erik eghinyan

Չհուսահատվելու մասին

2016 թվականն էր, երբ ես մասնակցում էի Հայաստանի Մանուկներ Հիմնադրամի՝ Անգլերենի Աքսես Միկրոդրամաշնորհային ծրագրին: Անգլերեն մի քիչ գիտեի և որոշեցի դիմել Ֆլեքս փոխանակման ծրագրին: Մինչև դիմելը իմ երազանքն է եղել սովորել արտերկրում, ճանապարհորդել տարբեր երկրներով: Հստակ որոշել էի դիմել: Քննության օրերն արդեն մոտենում էին, և ցանկացողները պետք է քննությունը հանձնեին  տվյալ մարզի բուհում կամ դպրոցում: Մեր մարզինը, այսինքն՝ Լոռին, պետք է լիներ տեղի պետական համալսարանում:

Մենք արդեն համալսարանում էինք և պատրաստվում էինք քննությանը: Մինչև քննության սկսվելը կամավորները, ովքեր  Ֆլեքս ծրագրի շրջանավարտներ էին, կրկին անգամ ներկայացնում էին ծրագրի մասին: Մինչև բուն քննության սկիզբը հերթով յուրաքանչյուրիս հարցնում էին, թե ով որ դասարանում է սովորում և քանի տարեկան է: Մինչ ինձ հասնելը ես շատ լարված էի, որովհետև սովորում էի 12-րդ դասարանում և տեղյակ էի, որ հնարավոր է խնդիրներ առաջանան զինվորական ծառայության հետ կապված, չնայած ես մեկ տարի ավել ժամանակ ունեի և կհասցնեի: Հերթը հասավ ինձ, և ես պատասխանեցի, որ սովորում եմ 12-րդ դասարանում և մեկ տարի ավել ժամանակ ունեմ ու կարող եմ մասնակցել, անցնելու դեպքում սովորել ամերիկյան ավագ դպրոցում, ավարտելուց հետո հետ գալ և հարկ եղած դեպքում զորակոչվել բանակ: Փոխանակման ծրագրի տնօրենը ասաց, որ դա ընդհանրապես կապ չունի, եթե չունեմ համապատասխան թուղթ, ուրեմն ազատ եմ: Ես շատ հիասթափված դուրս եկա այդ սենյակից և միջանցքում անմխիթար վիճակում սպասում էի մեր համայնքի երեխաներին: Միջանցքում հանդիպեցի մի աղջկա, ում ճանաչում էի կրկին Հայաստանի Մանուկներ Հիմնադրամից, բայց այս անգամ բանավեճի խմբակից: Իրենց գյուղի բանավեճի թիմի հետ շատ էինք բանավիճում: Մոտեցա, բարևեցի, հարցրեցի, թե ինչպես է: Նա նույնպես եկել էր մասնակցելու Ֆլեքս ծրագրին: Երկուսս էլ անելանելի վիճակում էինք. ես մեծ էի, իսկ նա փոքր: Այդպես կարծես իրար գտանք, քանի որ նույն իրավիճակում էինք գտնվում: Զրուցում էինք մեր հետաքրքրություններից և տարբեր թեմաներից: Հիացել էի նրա բանիմացությամբ: Մինչ այդ հանդիպումը մենք ուղղակի բանավիճողներ էին և հակառակորդներ, այդ հանդիպումից հետո մենք դարձանք ընկերներ: Հիմա էլ շարունակում ենք շփվել թե՛ համացանցում, թե՛ համացանցից դուրս: Երբեք չենք մոռանում այդ օրը՝ հուզված և տխուր: Սակայն դրանից հետո մենք ավելի գոտեպնդվեցինք, հիմա էլ շարունակում ենք սովորել ու առաջ գնալ, բայց միշտ հիշում ենք և մեր ականջին օղ ենք անում, որ երբե՛ք չպետք է հուսահատվել: Մեկ դուռ փակվում է, մեկ ուրիշը` բացվում:

 

Հաջողության քո բանալին. «Մարդը՝ սմարթ»

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Արդեն 3-րդ անգամն է, ինչ COAF Smart կենտրոնում կազմակերպվում են Smart Connects կամ՝ «Մարդը՝ սմարթ» խորագրով հանդիպումներ։ Հիմնադրամի տեղեկատվական բաժնի ղեկավար Դավիթ Մանուկյանը նշեց, որ այս նախաձեռնությունը նպատակ ունի համայնքի բնակիչներին հնարավորություն ընձեռելու հանդիպել տարբեր ոլորտներում հաջողության հասած մարդկանց, ովքեր կկիսեն իրենց փորձը, գիտելիքները, հմտությունները տեղի բնակիչների հետ։ Այս անգամ COAF-ի հյուրը միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանն էր։

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

-Ես շատ բան եմ սովորել շախմատի շնորհիվ։ Շախմատը խաղ է, որտեղ սխալ քայլ անելուց հետո չես կարող դրանք փոխել, կարող ես միայն փորձել շտկել դրանք։ Եվ կյանքում էլ է այդպես։ Մենք հակված ենք անընդհատ հետ նայել, փոխարենը` պետք է փորձենք պայքարել և առաջ շարժվել։ Շախմատը սովորեցնում է ինքնուրույն մտածել, ցույց է տալիս, որ հաջողության հասնելու համար պետք է ջանքեր գործադրել։ Ես ինձ տաղանդավոր մարդ եմ համարում, իսկ տաղանդավոր մարդիկ շատերը ալարկոտ լինելու խնդիր ունեն, և ես էլ բացառություն չեմ։ Բայց ինչ-որ արդյունքի հասնելու համար տաղանդը ամենևին էլ բավական չէ։

Լևոն Արոնյանի ելույթից հետո, մենք հնարավորություն ունեինք հետաքրքրող հարցեր ուղղել նրան։ Հատկապես ակտիվ էին տարիքով ավելի փոքրերը։

-Պարոն Արոնյան, եթե շախմատ խաղալ չիմանայիք, ուրիշ ինչո՞վ կզբաղվեիք։

-Ինձ միշտ հետաքրքրել է պայքարը։ Ես համոզված եմ, որ միայն պայքարի շնորհիվ է հնարավոր օգուտ տալ երկրին, հանրությանը և սեփական անձին։ Երբ  դու պայքարում ես քեզանից ուժեղների հետ, դու աճում ես որպես անհատականություն։ Կարծում եմ, որ շախմատով չզբաղվելու դեպքում, կզբաղվեի այնպիսի գործով, որտեղ լավագույնը լինելու ձգտում կունենայի։ Երաժշտություն եմ սիրում, միգուցե երաժիշտ լինեի։

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

-Դուք ձեր ոլորտում լավագույնն եք, ի՞նչ պետք է անել տարբեր ոլորտներում լավագույնը լինելու համար։

-Ես հավատում եմ, որ մարդու բախտն էլ պետք է մի քիչ բերի, որպեսզի նա իր ուժերը կիրառելու հնարավորություններ ստանա։ Հետո կարևոր է լավ ուսուցիչ ունենալը, մարդ, ով քեզ կկրթի և կաջակցի։ Եվ վերջապես, առաջինը՝ լավագույնը լինելու ցանկությունը։ Սա շատ կարևոր է, դու պետք է ձգտում ունենաս ապացուցելու ինքդ քեզ, որ դու կարող ես։ Անձամբ ինձ համար շատ մեծ նշանակություն ունի նաև ընտանիքի աջակցությունը։ Ժամանակին իմ մայրը ամեն ինչ մի կողմ դնելով, իր կյանքը նվիրել է իմ շախմատիստ դառնալուն, ինչի համար ես երախտապարտ եմ իրեն։

-Հայաստանում շախմատի զարգացմանը նպաստելու համար դուք ինքներդ, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում։

-Ես անկեղծ ասած, այդքան ակտիվ չեմ դրանում։ Քանի որ, ավելի կենտրոնացած եմ սեփական խաղի վրա։ Բայց ես գիտեմ շատ շախմատիստների, ովքեր ակտիվ գործունեություն են ծավալում շախմատի զարգացման համար։ Կարծում եմ, երբ ժամանակը գա, ես էլ դրանով կզբաղվեմ։

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Վանաձորցի շախմատասերները նշեցին, որ Լոռվա մայր քաղաքը սիրով սպասում է Լևոն Արոնյանի հետ հանդիպմանը։ Ինչին Լևոնը պատասխանեց, որ իր մտերիմ ընկեր Սամվել Սահակյանը (ծնունդով վանաձորցի շախմատիստ, գրոսմայստեր) նույնպես իրեն հաճախ է Վանաձոր հրավիրում և, որ ժամանակ գտնելու դեպքում ինքն անպայման կայցելի։

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

-Ե՞րբ և ինչպե՞ս է ձևավորվել սերը շախմատի նկատմամբ։

-Սերը շախմատի հանդեպ ձևավորվել է դեռևս մանկուց։ Երբ ես 5-6 տարեկան էի, շատ էի սիրում շաշկի խաղալ։ Հետո ավագ քույրս ինձ վարակեց շախմատի «վիրուսով»։

-Ո՞ւմ եք ցանկացել նմանվել, ո՞վ է ձեզ ոգեշնչում։

-Երբ փոքր ես, շատ մարդիկ կան, ովքեր քեզ ոգեշնչում են։ Առաջին շախմատիստը, ում խաղով ես  շատ տպավորված եմ եղել՝ Ալեքսանդր Ալյոխինն (ռուս շախմատիստ) էր։ Մինչև հիմա էլ նա իմ սիրելի շախմատիստն է, և նրա ներդրումը այս ոլորտում շատ եմ գնահատում։ Ինձ շատ է դուր գալիս բասկետբոլիստ՝ Բիլ Ռասըլի միտքը։ Նա 50- 60-ականներին իր թիմին ամենաշատ հաղթանակ բերած խաղացողն էր։ Թիմը, որը բավականին թույլ էր, եզրափակիչում էր խաղալու։ Եվ այդ առիթով Բիլին հաճախ էին հարցնում, թե ինչպե՞ս է ակնկալում հաղթել այսպիսի թույլ թիմով, իսկ նա պատասխանում էր, որ իրենցից առաջ էլ են հաղթողներ եղել։ Միտքը այն է, որ անհնարին ոչինչ չկա։ Եթե ինձանից առաջ ինչ-որ մեկը կարողացել է լավ արդյունքներ ունենալ, ապա ինչո՞ւ ես չեմ կարող դա անել։

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

-Կա՞ մի շախմատիստ, ում ուժեղ մրացակից եք համարում:

-Ես այսպիսի բնավորություն ունեմ, տեսնելով, որ դիմացինս լավ չի խաղում, ես էլ եմ սկսում վատ խաղալ, կարծես չհարգելով ո՛չ իմ, ո՛չ դիմացինիս խաղը։ Վատ եմ խաղում այնքան ժամանակ, մինչև դիմացինս լավ է սկսում խաղալ։ Նման դեպք իմ սիրելի շախմատիստ Վասիլի Իվանչուկի, հետ է եղել։ Շախմատային լեզվով ասած, առաջ նրա հետ -8 էի (երբ որ դիմացինդ քեզ 8 անգամ հաղթել է, իսկ դու ոչ մի անգամ չես հաղթել), իսկ հիմա +1 եմ։ Անկեղծ ասած, ես սիրում եմ խաղալ նրանց հետ՝ ում հետ (-) եմ, որովհետև խաղը այդպես ավելի հետաքրքիր և պարտավորեցնող է դառնում։

-Շատ շախմատիստների համար սպիտակ խաղաքարերով խաղալը ավելի հեշտ է, քան սևերով։ Իսկ ձեր համա՞ր։

-Տարբերությունը մեծ է։ Սակայն որպես կանոն, ինձ համար սպիտակներով խաղը շատ ավելի վտանգավոր է, քան սևերով։ Սևերով խաղի ժամանակ խաղը ավելի կանխատեսելի է և ավելի հեշտ է անհրաժեշտության դեպքում այն դեպի ոչ-ոքի տանելը։ Սպիտակներով ավելի հաճախ եմ պարտվում։

-Ո՞րն է ձեր սիրելի խաղաքարը։

-Այս հարցի ամենալավ պատասխանը կլինի Տիգրան Պետրոսյանի պատասխանը՝ ամեն ավել քարը։

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

-Ո՞րն է ամենակարևոր մրցաշարային հարթակը ձեզ համար։

-Այն հարթակը, որտեղ երբեք դեռ չեմ հայտնվել։ Դա իմ ամենակարևոր մրցաշարն է՝ աշխարհի առաջնությունը։

-Որևէ զվարճալի պատմություն կարո՞ղ եք պատմել, որ ձեզ հետ պատահել է։

-Մի զվարճալի դեպք կա, որը շախմատի հետ կապ չունի, բայց գուցե ձեզ հետաքրքրի։ Մի անգամ Երևանում էի։ Ես շուն ունեմ, և այդ օրը շանս հետ տաքսի նստեցինք, որի վարորդը ինձ չճանաչեց։ Շանս մասին հարցուփորձ անելուց հետո, վարորդը ինձ հարցրեց, թե ինչու գործի չեմ, որովհետև այդ օրը աշխատանքային էր։ Ես պատասխանեցի, որ շախմատիստ եմ, իսկ այսօր էլ հանգստյանս օրն է։ Ինչին նա պատասխանեց, որ երևի կինս է հարուստ, որ ես չեմ աշխատում ու շախմատ եմ խաղում։ Մենք շատ դանդաղ էինք գնում, իսկ շունս չի կարողանում հանգիստ նստել, երբ մեքենան դանդաղ է։ Նրան հանգստացնելու համար պատուհանը բացեցի։ Արդյունքում մեր կողքով անցնող մեքենաներից սկսեցին շանս նկատել, հետո էլ ինձ ճանաչել։ Եվ վարորդը այդ ամենը տեսնելով ասաց, որ փաստորեն շունս այնքան հայտնի է, որ ինձ էլ են այդպես ճանաչում։

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Հանդիպումը ամփոփվեց պատանի շախմատիստների հետ բլից խաղով։ Երեխաները ամբողջ հանդիպման ընթացքում անհամբեր սպասում էին գրոսմայստերի հետ խաղին։ Պատանի շախմատիստների մեջ միակ աղջիկը՝ Ասլանյան Ելենան, ծնունդով Վանաձորից էր։

-Շատ ուրախ եմ այսօր այստեղ լինել։ Այս հանդիպումը ինձ սովորեցրեց, որ չկոտրվեմ պարտություններից և միշտ առաջ նայեմ։

Ինքը՝ Լևոն Արոնյանը, նույնպես շատ տպավորված էր այս հանդիպումից։

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

-Ժամանակ շատ քիչ եմ ունենում նման հանդիպումների համար։ Բայց տեսնելով, որ այսպիսի մեծ ներդրում է արվում գյուղական համայնքների զարգացման համար, երեխաների համար, մեծ հաճույքով եկա այստեղ։ Հուսով եմ, որ նման կենտրոններ մնացած մարզերում էլ կլինեն։ Բլից խաղի ժամանակ հաճելի էր տեսնել թե ինչպես են երեխաները խաղում, որ չեն ցանկանում հանձնվել և մինչև վերջ պայքարում են։ Սրանք շատ լավ նշաններ են ապագայում լավ շախմատիստ դառնալու համար:

Քաղաքի գույները

Լուսանկարը` Անուշ Մուրադյանի

Վանաձոր

Լուսանկարը` Սեդա Մխիթարյանի

Գարունը տեղ չի հասել

Shushan nersisyan

Կարոտախտ

Հիվանդություններից ամենածանրն ու անբուժելին կարոտախտն է: Սա ձգձգվող, ճնշող, խեղճացնող հիվանդություն է: Սրա համար բուժման դեղամիջոցներ չկան, սրա վերջը կանխատեսելի չէ:

Ու մի օր անսպասելիորեն որոշում ես ինքնաբուժությամբ զբաղվել: Մի օր որոշում ես ինքդ քեզ թույնի նման ներարկել նրա չվերադառնալու գիտակցումը: Ու հենց կարողացար դա անել, հենց ուժերդ հերիքեցին՝ նրա չվերադառնալու գիտակցումը նստեցնելու ուղեղիդ մեջ, սկսվում է ուրիշ գործընթաց՝ ինքնադատարկման սպանիչ գործընթացը, դանդաղ հատնելու գործընթացը, ինքդ քեզ դատարկելու, ինքդ քեզ սպառելու, ինքնասպառվելու գործընթացը, հարազատիդ միջիցդ աստիճանաբար պոկելու, հանելու, գիտակցությունիցդ վերացնելու սարսափելի գործընթացը: Սկզբում մտածում ես, որ դա այդքան էլ դժվար չէ, ծայրահեղ դեպքում դժվարը սկիզբն է, բայց հետո, հետոն ավելի ծանր է:

Սկզբում միջիցդ հանում ես հիշողություններն ու հուշերը, հետո ձայնն ես հանում, տոնայնությունը, շնչառությունը, հոտն ես ջնջում միջիցդ: Հետո մաքրում ես նրան աչքերիցդ, որ ոչ բաց, ոչ փակ վիճակում պատկերներ չհայտնվեն, տեսիլքներ չերևան: Հիշողությունիցդ մաքրում ես ժպիտը, աչքերի խաղը, ամեն ինչ հանում ես: Հեռախոսիցդ, այնուհետև նաև ուղեղիցդ ջնջում ես հեռախոսահամարը, տան հասցեն, բնակարանի թիվը: Հետո աստիճանաբար սկսում ես համակրել նրա համար անընդունելի երևույթներ: Օծանելիքները, որոնց բույրը քեզ նրան է հիշեցնում, սկսում ես արհամարհել: Թատրոններ սկսում ես ոչ միայն մենակ, այլև երբեմն նույնիսկ չայցելել: Սկսում ես չլսել նրա սիրած երգերը, չխոսել նրա սիրած թեմաներից, դե, աստիճանաբար դատարկվում ես այնպես, ինչպես դատարկվում են հարազատներից՝ շատ սովորական, հասարակ ձևով: Սրճարաններում փոխում ես պատվերներդ, եթե նրա հետ միշտ թեյել ես, հիմա սկսում ես սուրճ խմել (մի բան, որ առաջ երբեք չես արել): Տեղերով, որով անցել եք, սկսում ես էլ չքայլել, ճանապարհներ ես շրջանցում, երթուղայիններ ես փոխում: Շենքերը, շքամուտքերն ու տանիքները սկսում են էլ չհետաքրքրել: Քեզ սկսում են ձանձրացնել ճամփորդող մարդկանց երազանքները, ապագայում մեծ տներ կառուցող մարդկանց նպատակներն են ծիծաղելի թվում: Առավոտյան ուշ ես արթնանում, երեկոյան շուտ քնում: Չես շպարվում, վանդակավոր վերնաշապիկներ սկսում ես էլ չհագնել: Ավելին՝ զգացմունքներդ են փոխվում, սկսում ես ատել՝ այդպիսով սպառելով ինքդ քեզ… Դատարկվում ես մինչև վերջին բջիջդ, հատնում ես, ու հենց էլ սպառվելու տեղ չես ունենում, զգում ես, որ անիմաստ էր, որ սա հերթական սխալ բուժումն էր, ներարկումը չօգնեց: Որովհետև հասկանում ես, որ սխալ բուժումների նման ոչ միայն արդյունք չի տալիս, այլև հակառակ արդյունք է տալիս: Նա ոչ միայն չի դատարկվում, այլև շատանում է, տարածվում օրգանիզմումդ, երակներովդ հոսում է, սնուցում ուղեղդ, լցվում է ոսկորներիդ մեջ: Ամենուր նա է, նրան զգում ես մատներիդ ծայրերին, չորացած ու ճաքած շրթունքներիդ վրա, նրա արտացոլանքով փշաքաղվում ես, նրա ձայնով մտածում, նա շատանում է, տարածվում, քայքայում է…

Կարոտախտ կոչվող հիվանդության օջախը սիրտն է, իսկ սրտին ձեռք տալ չի կարելի: Սրտից դատարկել անհնար է, սիրտը չի ենթարկվում, դրա համար էլ այդ հիվանդության համար դեղամիջոցներ, բուժումներ չկան: Ու դու ապրում ես՝ այդ հիվանդությունը միշտ կրելով ներսումդ: Այս հիվանդությունը քայքայում է ներսից, մաշում է ու չի հանգստանում: Ներսդ դժոխքի է վերածվում, իսկ արտաքնապես ոչ մի փոփոխություն չի անում, երբեմն՝ շատ հազվադեպ ի հայտ է գալիս այդ հիվանդությամբ տառապելու միակ նշանը՝ խոնավացած աչքերը… Ի վերջո հասկանում ես, որ դու միայնակ չես կարող պայքարել այդ հիվանդության դեմ, դու ուղղակի անզոր ես, որովհետև դու նույնիսկ չկարողացար նրան սպանել, որովհետև հիշողություններն ու հուշերն, իրար հերթ չտալով, նորից են հայտնվում։ Ձայնն ես լսում, շնչառությունը զգում, ժպիտը, աչքերի խաղը, ամեն ինչ հետ է գալիս: Հեռախոսահամարն ես հավաքում, որ զանգես, նրան հիշեցնող օծանելիքներն ես փնտրում, սրճարաններում նորից սկսում ես թեյ պատվիրել (նախկինից ավելի շատ), քայլում ես հին տեղերով, ձեր սիրած ճանապարհներով, շպարվում ես, որովհետև նա այդպես էր սիրում, վանդակավոր վերնաշապիկներ ես հագնում, դե հասկանո՞ւմ ես՝ նա նորից շատանում է, տարածվում, ու դու նախկինից ավելի շատ ես սիրում նրան:

Իր տեսակով՝ կարոտախտը եզակի, չկրկնվող հիվանդություն է: Նրանով աշխարհում տառապում են հազարավորները: Այդ հազարավորները գիտակցում են, որ չեն բուժվելու, որովհետև հրաժեշտներն ու բաժանումները անվերադարձ են լինում, որովհետև նրանք, ովքեր գնում են, էլ երբեք չեն գալիս: Որովհետև եթե մի բանի անունը բաժանում է, ապա դրա կողքին չի կարող հավասարապես տեղավորվել վերադարձը: Բաժանումն ու վերադարձը հեռացել են իրարից ու էլ երբեք չեն հանդիպելու: Ու ահա բաժանումների լինելիության և վերադարձների չգոյության պայմաններում էլ ծնվում է աշխարհի ամենասիրուն ու սպանիչ հիվանդությունը՝ կարոտախտը, որ քայքայի, մասնատի ու հետո հավաքելը այլևս դարձնի անհնար։

 

«Համլետի հոր ուռագանը» պատմվածքի առաջադրած խնդիրը

gevorgtergbrՄեր հասարակությունը՝ հայ հասարակությունը, որոշակիորեն հիվանդ է: Հիվանդ է, քանի որ մեր երկրում տարածված է սելեկտիվ աբորտը՝ երեխայի սեռով պայմանավորված՝ հղիության արհեստական ընդհատումը: Ցավալի է, որ ծնողները հանկարծ որոշում են՝ ծնվի՞ իրենց երեխան, թե՞ թույլ չտալ արդեն կազմավորված մարդու լույս աշխարհ գալը, եթե նա աղջիկ է:

Վիճակագրական տվյալներով՝ Հայաստանում ամեն տարի, երեխայի սեռով պայմանավորված, 3000-3500 երեխա չի ծնվում: Աղջիկներ: Ծնողները որոշում են, որ իրենց աղջիկը չպիտի ծնվի, և դիմում են սելեկտիվ աբորտի: Ահա, այդպիսի «սելեկտիվ աբորտի» խնդիրն է արծարծվում Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Համլետի հոր ուռագանը» պատմվածքում:

«Համբարձումյան Արեգիկի տունը կռիվ էր ընկել» «Գիքոր»-ային սկզբից հետո պարզվում է, որ այդ կռիվը ոչ թե «քորփա էրեխին էն անիրավ աշխարքը» գցել-չգցելու համար է, այլ ժամանակակից հիմք ունի՝ տնային կենդանի բերել-չբերելու շուրջ է, քանի որ երիտասարդ զույգը քննարկում է իրենց յոթնամյա տղայի խնդրանք-պահանջը՝ շունիկ կամ փիսիկ բերել, քանի որ քույրիկ կամ ախպերիկ չունի: Ի՞նչ անել. «Էխինակոկի բույն է», «Օրը երեք անգամ ով պիտի դուրս տանի: Չտանենք՝ կգժվի», «Տնից հոտ է գալու…»: Եվ այս «կռվին» զուգահեռ մեկ այլ՝ թերևս նաև հոգեբանական կռիվ է. երիտասարդ հայրիկը, անսալով կնոջ պահանջին, որոշում է. «Ծյոմին կասեմ»… Պարզվում է՝ զույգը որոշել է հղիության արհեստական ընդհատում անել, քանի որ աղջիկ պիտի լույս աշխարհ գար: Եվ այդ դեպքում կարևոր չէ ոչ միայն «Գիտե՞ս ինչ արժե»-ն, այլև՝ որ Արեգիկն ուզում է «մեծ ախպեր լինել»:

Ընտանեկան «կռիվը» նույնիսկ ընդլայնվում է՝ դստեր հղիության ընդհատմանը դեմ է Ամալյա տատը. «Գոնե առողջ չլիներ, ասեի հա»: «Մարդ կա՝ տարիներով երազում է»,- նկատում է բժշկականի ուսանողուհին: Մյուսի արձագանքն այն է, որ երեխա մեծացնելը դժվար է ֆինանսապես. «Տարին հիսուն հազար դոլար ա պետք ու տենց՝ մի երեսուն տարի»… Սրան ի պատասխան՝ «Ախչի, հո տանը չի՞ մնալու, ի՞նչ երեսուն», ինչից էլ հասկանալի է դառնում, որ հղիության ընդհատման պատճառը երեխայի սեռն է:

Այս ամենին զուգահեռ՝ պատմվածքում տարբեր խնդիրներ են արծարծվում: Արեգիկի տատը որոշում է երեկոյան թոռանը զբաղեցնել «Համլետ» դիտելով («Համլետի հոր ուրվականը տեսե՞լ ես»), իսկ յոթնամյա ժամանակակից երեխան իր սիրած հեքիաթներն է նայում այփադով: Սկզբում՝ «կարմրամաշիկ Մաշայի մասին, հետո՝ որ իշխանը մատը կտրում է, վրան աղ ցանում, որ մռմռա ու ինքը գիշերը չքնի, դևին բաց չթողնի»: Ապա Արեգը առաջարկում է օգնել տատին տոլմա փաթաթելիս, և սկսվում է թոռան ու տատի արդար մրցույթը՝ տերև բացելու և տոլմա փաթաթելու: Հետո՝ վերջին լցոնից հետո լավաշ-պանիրով դուռում՝ տոլմայի բույրով շաղախված. տատի ու թոռան ամենամարդկային, գեղեցիկ հարաբերություն: Նաև՝ մորաքրոջ, քեռու: Աստիճանաբար, սակայն, պատմվածքում հասունանում է դրամատիզմը, ապա և՝ «Համլետի հոր ուռագանը»:

«Մայրիկն իր Արեգիկին կարոտել է, ուզում է տեսնել», և հայրը Արեգիկին տանում է արդեն հիվանդանոցում գտնվող մոր մոտ: «Շենքը շրջանցեցին, մտան ընդունարան: Արծյոմ քեռին իջավ. մրրկի պես աշխույժ, բոյով, սիրուն, սպիտակ խալաթով, գանգուր գլխով, մաքուր ու ազնվազարմ օծանելիք բուրալով: –  Գրիգ ջան, դոբռիի մեջ, – ասաց, – նի ա չյոմ նի բիսպակոյսյա, պադայձի կ Նառըչկե՝ անա վսյո զձելայիտ: Վսյո խառաշո, զավտռա պրիձյոտ դամոյ»,- ահա այսպես բժիշկը, որ կոչված է մարդուն կյանք նվիրել կամ փրկել մարդու կյանքը, արդեն ավարտել է իր «գործը»: Բայց քաղքենի մարդու ու քաղքենի բժշկի այս նկարագրությունը շարունակվում է ավելի խոսուն մի պատկերով. «Ուզեց մաքուր, սպիտակին տվող, ասես կավճոտ ձեռքի ափով, երկար մատներով Արեգիկի գլուխը շոյել, Արեգիկը չթողեց, ետ-ետ գնաց»: Փոքրիկ երեխան անգամ կարծես զգում ու համապատասխանորեն արձագանքում է իրական ողբերգությանը՝ իրականում սպանվել է մարդ՝ իր արյունակիցը:

Իսկ խելացի ու տպավորվող Արեգիկը լսում է նաև հարցը, նաև՝ դիտարկումը, որ Արեգիկը իր Գամլեծիկի տարիքին է. «Սկո՞լկո յիմու: Դա, մայեմու Գամլեծիկու տոժե»:

Սերունդների կյանքն ու կենսագրությունը կարծես կրկնվում է: «Հայրիկը հանկարծ դեժավյու ապրեց. թվաց՝ դա ինքն է, իր հոր հետ, շենքի ներքևը կանգնած, լուսամուտից նայող մորն ինչ-որ բան ասում, երբ մայրիկը, տասնյակ տարիներ առաջ, խորհրդավոր պատճառներով հիվանդանոց էր ընկել: Այն ժամանակ մոր հիվանդության առեղծվածը լուծել չէր էլ փորձում, ուղղակի մեջն էր պահել: Հայրը հանկարծ մի բան հասկացավ, ու ոտքերը թուլացան, բայց էլ պարզել հնարավոր չէր, չկային իր ծնողները, հետո՝ ի՛նչ պարզելու բան էր որ: Ջրհորի պես՝ մի պահ կարծես գլխակորույս թաղվեր ծնողների գաղտնի կյանքի հորձանուտ: Գլուխը պտտվեց: Տղայի ուսիկից մի պահ բռնվեց, հետո իրեն ուղղեց, նայեց վեր: Մայրը լուսամուտից շուռ եկավ ու կտրուկ անհետացավ: «Գնացինք,- ասաց հայրը:- Մենք գործ ունենք». ահա այն ամենը, ինչ մնացել է որպես հիշողություն Արեգիկի հոր մանկության այն հատվածից, որն այսօր նույն սցենարն ունի:

Մերօրյա կյանքի ողբերգական դրսևորումներից մեկն է, ահա, որ մարդը կամովին, փաստորեն, սպանում է իր դեռ չծնված երեխային և նույնիսկ վճարում դրա համար՝ որքան էլ դժվար է դա նաև հոգեբանորեն. «Հայրը թղթադրամի խրձիկը գրպանից հանեց, մի երկու անգամ հաշվեց, վրիպում էր, նորից սկսում, վերջը հաշիվն ավարտեց, փողը տվեց պատուհանիկի միջով՝ օրիորդին: Ստացականին նայեց, մտածեց, ճմլեց, գցեց աղբարկղը»:

Եվ գուցե մեղքի գիտակցումն է պատճառը, որ երբ «ետ էին գալիս քաղաքի կենտրոնով, հայրը շտապում էր, բայց Արեգիկի քայլքին հարմարվում»: Մեղքի այդ զգացողությունն առավել են սրում Հյուսիսային պողոտայում սալարկին դրված կարմիր փոքրիկ կոշիկները և աղջիկ ցուցարարները, որ հասարակությանը կոչ են անում չդիմել սելեկտիվ աբորտի. «Մի քանի օրիորդ կանգնած՝ ելույթ էին ունենում:- Ես չկա՛մ,- գոչում էր մեկը:- Եթե ես լինեի, տոնածառ կունենայի,- գոչում էր մյուսը:- Թե Արեգիկն Արեգնազան լիներ՝ ինքն էլ այսպիսի կոշիկ կունենար,- ասաց Արեգիկը»: Բայց ի պատասխան՝ հայրը հեռացնում է Արեգիկին. «Ցույց են անում, գործ չունենք»:

«Համլետի կինոն լրիվ չէր նայել Արեգիկը, բայց Համլետի հոր ուռագանը տեսել էր: Որ սկսեցին ցույց տալ՝ Ամալյա տատը կանչեց, թե՝ տես, Համլետի հոր ուռագանը: Արեգիկը եկավ հեռուստացույցի մոտ ու տեսավ փոթորկի մեջ փողփողացող թիկնոցով մութ կերպարանքը, որ քայլում էր ու խոսում արձագանքող ձայնով: Երեսի փոխարեն երկաթե դիմակ էր, աչքերը՝ ծակ, դիմակի տակը՝ երեսի տեղը, դատարկ». ահա այս նկարագրության միջոցով հեղինակը ուրվականը «վերածում» է «ուռագանի»՝ փոթորկի, որ տիրում է հայ հասարակությանը, երբ մարդիկ որոշում են լույս աշխարհ չբերել իրենց աղջնակին:

Թերևս, ծնողների ընտրությամբ Արեգիկի քույրիկին կամ եղբայրիկին՝ որպես նրա խաղընկեր, փոխարինում է կատվիկը. «Թող մռմռա», մտածեց Արեգը: Ինքն արդեն մեծ եղբայր էր, իր կատվիկին ուներ՝ Շեկոյին, ճար չկար, պիտի արդեն որոշումներ կայացներ, ռիսկին ու մռմռոցին չնայած՝ գործեր գլուխ բերեր, գրեթե հայրիկի պես»: Եվ ենթադրվում է շարունակությունը. «Ցտեսություն, մանկություն», թեթև հոգոցով մտածեց Արեգիկը»:

Գրողը լուռ հետևող չէ այդ «սպանդանոցային» իրականությանը և ենթատեքստային նկարագրությամբ իր անհամաձայնությունն է հայտնում. «Արեգիկը անկողնում պառկած՝ ունկնդրում էր քամուն, որ իրենց նոր բնակարանի պատշգամբի ծակերից սվսվում էր, վսվսում, ոռնում: Թվում էր՝ Համլետի հոր ուռագանն է, ուռագանը դև էր դառնում, պատշգամբի ծակերից ներս սողոսկում, ննջարանով քայլում, երկարաճիտք կոշիկներով ոտքերը բարձր-բարձր վեր-վեր անելով, դիմակի տակ՝ դատարկ երես: Արեգիկն ուզում էր մատին դանակով վերք անի, աղ ցանի՝ հանկարծ չքնի, ուռագանը Մարինային՝ իր գաղտնի երազանքների ընկերուհուն, չառևանգի»: Նույն այդ «սպանդանոցային» իրականությունն է պատճառը, որ Արեգիկը պատկերացնում է «առուն ի վար լողացող տաշտակ, մեջը՝ աղիողորմ մլավող հինգ կատվիկ՝ օղակից նոր դուրս ծլած գլուխներով: Առվի եզրին՝ Մարինան, կարմիր մաշիկները հագին, ցիցը ձեռքին՝ փորձում է տաշտակը մոտեցնել ափին: Որ գիշերով Համլետի հոր ուռագանը չգա ձագերից մեկի գլուխը կտրի, ով գիտի որի»:

Նուրբ նկարագրությունների, երբեմն քողարկված պատկերների, ոչ ուղղակի համեմատությունների միջոցով «Համլետի հոր ուռագանը» պատմվածքով մերժվում է մեր հասարակության մեջ տիրող այն փոթորիկը, որը հղիության արհեստական ընդհատման միջոցով սրբում-տանում է դեռ նոր ձևավորվող աղջնակներին, թերևս, նաև տղաներին:

Վերը նշված հենց այս գեղարվեստական արժանիքների շնորհիվ էլ, եթե վերանանք մի քանի դրվագում առկա՝ յոթնամյա երեխային ոչ հատուկ դատողություններից, ինչպիսիք են, օրինակ, «Արեգիկն էլ է ուզում մեծ ախպեր լինել, արդեն չի դիմանում այլ կերպ», «Այս ինչ ես դու ուսումնասիրում»,- հարցրեց Արեգիկը» կամ՝ «Ցտեսություն, մանկություն»,- թեթև հոգոցով մտածեց Արեգիկը», «Համլետի հոր ուռագանը» հաջողված հրապարակախոսական գործ է, որով մերժվում է սելեկտիվ աբորտի գաղափարն ու դրսևորումը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի3-րդ կուրսի ուսանող Վարդգես Ավագյան

vahan chobanyan

Սահման փնտրողները

Եվս մեկ օր մոտեցավ իր ավարտին կամ գուցե նոր սկսվեց, չգիտեմ։ Ես արդեն մի քանի ամիս է՝ չգիտեմ՝ երբ է սկսվում օրը և երբ է այն ավարտվում՝ առավոտյան ինն անց կե՞ս, երբ գնում եմ համալսարան, թե՞ գիշերը տասին, երբ գնում եմ աշխատանքի։ Ու չեմ գտնում նաև այն սահմանը, որը բաժանում է ուսանողական կյանքը աշխատանքայինից։ Ու իմ նման շատ ուսանողներ ամեն օր այդ սահմանն են փնտրում ու ցույց տալիս, թե գտել են, բայց մենք հո լա՞վ գիտենք, որ խաբում ենք, խաբում նույնիսկ ինքներս մեզ, բայց մինչև ե՞րբ։ Մինչև սպառված հասնում ենք տուն, որտեղ մեզ սպասում է հայելին, որի հետ ամենաշատ ժամանակն ենք անց կացնում։ Մեզ էլի սպասողներ կան, բայց նրանց թողել ենք այն հեռավոր գյուղերում, որոնք լքելով եկանք այստեղ, որ մարդ դառնանք։

Հիմա մի փոքր ավելի մանրամասն իմ առօրյայի մասին։ Պայմանականորեն ընդունենք, որ օրս սկսվում է ինն անց կես` համալսարան գնալով։ Դասի գնում եմ աշխատանքի վայրից, ավելի ճիշտ՝ վազում եմ, որ հնարավորինս քիչ ուշանամ։ Դասի հասնում եմ ուշացած։ Առաջին սպասելիքները արդարացվում են. դասախոսը թողնում է ներս մտնել, ու քանի որ ուշացած ուսանողը զրկվում է «արտոնություններից», հնարավորինս արագ ու անաղմուկ տեղավորվում եմ։ Դրանից հետո շատ ավելի կարևոր ու դժվար անելիք կա. անտեսել գիշերը քնած չլինելու փաստը ու չտրվել սեղանին պառկելու հրապուրանքին։

Գիշերն աշխատողի համար իրերը կորցնում են իրենց հիմնական նշանակությունը։ Հազիվ ներկա-բացակայի ժամանակ աչք կպցնելով մի քանի դասաժամ անց կացնելուց հետո գալիս է տուն գնալու երանելի պահը։ Ապրում եմ հանրակացարանում ու օգտվում հանրակացարանի ընձեռնած լավ ու վատ բոլոր պայմաններից։ Չգիտեմ՝ ոնց հասնում եմ կանգառ, գտնում ինձ՝ Մասիվ հասցնելու պատրաստ ավտոբուսը ու նետի նման ցցվում մեջը։ Մոռացա ասել, որ ես բիստրոների «աստվածային» ուտելիքների երկրպագու եմ ու մինչև կանգառ հասնելը հասցնում եմ ստամոքսիս հանդեպ մեղք գործել։ Հասնում եմ տուն բավականին հոգնած։ Ինչպես արդեն ասացի, ինձ սենյակում սպասում է միայն հայելին։ Հայելու մեջ գտնելով ինձ լիովին սպառված՝ որոշում եմ պառկել։ Պառկում եմ, բայց չեմ քնում, որովհետև էդպես չեն քնում, էդպես ուղղակի խաբում են օրգանիզմին, որ փորձի հանգստանալ, որովհետև մի երկու ժամից պիտի աշխատանքի գնա։ Իսկ մի երկու ժամից զարթուցիչն ինձ ուշքի է բերում առանց մեծ ջանքերի, որովհետև ես քնած չէի, որովհետև էդպես չեն քնում։

Ու այսպես ամեն օր, ու այսպես իմ նման շատ ուսանողներ սահման են փնտրում, ուսանողական ու աշխատանքային տարիներն իրարից բաժանող սահմանը…

 

marieta

Այսօր մայրենի լեզվի միջազգային օրն է

Ֆեյսբուքյան տարեգրքի վերուվարների ընթացքում լսվող կտտոցների մեջ մեկ էլ մի կտտոց ու «BAREV DEZ»։ Մի պահ ինձ չորացած խոտ զզգալու, փոքրիկի նկարը մեծացնելու ու լայքելու խնդրանքը կատարելու արանքում մտածելու ժամանակ է մնում։ Էդ ժամանակում նաև մտածել, որ 1614 տարի առաջ մի մարդ ստեղծել է հայերեն տառեր, որ մի քանիսը TANK (տանկ) գրե՞ն թանկի փոխարեն։ Իրականում լատինատառ գրելը համացանցային տիրույթում բավականին մեծ խնդիր է՝ ըստ իս, որովհետև բացի նրանից, որ բառերը շատ հաճախ աղավաղվում են հնչյունաբանական և իմաստային առումներով, դա նաև տեղեկատվական տեխնոլոգիաների գերարագ զարգացող շրջանում հայերենի պակասության կարող է հանգեցնել առցանց հարթակում։

Իրականում, այս խնդրի պատճառները բավականին խորն են, մարդկանցից շատերը հայատառ չեն գրում սխալներից խուսափելու պատճառով, իսկ ոմանք էլ ուղղակի սովոր չեն հայերեն տառաշարերից օգտվելուն (2019 թվականին տեխնիկական խնդիրներից խոսելը անիմաստ եմ համարում, քանզի ցանկության դեպքում հնար գտնելը միշտ էլ հեշտ է)։ Հայատառ գրելու մշակույթը պետք է մտցնել մեր հասարակության մեջ դեռ դպրոցից․ աշակերտները պետք է հանձնարարություններ ունենան, որոնք պետք է հանձնել թվային տարբերակով ու հայատառ շարադրած։ Այդպես նրանք աստիճանաբար կմերվեն այդպես գրելուն։ Իսկ սխալվելուց վախեցող մեծերին էլ օգնության կարող են հասնել խելացի ստեղնաշարերը, որոնք գրելու ընթացքում ուղղում են բառերը։

Հայատառ գրելը կզարգացնի առաջին հերթին ժամանակակից լեզուն ու կնպաստի որոնողական համակարգերի հայերեն բաժինների զարգացմանը, որոնց հիմքում հիմնականում արհեստական ինտելեկտի աշխատանքն է։

Թերևս կարելի է նշել, որ վերջին տարիներին սոցցանցերում աստիճանաբար անցում է կատարվում հայատառ գրելուն ու հայատառ գրելու կոչեր են արվում նույնիսկ պետական պաշտոնյաներից, ընդհուպ մինչև երկրի վարչապետը։

Հայատառ գրելը հավես է, գրեք հայատառ, միայն հայատառով կարելի է լիովին դիպուկ արտահայտվել ու արտահայտել զգացածը, ու ի վերջո, միայն հայատառ գրողները կարող են ժպտալ էսպես՝ ։Ճ:

Հայերենը սիրելը նշանակում է հայերեն ու հայատառ գրել։