Mushegh Tonoyan

Իմ երկրում Նուռ է հասնում

Իմ երկրում Նուռ է հասնում,

Արյանս պես` կարմիր-կարմիր…

Ու ես գիտեմ, թե ինչու է հենց այդ գույնը տրվել նրան…

Պատճառն այն է որ նռնենու` թագապտուղ մեր այդ ծառի…

Արմատները խառնվել են, հանուն իրեն թափված արյանն ու ճյուղերով

Հիշողության բարձրացել են դեպի պտուղ,

Կարմրացրել հատիկները,  բյուրեղները արցունքատես…

Բայց որքան էլ նուռը հատես,

Սերմը նրա մաքուր-մաքուր…

Սպիտակ է դեռ, անբիծ է դեռ..

Ժողովրդիս սուրբ սրտի պես…

Ընդամենը յոթ տարի առաջ

Նամակ Ձմեռ Պապիկին

«Բարև, Ձմեռ Պապ։ Անկեղծ ասած կարոտել էի այս արտահայտությունը, որը վերջին անգամ 9 տարեկանում էի գործածել։ Անսովոր է։ Բայց այդքան տխրելու պատճառ չկա, քանի որ ես ունեմ փոքր քույրիկ ու իր հետ էլի 9 տարի կհավատամ հրաշքներին, քո գոյությանը ու հեքիաթային հերոսներին։ Սակայն ավելի ճիշտ կլինի ասել, որ ես ու ծնողներս իր համար հրաշքներ կստեղծենք, ինչպես օրինակ, նամակի անհետացումը տոնածառի տակից կամ նվերների հայտնվելը։

Հավատա, Ձմեռ Պապ, այնպես կանեմ, որ քրոջս հեքիաթը երկար տևի, զվարթ մանկությունը 1-2 տարի ավելի լինի, քանի որ ինչքան երկար ես հավատում Ձմեռ Պապին, այնքան ավելի արտասովոր է դեկտեմբերի 31-ը։ Հիշում եմ, թե ինչքան էի ուրախանում, երբ տան զանգն էի լսում Նոր Տարվա գիշերը, իսկ նամակ գրելը մի այլ արարողություն էր։

Ձմեռ Պապ, ես գիտեմ, թե ինչ եմ ուզում քեզնից։ Ուզում եմ, որ ես էլի հավատամ քո գոյությանը, ուզում եմ ծնողներիցս թաքուն նամակ գրել ու թաքցնել տոնածառի մոտ, որ իրենք չգտնեն, իսկ հետո զարմանամ` չգտնելով նամակն իր տեղում։

Այո՛, Ձմեռ Պապ, ես ուզում եմ երեխա դառնալ։ Բայց ի՞նչ վատ բան կա այդտեղ։ Երեխաները բարի են, անկեղծ, ուրախ, հավատում են քեզ ու ամեն ինչին նայում են իրենց մեծ, պսպղուն, անմեղ աչքերով։ Նրանք չգիտեն շատ բաներ, ուստի ամեն ինչ իրենց համար ավելի հեշտ է, և վերջ ի վերջո, նրանք ժամերով դաս չեն անում։

Գիտես, Ձմեռ Պապ, ես ուրախ կլինեմ քո յուրաքանչյուր նվերին, չէ՞ որ ուզած-չուզած քույրիկիս հետ ինչ-որ հեքիաթի հերոս կդառնամ»:

Գոհար Կարախանյան

Երեք սերունդ, երեք ավանդույթ

Կրկնությունը գիտության մայրն է։ Ես հաճախ եմ առաջնորդվել այս խոսքերով։ Որոշ դեպքերում անգամ դրանք դարձել են իմ կարգախոսը։ Բայց, մի ասացվածք էլ կա, ասում է՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Հիմա շատերի մեջ հարց կառաջանա։ Էս տղան ինչի՞ համար է ասացվածքներից խոսում։ Ասեմ։ Ես ուզում եմ մի օրինակ բերել, որի ժամանակ անխտիր բոլորն առաջնորդվում են առաջին ասացվածքով, լիովին մոռանալով երկրորդը։ Շատերն արդեն հասկացան, որ խոսքս մեր՝ հայկական, ավանդական, «խոզի բդոտ» ու «ստալիչնիոտ» նոր տարիների մասին է։ Ախր, ինչքան էլ կատակեմ, դրա մեջ իրականություն կա։ Բոլորն էլ երևի նկատել են, որ ամեն տարի կրկնվում է նույնը։ …«Խոզի բուդ, ստալիչնի, չարազ, օղի, օղի, օղի, արաղ, արաղ․․․Ո՞վ եմ ես»։ Վայ, տեսեք է։ Քիչ էր մնում հազարավոր տան տնտեսուհիների վիրավորեի, «բլինչի՜կն» էի մոռացել։

Ես իրոք զարմանում եմ, երևի այդքան որ ասում են` հրաշք ա, հրաշք ա, սրա մասին են ասում։ Ամեն տարի նույնը, ու ոչ մեկը չի հոգնում։ Խոզի բուդն էլ, բլինչիկն ու էն մնացած ամանորյա եսիմինչիկները լավ ուտվում են։ Միակ բանը, որ չի ուտվում, բայց բոլորը գնում են, դա անձեռոցիկն ա։ Լավ, կատակեցի։ Էն որ ասում էի` օղի, օղի, օղի։ Հենց էդ ժամանակ էլ անձեռոցիկը հացի տեղ ուտվում ա։

Ամանոր տոնելը ես բաժանում եմ 3 տարիքային խմբերի։

Առաջինը՝ մանուկներ։ Ամանոր է, բոլոր երեխաներն ուրախ,զվարթ, մեծ հույսերով նամակ են գրում հեռավոր Լապլանդիայում ապրող Ձմեռ պապիկին, չիմանալով նույնիսկ, որ այդ նվերները իրենց ծնողներն են գնում։ Չնայած, հիմիկվա երեխաները այնքան են մեծերի, Հայաստանի վերաբերյալ բողոքները լսում, խելքները կտրում ա, որ հայկական փոստը նույնիսկ Մեղրիից Բագրատաշեն չի ձգվում, էլ ո՞ւր մնաց հասնի Լապլանդիա։ Ու դա այն դեպքում, որ Լապլանդիայի տեղը նույնիսկ Ձմեռ պապը կարգին չգիտի։ Ու մեկ էլ,էս երեխեքի մեջ մի զվարճալի բան էլ կա, որ ոչ-մեկին չեն թողում իրենց նամակը կարդա, ու իրենք էլ 4-5 տարեկան են, գրել չգիտեն։

-Կտա՞ս նամակդ կարդամ։

-Չէ՛, ոչ մեկին էլ չե՛մ տա։

-Բա ախր, դու գրել չգիտես, ո՞նց ես գրել։

-Մամային խնդրել եմ, ինքն ա գրել։

-Բա ասում ես` ոչ մեկին ցույց չես տվել։

-Հա՛, էլի որ։ Մաման փակ աչքերով ա գրել, չի կարդացել։

Լավ, ինչևէ։ Անցնեմ հաջորդ տարիքին։ Այս տարիքը ես անվանում եմ «բոմբասալյուտային» տարիք։ Էս տարիքի երեխեքը «Ամանոր նշել» ասելով, հասկանում են պայթուցիկներով մարդկանց շաքարը բարձրացնելն ու Նոր տարվա գիշերը հրավառություն անելը։ Տնաշեններ, հերիք ա էլի։ Մի օր էլ էնքան եք պայթեցնելու էդ «սալյուտները», որ Նոր տարին վախից Հայաստան չմտնի։ Շրջանցի ու գնա։ Առանց էդ էլ, մաքսատան գները տեսնելով էս խեղճ Նոր տարին մի եսիմ ինչքան էլ չի ուրախանում Հայաստան մտնելով։

Եվ վերջապես «ամենաողբերգական» տարիքը։ Այս տարիքում մարդիկ մոռանում են, որ աշխարհում լավ բաներ էլ գոյություն ունեն։ Միայն առաջնորդվում են` «Նոր տարին ինչպես դիմավորես, այնպես էլ կանցկացնես» կարգախոսով ու հասկանում, որ վերջ։ Այս տարին էլ, մնացածի պես անցկացնելու են պարտքերի մեջ լողալով։ Այս տարիքում մի սովորույթ էլ կա, որ ինձ համար մի-քիչ, չնայած մի-քիչը ո՞րն ա, լավ էլ տարօրինակ ա թվում։ Դա իրար հյուր գնալու ավանդույթն է։ Ախր, ինչո՞ւ: Ի՞նչ իմաստ ունի գնալ էն մարդու տուն, ով մի կես ժամ առաջ ձեր տանն էր, ու իր լյարդի հետ միասին շնորհավորում էր ձեր Նոր տարին։ Դե իհարկե, իրար սեղան գնահատելու պահն է էստեղ։ Մարդիկ մի բլոկնոտ վերցնում են ու սկսում են գնահատել բոլորի սեղանները։ Այս դեպքում հաղթում է նա, ով բոլորից շուտ էր շրջել տներով։ Նա պարզապես տեսնում է, թե իր սեղանը ումինից ինչով է պակաս, մահվան գնով էլ լինի, գնում ու լրացնում է, ու վերջ։ …Մե խինդ, մե ուրախություն… Նա դառնում է «տարվա սեղան» մրցանակաբաշխության հաղթողը։ Էհ…Մեկ ա, չեմ հասկանում էլի։

Դե լավ, էլ չշարունակեմ։ Ուղղակի առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող հայերի Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Ցանկանում եմ մի պարկ առողջություն, այս նոր՝ 2016 թվականին շատ հաջողություններ, թող մեր պանդուխտները վերադառնան հայրենիք։ Եվ ամենակարևորը, շառից-պարտքից հեռու, ժողովուրդ ջան։

Հուսամ մեր սերունդը ամանորյա նոր ավանդույթ կստեղծի, և այս ամենը հիշելով, մի լավ կծիծաղեն:

Նարեկ Բաբայան

Sabina Davtyan

Հայացք դեպի անցյալ

1992 թվականի պատերազմի մասին ծնողներիցս ու դասախոսներիցս էի լսել, 2016-ի պատերազմի մասին խոսել չեմ ուզում, որովհետև փոքր էի ու ոչինչ համարյա չէի գիտակցում, իսկ այ, սեպտեմբերի 27-ի մասին լռելը հանցագործություն կլինի ուղղակի:

Ուղղակի` ինչու՞ հենց մենք, ինչու՞ հենց մեր սերունդը…

Պատերազմ բառի մեջ շատ ցավ կա, կորուստներ, ապրումներ, անքուն գիշերներ, մղձավանջներ… Այնքան բան կա պատերազմի մասին ասելու… Դժվար է գիտակցելը, որ առաջ պետք է շարժվես, որովհետև տեղում մնալը նույնպես անիմաստ է, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարես պայքարել: Պայքարել միշտ էլ պետք է  հանուն նրանց, ովքեր հերոսի մահով ընկան ու հանուն նրանց, ովքեր պատերազմից վերադարձան, ու եթե նրանք շարունակում են ապրել, դու չապրելու իրավունք չունես, հանձնվելու իրավունք չունես…

…Իր հետ խոսելիս միշտ պատերազմի թեմայից խուսափում էի` ցավ չպատճառելու համար, իսկ նա էլ ընդհանրապես չէր էլ խոսում: Մի՞գուցե դեռ վերքերը լիովին չէին ապաքինվել, իսկ միգուցե ինձ ցավ չպատճառելու համար խոսել չէր ուզում, բայց թե ինչը ստիպեց նրան խոսել պատերազմից այդ օրը, չգիտեմ: Չէ որ այնքան ժամանակ բառ անգամ չէր ասել ու միանգամից կտրուկ սկսեց խոսել:

- 44 օր տևած պատերազմի ընթացքում Օմարը 45 օր կանգուն պահեցինք, 44 օր աչք չփակեցինք, այնքան ցուրտ էր, որ ձեռքերս ցրտահարվել էին, բայց զենքը ձեռքիցս դնելու միտք չեմ ունեցել: Մահվան մասին չեմ մտածել ոչ թե որ ժամանակ չկար կամ ժամանակը չէր, այլ  գիտեի, որ կյանքի ու մահվան ուղիղ մեջտեղում եմ գտնվում, բայց չէի վախենում, այլ պայքարում էի… Պայքարում էի հայրենքիս համար, ու ինչու չէ, նաև քո, թեկուզև այդ ժամանակ ծանոթ չենք եղել, բայց ներքին ձայնս հուշում էր, որ ընտանիքիցդ զատ սպասող ունես, պետք է պարտադիր տուն վերադառնաս…

Գիտե՞ս, Օմարում սիրուն էր, նամանավանդ, երբ ձյուն էր գալիս: Ճիշտ է, ձյան ժամանակ դժվար էր, մի կերպ էինք կարողանում քայլել ձյան մեջ, որովհետև բավական խորն էր, բայց սիրուն էր, շատ սիրուն…

Եթե հնարավորություն ունենայի, քեզ կտանեի, ու քո աչքով այդ գեղեցկությունը կտեսնեիր: Գիտեմ՝ սիրում ես բարձրությունը, բացի դրանից՝ լուսանկարել նույնպես սիրում ես: Այնքան գեղեցիկ նկարներ կլինեին…

Ու վերջապես, կտեսնեիր` ինչի համար ենք պայքարել, ինչի համար ենք անքուն մնացել, ինչի համար են ընկերներս իրենց կյանքը տվել…

Իր խոսելու ընթացքում ոչինչ չէի խոսում, որովհետև կյանքում առաջին անգամ խոսելուս ունակությունը լքել էր ինձ: Ի՞նչ խոսեի, ինչպե՞ս մխիթարեի, չէ որ կյանքի գնով պահված հողը ուղղակի հանձնեցին թշնամուն… Մնում էր միայն գրկել նրան այնքան պինդ, որ գոնե ցավի կեսը վերցնեի ինձ: Գոնե քիչ ցավեր, գոնե ցավը հավասար կիսվեր մեր մեջ: Զգացմունքներս խառնվել էին իրար: Չգիտեի անգամ, թե ինչ էի զգում հպարտությու՞ն թե՞ թշնամանք, հուսահատություն թե՞ ուրախություն…

Հպարտություն կոչվածը կոկորդիցս պինդ բռնել ու խեղդում էր, իսկ հուսահատությունն էլ փորձեր էր անում, որ ոտքի կանգնի կամաց-կամաց: Բայց հասկանում էի` ավելի լավ է խեղդվեմ հպարտությունից, քան թույլ տամ պարտվել հուսահատությանը, քանի որ Հերոսի կողքին լինելու համար առաջին հերթին պետք է արժանի լինել, այսինքն՝ մոռանալ հուսահատության մասին, խաչ քաշել «հանձնվել» արտահայտության վրա ու միայն կարմիրով գծել «պայքարել» և «ուժեղ լինել» արտահայտությունները:

Ես նայում էի նրան ու չէի հասկանում, ինչպես կարող է նրա համեստ հայացքի և գեղեցիկ դարչնագույն աչքերի ետևում այդքան ուժ, մի ամբողջ ազգի պատմություն, մի ամբողջ պայքար, մի ամբողջ կյանք թաքնված լինել:

Ուշադիր նայում էի նրան ու հասկանում, որ կրկին կռիվ լինելու դեպքում անգամ ես ետ պահել նրան չեմ կարողանա: Միգուցե սերս բավական էր ետ պահելու նրան շատ այլ քայլերից, բայց Հայրենիքի պաշտպանությունից նրան ոչ ոք ետ կանգնեցնել չէր կարող: Միայն կարողացա նրան ասել.

-Չգնաս էլ… Դու քո կռիվն արդեն տվել ես…

Մի պահ անթարթ նայեց աչքերիս, հետո համբուրեց ճակատս ու ժպիտով ասաց.

-Եթե ես չգնամ, ո՞վ քեզ պետք է պաշտպանի, ինչպե՞ս գլուխս հանգիստ դնեմ բարձին ու քնեմ, եթե ընկերներս այնտեղ` սահմանին, միայնակ են… էլ ո՞ր օրվա ընկերն եմ ես…

-Վախենում եմ հայրենասիրությունդ, նվիրվածությունդ ու ընկերասիրությունդ քեզ խլեն ինձանից…

-Իսկ դու վախենալու իրավունք չունես, ես քեզ սովորեցրել եմ ոչնչից չվախենալ, առավել ևս, կապ չունի, թե ես ուր եմ գնում: Ես միշտ հետ եմ գալու, միշտ քեզ մոտ եմ գալու:

-Գիտես, որ միշտ կսպասեմ:

-Գիտես` երկար սպասեցնել չեմ տա:

Ու այդ պահից ի վեր հասկացա, որ եթե թշնամուն դեմ դիմաց լինենք կամ կռվի էպիկետրոնում, և նա ասի, որ ամեն ինչ լավ է լինելու, ես նրան կհավատամ…