Հայկը սիրում էր երկինքը

Հայկ Ղուլյանը 19 տարեկան էր, Արցախի Շեխեր գյուղից էր, սովորում էր Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում: Նա զոհվեց հանուն իր սուրբ հողի, հանուն իր Արցախի։

Հայկը ծառայության օրերն էր հաշվում, ամեն անգամ խոսելուց ասում էր մնաց այսքան օր։ Շատ էր սիրում Երևանը։ Միշտ ասում էր. «Ծառայությունս վերջացնեմ, մի ամիս հանգստանամ, գալու եմ շուտ Երևան»։ Կատակներ շատ էր անում։ Երբ խոսում էինք, ասում էր. «Գիտես, Երևանում եմ հիմա»։ Ես էլ դե իհարկե չէի հավատում, բայց ինքը էնպես էր ասում, որ մարդու հավատը կգար։ Ու մի օր էլ հերթական անգամ ասաց, որ Երևան է եկել, չհավատացի։ Պարզվեց, որ իրոք եկել է։ Դեկտեմբերն էր. չէի մտածի, որ դա վերջին անգամն էր, որ տեսնում եմ իրեն։ Հայկը շատ նպատակներ ուներ։ Ուզում էր ուսումը Գերմանիայում շարունակել։ Շատ լավ էր սովորում, պարտաճանաչ էր, սիրում էր ամեն բան անել ըստ հերթականության։ Երկուսս էլ գերմաներենի խմբից էինք։ Չնայած նրան, որ նոր էր սովորում լեզուն, շատ կարճ ժամանակում սկսեց գերմաներենին տիրապետել։ Անգամ եղավ այնպես, որ խմբում ամենաբարձր գնահատականն ինքն էր ստացել քննության ժամանակ։

Ծառայության ընթացքում ասում էր, որ պարապում է, գրքեր կարդում։ Հայկի խոսքը գործ էր, ինչ այդ պահին նրան ասեիր, անմիջապես կաներ։

Հայկի հետ որոշել էինք Արցախով մեկ ճամփորդել։ Ամեն անգամ խոսելուց հարցնում էր՝ երբ եմ գնալու։ Ասում էր. «Ես գիդի դերում կլինեմ», ցույց կտամ քեզ Արցախս։  Շատ լուսավոր մարդ էր, սիրում էր, որ մարդիկ միշտ ժպտում են։

Հայկը ամռանը զորացրվելու էր։ Բայց, ավա՜ղ: Վերջին անգամ խոսելուց շատ ուրախ տրամադրություն ուներ: Հիշում եմ, կարոտից էինք խոսում, ու ես բացատրում էի նրան այդ բառի իմաստը։ Կարոտ նշանակում է` կար ժամանակ, որ մոտ էր։ Մ-ն սղվել է, փոխարենը ավելացել է ր։ Ասացի, որ հայերենի ամենավատ տառը Ր-ն է։ Այն ցանկացած բառի մոտ, երբ դնում ես, անցյալ ժամանակ է դարձնում: Կա-կար, է-էր։ Լսեց ու ասաց «ախ-ախ-ախ»՝ իր սիրելի արտահայտությունը։ Էդպես ավարտեցինք զրույցը։ Ու հիմա  չեմ հավատում, որ իր մասին անցյալով պետք է խոսեմ՝ այդ չարաբաստիկ Ր-ն  օգտագործելով։ Չեմ կարող ասել զուգադիպություն էր մեր զրույցը նման նոտայով ավարտելը, բայց երբ իմացա նրա մահվան բոթը, ակամայից հիշեցի այս խոսակցությունը։ Զուգադիպությունները շատ-շատ են։ Գրեթե միշտ եղել են ու հիմա էլ, երբ մտաբերում եմ, իրոք, հասկանում եմ, որ այդպես է։ Հայկի ամենասիրելի հերոսը, ում մասին միշտ ակնածանքով էր խոսում, Բեկորն էր՝ Աշոտ Ղուլյանը։ Հայկի հուղարկավորությունը տեղի ունեցավ հենց Բեկորի ծննդյան օրը՝  հոկտեմբերի 6-ին։ Այդ օրը քաղաքը նույնպես սգում էր Հայկի մահը։ Ամբողջ գիշեր անձրևեց, ամպերը որոտում էին, կարծես ցավից մռնչալիս լինեին։ Անգամ Հայկի ծննդյան օրն էր պատմական. մայիսի 8-ը, որ ինչպես գիտենք, Շուշիի ազատագրման օրն է։

Հայկը սիրում էր երկինքը՝ աստղազարդ ու լուսավոր։ Երևի մտածեց, որ երկնքում լույսը պակասել ու չի հերիքում ներքևը լուսավորելուն, որոշեց գնալ իրեն հարազատ՝ մաքուր ու լազուր երկինքը։

Ցավ եմ ապրում, որ Հայկը չկա, չեմ ուզում պատկերացնել, թե հիմա նա ինչ կզգար, երբ տեսներ, որ իր Արցախը ում ձեռքում է։ Բայց չեմ ուզում կոտրվել, որովհետև մենք բոլորս պարտք ունենք Հայկի ու իր նման հերոս տղաների առջև։ Այն է. հետ բերել մեր Արցախ աշխարհը…

Հավերժ փառք քեզ, Հերոս ՀԱՅԿ…

Կյանքդ կյանքիս համար, կյանքս կյանքիդ գնով

Մեկ ամիս… Ուղղակի գոյատևել (սա ապրել կոչել չի լինի)՝ հույս ունենալով, որ  այս օրը կլինի պատերազմի վերջին օրը, երազել, որ այս պատերազմը  կլինի մեր երկրի պատմության մեջ վերջինը, և մենք կլինենք հայոց աշխարհի վերջին սերունդը, որը պատերազմ է տեսնում:

Վերջին օրը, որը մենք իսկապես ապրել ենք, եղել է սեպտեմբերի 26-ը: Դրանից հետո մեզ համար կյանքը կանգ է առել: Եվ ո՞վ գիտի՝ մեկ էլ ե՞րբ կսկսենք իսկապես ապրել: Հիմա ենք հասկանում, թե որքան երջանիկ ենք եղել պատերազմից առաջ: Առաջ «ինչ է իրական երջանկությունը» հարցին գուցե կպատասխանեինք շատ երկար փիլիսոփայելով, բայց հիմա բոլորիս պատասխանը մեկն է` «խաղաղությունը»: Ի՞նչ է մեզ հիմա ավելի շատ պետք, քան խաղաղությունը:

Քանի՞ կյանքի փոխարեն ենք ապրելու, քանի չապրած կյանքերի գնով ենք արժանանում մեր այսօրվան… Ցավալի է գիտակցել, որ դու կաս ուրիշների չլինելու գնով, բայց և անսահման պարտավորեցնող է, որ կարողանանք ապրել այնքան  ճիշտ և գեղեցիկ, որ մեր հերոսների զոհաբերությունը իզուր չլինի, որ արժանի լինենք ապրելու այն հողի վրա, որը վաստակել ենք նրանց արյան  գնով:

Հիմա բոլորս էլ մեր հոգու մի մասնիկով ԶԻՆՎՈՐ ենք` հայրենիքի պաշտպան, հայրենիքով մտահոգված ու հայրենիքով ապրող:

Պատերազմը սովորեցրեց սիրել հայրենիքը սեփական կյանքից առավել, չէ՞ որ առանց հայրենիք չենք լինի մենք, և առանց մեզ էլ` հայրենիք:

Ամենից սարսափելին գիտե՞ք որն է: Այն, որ արդեն ինչ-որ չափով սովորել ու համակերպվել ենք պատերազմին, արդեն չենք զարմանում ոչ մի բանից: Սա իսկապես շատ ավելի վատ է: Բոլորիս կյանքը գլխիվայր շրջվել է, ցերեկն ու գիշերը մեկ են դարձել, իրարից չեն էլ տարբերվում, օրը քսանչորս ժամ լարված ենք, սպասողական, հուզաշատ ու մտահոգ:

Այս օրերին իրար  ավելի շատ ոչ թե «բարև» ենք ասում, այլ «հը՞ն, զանգե՞լ են»: Ու ամեն անգամ սրտի թրթիռով սպասում ենք, որ հանկարծ բացասական պատասխան չստանանք: Հանկարծ մի վատ լուր չլինի, հանկարծ նորից  հեռուստացույցի էկրանին հերոսների հերթական ցուցակը չհայտնվի, մենք միայն կենդանի հերոսներ ենք ուզում:

Բավական է խոսել հանուն հայրենիքի զոհվելու մասին… Հայրենիքի համար ապրել  է պետք… Երջանիկ ապրել, ու մենք ապրելու ենք, ապրելու ենք միշտ, ապրելու ենք՝ մեր ներսում վառ պահելով բոլոր անմահացած հերոսների հիշատակը: Այսուհետ ապրելու ենք նաև նրանց փոխարեն ու կրկնակի անգամ երջանիկ պետք է լինենք: Եվ ինքներս մեզ միշտ գոնե մի փոքր մեղավոր ենք զգալու մեր հերոս եղբայրների կիսատ թողած կյանքի համար: Կներե՛ք մեզ, տղե՛րք:

Թշնամին հիմա էլ նույնն է, ինչպես տարիներ առաջ, միշտ նենգ, անկուշտ, բայց ոչ հաղթող: Եվ մենք էլ նույնն ենք, նույն պայքարող ու ապրող ազգը: Մենք Եղեռն տեսած տատ ու պապի թոռներն ու ծոռներն ենք, չէ՛, չենք ներելու, ու եթե անգամ Եղեռնը ներել կարող էինք, ապա այս մերօրյա պատերազմը՝ ոչ, քանի որ ինքներս ենք ապրում և զգում  այն, իհարկե, ոչ բոլորս ենք մեր սեփական մաշկի վրա զգում պատերազմի հետևանքները, բայց հոգեպես… Հոգեպես բոլորս էլ տանջվում ու «վիրավորվում ենք» անընդհատ, սակայն եթե մարմինը զոհվել գիտի, ապա հոգին երբեք չի զոհվում, այն էլ հայի հոգին:

Շատ բան տեսանք այս օրերին, ու ևս մեկ անգամ հասկացա, որ իսկապես հայը պարտվել չգիտի… Ինչպե՞ս կարող է պարտվել այն զինվորը, որի և՛մայրը, և՛հայրը հերոս են, իսկ հերոսներից հերոսներ են ծնվում:

Մի օր ամեն ինչ կավարտվի, բայց յուրաքանչյուրս մեր հոգում շարունակելու ենք կռիվ տալ թշնամու, անտարբեր աշխարհի, ճակատագրի դեմ: Ամեն ինչ կավարտվի, բայց ոչինչ չի մոռացվի, սրանք ճակատագրական ու բախտորոշ օրեր են, որոնք իրենց դրոշմն են թողնելու մեր հետագա կյանքի վրա:

Շարունակենք հուսալ, որ հնարավորինս շուտ կվերջանան  այս մռայլ օրերը, և լուսապայծառ օրեր կգան հայոց աշխարհում: Ու թող հաջորդ հոդվածս լինի մեր հաղթանակի մասին, որի ժամանակ մեծ հպարտությամբ ասելու եմ, որ, որքան էլ փորձեն, մեր լույսը մարել չեն կարողանալու:

Վեր կաց, եղբայր իմ

…ու քե՜զ տանեմ մեր սարերով ու քե՜զ տանեմ մեր լեռներով…
Անչափ ցավալի է, որ այսօր գրում եմ ոչ թե քեզ համար, այլ քո մասին։ Իսկ քո մասին բոլորն են խոսում՝ մեծ թե փոքր, ծանոթ կամ անծանոթ։ Էս գրողը տարած պատերազմը քեզ տարավ մեզնից։ Մենք անքեզ մնացինք։ Քո չլինելու գիտակցումը և ապրելը այլևս անհամատեղելի են։ Էլ չկան քո ապրեցնող ժպիտն ու զրնգուն ծիծաղը։
Քո Արևածագի առավոտները էլ երբեք նույնը չեն լինելու, մայրամուտները հավերժ վշտալից դարձան։
Առանց քեզ արևն էլ նախկինի նման չի ջերմացնում, անձրևը չի թրջում, ջուրը չի հագեցնում։
Առանց քեզ մենք ամաչում ենք ապրել։
Դու պիտի ապրեիր, որ քեզ հիշելիս արցունքի փոխարեն ժպտայինք ու ժպտալիս լաց չլինեինք։
Դու պիտի ապրեիր, որ աշխարհը չփլվեր մեզ վրա։
Դու ապրում ես, որովհետև մենք ոչ մի վայրկյան քեզ չենք մոռանում, որովհետև կյանքդ զոհեցիր հանուն Հայաստանի ու Արցախի կյանքի ու անմահացար։
Դու քո լույս կյանքը զոհեցիր, որ մենք կարողանանք հաղթահարել կյանքի խավարը։
Ամեն անգամ երկնքին նայելիս պիտի քեզ փնտրենք ու հավատանք, որ տեսնում ես մեզ, ժպտում ես մեզ ու քայլում ես մեր կողքին։
Միշտ մի բուռ արցունք անընդհատ խեղդում է մեզ, բայց լաց չենք լինում. դու ու կյանքը հոմանիշներ էիք՝ ուզում էիր, որ բոլորը երջանիկ լինեն։
Դու ապրում ես մեր մեջ ու մեր կողքին՝ հավետ։

