

Գյումրվա էսքիզներ

Պայքարելու մասին
Հետաքրքիր բան է երևակայությունը, նաև՝ տարօրինակ։ Մի օր զվարթ պատկերներ է ստեղծում, մեկ այլ օր էլ թափառում է իր իսկ ստեղծած մառախլապատ աշխարհում։
Ես բարդ բնավորության տեր մարդ եմ, սովորաբար դժգոհ և ունքակախ։ Ինձ զարմացնելն այնքա՜ն բարդ է դարձել, որ վերջերս այլևս ոչ մեկին չի հաջողում անել դա, դե՜, բացառություն է սեփական երևակայությունս։ Վերջինս միշտ ինձ հետ է, բնական է, միշտ գործում է ու հավիտենական զրուցակիցս է։ Մինչ այսօր հիշում եմ անցած տարվա հունվար ամսվա ճամփորդությունս դեպի Ջրվեժ, որի ընթացքում ինքս ինձ համար նոր աշխարհ բացահայտեցի։ Այդ նոր աշխարհը երևակայությանս մեջ էր, դրա թաքնված անկյուններից մեկն էր։
Հունվար ամիսն էր․․․ Ամենուր ձյան ճերմակ շերտ էր նստած։ Քոլեջի երեխաներով և ուսուցիչներով սահնակ քշեցինք, ձնագնդի խաղացինք, բայց դեռ առույգ էինք ու հեռանալ չէինք ուզում, սակայն արդեն վերադարձի ժամն էր հասել։ Չէինք կամենում հեռանալ, դրա համար էլ դանդաղ էինք քայլում այն ճանապարհով, որ դեպի ավտոբուսն էր տանում։ Դեռ 2019 թ-ի թախծալի իրադարձությունների տակ էի, դեռ նեղված էի ու առանձնացա բոլորից։ Միայնակ մտքերիս մեջ՝ հայացքս գետնին ուղղեցի․ ամենուր ձյուն էր, իմ սիրելի եղանակն էր։ Եվ հանկարծ հասկացա, որ ես ներկայում չեմ, այլ մեկ այլ աշխարհում եմ սավառնում։ Երկինքը նուրբ կարմիր երանգով էր պատված, շուրջ բոլորս ծաղիկներ էին՝ տարբեր-տարբեր, ու զեփյուռն էր մեղմ երգ երգում։ Ապշեցի ու զարմացա․ այն երևակայական աշխարհում, ուր միշտ մռայլ ու անձրևոտ եղանակն էր տիրում, ուր դժկամ բողոքներն էին անվերջ հնչում, արև ծագեց, ու ծաղիկներ բուսնեցին։ Եվ հասկացա, որ երջանիկ ու անհոգ եմ, քանի որ ապրում եմ, քանի որ ծնվել եմ։
Ու հիմա 2021 թիվն է։ 2020-ը սարսափելի տարի էր: Նորից անմխիթար վիճակում էի, բայց մեկ է, նույնն եմ։ Շուրջս հնարավորություններով ու փորձություններով լի հսկա աշխարհն է, այն երախը բաց ինձ է սպասում, որ փշրի ոսկորներս, ճզմի ջիլերս, կուլ տա ու հանգիստ շունչ քաշի… Բայց ես հիմա մեծ եմ, էլ ավելի համառ եմ և ընդունում եմ նրա մարտահրավերը։ Ես պատրաստ եմ դիմակայել նրան ու թե ընկնեմ, ապա վայրկյաններ անց ոտքի կկանգնեմ:
Երևանի գիշերներում

Թռչունները թռչում են տարբեր ուղղություններով
Գիտեմ, որ թռչունները թռչում են տարբեր ուղղություններով
Հուսով եմ` կրկին կտեսնեմ քեզ…
Ամեն անգամ, երբ լսում եմ այս երգը՝ աչքիս առաջ դու ես երևում: Բառերը ճիշտ են ընտրված, որ լսելիս կարող եմ զգալ ամեն տողը, որովհետեւ իրոք ուզում եմ հավատալ, որ օրերից մի օր կտեսնեմ քեզ:
Չնայած, առանց երգն էլ լսելու, միևնույն է, միշտ քո մասին եմ մտածում, պարզապես երգը ներսս իրոք տակնուվրա է անում: Քեզ կորցնելու ժամանակ շատ պատահաբար լսեցի ու դարձրի բացակայությանդ ամեն վայրկյանը հիշեցնող խորհրդանիշ, որ գոնե քարացած տեսակս մի փոքր թուլանա այն լսելիս, որ կոկորդիս խեղդող քարը մեկ-մեկ կոտրեմ ու չմոռանամ արցունքները այնպես սրբելու մասին, որ որևէ մեկը անքնությունից զատ այլ բան չկարծի:
Չգիտեմ էլ, թե այսօր ամսի քանիսն է, գիտեմ միայն ամիսը, ու գիտեմ, որ շուտով ծննդյանդ օրն է: Ծանր գրաֆիկս է անհանգստացնում, մտածում եմ մի բան անեմ, որ գոնե այդ օրը կարողանամ կողքիդ լինել: Գիտեմ, որ չես նեղանում քեզ մոտ հաճախ գալ չկարողանալու համար: Դե գիտես, թե ինչ ծանր ու աշխատանքային է անցնում օրս:
Երբ տուն էի գալիս, տեսնում էի ուրախությունդ ու չէի ցանկանում հետ գնալ: Բայց թե գնում էլ էի, որքան էլ որ տխրում էիր՝ ցույց չէիր տալիս, որովհետև հավատում էիր ինձ: Հավատում էիր, որ կարող եմ, որ հասնելու եմ երազանքիս, որ ամեն անգամ մի նոր հպարտանալու առիթ էիր ունենալու: Ես էլ ուժերիցս ավելին էի անում՝ քեզ ուրախություն պարգևելու համար: Բայց հիմա, պարզապես ուզում եմ թողնել ամեն բան, գալ ու նստել կողքիդ: Եվ կներես ինձ, թե որոշեմ վառել ծխախոտս:
Ոչ մի նոր բան չկա: Ամեն օրս տարբեր է ու նման անցածին իր միօրինակությամբ ու անիմաստությամբ, որովհետև չեմ էլ մտածում ապագայի մասին: Ժամանակս կանգնեց մի քանի ամիս առաջ:
Կանգնեցրիր… Ներիր, թե այսքան կոտրված ու աշխարհից հիասթափվածի պես եմ խոսում: Չնայած, այդպես էլ կա: Ժամանակն էլ չի փոխի, որովհետև չես գալու ու չի մոռացվելու գնալդ, չլինելուդ ամեն օրվա ցավն ու արցունքները սրբել չմոռանալը:
Չգիտեմ էլ ինչ գրեմ, դատարկվել են բառերս: Ուզում եմ ասել, որ կարոտել եմ: Երգն էլ, այնքան տխուր է: Ու դու չես լսի ու չես էլ կարդա հերթական նամակս: Ոչինչ, ես չեմ նեղանում քեզնից, ինչպես դու ինձնից՝ շիրիմիդ չայցելելու համար:
Գիտեմ, որ թռչունները թռչում են տարբեր ուղղություններով,
Հուսով եմ` կրկին կտեսնեմ քեզ…

Սև ու սպիտակ

Ծանր օրերի հիշողությունը
Նոյեմբերի 8-ն էր, երբ դեռ Արցախում պատերազմ էր, արցախցի մի խումբ երեխաներ Երևանում սպասում էին, թե երբ կավարտվի պատերազմը ու կվերադառնան տուն։ Երեխաները մոտ երկու շաբաթ Ստեփանակերտի ապաստարանում էին անցկացրել` բայրաքթարների, ԱԹՍ-ների, հրթիռակոծությունների տակ: Ճնշված էին ու վախեցած, և մենք նրանց համար հետաքրքիր ժամանց էինք մտածել, որպեսզի մի քիչ ցրվեն ու մոռանան: Այդ օրերին բոլորս համոզված էինք, որ հաղթելու ենք, ուղղակի պետք էր մի քիչ էլ դիմանալ: Երեխաներից մեկն առանձնացել էր խմբից, տխուր հայացքով նայում էր: Մոտեցա, զրուցեցինք, և նա սկսեց պատմել իր փոքրիկ կյանքի մեծ ողբերգությունը:
-Մեր տան դիմաց մի շենք կար, որը վթարային էր, ու պետք է արհեստական երկրաշարժի միջոցով քանդեին: Տանը նստած թրթնջուկով ապուր էինք ուտում, երբ անհասկանալի խլացնող ձայն ընկավ ականջներիս մեջ, ու աչքիս առաջ էդ շենքը պայթեց: Հայրիկս ասաց. «Ուշ, թա շուտ քնդլանին, գոնե շուտ ըսեին, մարդու սերտա վեննը կենում»։
Ես և քույրիկս վախից քարացել էինք, հայրիկի խոսքերը մեզ հետ բերեցին «իրականություն»։ Հազիվ էինք շունչ քաշել, երբ երկրորդ ձայնը լսվեց լրիվ ուրիշ կողմից: Այս անգամ հայրիկը վայրկյան անգամ չմտածեց մեզ որևէ բացատրություն տալու, ասաց, որ արագ պետք է իջնենք կողքի հյուրանոցի նկուղային հարկը: Մենք ինչքան ուժ ունեինք, վազում էինք։
-Մաման մագազինումն ա, պապ, մամա՞ն:
Այդ պահին մայրիկը վազելով մեզ մոտեցավ.
-Շուտ ըրեք, քշացիք ես գործա ուշանում ըմ:
-Բայց սօր քու ազատ օրտ ա, պա՛պ,- մինչև արտաբերեց քույրիկս, հայրիկի մեքենան արդեն մեծ արագությամբ հեռանում էր:
-Մա՛մ, էս հի՞նչ սասեր ա, շտապ օգնությունն ա՞ կյամ, բայց պատար նման չի։
-Չէ՛, Անի, սիրենայա` էլեկտրաշչակներն փորձում ըն, վեր բուրդան կռևը սկսե, կարին մարդկանց զգուշացնին։
Մենք արդեն ապաստարանում էինք, այնտեղ հանդիպեցի, մեր դասարանի Արաքսին, իրենք էլ էին իջել, որ տագնապի ազդանշանի փորձարկումը ստացվի: Հետո մեր դպրոցի Ալբերտն ու Նարեկը եկան։
Այնտեղ իմացանք, որ իրենց հայրիկներն էլ են աշխատանքի գնացել, բայց չէ՞ որ իմ հայրիկը զինվորական է, և 11 տարի է, ինչ աշխատում է սահմանին, իսկ Նարեկի ու Ալբերտի հայրիկները նոր են վերադարձել արտերկրից ու դեռ աշխատանք չունեն։ Մինչ մտքերիս մեջ էի խճճվել, ականջներս նորից խլացան շատ հզոր ձայնից։
Ապաստարան իջան երկու տղամարդ` մի վիրավոր տարեց կնոջ գրկած իջեցրին, բոլորը վազեցին, որ օգնեն… Իսկ տագնապի ազդանշանները չէին դադարում:
«Պատերազմի ձայներն են»,- լսեցի մայրիկի չասված խոսքերը, երբ մի պահ բռնացրի աչքերը, որ ամաչում էին ինձ նայել։
Այսպես սկսվեց պատերազմը իմ երկրում ու իմ մեջ…
Մոտ մեկ շաբաթ մնացինք ապաստարանում: Ամեն օր առավոտյան հայրիկը զանգում էր ու ասում, որ շուտով կհաղթենք, շատ քիչ է մնացել, որ տուն գնանք, որ պետք է ուժեղ լինենք, մայրիկին օգնենք դրանով: Տագնապի ազդանշանները գիշեր ցերեկ ականջիս մեջ էին, ես արդեն չէի զգում այդ ձայները, ես դրանք լսում էի, երբ մի պահ լռում էին, դրանք մնացել են ականջներիս մեջ:
Ես արդեն լսում էի այդ ձայները Երևանում, քանի, որ մի օր առավոտյան հայրիկը զանգեց ու ասաց, որ պետք է շուտ Երևան գնանք, մինչև ինքը վերադառնա։ Մենք ամեն րոպե սպասում էինք, թե ե՞րբ կավարտվի պատերազմը ու կվերադառնանք տուն… Հեռուստատեսությամբ տեսանք, որ մեր դպրոցը և մնացած շատ դպրոցներ փլատակ են դարձել: Դպրոցում այրվել է մայրիկիս դիպլոմը. նա գերմաներենի ուսուցչուհի էր աշխատում: Մեր նկարած նկարների ցուցասրահը ևս չկա… Այդ օրվանից հեռուստացույց չեմ նայում: Հիմա մենք նոր նկարներ ենք նկարում ու արդեն ցուցահանդես ենք բացել։ Մեր նկարներում մեր տունն ենք պատկերում, մեր հայրիկներին, պապիկներին, որովհետև կարոտել ենք։
Ես լսեցի, որ Արաքսի, Արփիի ու Նարեկի տունը ավերակ է, իսկ հայրիկին չեն գտնում։
Բայց նրանք կվերադառնան, նոր տներ կկառուցվեն, նոր եկեղեցիներ, դպրոցներ… Իսկ ես կվերադառնամ Ստեփանակերտի մեր տունը: Պատուհանը բաց է մնացել, թրթնջուկի ապուրը` սեղանին, բայց սիրտս ուրիշ բան չի ուզում…
Արցախցի երեխաներին հանդիպել էի իրենց օրը հետաքրքիր դարձնելու, զրուցելու, փորձում էի մխիթարել, բայց ոչ ոք չգիտեր, որ իրենց տների նման իմ ներսն էլ էր ավերակ: Արցախցի երեխաները չէին էլ կարող պատկերացնել, թե ինչքան ուժեղ են իրենք, մեզանից հազար անգամ ավելի ուժեղ…
Հիմա գիտեմ, որ վերադարձել են իրենց տուն ու վստահ եմ, որ արցախյան համեղ ապուրի բույրը կրկին տարածվել է իրենց տաքուկ տանը։
Ձեզնով էլ մենք ենք ուժեղ, Արցախի մեր հայրենակիցներ։

Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում

Ինձ հեքիաթ պատմեք
Ինձ հեքիաթ պատմեք: Ամենից լուսավոր հեքիաթը հիշեք՝ առանց բացասական կերպարների, վախեցնող դեպքերի, չար հերոսների ու փորձությունների, առանց մութ անտառների ու կորած երեխաների: Եթե չգիտեք աշխարհի ամենախաղաղ վայրի ու հանդարտ սյուժեի մասին, ուրեմն հեքիաթը հորինեք հենց սկզբից: Հնարեք ամենասուտ ու մտացածին աշխարհն ինձ համար: Իսկ հետո ցածր, հանդարտ ձայնով սկսեք պատմել…
Պատմեք ինձ խաղաղ ծովերի, լուսավոր անտառների, բարձր լեռների ու գրավիչ մայրամուտների մասին: Համոզեք, որ այդ աշխարհի կենդանիների բոլոր տեսակները անվտանգ են, որ անգամ առյուծն է նուրբ ու հոգատար։ Ասեք, որ այնտեղ չեն լսվում տագնապի ազդանշաններ` ո՛չ բնական աղետների, ո՛չ հեռախոսի զանգերի և ո՛չ էլ շտապօգնության մեքենաների: Այնտեղ թող շշնջան միայն չարաճճի ալիքները, մեղմ շոյող քամին, բազմերանգ տերևներն ու թռչունները:
Հավաստիացրեք, որ ոտքս ուր էլ դնեմ՝ փայլփլուն ծաղիկներ կբացվեն։ Թե բարձր ժայռից ցած նետվեմ, քամին ինձ դանդաղ ներքև կիջեցնի։ Իսկ եթե սուզվեմ ծովի խորքերը, ջուրը ինձ արագ վերև կհանի։ Ու ես այս հրաշքներով հիացած, գլուխս կորցրած ժամանակի և իրական կյանքի մասին շուտ կմոռանամ։
Ինձ մենակ թողեք այդ անիրական վայրում: Խնդրում եմ, թող այդ հեքիաթում ինձանից բացի ուրիշ հերոսներ չլինեն: Որպեսզի ես ընկերներ ձեռք չբերեմ, չմտերմանամ շատ մարդկանց հետ, որպեսզի հետո ստիպված չլինեմ նրանց կորցնել, հրաժեշտ տալ ու էլ չտեսնել:
Զրկեք ինձ մտածելու, վերլուծելու և հետևություններ անելու կարողությունից: Անջատեք իմ գիտակցությունը, զգացմունքներն ու հույզերը: Թող արցունքներս թափվեն, խառնվեն ծովին, բայց թույլ մի տվեք, որ ներսս ցավի: Թող ես լինեմ այդ հեքիաթի ամենաթույլ ու ենթարկվող հերոսուհին: Հոգնել եմ ներկայիս ուժեղ կերպարից: Ուզում եմ վերջապես ընկնել ու ջանք չթափել կանգնելու համար․․․
Երբ ես վերջապես թիթեռի հետևից վազելով կհասնեմ աշխարհը ձեր հորինած, խնդրում եմ, ինձ այնտեղ կողպեք։ Էլ ոչ մի դեպքում դուռը չբացեք․․․

Անուրջ տանիքում
Կգա այն օրը, երբ մեր դաշտերում
Ձեռքդ բռնած կքայլեմ հանգիստ,
Եվ մանկությանս խենթ քամին կրկին
Ետ կգա իր հետ ծաղկի բույրերով։
Կնստեմ կանաչ ծառի շվաքում,
Լուռ կհետևեմ քո աշխատանքին,
Ու ծաղիկներից պսակ գործելով
Ուրախ կվազեմ` կարոտ քո գրկին։
Կգրկես ինձ քո ամուր ձեռքերով,
Կասես` գեղեցիկ է պսակը իմ,
Ու քո խոսքերով հոգիս լցնելով`
Թևեր կտաս իմ երազանքին։
Դաշտերում անհոգ կվազեմ անվերջ
Ու կմոռանամ տունդարձի մասին,
Քանզի ողջ կյանքում ուր էլ որ լինեմ`
Միայն քեզ հետ է տունը իմ։
Արևի շողերը դեմքիս կընկնեն,
Ու կփակվեն աչքերս հոգնած,
Մթին գրկումդ ինձ տուն տանելով`
Մանկությունս կարծես հեքիաթ կթվա։
Բայց խավարներում հոգիդ կորցնելով
Քայլում եմ մութը ներսումս պահած,
Մնաց ինձ միայն դաշտերի քամին`
Մանկության բույրը իր մեջ հավաքած։
Եկան ու անցան օրերը այն հին,
Երբ քո գրկում էի տուն դառնում քնած,
Ու այն խենթ քամին` դաշտի բույրերով
Կմնա լոկ հուշ իմ երազանքին։
Ու մենակ, դատարկ տանիքում նստած
Կսպասեմ երկնքից ընկնող աստղին,
Որ քեզ այնտեղից իր գրկում պահած
Բերի ու թողնի հավերժ իմ կողքին։