laura sekoyan

Մեր թաղի խնջույքը

Արդեն երկու շաբաթ է, ինչ ոչինչ չեմ գրել։ Պատճառն այն էր, որ շուրջս ամեն ինչ նույնն էր։ Տնից դպրոց, դպրոցից տուն, դաս, հարևաններ, սուրճ, բամբասանք…

Իմ նյութերում հաճախ եմ գրել մեր գյուղի՝ Սոլակի, մեր  թաղի ու հարևանների մասին։ Եվ իրոք, այդ հարցում չեմ սխալվել։ Մեր թաղը տարբերվում է մյուս բոլոր թաղերից։ Այստեղ հարևանները շատ մտերիմ են, համերաշխ ու կազմակերպված։
Այս երկուշաբթի էր, երբ դասից տուն եկա ու տեսա՝ հարևանները գումար են հավաքում ու ինչ-որ ծախսի ցուցակ են գրում։ Պարզվեց՝ թաղի կանայք որոշել են մի լավ քեֆ անել։ Տատս, ով թաղում հայտնի է որպես լավ քաբաբ պատրաստող, այդ գործը վերցրել էր իր վրա։ Եվ ահա, քեֆը պատրաստ էր։ Պետք էր ընդամենը գումար հավաքել ու միս գնել։ Գումարը հավաքել էին, միսը գնել էին ու մի քանի բան էլ ավել էին գնել։ Տատս մսի մարինադը պատրաստել էր, հաջորդ օրը քաբաբը պետք է պատրաստեին։ Ամեն բան լավ էր, բացի նրանից, որ թաղի երեխաները դասի էին, բայց դա կանանց չխանգարեց։

Առավոտյան նրանք ավարտել էին տան գործերը և հավաքվել էին մեր տանը։ Կրակը վառել էին, միսը խփել շամփուրներին։ Մեծերը կրակի մոտ էին, իսկ հարսները տանը սեղան էին գցում ու երեխաներին զբաղեցնում։ Սեղանը լի էր, իսկ այն, ինչ պակաս էր, հարևաններն իրենք էին բերել իրենց տներից։ Կանայք ուրախ էին, գոհ իրենց կատարած գործից։ Ողջ ընթացքում կատակներ էին արել, երգել ու մի քիչ էլ խմել։ Քեֆն ամփոփել էին սուրճով ու քաղցրավենիքով։ Չէին մոռացել նաև դպրոցում գտնվող երեխաների մասին, բոլորին բաժին էին պահել։ Այս մասին ինձ տատս էր պատմել, բայց քաբաբի համից կարելի էր եզրակացնել, որ քեֆը շատ լավ էր անցել։
Եվ իրոք, վստահ կարող եմ ասել, որ մեր թաղն ուրիշ է։ Մենք  կարողանում ենք մեր կյանքը հետաքրքիր դարձնել ու չնվնվալ:

Պատմություններ օվկիանոսի այն կողմից. Գոհաբանության տոնն ԱՄՆ-ում

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Լուսանկարը՝ Եվա Խեչոյանի

Նոյեմբերի 23-ին ամերիկյան տների յուրաքանչյուր անկյունը լցվում է Գոհաբանության տոնի շնչով: Այս տոնն ամերիկյան մշակույթում ամենակարևոր ու ամենամեծ ցնծությամբ նշվող տոներից է: Ընտանիքները հավաքվում են մի հարկի տակ՝ գոհաբանելու ու միմյանց  հաղորդելու ընտանեկան սերն ու ջերմությունը:

Տոնին նախորդող գիշերը բոլորը գնում են եկեղեցի՝ միասին աղոթելու ու երգելու: Վերադառնալով տուն՝ սկսում են նախապատրաստական գործունեությունը: Քանի որ տոնական սեղանի շուրջ մեկից ավելի ընտանիքներ են հավաքվելու, նրանցից յուրաքանչյուրն ունի ուտեստների որոշակի բաժինը պատրաստելու պատասխանատվություն: Ամբողջ տունը լցվում է եփվող հնդկահավի (գլխավոր ուտեստի), նոր թխված քաղցրավենիքի ու ամենուր վառվող մոմերի բույրով: Բույրերը, ձայները, գույները միախառնվում են՝ ստեղծելով լուսավոր «Թենքսգիվինգ մուդ»-ը: Ընտանիքները հավաքվում են սեղանի շուրջ, ձեռք-ձեռքի բռնած աղոթում: Սկսվում է Գոհաբանության տոնը՝ մեծ ընթրիքով, խաղերով ու ջերմ զրույցներով:

tina maqoyan

Հրաժեշտ

-Թռիչքը 3-ի՞ն ա։

-Չէ, հետաձգվեց։

-Ինչի՞ եք տխուր։

Չպատասխանեցի։

-Ոչինչ, նորից կհանդիպեք։

Մեքենայում ինչ-որ հայկական ռաբիզ էր հնչում։ Վարորդը երևի կարդաց մտքերս ու հասկացավ, որ դուր չի գալիս։ Սկավառակը փոխվեց։ Հիմա ինչ-որ ֆրանսիական երաժշտություն էր հնչում։ Երևի կարդաց մտքերս ու հասկացավ, որ սա էր հիմա պակասում ինձ։ Պակասում էր՝ ինձ իսկական ֆիլմի հերոսուհի պատկերացնելու համար։ Երևի կարդաց ու երևի հասկացավ։ Երևի։ Հերոսուհի, ով նոր էր բաժանվել հարազատից ու հիմա ատում էր ամբողջ աշխարհը։ Մի պահ ատում էր։ Մի պահ միայն։ Իսկ հաջորդ պահին նորից շարունակելու էր ապրել՝ կարծես ոչինչ էլ չէր եղել։ Կարծես հարազատից չէր բաժանվել։ Կարծես դեռ մի քանի ժամ առաջ հրաժեշտ չէր տվել։ Պիտի ձևացներ։ Հա դե, ամբողջ կյանքն է լի ձևականություններով։ Պիտի ժպտար։ Չպիտի լացեր մարդկանց ներկայությամբ։ Իսկ մարդիկ պիտի մտածեին, թե «անդարդ» ուղեղն անջատած ապրում է։

Պիտի շարունակեր կյանքին սիրահարված մնալ։ Ապագայի պլաններ կառուցել։ Բայց ներսում՝ բոլորին անտեսանելի մի տեղում, ինչ-որ բան պիտի կոտրվեր։ Ինչ-որ բան պիտի «այնպես» չլիներ։ Չեմ սիրում օդանավակայանները։ Դրանք միշտ հեռացնում են ամենահարազատներին։

Քեզ հետ եղե՞լ է, երբ կարճ ժամանակով հադիպում, բայց երկար (երբեմն նաև՝ անժամկետ) հրաժեշտ ես տալիս։ Այ, հենց էդ անժամկետությունն է ցավեցնում։

Հրաժեշտի պահին ասաց՝ լավ կսովորես, քեզ լավ կնայես, բայց չասաց, թե ինչպես արժանավայել կարոտեմ, տխրեմ։ Ու ես հիմա չգիտեմ՝ ինչպես արժանավայել վերապրեմ հերթական հրաժեշտը։

hayarpi baghdasaryan

Երևան

Ճիշտն ասած` Երևան ասելիս ո՛չ ծնկներս են ծալվում, ո՛չ էլ շրթունքս է ճաքում: Չգիտեմ` ինչու է այդպես, բայց ես սիրում եմ Երևանը: Իսկ ամենից շատ` Պուշկինի փողոցը: Այնտեղ շենքերը մթոտ են ու համեստ կռացած` երևի քաղաքի մյուս հատվածների աժդահա կառույցների ճնշմանը չդիմանալով: Մի օր, երբ իմ տունն ունենամ, ուզում եմ հենց այդ փողոցում լինի. շատ է հարմար:

Ես սիրում եմ Ազատության հրապարակը, իսկ ավելի կոնկրետ` Օպերայի «հետևը». ոնց որ երկրորդ տուն լինի, սիրում եմ Սպենդարյանի արձանը` Թումանյանինից ավելի, որովհետև առաջինի մոտ քիչ մարդ է լինում, և կեսօրվա արևին տաքոտ ստվեր կա միշտ` իսկը կարդալու համար:
Երևանը սիրում եմ Չարենցի փողոցի` ԵՊՀ-ին մոտ թերթի կրպակի համար, որի վաճառողուհին ամեն առավոտ ժպիտը դեմքին ողջունում ու հարցնում է` էլի «Հրապարա՞կ»: Երևանը սիրում եմ Մարի և Սարգիս Իզմիրլյանների անվան գրադարանի նիհարիկ կատվի, այդ կատվին սիրող ու կերակրող մարդկանց համար:
Երևանը մարդիկ են. ասենք` Գոհարիկը, ում հետ պատրաստ եմ առավոտից իրիկուն ոտատակ անել «Երրորդ մաս»-ն ու նամակ բաժանել, Հայաստանի դրոշով գլխարկով Սասուն պապիկը, մի ոտքով, հենակներով ցուցարարը, բայց ո՛չ նրան հարվածող ոստիկանը: Երևանը Շահենն է, ամեն օր նույն տեղում նստած մրգավաճառ տատիկը, Երևանը Միքայելն է, «Թիթեռը», գետնանցումում հինգ հարյուր դրամով գիրք վաճառողը, Երևանը Սուսաննան է` եկեղեցու վերջին նստարանին նստած:
Այս` համարյա 2800-ամյա քաղաքը սերերի քաղաք է` ամեն քայլափոխիդ, և այդ սերերին հաճախ խեթ-խեթ նայող տատիկների, այս քաղաքը մայթերին թողած համբույրների, դառը սուրճի ու թունդ ծխախոտի քաղաք է: Երևանը Բաղրամյան, Խորենացի փողոցների սերունդների, տասը տարի առաջ գարնանը կտրված կյանքերի քաղաք է, և ես, մեկ է, սիրում եմ այն:
Երևանը` ծանր ճոխություն, անիմաստ շենքեր, բայց Ռադիոտան մոտ ` քաղցր երաժշտություն, բայց Աբովյան փողոցում` ծաղկած ինչ-որ ծառ ու նստարանին` ճերմակած մի զույգ: Հուսահատության գազելներն էլ են Երևան, ինքնասիրությունը գրպաններում պահած, էդ գազելները մի կերպ խցկվող, խցկված` երկիրը երկիր չի ասող մարդիկ էլ են Երևան: Բայց ես է’դ քաղաքը չեմ ուզում, ես է’դ հայրենիքը չեմ ուզում, և գիտեմ, որ մի օր, երբ պետությունը պետություն կլինի, երբ հուսահատության գազելներ, մահվան վերելակներ, մշակութային քանդվող արժեքներ չեն լինի, պետության ու քաղաքացու հանդեպ գործած սեփական մեղքերը քավելու համար վրա-վրա եկեղեցիներ չեն կառուցվի «փորավորների» կողմից, երբ կլինի արժեքների’ հեղափոխություն, այ ա’յդ ժամանակ չեն լինի «երկիրը երկիր չի» ասողներ, ու Երևանը սիրելը կդառնա անհրաժեշտություն: Եվ, ինչքան էլ որ Անին չսիրի այդ բառը, բայց Երևանը պոեզիա է և զիլ արձակ, բայց, ճիշտ եմ ասում, ո՛չ պաթոս:

seda harutynyan-2

Ես կապրեմ

Ես Սեդան եմ: Մեծացել եմ տատիս ու պապիս երգերի, տաք ձեռքերի ու ջերմ համբույրների ներքո: Ամենավառ հիշողությունները մանկությունիցս տատիս կատակներն ու պապիս համբուրելիս նրա ծակող ընչացքն են: Տարիներ են անցնում: Ես՝ մեծացել, տատս ու պապս էլ գնալով փոքրացել են: Չնայած տարիքին՝ երկուսն էլ քրտնաջան աշխատում են, կառուցում տուն՝ լեցուն ժպիտներով ու լավ հիշողություններով:

Եկավ մի օր, երբ իմացա, որ շուտով միգուցե էլ չլսեմ տատիս հաճելի ձայնը, չտեսնեմ բարի ժպիտը, չլսեմ հոգնած տնքտնքոցը:
Ու եկավ մի օր, երբ համախմբվեցին մեր տան սյուները, պատերը… Համախմբվեցինք մենք, համախմբվեց մի ընտանիք՝ աշխարհի տարբեր ծայրերից, այդ օրերին բոլորս միասին աղոթեցինք, ու աննկատ չմնացին մեր աղոթքները:

Միայն տատիս անկոտրում կամքն ինձ ստիպում էր եկեղեցում ոչ թե ծնկաչոք լացել, այլ գլուխս բարձր աղոթել: Երանի տատիս` «Ես կապրեմ, ինձ բան չի լինի»-ն լսելու փոխարեն նորից գլուխս դնեի ծնկներին ու զգայի, թե ինչքան ջերմություն կա այդ ծերացած ձեռքերի մեջ:

Ես Սեդան եմ: Անունս դրել են տատիս պատվին, բայց Սեդա տատիցս ոչ միայն անունն եմ ժառանգել, այլ նաև կամքի ուժ, եռանդ ու ժպիտ: Մի ժպիտ, որը ամենահիվանդ ժամանակ էլ կապրեցնի, ամենացուրտ ժամանակ՝ կջերմացնի, ամենաանհույս ժամանակ էլ հույս կծնի ապրելու ու պայքարելու՝ հանուն տան սյուների ու պատերի:

eva khechoyan

Մի մեծացիր առանց ինձ

Անկախ նրանից, թե օրական քանի անգամ կզանգես ու կգրես ընտանիքիդ, երբ նրանից հեռու ես, միշտ կլինեն փոփոխություններ ու նորություններ, որոնց մասին տեղյակ չես լինի:

Երկու ամիս առաջ զանգեցի ընտանիքիս: Սովորականի նման խոսում էինք, երբ քույրս իր լայն, անկեղծ ժպիտով  դեմքը մոտեցրեց էկրանին: Մի պահ ուշադիր նայեցի դեմքին, ինձ թվաց, թե մի բան փոխվել էր: Մի քանի վայրկյան տևեց, մինչև հասկացա, որ ատամներից երկուսը չկան: Երևի նկատեց տարօրինակ, զննող հայացքս ու հայտնեց նորությունը:

-Եվչկա, ատամներս ընկե՜լ են:

Երևի թե քրոջս՝ ատամները կորցնելու փաստն էդքան էլ ազդեցիկ չլիներ, եթե ես էլ մասնակցեի էդ իրադարձությանը: Ընտանիքի երեխայի առաջին քայլերը, առաջին ատամների ընկնելը, առաջին բառերը մեծանալու նշաններն են, ու եթե դու էդ բնականոն ընթացքին անձամբ չես հետևում, քեզ թվում է, թե անսպասելի արագ մեծացավ: Մտածում էի էդ մասին, երբ երկրորդ հոգեբանական հարվածը հասցվեց:

-Եվչկա, մաման հատուկ մանկական «պամադա» ա տվել, որ շրթունքներս պաշտպանված լինեն:

Նախ, ո՞ր օրվանից գիտի, թե «պամադա» ասվածն իրենից ինչ է ներկայացնում: Երկրորդ՝ «պաշտպանվա՞ծ»… Երբվանի՞ց է սկսել օգտագործել էդ բառն ու գիտակցել դրա իմաստը:

Անսպասելի հոգեբանական հարված համար երեք.

-Եվուլ, գիտես, չէ՞, արդեն պարի ու վոկալի եմ գնում:

Մաման երգ է միացնում, քույրս դիրքավորվում է սենյակի կենտրոնում ու սկսում պարը:

Իսկ ես… Ես փորձում եմ համակերպվել քրոջս մեծանալու փաստի հետ:

lida armenakyan

Ես սև կատու եմ

Ես սև կատու եմ՝ անհաջողությունների տոպրակ:

Իմ սիրտը րոպեում կատարում է մոտ 130 զարկ, այսինքն՝ երկու անգամ ավելի, քան մարդու սիրտը: Ես երևի երկու անգամ ավելի եմ ապրում, քան մարդը և խոսքը բացարձակ տարիքի բազմապատկման մասին չէ: Ինձ անիմաստ պետք չէ ծերանալ, որովհետև ես պահեստային 9 կյանք ունեմ: Ու կապրեմ մնացած 8 կյանքերը, իսկ այ դու կմահանաս փոթորիկի ժամանակ: Երևի: Հաստատ: Չէ, սա բոլորովին երեք գլխանի ու թևավոր անեծք չէ: Դու փոթորիկի ժամանակ կմահանաս, եթե վատ վերաբերվես ինձ: Չնայած մեր իրականությունում մենք առհասարակ չենք վերաբերվում իրար: Ուրեմն չես մահանա: Կարող եմ հանգիստ շունչ քաշել: Երևի: Հաստատ:
Ես հուսով եմ, որ դու չունես այլուրոֆոբիա, այլ կերպ ասած՝ վախ կատուներից: Հուսով եմ՝ չունես այլուրոֆոբիա, որովհետև ես ուզում եմ՝ ինձ սիրես: Պահիր ինձ քո փայտե տնակում, որը էս մոլորակի մյուս ծայրին է: Սա խնդրանք է և ոչ հրաման: Ես ընտիր կողակից կարող եմ լինել: Գտիր ինձ Բամբիռի քարաշեն ու շքեղ դղյակի ներսում, ես էնտեղ վազվզող սև կատուն եմ, այլ ոչ դիցուհին: Ցավոք: Երևի: Հաստատ: Հա, ինչ էի ասում, ինձ պահիր քո փայտե տնակում, էնտեղ մենք կլինենք միասին ու մենակ: Տնակում մենք կերգենք whenever I’m alone with you տողը մի հազար անգամ, ավելի ճիշտ, դու կերգես, ես՝ կմլավեմ: Ես անձրևին դուրս չեմ գա, որ հետո չկեղտոտեմ տունդ, լիքը սիրելով անձրևը: Ես տոնածառդ շուռ չեմ տա, որ խաղալիքների հետ հանկարծ սիրտդ չփշրեմ: Ես, ատելով խոստումներ տալը, խոստանում եմ՝ տունդ տակնուվրա չեմ անի: Ես շատ խելոք կպահեմ ինձ, միայն թե դու պահիր ինձ քո սրտում, մտքում, հիշողություններում ու էլ որտեղ կուզես: Ու վերջում, ես կկորչեմ մեր փայտե տնակից ու քո կյանքից, երբ դադարես իմ մասին մտածել, հոգ տանել իմ մասին, գրկել ու սիրել, երբ դադարեմ քոնը լինել, երբ լուսնի մահիկը դադարի ժպտալ, երբ Սիրիուսը դադարի փայլել՝ լինելով ամենապայծառ աստղը, երբ ես, ի վերջո, դադարեմ Զեմֆիրա լսել… Այսինքն երբե՞ք: Երբեք, երբեք: Երևի: Հաստատ:
Ես սև կատու եմ՝ սենտիմենտալության ճիչ:

arman arshak

Քայլել դեպի նպատակ՝ ԱՐՄԱՏ

Մի քանի տարի առաջ, երբ սկսեցի մտածել համայնքիս ու նրա խնդիրների մասին, հասկացա, որ առաջնային խնդիրը երիտասարդների ներգրավման պակասն է քաղաքի զարգացման հարցում: Այդ ժամանակից երազանք էր կարծես՝ համայնքում լինել մեկը, ով կհամախմբի մի շարք երիտասարդների, ու կլինի քաղաքի զարգացմանը մասնակցելու իր իրավունքը իրականացնող վառ օրինակ:

Շատ չանցած երազանքս փորձեցի մոդելավորել ու հստակ հասկացա, թե ինչ եմ ուզում ու ինչպես պետք է նպատակիս հասնեմ: Ցանկանում էի ստեղծել երիտասարդական ավագանի, որը իրական ավագանու հետ համատեղ կգործի, վեր կհանի ու կփորձի լուծումներ տալ քաղաքի խնդիրներին: Ամենակարևորը բոլորին իրազեկելն է այն մասին, որ ունենք քաղաքի զարգացմանը մասնակցելու իրավունք, ինչն էլ պատճառ դարձավ info-կանգառներ ստեղծելու գաղափարին:

Նպատակիս շուրջը մտածելու համար երկար ժամանակ չպահանջվեց: Գարնանը տեսա ՄԱԿ-ի հայաստանյան ասոցիացիայի հայտարարությունը Կոտայքի մարզի երիտասարդների համար: Կազմակերպվելու էր դասընթաց այն երիտասարդների համար, ովքեր ցանկանում էին լուծել որևէ խնդիր իրենց համայնքում, սակայն բոլոր 25 մասնակիցներից պետք է ընտրվեին երեքը և խմբով աշխատեին որևէ համայնքում: Այդ երեքից մեկը լինելու ցանկությունը շա՜տ մեծ էր: Եվ, շատ չանցած, ես այդ խմբում էի՝ Կոտայքի մարզի նախաձեռնող ակտիվ խմբում, որը հետագայում անվանվեց ԱՐՄԱՏ: Խմբում ինձ հետ են Կարոն և Շուշանը: Լինել խումբ և աշխատանքը կատարել խմբով. ես դա վայելում եմ նրանց հետ: Այսօր կարող եմ ասել, որ ԱՐՄԱՏ-ը՝ Կարոն և Շուշանը, իմ ձեռքը բռնած քայլում են դեպի նպատակ: Նպատակ, որը ունեցել ենք երեքս:

elada petrosyan

Մի շրջադարձային օր

Մի անգամ մեր գյուղ՝ Արզական, եկան ինձ արդեն շատ մտերիմ դարձած 17.am-ի պատանի թղթակիցները: Այդ այցի ընթացքում նրանք եկան մեր տուն և փորձում էին հարցազրույց վերցնել հայրիկիցս, ով զբաղվում է դարբնությամբ: Ես պրպտող հայացքով ուսումնասիրում էի նրանց գործունեությունը, քանի որ նրանք մեծ հետաքրքրությամբ և սիրով էին կատարում իրենց գործը: Դա միանգամից գրավեց իմ ուշադրությունը:

Եվ մտածեցի, թե ինչ լավ կլիներ, որ ես էլ միանայի նրանց և դառնայի նրանց մի մասնիկը:

Ընտանիքիս անդամներին հայտնելով իմ ցանկության մասին՝ վարակեցի նրանց իմ ոգևորությամբ: Հայրս դիմեց նրանց՝ ասելով, որ ես նույնպես ցանկանում եմ դառնալ պատանի թղթակից:

Երբ հաջորդ օրը գնացինք հանդիպման, մեզ դիմավորեցին պատանի թղթակիցները, ովքեր արդեն ծանոթ հայացքներով և ժպիտով նայում էին ինձ: Երկար զրուցելուց հետո հայրիկիս էլ հայտնեցին, որ պետք է իր մասին ֆիլմ նկարեն: Հայրիկիս համար այդքան էլ զարմանալի չէր, որ իր մասին ֆիլմ են նկարահանելու, քանի որ արդեն մի քանի անգամ ունեցել էր նկարահանման փորձեր: Ապշեցուցիչն այն էր, որ 14-ից 17 տարեկան պատանիներն են նկարահանելու ֆիլմը:

Մինչ նկարահանման օրը ես մասնակցեցի դասընթացների, որոնց ընթացքում ինձ բացատրեցին, թե ինչ է լրագրությունը, լուսանկարչությունը և կինոն, որը հենց մեր տանը պետք է նկարահանեին: Թղթակիցների թիմին միանալուց հետո արդեն ես էլ պետք է մասնակցեի հայրիկիս մասին պատմող «Դարբին Արտակը» ֆիլմի նկարահանումներին:

Երբեք չէի պատկերացնի, որ հայրիկիս մասին ֆիլմ կնկարահանեմ:

Եվ այսպես, պատանի թղթակիցների այցն անսպասելի շրջադարձային օր եղավ: Նախքան նրանց հանդիպելը ցանկանում էի մշակութաբան դառնալ, բայց հետագայում բազմաթիվ հոդվածներ գրելով, հարցազրույցներ վարելով հասկացա, որ հենց լրագրողի մասնագիտությունն է ինձ ապագայում առաջնորդելու:

Այս կյանքում ոչինչ պատահական չի լինում:

laura sekoyan

Ձմռանը պատրաստ ենք

Վերջին շրջանում մի ուսումնասիրություն էի կատարում այն մասին, թե ինչով են զբաղված գյուղացիները։ Նրանց գործերը բազմազան են, բայց ժամանակը քիչ է։ Բոլորը հավաքում են ծառի տակ մնացած ընկույզները ու մաքրում են տերևները։ Գյուղացիների մի մասը սովորություն է ձեռք բերել և հավաքած տերևները ոչ թե վառում, այլ հավաքում է պարկերի մեջ ու ամեն չորեքշաբթի տալիս աղբատար մեքենաներին։ Դա և՛ հեշտ է, և՛չի վնասում բնությանը։ Այս տարի շատ դժվար է փայտ գնելը, քանի որ փայտավաճառները չեն կարողանում գնալ անտառ և, եթե բերում են փայտ, ապա թանկ գնով։ Սա ևս մեծ խնդիր է գյուղացիների համար, որովհետև անցած տարի, եթե կարող էին փայտ գնել, իսկ փողը հետո տալ, այս տարի էլ չեն կարող։ Չնայած այս դժվարություններին՝ գյուղացիների մեծ մասն արդեն ձեռք է բերել փայտ և զբաղվում է դրա մանրացմամբ և փայտանոցներում տեղավորելով։ Գրեթե բոլորը հավաքել են իրենց այգիների բերքը և արկղերով պահել են մառաններում։ Այն գյուղացիները, ովքեր վերջացրել են դրսի գործը, զբաղվում են տնային գործերով։ Ոմանք ամփոփում են աշնանային բիզնեսի արդյունքները։ Ամփոփում են, թե որքան ընկույզ, արիշտա ու փոխինդ են վաճառել և որքան շահույթ են ստացել։ Մի մասն էլ նորից փոխինդ է պատրաստում, բայց այս անգամ արդեն տան համար։ Օրվա խաղաղ պահին կանայք ընկույզն են կեղևում, ընտրում սուջուխի համար նախատեսված ընկույզը։ Ի դեպ, գյուղացիներից շատերն ունեն խոզեր և աշխատում են այս ամիս նրանց լավ կերակրել, որպեսզի շատ միս ունենան և կարողանան ոչ միայն բավարարել ընտանիքի պահանջները, այլ նաև վաճառել։

Գյուղացիների առաջնային նպատակն է պատրաստ ու ապահով դիմավորել ձմեռը։