maneHarutyunyan

Երջանկության փոքրիկ բանաձևը

Երբեմն քեզ ժամանակ է պետք լինում հասկանալու, թե ինչպես են կյանքի փոքր, աննշան ակնթարթները քեզ երջանիկ դարձնում, տալիս պայքարելու ուժ ու առաջ գնալու իղձ։ Պարտադիր չէ շրջապատված լինել շքեղ, թանկարժեք իրերով, որպեսզի վայելել ուրախությունը ու զգալ շրջապատի ջերմությունը։ Գլխավորը իմաստազուրկ մարդկանցից ու զբաղմունքներից հրաժարվելն է ու դրանց փոխարեն հասարակ, բայց կյանքով լեցուն վայրկյաններ գտնելը։ Դա կարող է լինել հարազատի հետ գրկախառնությունը, մանկան քաղցր ու անմեղ ժպիտը, կամ էլ այն ժամանակը, որի ընթացքում ստիպված չես լինում վախենալ կամ անհանգստանալ։ Աշխարհում տիրող այս իրավիճակով պայմանավորված՝ վերջին շրջանում բոլորս էլ ինչ-որ չափով հասկացանք՝ երջանկությունը մեր կողքին է, այն միայն նկատել է պետք:

Դուք նկատե՞լ եք, թե ինչպես են ժպտում երեխաները։ Կարծես մի երկնային կրակ սիրով ներխուժում է այդ սևուկ բբերի մեջ, որպեսզի կրակ ու լույս սփռի շուրջբոլորը։ Մի՞թե այդ կյանքով լի կրակը երջանկության ամենապարզ ու անմեղ դրսևորումը չէ։

Հիմա գանք արևին՝ մեզ ջերմություն ու կյանք տվողին։ Մենք հնարավորություն ունենք նայելու երկնքին, վայելելու այդ ջերմությունը, որն ակամա մեզ ներարկում է ուժով ու ստեղծելու տենչով։

Ախ․․․․ անձրև սկսվեց, եկավ հիշեցնելու ինչ-որ կարևոր, բայց հաճախ մոռացվող բանաձև։ Կատարյալ երջանկության համար մոռանալ էլ է պետք։ Երբեք չարժե ապրել նախկին հիշողություններով, որոնք ձեզ ցավ են պատճառում։ Դրանց էլ կարող ենք դրական տեսանկյունից նայել․ տխուր կամ ցավոտ դրվագները ստիպում են մեզ գնահատելու երջանկությունը։

Anahit Badalyan

Մի քիչ տխուր

Զարմանալու չափ հետաքրքիր է, որ արևոտ, անձրևոտ, քամոտ, ցուրտ ու տաք օրերը կարող են ինչ-որ պահի լրիվ նույն գույնն ունենալ։ Ինչ-որ ժամանակ կարող է մեկ լինել՝ ինչ եղանակ է դրսում ու ինչ եղանակ է լինելու վաղը։ Կարող է մեկ դառնալ՝ ամսի քանիսն է, շաբաթվա որ օրն է, ամռանից քանի օր է անցել ու քանի օր է մնացել աշնանը։ Էս տարի բոլոր եղանակներն են աշուն թվում՝ խոնավ, սառը։ Տերևներ չկան, չկա և անձրև, ծառուղիներում տերևաթափ չկա, ուստի և լսել չի լինի «Մեր սիրո աշունը»․․․ Թերևս աշնան լավագույն պարգևները չկան, բայց թվում է՝ աշուն է՝ բնավորության իր ամենատհաճ գծերով։

Տարվա մյուս եղանակների վերադարձին սպասում ենք ես, վերարկուներս ու լողազգեստներս։ Սպասում ենք, բայց ոչ անհամբեր։ Որովհետև անհամբերությունը վաղուց լքել է մեզ, ճիշտ էնպես, ոնց սրտի թրթիռը։ Բայց մենք համբերատար էլ չենք։ Մենք ուղղակի սպասում ենք։ Սպասում ենք, որովհետև մեծ հաշվով ուրիշ տարբերակ չկա։ Ինքներս էլ մեծ հաշվով թքած ունենք՝ որքանով ենք համբերատար կամ անհամբեր, մեծ հաշվով կարևոր էլ չէ, մեծ հաշվով դա ոչինչ չի փոխելու։

Կյանքի նման ոչ խոստումնալից շրջաններին ամենքը տարբեր վարվելակերպ են դրսևորում։ Մեկը փորձում է իմաստ փնտրել այն ամենի մեջ, ինչ նախկինում անիմաստ էր թվում, մյուսը սկսում է անիմաստ համարել նախկինում խորիմաստ թվացող շատ բաներ, մեկը հոգնում է, մյուսը՝ օգտագործում ժամանակը հանգստանալու համար, մեկը սկսում է դիետիկ աղցաններ և ուտեստներ պատրաստել, մյուսն ուղղակի սկսում է ուտել նախատեսվածից ավելի շատ, մեկը սկսում է գրքեր ընթերցել, մյուսը գիրք ընթերցելու ցանկությամբ էլի մի անգամ հիասթափվում է ներկայից, որովհետև գիտակցում է՝ գրադարաններն անգամ փակ են։ Մեկը սկսում է ավելի հաճախ զանգել հին մտերիմներին, մյուսն ուղղակի դառնում է անհասանելի, մեկը լավ ֆիլմեր է գտնում, մյուսը՝ խորհուրդ տալիս այդ ֆիլմերն ու գիտակցում, որ ինքն արդեն դիտել է դրանք։ Մեկը պոզիտիվ է, մյուսը՝ ոչ այդքան, մեկն ուղղակի նեյտրալ դիրք բռնելու համար է ծնվել, ենթադրյալ որոշում չկայացնողներից է, այնինչ խելամիտ որոշում է նաև նեյտրալ լինելը․ խելամիտ ու հաճախ դժվար։

Էսպես տարբեր կյանքեր շարունակվում են տարբեր ուղիներով։ Գոյությունը շարունակվում է, կյանքը՝ ասում են՝ ևս։ Շարունակվում է գրեթե ամեն բան՝ կիսատված ժպիտների, չկայացած գրկախառնությունների, միասին չխմած թեյերի, իրար ժպիտները դիմակների հետևից պատկերացնելու ու իրար ներկա բացակայությանը համակերպվելու գնով։ Փոքրիկ Իշխանը մի բան գիտեր․ մենք բոլորս էլ ի վերջո մի օր մխիթարվում ենք․․․ Մեզ երևի մխիթարում է հետզհետե համակերպվելու այս անգույն, անձև ու մեր կամքով չընտրված տարբերակը․․․ Երևի․․․

Anahit Badalyan

Իմ օֆլայն մանկությունը

Վերջին շրջանում կարևոր ու անկարևոր ամեն ինչի՝ օնլայն հարթակ տեղափոխվելը ապրած «օֆլայն» կյանքը վերանայելու առիթ է տալիս ավելի, քան երբևէ։

Ամենակարևոր ժողովները, հանդիպումները մարդիկ հաջողում են իրականացնել իրենց տներից՝ էլի պաշտոնական, էլի պատրաստված։ Համերգներ են տեղի ունենում օնլայն, արտիստները իրենց տան երաժշտական անկյուններից եթեր են մտնում իրենց հեռուստադիտողների համար։ Ի վերջո, կրթությունն անցավ օնլայն տիրույթ, zoom-ից օգտվել սովորեցին բոլորիս սիրելի ու միշտ հարազատ «40 տարվա մանկավարժներն» անգամ։ Ու երևի սկսեցինք կարոտել․․․

Սկսեցինք կարոտել դպրոցի ճանապարհից հոգնելը, պարապմունքներից չուշանալու համար հաց ուտել չհասցնելը, սկսեցինք մոռանալ շաբաթվա օրերը, կամ գուցե չմոռացանք, ուղղակի դրանք բոլորը սկսեցին նույնը թվալ՝ առավոտ-համակարգիչ-գիշեր ոչ նախանձելի գրաֆիկով։ Էս ամենի ժամանակ ամեն մեկս երևի հասկանում ենք՝ ինչքանով ենք սովոր էս օնլայն իրականությանը կամ ինչքանով է դա խորթ մեզ։

Իմ սերունդը էն հետաքրքիրներից է։ Մենք երևի վերջիններն էինք, որոնց մանկությունն անցավ «հողերով խաղալով»։ Երևի վերջիններից էինք, ում պատժելու համար կզրկեին բակ իջնելուց, այլ ոչ թե համակարգչից կամ հեռախոսից։ Երևի վերջինն էինք, որ անհամբեր սպասում էինք ինչ-որ տարիքի՝ ծնողներից հեծանիվ խնդրելու համար, այնինչ հիմա ինչ-որ տարիք կա, որից հետո երեխաները «կարող են» ինստագրամ կամ ֆեյսբուք բացել։

Իմ մանկության ամենասիրուն հուշերում ես տատիկիս տանն եմ։ Ես նստած եմ պապիկիս այգում ու սրտատրոփ սպասում եմ, որ պապիկս ինձ մի գործ վստահի, մի հանձնարարություն տա։ Ես նայում եմ պապիկիս, որը աշխարհի ամենաանկեղծ ու սիրուն խնամքով ջրում է լոբին, վարունգն ու կանաչին, որը կոկիկ ցանում է բանջարեղենն ու բոլորից ոգևորված սպասում ռեհանի աճելուն։ Որովհետև ռեհանն իմ սիրելին է բոլոր կանաչիներից։ Ես նայում եմ տատիկիս, որը պոկում է պապիկիս տնկած բազմերանգ վարդերը ու ինձ տալու համար ազատում դրանք փշերից։ Նայում եմ հավերին, որոնց համար միշտ ուզում էի խոտ հավաքել, բայց տատիկս ասում էր՝ քեզ ավելի լավ գործ կտամ։ Ես նայում էի այգու կտուրին, որի վերանորոգմանը ներկա էինք ես ու պապիկս, ու որն այդքան ամուր է, սիրուն ու անթերի, որովհետև պապիկս իր ձեռքերով վերամշակել է մեր հին պատշգամբի շինանյութերն ու կտուր շինել։ Նայում եմ մանուշակներին։ Ես գտնում եմ իմ սիրած զբաղմունքն ու հետագայում ամբողջ կյանքիս ամենասիրելի դառնալիք ծաղիկը։ Ես փնջում եմ մանուշակներն իմ փոքր ձեռքում ու հասկանում, որ քանի դեռ տատիկիս ձեռքի փունջը համաչափ ու ճոխ է այնչափ, ես դեռ երկար ճամփա ունեմ մինչև իդեալականությունը։ Մի քիչ հոգնելուց հետո ես ուզում եմ այգու առաջնամասից իջնել ու միանալ տատիկիս։ Բայց փոքր կածանը վախենում եմ անցնել, որովհետև թեք է մի քիչ։ Ես գալիս եմ պապիկիս այգի հաջորդ ուրբաթ ու տեսնում եմ պապիկիս սարքած փայտե աստիճանները կածանի վրա։ Ես ժպտում եմ ու էդ ժամանակ երևի դեռ էնքան գիտակից չեմ լինում, որ կարողանամ ամբողջովին զգալ սիրված լինելուս աստիճանը։ Ես նստում եմ ավտոբուս ու իմ ձեռքին մի շատ ծանր տոպրակ է։ Տատիկս մեզ համար այգուց քաղած բանջարեղեն ու հավերի թարմ ձու է դրել։ Ես վարվում եմ տոպրակի հետ ամենայն զգուշությամբ, ու մենք հաջորդ օրը պարտադիր ձվածեղ ենք ուտում, որովհետև չէր կարելի աղբը նետել իմ՝ տան ճանապարհին պատահմամբ ջարդած ձվերը։

Երկրորդ դասարանում ես մերոնց ասում եմ, որ էլ կարիք չկա ավտոբուսով տուն վերադառնալու, որ ես կկարողանամ մենակ ոտքով տուն հասնել։ Ու քանի որ մեր տունը հեռու էր դպրոցից, մերոնք որոշում են իրենց անհանգստությունը փարատելու ու իմ՝ էս շատ լուրջ որոշումը հարգելու համար ինձ հեռախոս տալ։ Դպրոցում պետք չէր՝ իմանային, որ ես հեռախոս ունեմ։ Դասարանում քչերն ունեին, ու համ էլ խիստ է, կբարկանան։ Բայց ես պիտի անպայման ունենայի, որ դասերն ավատելիս ու հետո արդեն տան ճանապարհին պարբերաբար մամային զանգեի։ Նույն սկզբունքով ես որոշեցի ոտքով գնալ նաև երաժշտական դպրոց, ու հեռախոսը դարձավ անհրաժեշտություն։ Իմ առաջին հեռախոսը միշտ իմ հիշողության մեջ կլինի։ Ես երբևէ չեմ մոռանա արծաթագույն էդ սարքի զնգոցն ու ձայնը։ Չեմ մոռանա և այն, որ առաջին անգամ դպրոց տանելիս մաման մի քանի տասնյակ անգամ զգուշացրեց՝ դպրոցում հեռախոսդ պայուսակից չես հանում, հենց հիմա էլ անջատիր, որ դասերի ժամանակ անջատված լինի։ Կհանես երբ դասերը կավարտվեն ու դպրոցից արդեն դուրս կգաս։ Կզանգես ինձ, գրիր համարս։ Իմ բացովի-փակովի գաղտնի ընկերն ինձ հետ մնաց մի քանի տարի։ Ես ձեռք բերեցի մեկ այլ հեռախոս չորրորդ թե հինգերորդ դասարանում։ Էս մյուս հեռախոսիս ընձեռած հնարավորություններն անհամեմատ ավելի շատ էին։ Ես կարող էի երգեր ներբեռնել․ իմ սիրած երգերը։ Ավելի ճիշտ ես չէ, ես հեռախոսս տանում էի մեր դպրոցի մոտակա հեռախոսների վերանորոգման կետ ու աշխատողին խնդրում ներբեռնել իմ սիրած երգերը։ Մի երգի համար վճարում էի հիսուն դրամ։

Ութերորդ դասարանում ես ստացա իմ առաջին աշխատավարձը։ Կրթական կենտրոնում ամառվա ընթացքում լրագրողական գործունեություն ծավալելուց հետո ես 50000-ին մոտ գումարով պարգևատրվեցի։ Ու որովհետև աշխարհում ինձ համար չկար իմ աշխատածով վաստակածից ավելի թանկարժեք ոչինչ, մաման առաջարկեց էս փողով ինձ համար մի սիմվոլիկ բան գնել։

Էսպես տեղի ունեցավ իմ ու իմ առաջին «սենսորով» հեռախոսի հանդիպումը։ 13 տարեկան Անահիտը մի լավ տնտղել էր հայկական շուկան՝ ամենամատչելի ու բազմաֆունկցիոնալ մոդելը գտնելու։ Մի բան հաստատ էր․ իմ աշխատած փողին մերոնք ոչինչ չպիտի ավելացնեին։

ԱմենաԻՄ հեռախոսն իմ կողքին եղավ մինչև այն պահը, երբ վիդեոքոլը կենսական կարևորություն ստացավ։ Մինչև այն պահը, երբ ինձ պետք էր մի փոքր ավելի արագ աշխատող մոդել։ Մինչև Իտալիա գնալս։ Էնպիսի տարօրինակ ձևով չէի ուզում հրաժարվել էդ հեռախոսիցս։ Մեծ հաշվով շատ բան չէր անում։ Արդեն նորմալ չէր աշխատում, վերբեռնելը նույնիսկ արդյունավետ չէր, բոլոր կետերում ասում էին՝ դե սարքելու տեղը կարաս մի հատ նորը առնես։ Շա՜տ սիրուն զանգեր է լսել իմ այս հեռախոսը։ Իմ ընկնող, բայց չկոտրվող ընկերը․․․

Չէ, էստեղ չենք հավաքվել իմ հեռախոսների ժամանակագրությունը քննարկելու համար (ինչքան էլ որ հնարավոր է՝ էդպես թվաց): Ես ուզում եմ ձեզ ցույց տալ՝ ինչքան հնարավոր, իրական ու լավն է եղել կյանքը մինչև օնլայն դառնալը։

Ընկերներն իրար հանդիպում ու գտնում էին բակում, դպրոցում կամ համալսարանում։ Դառնում էին մանկության ընկերներ ու մեծանալիս հիշում՝ ոնց են փոքր ժամանակ իրար վարդավառի օրը ջրել, պախկվոցիի ժամանակ ընկերասեր լինելով իրար «չթքել» ու իրար հետ եղել մի՛շտ։

Հարևաններն իրար սուրճ խմելու էին հրավիրում «պատը թակելով»։ Դա շա՜տ ծանոթ ու ոչնչի հետ չշփոթվող թակոց էր։ Մրգի՝ սեղանին լինելու ու սուրճի եռալու թակոցը։

Սերերն էլ էին իրար դպրոցում, համալսարանում կամ գուցե բակում գտնում։ Գտնում էին մոտիկ ընկերոջ ծնունդի կամ ինչ-որ մրցույթի ժամանակ։ Էն ամենագզգզված ու անսպասելի պահերին գուցե։ Առաջին հանդիպման ժամանակ իրար չնկատելով կամ հենց առաջին հանդիպումից՝ «ինքն ա, վերջ»-ով գուցե։

Տատիկս ասում է՝ ինչ լավ ա՝ էս անտերն էլ կա, քեզ տեսնում եմ, ձենդ լսում եմ, ջիգյար։ Անտերը հեռախոսն է։ Բայց լավ է, որ կա, որովհետև ինչ-որ պահի չեզոքացնում է տատիկիս մտահոգությունը, որ ես գուցե նորմալ չեմ սնվում, նիհարել եմ կամ գույնս գցել։

Ես չգիտեմ՝ էդ «անտերի» լինելն ինչքանով է լավ։ Չգիտեմ՝ ինչքանով եմ սիրում էդ անտերի գայությունը ընդհանրապես։ Ես կուզեի արթնանալ ու ապրել օրս առանց հեռախոսի, համակարգչի, էնպես սովորական, ոնց եղել է երկրորդ դասարանցի Անահիտի համար։ Ես կուզեի երբեք չմտածել, որ ամենահարազատ ու սիրելի մարդկանց բացակայությունը մի քիչ պակասեցնելու համար ես պիտի գրպանումս ման տամ հեռախոսը։ Ես կուզեի էնպես լիներ, ոնց առաջ էր։

Բայց ուզելը քիչ է։ Պատահում է, որ ես ինձ իսկապես «հին» եմ զգում, որովհետև գիտակցում եմ, որ սոցիալական ցանցերի մասին ինֆորմացվածությանս մակարդակով անասելի շատ զիջում եմ ինձնից շա՜տ փոքրերին։

Լիքը մամաներ իրենց բալիկների սիրուն երգերը կամ պարերը դնում են իրենց էջում ու ցույց տալիս բոլորին։ Բայց իմ մանկությունը, հա, ավելի սիրուն է եղել անգամ էն դեպքում, երբ ամեն պահի «լայվ» մտնելու հնարավորություն չկար։ Իմ մաման էն ժամանակների ապարատով իմ ու քույրիկիս բոլոր հանդեսները նկարել է, նկարել է մեզ Ձմեռ Պապիկի ու Ձյունանուշիկի հետ, տանը, զբոսանքների ժամանակ կամ ընկերական հավաքույթների ընթացքում։ Մենք ճանաչում ենք մեր փոքրիկ եսերը՝ ալբոմների էջերը թերթելով։ Մենք մեր հյուրերին դեռ ցույց ենք տալիս մեր մանկության ալբոմներն ու էդպես ժամանակ ձգում, մինչև մաման խոհանոցում վերջացնի, գա։ Մենք ունենք մե՛ր մանկությունը, որը միայն մերն է եղել ու որը մենք կարող ենք որոշել՝ ցույց տա՞լ ամբողջ աշխարհին, թե՞ չէ։

Ես ապրել եմ «օֆլայն», ու երանի այն ժամանակներին, երբ մտքիս ծայրով անգամ չէր անցնի, որ մի օր իմ ամենաբնականոն թվացող մանկությունը համեմատելու եմ ժամանակի իրականության հետ՝ դրա իրական լինելն ընդգծելու համար այն «օֆլայն» կոչելով։

tatev telunts

Միջազգային ուսանողի տունը

Տունդ լքելը ու աշխարհի այլ ծայրերում այն գտնելը դաժան է, բայց միջազգային ուսանողները դա երևի հասկանան, երբ կարողանան իսկապես հեռու գնալ:

Հունվարի 19-ին առավոտյան ժամը 6-ին ես արթնացա, որ հետևեմ երազանքիս: Եղանակը սառեցնող էր, ներսիս զգացողությունները սիրտս ու մտքերս իրար էին միացնում ու խորքից մեկը մյուսին սպառնում ու հույս էին տալիս:

Հասա հրապարակ, կանգնած էր UWC տանող ավտոբուսը, որ պետք է վերցներ ինձ ու երրորդ փուլ հասած մյուս ֆինալիստներին: Օրը սկսել էի խառը, բայց կարևորը՝ վերջացրի ժպիտով:

2 օր անց իմացա, որ անցել եմ: Ինչ խոսք, անչափ ուրախ էի: Էնպես, ոնց թիթեռին թև ու կյանք են տալիս ապրելու, բայց կարճ ժամանակ անց արևի ու հեռվի լույսը խամրում է, ու զվարճանքը նվազում է: Հենց էդպես էլ ինձ հետ եղավ:

Ես երևի թե հիմա պետք է սկսեի պատրաստել իրերս, թե ինչ վերցնեմ հետս, ոնց կարոտը խցկեմ ճամփաների, քարերի ու ծառերի արանքում, բայց փոխարենը անհույս հույսով թարմացնում եմ դեսպանատների ու կորոնավիրուսային նորությունների մասին հոդվածները ու սպասում լուրի: Անորոշությունը դարձել է ճամպրուկս, որի մեջ օր օրի իրար վրա են հավաքվում սպասումը, հեռու երազանքները, արդեն չզգացած կարոտս, նոր քոլեջիս մասին սպասելիքները, կյանքի անհավատալի դադարը:

Կյանքը դադար է վերցրել աշխարհի ձայներից, ինձ ու իմ նմաններին թողել էն քամու հույսին, որ կարող է հայտնվել, բարձրաձայնել մեր անորոշ ապագայի մասին, մեր՝ անձամբ նվաճած, բայց բախտի քմահաճույքին թողնված նպատակների մասին:

Էս ամենի հետ մեկտեղ էլ ուզում եմ ասել, որ եթե ես կարող եմ սովորել Գերմանիայում, լինել UWC ուսանող և այլն, դա կատարելության թելի սկիզբն է, իսկ էդ թելը լիքը հույզերի ու զգացմունքների կծիկ է: Գիտեմ, որ կարոտելու եմ տունս, ընկերներիս, ընտանիքիս, քաղաքս, մարդկանց, օդը, բայց պետք է սովորեմ տունս դարձնել այն վայրը, որտեղ լինում եմ, կարոտս դարձնել գնահատանք, հին ընկերներիս մտքումս ու սրտումս պահել, իսկ հայրենիքիս կարոտն առնել դրա դրոշը այլ ազգերի մեջ բարձրացնելով, դրա մասին աշխարհին պատմելով:

Առայժմ սպասում եմ…

87210528_1494549020722917_880813722719748096_o

«Եթե պիտի թեյահոլիկս գտնի իրեն որևէ տողում, թող դա ամենալուսավորի մասին պատմող տողը լինի»

Ամիսներ առաջ լույս տեսավ հայ ժամանակակից գրականության ինձ ամենահարզատ ու ինձ համար ամենահարմոնիկ դառնալիք գրքերից մեկը՝ Լիլի Մկրտչյանի «Թեյահոլիզմը»։ Շնորհանդեսին ներկա գտնվել չկարողացա, էդ սիրուն պահը բաց թողեցի, էդ ժամանակ դեռ քննությունների էի պատրաստվում Իտալիայում։ Բայց ոչինչ, Հայաստանում ինձ արդեն հասցրել են հեռվից հեռու նվիրել «Թեհայոլիզմը»։

Գիրքը ներկայացնելիս պիտի անպայման նշեմ, որ մոտ երկու հարյուր էջերի մեջ Լիլին՝ հեղինակը, համաչափ ու համով կերպով տեղավորել է մեզ բոլորիս՝ մեր այս կամ այն գծերով։ Համեստ, ամաչկոտ, թիթիզ, զուսպ կամ տաքարյուն իր հերոսներից բոլորը իրական հիմքեր ունեն, ասում է Լիլին, ու չնայած ինքն է էդ հերոսներին ձևավորել ու անուններ տվել, նրանց մեջ ամենքս կարող ենք փնտրել ու գտնել մեր բնավորության այս կամ այն գծի դրսևորումը։

Այսօր մեծ սիրով ու ուրախությամբ բախտ եմ ունեցել՝ զրուցելու էս ջերմ, անկեղծ ու հաջողված գործի հեղինակի՝ Լիլի Մկրտչյանի հետ։

Պաշտոնական հարցազրույցից շատ հեռու մի անմիջական ու սիրառատ զրույց ենք ունեցել երկուսիս համար շատ հարազատ «Թեյահոլիզմի» մասին։

-Լիլի, նախքան գրքի տպագրվելը, «Թեյահոլիզմը» հասանելի է եղել ֆեյսբուքյան էջի միջոցով։ Ե՞րբ և ինչպե՞ս է ծնվել գիրք հրատարակելու գաղափարը։

-Եփվեց էդ պահը բավական երկար։ Երբ «Թեյահոլիզմը» սկսեց ապրել իր «առանձին կյանքով», կարդացողների շրջանակի ընդլայմանը զուգահեռ, շատ էի ստանում արձագանքներ՝ գրքին սպասելու մասին։ Ու էդ մարդիկ շատ կարևոր դեր ունեցան գիրք հրատարակելու որոշմանը գալու հարցում։ Մինչ այդ միայն պատկերացումներումս կար էս ամենը, որովհետև ռեալ չէի համարում, որ ընկերներիցս ու մտերիմներիցս բացի էլի մարդիկ կկարդան գրածներս։

Բավական երկար շրջան, երբ արդեն որոշել էի, որ կհրատարակվի Թեյահոլիզմը, սպասում էի, որովհետև չէի ուզում «հում» բան ներկայացնել։ Եթե էդ պահին զգում ես, որ սա էն չէ, ինչ արժե ներկայացնել կարդացողիդ, պիտի թողնես, պիտի սպասես, պիտի հարգես։ Այ թե հետո ինչ կփոխեիր, էդ այլ հարց է․․․

Երբ հասկացա, որ ես էլ, կարդացողս էլ պատրաստ ենք, նստեցի համակարգչի առաջ ու սկսեցի զտել ու նորոգել պատմվածքներս։

-Ստեղծագործություններից շատերը կարճ հատվածների միջոցով հասանելի էին օնլայն տիրույթում նախքան գրքի հրատարակվելը։ Հայ գրականության մեջ սա դեռևս հազվադեպ երևույթ է։ Ի՞նչ ես կարծում, սա նպաստում է լսարանն ընդլայնելո՞ւն, թե՞ ինչ-որ առումով կարող է սփոյլեր դառնալ։

-Ճիշտ ես, Անահիտ ջան, սովորաբար մեկ-երկու հատված է ընտրվում և ներկայացվում որպես «այցեքարտ»։ Ես այլ կերպ վարվեցի ու հետագայում համոզվեցի, որ սա ճիշտ մոտեցում էր։

Սփոյլեր դառնալու վտանգ չկար, որովհետև ներկայացրել եմ առանձին հատվածներ, իսկ ամբողջական պատմվածքները, լուծումները, միասնականությունն ու, առհասարակ, բովանդակությունը թողել եմ գրքին։

Էս մոտեցման շնորհիվ ես նախապես ծանոթացրի կարդացողիս հերոսներիս հետ։ Շատերն իրենց գտան էդ հերոսների մեջ, որովհետև արդեն նրանց ապրածի մի պատառիկ զգացել էին։

Ի վերջո, երբ գիրքը կարդալուց հետո գրում են, որ առանձին հատվածներ բառ առ բառ հերոսի հետ անգիր են ասել, ուրախությունդ ու շնորհակալությունդ հասնում է անհավանական աստիճանի։ Ու ես ուրախ եմ կարդացողիս ու հերոսներիս էս ընկերության համար։

(Էստեղ ես վերհիշեցի իմ՝ անգիր արած ու ինքս ինձ վերագրած հատվածը…)։

87166450_1493281284183024_7460023245832454144_o

-Գրքում զետեղված 11 պատմվածքներից յուրաքանչյուրը ենթավերնագրված է առաջին հայաքից առօրյայում հաճախ կամ մի փոքր հազվադեպ հանդիպող մարդկանց անուններով։ Բայց ավելի խորանալիս կարելի է նկատել, որ անուններից որոշները պարտմվաքի վերնագրից մի հատված են կրում իրենց մեջ։ Օրինակ՝ Հասմիկին բաժին է հասել «Հայերեն ենք սիրում»-ը, Կարենին՝ ԿարՄոտը, Խորենին՝ «Մոխրամանը»։ Անունների ընտրության մեջ որևէ յուրահատուկ օրինաչափություն կա՞, թե՞ զուգադիպել են։

-Հիշո՞ւմ ես՝ գրքի շապիկին ասում էի, թե սա գիրք է նկատելու մասին։ Այ դու շատ նուրբ բաներ ես նկատել։

Իրականում զուգադիպություն է, բայց հետո, երբ ես էլ նայեցի, հասկացա, որ ենթագիտակցությունս մի խաղ խաղացել է։

Անուններն ընտրել եմ հերոսիս մի լավ տնտղելուց հետո, երբ իսկապես հասկացել եմ, որ էս մարդը Խորեն է, Ռուբինա է, Կարեն կամ Լյուսի, որից հետո անունն էլ իր երանգն է բերել ու մի քանի գիծ ավելացրել արդեն դեմք, բնավորություն ու անգամ ձայն ունեցող հերոսին։

Էս հերոսները մեզանից յուրաքանչյուրի կյանքում կան՝ տարբեր անուններով, տարբեր սովորություններով, տարբեր խառնվածքներով, բայց նրանք իրական են, կան ու մենք նրանց ճանաչում ենք։

Պատմություններն էլ կյանքի պատմություններն են, էնպիսի բաներ, որոնք զգում ու ապրում է մարդը կյանքի այս կամ այն էտապում, իրավիճակում կամ հոգեվիճակում։

Նկատի ունեմ՝ սրանք ինչ-որ մարդու կամ մարդկանց կյանքի պատմություններ չեն, որ գրի եմ առել։ Մարդկանցից կերպարային գծեր եմ քաղել, անգամ ժեստեր ու միմիկա։ Ու նրանց շուրջ եմ ծավալել էն կյանքն ու իրավիճակը, մտքերն ու որոշումները, որոնք բոլոր մարդկանցից ամենից շատ իրենց հատուկ կլինեին։

-Թեյահոլիզմի թեմատիկ բովանդակությունը ծավալվում է սիրուց ու ընկերությունից մինչև ազնվություն ու հավատարմություն։ Ո՞րն է եղել այն գլխավոր ասելիքը, որը Թեյահոլիզմի հեղինակը ցանկացել է թեմաների այս բազմազանության միջոցով հաղորդել իր ընթերցողին։

-Հոգալու ու նկատելու խորհուրդն եմ փորձել ներկայացնել։

Գիտես, մենք հակված ենք ուշադրություն դարձնել իրադարձություններին, գործողություններին, էսպես ասած՝ «նյութեղեն» արտահայտում ստացողին, ու էդտեղ շատ շերտեր կան։ Էս շերտերի միջև շատ մանրուքներ ու դետալներ կան, որոնք սոսնձող, էական դեր ունեն, բայց որոնք հաճախ չենք վերլուծում, անգամ չենք էլ նկատում։ Ինչուների մի մեծ մաս հենց էդ դետալների հիմքն ունի։

Փորձել եմ ցույց տալ, որ էդ մի քիչ ավելին նկատելու, մի քիչ ավելի հոգալու շնորհիվ կարող ենք շատ պատճառներ հասկանալ, շատ որոշումներ կայացնել, շատ քայլեր ընկալել, մեր ու ուրիշների կյանքն էլ կամ անգամ ինչ-որ առանձին պահ ավելի լավը դարձնել։

Ու ճիշտ ես, էդ հիմնական ասելիքը ներկայացված է տարբեր թեմաների միջոցով, որ սուբյեկտիվ կամ միակողմանի մոտեցում չլինի, թե գուցե մի դեպքում սա «աշխատում է», մյուսում՝ չէ։ Փորձել եմ հնարավորինս լայն շրջանակում ներկայացնել էս գաղափարը։

-Գրքում տարբեր հերոսներից անունից հաճախ անդրադառնում ես Հրաչյա Աճառյանին։ Հենց օրինակ «ԿարՄոտը» վերլուծության ենթարկելու համար ևս մեջբերում ես Աճառյանի պարզաբանումը՝ կարոտ բառին։ Կա՞ն հայ կամ համաշխարհային գրողներ, որոնք առանձնապես ոգեշնչել են քեզ, կամ որոնց ստեղծագործություններն առանձնակի ազդեցություն են ունեցել քո ստեղծագործական մոտեցումների վրա։

-Աճառյանի հանդեպ անթաքույց հիացմունք ունեմ․ մեր լեզուն շա՜տ եմ սիրում, ու ինքն ինձ օգնում է, որ ամեն անգամ համոզվեմ, որ չքնաղ է հայերենը։

Տես, իհարկե կան հեղինակներ, որոնց շատ եմ սիրում, բայց փորձում եմ գրելու պրոցեսում նրանց «չդիմել» ոգեշնչման համար, որովհետև չեմ ուզում փոխադրության վերածել իրենց սիրուն արվեստը։ Այլ բան է, որ երբեմն առանձին տողեր սկսում եմ պրոյեկտել մեր կյանքի վրա, ինչպես մեր պոետների տողերը «Հայերեն ենք սիրում պատմվածքում»։

Ես մի անգամ ասել եմ, որ ինձ ոգեշնչում է մարդը, նրա ստեղծած արվեստը, ու իհարկե, էս պարագայում նաև գրական ստեղծագործությունները, երաժշտությունը, լուսանկարչի «բռնած» ինչ-որ շքեղ կադր և էդպես շարունակ։

87813963_1498141513697001_8892519715222585344_o

-Թեյահոլիզմի շնորհանդեսը կայացավ փետրվարին, բայց դեռ գրախանութ չմտած՝ նախավաճառքի ընթացքում արդեն սպառվել էր առաջին հրատարակության մեծ մասը։ Գիրքը նաև ապրիլ ամսվա Երևանյան բեսթսելլերների առաջին եռյակում էր։ Ի՞նչն ես մեծապես համարում նման հաջողության գլխավոր գրավականը՝ որպես սկսնակ հրատարակվող հեղինակ։

-Միշտ մտածում եմ՝ ինչ ճիշտ էր ընտրված պահը, որովհետև եթե մի քանի օր ուշացնեինք, շնորհանդես անել չէր ստացվի արտակարգ դրության պարագայում, ու էդքան էմոցիա, էդքան սիրուն պահեր չէինք ապրի։

Նախ՝ հաջողությունը բոլորինս է էն մասով, որ հիմա գրական կյանքը շատ ավելի ակտիվ է, քան մի քանի տարի առաջ։ Ե՛վ հեղինակների, և՛ ընթերցողների ակտիվությունն ավելի մեծ է, ինչը միայն ուրախացնում է։

Կոնկրետ «Թեյահոլիզմի» պարագայում, կարծում եմ, էական դեր ուներ տարիներ շարունակ Թեյահոլիզմի ու կարդացողի ամենօրյա կապը։ Հարազատացել ենք մի տեսակ։ Ի սկզբանե, հենց էդ հարազատության հիմքով, որոշել էի ամեն բան իմ ձեռքով անել, անգամ գրքի շապիկը։ Փորձնական տարբերակ ստանալիս հասկացանք, որ տեխնիկական պայմաններից ելնելով դա բավական բարդ կլիներ, ուստի որոշեցի էդ մի էտապն ինքնուրույն անելուց հրաժարվել։ Մնացած ամբողջն անձամբ անելու գաղափարն այն էր, որ ուզում էի առաջին օրինակները կարդացողների համար ամեն բան իմ ձեռքով անել, առանց միջնորդների, առանց այլ անձանց։

Շնորհանդեսից հետո սկսեցինք նախավաճառքը, էդ ամբողջ պրոցեսով զբաղվել եմ ինքս, ու դրա ամենամեծ վարձատրությունը անմիջականությունը, էմոցիաներն ու դրական լիցքերն էին, որոնցով ամեն օրս լցվում էր, ու էսպես գրքերի մեծ մասը անձամբ գիտեմ՝ ում ձեռքում է, ում տան գրապահարանում է։ Էդ էլ է էն դետալներից, որ կարևոր է։

-Ապագա թեյահոլիկը ձեռք է բերել գիրքը, գազօջախից հենց նոր վերցրել տաք թեյնիկն ու պատրաստվում է սկսել ընթերցանությունը։ Ո՞րն է այն մեկ նախադասությունը, որով Լիլի Մկրտչյանը կցանկանար դիմել իր ընթերցողին։

-Բարի ընթերցումից զատ՝ էլի բան կասեմ։ Ամեն անգամ, երբ ինձ գրում են, թե որևէ տողի կամ հատվածի մեջ իրենց են գտել, մաղթում եմ, որ բարու ու լուսավորի մասին պատմող հատվածում գտնեն այդուհետ։ Ուրեմն՝ դա կմաղթեմ։ Եթե պիտի թեյահոլիկս գտնի իրեն որևէ տողում, թող դա ամենալուսավորի մասին պատմող տողը լինի։

 

***

Թող բոլորդ բախտ ունենաք սիրելու ու հարազատանալու էնպիսի գրքերի հետ, որոնց հեղինակների հետ զրույցները կլինեն անմիջական ու թեթև, իսկ նյութը վերջնական տեսքի բերելը՝ հաճելի ու ոգեշնչող։

Բոլորիդ ձեզ հետ մեծացող, ձեզ հետ ֆեյսբուքյան հրապարակումից անուշահոտ գրքի թերթերի վերածվող տողեր եմ մաղթում։

Ու թող բոլորդ կարողանաք գտնել ձեզ անհրաժեշտ ու ձեզ համար կարևոր ջերմությունը գրքերի կամ թեյի մեջ․․․ Միշտ։

pnjik babayan

Դեղինը

Վերցրած շագանակագույն աչքերս՝ փորփրում էի նրա թափթփված պրոֆիլը… կանաչ էր, ինչ խոսք։

Ու հագնելով սիրելի տաբատս՝ սկսեցի երազել մի դեղին, մի ուրիշ աշխարհի մասին։

Սիմվոլիկ երանգներով քայլում էի հորինվածքիս մեջ. չկային մարդկային այն բութ դեմքերը, չկային չարերն ու նախանձները, ու կարծես կյանքը իր ափերից այլևս չէր ելնում, մանկիկի պես խաղաղ քուն մտած՝ հոսում էր իր գրվածքով։

Ոչ, այսքանով չի ավարտվում դեղին աշխարհի նկատմամբ ունեցածս պատկերացումները։

Քայլում էի, ու իմ դեղինում կանաչն էլ էր երանգավորվում, ու այն հայացքը, որ նա նետել էր ինձ իր պրոֆիլում, կարծես կանաչ էր հագել ու եկել դեղին աշխարհս՝ ինձ մենակ չթողնելու։ Ոչ մի կերպ այդ շպրտվածքը գլխիցս դուրս չէր գալիս, որովհետև հայացքներ կան, որ դատապարտված ենք մինչև մահ հիշելու։

Նա նստել էր դեղին հատակին, ծխախոտն ու մատները մոդելներ էին՝ երկար, սլացիկ, ու պայքարում էին իմ ուշադրության համար։ «Իմ ուշադրություն» մրցանակը ստացան նրա աչքերը… աչքերը հաղթել էին, աչքերն էլ պրոֆիլի պես չգիտեին՝ ինչ ասեին, հայացքն էլ պրոֆիլի պես թափթփված էր։

Փորձեցի խոսել, երգել իր հետ, բայց նա նախընտրում էր լռել, քայլեցի՝ մտածելով, թե մի պահ կանգ կառնի, կխոսի աշխարհիս մասին (չնայած, որ ես նրան չէի հրավիրել), հետաքրքիր մտքեր կասի գրքերից, բայց ոչ…

Եկել էր աշխարհս փոխելու, բայց դեղնած հեռացավ։

Քունը թափվել էր աչքերիս, աչքերիս ու քնի մեջ համաշխարհային պատերազմն էր, մեկը պայքարում էր նրա պրոֆիլի համար, իսկ մյուսը՝ ուղեղիս հանգստի համար։

Իհարկե, վերջում հաղթեց դեղինը։

Հաղթած «Դեղին» պատերազմը փորփրում էի իր թափթփված պրոֆիլը… դեղին էր, ինչ խոսք։

Եթե հանկարծ էլ չգամ պրոֆիլդ փորփրելու, խնդրում եմ, հորինիր ինձ, հորինիր ինձ ու նոր կարմիր աշխարհը։

nina arustamyan

Ամփոփելով 18-ս

1, 2, 3…

Միշտ երազել եմ ժամանակի պես արագ-արագ շարժվել, որ ոչ ոք չկարողանա ինձ հետ հավասար շարժվել, բայց…

1 տարի, 12 ամիս, 365 օր։ Ժանանակահատված էր, որ այնքան արագ անցավ, անգամ ես չհասկացա, թե ինչ կատարվեց։

18-րդ գարունս։ Ապրածս ամենայուրահատուկ ու ամենածանրաբեռնված տարին էր։ Դե, կարելի է համարել, որ մեծերի աշխարհում էի գտնում ինձ, կամ էլ արդեն իսկ գտած՝ վստահ առաջ էի գնում։ Մեծերի աշխարհում… 18-ս գեղեցիկ ապրեցի իմ աչքերով, հուսով եմ, որ Ձեր աչքերով ևս գեղեցիկ ապրեցի։

Ինչե՞ր կատարվեց մեկ տարվա մեջ։ Դե, էլ ինչ տարի, որ չկոտրվենք, որ վեր չկենանք, որ ինքներս մեզ շատ բան չապացուցենք։ Այո, ես այս կյանքում ապացուցում եմ ինձ, ոչ թե դիմացինիս… 18-ս դիմավորեցի «Արմաթի» աշակերտների հետ։ Չափահաս դարձա «Արմաթի» ջերմագույն գրկում։
17-ին չհամակերպված՝ 18-ը եկավ, հիմա էլ՝ 19-ը։ 18-ը յուրահատուկ տարի էր, չկրկնվող և չմոռացվող։ Աշխատանք, համալսարան, ծրագրային և կամավորական կյանք… 18-ում կորցրեցի, ինչ խոսք, բայց հիմա զգում եմ, որ գտածս ու վերագտածս ավելի շատ էր, քան կորցրածս։

Մեծերի աշխարհում յուրահատուկ է, բայց այժմ, երբ հոգսերը ավելացել են ու ես սկսել եմ ավելի խորը նայել ամեն ինչին, հասկանում եմ, որ երբեմն մանուկ հասակում սխալ էի անում, երբ մտածում էի ու երազում շուտ մեծանալու մասին։ Այս աշխարհը ուրիշ է՝ սպասելիքները, նպատակները, հույզերը։ Այստեղ դու պետք է ինքնուրույն քայլես և ընկնելուց ոչ ոք կողքիդ չի լինի, որ ոտիքդ վրա առաջացած վերքի վրա փչի, որ շատ չցավի, դու պետք է ցավ հաղթահարես։ Այս աշխարհում դառնում ես ավելի ուժեղ, ավելի ինքնուրույն ու որոշ տեղեր անգամ միայնակ։
18-ում երազանքեր, չէ, կներեք, նպատակներ կային, որ իրականացրել եմ, ու նպատակներ էլ կան, որ 19-ում կիրականացնեմ։

18-ում սիրեցի և սիրվեցի, չեմ թաքցնի, բայց կոտրվեցի։
Զգում եմ, որ ապրածս ամեն օրվա հետ ես ավելի եմ կատարելագործում բարությունս ու մարդկային արժեքներս։ 18-ն ամփոփելու համար մի ամբողջ ամիս կամ գուցե տարի է հարկավոր, որ կարողանամ ճշգրիտ պատմել 18-իս մասին, բայց ուզում եմ ասել, որ 18-ում ապրածս ամեն օր, ամեն ամիս սովորել եմ, փոխվել և դարձել ավելի ուրիշ։ 18-ը համարում եմ ֆանտաստիկ տարի։

Դե ինչ, մնաս բարով, 18, բարի գալուստ, 19։ Հուսով եմ, որ 18-ի պես կկատարելագործես ինձ ու 20-ին դիմավորելիս ավելի ուրիշ և էլ ավելի ֆանտաստիկ կլինի ապրածս 19-րդ գարունը։

Շնորհակալ եմ քեզ, 18։

pnjik babayan

Այդ գարնանը

Ես պատրաստվում էի ապրել իմ 13-րդ գարունը, ուրախությանս և ցնծությանս չափ չկար, երբ հանկարծ իմ գարնանը պատեց մռայլ մշուշը, սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը, որին մասնակցում էր հայրս: Ամեն անգամ այս ամենը հիշելիս մարմնովս դող է անցնում: Մեկ շաբաթ էր անցել և չկար ոչ մի լուր, կարծես ժամանակը դադարել էր վազել՝ կյանքի ձեռքը բռնած։ Անքուն գիշերները՝ սպասումով լի, իմ մեջ հպարտություն էին սերմանում: Զանգը հնչեց․․․ հայրս էր… փոքր-ինչ հոգնած, բայց այն նույն սիրառատ և ջերմացնող ձայնով բացականչեց. «Էն ում աղջիկն ա՜»։ Ու այդ պահին գարունը տվեց իր նորաբողբոջ ծիլերը, ժամանակը՝ վանդակից բաց թողնված թռչնակի պես թռչում էր, թռչում էր դեպի լավը, դեպի հուսալին:

Ես ստիպված եմ ինքս ինձ խոստովանել, որ բազմաթիվ չասված խոսքեր և չզգացված զգացմունքներ կային իմ գարուններում մինչ այս, իսկ հիմա իմ հպարտությունը փթթում է, մանավանդ, երբ գարուն է:

Այլևս չփորձեցի լցվել նույնիսկ չնչին անհուսությամբ և անհայտ ապագայի պատկերացումներով:

Եվ այո՛, գնալ մինչև վերջ, որ հեքիաթս հանկարծ կիսատ չմնա:

Շարունակում եմ ապրել իմ կանոններով և փթթուն հպարտությամբ:

zarine karapetyan

Տո անխի՜ղճ

Նոյեմբերի հերթական ցուրտ ու մռայլ օրն էր։ Կյորեսյան արևի վերջին ճառագայթները աստիճանաբար իրենց տեղը զիջում էին ավանդական թոխպին։ Ամենքը իրենց տանը նստած հոգ էին անում ձմեռվա համար։

Այդ եղանակին միայն մի ծերունու կարելի էր նկատել. նվաղած աչքերով, կնճռոտված ձեռքերով միջահասակ ծերուկ էր, ով քայլում էր իր այգու միջով։ Վերարկուն ուսերին անփույթ գցած, ձեռնափայտը՝ ձեռքին՝ մոտեցավ իր սարքած նստարանին՝ թթենու տակ։ Նա հիացած նայում էր իր շուրջը։ Բայց հանկարծ մի միտք մռայլեցրեց ծերուկի գոհ ժպիտը։ Կարծես մի անախորժ բան հիշելով՝ հանդարտ շարժումով նստեց, ճակատը հենեց ձեռնափայտին, աչքերը հառեց գետնին՝ անտարբեր շրջապատի նկատմամբ։

Մտորումների այդ թեժ վայրկյանին մի չորացած տերև ծառից պոկվեց ու օրորվելով ընկավ ծերունու ոտքերի առաջ։ Դա գրավեց նրա ուշադրությունը։ Նոր մտքերի մեջ չնկատեց էլ, թե թոռն ինչպես թռչկոտելով մոտեցավ իրեն.

-Պապի, ե՛կ, տատին ասում ա՝ ճաշը սառեց։

Ծերունին կամաց բարձրացրեց գլուխը. այնպիսի տպավորություն էր՝ ասես չէր լսել փոքրիկին։ Նրա գլխի մի շարժումից տղան հասկացավ ու մոտեցավ սիրելի պապիկին, որի սառած շրթունքները համբուրեցին նրա ճակատը։ Այդ վայրկյանին երկու խոշոր արցունքներ պոկվեցին ծերունու աչքերից։

Խախտելով իր համար անտանելի լռությունը՝ տղան հարցրեց.

-Պապի՛, մաման ալ ա քու պես լյաց ինում իրիգյունին, ամա ինձ չի ասում, թե՝ խէ։

-Բալաս, քինա, տատուն ասի՝ կյամ եմ,- ասաց ծերունին ու աչքերը հառեց այն նույն տերևին։

-Պապի՛,- անփութորեն շարունակեց թոռը,- տատին պապուն ճաշն ալ ա լյիցալ, բա խէ՞ կյամ չի։

Այս խոսքերը սթափեցրին ծերունուն։

-Բալա՛ս, սպասում ենք։

-Պապի, բա խէ ա ուշանում։ Ես տեսած չեմ պապուն։

Պապը հայացքը հառեց հեռվին.

-Սահմանապահ էր բալաս, մի օր քինաց, ասեց՝ կկյամ։

Փոքրիկը դադարեց հարցեր տալը։ Պապի հոգոցը նշանակում էր, որ հերթական անգամ չի պատասխանելու իր հարցերին։ Ու որպես եզրափակիչ խոսք՝ ասաց.

-Պապի՛, վեր ես ալ մեծանամ, զինվոր եմ տռնալու, քինամ պոստերը։ Բայց ես յետ կկյամ, պապի՜, ես խաբում չեմ պապուն նման…

Ու լռեց տղան։ Խիստ վրդովմունքից կծեց շրթունքը։ Աչքերը լցվեցին, շուռ եկավ ու փախավ։

Պապը աչքերով հետևեց սիրելի թոռնիկին ու հազիվ լսելի ձայնով ասաց.

-Էս աշխարհքում աման հինչ տեսած եմ, ամա սենց պան… Բա չասե՞ս էս բախտ պիժանողին՝ տո անխի՛ղճ, մինչև մինուճար տղուս տանելը, էս խոխի մասին մտածա՞լ ես, հի՞նչ պատասխանեմ ես։

Մի հուսահատ հոգոց հանեց։ Աչքովն ընկավ այն տերևը։ Արհամարհական կերպով ոտքով քշեց մի կողմ, ուսերի վերարկուն ուղղեց ու քայլեց դեպի տուն։ Ծերուկի ունքերը դեռ խոժոռված էին։

Anahit Badalyan

Սիրո մոնոպոլիան

Երբ նոր էի սկսում տնտեսագիտություն ուսումնասիրել, նկատում էի, որ այն տարբեր է հումանիտար գիտություններում ներառված այլ առարկաներից՝ հոգեբանությունից, փիլիսոփայությունից, քաղաքագիտությունից և այլն: Հետո հիշեցի՝ հայկական ավագ դպրոցների հոսքային ուղղությունների համաձայն՝ տնտեսագիտականն առանձին է հումանիտարից: Սովորելուս վերջին տարիներին համոզվեցի՝ էդպես չպիտի լինի: Ըստ իս՝ մենք հումանիտար առարկաները վերանայելու խիստ կարիք ունենք: Լեզու-գրականություն-պատմությունից զատ «հումանները»՝ մարդիկ, շատ ավելիին են աղերսվում: Ու տնտեսագիտության աղերսը մարդու, նրա հոգեբանության ու վարվելակերպի հետ ամենաամուրն է: Տնտեսագիտությունը շա՜տ-շա՜տ ավելին է, քան մաթեմատիկական հաշվարկների, ստատիստիկայի ու էլի մի քանի բաների համադրությունը: Տնտեսագիտությունը սեր է:

Սիրո մեջ էլ, ինչպես տնտեսագիտությունում, միությունը հենվում է առաջարկի ու պահանջարկի վրա։ Տալու ու վերցնելու արվեստը տնտեսագիտության մեջ պատկերվում է արտադրողի ու սպառողի շնորհիվ ձևավորված շուկայի միջոցով։ Առանց մեկի մյուսը դադարում է գոյություն ունենալ։ Երկու ոլորտներում էլ կա հավասարակշռության կետ։ Դա այն կետն է, որտեղ արտադրվում և սպառվում է հավասար քանակությամբ բարիք։ Այն կետը, որտեղ տալիս և ստանում են նույնանման (ոչ երբեք՝ նույնչափ) սեր։ Հավասարակշռությունը խախտելը անհետևանք չի մնում շուկաներից և ոչ մեկում։ Թե՛ արտադրանքի, թե՛ պահանջարկի ավելցուկը համապատասխանաբար հանգեցնում են  ամբողջովին չսպառված կամ բավական քանակությամբ չարտադրված բարիքի։ Սրանից տուժում են կա՛մ արտադրողները, կա՛մ սպառողները։ Ստեղծված տատանման պատճառով շուկան ձգտում է վերադառնալ հավասարակշռության կետին, որտեղ ավել-պակաս ոչինչ չկար։ Սիրո մեջ ևս հավասարակշռություն է պետք։ Ստեղծված ավելցուկները անբավարար սպառողների կամ արտադրողների «թեթև ձեռքով» վերածվում են կորուստների ու վնասում ողջ տնտեսությանը։ Բայց տարբերն այն է, որ սիրո շուկայում արտադրանքն ու սպառումը թվերով ի հայտ չեն գալիս, ուստի տվածի և վերցրածի քանակները չափել փորձելիս մենք միշտ կարող ենք կանգնել հավասարակշռությունը կորցնելու վտանգի առաջ։ Իսկ եթե սերն իրոք տնտեսագիտության դրսևորումներից մեկն է, կամ գուցե հակառակը, պիտի ուրեմն համապատասխանաբար իջեցնել կամ բարձրացնել սիրո գինը այնքան, մինչև շուկան կարողանա հասնել իր հավասարակշռության կետին։ Բայց եթե պիտի սերն արժեզրկելով մի անփառունակ հավասարակշռություն նվաճել, էլ ինչների՞ս է էդ տնտեսությունը․․․

Սիրո ու գնի փոխադարձ կապն արտահայտվում է սիրո էլաստիկության միջոցով։ Կանոն է․ բարիքի պահանջարկն ավելի էլաստիկ (առաձգական) է, եթե դրա քանակը մեծապես պայմանավորված է գնով։ Այսինքն՝ թե գինը բարձրանա, բարիքի քանակն էլ դրա պատճառով իջնի, ուրեմն էլաստիկ պահանջարկ ունի բարիքը։ Ոչ էլաստիկ պահանջարկով բարիք պիտի լինի սերը։ Գնի բոլոր տատանումներից անկախ՝ սիրո դիագրամը պիտի միշտ ուղղահայաց գիծ լինի․ միշտ դեպի վեր, միշտ դեպի վեր։

Սիրո մեջ հարկերը փորձություններն են, որոնք կառավարությունը՝ կյանքը, դնում է մեր առաջ ու ասում՝ հաղթահարեք։ Էլի բարիքի պահանջարկի էլաստիկությունից կախված՝ հարկը ծանրանում է կա՛մ արտադրողի, կա՛մ սպառողի վրա։ Էս երկուսի փակած ծախսերից հարստանում է կյանքի բյուջեն, որը, ըստ դեմոկրատ կյանքի մասին օրենքի՝ հետագայում օգտագործվում է այլ տնտեսություններ՝ այլ սերեր հովանավորելու համար։

Սուբսիդիաները ուրիշ սերերի փորձություններից հարստացած կյանքի բյուջեից մեզ տրվող օգնություններն են։ Այն նոր հնարավորություններն են, որոնք պիտի փրկեն մեր տնտեսությունն անկումից ու բարձրացնեն մեր արդյունավետությունը։ Սուբսիդիաները տրվում են հաճախ այն ժամանակ, երբ կյանքը ցանկանում է խրախուսել մեր տնտեսությունը, որովհետև այն կարևոր է համարում ինչպես մեզ, այնպես էլ ողջ հասարակության համար։ Վարակիչ ու լուսավոր սերերին բաժին հասնող երկրորդ, երրորդ կամ գուցե հարյուրերորդ նոր հնարավորությունն են սուբսիդիաները․ որ սերը ճգնաժամերին տանուլ չտանք։

Ու վերջապես։ Սիրո մեջ էլ, ինչպես տնտեսագիտության մեջ, օգուտը հաշվելու համար ընդհանուր հասույթից հանում ենք ընդհանուր ծախսերը։ Արդյունքում մնացածը` մեր օգուտն է։ Ասվում է՝ 0-ից բարձր օգուտ գրանցող տնտեսությունները շարունակում են երկարաժամկետ արտադրությունը։ 0-ին հավասար օգուտ գրանցողները կարող են շարունակել արտադրել, այնուամենայնիվ, հեռանկարային անորոշությունը սահմանափակիչ դեր է խաղալու։ Դե իսկ 0-ից ցածր տնտեսությունների օգուտը շուկան վնաս է կոչում։

Բայց տնտեսությունների կարգավիճակը մեծապես կախված է շուկայի կառուցվածքից։ Տնտեսագիտության մեջ իմ ամենաչսիրած շուկայական կառուցվածքը մոնոպոլիան է եղել։ Անարդար եմ համարել այն, որ ինչ-որ բարիքի արտադրություն սահմանափակվում է մեկ արտադրողով, ու մյուսները չեն կարողանում մտնել շուկա բարձր պատնեշների ու անդիմակայելի մրցակցության պատճառով։ Բայց սիրո մեջ թող մի՛շտ մոնոպոլիա լինի։ Թող այլ արտադրողներ չկարողանան մտնել սիրո տնտեսություն, որովհետև բարձր են պատնեշները։ Կատարյալ մրցակցության միջով անցնող ու մոնոպոլիստիկ սկզբունքներ որդեգրող արտադրողներով ու սպառողներով թող ձևավորվի սիրո տնտեսությունը։

Թող շահո՛ւյթն էլ, հարկե՛րն էլ, օգուտնե՛րն էլ, վնասնե՛րն էլ մեկը կրի։ Թող անասելի բարձր լինի մեր սիրո գինը․․․ Բայց թող մենք երբեք չվաճառենք  մեր սերը․․․ Թող չվաճառվող բարիքի ավելցուկից դառնանք անհավասարակշիռ, ու ոչինչ, շուկան էլ թող ասի՝ վնաս ենք կրում։ Թող մեր կրած ամենամեծ վնասը սիրո ավելցուկը լինի։ Ու թող սերը լինի այն միակ մոնոպոլիան, որից կշահեն երկուսը․․․