Պոլիտեխնիկի ՈւԽ-ն

Զրույց Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի ՈՒԽ-ի նախագահ՝ Գևորգ Հարությունյանի հետ:

-Ինչո՞ւ ընտրեցիք հենց այս բուհը, և ինչքանո ՞վ այն արդարացրեց ձեր սպասումները:

-Դեռևս դպրոցում սովորելու տարիներին արդեն հատուկ ուղղվածությամբ պարապմունքների էի հաճախում, ու փաստը այն էր, որ թե՛ ես, թե՛ դասընկերներիցս շատերը ավելի տեխնոլոգիական բուհ ընդունվելու էինք ձգտում: Բաժինս՝ մասնագիտությունս, ընտրել եմ շատ պատահական: Արդյունքում, հայտնվեցի հենց քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետում: 2019թ.-ին արդեն կլրանա իմ պոլիտեխնիկցի լինելու տասը տարին: Ու հետադարձ հայացք գցելով ես կարող եմ ասել, որ այստեղ ես ստացել եմ լիարժեք ինժեներական կրթություն և դաստիարակվել որպես արժանի քաղաքացի:

-Ինչպե՞ս հայտնվեցիք ուսանողական խորհրդում:

-Առհասարակ ուսանողների հետ շփվելիս ես հաճախակի եմ պատմում այս պատմությունը, որովհետև սա շատ լավ բնութագրում է, թե ինչ առաքելություն է իր վրա կրում այս կառույցը: Առաջին կուրսում, ինչպես սովորաբար լինում է՝ կուրսի ավագը բոլորին տեղեկացնում է ՈՒԽ-ի հետ հանդիպման մասին: Եվ պետք է անկեղծ լինեմ, դա մեծ հետաքրքրություն չառաջացրեց իմ մեջ: Անցավ ևս մեկ ամիս, մենք խմբում ունեինք մեկ խնդիր՝ ունեինք ուսանող, ում բացակաները ծայրահեղ քանակի էին հասնում: Եվ ես գիտեի, որ նա միակողմանի ծնողազուրկ է և աշխատում է` ուսման վարձը վճարելու համար, արդյունքում դուրս մնալով դասապրոցեսից: Ու տեսնում էի, որ կուրսի մեծամասնությունը անտարբեր էր այդ ուսանողի և նրա խնդրի նկատմամբ: Մի խոսքով, եկավ մի պահ, երբ նա հեռացման էր ենթակա: Հենց այդ ժամանակ էլ, ես առաջին անգամ թակեցի 5603 համարի սենյակի դուռը, փորձելով ՈՒԽ-ի հետ միասին լուծել իմ համակուրսեցու խնդիրը: Այնտեղ հանդիպեցի Գոռ Վարդանյանին (ռեկտորի տեղակալ, ՈւԽ պատվավոր նախագահ), ում հետ էլ ես կիսեցի մտահոգությունս: Եվ այս մի խնդիրը լուծելով, ՈւԽ-ն անձամբ ինձ համար դարձավ մի կառույց ԲՈւՀ-ում, որը իսկապես մտահոգված էր ուսանողների խնդիրներով: Հետագայում պարբերաբար այցելելով հասկացա, որ անելիք ունեմ այստեղ:

-Ի՞նչ ճանապարհ եք հասցրել անցնել այստեղ: Եվ ո՞րն եք համարում ՈՒԽ-ի գլխավոր նպատակը:

-Սկզբնական շրջանում աշխատում էի ամեն ինչի մեջ ներգրավված լինել, փորձել ամեն ինչ: Ժամանակի ընթացքում ավելի հաճախ էի կազմակերպչական աշխատանքներով զբաղվում և արդյունքում աշխատակազմի մեջ ընդգրկվեցի, և եկավ այն պահը, երբ ինքս սկսեցի ղեկավարել «Քոմփյութերային համակարգեր և Ինֆորմատիկա» ֆակուլտետի աշխատակազմը: Իսկ 2012-ին ընտրվեցի ֆակուլտետային ՈՒԽ նախագահ, 2014-ին էլ համալսարանի ՈւԽ նախագահի տեղակալ։ 2017թ-ի սեպտեմբերի 4-ին ընտրվեցի համալսարանի ՈՒԽ-ի նախագահ: Դա ինձ համար շատ անսպասելի էր: Եվ հաճախ ինքս ինձ հարցնում եմ` ձգտո՞ւմ էի դրան, թե՞՝ ոչ: Պետք է անկեղծ լինեմ, ո՛չ, չէի ձգտում: Ես ինձ շատ լավ էի զգում, երբ 2014թ-ից դարձա նախագահի տեղակալ: Այսինքն, իմ հիմնական նպատակը Ուսանողական Խորհրդում չի հանդիսացել նախագահ դառնալը, այլ ուսանողական աշխատանքներ կատարելն ու ուսանողների շահերը պաշտպանելը։ Բայց ծանրաձողի իրական կշիռը միայն սեպտեմբերի 4-ին հասկացա։

Ինչ վերաբերում է ՈւԽ-ի առաքելությանը: Մեր նպատակն է` մշտապես պաշտպանել ուսանողության շահերը, ստեղծել հարթակ, որտեղ ուսանողները կարող են ազատորեն արտահայտել իրենց խնդիրներն ու մտքերը: Խթան հանդիսանալ, որ մեր ուսանողները կարողանան իրենց ներկայացնել այլ հարթակներում նույնպես:

Երբ բուհի հետ պայմանագիր էինք կնքում, ուշադրություն դարձրի մի պարբերության՝ մշտապես և յուրաքանչյուր հարթակում բարձր պահել բուհի անունն ու պատիվը: Սա մեր գերնպատակներից մեկն է:

 

-Սեփական փորձից գիտեմ, որ Ուխ-ն նվիրում և ժամանակ է պահանջում: Ինչպե՞ս էիք հասցնում ամեն ինչ:

