
Լուսանկարը` Վահե Սուքիասյանի
Ես ծնվել և մեծացել եմ Գյումրիում, բայց մեկ տարի է, ինչ ապրում եմ Երևանում: Անշուշտ, երբ ինձ հարց են տալիս, թե որն է իմ բնակավայրը, ես միանշանակ պատասխանում եմ ` Գյումրին: Ինչքան ավելի շատ եմ մեծանում, այդքան ավելի շատ եմ սկսում հասկանալ քաղաքիս յուրօրինակությունը և ուզում եմ ձեզ նույնպես պատմել Գյումրիի առանձնահատկությունների մասին:
Այնտեղ ամեն ինչ այլ է. մարդիկ անկեղծ են, ջերմ, միմյանց նկատմամբ հոգատար, չմոռանանք նաև հումորի բարձր զգացումի մասին:
Ի դեպ, անկեղծության մասին. եթե ձեզ թվում է, որ ես չափազանցում եմ և հնարավոր չէ մինչև վերջ անկեղծ լինել, սխալվում եք: Շատ հաճախ, անկեղծությունը, որը հենց ճշմարտությունն է, կարող է վիրավորել դիմացինին: Եվ պատկերացրեք, հենց դա է գյումրեցիների առանձնահատկություններից մեկը: Ասել է թե, որքան էլ ուզում է ճշմարտությունը տհաճ լինի քեզ համար, գյումրեցին քեզ այն անպայման կասի: Որպեսզի համոզվեք, որ չեմ չափազանցում, մի դեպք պատմեմ ձեզ, որը պատահել է ինձ հետ:
Ուրեմն, ես ունեի ռետինե ճտքակոշիկներ, որոնք հագնում էի անձրևի ժամանակ: Մի անգամ այդ ճտքակոշիկներով գնացի դպրոց: Երբ դասերս ավարտվեցին և գնում էի տուն, փողոցում մի պապիկ մոտեցավ. սկզբում նայեց ճտքակոշիկներիս, հետո ինձ ու ասաց.
-Բալա’ ջան, էս ի՞նչ ես հագե, նորմալ բան չկա՞ր հագնեիր: Մատղաշ էրեխա էս, էս կալոշները քեզի ինչ սազական բան է:
Ես, իհարկե, չպատասխանեցի, ժպտացի և շարունակեցի ճանապարհս: Խնդրեմ էս էլ ապացույցը:
Բայց կա ևս մի յուրօրինակություն, որի մասին ուզում եմ պատմել:
Մենք` գյումրեցիներս, եթե ուզում ենք հյուր գնալ` հարևանի, բարեկամի, ընկերոջ կամ հարազատի տուն, ոչ զանգում ենք, ոչ էլ զգուշացնում մեր գալուստի մասին: Իհարկե, ձեզ թվում է, որ դա քաղաքավարի չէ: Պետք է անպայման զգուշացնել, մարդկանց անհարմար դրության մեջ չդնել: Դուք իհարկե նման երևույթին կտաք բացասական գնահատական: Բայց շտապեմ ասել, որ ո’չ : Դա ցույց է տալիս, թե ինչքան հարազատորեն են իրար վերաբերվում մարդիկ, և եթե ուզում են այցելել ընկերոջը, գնում են հյուր` համոզված լինելով, որ ցանկացած պահի նա գրկաբաց կընդունի քեզ: Հավատացնում եմ, որ դա այդպես է: Իսկ ծննդյան տարեդարձին ընդհանրապես ոչ մի բարեկամի կամ ընկերոջ չեն զանգահարում և հրավիրում, որովհետև համոզված են, որ այդ մարդկանց քո հատուկ հրավերը ամենևին էլ պետք չէ: Նրանք հաստատ կհիշեն և կգան քեզ շնորհավորելու:
Բայց ես ամենաշատը հպարտանում եմ նրանով, որ մենք շատ համախմբված ենք և իրար երբեք չենք լքի դժվար պահին. կարևոր չէ` ծանոթ ենք, թե անծանոթ, եթե միայն գիտենք, որ դիմացինը գյումրեցի է, ապա դա հերիք է նրան աջակցելու և ջերմ վերաբերվելու համար:
Ընդհանուր առմամբ, մեզ մի քանի խոսքով կարելի է բնութագրել այսպես. մենք հեռու ենք գլոբալիզացիայից. մեզ համար կարևոր են` մեր անկեղծ, հարազատ, վստահության վրա հիմնված հարաբերությունները, որոնք եկել են դարերի խորքից, և այս նոր ժամանակակից անտարբեր հարաբերությունները մեզ համար անընդունելի են և չեն համապատասխանում մեր բնույթին: Մի խոսքով, մենք` համով-հոտով, յոլով-ղայդով ժողովուրդ ենք: