seda mkhitaryan

Երեք երգ

Ներսում անվստահ դատարկություն է։
Ընթացքի, շարժման բացակայություն։
Նույն այդ բաների հսկա ցանկություն։
Ու ներսում քեզնից հեռավորություն։

Ներսում անկարող հսկողություն է։
Հավատքի, հույսի անհավատություն։
Ձգտման կատաղի անհնարություն։
Քեզ մոռանալու անմիտ ցանկություն։

Ներսում պարտված հաղթություն է։
Դատարկ, անզգա զգացողություն։
Կարոտից հետո եկած մենություն։
Ներսում ավարտվող կիսատություն է…

***

Քնելը միակ փրկությունն է։
Այն միջոց է, որ լուռ լինի շուրջդ
Ու քեզ չմեղադրեն լռելու համար։
Քնած ես ու չես խոսում։
Սիրում եմ, երբ չեն խոսում։
Ոչինչ չի երևում, որովհետև քնած ես։
Ու կարող ես տեսնել այն, ինչ ուզում ես։
Ոչ թե այն, ինչ կա։
Գրողը տանի, ես հենց նոր տեսա,
Որ իմ ափի մեջ նոր գծեր են հայտնվել։
Ես քնած չեմ, ու բացի նոր գծերից,
Որ հայտնվել են ափիս մեջ,
Չկան նաև աչքերդ։
Որովհետև ես քնած չեմ։

***

Լուսինը միակ տեղն է
Ուր հնարավոր է, որ
Մեր հայացքները հանդիպեն։
Գիշերը միակ ժամն է,
Երբ հնարավոր է, որ
Մեր մտքերը հատվեն։
Քո պատուհանը լուսնին չի նայում։
Իսկ գիշերը դու ուղղակի քնած ես։

Lilit Andriasyan

Քաղաքի ամենագեղեցիկ կինը

Ամեն ինչ փոխվում է էն պահից, երբ կյանքիդ մեջ հայտնվում է էն աղջիկը։ Էն աղջիկը, որ նման չի լինում ունեցածիդ, ոչ էլ երազածդ է, բայց մեջը մի բան կա, որ հայացքդ չի թողնում իրենից թեքես։ Լինես դու քսան, թե քառասուն, էդ մեկը պիտի գա, որ մտքերդ իրար խառնի, որ խանգարի քնել։ Որպես կանոն, պիտի գա ուշացած, անժամանակ, ամառային չսպասված սառը անձրևի նման, որ վերնաշապիկիդ արանքից լցվում է ծոցդ ու մարմնովդ սարսուռ է անցնում։ Ամեն ինչ փոխվում է էն պահից, երբ կյանքիդ մեջ հայտնվում է էդ աղջիկը։ Ու դու ոչ կարող ես ներս թողնել, ոչ կարող ես թողնել, որ գնա։ Համբուրելու մտքից շուրթերդ պիտի սառեն, բայց պիտի ռիսկ չանես մոտ գնալ։ Էն աղջիկը, որ դեռ չես հասկանում՝ ինչդ է, ամեն ինչ է դառնալու քեզ համար, ու դեռ պիտի գոռգոռաս, հայհոյես աջուձախ, որ ներսումդ կուտակված մաղձը հանես։

Լինես դու քսան, թե քառասուն, էդ մեկը պիտի գա, ու դու չես էլ հասկանալու, թե ոնց եղավ, որ երբեմնի սիրածիդ ծոցը էլ մտնել չես ուզում:

1.

Քաղաքն այնքան էլ մեծ չէ՝ իրար կորցնելու համար, բայց դժվար է այստեղ իրար գտնելը: Ծակուծուկերը շատ են ու շատ են գեղեցիկ կանայք, հատկապես, մի երկու բաժակ խմելուց հետո: Բայց դե ամեն կին չէ, որ հաճո է քիմքիդ: Ես նողկում եմ ամեն տեսակ նվնվացող կանանցից, եթե մինչև անգամ աստվածային գեղեցիկ են: Սրանք միշտ պաշտպանության կարիք ունեն, սրանք քո մեջ ոչ թե կողակից են տեսնում, այլ թիկնակ, որին կարող են հենվել, պատ, որի տակ կարող են պատսպարվել, ուս, որի վրա կարող են ազատություն տալ իրենց արցունքներին: Կարճ ասած՝ ցանկացած տափակություն, բայց ոչ այն, ինչ կա իրականում: Սրանց համար դու մարդ չես, մարմին ես, որը պիտի հսկի իրենց, տիրի, ապտակի, կռվի հիմար քամիների հետ, տրվի տափակ սադրանքներին ու վերջում միշտ աղերսի ներել: Այս տեսակը սիրում է իշխվել: Սրանք պատրաստ են ամեն տեղդ լինել՝ ոտքերիդ տակ, ձեռքերիդ մեջ, գլխիդ, կոշիկներիդ մոտ, ուսերիդ, բայց ոչ երբեք կողքիդ: Դու պարտավոր ես միայնակ վանել դևերին սրանց հիմար երազներից, իսկ իրենք երբեք իրենց նեղություն չեն տալիս արթնանալ: Կարող են լաց լինել ամեն տափակ բանից, կարող են լպրծուն սիրային զեղումներ ունենալ ու պատրաստ են լպստել կոշիկներդ, միայն թե չլքես իրենց: Որպես կանոն, պատմության կեսից սրանց լքում են: Սրանք չեն հասցնում հասկանալ, որ իսկական կինը միշտ պիտի կարողանա ամուր կանգել իր երկու ոտքերի վրա, պիտի կարողանա ժամանակին ազատվել իրեն կաշկանդող ձեռքերից։ Նա պիտի իր խաչի կրողը լինի և իր համար սրբեր ու ստեր չունենա։ Նա պիտի կարողանա ապրել, որպեսզի ապրեցնի նրան, ում սիրում է։ Նրա մեջքը պիտի ամուր լինի, ուսերը պիտի պատրաստ լինեն կրել լեռների ծանրությունը։ Նա պիտի կարողանա դժոխքից դուրս գալ վերածնված, վերաձևված ու նորովի։ Ցանկացած կին ինքն է ընտրում՝ լինել փալաս, թե աստվածուհի, կարևորը ճիշտ պահին հավասարակշռությունը պահելն է։ Ու եթե ինչ-որ տեղ նրան հավասարեցնում են հողին, նա այդ հողից պիտի ծիլ տա, պիտի կանաչի։ Կինը պիտի իրեն զգա տարածության և ժամանակի մեջ, նա պիտի կարողանա շնչել։ Նա պիտի լինի անկրկնելի ամենուր՝ տանը, փողոցում, աշխատանքի մեջ կամ անկողնում։ Նա պիտի լինի անմրցելի։ Նա պիտի սովորի չվիճել, պիտի կարողանա զիջել և դրա արդյունքում շահած դուրս գա։ Նա պիտի անմնացորդ սիրի մեկին ու մնա սիրված հազարներից, պիտի լինի անմատչելի հազարների համար ու մեկի համար՝ ամենահասարակը, ամենամոտը, ամենաթափանցիկը։ Նրա մատները պիտի շոյել իմանան ու կործանել, նա պիտի կարողանա խաչին հանել և իջեցնել խաչից։ Կինը պիտի մի քիչ սատանայոտ բան ունենա իր մեջ ու լինի ամենակատարյալն ու աստվածայինը։ Կինը պիտի ոչ մի կախում չունենա տղամարդուց, պարզապես պիտի կարողանա սիրել նրան՝ իր բոլոր ձևերով ու երանգներով։ Այնքան բան պիտի կարողանա անել կինը, որպեսզի մնա անմրցելի, ամենավերևում, բայց ցանկացած պահի պիտի պատրաստ լինի իջնել ներքև, թավալ գալ ցեխերի մեջ՝ հանուն նրա՝ ում սիրում է, ու դա նրա միակ արժանիքն է լինելու, միակ գիծը, որը տարբերելու է նրան բոլորից։ Նա պիտի ունենա մեկին, ում սիրում է, ու հանուն նրա պիտի հազար անգամ դաշն կնքի սատանայի հետ, պիտի նրա հետ անի աշխարհի բոլոր էշությունները, բոլոր մեղքերը պիտի կարողանա գործել ու սովորել լինել երջանիկ՝ ոչ թե նրա ուսերին նստած կամ ձեռքերից կախ, այլ կողքին, երկու հոզոր աշխարհների պես, որոնք պահում են մոլորակի բալանսը։ Կինը պիտի ապրի և ապրեցնի այն տղամարդուն, ում սիրում է: Այս կանանց հետ արժե դժոխք գնալ:

2.

Ես երբեք չեմ երազել Փարիզի աղյուսապատ փողոցների ու քեզ հետ թևանցուկ մայթերը չափչփելու մասին։ Ինձ համար ամեն տեղ էլ Փարիզ է, երբ դու ինձ հետ ես: Անգամ կիսաքանդ մայթեզրերին, անգամ ջրափոսերի մեջ հնչում է «Շանզելիզեն», երբ դու ինձ հետ ես:

Ես երբեք չեմ երազել Մոնեի վերջին կտավը թանգարանում շոշափելու մասին։ Ինձ համար ամեն տեղ թանգարան է, ու քո ուսերը ամենասիրուն կտավն են, որ Մոնեն անգամ պատկերել չի կարող։ Դու ամենագեղեցիկ բանն ես, որ ստեղծվել է երբևէ երկրի վրա, ու ես շնորհակալ եմ բախտին, որ դու իմն ես այնքան, որքան ես եմ քոնը, ու ես թքած ունեմ աշխարհի բոլոր կրքերի վրա, երբ դու ինձ հետ ես։ Դու իմ ամենամեծ մոլորությունն ես, ես մինչև ոսկրերս վարակված եմ քեզնով։ Իմ խելահեղ Փարիզն ես, մեկ-մեկ էլ կեղտոտ արվարձան, որտեղ սրբագործվում են մեղքերս: Երբ դու ինձ հետ ես, ես նվաճում եմ Սիրիուսը:

Ես նրան հանդիպեցի պատահական, հիմար շենքի հիմար աստիճանների վրա՝ իմ հիմար վերնաշապիկով: «Հանդիպեցին» մի փոքր մեղմ հնչեց. ես նրան պարզապես ոտնատակ էի տալիս, եթե կատաղի հայացք չգցեր վրաս ու չմռթմռթար քթի տակ: Ես երկար մնացի կանգնած այն դիրքով, որով երևի կանգնում են վարորդները, երբ դուրս են պրծնում անխուսափելի վթարից: Գեղեցիկ մռութ ուներ գրողի տարածը: Ժամանակն է ազատվել այս անճաշակ վերնաշապիկից:

Շուրջ երկու օր ես նույն ժամին հայտնվեցի նույն տեղում, բայց այդպես էլ նա ոչ մի տեղից դուրս չեկավ, իսկ երրորդ օրը, երբ մոռացել էի այդ արարածի գոյության մասին, բուսնեց իմ դիմաց՝ իր երկաթե ոտքերով: Ծանոթացանք:

Նա հրաշալի էր: Նա ամեն ինչ գեղեցիկ էր անում: Իմ այդ առեղծվածային X կինը, որ կին էլ չէր՝ աղջիկ էր՝ տաք ու արևոտ, ամառ էր բերում իմ ձմռան օրերի մեջ: Նա ամեն ինչում հրաշալի էր, ու ես ցանկանում էի նրան: Նրա ամեն մասնիկը ինձ երկար թողնում էր իր ազդեցության տակ ու այն րոպեները, երբ նա իմ աչքի առաջ էր, ինձ համար ձգվում էին դարերի չափ: Ես ոտից գլուխ սիրտ էի, երբ նա ինձ հետ էր:

Ես սիրահարվեցի հանկարծակի, միանգամից: Նա կարկուտի պես թափվեց իմ գլխին ու ջարդեց ամեն բան իմ կյանքի մեջ: Ես լուսավոր քաղաքից վերածվեցի ավերակի, իմ ներսում փշուր-փշուր եղավ ամեն ինչ: Ես խեղդվեցի նրանից եկող ջրերի մեջ, ես վերածվեցի ավազի, որ վերածնվեմ նորից: Իմ այդ առեղծվածային X կինը իմ կյանքը շրջեց գլխի վրա:

Երբ ինչ-որ բան սիրում ես, այն սկսում է կառավարել քո կյանքը։ Լինի դա աշխատանք, գիրք, մեքենա, մարդ, թե ինչ-որ տափակություն։ Երբ ինչ-որ բան վեր ես դասում քո անձից, այլևս դու ինքդ քեզ չես պատկանում։ Այլևս դու ի զորու չես վերահսկել քո հույզերը, զգացմունքները, խոսքերը։ Լինի դա սիրած աղջիկ, թե շուն, լինի դա LSD, թե մի բաժակ օղի, կամ էլ Մարկեսի վերջին գործը, այլևս նա է որոշում, թե ինչ ես ուզում անել դու և ինչ չես ուզում։ Երբ ինչ-որ բան սիրում ես, նա այլևս դուրս է գալիս ամեն տեսակ համեմատություններից, նրանից չի կարող շատ լինել։ Նա տարածված է երակներիդ միջով, ուղեղիդ լորձաթաղանթների վրա տուն ունի ու պիտի որոշի, թե ինչպես է ճիշտ քեզ համար շնչելը։ Ու դու չես էլ նկատելու, չես էլ հասկանալու, որ քեզ կառավարում է ինչ-որ մետաղի կտոր, ինչ-որ դեղ, կամ ինչ-որ մեկը։ Դու հիմա կմտածես, որ տափակություններ եմ դուրս տալիս, որ դու ուժեղ տիպ ես ու ուզածդ պահին կարող ես հրաժարվել դեղերից կամ սիրածիցդ, պարզապես չես ուզում, ու չես էլ նկատի, որ ոչ թե դու չես ուզում, այլ չի ուզում նա։ Նա, ինչը քո մեջ քեզնից շատ է։ Երբ ինչ-որ բան ներս ես թողնում քո կյանք, դու արդեն ինչ-որ չափով նրանն ես։ Դու ուզած չուզած հաշվի ես նստում նրա հետ՝ անգիտակցաբար, ու ենթագիտակցորեն քո մտքերը ուղղված են դեպի նա։ Մեզ միշտ ինչ-որ բան ինչ-որ տեղից կառավարում է, ու նրան մենք ենք բերել մեր կյանք՝ բախտ կամ պատահականություն կոչվածների շողքի տակ, որ որքան հնարավոր է մեզնից հեռացնենք դրա հետևանքների համար պատասխանատվություն կրելու բեռը։ Այդպես մեզ կառավարում եմ մեր սերերը, թուլությունները, կախումները ու մենք միշտ ինչ-որ տեղից կախված ենք, որքան էլ դու ասես, որ զիլ տիպ ես ու ազատ ես քո որոշումների, մտքերի, զգացմունքների մեջ։ Նա կառավարում է իմ կյանքը: Ես պաշտում եմ այդ աղջկան:

3.

Փոքր քաղաքում դժվար է սեր խաղալը, հատկապես, երբ դու՝ նվաստդ, երկու երեխա ունես: Հիմա դու կկարծես, որ ես շան որդի եմ, կսկսես խղճալ այն կնոջը, ում հետ անկողին եմ կիսում, ինձ կհամարես անողնաշար, ինձ կհաձնես Աստծո դատաստանին: Քո գործն է:

Դու, որ հենց նոր փռեցիր լվացքն ու մի կողմի նետեցիր գոգնոցը, որից ձեթի ու խավիարի հոտ է գալիս, ինձ չես հականա: Դու կմեղադրես ինձ ամեն տեսակ դավաճանության մեջ, դու կինո կսարքես մեր տունը, երբ ուշ եմ գալիս: Դու կնվնվաս, դու չես հասկանա, որ ես ուզում եմ լաց լինել, բայց կստիպես, որ սրբեմ արցունքներդ: Դու չես հասկանա, որ ես քաքի մեջ եմ ու ուզում եմ ինձ գրկես, փրկես: Դու ամեն քայլին կկապես իմ ոտքը՝ երեխաներով, ու ամեն առիթի կմտցնես աչքս: Դու նրանց՝ այդ թույլ ու անպաշտպան էակներին, մահակ կսարքես իմ գլխին ու կպահանջես, որ քնեմ հետդ, որովհետև դու իմ կինն ես, որովհետև ես երդում եմ տվել Աստծո առաջ, որ կկատարեմ ամուսնական իմ բոլոր պարտականությունները, նույնիսկ, եթե դու այդ պահին գրավիչ չես: Իսկ դու չես էլ ցանկանա փոխվել: Դու չափից դուրս հնազանդ դուրս եկար, իսկ ես զանգվածային անհնազանդություններ էի ուզում: Ես ուզում էի, որ դու գոնե մեկ օր չհասցնես տները հավաքել, բայց հագնես ամենասիրուն ներքնազգեստդ: Դու ամեն ինչում կեղծ բարեպաշտ դուրս եկար: Ես ուզում էի նայել քեզ ու քո մեջ գտնել այն ամենը, ինչ չի բավականացնում ինձ դրսում: Ես ուզում էի քեզ պատմել իմ կռիվները, ես ուզում էի պաշտպանես ինձ՝ ինձնից: Ես պաշտպանության կարիք ունեի: Իմ գլխին թափվել էիր դու՝ քո բոլոր նվնվոցներով ու պահանջներով, ես ողջ կյանքս պարտքի տակ էի ընկել: Դու բարեպաշտ էիր, բայց ուզածդ պահին կարող էիր լրբի պես ճղճղալ, երբ պակասում էր մի բան: Դու իդեալական մայր ես, դու խնամում ու հոգ ես տանում նրանց մասին, ինչպես ոչ ոք, բայց քո մեջ ոչինչ չի մնացել այն աղջկանից, ում համար կորցնում էի գլուխս: Դու լավագույն մայրն ես ու դա քո լիարժեք ալիբին է, թե ինչու չես իմ կողքին, երբ պետք ես:

Երանի մեկը գար ու փրկեր ինձ քեզնից, անջատեր այս ձանձրալի կինոն: Դու իդեալական դրամատուրգ ես: Մեր տանը մշտական տրագեդիաներ են, ու դու չես էլ հասկանում, թե որ պահից ես սկսեցի խմել, որ պահից մեր երեխաները սկսեցին գոռալ իրար վրա:

Ես սիրահարվեցի հանկարծակի, միանգամից: Նա կարկուտի պես թափվեց իմ գլխին ու ջարդեց ամեն բան իմ կյանքի մեջ: Ես վերածվեցի ավերակի, իմ ներսում փշուր-փշուր եղավ ամեն ինչ: Ես խեղդվեցի նրանից եկող ջրերի մեջ, ես վերածվեցի ավազի, որ վերածնվեմ նորից:

4.

Նա հատիկ-հատիկ հավաքեց իմ բոլոր փշուրները, նա ինձ սովորեցրեց սիրել: Ես կորցնում եմ գլուխս, երբ նա ժպտում ու թեքում է հայացքը: Իմ այդ առեղծվածային X կինը, որ իմն էլ չէ, որ աղջիկ է՝ արև ու ոսկի, տեսնես ով է նրան վերածելու կնոջ: Ես նրան երբեք չեմ դիպել: Ես նրան չեմ խառնելու իմ ավերված կյանքի մեջ:

Այն պահերը, երբ մենք միասին ենք ու գրողը տանելու աստիճան երջանիկ, կարիք չկա ընդհատել լուսանկարչական ապարատի հիմար ծլնգոցով, միայն թե աշխարհում մի տեղ մեկը իմանա, որ մենք միասին ենք։ Այն վայրկյանները, երբ դու զայրացած ես, կամ ես ողջ սրտով ուզում եմ լալ, այն վայրկյանները, երբ դու սատանայի պես սիրուն ես ու գրավիչ կամ սրբի պես անմեղ փակում ես աչքերդ՝ արևի սանձարձակ ճառագայթներից պաշտպանվելու համար, կարիք չկա ընդհատել։ Կարիք չկա խանգարել, երբ ես կամաց-կամաց սկսում եմ խելագարվել, երբ քո երակներում համատարած ես եմ, ու կտրվում է շունչդ։ Ես նախընտրում եմ ապրել, վայելել լույսի ամեն մի կաթիլ, որն ընկնում է դեմքիդ ու խուտուտ է տալիս գլխիդ մեջ։

Նա հրաշալի է ամեն ինչում, ես ուզում եմ հպվել նրա հոգու մերկությանը, ես ուզում եմ նա ճանաչի ինձ այնպես, ինչպես չի կարողացել ոչ ոք:

Նա սպիացնում է վերքերս, նա երգեր է նվագում իմ հիվանդ հոգու համար: Նրա կողքին ես ինձ տղամարդ եմ զգում ու զգում եմ երիտասարդ:

Գիշերները՝ տղերքի հետ հարբած տուն գնալիս, ու առավոտյան՝ ստամոքսացավի ու գլխացավի արանքում, կանգնած է նա, ու հերթական վեճից ես փախչում եմ գլխիկոր՝ չնկատելով, որ այն հիմար վերնաշապիկն է հագիս, որով ես այնքա՜ն հիմար եմ:

Իմ օրինականը հանգիստ մեկնված է մեր ամուսնական մահճակալին: Հոր տնից է բերել ու հետն էլ մի քանի դարակ, որտեղ կուչ են եկել իմ հատուկենտ տաբատներն ու վերնաշապիկները ու մի վերարկու, որի կոճակը այդպես էլ չի կարել:

***

Իսկ դու հոգուս վրա կոճակներ դիր: Գնա-արի, աղջիկ, աչքիս առաջ թռվռա, որ հավատամ, որ աշխարհի վրա գույները չեն մեռել, ու մեկ-մեկ խեթ նայիր, հպվիր ուսիս, ու թող ինձ Ապոլոնն զգամ, երբ կողքիս ես: Քո կին դառնալու ճանապարհին թող տիրեմ հոգուդ, ու մռութդ մի կախիր, երբ մեկ-մեկ քեզ տղամարդու պես եմ նայում: Ինձ մանկան պես քո գիրկն առ ու արթնացրու, երբ քնիս մեջ սկսում եմ խեղդվել: Ինձ հավաքիր, աղջիկ, ինձ մարդ դարձրու: Փշուր-փշուր արա իմ հնացած երազները:

Նա մխվել է իմ գլխի մեջ, ես նրան ամեն տեղ տանում եմ հետս: Նա իմ գլխի մեջ է, երբ քնում եմ մեկի հետ, երբ հարբած հետ եմ տալիս:

Իմ այդ առեղծվածային X կինը…

marat sirunyan

Խելոք մնա, աշխա՜րհ, խելոք մնա

Խելոք մնա, աշխարհ, խելոք մնա,
Թե չէ մարդիկ քեզ էլ
Կանեն պատառ-պատառ,
Կբաժանեն իրար՝ անհավասար
Ու դեմ դիմաց կելնեն՝ ահեղ մարտի․․․

Խելոք մնա, աշխարհ, խելոք մնա,
Թե չէ կառնեն ձեռքեդ
Քո անիրավ չարխը,
Ու իր բաժին՝ չարքաշ բախտի համար,
Քեզ կանիծի անգամ ինքը՝ բախտը․․․

Խելոք մնա, աշխարհ, խելոք մնա,
Թե չէ, մեկ էլ տեսար՝
Մարդկանց խելքին փչի
Քեզ էլ թողնել մենակ ու հեռանալ
Էլ քո հալը, աշխարհ, ո՞ւմ կհուզի․․․

Մեկ էլ միտք եմ անում, թե ի՞նչ խղճով,
Ու ի՞նչ հույսով
Պիտի խելոք մնաս,
Մեկ է՝ մի օր կանեն պատառ-պատառ,
Մի օր, անշուշտ, չարխդ ձեռքեդ կառնեն․․․

Թող որ գնան, աշխարհ, թող հեռանան․
Դե մտորիր հապա,
Թե օրերից մի օր,
Քո խեղճ հալը, աշխա՜րհ, ո՞վ հարցրեց,
Քո վերքերը՝ հազար, ո՞վ փարատեց․․․

Չէ՜, գավդ բեր, աշխարհ, մենք ի՞նչ խելոք
Մեզ վաղուց են արդեն
կարգել կարգին խելառ․․․
Ու թող այդպես լինի․ պապս կասեր՝
Խելոք մարդու օրը, թող որ կտրի․․.

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

seda mkhitaryan

Անձրևից հետո

Անձրևից հետո
Գարնան քամու հետ եկած
Ծաղկի բույրն էր դա։

Անձրևից հետո
Վարդի թերթի վրա
Փայլող ցողն էր դա։

Քայքայումից փրկված,
Ու սրտի մեջ առկա
Վերջին հույսն էր դա։

Մարմնով անցնող
Տաք ու հաճելի
Արյան հոսքն էր դա։

Լույսի մեջ մտած,
Գետնին արտացոլված
Ձեռքիդ ստվերն էր դա։

Հաճելի ու քեզ դուր եկած
Մտապահածդ, պատկերացրածդ
Ցանկացած բանն էր դա։

Սերն էր դա։
Դա սերն էր,
Որ քիմքդ շոյեց ծաղկի բույրով։
Քթիդ ծայրը թրջեց ցողի նման։
Թևեր տվեց հույսից պոկված։
Կյանքով լցրեց երակներդ։
Արևի դեմ ստվեր եղավ ու շնչեցիր։
Այն պատահեց հետդ, ինչ որ երազեցիր։
Սերն էր դա։

Shushan nersisyan

Բալենու օրագրից

Ինձ գտնելու համար տարվա եղանակներից քեզ բաժին հասավ գարունը, իսկ դու չգիտեիր, որ ծաղկած բալենին թափ տալ չի կարելի…

***

Սիրուն էի ու միայնակ: Իմ կողքին ոչ մի ծառ չկար:

Տարվա բոլոր հնարավոր ու անհնար եղանակներն ապրել էի միայնակ: Բնության բոլոր մարտահրավերների դեմ մենակ եմ եղել: Մենակ եմ եղել մեղմ քամիների ու ուժեղ փոթորիկների ժամանակ (փոթորկին դիմանալ դեռ մի տեղ հնարավոր էր, մեղմ քամիները չէր կարելի միայնակ վայելել), մենակ եմ եղել ամռան ամենատաք արևների ու գարնանային անձրևների ժամանակ, մենակ եմ եղել աշնանն ու ձմռանը:
Ոչ ոք երբեք չէր տեսել, թե ես ինչպես եմ ծաղկում, որովհետև գիշերը բոլորը քնում են, իսկ ես մշտապես գիշերն էի ծաղկում: Սիրուն էի ծաղկում (ես այդ մասին լսում էի անընդհատ, երբ անցորդներն ինձ մոտ մի քիչ ավելի երկար էին կանգնում): Ասում են, որ ես ժպտում էի անկեղծ ու սիրուն, ու որ իմ բոլոր թերթիկներից սեր էր կաթում:

Ես ժպտում էի, ու անցորդները սիրահարվում էին: Ես դա տեսել եմ…

Ինձնով հիացել են, ես՝ չէ: Ժամանակավոր հրապուրանքներն ինձ համար չէին: Ես էի այդպես որոշել, ու դա ինձ դուր էր գալիս այնքան ժամանակ, մինչև իմ տեսադաշտում չհայտնվեց նոր ծառ:

***
Գարնանային մի օր ինչ-որ անծանոթներ եկան՝ բահերով զինված մարդիկ, իրենց հետ ջուր էին բերել ու մի ծառ: Մի քանի ժամում հողը փորեցին, փխրեցրին, խոնավացրին, ու իմ տեսադաշտում նոր ծառ հայտնվեց: Ես այլևս մենակ չէի:
Մենք չէինք խոսում իրար հետ մի պարզ պատճառով. մենք խոսել չգիտեինք, բայց հասկանում էինք իրար ու շատ լավ էինք հասկանում: Մենք չնկատեցինք էլ, թե ինչպես մտերմացանք, բայց ես զգում էի, որ հայտնվել եմ իմ նոր հարևանի ծառային էության մեջ:

Այդ տարի առաջին անգամ ես երկար, շատ երկար մնացի ծաղկած, երևի որովհետև զգում էի, որ այդ գարունն իմ կյանքի վերջին գարունն էր, երբ ինձ վիճակված էր ծաղկել: Ու ես սկսեցի սովորել իմ նոր կարգավիճակին, իմ՝ այլևս մենակ չլինելուն…

***
Մի օր զգացի, որ քո նոր տեղը քեզ դուր չի գալիս, ու դու ուզում ես տեղափոխվել: Ես չէի հավատում, որովհետև ընտելացել էի քո ներկայությանը: Ես սովորել էի, որ քամիների ժամանակ ես այլևս ստիպված չեմ լինելու միայնակ մնալ, այլ կպչելու եմ քեզ, հետո դժվարությամբ եմ ճյուղերս պոկելու քեզնից: Վերջին փոթորկից հետո որոշել էինք չառանձնացնել մեր ճյուղերը, ես այդպես ավելի պաշտպանված էի: Ես սովորել էի այլևս մենակ չլինելուն: Բայց քո ծառային էությունը արժանի չէր իմ հավատարմությանը: Դու որոշել էիր գնալ:

Ինձ համար ամենաերկարը ճյուղերն առանձնացնելու ցավոտ գործընթացն էր: Այնքան զգուշությամբ էիր առանձնացնում իմ ճյուղերը քեզնից, այնքան նուրբ, որ չվնասես: Բայց վնասեցիր: Ճյուղերից մի քանիսն այնպես էին խճճվել, որ առանձնացնելու համար ստիպված եղար քեզ ուժով պոկել ինձնից: Մեզ առանձնացրիր՝ իմ մի քանի ճյուղը խճճված թողնելով քո ճյուղերի մեջ:
Ինձ այդպես, ինչպես դու, ոչ մի քամի երբեք թափ չէր տվել: Իմ թերթիկները մի քանի վայրկյանում թափվեցին, ու ես ամբողջությամբ մերկացա: Ես դարձյալ մնացի միայնակ, որովհետև դու չգիտեիր, որ ծաղկած բալենին թափ տալ չի կարելի:
Ես դարձյալ մնացի միայնակ: Իմ կողքին դարձյալ ոչ մի ծառ չկար:

***

Այս տարվա գարնանը ես առաջին անգամ չծաղկեցի: Չուզեցի ծաղկել: Իմ ապրվելիք հետագա գարունները սովորական գարուններ են լինելու, իսկ քանի որ սովորական գարուններ աշխարհում չկան, ուրեմն իմ կյանքում այլևս գարուններ չեն լինելու:
Ես որոշել եմ: Չորանում եմ: Աստիճանաբար, դանդաղ, տխուր:

***

Ինձ կորցնելու համար նույնպես տարվա եղանակներից քեզ բաժին կհասնի գարունը, որովհետև դու չսովորեցիր, որ ծաղկած բալենին թափ տալ չի կարելի։

janna sargsyan lori

Մենք՝ գյուղում ապրողներս

Առավոտ՝ ժամը՝ 6:25, եթե մտածում եք՝ անքնությամբ եմ տառապում, սխալվում եք։ Մինչ դուք ձեր զարթուցիչներն եք ջարդում, որպեսզի չզանգի ու մի քիչ շատ քնեք, մենք՝ գյուղում ապրողներս, առանց զարթուցիչի ու անգամ առանց աքլորի կանչի արթնանում ենք (դե, աքլորը մի քիչ ալարկոտ է)։

Արթնանում ենք՝ շատ երազներ կիսատ թողնելով ու էլ երբեք այդ երազներին չվերադառնալով։ Արթնանում ենք ու անցնում մեր առօրյա գործերին։

Եթե դուք բողոքում եք, օրինակ, օֆիսային աշխատանքից, դե, որ առավելագույնը աշխատում եք 10 ժամ, իսկ հանգստյան օրերը միայն շաբաթ և կիրակին է, մեզ` գյուղում ապրողներիս համար աշխատանքը տևում է 12 ժամից ավել՝ առանց շաբաթ-կիրակիների։

Մենք` գյուղում ապրողներս, դեռ փոքր տարիքից արժևորում ենք գումարն ու մեծ դժվարությամբ աշխատում ամեն մի լուման, բայց երբեք չենք կուրանում դրա փայլից ու մարդկանց ցած գլորելով չենք հասնում դրան (բացառություններ լինում են):

Մեզ` գյուղում ապրողներիս համար անընդհատ սրճարաններ այցելելը մի քիչ ճոխություն է, բայց եկեք փաստենք, որ առավոտյան հարևաններով հավաքվելն ու մի բաժակ սուրճ խմելը ամենահաճելիներից է։

Մենք` գյուղում ապրողներս սնունդ պատվիրելու հնարավորություն էլ չունենք, նախընտրում ենք ինքներս պատրաստել, իսկ գումարը պահել նեղ օրվա համար։

Մեր` գյուղում ապրողներիս գրադարանների գրքերն էլ արդեն գիտեն, որ իրենց էջերը թերթվելու են միայն ձմռան ամիսներին, որոշները անգամ չեն էլ հասցնում թերթվել։

Մենք` գյուղում ապրողներս, ամեն օր կռիվ ենք տալիս հողի հետ, հայտնի վեպում ասվում է` «վերևից գլխիդ ինչ էլ որ թափվի, չպիտի բողոքես», բայց ամեն անգամ վերևից կարկուտի մի հատիկը հենց մեր սրտին է դիպչում, հետո անզորությունն ու անկարողությունը կոտրում են մեր թևերը։

Մեզ` գյուղում ապրողներիս համար հնարավորությունների սահմանափակում կա, բայց ամբողջ ընթացքում ես հասկացել եմ ու գիտեմ, որ սահմանափակ հնարավորություններով կարելի է անսահման լավ բաներ անել, որ խնդիրներին կարելի է նայել որպես ռեսուրս։ Դե, իսկ ամենամեծ ձեռքբերումը մարդիկ են, գյուղում ապրող ու արարող մարդիկ։

 

margarita ghazaryan

#ԿարանտինTime կամ սուրճը կորոնայի օրերում

Այս մի հոդվածս էլ ի պատասխան այն հարևաններիս, ովքեր միշտ հարցնում էին, թե երբ եմ վերջապես իրենց մասին էլ գրելու։

Արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ արտակարգ դրության մեջ ենք։ Շատերի համար երևի թե ոչ մի տարբերություն չկա՝ կարանտին է, թե սովորական և բնականոն կյանք, որովհետև կան մարդիկ, ովքեր սովոր են մեկուսացված ապրել։ Շատերի համար դա նորմալ է և իրենից ոչ մի բարդություն չի ներկայացնում։ Շատերի համար, բայց ոչ մեր թաղի…

Արդեն սովորություն է դարձել առավոտյան արթնանալ կա՛մ հայրիկիս միացրած երաժշտության ձայնից, կա՛մ էլ հարևանների բուռն խոսակցությունների հետևանքով։ Ճիշտ է՝ ես ակտիվ չեմ մասնակցում մեր թաղի հավաքույթներին, քանի որ օրս հագեցած է օնլայն դասերով, իմ նախասիրություններով և այլն, բայց ցանկանում եմ ձեզ հետ կիսվել մեր թաղի կարանտինից ունեցած իմ կարծիքով։ Մի քիչ ուրիշ է մեր թաղը։ Որքան էլ որ փորձեցին պահպանել տանը նստելու կարգավիճակը, միևնույնն է, մեր թաղում մեկն առանց մյուսի չի կարող։ Ուրիշ է սրճի համը, երբ հարևաններիդ հետ ես խմում։ Դրա համար էլ երկար իրարից բաժանվել չկարողացան։ Ախր, էլ ի՞նչ սուրճ, եթե հարևանիդ հետ ինչ-որ բան քննարկելու հնարավորություն չունես։ Բայց այնպես չէ, որ մենք չենք հետևում կանոններին. երբեք մեր հավաքույթները չեն գերազանցում քսան հոգին, պահպանում ենք իրարից մեկ մետր հեռավորությունը, դրսից հյուրեր չենք ընդունում, դե, իսկ ալկոգելն էլ անպակաս է։ Եթե ուրիշները իրենց ընտանիքներով են մեկուսացած, ապա մենք էլ մեր թաղով ենք մեկուսացել։

-Ասում են՝ սուրճը կորոնայի դեմ օգնում ա, հա՞։

Մեր թաղի հավաքույթները միշտ լեցուն են բազմաթիվ թեմաներով, և թեմաների պակաս երբեք չի զգացվում։ Սակայն արտակարգ դրության պայմաններում քննարկման գլխավոր թեման հենց կորոնան է.

-Հը՞ն, լուրեր չե՞ք տեսել, ի՞նչ են ասում։

-Քանի՞ վարակակիր ա ավելացել։

-Պարետն ի՞նչ ա ասում։

-Վարչապետն էլ լայվ չի՞ մտել, ի՞նչ ա ասում, չգիտե՞ք։

Դե, մենք մենակ վարչապետի ասածին ենք հավատում։ Հարևաններս ժպիտով ասում են, որ եթե հանկարծ իրենցից մեկին տանեն մեկուսացնելու՝ ողջ թաղին էլ հետը պետք է տանեն։ Սա ընդունենք մեր թաղի կարանտինի մասին կես լուրջ, կես կատակ, զգոնությունը մենք երբեք չենք կորցնում։ Իսկ իմ կարանտինի ժամանակ գրեթե ամեն օր պատահող ծիծաղելի իրավիճակն այն է, որ հաճախ մոռանալով խոսափողի անջատված լինելու մասին՝ պատասխանում եմ ուսուցիչների հարցերին և սթափվում եմ միայն այն ժամանակ, երբ իմ անունն են տալիս, և հասկանում եմ, որ ինձ չեն լսել։ Դե, արի ու նույնը կրկնիր…

syuzanna kharatyan

Մարդն ափի մեջ

Անցել է 12 տարի այն պահից, երբ ես առաջին անգամ ոտք դրեցի դպրոց։ Ու այդ օրվանից իմ կյանքը բաժանվեց երկու փուլի՝ մինչև դպրոց և դպրոցից հետո։

Մինչ այդ ես գիտեի այլ աշխարհ՝ բոլորովին այլ բարքերով, լեզվով, մտածողությամբ, ընկերներով, հետաքրքրություններով, իսկ այդ օրը ձեռք բերեցի, ավելի ճիշտ՝ ինձ մատուցվեց բոլորովին այլ աշխարհ՝ այլ երկիր, այլ բարքեր, այլ մտածողություն, մշուշված երազանքներ, ու ընկերներ չկան։

Դպրոցը փորձություն էր ոչ միայն գիտելիքների, սովորելու, ճանաչելու, ազգայինս իմը դարձնելու, այլև փորձություն էր կյանք հասկանալու, ներկայանալու, բոլորովին անծանոթ միջավայրում ընկերներ ձեռք բերելու, չէ՞ որ մինչ այդ ես իրենցն էի օտարների մոտ, իսկ հիմա օտար՝ «մերոնց» մոտ։ Ու այդժամ ես հասկացա մի շատ կարևոր ու պարզ ճշմարտություն՝ այն, որ եթե մարդիկ չեն հասկանում քեզ, ուրեմն ժամանակն է հասկացնել տալ նրանց, ժամանակն է ճանաչել տալ նրաց քո էությունը, դուրս գալ պատյանից, որտեղ ճիշտ է՝ ապահով է, բայց կյանքն անցնում է կողքովդ ու աննկատ… Հենց այդ ժամանակ ես քաջություն հավաքեցի լինելու «ես», չթաքցնել, չձևացնել, չվախենալ, պարզապես լինել այնպիսին, ինչպիսին ես կամ։ Եվ ո՜վ զարմանք, ընկերներ ձեռք բերվեցին ինքնըստինքյան, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ…

Մարդկային շփման փորձություններից և վերջին արդյունքում անգնահատելի ձեռքբերումներից զատ՝ ես սովորեցի նաև սիրել սովորել։ Ինչ-որ աներևույթ ուժով ինձ սկսեցին հասկանալի դառնալ մտքերն ու գրքերը, հերոսներն ու նրանց վարքագծի շարժումները։ Ես սկսեցի զգալ ու առաջին անգամ փորձեցի վերարտադրել նրանց զգացածը։ Սովորեցի չամաչել ձուլվել թիմին, հարազատորեն սիրել յուրաքանչյուրին մեկ առ մեկ։

Եվ հիմա, երբ հետ եմ նայում այս 12 տարիներին, Աստծուն միայն մի բան է մնում ասելու` շնորհակալություն։ Շնորհակալություն ընկերներիս համար, որ վստահ եմ՝ ընկերներ են ամբողջ կյանքի համար, ուսուցիչներիս, որ յուրաքանչյուրն իր չափով ու իրեն հատուկ ներդրումն է ունեցել իմ կայացման գործում և իհարկե, շնորհակալություն հիշողություններիս համար առաջին վայրկյանից, երբ ոտք դրեցի դպրոց, մինչև այն պահը, երբ հեռանում եմ…

marat sirunyan

Շիրազի ապտակը

Շիրազը մեծ էր՝ մեծ գրող, մեծ մարդ, մեծ հայրենասեր։ Շիրազն այնքան հայրենասեր էր, որ կարող էր վիրավորել ցանկացածին, ով կունենար ոչ հայեցի անուն, ավելի ճիշտ՝ կվիրավորեր նրան այդ անունը տվողին։ Եղել են դեպքեր, երբ մարդիկ Շիրազին ներկայացել են, ոչ թե իրենց, այլ ուրիշ՝ հայեցի անվամբ, վախենալով նրա արձագանքից։ Հենց այդ դեպքերից մեկն էլ ուզում եմ ներկայացնել ձեզ՝ անմիջական մասնակցի խոսքերով, ում կյանքում մեծ դեր է խաղացել մեծ գրողը։

- Սկսեմ այնտեղից, որ ես մշեցու թոռ եմ։ Հորական պապս՝ Վանիկ Հարությունյանը, ով եղել է Սերոբ Փաշայի զինվորը, գաղթել է Մշո Խլաթ գավառի Կամրջակ գյուղից։ Գրեթե ամբողջ գյուղով գաղթել ու եկել, հաստատվել են Նաիրիի շրջանի Բուժական գյուղում։ Նա տառաճանաչ չէր, սակայն այնպիսի հետաքրքիր ու խորհրդավոր պատմություններ էր պատմում՝ էրգրից, ֆիդայական կյանքից, գաղթից, որ դրանք իրենց մեծ տեղը գտան իմ ներաշխարհում, ինչն էլ առիթ դարձավ, որ ես սկսեցի ստեղծագործել։ Ես շա՜տ-շա՜տ էի սիրում Շիրազին և 13-14 տարեկան էի, երբ պապիս հորդորով, հայրս կարողացավ կապ հաստատել Շիրազի հետ և ինձ տարավ նրա մոտ, որպեսզի կարդամ իմ գրածները, և նա կարծիք հայտնի։ Լավ իմանալով նրա բնավորությունը և վախենալով, որ մեզ ոչ հայեցի անվան համար չի ընդունի և կվիրավորի, այլ անունով ներկայացանք նրան։ Հայրս, ում անունն Ալբերտ էր, ներկայացավ որպես Վարդան, այդպիսով դարձավ՝ Վարդան Մամիկոնյան (թե հարց առաջանա՝ ինչո՞ւ է պապիս ազգանունը Հարությունյան, իսկ հորինս՝ Մամիկոնյան, ասեմ, որ այն ժամանակ այդպիսի կարգ է եղել՝ որդին իր զավակներին որպես ազգանուն տվել է իր հոր անունը), քանի որ մեր հերոս Վարդան Մամիկոնյանի դստեր անունը Շուշանիկ էր, ինձ էլ ներկայացրեց այդ անվամբ, և Լիլիկ Մամիկոնյանը դարձավ Շուշանիկ Մամիկոնյան։

IMG_20200428_005727

Կարդացի գրածներիցս, և ի ուրախություն ինձ, Շիրազը հավանության արժանացրեց դրանք և իր դիմանկարներից նվիրեց ինձ, որը մինչև հիմա՝ արդեն 46 տարի է, պահում եմ ինձ մոտ։ Դրանից հետո մոտ երեք-չորս տարի էլ ծնողներիս հետ երբեմն այցելել ենք նրան։ Երբ ավարտել էի դպրոցը և բանասիրական ֆակուլտետ ընդունվելու համար քննություններ էի հանձնում, մի քննության ժամանակ հանձնաժողովի անդամները հիշեցին, որ ինձ տեսել են Շիրազի հետ և արդյունքում անհրաժեշտ գնահատականից 0,25 միավոր ցածր նշանակեցին ինձ, և ես չընդունվեցի։ Նրանք Շիրազին չհամակրողներ էին…  Եվ գուցե ոչ միայն Շիրազին, այլ նաև հայրենիքին չհամակրողներ էին… Բայց չեմ նեղվում. կարևորը, որ իմ սերը՝ հայրենիքի հանդեպ, Շիրազի հանդեպ, երբեք ու ոչ ոք չկարողացավ կոտրել։

IMG_20200428_094301

Հետո եղավ ամենացավալին։

Այն ժամանակ կար «Պիոներ կանչ» թերթ, որտեղ լույս էին տեսնում տարբեր ստեղծագործողների գործեր, նաև՝ իմը, այդ թերթի խմբագրությունը կազմակերպել էր միջոցառում և միջոցառման ընթացքում, կարդալով իմ ստեղծագործությունները, որպես հեղինակ տվեցին իմ իրական անունը՝ Լիլիկ Մամիկոնյան։ Այդ պահին ես մեծ ցավ ապրեցի և այլևս ոչ մի նշանակություն չունեին ինձ համար հնչող ծափերը, քանի որ հանդիսականների մեջ նստած էր նաև հենց ինքը՝ Շիրազը… Միջոցառման վերջում նա մոտեցավ ինձ, երկար ձեռք տվեց հյուսքերիս և մի ցավոտ ապտակ տվեց ինձ, ասաց՝ սրիկա՜, էդպես էլ հայրենիքդ կդավաճանես…

IMG_20200428_005848

Ու այդ օրվանից մենք այլևս չհանդիպեցինք, բայց ես ամբողջ կյանքում շնորհակալ եղա այդ ապտակի համար… Իմ ամենաթանկ նվերը կյանքում իրենից՝ այդ ապտակն էր…

Հետո ես նորից փորձեցի ընդունվել  համալսարան։ Հանձնեցի քննություններս, ընդունվեցի, սակայն 47-ամյա մորս հանկարծահաս մահը փոխեց ամեն ինչ, ես իմ մեջ այլևս ուժ չգտա շարունակելու, տղա՜ս, կյանքս կանգ առավ, և այլևս չգրեցի…

Հերթական ցավն էլ ապրեցի, երբ տարիներ անց մահացավ Շիրազը։ Նրա մահվանից մեկ-երկու տարի հետո միայն ուժ գտա այցելելու նրա շիրիմին…

Ես երբևէ չեմ պատմել այս պատմությունը, հիմա էլ չգիտեմ՝ ինչո՞ւ պատմեցի, երևի որպես ներողություն՝ նրան, այսքան տարի հետո…