marat sirunyan

Անթառամ

Արյունը եռում էր երակներում, սեր էին տալիս ու առնում… Քանի՜ տարի էր. դեռ մայլում ցեխերով խաղալու ժամանակներից միասին էին: Էն ժամանակներից սիրեցին իրար, ու սերն աշխարհից թաքուն պահած՝ եկան հասան էս օրվան…

Տղեն էր աղջկան էդ գիշերով կանչել էն պզտիկ ձորակը, որ իրենց հանդիպավայրն էր դարձել… Էլ ի՞նչ Շամիրամի կախովի այգի, էլ ի՞նչ Շիրազի ծաղկաստան… Էդ անտառի ծառերը թե իմանային իրենց գյուղի հող ու ջրի մասին, իրենց հողից խռոված ոչ թե գլուխները կախ կգցեին, այլ ճյուղերից մի-մի թոկ կսարքեին ու ճտերին գցելով՝ կկախվեին ու կչորանային… Ի՞նչ ծաղիկի բույր կհասներ իրիկվա շաղից թրջված անթառամի ու գեղանի կույսի բուրմունքին և կամ նոր հնձած չոր խոտի տաք ու անուշ բույրին… Չէ՜, դրանցից Սաադին էլ իր ծաղկաստանը կուրանար… Բայց էս օրն ուրիշ էր. էսօր մի տեսակ վերացել էին աշխարհն էլ, մարդիկ էլ, էսօր սիրուց չէին ամաչում, էսօր բարքաձևերն էին վերացել… Իրենք մեկ էին դառնում… Աշխարհից թաքուն՝ իրենց աշխարհում. մինչև այդ արգելվածն արդեն իրենց սիրտն էր ջերմացնում, մերկ մարմիններն իրար էին ձուլվում ու համբույրների առատությունից հալվում էր գեղանին, ու իր կուսությունն էր արդեն խառնվում գիշերվա անթառամ բույրին ու հառնում վեր, դիպչում աստղերին, որ աղջկական ամաչկոտությամբ էին նայում երկնքից…

Գիշերն անցավ, հնձվորները, որ ձորակի մոտով էին անցնում, նայում էին տրորված խոտին ու ափսոսանքով անցնում… Ամբողջ օրն անցավ, իրար չտեսան: Ճար չեղավ գիշերը նորից ժամադրվելու… Աղջկա հոր սիրտը կասկած էր ընկել, ու էդ զգաց նաև տղեն: Հաջորդ օրը ծնողներին առավ ու աղջկա տուն էկան խնամախոս… Աղջկա հոր սիրտը, որը մինչև այդ էլ կասկածի կայծ էր ընկել, կատաղությունից բոցկլտաց… Չէ՜ ասավ ու չտվեց… Զարմացած ու վիրավորված տղի ընտանիքն էլ ելավ ու գնաց՝ խոսք դնելով, թե իրենց կողմից, թե էլ էդ տուն ոտ դնող լինի, իրենց պատիվը գետնին էղնի… Աղջիկը, որ մինչև այդ յոթ երկնքով անցել ու երջանկության մեջ էր ապրում, մեկից կտոր-կտոր էղավ, ու յոթ երկնքով, որ անցել էր, մեկեն ցած ընկավ, եղած մի իրական երկինքն էլ գլխին փուլ էկավ…

Ջահել սիրածների ընտանիքները թուր ու թվանք դառան, թշնամացան… Աստղերի չափ երազանքները մեկեն փշուր-փշուր եղան…

Ինչ լացեց ու աղաչեց, հոր սիրտը փափկեցնել չեղավ, տեղը ծեծն ու ջարդն ավելացավ, էդ ոչինչ… Օրեր ու ամիսներ անցան… Ոչ տղի հետ էղնելու ճար գտան, ոչ վերքերին դեղ… Դեկտեմբերի կեսն էր, ձունը քիչ թե շատ էկել էր, նորից էր գալիս… Աղջիկը հոր աչքից մի կերպ փախավ ու ճամփա ելավ, գնաց, ձորակին հասավ: Աչքը գցեց էդ կողմ, ու սիրտը հազար կտոր էղավ. ձուն էր ձորի մեջ, անմեղ, ճերմակ ձուն:

Իրեն հիշեց, իր անմեղ աղջկությունը… Դառնացավ, նորից մեռավ ու հետ եկավ, էլի գնաց… Գնաց-գնաց, լեռնոտ մուժի մեջ կորավ… Շատ էր անցել, թե քիչ, մի ճիչ լսվեց, ու երկու բարձր ժայռերի արանքում, ուր սառնորակ ջրի ակ կար, ձյան անարատ ճերմակը կարմիր դառավ… Մեռած տեղից գոզալն իրեն հիշեց, որ աղջկությունն էլ չկար… Ձուն էկավ, ուժեղ ձուն ու ծածկեց գյուղը… Օրեր անցան, աղջիկը չկար, շաբաթներ՝ չկար… Ոչ ինքը կար, ոչ՝ մի լուր… Տղեն էլ իմացավ, որ աղջիկը չկա, սիրտը լավ բան չվկայեց, բայց վախեցավ չար բան մտածել… Չնայած՝ էլ մտածելու ուրիշ բան չկար…

* * *

Գարնան հետ ոչխարի հոտը սարերը տանելու ժամանակն էլ եկավ: Հովիվը տարավ հոտն ու դեմ արեց սեգ ժայռերին, ինքը գնաց՝ տեսնի՝ պաղ ախպուրներ զուլա՞լ են, թե՞ հելե՝ չէ… Գնաց ու զարմանքն ու վախը մեկտեղ կդրավ… Աղջկա հոտած մարմինն էր աղբրի ակի մոտ ընկած… Հա՜յ, հարա՜յ… Էլ ի՞նչ օգուտ… Տարան թաղեցին, լաց եղա՜ն, թե՞ չէ ու… Մոռացան…

Է, տղին ի՞նչ… Էրիկմարդուն ի՞նչ կա. հարըրի հետ կպտտի, հարուր մեկերորդին կառնի… Առաջին էրիկ Ադամն իսկի չեղած տեղից երկու կնիկ ունեցավ…

Էն տղեն էլ կարգվավ… Մի օր էլ հունձի օրեր էին… Տղեն իր կնկա հետ արտի ճամփեն բռնին… Գնացին, հասան, քիչ ու շատ գործ արին, ծարավան: Կնիկն ուրիշ տեղից էր, պաղ աղպուրի տեղը չգիտեր, ու մարդը գնաց ջրի… Գնաց ու ժայռերի արանքը մտնելով՝ մոռացավ, թե գալն ինչի՞ էր… Նստավ աղբրի մոտ լացեց ու մղկտաց: Տարիները հիշեց, էն գիշերը, մեղավոր ըզգաց, լվացվելն էլ չմաքրեց: Արցունքներով հարմեց ջուրն էլ ու խռոված գնաց…

- Աղպուրը ցամքել էր…,- մռմռաց առանց կնկան նայելու, ու գերանդին անխղճորեն գլխատեց խոտերի մեջ թաքնված անթառամները…

Lilit Andriasyan

ՔԵԶ…

Քեզ, որ հանդիպել էիր քո կյանքի հազարերորդ կնոջը, որ նման էլ չէր կնոջ, այլ ինչ֊որ անհասկանալի, անմեկնելի էակի, ում հետ, առաջին պահին,  մի բուռն գիշեր ունենալու ցանկություն պիտի որ ունեցած լինեիր միայն, եկել եմ ասելու, որ մենք, ի վերջո, ամենաթանկը գտնում ենք անսպասելի, հիմար մի վայրկյանի։ Քիմիայի թեզի հետևորդները կասեին, որ այդ պահին երկու մարմինների միջև սկսվում է սիրո քիմիան, անհասկանալի տարրերի բարդ միացություն, ավելի ռոմանտիկները այդ հանկարծակի միացումը կվերագրեին Պոսեյդոնի ամենատես աչքին, ավելի հավատավորները՝ երկնային վարձատրության։ Ինչ էլ որ լինի, եկել եմ քեզ ասելու, որ ես հավատում եմ սիրո մասին աշխարհի բոլոր թեզերին, երբ խոսքը մեր մասին է։ Սովորական ես ու դու-ի անցումը մենք-ի, հավանաբար, պիտի որ երկնային ինչ-որ ուժի ձեռքով արված լինի, իսկ ավելի թաքուն պահերին պիտի գործի սիրո քիմիան։

Քեզ, որ երբևէ չես հավատացել նման ցնդաբանություններին, եկել եմ ասելու, որ կինը գեղեցիկ տարիք չունի. կանայք ամենագեղեցիկն են, երբ երջանիկ են։ Գեղեցիկ է ամեն բան, ինչը քոնն է, իսկ եթե գտել ես քոնը, պիտի թույլ չտաս քեզնից խլել։ Մանկությունից սկսած մենք մեր ամենասիրելի բաները պահում ենք ատամներով, դողում ենք նրանց վրա, սարսափում ենք կորցնելու մտքից։ Ու եթե մանուկ ժամանակ անհամեմատ հեշտ է բաժանվել  սիրած խաղալիքներից, սիրած մարդկանցից բաժանվելն անմտություն է հասուն տարիքում։ Մի սպասիր ծանրակշիռ բառեր մի կնոջից, ով երջանիկ է. կանայք այնքա՜ն հիմար են, երբ երջանիկ են, ու եթե քեզ հաջողվել է երջանկացնել նրանցից մեկին, պիտի գոհունակություն ապրես, երբ նա, երբեմն, իրեն հիմար երեխայի պես է պահում։

Դու, որ երբեմն կորցնում ես քեզ ու սերը իր տեղը զիջում է փառասիրությանը, հիշիր, որ աշխարհի շարժիչ ուժը մեր սկզբունքները չեն։ Դրանք կարող են փոփոխվել բոլոր ժամանակներում, այսօրվա կործանարար սկզբունքները վաղվա համար ծիծաղի նյութ են միայն։ Մարդկության պատմության սկզբնավորումից մինչև օրս դրանք միլիարդներով փոխվել են, իսկ սիրելու ձևը մնացել է նույնը։ Ուրեմն, կարիք չկա կյանքի շարժիչ ուժը փոխել։

Դա հրաշալի բան է՝ պատասխանատու լինել ևս մի կյանքի համար և դա անել ոչ թե պարտադրված, այլ հաճույքով։ Մարդը իր ողջ կյանքի ընթացքում կարիք ունի ոչ այնքան սիրված, որքան հասկացված լինելու։ Կինը, ով հասկացված է, կարող է ոչնչությունից սարքել տղամարդ, պատկերացրու, ինչ կարող է անել նա տղամարդուն, ումից ոչ միայն հասկացված է, այլ սիրված։ Եթե ուզում ես ինչ-որ լավ բան անել նրա համար, սիրիր։ Եթե ուզում ես ամենաերջանիկը դարձնել, սիրիր։ Ու եթե ցանկանում ես երջանիկ լինել, թույլ տուր, որ սիրի քեզ։ Իսկական կինն ամեն ինչի ընդունակ է, երբ սիրում է։ Նա կարող է հազար անգամ անցնել դժոխքի միջով ու քեզ համար դուրս գալ վերածնված։ Ի վերջո, կինն է տղամարդուն հանել դրախտից, ու միայն նա կարող է նրան վերադարձնել այնտեղ։ Թույլ տուր, որ քեզ նորից դրախտ տանի։

Երբ ժամանակավոր կրքերն ու մոլուցքները զբաղեցնում են ուղեղդ, հիշիր, որ ժամանակը անողոք է։ Նա չի ներում, երբ իրեն վատնում են, ու նույնչափ անողոք է կյանքը, երբ իր ընծաները չես վերցնում։ Նա լավագույն ուսուցիչն է. քեզ համար հազարավոր թակարդներ է լարում, հազար ձևով փորձում է քեզ, քեզ տալիս է պատեպատ, երբ ըմբոստանում ես։ Նա այնքան է խաղում քեզ հետ, մինչև քամում է քեզ ու թողնում այն, ինչ կաս։ Ու սարսափելի բան է, երբ դրա վերջում առերեսվում ես զղջման հետ։

Քեզ, որ հանդիպել ես քո կյանքի հազարերորդ կնոջը, եկել եմ ասելու, որ մենք միշտ ներում ենք նրան, ում սիրում ենք։ Այդպես ներում են մայրերն իրենց զավակներին,  այդպես վերևից ներում են մեղավորներին։ Երբ կանգնած ես ներելու ու չներելու առաջ, պիտի հիշես, թե որքան է քեզ ներվել վերևում։ Կանայք ամեն ինչ ներում են, բայց ուշ են սպիանում։ Մեկ ճիշտ չընտրված բառով դու կարող ես թռիչքի պահին կտրել նրա թևերը։ Միևնույնն է, նա էլի վեր է բարձրանալու, բայց մի՞թե այլևս ընդունակ կլինի քեզ ազատորեն սիրել։ Զգույշ եղիր այն ամենի հետ, ինչ սիրում ես։

Ամեն անգամ, երբ կկարծես, որ ես քեզ ավելի քիչ եմ սիրում կամ կարող եմ մարդկանց հոտի մեջ գտնել մեկ ուրիշը, կարդա սա, ու մի անգամ էլ մտածիր։ Եթե չեմ սիրում, ինչո՞ւ են քեզնից հեռու ապրած վայրկյանները թվում դարեր, ու ինչու է սարսափելի տխուր, երբ կողքիս չես։ Ինչո՞ւ եմ մեռած տեղից վերակենդանանում քո համբույրից ու ինչո՞ւ եմ թույլ տալիս, որ բովանդակ մարդկության միջից հենց դու ինձ սիրես։

Ես քեզ հեքիաթներ կպատմեմ այն դևերի մասին, ովքեր բարի են դառնում, երբ սիրում են, իսկ դու փաթաթվիր ինձ, երբ անուժ եմ։ Թույլ տուր քեզ սիրել կնոջ, ընկերոջ, քրոջ ու սիրուհու նման։ Իմ աղջկական մաքուր երազներն ու կանացի ֆանտազիաները քոնն են։

Իսկ ես ավելի լավը կդառնամ, երբ սիրես ինձ…

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Ինչ է ազատությունը

Եթե երկու տարի առաջ հարցնեիք, ամենաքիչը երեք էջ խորը փիլիսոփայական նյութ կտպեի Microsoft Word-ում, հիմա ուղղակի կասեմ` ազատություն չկա…

Ազատությունը վերացավ, երբ Շուշին ու Դադիվանքը մնացին թուրքի ձեռքում…

Ես ծնված օրվանից համարվել եմ ազատության սերնդի մաս ու միառժամանակ, ականատես եղել երկու պատերազմի, ու վերջինիս ժամանակ կորցրել որևէ հույս Հայաստանում ապրելու։

Ես միշտ վստահ եմ եղել, որ ազատության սերունդ լինել նշանակում է` ապրել անկախ Հայաստանում,  ազատ տեղաշարժվել  երկրիս տարածքով, ու ամենակարևորը, այս ազատության համար ամեն գնով պայքարել։ Վստահ եմ եղել, որ ազատ լինելու համար պետք է շատ աշխատել ու լինել չափազանց ուժեղ քո ազատությունը սահմանափակողներին դիմակայելու համար։ Հասուն տարիքում հասկացա, որ ազատության գաղափարը կիսում են նաև խոսքը, ընտրությունը ու հազար ու մի ուրիշ երևույթներ։ Շատ կարևոր, բայց ոչ առաջնային, խիստ անհատական երևույթներ։ Ես սովորեցի հարգել այս ազատության տարատեսակները շատ հեշտ, որովհետև կարծում էի, թե մեդալը միշտ ունի երկու կողմ, ու երկուսն էլ ունեն հավասար արժեք ու իրավունք գոյություն ունենալու։

Բայց երբ որ քեզնից խլում են քո ազատությունը, ապացուցում են, որ անկախ նրանից, թե ինչքան աշխատանք ու  պայքար կտարվի համընդհանուր ազատության համար, մեդալի մյուս կողմը ընտրելու է միայն իրեն` չհարգելով քեզ ու քո անհատական ազատությունները, էլ ոչինչ չի մնում, բացի ազատության նկատմամբ հավատի կորստից։

Կարծում եմ, ազատության տարատեսակները մտածել են հենց նրանք, ովքեր ձգտում են ամենաթողության, զուրկ են արժեքներից ու պատվի զգացողությունից։ Ավաղ, Հայաստանում հիմա ավելի շատ են պատվազուրկները, ովքեր վեր են դասում սեփական ազատությունները համընդհանուրից, նույնիսկ եթե դա նշանակում է` մահ, ստորացում ու ապագայում թուրքի ճորտ լինելու հեռանկար։ Կարծում եմ պետք է սկսել «անհարգանք» ու անհանդուրժողականություն դրսևորել մեդալի մյուս կողմի նկատմամբ, սահմանափակել հնարավորությունները ու կրթել սեր համընդհանուր ազատության նկատմամբ։ Այդպես միգուցե հասնենք այն մակարդակի, որտեղ կսկսենք հարգել անձնականը։ Ամբողջ աշխարհում հիմա ակտուալ է և, ինչ խոսք, նաև տեղին, պայքարը խոսքի, ընտրության ազատության համար, բայց ավաղ, մենք չափազանց հեռու ենք դրանից, որովհետև դեռ ստիպված ենք պայքարել երկիր ունենալու համար։

Չգիտեմ, գուցե մահն է իրական ազատությունը, բայց դա ոչ ոք չգիտի….

Ավելի խելամիտ է պայքարել մեր երկրի կյանքի համար, որի ազատության բերկրանքը զգացել ու տեսել ենք։

Հ.Գ. Այս խոհերս զայրացած էի գրել, մի համալսարանի ուսանողների համանուն թեմայով շարադրությունները կարդալուց հետո: Շարադրությունների մրցույթի լավագույն 10-ից ավել շարադրությունների մեջ միայն մեկ կամ երկու հոգի էր ներկայիս իրավիճակի մասին գրել: Չեմ հասկանում. պատերազմը իրենց վրա հետք չի՞ թողել, հարազատ, կուրսեցի, ընկեր չե՞ն կորցրել, որ իրենց մտքերը շարադրելիս պատերազմը մտքներին չեկավ:

Հազարավոր լիալուսին հետո

Հայր մեր

Հայր մեր, որ երկնքում ես,

Թող պայծառ լինի այն կյանքի տեսիլքը, որը դու ես մեզ տվել:

Հայր մեր, երախտապարտ եմ մինչև երակներս՝ իմ անթերի ու ոչ կատարյալ կյանքի համար:

Հայր մեր, թող թերություններս միշտ լինեն անսխալների ու սխալների համար։

Հայր մեր, ուղղորդիր ինձ ճիշտ ճանապարհով, ինչպես միշտ ես անում:

Երախտապարտ եմ ինձ տրված հացի, ջրի, խաղաղության ու սիրո համար…

Երկրիս` արքայությունը Քո, ու թող լույս իջնի բոլոր անթառամ ու սրտով մարածների վրա, որ մեզ համար հայրենիք կառուցեցին, չիմանալով` դրախտ թե դժոխք են պահել…

 

Հազարավոր լիալուսին հետո

Քայլում էի պարզ ու, միևնույն ժամանակ, մարդաշատ փողոցով: Ինձ թվում էր` երբեք չեմ տեսնի նրա անչափ գեղեցիկ և արեգակը գրկած այդ ծով աչքերը: Նա հրաժեշտ էր տվել ինձ, բայց կարծես ինչոր բան կիսատ էր մնացել: Ես էի կիսատ մնացել: Զգում էի, թե սիրտս ոնց էր գոռում: Լուռ կանչում էի նրան, մտածելով, թե ամեն անցնող մեքենայի միջից ձայն է տալու, ինձ ամուր գրկելու ու բաց չթողնելու հույս ունեի…

Ու քայլեցի…

Քայլեցի այնքան, մինչև ոտքերս խնդրեցին չքայլել: Տուն հասա ու սկսեցի կարոտած սպասել նրան: Թվում էր նրա զանգը բաց չթողնելն էր ամենակարևորը, ու կարոտում էի անչափ։

Մենք խոսեցինք այդ գիշեր, ու ես անընդհատ պատշգամբից նայում էի լիալուսնին, և անընդհատ նայում ու հաշվում էի` քանի լուսին մնաց մեր ապագա հանդիպմանը։ Կասկած կար, որ հետ չի գա, վախ էլ, բայց ինչ որ տեղ ներսումս ինչ որ բան հուշում էր, որ չի կարող վերջը լինել…

Անցավ ժամանակ ու պատերազմն էլ…

Ես արդեն մեծ աղջիկ էի, առաջին կուրսեցի, բայց այնքան մեծ չէի, որ ծածկեի ցավս:

Ամեն րոպե զանգի էի սպասում ինձ պատեպատ տալով: Ատում էի ինձ ամեն բաց թողածս զանգի համար:

Վերջացավ… Շուշիս կորցրի, Սերս Աստված պահեց:

Շնորհակալ ենք մեր սերերը պահպանելու համար:

Roza Harutynyan 2

Մի պատառ բարություն հայ կրթական հիմնադրամից

Դու ուսանող ես ու քայլերդ դեպի Հայ կրթական հիմնադրա՞մ են տարել․․․ Կհասկանան միայն «Նռան հատիկ» դառնալու պատիվ ունեցած ուսանողները։

Հաճելի է, չէ՞, ծնողի ճակատին չավելացնել էլի մի կնճիռ։ Կամ տեսնել՝ նա քեզ նայում է որպես կայացած, իր խնդիրները գիտակցող մարդու։

Կամ հաճելի է հերթով օգնել առաջին քայլեր կատարող, դպրոցը դեռ  նոր ավարտողներին, լրացնել մի պարզ հայտադիմում, որը լրացնելը այնքա՜ն բարդ է թվում։ Չէ՞ որ ես էլ եմ դրա միջով անցել, բայց բոլոր քայլերը ավելի հստակ էին թվում, քանի որ օգնող չկար։

Անցյալ տարի հունիսին ես արդեն արել էի մի քայլ, որ ինչպես հետո պիտի պարզվեր, շատ բան կփոխեր իմ մեջ, ևս մեկ հարց լուծված կհամարեի «իմ ուժերով»։ Ես հավատացել էի, որ անծանոթ մեկը հենց այդ պահին իմ հայտադիմումն է կարդում ու մտածում է օգնել ինձ ավելիին հասնել։ Եվ էդպես էլ եղավ, արդեն օգոստոսին ես այն երջանիկ ուսանողներից էի, որ ընդգրկվել էր Հայ կրթական հիմնադրամի կողմից հովանավորվող ուսանողների կազմում։

Դե պատկերացրեք, ինչ երջանիկ րոպեներ են դեռ նոր ուսանող դարձածի համար, ով 300-ից ավելի անվան մեջ իր անունն է փնտրում։ Եվ թվացյալ րոպեները արդեն ձգվում են մեկ տարի, ես դեռ հիշում եմ երջանիկ օրն ու ծուլացած  ժամանակ կրկին գտնում իմ անունը, չէ՞ որ ինձ վստահել են։

Շնորհակալ եմ ոչ այնքան ինձ աշխարհի չափ մոտիվացիա տալու համար,  որքան մեկ այլ բանի։ Մահվան մահճում հորաքույրս հպարտորեն նայում էր ինձ ու  երջանկության արցունքները թաքուն գլորվում էին երկուսիս աչքերից էլ։ Ես համոզված եմ՝ նա նույնչափ հպարտ կլիներ՝ իմանալով, որ ինձ նաև համակարգիչ նվիրեցին։ Համոզված եմ՝ նա այդ ժամանակ էլ մի կողմ կդներ իր սրտում եղած մեծ ցավն ու երջանիկ կլիներ։

Սա դեռ միայն իմ երջանկությունն էր՝ մի կաթիլը իրենց գործերից, իսկ քանի՜ ուսանողներ են զգացել նույնը։ Քանի  դպրոցներ են վերականգնել նրանք։ Քանի  երազանքներ են կյանքի կոչվել նրանց շնորհիվ, ու դեռ քանիսն էլ պիտի զարդարեն մեր շուրջը․․․

Ըստ ամենայնի, ինձ մնում է միայն հավաքել գիտելիքների պաշար ու արդար լինել այն մարդու առջև, ով իր պարտականությունը համարեց կրթության հնարավորություն տալ մի անծանոթ աղջկա։ Շնորհակալ լինել այն հրաշք թիմին, որ պատրաստ է ցանկացած հարցով լինել իր ժամանակավոր «որդեգրած» ուսանողի կողքին։ Մնում է դառնալ ծնողներիս երազած մարդը, ում երբեք և ոչ մի դեպքում չի փոխի աշխարհը։ Իսկ հորաքույրս, վստահ եմ, ամեն պահի իմ կողքին է։

Եվ մեզ՝ բոլորիս, մնում է բարձրաձայնել լավ գործերն ու ցույց տալ դրանց արդյունքը։

margarita khazaryan verjin

Էլ աշակերտ չեմ լինի

Վերջին դաս, վերջին ղողանջներ, երգ ու պար, արցունք ու ժպիտ, մանկության վառ հուշեր ու բացված մի նոր դուռ՝ «երիտասարդություն» անունը կրող:

Երբ առաջին անգամ ոտք դրեցի դպրոց, այնքան էլ չէի գիտակցում, թե ուր եմ գնում և ինչ եմ անելու: Ասում էի՝ գնում եմ սովորելու և մեծ մարդ դառնալու համար: 2009 թվականի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ ոտք դրեցինք մեր դպրոց, որը հետագայում երկրորդ տուն էր դառնալու մեզ համար, մանկության երազանքների օրրան: Մեր դասվարի՝ ընկեր Ղումաշյանի շնորհիվ դարձանք գրաճանաչ, որը մեր կյանքի առաջին մեծ ձեռբերումն էր:

Անհոգ էինք  և երջանիկ… Պատկերացում էլ չունեի, որ մի օր այդ հեքիաթը կավարտվի: Կողքիս ընկերներ կային, այն խենթ ու խելառները, որոնց հետ խաղացել եմ, ուրախացել, տխրել, վիճել, նեղացել ու հաշտվել: Եվ  արդեն իմ այդ ընկերներից, իմ հարազատ դպրոցից բաժանվելու ժամանակը եկավ: Որքա՞ն եմ սպասել իմ վերջին զանգին, երազել այդ օրվա մասին, բայց երբ քիչ-քիչ մոտեցավ այդ օրը, հասկացա, որ զուր էր և՛ իմ,  և՛ ընկերներիս շտապելը:

Նոր կյանք ենք մտնում, ավելի պատասխանատու կյանք, որտեղ արդեն բաժանված են լինելու մեր ճանապարհները: Տասներկու տարի շարունակ ապրել ենք մեկս մյուսով, թև ու թիկունք եղել իրար համար: Կարևոր էլ չէ, թե ով ում հետ ինչ հարաբերություններ ուներ, եթե մեզնից մեկը օգնության կարիք ունենար, անկասկած բոլորս էլ կօգնեինք: Հաճախ ենք վիճել, նեղացկոտ լինելուս պատճառով երբեմն որոշել եմ այլևս չխոսել երեխաներից որևէ մեկի հետ, բայց եթե այն տևեր ժամից ավելի, ապա պետք էր զարմանալ: Միշտ նեղացել եմ, ասել, որ չխոսեն ինձ հետ, հետո ինքս մոռացել կատարվածը ու ինձ պահել այնպես, կարծես ոչինչ չի պատահել: Վերջին տարում սկսեցի ավելի կարևորել ունեցածս և ուղղակի վայելել ամեն մի օրը, ամեն մի ժամը: Գիտակցում էի, որ դրանք պահեր են, որոնք հետո, որքան էլ փորձենք, չեն կրկնվի:

Ասում են՝ մարդիկ մեզ հետ են այնքան ժամանակ, քանի դեռ հիշում ենք նրանց: Իմ սիրելի՛ դասընկերներ, հավատացնում եմ, եթե նույնիսկ ցանկանամ, կյանքում ձեզ մոռանալ չեմ կարող: Գուցե շատ հազվադեպ հանդիպենք, բայց ցանկանում եմ, որ մեր հանդիպումների ժամանակ միշտ ձեր մեջ իմ նախկին ճանաչած հարազատներին տեսնեմ, տեսնեմ միշտ երջանիկ և հաջողակ: Հիմա խոստովանում եմ, որ դուք նույնիսկ ավելին եք ինձ համար, քան կարող եք պատկերացնել: Առանց արյունակցական կապի՝ դուք իմ հարազատներն եք, մարդիկ, որոնց ես իսկապես շատ եմ սիրում, և միայն վերջին զանգին իմ մեջ ուժ գտա խոստովանելու, որ բոլորդ ինձ համար կարևոր եք: Այս տարիների ընթացքում հնարավորինս  ճանաչեցինք իրար, կապվեցինք միմյանց՝ անգամ ինքներս չհասկանալով, թե ինչպես: Ուրախ եմ, շատ երջանիկ, որ ինձ բախտ է վիճակվել հենց ձեզ պես դասընկերներ ունենալ: Այո՛, մենք անասելի տարբեր ենք մեկս մյուսից, և միշտ դա է եղել միմյանց չհասկանալու պատճառը, բայց այդ տարբերությունները ընկերության մեջ խոչընդոտ չեն կարող հանդիսանալ: Եվ երբ վերջին դասից հետո դուրս եկա դպրոցից, հասկացա, որ ինձ հետ նոր կյանք եմ տանում միայն լավ ու դրական հուշերը:

Չեմ կարող չասել, որ դպրոցի հետ մեզ կապողը առաջին հերթին մեր դասղեկն էր՝ ընկեր Գալստյանը, ում նվիրվածությունն ու հոգատարությունը չափ ու սահմաններ չեն ունեցել, ում ի սկզբանե շատ եմ սիրել, և  բոլորին միշտ ասել, որ դպրոցն ավարտելուց հետո ամենից շատ հենց նրան եմ կարոտելու:

Վերջ, այլևս իմ հարազատ կրթօջախում աշակերտ չեմ լինելու, ամեն օր այդ հարազատ դեմքերը տեսնելու հնարավորություն չեմ ունենալու: Գուցե հենց այստեղ է ավարտվում մանկությունը…