-Սովորելու և ՈՒԽ-ի հետ զուգահեռ ես նաև աշխատում էի: Աշխատել եմ տարբեր տեղեր: Թե ֆիզիկական, թե հոգեբանական առումով դժվար էր՝ դասեր, հասարակական աշխատանք և աշխատանք համալսարանական դասերից հետո: Եվ եթե ուղղակի պատասխանեմ հարցին, ապա պետք է ասեմ, որ այո՛, հասցնում էի: Չեմ կարող ասել ինչքանով էր ստացվում, բայց հասցնում էի: Իրականում կապ չունի. դա ՈւԽ-ն կլիներ, թե մեկ այլ կառույց: Այստեղ կարևորն այն է, թե ինչքանով ես նվիրված քո աշխատանքին: Եթե դու ցանկանում ես սովորել, կապ չունի` ինչքան ծանրաբեռնված ես, դու հաստատ կգտնես մեկ ժամ և կտրամադրես այդ մեկ ժամը սովորելուն և կհասցնես: Ծանրաբեռնվածությունը շատ էր, երբեմն դասերի ժամանակ քնում էլ էի: Ով է ասել, որ լավ մասնագետ լինելու համար պետք է ստուգման գրքույկիդ մեջ միայն 100-ներ լինեն: Երբեմն միայն գնահատականը չէ, որ որոշում է ուսանողի կամ մասնագետի որակները՝ մանավանդ ժամանակակից աշխարհում։ Ես համարում եմ, որ երիտասարդ ժամանակդ դու պետք է օգտագործես քեզ տրված բոլոր հնարավորությունները, և եթե այս տարիքում վերելք չապրես, ապա չես ապրի երբեք:

-Ի՞նչ առանցքային խնդիրներ եք տեսնում ուսումնական պրոցեսի կազմակերպման գործընթացում:

-Իհարկե, ոչինչ անթերի լինել չի կարող: Ես գտնում եմ, որ խնդիրները բազմակողմանի և խորքային են։ Պոլիտեխնիկի տարածքում մի շարք լաբորատորիաներ և գիտահետազոտական կենտրոններ են գործում («Շնայդեր էլեկտրիկ-ՀԷՑ-ՀԱՊՀ», «Կասկադ հոլդինգ-ՀԷՑ-ՀԱՊՀ», «ՀԱՃԼ», «Օդային ռոբոտատեխնիկայի գիտահետազոտական կենտրոն», «Տեխնոլոգիական իննովացիոն հարթակ»), որոնց դռները մշտապես բաց են ուսանողների առաջ: Եվ ես կցանկանայի տեսնել ավելի մեծ հետաքրքրություն և ներգրավվածություն այդ լաբորատորիաների և սեփական կրթության որակի բարելավման նկատմամբ: Համոզված եմ, որ պահանջատիրությունը բառի ուղղակի գործառույթի կատարմամբ չի սահմանափակվում։ Պահանջատեր մարդը պետք է լինի նաև նախաձեռնող, սեփական օրինակով, սեփական անձից սկսելով սկիզբ դնի փոփոխությանը։ Տրված ուսման վճարի դիմաց ուսանողը պետք է լիարժեք կրթություն ստանա: Բացի այդ, շատ առարկաներ կան, որոնց գործնական ժամերը ուղղակի պետք է լեկցիոն ժամերից ավելի շատ լինեն: Տեսական գիտելիքները գործնականում պետք է կիրառվեն:

Խնդիրները բազմաթիվ են ու բազմաբնույթ։ Կան և սուբյեկտիվ և մասշտաբային խնդիրներ։

-Որքանո՞վ է ապահովված ուսանող-դասախոս կապը, Ուխ-ն իր նախաձեռնություններում աջակցություն դասախոսական անձնակազմից ստանո՞ւմ է:

-Դասախոսը ոչ միայն գիտելիք տվող է, այլև ավագ ընկեր: Իմ ուսման ընթացքում հանդիպել եմ բազմաթիվ դասախոսների, ովքեր բարեխճորեն կատարել և կատարում են իրենց մանկավարժական առաքելությունը և բազմիցս հանդես են եկել, որպես ուղղորդող Ուսանողական խորհրդի այս կամ այն գաղափարի իրագործման համար: Պոլիտեխնիկում կան բազմաթիվ աշխատակիցներ, այդ թվում դասախոսներ, և չի կարելի միանշանակ ասել, որ բոլորը կատարում են նույն ծավալի և որակի աշխատանք: Իհարկե կան նաև համեմատաբար անտարբեր դասախոսներ, դա փաստ է: Բայց վստահաբար կարող եմ ասել, որ մեր դասախոսական անձնակազմի մեծամասնությունը համապատասխանում է իմ տված բնութագրին:

-Եվ վերջում ուզում եմ մի հարց տալ, ինչո՞վ է պոլիտեխնիկական ՈՒԽ-ն առանձնանում այլ համալսարանների ուսանողական կառույցներից:

-Իրականում յուրաքանչյուր կառույց էլ կարծում եմ հավատարիմ է իր առաքելությանը և բարեխղճորեն կատարում է այն:

Մեր համալսարանը ունի շատ լավ մշակույթ, որի գաղափարը կայանում է միասնության մեջ: Եվ մինչ օրս Պոլիտեխնիկի գրանցած բոլոր հաջողությունները թիմային աշխատանքի, ինժեներական մտածելակերպի և միասնության արդյունք են: Ուզում եմ նշել, որ Արցախյան պատերազմի ժամանակ Պոլիտեխնիկը այն եզակի կառույցներից էր, որտեղ կազմվեց կամավորական ջոկատ և մեկնեց սահման կռվելու: Եվ եթե խոսենք տարբերվելու մասին, ապա առաջին հատկանիշը, որը ես մտաբերում եմ, հենց միասնությունն է:

Shushan nersisyan

Կեսգիշերի մեր հեքիաթը

Տարվա վերջին կեսգիշերից մի քանի ժամ առաջ, երբ մութը գերիշխող դառնա, մեր թաղի այն հատվածում, որտեղ տարեվերջյան կեսգիշերին երազանքներ էին պահվում, ոչի՜նչ տեղի չի ունենալու:

Սրանից դեռ տարիներ առաջ տարվա վերջին կեսգիշերը մեր թաղում վեր էր ածվում իսկական տոնակատարության, տոն, որ չես գտնի օրացույցներում, նոթատետրերում, տոն, որի մասին ոչ մի տեղ ոչ մի հիշատակություն չկա, բայց քանի որ այն ամրագրված էր մեր հիշողություններում, ուրեմն այն պիտի կատարվեր:

Անվադողեր վառելու գեղեցիկ արարողությունը դարձել էր ավանդական…

Թաղի տղաները իրենց նկուղներից երկու-երկու դուրս էին բերում ողջ տարվա հավաքած անվադողերը (չգիտեինք՝ ոնց էին էդքանը հավաքում, իրենց ասելով՝ դա մի բարդ ու հետաքրքիր գործընթաց էր, մեզ՝ անհասկանալի) ու տանում այնտեղ, որտեղ հիմա արտասովոր ոչինչ տեղի չի ունենալու: Մենք անվադողերը տեղ հասցնելու գործընթացին հետևում էինք պատուհաններից կամ էլ ծայրահեղ դեպքում ամանորյա գնումներից ինչ-որ բան պակասած էր լինում, և մենք մոտակա խանութ գնալու ճանապարհին հանդիպում էինք նրանց:

Տղաներից ոմանք գլորում էին, նրանք, որոնք զգում էին իրենց հավանած աղջիկների հայացքը պատուհաններից, կամ որոնց աչքի առաջ պատահաբար հայտնվում էին այդ նույն աղջիկները, միայնակ գրկում էին անվադողն ու հերոսաբար տանում, ինչը գրեթե անհնար է, եթե չունես հսկային հատուկ տվյալներ: Դա լինում էր իրենց կողմից այդ օրվա միակ տեղ հասցրած անվադողն ու միաժամանակ միակ հերոսությունը: Ուրիշները, որ ավելի համեստ էին, հատկապես, որ հավանած աղջիկ էլ չունեին, տանում էին անվադողերը մի քանի անգամով՝ չհրաժարվելով նույնիսկ առաջարկվող օգնություններից: Ոմանք էլ տեղափոխելու արարողությանը մասնակցում էին դիտորդի կարգավիճակով, բայց որ իրենց հարցնեին, իրենք ահագին գործ էին արել. նրանք մի քիչ պարծենկոտ ու մի քիչ էլ ինքնահավան տղաներն էին, որոնք սակայն ամեն վայրկյան պատրաստ էին կյանք տալու իրենց ընկերների համար:

Հերթը հասնում էր բուրգին: Ու քանի որ այդտեղ հավանած աղջիկներ չկային, ու տղաները միմյանց աչքերում հերոսանալու կարիք կարծես թե չունեին, մի մարդու պես իրար օգնելով անվադողերից բուրգ էին կառուցում: Այնպիսի բուրգեր, ինչպիսին նրանք էին կառուցում, հանդիպում են միայն հեքիաթներում, որոնց հերոսները հսկաներ են:

Երբ հերթը հասնում էր կախարդական հեղուկին, որ պիտի ազդարարեր ամենագեղեցիկ պահի սկիզբը, այն այդտեղ հայտնվում էր անհասկանալի կերպով, չէր իմացվում՝ ով ու երբ հասցրեց բերել:

Սա ծիսակատարություն էր՝ իսկակա՜ն, առեղծվածայի՜ն…

Երևում էր առաջին բոցը, հետո՝ երկրորդը, երրորդը, ու հետո հաշվելը դառնում էր անհնար: Սկսվում էր խրախճանքը: Սա նման էր հեթանոս աստվածների խրախճանքներին, սա մի քիչ ավելին էր քան այդ խրախճանքները: Կայծերը շատանում էին, երկինք էին բարձրանում՝ ավելացնելու աստղերի թիվը:

Դե իհարկե, մենք դրան չէինք մասնակցում, դա տղայական գործ էր, դա մեր տեղը չէր, մեզ չէր կարելի, բայց նրանք վստահ էին, որ մենք մեր պատուհաններից հետևում ենք ծիսակատարությանը: Դրա համար էլ կրակը գնալով թեժանում էր, բարձրանում, որ բոլորիս տներից երևա: Իսկ անվադողերը վառվում էին: Նրանք ճիշտ էին, մենք գիտեինք՝ ինչով պիտի ավարտվի տարվա վերջին կեսգիշերը, դրա համար բոլոր գործերն անում էինք նախօրոք, կամ թողնում ամենափրկիչ մայրիկներին ու հայտնվում պատուհանագոգերին: Անվադողերը վերջանալու միտք չունեին, մեկին հաջորդում էր մյուսը, իսկ երբ թվում էր՝ ուր որ է կվերջանան, կրակի ճիրաններում էին հայտնվում նորերը, նախորդներից ավելի սև, ավելի մեծ…

Այդ ամենն այնքան գեղեցիկ էր: Ու մեզ ոչինչ անել չէր մնում, քան երազանքներ պահել ու բոցերի հետ երկինք ուղարկել: Թե մեզնից քանիսի՜ երազանքը համընկավ, ո՜ւմ երազանքը երկինք հասավ, ո՜ւմը մնաց կիսաճամփին, ոչ ոք այդպես էլ չիմացավ: Թե ի՜նչ էին խոսում կրակի շուրջը հավաքված տղաները, ինչո՜ւ էին ծիծաղում, ինչի՜ մասին էին մտածում ու ի՜նչ երազանքներ էին պահում, այդ էլ ոչ ոք չիմացավ: Նրանք ժպտում էին, երբեմն ծիծաղում կրակի բոցերի ներքո, իսկ մենք երազում էինք պատուհանագոգերին նստած, ու դա նմանվում էր ֆիլմերի վերջին դանդաղեցված հատվածներին, երբ բոլորը համերաշխ են ու երջանիկ…

Երբ կրակն սկսում էր աստիճանաբար թուլանալ, տղաները ցրվում էին, իսկ մենք հետ էինք քաշվում պատուհաններից, որովհետև կեսգիշերին րոպեներ էին մնում: Նոր տարին ազդարարող զանգերի հետ մենք նորից երազանքներ էինք պահելու, ճիշտ նույն երազանքները, ինչ րոպեներ առաջ էինք պահել լուսամուտների մոտ ու անվադողերի կրակների ներքո՝ անվերապահորեն հավատալով դրանց կատարմանը:

Դա մեր հեքիաթն էր, տարվա վերջին գիշերվա հեքիաթը, ամենաիսկական հեքիաթն աշխարհում: Շենքերում բոլոր արթուն էին…

Տարվա վերջին կեսգիշերից մի քանի ժամ առաջ, երբ մութը գերիշխող դառնա, մեր թաղի այն հատվածում, որտեղ հրաշքներ էին կատարվում, ոչինչ տեղի չի ունենալու:

mariam barseghyan1

Իմ 2018-ը

2018-ը բավականին հաջողակ տարի էր: Դե, հասկանում եք. համալսարան, նոր միջավայր, որը ամեն օր ավելի ու ավելի սիրելի է դառնում: Առաջին անգամ Եվրոպայում եղա, ու կյանքումս դրական փոփոխությունները դեռ շարունակվում են:

Պետք է, որ ամեն ինչից գոհ լինեմ, բայց ի՞նչ է պետք սպասել 2019-ից, եթե 2018-ում առաջին անգամ մտքովս արտագաղթ բառը անցավ: Գիտեք, դա ցույցերի ժամանակ էր, երբ մեծամասնությունը ոգևորված պլաններ էր կառուցում Հայաստանի հետ կապված: Եվ ես ինքս ճանաչում եմ նրանց, ովքեր խոպանից եկան Հայաստան, որ վաճառեն իրենց տունը, բայց չվաճառեցին, որովհետև հույս ունեին, որ մի օր իրենց պլանները այդ տան հետ կկապեն: Իսկ ես  ծրագրեր էի ուսումնասիրում, որոնցով հնարավոր լինի երկրից դուրս գալ:

Ես ամեն օր փորձում եմ հավատալ նոր սկզբի հաջողությանը, համոզելով ինձ, որ ժամանակ է պետք և այլն: Բայց հիմա ցույցերին չմասնակցելու որոշումս օր օրի իրեն ավելի ու ավելի է արդարացնում: Հնարավոր է կրկնվեմ, բայց մարդկանց ուրախ դեմքերը ինձ համար դրական փոփոխություն չէ: Երջանիկ գործազուրկ մարդը, ով օրվա հացի գումարի հարցը չի կարողանում լուծել, կառավարության հաջողության գրավականը չէ: Ստամոքսի դատարկությունը, կներեք, բայց դեմքի ժպիտով չի փարատվում: Ու գիտեմ, որ իմ տեսակետի հետ չեք համաձայնի, ու փորձը ցույց է տալիս, որ ձեր միակ փաստարկը «բա էն ժամանակ լա՞վ էր» արտահայտությունն է լինելու: Ու ես էլ հերթական անգամ պետք է ասեմ, որ ոչ, լավ չէր, բայց մտածում եմ, որ հիմա ավելի վատ է լինելու: Գիտեմ նորից հոռետեսություն եմ անում:

Հիմա մնում է ասեմ, թե ինչ եմ սպասում 2019-ից: Հուսով եմ, որ 2020թ-ի նախաշեմին ամենադրական մտքերով կկիսվեմ ձեզ հետ, ու այս և մնացած հոռետեսական նյութերիս համար էլ անկեղծորեն կզղջամ:

asthnikogh

Առերեսում

-Վախենում ես քեզ հանկարծ չընդունեն էնպես, ոնց իրականում կաս:

Անջատեցի հեռախոսս:  Չի զանգի,  հարազատ մարդ է, գիտի՝ մտքերիս հերթն է հետս խոսելու: Ուրեմն վախենում եմ: Բայց դեռ հարց է՝ չհասկացվելո՞ւց,  թե՞ հենց հասկացվելուց:  Մեկ- երկու բառ ավել ասել ու կատակել,  չէ՛ է, չէ՛, ավելի լավ է լուռ լսել ու թեթև խնդալ:  Ես ու իմ կատակները մտքում կխնդանք.  մեկ-մեկ կիսաձայն ծիծաղել կարելի է բայց: Թող ասեն խելոք գիժ է: Էլի խնդացի:

-Չէ՛, տիկին ջան, Ձեր տարօրինակ գլխարկը իմ ծիծաղի հետ կապ չունի: Անեկդոտ հիշեցի:

-Գիժ է՜ էս աղջիկը:

-Խելոք գիժ է, չէ՞:

Բայց գլխարկն իրոք ծիծաղի արժանի տարօրինակ էր:  Թե ասա` խելոքի գիժն ու գժի խելոքը ո՞րն է: Դե լավ, այդ կնոջը էլ չեմ տեսնելու: Գլխարկն էլ երևի:

Հա, ի՞նչ էի ասում: Վախենում էի ուղղակի խոսելուց, էն սիրուն գծած ձևերին չէի տիրապետում, բայց գիտեի: Ասենք` հեծանիվ ունեմ ու քշել չգիտեմ: Լավ էլ համեմատեցի:

-Է՜, տիկին, ասացի` գլխարկը կապ չունի:

Բայց սովորել գոնե կարող եմ: Ասում են` բարդ չէ, ժամանակի հետ կվարժվես, էլ չես ընկնի: Է՛ս դու, է՛ս հայելին, էս էլ մի բուռ ձևական սեթևեթանք,  դե՛ պարապիր:

-Շատ արհեստական է ստացվում: Ձևական ես:

-Ի՞ նչ արած, էլի լիկվիդ:

Ինչ լավ է, գոնե հեծանիվ քշել գիտեմ: Վախենում եմ… Լավ տրանսպորտս եկավ, ես գնացի: Այդպիսի մտքերի համար այնտեղ բավական անհարմար է: Հասնեմ` կզանգեմ էլի այն հարազատին:

Shushan nersisyan

Միշտ չհերիքող մանրուքներ

Դու արդեն վաղուց էլ ոչ մի տեղ չես շտապում, միշտ քայլում ես դանդաղ, մտածկոտ, չես խոսում ծանոթներիդ հետ: Դու վաղուց նրանց մեջ ինչ-որ մեկին ես փնտրում, փնտրում ես ամենուր, և քանի որ չես գտնում, սկսում ես խուսափել նրանցից:

Այդ օրը հերթականն էր: Ոչնչով չտարբերվող նախորդ ու հավանաբար հաջորդ օրերիցդ: Ձգված, ծամածռված, խեղճացած օրդ, որ չգիտես՝ ոնց էր սկսվել ու ոնց էր ավարտվելու, քեզ էր սպասում:
Այդ օրը կանգառում դու էլի ինչ-որ բան, կամ ավելին՝ ինչ-որ մեկին էիր փնտրում: Մինչև տեղ հասար, հազար անգամ շուրջդ նայեցիր ու չգտար: Անկեղծ ասա՝ ո՞ւմ գալուն էիր սպասում: Լա՜վ, կարող ես չասել, գիտեմ, սպասում էիր, որ պիտի գա՞ր, գալու էր, բա չէ՜, հետն էլ ծաղիկներ պիտի բերեր` էն քո սիրած դաշտայիններից: Տալու էր քեզ, ժպտալու էիր, ու բոլորը քեզ երջանիկ էին տեսնելու, ու զարմանալու էին՝ վերջապես քեզ էլ ուրախացնող հայտնվեց… Չկար, չեկավ, ծաղիկներ չբերեց, չզարմացան, չուրախացար:
Իսկ ո՞վ էր անընդհատ զանգում, մինչ սպասում էիր երթուղայինիդ, մի քանի անգամ առանց նայելու անջատեցիր, գիտեի՞ր, որ ինքը չէ: Բայց մի քանի անգամ աչքդ գցեցիր հեռախոսիդ, հա՜, մտածում էիր՝ հեռվից տեսել է քեզ, ուզեցել է առաջարկել միասին մի կանգառ ավելի քայլել, դրա համար է զանգում: Դե հա, ինքը չէր, դու հո չէի՞ր կարող սխալվել:
Բա ինչո՞ւ առաջին պատահած երթուղայինը չնստեցիր, դատարկ էր, չէ՞, լա՜վ, գրեթե դատարկ, ինչո՞ւ չնստեցիր: Բեր խոստովանիր, որ հույս ունեիր՝ կհայտնվի ու կհրավիրի մոտակա սրճարանը: Ծիծաղելի տեսք ունեիր, գիտե՞ս: Պիտի շուտ բարձրանայիր, որ չսառչեիր:
Ինչո՞ւ էիր ձեր թաղամաս հասցնող երթուղայինում պայուսակդ դրել կողքիդ: Դրել էիր, որ մարդ չնստի՞: Հա՜, սպասում էիր, որ հաջորդ կանգառից պիտի ինքն էլ բարձրանար: Կողքիդ պիտի նստեր, քիչ չի, իջնելիս էլ տոմս պիտի վերցներ, չէ՞, քեզ համար: Հետո ճարդ կտրած պայուսակդ դրիր ծնկներիդ, որ էդ խեղճ ուղևորները նստեն, որովհետև նա, ով պետք է բաձրանար, չբարձրացավ, կողքիդ չնստեց, չզրուցեցիք, տոմս չգնեց… Ամեն դեպքում, դու մենակ էիր:
Իսկ որ բակ մտար, ո՞ւմ էիր փնտրում: Չնայած՝ բակերում էլ ո՞ւմ պիտի փնտրեն: Մտածում էիր՝ էն ծաղիկները, որ փողոցում չէր համարձակվել տալ, պիտի բերած դրած լիներ շքամուտքում՝ ձեր դռան առաջ: Չկար: Չէր դրել: Իսկ դու արդեն մտածում էիր՝ ոնց ես սեթևեթելու, ոնց ես սկզբում չեմուչում անելու, հետո հանձնվելու ու վերցնելու: Դու արդեն նույնիսկ մտածել էիր՝ որ ծաղկամանում ես դնելու դրանք: Ծաղիկներ չկային:
Հարևաններդ ի՞նչ էին ուզում, էդ օրն ինչքա՜ն դուռդ թակեցին: Լավ, ինչի՞ էիր նեղսրտում, էդ մարդիկ հո չէի՞ն մտածում, որ դու կարևոր թակոցների ես սպասում: Ամեն թակոցից վեր էիր, չէ՞, թռչում, ախր, ամբողջ օրը չկար, էդ գիշե՞րն էր գալու։ Խորհրդավոր կլիներ, բայց դու ինձանից լավ գիտես, որ չէր գալու:
Լսիր, անհարմար է: Հանիր կոշիկներդ, արձակիր մազերդ: Հանվիր: Շպարդ չմաքրես, չի օգնելու: Հագիր թեթև մի բան ու պառկիր, որ մի քիչ հանգստանաս: Բարձդ փոխիր, վերցրու փոքր, ավելի փափուկ ինչ-որ բան: Գլուխդ իջեցրու բարձին: Ծածկվիր ողջ մարմնով, բաց տեղ չթողնես, որ քամին չսառեցնի առանց այդ էլ սառած մարմինդ: Անջատիր ուղեղդ ու քնիր:
Դե քնի՜ր, ափսոս ես: Հա, ճիշտ ես, քնելն էդքան էլ հեշտ չի, եթե ուղեղդ չես կարողանում անջատել, բայց փորձիր, էլի, ախր, ափսոս ես, շատ ես խեղճացել, ժպիտիցդ էլ բան չի մնացել: Չես քնելու, չէ՞…
Ու միշտ չես քնելու, որովհետև քեզ պակասող մանրուքներ կան: Էդ ծաղիկները, երթուղայինի չգնված տոմսը, կողքիդ դատարկ նստարանը քեզ միշտ պակասելու են, չեն հերիքելու, իսկ եթե պատահմամբ ինչ-որ մեկը հայտնվի ու փորձի դրանք քեզ վերադարձնել, ուղղակի չես ընդունելու, մերժելու ես, կոպտորեն արհամարհելու, որովհետև նա լինելու է մի ինչ-որ մեկը, որ չի հասկանալու մանրուքների նշանակությունը քո կյանքում: Քեզ միշտ պակասելու են մանրուքներ, որոնք կարևոր են, և որոնք չես գտնելու, որովհետև ծաղիկներն արդեն ուրիշներին են տվել, երթուղայիններում ուրիշների համար են տոմսեր վերցրել, դատարկ նստարաններին անծանոթներ են նստել: Այդ ամենը քեզ համար չէ, քոնը քեզնից հեռու է, չի գալու, չես գրկելու… Ծաղիկները, երթուղայինի տոմսը, դատարկ նստարանը մանրուքներ են, քեզ միշտ չհերիքող, պակասող մանրուքներ:

Եթե չես կարողանում քնել, բարձդ շրջիր, սառը երեսի վրա ավելի շուտ են քնում:

«Առաջին անգամ ընտրող» ծրագիրը Վանաձորի 11-րդ ավագ դպրոցում

Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցում դեկտեմբերի 3-5-ը տեղի ունեցավ «Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագիրը: Այն իրականացնում է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը և ֆինանսավորվում է Եվրոպական միության ու Եվրոպայի խորհրդի կողմից: Ծրագրի նպատակն էր երիտասարդ սերնդին տեղեկություններ փոխանցել ընտրական համակարգերի, ընտրողների իրավունքների և պարտականությունների, այդ գործընթացում պետական հաստատությունների գործառույթների մասին: Առաջին օրվա ընթացքում դպրոցի «Պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցչուհի Նաիրա Բարիկյանը մի քանի աշակերտների հետ բաժանեց ուղեցույց-գրքույկներ տարբեր դասարաններում, իրազեկեց աշակերտներին գալիք ընտրությունների, դրանց ընթացակարգի և որպես իրավագիտակից և պատասխանատու քաղաքացի դրսևորվելու կարևորության մասին: Թեկնածուները մշակեցին իրենց ծրագրերը, ընտրեցին վստահված անձանց: Երկրորդ օրը՝ դեկտեմբերի 4-ը, պատասխանատու և որոշիչ օր էր թեկնածուների համար, քանի որ նրանք պետք է անցկացնեին քարոզարշավ և ընտրողներին ներկայացնեին իրենց ծրագրերը: Նրանք դպրոցի պատերին փակցրին իրենց ծրագրերը, անցան դասարաններով, խոսեցին իրենց կողմից բարձրացված հարցերի և դրանց տրված լուծումների մասին, պատասխանեցին առաջացած հարցերին: Քարոզարշավից հետո տեղի ունեցավ մամուլի ասուլիսը, որի ընթացքում թեկնածուներն արդեն ավելի մանրամասն ներկայացրին իրենց ծրագրերը, ինչին հետևեց բուռն հարց-պատասխանի շրջանը: Լրագրողները և հետաքրքրված ընտրողներն ուղղում էին ամենատարբեր բովանդակություն ունեցող հարցեր՝ սկսած աշակերտ-ուսուցիչ հարաբերություններից, վերջացրած ՀՀ բյուջեին վերաբերող հարցերով: Հարցերը նաև տեղիք տվեցին հետաքրքիր ու սուր բանավեճերի և քննարկումների թեկնածուների միջև: Երրորդ և ամենասպասված օրվա ընթացքում աշակերտները կատարեցին իրենց ընտրությունը, հանձնաժողովի անդամները հաշվեցին ձայներն ու հայտարարեցին հաղթողին, որը 2019թ.-ի փետրվարին հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի և տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյաների հետ: 

Ծրագիրը հնարավորություն տվեց դեռահասներին զարգացնելու միմյանց լսելու կարողությունը, խոսքի հմտությունը, հասկանալ, որ իրենց ձայնը կարևոր է, որ իրենք են այս երկրի ներկան և իրենք կարող են փոփոխություններ անել՝ անգամ ընտրություններին մասնակցելով և գիտակցված քվեարկելով: Աշխարհում ամենալավ զգացողություններից է, երբ քո ձայնն ու կարծիքը լսում են։ Կարծում եմ՝ նման ծրագրերը դպրոցում այսօր անհրաժեշտ են, քանի որ նրանք հնարավորություն են տալիս զգալ այդ ամենը, նախապատրաստվել հաջորդ ընտրություններին:

Կլինի՞ իրավական գիտակցություն

Ընտրություն կատարելը  նախ և առաջ պատասխանատվություն է: Ինչպես միշտ, այնպես էլ հիմա, մեր հասարակության մեծամասնությունը չի գիտակցում դա: Այս ընտրությունների ժամանակ եթե ընդունենք, որ մարդկանց, օրինակ, 30%-ը երկրում չէր, կամ այլ պատճառներ  ուներ ընտրության չգնալու համար, ապա ես ուղղակի համոզված եմ, որ մի 20%-ին էլ դա ուղղակի հետաքրքիր չէր: Չէ, ես չեմ խոսում ընտրությանը մասնակցողների քանակից, ես խոսում եմ, նրա մասին, որ մեր երկրի համար նման կարևոր պահի կան մարդիկ, ովքեր թքած ունեին այս ընտրությունների, հետևաբար նաև երկրի ապագայի վրա: Մեր հասարակության մեջ գրեթե գոյություն չունի այն գաղափարը, որ մեր մի քվեն ինչ-որ բան փոխելու առարկայական ուժ ունի: Շատ երիտասարդներ, այդ թվում նաև ես, այս տարի առաջին անգամ էի ընտրում: Եվ հնարավորություն ունեի քաղաքացիական պարտքս կատարել և քվեաթերթիկի վրա նշում անելով լիովին գիտակցել, որ հիմա ես էլ եմ պատասխանատվություն կրելու: Որ հետագայում խորհրդարանում ընդունված ցանկացած որոշման համար,  հենց ես եմ պատասխանատու: Ուրախ եմ, որ այս անգամ ընտրողներից և ոչ մեկը, իրավունք չի ունենա ասել, որ մեր վատ սոցիալական պայմանների կամ այլ խնդիրների համար կառավարությունն է մեղավոր: Ոչ՛, մենք պետք է լիովին գիտակցենք, որ ամեն ինչ՝ թե՛ լավ, թե՛ վատ, միայն և միայն մեր ընտրության արդյուքն է լինելու: Ու այս անգամ չենք կարող մեր ընտրությունը քվեները կեղծելու տակ թաքցնել, որովհետև հիմա կարծես թե բոլորս համոզված ենք ընտրությունների արդար լինելու  մեջ: Հուսով եմ, որ այս ընտրությունները թույլ կտան նոր կառավարությանը ամրապնդել իր դիրքերը և սկսել գործել ի շահ ժողովրդի: Ակնկալում եմ տեսնել արարքների համար պատասխանատվություն կրող նոր կառավարություն և իրապես հասուն հասարակություն: Չնայած գրեթե համոզված եմ, որ ակնկալիքներս չեն արդարացվելու: Մեր ազգը երբեք այնքան հասուն չի լինի, որ` ում ես ընտրելու հարցին, պատասխանի, որ դա ընտրական գաղտնիք է: Եվ նույն կերպ էլ այնքան հասուն չի լինի, որ չհարցնի դրա մասին: Քո ընտրության մասին բարձրաձայնելն էլ, լռելն էլ  քո ընտրությունն է, հարցը դրա մեջ չէ: Հարցը իրավական գիտակցության բացակայությունն է…

Ինձ ասում են` շատ հոռետես ես, դու առաջին անգամ ես ընտրում ու պետք է այնպես գրես, որ նյութդ մարդկանց հույս ներշնչի: Հա, համաձայն եմ, բայց ավաղ, այս ընտրությունները, ու մարդկանց երջանիկ դեմքերը ինձ հույս չներշնչեցին, որ ես էլ դա ձեզ փոխանցեմ:

Լավ մնացեք…

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Կհաղթի, չէ՞, թագավորը

Կյանքիս 18-րդ տարին նշանակալից դարձավ մի շարք նոր, բարդ, եզակի ու խճճված դեպքերով, որոնց ազդեցությունը ինձ վրա կրելը միաժամանակ և’ հետաքրքիր էր, և’ երջանկալի, և’ պարտավորեցնող, և’ հպարտացնող։

Հիմա կուզեի պատմել այդ դեպքերից ոչ պակաս կարևոր ու  զավեշտալի մեկի  մասին։

Ինձ ու ինձ նման շատ երիտասարդներ առաջին անգամ ընտրության մասնակցելու հպարտության զգացումը սրտում,  օրեր առաջ կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը’ մասնակցելով ընտրություններին, իրենց փոքրիկ, բայց որոշիչ ընտրությամբ ազդելով ողջ ընթացքի վրա։

Քանի որ Երևանում եմ սովորում, հատուկ ընտրության մասնակցելու համար որոշեցի հասնել Ստեփանավան։

Այսպես այդ օրն էլ ընտրություն կատարելուց հետո  ինձ ասացին, որ  եթե ցանկանամ, կարող եմ, որպես օգնական գրանցվել ու  մի պապիկի օգնել։ Մեծ սիրով համաձայնեցի։

-Ըհը, պապի ջան, հիմա ո՞րին եք ուզում ընտրեք։ Էս ՀՀԿ-ն ա, էս… Ո՞րն եք ուզում` «Իմ քայլը», «Լուսավոր»…

-Ազիզ ջան, x-յանին եմ ուզում, մեկ էլ Փաշինյանին։

-Հա, պապի ջան, բայց մենակ մեկին կարաք ընտրեք, ո՞րն եք ուզում։

-Հաա՞, դե Փաշինյանին ուրեմն։

-Պապ ջան, իրա անունն էլ չկա, ես մոռացել էի, ինքը թեկնածու ա վարչապետի, իրան չենք կարա ընտրենք։

-Հա ՜, դե ուրեմն x-յանին, ազիզ ջան։

-Ըհը, դե էկեք, էս մնացածը դեն գցենք ու ընտրենք։

-Բայց կհաղթի չէ՞, մեր թագավորը, մեր Նիկոլը։

-Հա, բա ոնց, պապի ջան։

-Ըհը՜, ապրե’ս հա, բալա ջան։

Էական ոչինչ չէի արել, բայց այնքան ուրախ էի, որ կարողացա օգնել պապիկին։

Իրականում մեզ շրջապատող մարդկանց մեծ մասը, լինի դա 6 տարեկան երեխա, 18 տարեկան պատանի, թե 80 տարեկան պապիկ, իրենց հույսը դրել են թագավորի վրա, ու մեծ սպասելիքներ ունեն նրա հետ կապված, սակայն շատերս նույնիսկ չենք հասկանում, որ անհատ անձը ինչքան էլ հզոր ու պայքարող լինի, չի կարող միայնակ ամեն ինչ փոխել։

Եկեք յուրաքանչյուրս մեր մեջ փնտրենք այդ փոփոխությունը և գնանք դրա հետևից, որովհետև եթե մենք  մեր մեջ հեղափոխություն չանենք, երբեք էլ չենք հասնի երանելի արդյունքի։ Եկեք փոխենք մեր մտքերը, գործողությունները, որոնք դեռևս չեն վերածվել բնավորության, իսկ եթե արդեն ուշ է` պայքարենք դրանց դեմ ու օգնենք մյուսներին հետևել փոփոխությանը։

Եթե գլխումդ երաժշտություն է հնչում

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

«Media moving forward» ծրագրի ընթացքում ես և իմ մոնտենեգրացի թիմակիցը՝ Մայան, հնարավորություն ունեցանք Europe Youth Award-ի մասնակից Քենեթ Ուոթի հետ հանդիպել:

Քենեթը «Umix Music App» ծրագրի հեղինակն է: Դա երաժշտական հավելված է, որը հնարավորություն է տալիս ստեղծել թվային երաժշտություն՝ պարզապես օգտագործելով ձայնը:

-Ինչպե՞ս է առաջացել այս հավելվածը ստեղծելու գաղափարը:

-Ծրագիրը հիմնված է Հոնկոնգի մշակույթի և երաժշտական արդյունաբերության վրա: Ասիայում կան շատ մարդիկ, ովքեր ցանկանում են երաժշտություն ստեղծել, բայց դա այդքան էլ հեշտ չէ, որովհետև կոմպոզիտոր կամ պրոդյուսեր լինելու համար դու պետք է երաժշտական գործիքների, տեխնիկայի և այլ հմտությունների տիրապետես: Հենց սա է պատճառը, թե ինչու եմ ես ցանկացել ստեղծել այնպիսի հավելված, որը թույլ կտա տաղանդավոր մարդկանց երաժշտություն ստեղծել և վերամշակել։

-Երբ հավելվածի գաղափարը արդեն հասունացել էր, ո՞րն էր առաջին քայլը, որ Դուք արեցիք:

-Ես ծրագրավորող եմ, իմ գործընկերները նույնպես ծրագրավորողներ են, այնպես որ, առաջին քայլը հավելվածի նախատիպը գրելն էր: Մենք բազմաթիվ ալգորիթմներ ենք փորձարկել, մինչև այն մեկը, որը ծրագիրը աշխատող կդարձներ: Նախատիպը ունենալուց հետո մենք առաջին անգամ այն ցուցադրեցինք: Եվ ունեցանք մի խումբ կամավորներ, որոնք էլ առաջին անգամ փորձարկեցին մեր հավելվածը:

-Քանի՞ հոգի են ներգրավված Ձեր թիմում:

-Մենք երեքն ենք, և անկեղծ ասած՝ մեզ դուր է գալիս աշխատել այս փոքր թիմում: Մենք երեքս էլ ծրագրավորողներ ենք, բայց քանի որ ծրագիրը իր մեջ ներառում է նաև բիզնես, դիզայն և մարքեթինգ, հետևաբար այս ոլորտներում ևս գործունեություն ենք ծավալում: Ըստ իս՝ ես ավելի շատ նորարար գաղափարներին կյանք տալով եմ զբաղվում, երբեմն էլ փորձում եմ դիզայնի հարցերում օգնել:

-Ինչքա՞ն եք աշխատել ծրագրի վրա, և ի՞նչ միջոցներ եք օգտագործել այն իրականացնելու համար:

-Գրեթե մեկ տարի: Իրականում ոչ այդքան շատ գումար, ինչքան ժամանակ ենք ծախսել: Զարգացումը ունի իր արժեքը, բայց դա մեր ժամանակի արժեքն էր: Մենք նվազագույնի էինք հասցրել մեր բոլոր ծախսերը: Ծրագրավորման մասի հետ կապված ոչ մի գումար չենք ծախսել, բայց մարքեթինգի և ծրագրի թողարկման համար մոտ 700 ԱՄՆ դոլար ենք ծախսել, որը իրականում այդքան էլ շատ չէ:

-Ի՞նչ հնարավորություններ է պարունակում հավելվածը:

-Հավելվածը իր մեջ պարունակում է մի շարք երաժշտական գործիքներ, որոնք ձեր ձայնով հնչած մեղեդուն տալիս են իրենց հատուկ երանգը: Կան մի շարք գործիքներ, որոնց միջոցով դու կարող ես ընտրել երաժշտական ժանրը, որով ուզում ես, որ քո երաժշտությունը հնչի: Եվ իհարկե, երաժշտությունը խմբագրելու համար բոլոր անհրաժեշտ գործիքները: Մենք իրոք մտածում ենք, որ սա լավ հարթակ է բոլոր տաղանդավոր մարդկանց համար՝ իրենց գլխում հնչող երաժշտությունը լսելի դարձնելու: Մենք հատկապես սա լավ հարթակ ենք համարում Ասիայում, որովհետև այստեղ երաժշտական դպրոցներում սովորում են դասական երաժշտություն նվագել միայն դիպլոմ ստանալու համար, այլ ոչ հաճույքի:

-Մի փոքր կբացատրեք՝ ինչպես է աշխատում Ձեր հավելվածը:

-Այն շատ պարզ է աշխատում: Եթե դու արդեն գլխումդ մեղեդի ունես, ինտերֆեյսի վրա սեղմում ես ձայնագրման համար նախատեսված կոճակին և երգում, որից հետո այն ձայնը վերածում է գործիքավորված տարբերակի: Այնուհետև ընտրում ես երաժշտական գործիքը: Հավելվածում մոտ 20 երաժշտական գործիք կա ներառված, որոնց քանակը դեռ ընդլայնվելու է: Այստեղ պետք չեն երաժշտական կրթություն և լիքը տեսությունների իմացություն, և հենց սա է մեր հավելվածի առավելությունը:

-Իսկ Դուք ինքներդ երաժշտություն խմբագրո՞ւմ եք:

-Այո, ես դրանից մեծ հաճույք եմ ստանում: Ես սիրում եմ երաժշտությունը, սիրում եմ ծրագրավորումը և այս ծրագիրը հենց այն է, ինչը միավորում է իմ բոլոր նախասիրությունները, և հնարավոր չէ այս աշխատանքից հաճույք չստանալ: Ինչ-որ նոր բան սովորելու առիթը ինձ միշտ ոգևորում է:

-Քանի՞ օգտագործող ունեք արդեն:

-Դեռ այդքան շատ չէ, որովհետև մարքեթինգով դեռ այդքան չենք զբաղվել: Եվ հետո, ծրագիրը դեռ միայն IOS տարբերակով է հասանելի, բայց չէ՞ որ Android-ը հիմա ավելի շատ պահանջարկ ունի: Բայց սա ժամանակի հարց է, հավելվածը երկու տարբերակով հասանելի կլինի: Ներկայումս ԱՄՆ-ում մի քանի հազար հետևորդ ունենք: Բայց մենք չենք ուզում դեռ մարքեթինգով զբաղվել, մինչև Android տարբերակը հասանելի չդառնա: