի ես։

Առաջին անգամ իմացա սատուրացիայի մասին, որը բավականին բարձր էր։

Պատվաստման սենյակում մեզնից առաջ 4 հոգանոց ընտանիք էր։ Կինը և տղամարդը սպասում էին մյուս երկուսին։

- Չե՞ք պատվաստվում,- հարցրեց բժիշկը։

Նրա տոնից երևում էր, որ առաջին անգամը չէր տալիս այդ հարցը։

-Սպասենք մյուսներն էլ գան, որ բոլորով միասին պատվաստվենք,- ասաց կինը, որի աչքերում մի փոքր վախ կար։

Որոշ ժամանակ անց ես և եղբայրս նրանցից առաջ անցանք։ Պատվաստողը բարեհամբույր և ժպտերես 50-ն անց կին էր։ Նա նույնպես սկսեց ինչ-որ թղթեր լրացնել։

-Հիմա մեր սիրուն աղջկանը,- ասաց նա, երբ վերցրեց իմ թղթերը,- բա դուք պատվաստվե՞լ եք, որ ձեր էրեխեքին ռիսկով բերում եք պատվաստվելու,- հարցրեց նա հայրիկիս։

-Ես շուտ եմ պատվաստվել,- պատասխանեց հայրիկս և ցույց տվեց իր սերտեֆիկատը։

-Առաջինը դու ես,- ասացի ես եղբորս՝ շատ լավ գիտակցելով, որ միևնույն է, հաջորդը ես եմ լինելու։

Չունեմ վախ բժիշկներից կամ պատվաստվելուց, բայց պատվաստանյութի ազդեցության մասին քիչ տեղեկությունը կամ էլ տեղեկության պակասը անհանգստացնող է։

-Իսկ կարո՞ղ եք ձախ ձեռքը պատվաստել,- հարցրի ես, որովհետև սիրում եմ աջ կողմի վրա քնել և աջլիկ եմ։

-Իհարկե, իմ սիրուն աղջիկ։

Մի փոքր ավելի ցավոտ էր, քան պատկերացնում էի (իսկ ես մտածում էի, որ չի ցավի)։

Պատվաստանյութի առաջին դեղաչափից ոչ մի կողմնակի էֆեկտ չզգացի, բացի պատվաստված ձեռքի մի փոքր ցավից։ Երեկոյան չափեցի ջերմությունս՝ 36,5 էր։

«Էրեխեք, ուսանողների պարտադիր պատվաստման մասին տեղյա՞կ եք»,-կարդացի ես, երբ մտա կուրսի չատ։

-Սկսվե՜ց,- ասացի ես՝ հիշելով կորոնայի պատճառով անցած ուսումնական տարվա խառնաշփոթը։

Հ․Գ․- Պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալու եմ դասերը սկսելուց մի շաբաթ անց։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի, և թեթև կտանեմ։

Marianna Mayilyan

Դիվանագիտության նուրբ արվեստը

Հակամարտությունները իրենց բնույթով լինում են ինքնորոշման և ոչ ինքնորոշման։ Ղարաբաղյան հակամարտությունը ինքնորոշման հակամարտություն է։ Ղարաբաղյան հակամարտությունը իր բնույթով տարբերվում է հայկական և ադրբեջանական կողմերի պաշտոնական դիրքորոշումներում։ Հայկական կողմի նպատակը ազգերի ինքնորոշման խնդրի լուծումն է, այնինչ Ադրբեջանի խնդիրը զուտ տարածքային ամբողջականության հետ է կապված։ Ադրբեջանը խնդիրը դիտարկում է բացառապես տարածքային ամբողջականության համատեքստում՝ անտեսելով ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Ազգերի ինքնորոշման իրավունքը, ժողովուրդների հիմնարար իրավունքն է, ազգերի պետական կազմավորման իրավակարգի, արտաքին քաղաքականության, մշակութային, կրոնական, տնտեսական հարցերն ինքնուրույնաբար տնօրինելու, ընդհուպ մինչև այլ ազգերից անջատվելու և անկախ պետություն կազմելու համար։ Դա ժամանակակից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքն է։

«Արցախը Հայաստան է և վերջ» բովանդակությամբ հայտարարությունը Ղարաբաղյան հակամարտությանը հաղորդում է տարածքային բնույթ, ինչը իհարկե, չի բխում հայկական կողմի քաղաքական շահերից և ջուր է լցնում ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին։ ՀՀ-ն և ԼՂՀ-ն երկու առանձին անկախ հանրապետություններ են, և նմանատիպ հայտարարություններով ՀՀ-ին ագրեսսոր դարձնելը բնավ չի բխում մեր պետականության շահերից։ Մեր նպատակը ոչ թե ԼՂՀ  տարածքների միացնում էր ՀՀ տարածքին, այլ Արցախում դարեր շարունակ բնակվող հայության համար արժանապատիվ և անվտանգ կյանքի երաշխավորումն ու ապահովումը։ Հայկական կողմի համար հակամարտությունը կրում էր մարդասիրական բնույթ և իրենից ենթադրում էր Արցախում դարեր շարունակ բնակվող հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության երաշխավորումը ՀՀ կողմից։ Հայկական կողմի դիրքորոշմանը չպետք է տրվեր էքսպանսիոնիստական բնույթ։

Ինչ վերաբերվում է խնդրի մյուս կողմին, այս ամենը բնավ չի ժխտում այն փաստը, որ Արցախը մեր հայրենիքն ու պատմական հողն է։ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարության ոչ հայանպաստ բնույթի մասին խոսելը բնավ չի նշանակում, որ Արցախը հայերի պատմական հայրենիքը չէ։ Դա բացարձակապես չի նշանակում, որ Արցախը դիտարկվում է որպես թշնամու տարածքային միավոր։ Սակայն քաղաքականության մեջ հայտարարություններ անելուց և տարածելուց պետք է շեշտը դնել բացառապես քաղաքական ասպեկտի վրա և դիտարկել Հայաստանն ու Արցախը որպես առանձին անկախ հանրապետություններ։ Հայաստանի արտաքին քաղաքական շահերից բացառապես չի բխել և չի բխում ՀՀ-ին որպես ագրեսոր և էքսպանսիոնիստական միտումներ ունեցող պետություն ներկայացնելը։ Հայաստանի խնդիրը Արցախում բնակվող հայ ժողովրդի անվտանգությունը երաշխավորելն էր, և ոչ բնավ՝ տարածքային էքսպանսիան։

Քաթար 2022֊ը իրականանալի նպատակ է

Հայկական ֆուտբոլը վերջին տարիներին վերելք է ապրում։ Ակումբային ֆուտբոլը  զարգանում է, ասպարեզ են գալիս ծագող աստղեր։ Հավաքականում  հաճելի մթնոլորտ է. ֆեդերացիան երկրի գլխավոր թիմի ղեկը վստահել է իսպանական մարզչական շտաբին՝ փորձառու մասնագետ Խոակին Կապառոսի գլխավորությամբ։ Նա աշխատել է իսպանական հայտնի ակումբներում՝ Վիլյառեալ, Ատլետիկ Բիլբաո և Սևիլիա։

Խ. Կապառոսը կարողացավ հավաքականի հետ առաջին տեղը զբաղեցնել՝ Ազգերի լիգայի խմբային փուլում` առաջ անցնելով Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի ընտրանիներից։ Հաջողությունները շարունակվեցին նաև աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերում։ Ազգային ընտրանին 100%֊անոց արդյունք ցույց տվեց՝ հաղթելով Լիխթենշթեյնի, Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականներին։ Այսպիսով Հայաստանն այժմ զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ ետևում թողնելով նույնիսկ ահեղ Գերմանիային։ Սա, իհարկե, աննախադեպ արդյունք է, սակայն պետք է զարգացնել հաջողությունը և երազանքը դարձնել նպատակ, ապա՝ իրականություն։ Հավաքականի հաջորդ խաղերը չափազանց կարևոր են, քանի որ մրցելու ենք աղյուսակում մեզ հետապնդողներից մեկի՝ Հյուսիսային Մակեդոնիայի, հետո մյուսի՝ Գերմանիայի հավաքականների դեմ։ Հաջողություն գրանցելը բարդացնում է նաև այն հանգամանքը, որ երկու խաղերում էլ մենք լինելու ենք հյուրի կարգավիճակում։ Կարելի է ասել, որ այս երկու հանդիպումները եթե ոչ ճակատագրական, ապա անկյունաքարային են աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարում։

Մեր հավաքականը անցյալում նույնպես ունեցել է բազմաթիվ հնարավորություններ խոշոր մրցաշարի ուղեգիր նվաճելու համար, սակայն միշտ ինչ-որ բան պակասել է։ Կարծես թե այս անգամ կան բոլոր նախադրյալները՝ պրոֆեսիոնալ մարզչական անձնակազմ, բարենպաստ մթնոլորտ հավաքականում, մարտական կազմ և, իհարկե, նպատակ, որին հասնելու համար ոչինչ խնայել պետք չէ։

Ներկայացնենք մեր մրցակիցներին։ Իհարկե, խմբի բացարձակ ֆավորիտը Գերմանիայի ընտրանին է, սակայն, ինչպես տեսնում ենք, ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է։ Գերմանիան ձախողված Եվրոյից հետո գլխավորել է Բավարիային վերելքի հասցրած գերմանացի մասնագետ Հանսի Ֆլիկը։ Գերմանիան, անշուշտ, լուրջ է տրամադրվելու Հայաստանի հետ խաղին, քանի որ Կապառոսի թիմի հաջողությունները չնկատել արդեն հնարավոր չէ։ Հյուսիսային Մակեդոնիան Եվրոյի ժամանակ վատ տպավորություն չթողեց և անկասկած համարվում է Հայաստանի գլխավոր մրցակիցներից մեկը։ Իսկ Լիխթենշթեյնի, Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականների դեմ մերոնք արդեն մեկական անգամ դրական արդյունք գրանցել են, սակայն այս թիմերից ոչ մեկին թերագնահատել պետք չէ, քանի որ երեք խաղերում էլ մենք դժվարությամբ ենք հաղթանակի հասել։

Հիշեցնենք, որ հանդիպումները կսկսվեն սեպտեմբերին և կավարտվեն նոյեմբերին։ Չափազանց դժվար է լինելու  մեր հավաքականի համար ուղեգիր նվաճել, սակայն ճանապարհի կեսից ետ չեն կանգնում։ Պետք է անել հնարավոր և անհնարին ամեն ինչ՝ արդյունքի հասնելու համար…

Gohar Petrosyan

Քեզ էլ չհասցրի հրաժեշտ տալ

Դու չխմեցիր իմ պատրաստած թեյը…
Հողն այլևս չի զգում ծանրությունդ, արդեն ինքդ ես զգում մի ողջ ծանրություն, ինչը մնաց քեզանից հետո իմ մեջ։ Չկաս հիմա այնպես, ասես երբեք էլ չես եղել, ու ասես ոչինչ էլ չի փոխվել կյանքում։ Բայց ինչ-որ բան հիմա ներսից խեղդում է ինձ։ Երևի հենց կյանքում ոչինչ չփոխվելու դժվարությունից է։
Շուտով աշուն կգա, ու ես նորից թեյը ձեռքումս կսպասեմ քեզ` տանս դատարկված պատերի ներսում։ Դաշտերի ոչինչ չասող քամին նույն բույրերով կխառնվի շնչիս, ու կրկին կզգամ ներկայությունդ օդում։ Կփակեմ աչքերս, տեսադաշտումս կպահեմ քեզ ու կերջանկանամ մանկության խենթ հույզերով, որովհետև քեզանից հետո կորցրի և մանկությունս։

Ինչ-որ մի տեղ, գրողի ծոցում լուռ նստել է դեռահասությունս ու փորձում է մոռանալ ինքն իրեն, քանզի թանկ չէր ապրելը և ոչ էլ կարևոր։ Բայց հիմա, ես նախընտրում եմ ապրել մանկության մեջ, դե՜ թքած, ինչու՞ չէ, նաև դեռահասության. դու կայիր դրանցում։ Իսկ հիմա պարզապես դատարկ է ամեն բան։ Ծխախոտն էլ խեղդում է, բայց միևնույն է, չի հերիքում։ Դատարկությունն այնքան մեծ է, որ մի ողջ ծխախոտի տուփն էլ քիչ է։

Քեզ էլ չհասցրի հրաժեշտ տալ։ Դեհ, հրաժեշտների հարցում ես միշտ եմ ուշացել, որովհետև չեմ էլ մտածել շտապելու մասին։ Ու դու էլ գնացիր, տարար քեզ հետ ողջ երազանքներս ու պայքարս հանուն դրանց։ Գիտեմ, չէիր ուզում ու չես ուզում տեսնել, թե ինչպես է փոխվել կյանքս քեզանից հետո։ Բայց դե, քարշ եմ տալիս պայքարելու ցանկությունը, որը դեռ քայլել չի ուզում։

Աշունը արդեն մոտենում է, իսկ դու դեռ չկաս։ Չե՞ս գալու… Արի՛, թեյը սառչում է։

Ani Harutyunyan erevan

Հիմա իմ հայրենիքը Եռաբլուրն է

Մեր փոքր քաղաքն ունի մեծ սիրտ. Իր մեջ տեղավորում է մի քանի իրականություն, ու մեկ-մեկ այդպես էլ չես կարողանում հասկանալ, թե որն է քո իրականությունը, կամ որն է այն իրականությունը, որը կուզեիր քոնը լիներ:

Երբեք Եռաբլուր չեմ գնացել այն զգացումով, ինչ հիմա: Եվ երբեք իմ աչքերը չեն տեսել այսքան կարոտ և խելագարության հասցնող լռություն, ինչպես հիմա:

«Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա´…»
Հիմա իմ հայրենիքը Եռաբլուրն է:

Իմ հայրենիքը որդու շիրիմի առաջ կուչ եկած մոր արցունքն է, առանց ժպիտ աչքերն ու արդեն սառը ձեռքերը. Այդ ձեռքերը սառն են, որովհետև որդուն իր գիրկն առնելու փոխարեն` հիմա գրկում են մի բուռ հողը, որդու վերջին լուսանկարը սեղմում կրծքին, ու մայրը ցավից հեկեկում է:

Իմ հայրենիքը դարձավ Եռաբլուրը:
Իմ, քո ու մյուսների հայրենիքները հիմա այստեղ են` Եռաբլուրում:
Եվ գիտեք, խոսքերն այստեղ արժեք չունեն, այստեղ ոչինչ էլ արժեք չունի:
Վերևում քամուց տարուբերվող դրոշներ են. թեքվում եմ, նայում շուրջս ու փնտրում ընկերներիս…
Երբեք, երբեք այսպես չեմ փնտրել նրանց, ու երբեք այդ փնտրելու ճանապարհն ինձ չի թվացել այսքան երկար ու ցավոտ…

Քայլում եմ. Հողը դեռ թաց է, ու երկինքը` արտասուքի մեջ…
Այստեղ մի անսովոր լռություն կա, լռություն, որի մեջ այնքան ճիչեր են խլացել,
լռություն, որ խեղդում է կոկորդդ ու դառնում արցունքի կաթիլ…

«Ճիչը քամու մեջ թողնում է կիպարիսի հետք, թողե´ք ինձ այս դաշտում լալով…»:
Թողե´ք ինձ այս դաշտում լալով…
Քայլում եմ… Արթուր, Էդուարդ, Արտյոմ, Դավիթ, Ալեն, Հայկ, Ռաֆայել, Վահագն, Գևորգ…

Տղե´րք, ես ուզում եմ խոսել, բայց ոչինչ ասել չեմ կարող, որովհետև բառերն այնքան իմաստազուրկ ու դատարկ են դառնում, երբ ուզում ես նկարագրել անբացատրելին. հոգում խարանված ցավը, դողը աչքերի, կսկիծը սրտի…
Քայլում եմ… Հասա Արթուրի` ժպիտից աչքերը մի փոքր կկոցած հայացքին. Արթուրի մայրը համբուրում է որդու լուսավոր ժպիտն ու խեղդում արցունքները, որովհետև Արթուրն ասում էր. «Մամ ջան, դու միշտ պիտի ժպտաս…»
Ճանապարհը տանում է դեպի ՆՐԱՆՑ, և առհասարակ բոլոր ճանապարհները տանում են դեպի ՆՐԱՆՑ, որովհետև ՆՐԱՆՔ են իմ «հանուն»-ները` միս ու արյունից…

Արթուրի մայրը պատմում է, թե ինչ անհամբերությամբ է Ամանորի գիշերը հասել այստեղ, ուր Արթուրն էլ անհամբեր իրեն է սպասում…
Ի՜նչ կիսատ է կյանքը, և որքան տարբեր` կողք կողքի գտնվող երկու իրականությունները…
Առավոտ է. Արևը կրկին խաղում է իր նոր արթնացած շողերի հետ. Արևն ասես մայր լինի, դե շողերն էլ, երևի կռահեցիք, իր երեխաներն են. Ինչպե՞ս է արևը գրկում իր շողերին ու ջերմացնում մեզ…

Իսկ արթուրների մայրերն ու՞մ գրկեն, որ ջերմացնի իրենց այնպես, ինչպես շողերը կջերմացնեն արևին…
Չէ´, արդար չէ…
Կարծես անարդարությունը մեխի նման խրված լինի մեր հայրենիքի սրտին և բաժանի մեզ…

Չէ՞ որ հայրենիքը մի մեծ սիրտ է, և իր սրտում կարողանում է տեղավորել հազարավոր սրտեր, իսկ հիմա… Հիմա այդ սրտերի փոխարեն բեկորներ են, բեկորներ, որոնց հպվել անգամ երևի չկարողանաք, որովհետև այդ բեկորներն արդեն վաղուց չունեն հպումների կարիք, նրանք բացարձակ են, բացարձակ և ունայն…

Առավոտ է… Իմ սրտում դեռ այն տխուր կիրակին է, որից հետո կյանքն այլևս այնքան գունավոր ու սիրուն չէ, որքան տեսնում էին տասնյոթ տարեկան աղջկա աչքերը:
Կյանքն այդ կիրակի փոխեց իր գույները, ու չեմ հասկանում` ո՞ր սահմանված կամ չսահմանված օրենքով…
Մարդասիրություն, օրենքներ, իրավունքներ… Ցավոք, այս բառերն արդեն կորցրել են իրենց ուժն ու դերն իմ կյանքում, և կորցրին այն պահին, երբ իմ ընկերները, դպրոցական նստարանից դեռ նոր դուրս եկած, վերցրին զենքն ու մինչև վերջին շունչը պայքարեցին թուրք ոսոխի դեմ` հեռվում թողնելով իրենց երազներն ու հույսերը…
Եվ ես ամաչում եմ խոսել մարդասիրության մասին. Ամաչում եմ նայել ընկերներիս աչքերին ու խոսել, ամաչում եմ…
«Մարտական խաչ» շքանշան, հերոսի կոչում… Մենք չէինք ուզում այս կոչումները ձեզնից հետո, տղե´րք, մեզ դուք էիք պետք…

Բառերն արժեզրկվում են, մութը թանձրանում, ու խավարի մեջ խարխափելով անգամ չեմ գտնում հույսի լույսը…
Դուք էիք լույսերը, տղե´րք, և հիմա առանց ձեզ ոչինչ չկա: Առանց ձեզ աշխարհն այլևս նույն գույները չունի:
Երկինքը կապույտ է, և կապույտ երկնքում թևածում են կապույտ երազներն ու կապույտ կարոտները…
Երկինքը կապույտ է, բայց հոգիս մթի մեջ է. Հիմա շրթունքներս միայն կամաց շշնջում են` շնորհակալ եմ…

Natali Mkrtchyan

Կյանքը պայքար է, դուք՝ պայքարող

«Հաճախ էր պատահում, երբ մի քանի տող գրում էի, ջնջում ու ոչ մի տեղ չէի պահպանում։ Մի անգամ որոշեցի ֆեյսբուքյան հարթակում տեղադրել իմ մտքերից, իհարկե, այդ ժամանակ անանուն։ Արձագանքները միանգամից եղան, որոնք թե՛ դրական էին, թե՛ ոգեշնչող։ Ոգեշնչվեցի ու որոշ ժամանակ անց ստեղծագործություններս հանրությանը ներկայացրի իմ անվան ներքո»,- 17.am-ի հետ զրույցում ասում է երիտասարդ գրող Գայան։ Միշտ չէ, որ ստեղծագործում է այն ժամանակ, երբ մուսան գալիս է, երբեմն հասկանում է, որ ստեղծագործական մտքերը հանգրվանելու տեղ են փնտրում, և սկսում է գրել։

Պատերազմը երիտասարդ գրողի ստեղծագործական կյանքում ևս շատ բան է փոխել, մինչ պատերազմը գրում էր հիմնականում սիրո և այլնի մասին։ «Պատերազմի ժամանակ և պատերազմից հետո կարողացա խոսել նաև հայրենիքի մասին»,- ասում է Գայան։ Նշենք, որ նա բոլորիս հայտնի ԵԳԸ թիմի անդամ է, որը ըստ իրեն` վաղուց սովորական թիմ չէ, այլ ընտանիք։ Թիմից շատ բան է սովորել ու սովորում։

Մեր զրույցում չէինք կարող չանդրադառնալ գրքերին, որի մասով մեր զրուցակիցն ասաց.

-Գիրքը մարդուն կարող է տալ այն ամենը, ինչ մարդը մարդուց չի կարողանում վերցնել։ Հիմնականում կարդացող մարդը աչքի է ընկնում կիրթ խոսելաձևով, չնայած կան մարդիկ, որոնք չեն կարդում, բայց կարողանում են խոսքը գեղեցիկ ձևակերպել։ Կարդացող մարդն ունի շատ վառ երևակայություն։ Ի վերջո, գիրք կարդալը կյանքի ամենագեղեցիկ հաճույքներից է, և ով չի կարդում` մեծ բան է կորցնում։ Գրքերի մեջ չեմ կարող ասել, թե որն է ամենան, որովհետև ամեն գիրքը կարդալիս ունեցել եմ տարբեր ապրումներ, հույզեր, սովորել եմ շատ բաներ։ Կան գրքեր, որոնք կարողացել են լիովին ներխուժել հոգիս, դրանցից է` Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն»-ը, Էթել Վոյնիչի «Բոռը» և այլ գրքեր։ Այս գրքերը վերջերս եմ կարդացել ու դեռ ցնցված եմ։ Նույն պատասխանը կտամ գրողների մասին խոսելիս։ Ամենագրող չունեմ, բայց կան գրողներ, որոնց կարող եմ անվերջ  ընթերցել։ Իրենց դասին է պատկանում` Վարդգես Պետրոսյանը։

Խոսելով ստեղծագործական կյանքի անկումներից և հիասթափություններից, Գայան ասաց, որ ստեղծագործելուց երբեք չի հիասթափվել, ուղղակի շատ է պատահել, երբ դժգոհել է, որ գրել այլևս չի կարողանում ու այդ ամենը հաճախ խոստովանել է ստեղծագործությունների մեջ։

-Եղել է ժամանակ, երբ դադար եմ տվել, օրերով ոչինչ չեմ գրել, որովհետև էմոցիաներս, ապրումներս խառնված են եղել, ու չեմ կարողացել կողմնորոշվել, թե ինչ եմ ուզում գրել, բայց հանդարտվելուն պես շարունակել եմ գրել։ Հաճախ եմ հիասթափվում, կանգնում տեղում, բայց գիտակցում եմ, որ այս կյանքում հիասթափությունն ամենահիմար բանն է, և կամքից թույլ մարդիկ են խորտակվում հիասթափության ճահճում։ Միշտ գնում եմ առաջ, որովհետև հանձնվել չեմ սիրում, և կողքիս կան մարդիկ, ովքեր երբեք թույլ չեն տալիս հանձնվել։ Իմ մոտիվացիան էլ ես ինքս եմ, իմ ապրումները, ձեռքբերումները, կորուստները։ Այն ամենը, ինչ ինձ շրջապատում է, շատ հաճախ դառնում է մոտիվացիայիս աղբյուրը,-ասում է մեր զրուցակիցը։

Ֆեսբուքյան էջը, որում Գայան տեղադրել և տեղադրում է իր ստեղծագործությունները, հաջողություններ է գրանցել, դեռ ամենասկզբից, ակտիվությունից երբեք չի դժգոհել։ Ասում է`  արժանացել է լավագույն ընթերցողների գնահատականներին ու սիրուն։ Այն հարցին, թե ի՞նչն է պակասում մեր հասարակությունում և ի՞նչ կփոխեր, պատասխանեց.

-Մեր հասարակությունում իր դերը կորցրել է հարգանքը։ Մենք շատ հաճախ մոռանում ենք հարգել դիմացինին, և բնավ կապ չունի, թե նա ինչ սեռի ներկայացուցիչ է, քանի տարեկան է։ Ես կցանկանայի հանդուրժողականություն մտցնել այս հասարակության մեջ, որպեսզի լսելու կարողություն ունենանք և կարողանանք լսել հասկանալու համար։ Երիտասարդ գրողը շարունակելու է ստեղծագործել, եթե անգամ մի օր դադարի իր գործերը հանձնել հանրության դատին։ Մոտ ապագայում էլ լույս կտեսնի իր գիրքը` պատերազմի մասին։ Մանրամասների մասին չցանկացավ խոսել և վերջում խորհուրդ տվեց մեր ընթերցողներին.

-Որքան էլ կյանքը հարվածի` երբեք կանգ մի առեք։ Կյանքի նպատակն է ձեզ ընկած տեսնելը, հաղթեք կյանքին ու գնացեք առաջ, որքան էլ վերքերը ցավոտ լինեն և ուշ սպիանան։ Կյանքը պայքար է, դուք՝ պայքարող։ Ձգտեք հաղթանակներ ունենալ, թեկուզ ամենածանր պարտություններից հետո։

Գայայի ստեղծագործություններից.

Կանգնի՛ր Արցախ,

Մաքրիր թաց աչքերդ,

Մաքրիր վրայիդ փոշին ու նորից ժպտա

Տե՛ս, Բերձորդ կուչ է եկել,

Աղոթում է ծնկաչոք,

Խնդրում է, որ չթողնես իրեն,

Որ չորբացնես

Տե՛ս, Շուշիդ կաղում է, հոգու վիշտը չափազանց ծանր է

Գրկիր նրանց, բռնիր նրանց ձեռքը

Դու ծնող ես, իրավունք չունես թողնել զավակներիդ

Այն զավակներիդ, ովքեր կռվում են անգամ, երբ վիրավոր են,

Ովքեր ընկած են,

Ովքեր ճահճի մեջ են

Գիրկդ առ քաղաքներիդ ու փրկիր

Փրկիր, որ փրկվես

Իմ պապերի, իմ հոր գերեզմանը քո հողում է

Չպիտի պղծվեն,

Չպիտի քանդվեն,

Չպիտի ավերվեն

Չպիտի թուլանաս

Չպիտի ծնկես,

Չպիտի հանձնվես

Մայրս լացում է մանկիկի պես, ու ես չեմ կարողանում սրբել արցունքները։

Մայրս սպասում է, որ իրեն կանչես ու փայփայես

Մեծահասակները լացում ու գոռում են նորածնի պես,

Եվ մանուկը աղոթում է այնպես, ինչպես՝ մեծը

Արցախ, նայի՛ր շուրջդ, բոլորը խնդրում են, որ չլքես

Լաց եմ լինում, բայց չեմ թուլացել, քանի դեռ դու ես ուժեղ

Վստահ եմ, չես լքելու ու չես քնելու մեր երազներում

Աղոթք դարձած սրբություն ես

Սեր դարձած հայրենիք Ես

Հայրենի սերն Ես

Կանգնի՛ր, Արցախ

Կանգնիր, որ ՏՂԵՐՔԻ ընկնելը զուր չլինի