Հավատացած եղիր, զինակից ընկերներդ անպայման առնելու են վրեժդ արնախում թշնամուց։

Աստված պահապան հայ քաջ զինվորին։

Խաղաղության գինը

Բարև, աշխարհի ինչ-որ անկյունում ապրող, պատերազմների մասին միայն ֆիլմերից ու դասագրքերից իմացող ու երբեք այդ վախն ու տագնապը չզգացող անծանոթ։
Քեզ գրում եմ մի երկրից, որը քարտեզի վրա մի փոքր տեղ է զբաղեցնում, մի երկրից, որը առաջինն է մոտեցել խաչին ու իր հավատքով հաղթել տասնամյակներ շարունակ տևող պատերազմին, մի երկրից, որտեղ ապրող մարդկանց առավոտները սկսվում է չընդհատվող աղոթքով ու խաղաղության խնդրանքով։
Երևի ես էլ քեզ նման պատերազմի մասին կլսեի մեծերից կամ կկարդայի դասագրքերում, եթե չլիներ 2016 թվականի ապրիլը, մի քանի օր տևած պատերազմը դաջվեց բոլորիս հիշողություններում:  Էդ չարաբաստիկ օրերը ինձնից շատ բան խլեցին։
Էդ ժամանակ դեռ երեխա էի, դե ավելի ճիշտ, ինձ էդպես էի համարում ու մտածում էի, որ ավարտից հետո հիշողությունիցս կջնջվի ամեն ինչ ու կմոռացվի։ Էս տարիների ընթացքում վերքերը սպիներ դարձան, բայց վերջնական մոռանալ չստացվեց, կամ կստացվեր, եթե այլևս պատերազմ չտեսնեի։
19 օր, արդեն 19-րդ օրն է, ինչ մեզ մոտ նորից պատերազմ է։
Գիտե՞ս, աշխարհում ամենազզվելի բանը պատերազմն է, երբ դու հոգեպես ու ֆիզիկապես կոտրվում ես, երբ քեզանից հեռանում են էն մարդիկ, ում հետ մանկություն ու պատանեկություն ես անցկացրել, ու մի օր անգամ չես պատկերացրել, որ իրենք էլ չեն լինի։
Երբ թշնամու կրակը կիսատ է թողնում բակում անհոգ խաղացող երեխայի կյանքը, երբ 4-5 տարեկան երեխան ոչ թե տիկնիկների, հեռախոսի կամ այլ բաների մասին է երազում, այլ խաղաղության։ Երբ մի փափուշտը որբացնում է նորածին երեխային, ծնկած է թողնում իր մինուճար որդուն կորցրած մորը ու անպատասխան է թողնում սիրած աղջկա նամակները։
Երբ թշնամու կողմից թիրախավորվում է խաղաղ բնակիչը` 13 ամյա երեխան, ով ընդամենը գնում էր գյուղատնտեսական գործեր անելու ու ծնողներին օգնելու, որ իր գյուղն ու պետությունը հզորացներ։
Թիրախավորվում է հաշմանդամ տղամարդը, ով երբեք չմտածեց սահմանամերձ գյուղը լքելու ու ավելի բարեկեցիկ կյանքով ապրելու մասին։
Իսկ գիտե՞ս, որ աշխարհը լռում է ու չի խոսում էս ամենի մասին, որովհետև մեծ տերությունների ղեկավարներին կուրացրել է նավթի գույնը, իրենց համար մի սահմանում կա` եթե ունես ռեսուրս, գումար, ուրեմն դու միշտ ճիշտ ես։ Դե մենք գումար ու նավթ չունենք, հզոր պետությունների ու ղեկավարների կողմից աջակցություն էլ չունենք, փոխարենը ունենք 18-19 տարեկան հայրենիքի պաշտպաններ, ովքեր սյուն են մեր պետության համար։
Գիտե՞ս, սահմանին կանգնած զինվորի համար մի կտոր հողը շատ թանկ արժի, այնքան թանկ, որ իր կյանքի գնով է վճարում այդ մի կտորը պահելու ու թշնամուն չհանձնելու համար։
Եթե ինձ մինչև պատերազմը հարցնեիր` ովքեր են ձեր թշնամիները, երևի չկարողանայի պատասխանել: Միշտ մտածում էի, որ անկախ ամեն ինչից, մարդիկ չպիտի չարանան իրար հանդեպ, ու եթե սերնդափոխություն լինի, ամեն ինչ կվերջանա, բայց սխալվում էի: Էս պատերազմը հակառակն ապացուցեց։
Էս պատերազմը շատ բան փոխեց իմ կյանքում ու երևի դեռ կփոխի, որովհետև ոչ ոք չգիտի, թե երբ կավարտվի, միայն մի բանում եմ համոզված ու վստահ եմ, որ անկախ ամեն ինչից, ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, ու հաջորդ նամակս քեզ, արդեն սիրելի դարձած անծանոթ, գրելու եմ հաղթանակած երկրից։
Ու վերջում մի բան եմ ուզում, որ պատերազմի մասին քո գիտելիքները եզրափակվեն միայն դիտածդ ֆիլմերով ու դասագրքերում կարդացածդ նյութերով։

Ես սպասում էի քեզ, հայրիկ

Այս տարի պայթող ռումբերը քեզ դարձել են խաղալիք,

և այդ խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ,

իսկ խաղի վերջում քո ճիչն է. ես սպասում եմ քեզ հայրիկ…

Էս տղան ուրիշ է, ինչպես բոլորը: Մի քիչ խենթ է, մի քիչ մարդասեր, մի քիչ էլ արժանապատիվ: Արդեն հերիք է՝ ոտքով գլխով կորչելու համար:

Էս տղան Դավիթն է:

Հեռուստացույցը, որ անուշադրությունից ժանգոտում է, կարծես, դրված է սենյակի ամենախորքում՝ լուսամուտին կիպ ու ամեն անգամ կարևոր պահերին քամուց ետուառաջ անող  ծաղկավոր դեղին վարագույրի փեշը  փակում է էկրանի միջից խոսողի դեմքի մեկ-երրորդը: Ուրիշ դեպքերում դեռ ոչինչ, բայց երբ խոսողը երկրի վարչապետն է, ամոթ է՝ անպատվաբեր մեզ պես ժողովրդի համար,- ամեն անգամ ասում է Սոֆի մայրիկը ու երկու քայլով հասնում հինգ մետրանոց հյուրասենյակի ծայր հյուսիս՝ «վարչապետի երեսը պարզ անելու»: Սիրում է ղեկավարին իր կյանքում առաջին անգամ (չհաշված խորհրդային երկրի հորը, ում չսիրելու տարբերակ չուներ): Արդեն երկար ժամանակ է՝ ամեն օր անհամբեր սպասում է բոլոր ժամերի լուրերին ու սկսվելուց մի քանի  րոպե առաջ գոռում է ամբողջ թաղամասով մեկ. «Միացրեք, տեսնենք` վարչապետն ի՞նչ է ասում»:

Բայց էսօր՝ սեպտեմբերյան վերջին օրերից մեկում, վարչապետի բառերից միշտ բերանը թեթևակի բաց, աչքերն էլ թեթևակի փակ ժպտացող էս կինը թրջում է աչքերը:

-Դավի՛թ…Դավիթ ջա՛ն, պատերազմ է…

Պատերազմ… Թվում է՝ հին բառ է, չէ՞, ու թվում է դասագրքերի փոշոտ տողերից գոռացող էս բառը հեռվից է նայում մեզ, բայց հիմա նորից էդ անիծյալը հայտնվել է լրահոսների առաջին տողում… Իսկ Դավիթի պատերազմը երբեք չի ավարտվել, էդ պատերազմը Դավիթի փոքրիկ բռի մեջ են խոթել ծննդյան առաջին վայրկյանից, երբ մոր` ամուսնուն  վայրկյաններ առաջ կորցրած ու իրեն գտած մոր արցունքի մի կաթիլը թափվել է փոքրիկի աշխարհից դեռ ոչինչ չհասկացող ափի մեջ: Առաջին ու վերջին կաթիլը ռմբակոծվող ծննդատան տասնչորսերոդ սենյակում…

Հիմա Սոֆի մայրիկը գոռում է, թե նորից պատերազմ է, իսկ Դավիթը մտածում է, որ պատերազմները մի անգամ են լինում, հետո մի ողջ սերունդ թիկունքը կոտրում է դրանց բեռան տակ… Եթե պատերազմը ավարտված լիներ, ինքը ինչո՞ւ պիտի 14-րդ հիվանդասենյակի բուժքրոջը մայրիկ ասեր: Ծանր է մտածել էդ մասին…

Հեռուստացույցից այն կողմ այլայլված կոստյումավորերն են գլուխ պայթեցնում, իսկ Դավիթը չի ուզում լսել ոչինչ, փակվել է իր փոքրիկ ու անլույս սենյակում ու մտածում է, հետո դարակի խորքերից հանում է փոշոտված մի կանաչ տետր՝ վրան ծուռ-մուռ տառերով իր անունն է հանգել: Բացում է տետրը, մի քիչ թերթում է ու կանգ առնում մոլորակի բոլոր տետրերի մեջ երբևէ գրված ամենատխուր բառերի վրա. «Հայրենիքը սիրելը այն է, երբ հայրդ ընկել է կռվում, բայց դու երբեք քեզ կամ ուրիշին չես տվել գրողի տարած հարցը՝ հանուն ինչի՞… Որովհետև դու սիրում ես այն, հանուն ինչի մենակ ես մնացել ողջ աշխարհում, ու դու ամաչում ես մտածել, որ կյանքդ սխալ գնաց, ու դու ամաչում ես գոռալ. «Ես սպասում էի քեզ, հայրիկ»: Չգիտեմ՝ որ դասարանում է խզբզել «Ի՞նչ է հայրենասիրությունը» պարտադրված ու տափակ վերնագրի տակ, բայց, երևի, ուրիշ ոչ մի պահի նման բան չկարողանար գրել: Հիմա, առհասարակ, ոչինչ չէր գրի էդ վերնագրի տակ…

Շաղված են Դավիթի աչքերը, ու իր խեղդող ու խղճուկ սենյակը մի քանի հատ է երևում աչքին: Մի քանի սենյակ էս փոքրիկ երկրում, շռայլություն կլիներ, մանավանդ, հերոսի տղայի համար:

Ու գնաց Դավիթը, գնաց երեկոյան, ու անձայն գնաց: Գիշերային լռության մեջ դռան չրխկոցից հետո մի պահ լսվեց Սոֆի մայրիկի սրտի անզուսպ խփոցն ու խուլ տնքոցը, որ մինչև առավոտ պիտի ձգվեր քնաթաթախ աշխարհի թմրած ականջի տակ:

Առանց այդ էլ մի քանի գրամանոց երկիրը նորից բաժանվել է երկու ճակատի, ու էդ ճակատի ամենաառաջին գծում՝ խրամատի  անկյունում, շնչակտուր մի երիտասարդ է գրում՝ կանաչ ծուռումուռ տառերով ծածկված տետրի չգիտեմորերորդ էջում, մի մատ խորքից. «Էլ մի զսպիր հեկեկոցդ մայրիկ, շունչդ մի պահիր, ես արդեն դուրս եմ եկել տնից: Էսօր նրանցից մեկի հետ դեմ դիմաց կանգնած էի, ափերը վեր պարզած ծնկաչոք նայում էր աչքերիս մեջ: Ափերը վեր պարզած, հասկանո՞ւմ ես, մի պահ շփոթվեցի՝ մի օրեկանից, երբ էն կինը, ում չհասցրի ճանաչել, իր վերջին կաթիլ արցունքը բուռս գցեց, ես մտածել եմ, որ ոչ ոք իր ձեռքերը վեր չի բարձրացնում, որովհետև էդ արցունքի ծանրությունը մինչև հիմա չի իջնում թևերիցս,  ու զենքը բռնած ժամանակ էլ ինձ խանգարում է մի քիչ: Հարցրի. «Երբևէ հայ սպանե՞լ ես»: Վախեցած հայացքը կախ գցեց… Արել էր… Կրակեցի ուղիղ կրծքին, որովհետև, գուցե, հենց ինքն էր հորս խփել, կամ որդուդ, Սոֆի մայրիկ, կամ մի ուրիշի նշանածին, սիրած տղային ու եղբորը: Լուծեցի ինչ-որ մեկի վրեժը: Նախորդ էջում դպրոցական տարիներին հայրենիքի սիրո մասին եմ շատախոսել, բայց հիմա մտածում եմ պատռել էջը, հետո փոշմանում եմ: Ես ու դու երբեք չենք խոսել էդ սիրո մասին՝ էդ սիրուց ամենից շատ տուժած երկու մարդիկ: Կարդա ու հիշիր, Սոֆի մայրիկ, հայրենիքի հանդեպ սերը էն է, երբ հարազատդ չի վերադառնում էդ սիրո կռվից, բայց դու, մեկ է, շուրթերիդ չես առնում օդից կախված հարցը. հանուն ինչի՞»…

Հինգ րոպե չանցած՝ արյան ու ցեխի սևակարմրավուն  դաշտում մի կանաչ տետր է անտեր ու դուրս պտտվում օդում:

Քաղաքում լուրերի հերթական արտահերթ թողարկումն է… Մեկնաբանը դանդաղ ու դողացող ձայնով անուններ է կարդում, չորրորդից հետո հայացքը շրջում է ու լռում… Դեղին ծաղկավոր վարագույրը սովորության համաձայն փակել է հեռուստացույցի մի երեսը՝ հենց այն մեկը, որում անշտապ սահում է Դավիթ անունով մեկի ազգանունը… Հյուրասենյակի մի անկյունում նստած կինը էկրանից չի հեռացնում վարագույրը, գուցե, էդ ժեստը իրեն հավերժ զրկի հազարավոր Դավիթների միջից հենց իր Դավիթից…