Իմ լավ, իմ բարի ուսուցիչներ, տնօրեն, դասվար և դասղեկ, սրտանց ասում եմ, որ բոլորիդ էլ  սիրում ու գնահատում եմ, երախտապարտ եմ բոլորիդ: Շնորհակալություն ձեր նվիրվածության, սիրո և ուշադրության համար, դուք լավագույնն եք: Բառերը չեն բավարարում, որ ձեզ մեծարեմ, գոնե մի փոքր հատուցեմ ձեր այսքան տարիների աշխատանքի, տնօրեն, ուսուցիչներ լինելուց բացի ավագ ընկերներ, վստահելի խորհրդատուներ լինելու համար:

Վերջին զանգիս երազանքն իրականացավ վերջին դասի տեսքով, բայց եղավ ավելին, քան երազել եմ, եղավ ամենագեղեցիկն ու հեքիաթայինը, ամենատարբերվողը: Վերջին դասով փակեցինք մեր դպրոցական կյանքի դուռը, և մեր քայլերն այսուհետ դպրոցի փոխարեն ուրիշ ճանապարհներով են գնալու: Կարոտելու եմ, արդեն իսկ կարոտում եմ, բայց այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ:

Մնաք բարով…

Janna Sargsyan new

Հզորանալու խոհեր

Մենք հզոր չենք դառնա, քանի դեռ դպրոցներում առավելությունը կտրվի գնահատականին, այլ ոչ գիտելիքին։

Քանի դեռ առանձնահատկություններ ունեցող երեխաներին կառանձնացնենք բոլորից ու կմտածենք, որ մենք իրենցից ինչ-որ բանով առավել ենք։

Մենք հզոր չենք դառնա, քանի դեռ ուսանողները համալսարան կգան` «ինձ մենակ դիպլոմն ա պետք, ուրիշ ոչ մի բան» արտահայտությամբ, ու 4-5 տարի հետո, դիպլոմը ձեռքներին կբողոքեն, որ էս երկրում իրենց համար ոչ մի գործ չկա։ Ու քանի դեռ դիպլոմը, աղջիկների համար ուղղակի օժիտի ոսկե քարտ կլինի։

Մենք հզոր չենք դառնա, քանի դեռ նույն համալսարանում լավ սովորող ուսանողը միայն վարձի պատճառով  կիսատ կթողնի ուսումը, իրեն կհեռացնեն համալսարանից, իսկ իր տեղում կսովորի մեկը, ով անգամ իր մասնագիտության անունը ճիշտ գրել  չի կարողանա։

Մենք հզոր երկիր չենք դառնա, քանի դեռ ընտրություններին կմասնակցենք` «ա, դե մեկ ա, ում էլ ընտրեմ` նույն բանն ա լինելու» սկզբունքով, իսկ հետո կբողոքի, որ ոչինչ չի փոխվել մեր երկրում, ու կմտածի արտագաղթելու մասին։

Մենք հզոր չենք դառնա, քանի դեռ կամավորությամբ զբաղվելը հասարակության շրջանում կասոցացվի «ձրի պախատ» լինելու հետ։

Մենք հզոր պետություն չենք դառնա, քանի դեռ խտրականություն կդնենք գյուղացու ու քաղաքացու միջև, ամեն բան կուղղենք քաղաքներին, կհզորացնենք, կզարգացնենք, իսկ շատ մեծ ներուժ ունեցող գյուղերին, ու գյուղում ապրողներին կանտեսենք։

Մենք հզոր պետություն չենք դառնա, քանի դեռ որոշների մոտ հայրենասիրությունը կսկսվի ու կավարտվի ճոխ սեղանի շուրջ հայրենիքի կենացը խմելով։

Մենք հզոր չենք դառնա, քանի դեռ կխոսենք բնությունը չաղտոտելուց ու միջավայրը մաքուր պահելուց, բայց խնջույքից հետո էդ բնությունը աղտոտված կթողնենք ու կհեռանանք։

Մենք հզոր չենք դառնա, քանի դեռ չենք աջակցի գիտակներին, արտերկրում մեծ դժվարությամբ կրթություն ստացած ու հայրենիք վերադարձած երիտասարդին, իրեն աշխատելու հնարավորություն չենք տա, կանտեսենք, իսկ նույն այդ երիտասարդին արտերկրում ձեռքից ձեռք կփախցնեն, ու կապահովեն ամենալավ  աշխատանքով։

Ու վերջում. մենք հզոր պետություն կդառնանք այն ժամանակ, երբ փոխվենք, փոխենք մեզ շրջապատող աշխարհը, մարդկանց, կարծիքներն ու մտածելակերպը։

Shushan nersisyan

Խաղարկվող հավատ

Քո տևողությունն իմ կյանքում հաշված 23 վայրկյան էր, ճիշտ այնքան, որքան մեր քաղաքի լուսացույցի ամենաերկար տևողությունն է, երբ անցորդները նույնիսկ հասցնում են ձանձրանալ: Ու մինչև ես կհասցնեի գիտակցել ներկայությանդ անլրջությունը, լուսացույցի թվերը նվազում էին:

Ու ես, ինչպես միշտ, ինչպես ամեն անգամ, հատնող երջանկությանս նայելու ցանկություն չունեցա:

***

Ընդամենը 23 վայրկյան տևեց երջանկությանս անմիտ խաղարկությունը. ես անփորձի նման համարձակվեցի Ճակատագիր կոչվածի հետ խաղարկել հավատիս վերջին՝ քեզ համար պահած պատառները՝ ամենանվիրականը, ինչ ունեի: Ծանր է, երբ ճակատագրի հետ հավատ են խաղարկում, բայց ես համառում էի, ես չէի հանձնվում: Ու շարունակում էի, որովհետև Դու ինձ սովորեցրել ես պայքարել, սովորեցրել ես, որ պայքարը չի կարող ավարտված համարվել, քանի դեռ հաղթանակի վերջնական կրողը դու չես: Ու ես շարունակում էի, համառորեն շարունակում: Ու կհաղթեի, գիտե՞ս: Կհաղթեի, եթե չհասկանայի, որ ճակատագրի անվան տակ հավատս խաղարկում ես Դու: Կհաղթեի, եթե չհասկանայի, որ պայքարում եմ քեզ հետ: Ես ճակատագրին կհաղթեի, Քեզ՝ ոչ:

Իսկ դրանից հետո…

Իսկ դրանից անմիջապես հետո ես հասկացա, որ տանուլ եմ տալիս: Ես զգում էի, որ պարտվում եմ, ես զգում էի, որ կեսգիշերի մեջ քաղաքի թաց ու խոնավ փողոցներից ինչ-որ մեկում ինչ-որ շատ կարևոր բան կիսատ է մնալու: Ինչ-որ շոշափելի, շատ կարևոր մի բան…

Ես զգում էի մոտալուտ պարտությունս ու շարունակում էի քեզ հետ խաղարկել քեզ համար պահած հավատիս վերջին պատառները: Դու ինձ պատրաստել էիր հնարավոր ու անհնար բոլոր մարտահրավերներին: Բայց երբեք, ոչ մի անգամ չես սովորեցրել Քեզ հաղթելու ձևը: Ու ես պարտվեցի:

Ինձնից ընդամենը 23 վայրկյան պահանջվեց պարտվելու, պարտությունս սթափորեն ընդունելու, ճակատագրիս ձեռքը պարտությունն արժանապատիվ ընդունողի նման սեղմելու ու հեռանալու համար:

Պահանջվեց հաշված 23 վայրկյան Քեզ ու հավատս կորցնելու համար:

***

Եթե չհամարձակվեի խաղարկել երջանկությունս, 23 վայրկյանում ես կհասցնեի մի կամ երկու կարևոր զանգ կատարել, շրթներկս թարմացնել (ասենք, հենց քո մեքենայի փոքրիկ հայելու մեջ), այդ նույն 23 վայրկյանում դու կարող էիր ծխել, ինչ-որ կարևոր զանգի պատասխանել կամ անջատել այդ զանգը: 23 վայրկյանում եթե ոչ մեկ, ապա հաստատ կես շիշ գինի (առանց կենացների) երկուսով կդատարկեինք:

23 վայրկյանում ես երկու անգամ գլուխս կդնեի աջ ուսիդ, երկու անգամ աչքերս կփակեի, մեկ անգամ կհամարձակվեի նայել աչքերիդ, ու ոչ մի անգամ չէի ասի, որ սիրում եմ քեզ: Չէի ասի, որովհետև 23 վայրկյանում սեր չեն խոստովանում: Որովհետև 23 վայրկյանում հազիվ հասցնում ենք հավատ խաղարկել ու տանուլ տալ:

***

Իմ պարտությունից հետո դու խոստացար գնալ ու գնացիր: Արժանապատիվ տղամարդիկ այդպիսին են. նրանք միշտ իրենց խոսքի տերն են՝ անկախ հանգամանքներից: Դե, դու նույնպես:

Միայն ուզում եմ իմանաս, որ ես բոլոր դեպքերի համար ինձ մոտ մեկ տուփ ծխախոտ ունեմ պահած. ես գիտեմ, որ դու ծխում ես, ու եթե մի օր որոշես վերադառնալ, ես քեզ մի գլանակ ծխախոտ կհյուրասիրեմ, կլսեմ պատմություններ քո չստացված սերերի, անլուրջ հարաբերությունների, քո գնած վերջին օծանելիքի մասին, որ թողել ես ճամպրուկներիցդ մեկում, կլսեմ ամեն ինչ: Բայց ուզում եմ իմանաս նաև, որ գիտեմ՝ երկար է ձգվելու նաև բացակայությունդ, ու մի օր համբերությանս բաժակը լցվելու է, ու ծայրահեղ դեպքում եմ ես վառելու քեզ համար պահած ծխախոտի վերջին գլանակն ու ծխելու եմ, ներս եմ քաշելու քեզ հիշեցնող ծուխն ու անհավատների համար բարձր գոռալու եմ, որ հավերժությունները տևում են վայրկյաններ, ասենք, օրինակ, հաշված 23 վայրկյան, երբ մարդիկ հասցնում են սիրել ու չխոսել այդ մասին:

***

Ընդամենը 23 վայրկյան, երբ մարդիկ հասցնում են սիրել ու երբեք այդ մասին չխոսել…