Դու թիկունքի զինվորն ես

Հոդվածը գրվել է սեպտեմբերի 29-ին

Արդեն երրորդ օրն է, ինչ ադրբեջանական զինուժը կրակ է բացում Արցախի ուղղությամբ, և արդեն զենքն է ուղղում դեպի ՀՀ-ի բնակավայր Վարդենիսը։ Ադրբեջանական վայրագությունների դեմ առաջնագծում պայքարում են հայոց բանակը և հայ կամավորները, իսկ արդյո՞ք մենք այստեղ կռվում ենք։ Այո՛, կռվում ենք։ Թիկունքի հիմնական ճակատը սոցիալական հարթակն է, որտեղ հակառակորդը իրեն բնորոշ ագրեսիվ կերպով գրոհում է, իսկ հայերն իրենց բնորոշ կերպով պայքարում են ու չեն հանձնվում։ Այս վճռական պահին շատ կարևոր են բոլորիս մտածված և ճիշտ գործողությունները, առաջին հերթին՝ սառնասրտությունը և ապատեղեկատվությունից ձերբազատումը։ Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք մեր գործի կարևորությունը, որը կարող է դրսևորվել տարբեր գործողություններով։ Սննդի և այլ անհրաժեշտ պարագաների հավաքագրում, արյան հանձնում, մեդիագրագիտություն և պաշտոնական տեղեկատվության ընթերցում, ահա այն ցուցակը, որով մենք պետք է առաջնորդվենք։ Գիտակցաբար և անգիտակից թշնամուն օգնելը պարզապես արգելվում է, հետևաբար մի տարածեք ռազմական տեխնիկայի տեղաշարժման մասին լուսանկարներ և տեսագրություններ, մի տարածեք կամավորների տեղաշարժման մասին ինֆորմացիա, ինչպես նաև զինվորների անձնական տվյալները՝ այդ թվում զոհվածների, քանի որ թշնամին այն շատ դեպքերում պղծում է։

Ժպտա՛, քո ժպիտը ուժ և կորով է զինվորին։

Հաղթում ենք

Երբ վտանգը թակում է դուռդ, սկսում ես վերաիմաստավորել, գնահատել կյանքդ: Մենք՝ հայերս, միշտ էլ ստիպված ենք եղել վտանգի առաջ կանգնել, բայց մեր ազգային հպարտությունը  մեզ երբեք թույլ չի տալիս վտանգի առջև խոնարհվել, ծնկի գալ: Դա մեզ համար չէ: Պայքարելն ու հաղթելը մեր արյան մեջ է: Այն, որ այսօր մենք կանք (մինչդեռ ոմանք նախատեսում էին միայն մի հայ թողնել, և այն էլ … թանգարանում), ապացույցն է այն բանի, որ մենք լինելու և պայքարելու ենք միշտ: Գնդակի սկզբունքով ենք ապրում. որքան մեզ ուժեղ են հրում, այնքան ավելի առաջ ենք գնամ:

Այսքան ցավ ու արհավիրք տեսած ազգին հաղթել կլինի՞:

Մեր ողջ ուժը մեր միասնականության մեջ է, և սրանք պարզապես ծեծված խոսքեր չեն: Հայերի մեջ հենց այն եմ սիրում, որ խաղաղ պայմաններում, որքան էլ վիճեն, մեկը մյուսին վատություն անեն և նույնիսկ ատեն, միևնույնն է, անգամ մի փոքր վտանգի դեպքում ամեն ինչ մոռանում են, պայքարում, մեկ հոգի դառնում:

Մենք ուրիշ ենք ամեն ինչով: Մեզ չեն դաստիարակել այնպես, ինչպես իրենց: Փոքր ժամանակ անդադար ընտանիքիս անդամներից լսել եմ այն, որ հակառակորդի փոքր երեխաները մեղավոր չեն, այն, որ իրենց ազգի մեջ էլ շատ կան լավ մարդիկ, սովորեցրել են չատել, բայց և չմոռանալ և ուրիշներին էլ անընդհատ հիշեցնել մեր պատմական անցյալը: Բայց մի՞թե նրանց երեխաները նույնպես դաստիարակվում են այսպես:

Մենք անկաշկանդ նայել ենք նրանց արտադրած ֆիլմերը, երկրպագել նրանց դերասաններին, երգիչներին և հետևել ենք այն սկզբունքին, որ արվեստը ազգություն չի ճանաչում: Բայց  այն պահից, երբ տեսնում ես քո այդքան սիրելի թուրք երգիչների ու դերասանների արձագանքը այս վիճակին, ներսումդ արթնանում է ազգային արժանապատվությունը: Ա՛խր, այլևս ինչպե՞ս սիրես մարդկանց, որոնք արդարացի են համարում մեր քաջորդիների, մեր հզոր եղբայրների մահը: Ու մի կողմ դնենք բանականությունը և այն միտքը, որ բնական է նրանց` իրենց ազգին պաշտպանելն ու արդարացնելը, քանի որ  նրանք էլ այդպես են դաստիարակվել: Ո՛չ, ո՛չ, ես ու ինձ հետ նաև իմ շատ հայրենակիցներ այսուհետ լրիվ ուրիշ ձևով ենք նայելու կյանքին: Որքան էլ լավ ֆիլմեր կամ երգեր լինեն, ամեն անգամ դրանց նայելիս կամ լսելիս, աչքիս առաջ է գալու հայ զինվորի հերոսական կերպարը, ու ինքս ինձ մեղավոր եմ համարելու:

Այս մի քանի օրում մենք շատ բան սովորեցինք: Սկսեցինք գնահատել մեր կյանքի ամեն մի վայրկյանը ու շնորհակալ լինել զինվորներին, որ հսկում են մեր երկրի սահմաններն ու մեզ տալիս են ապրելու և գործելու  հնարավորություն: Սա ժամանակ է, երբ անկախ քեզնից սիրում ես բոլոր հայերին՝ բացառությամբ նրանց, որոնց առանձնապես չի էլ հետաքրքրում ներկա իրավիճակը: Ցավոք, այդպիսի մարդիկ ևս կան, և այդպիսինների հետ առնչվելը վերջին օրերին իմ նյարդային համակարգի  թույլ կողմն է դարձել:

Սա ժամանակ է, երբ ուրիշ ուղղությամբ մտածել հնարավոր չէ, երբ քեզ մեղավոր ես համարում ժպտալու, երգեր լսելու, սնվելու և քնելու համար, քանզի քեզ մի միտք է անդադար տանջում. սահմանին կանգնած զինվորը ո՞վ գիտի՝ հիմա ինչպես է:

Սա ժամանակ է, երբ հոգուդ ողջ էությամբ հպարտ ես հայ լինելուդ համար:

Սա ժամանակ է, երբ ամեն մի զոհվածի համար սգում ես հարազատին հավասար, ա՛խր, քիչ ենք այնքան, որ մերն է ամեն մեկը, հիմա չկան հարազատ կամ օտար զինվորներ, սահմանին կանգնած յուրաքանչյուր հայ զինվոր, որը պայքարում է մեր խաղաղ կյանքի համար, մեր հարազատն է, մեր հոգեկից եղբայրը:

Մենք էլ ունենք համբերություն, և այն արդեն սպառվել է: Մենք խաղաղություն ենք ուզում, բայց ոչ զիջումների պայմանով: Մինչ այս, զիջել ենք այնքան, որ մեզ մի փոքր հող է մնացել, որն էլ մեզ համար սոսկ հողատարածք չէ, այլ սրբություն, հայրենիք, որը երբեք չենք կորցնելու, որովհետև մենք դրա իրավունքը չունենք: Մեր հերոսները արյուն են թափել և շարունակում են թափել մեր հայրենիքի համար, և հիմա այն զիջելը ուրիշ ի՞նչ կհամարվի, եթե ոչ մեղք: Մեր հերոսների կյանքի գնով պահած հողը մենք շենացնելու ու պաշտպանելու ենք առմիշտ:

Մենք իրավունք չունենք հանձնվելու, ինչ էլ լինի, մենք հաղթելու ենք, և դրանում կասկած չկա: Ես դրանում համոզվել եմ արդեն` տեսնելով հայրենակիցներիս մտահոգությունն ու քաջությունը միաժամանակ:

Պարտվելու մասին խոսք գնալ անգամ չի կարող: Մենք կարողացել ենք հաղթել մահվանը, դառը ճակատագրին ու նենգ թշնամուն: Եվ այսպես է լինելու միշտ: Մեր հաղթանակների մասին դեռ շատ է խոսվելու, ու մի օր էլ հպարտությամբ պատմելու ենք մեր երեխաներին ու թոռներին, թե ինչպես ենք հաղթել այսօր:

Մենք հաղթել ենք, հաղթում ենք ու հաղթելու ենք միշտ: