armine karapetyan

00:00

00:00, ոչինչ չպատահեց: Եթե վերջակետերը հանենք, կարելի է այն կոչել նախասկիզբ կամ մեկնարկ, ոնց կուզես: Բայց վերջակետերը դրել են զուտ նրա համար, որ աշխարհի մի անկյունում կիսաքնած պարապող մեկը հասկանա, որ օրը փոխվեց, արժի դադարեցնել ու քնել: Ասենք թե քնեց, եթե վերցնենք ողջ ընթացքը, այսինքն՝ նրա քնի տևողությունը, ու հանենք թվերի արանքում խցկված վերջակետը, որ սահմանափակում է անվերջությունը, կստանանք, որ նա մոտավորապես 8 դար, կամ որ նույնն է` 800 տարի կորցրեց դրա վրա ու չտեսավ՝ ինչպես օրինակ, հայերը հաստատեցին թագավորություններ, մոնղոլներն ու մամլուքներն իրար միս կերան, արաբները եկան, թալանեցին ու մեծ ավարով, գերիներով հեռացան, կամ ինչպես իր նման պարապող աշակերտ, որ ժամանակին լավ ուսում էր ստացել, ջանք չխնայեց ստեղծելու մի ժողովրդի գոյության անկյունաքարերից մեկը՝ այբուբենը: Ա՜յ թե ինչ կորցրեց նա այդ ութ ժամվա ընթացքում: Բայց դե մնացած 16 ժամը հո գիտի՞ ճշգրիտ օգտագործել: Գիտի, որ պարտադիր պետք է երազանք պահել 17:17-ին կամ 19:19-ին, կամ երբ ուզի: Չէ՞ որ երազանքները ժամանակ ու տարածություն չեն ճանաչում:

Մինչև պարապմունքի գնալը, օրինակ, անպայման մտաբերում է Պոլսի գրավումը (1453 թվական կամ որ նույնն է` 14:53) ու դուրս գալիս տնից, որ ավտոբուսից չուշանա:

Ինչպես այս շիլաշփոթ տողերից հասկացաք, ես պատմություն եմ պարապում: (Ի դեպ, նույն հաջողությամբ կարող էի ասել, որ 00-ից հետո դրված վերջակետից հետո գրված զրոն պիտի մեծատառ գրվեր, բայց չեմ ասի): Իրականում, օրվա բոլոր ժամերն ինձ համար ասոցացվում են ինչ-որ պատմական իրադարձությունների հետ, ու դա միշտ այդպես է եղել: Բայց ես ստիպված եմ կապանքներ դնել «բոլոր ժամեր» կոչվածի վրա, քանի որ իմ հիշողությունն ու պատկերացումը բավականացնում են մինչև  20:19-ը (2019): Դե որովետև չեմ կարող գուշակել, թե մեկ րոպե հետո՝ ավելի կոնկրետ մեկ տարվա ընթացքում, պատմական ինչ իրադարձություններ տեղի կունենան անկանխատեսելի աշխարհիս վրա: Գիտե՞ս՝ մտքովս հենց նոր ինչ անցավ: Առաջարկում եմ 2020-ի բոլոր 20:20-ներին երազանք պահել, եթե օրինակ, բոլորս միասին ցանկանանք, որ աշխարհում խաղաղություն տիրի, հաստատ կկատարվի: Ես հավատում եմ, այ դու՝ չգիտեմ:

Արդեն 23:44 է, բայց ես տխուր եմ կամ էլ անորոշ: Ինձ նորություններ ու փոփոխություններ են պետք: Ես այսօր կքնեմ 10 րոպե շուտ ու առանց վերջակետի, կամ էլ` 00:00-10: Ժամացույցիս սլաքը կշրջվի մեր թվարկությունից առաջ, ու ես կշարունակեմ կորցնել նույն 800 տարին և ևս 10 րոպե: Այս սևացրած թղթերի պարունակությունն էլ սովորությանս համաձայն կարտագրեմ, կտպեմ մի քանի օրինակից, որ, մեկ էլ տեսար,2000 տարի հետո պեղումներ իրականացնելիս բարձիս տակ գտնեն մի քանի օրինակ ու…Եսիմ:

Զգում եք, չէ՞՝ արդեն քունը հաղթել է ինձ, խառնվել պատմության հետ ու քիչ-քիչ հոգեկան աշխարհս խառնաշփոթի է մղում:

Արմինե Կարապետյան, 23:50, 2019 թվական, Երկիր մոլորակ: Բոլոր իրավունքները պահպանված են: Բարի գիշեր:

armine karapetyan

Ձյունը էլի կգա

Ձմեռն եկավ։ Ուրախանում ենք, որ շուտով Նոր տարի է, տարին փոխվելու է՝ իր հետ տանելով ամեն ինչ՝ լավ, թե վատ… Ուրախանում ենք՝ միամտորեն չհասկանալով, որ 2019-ը մեր կյանքի ևս մեկ էջ թերթեց ու շարժեց ժամանակի թափանիվը:

Օրերը վերջերս սկսել են արագ անցնել, երևի զբաղվածությունից է, որ չես էլ հասցնում շունչ քաշել, ու ժամերը թռչում են: Շուտով Նոր տարի է. ես հավատում եմ ամանորյա հրաշքներին, հավատում, որ դրանք իրականանալու միտում ունեն:

Ամանորին շատ երկրներում պատուհաններից դուրս են նետում սենյակի հին, անպետք իրերը ու տարին դիմավորում նորություններով լեցուն: Գիտեք՝ հաճախ մարդիկ շփոթում են կյանքը սենյակի հետ՝ չհասկանալով, որ կյանքը սենյակ չէ, որ չսիրածդ իրերը դուրս շպրտես: Որ տարվա ընթացքում ձեռք բերածդ պիտի ամուր գրկած պահես, որ բաներ կան, որ վաղեմության ժամկետ չունեն ու նրանց պիտի ընդմիշտ գնահատես: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հենց իրեն՝ 2019-ին, որ պատմության մեջ մեկ անգամ է լինում ու կրկնվելու հատկություն ընդհանրապես չի դրսևորում: Շնորհակալություն իր յուրօրինակության, կորցրած ու գտած մարդկանց, ուրախ ու տխուր պահերի, ամենահիշվող, վայրկյաններ տևող անակնկալների, ամենաերջանիկ ակնթարթների համար:

Եկեք խոստովանենք, որ յուրաքանչյուր տարվա վերջում մենք նույնը չենք, ինչ եղել էինք: Գոնե մի փոքրիկ մաս փոխվել է մեզնից, ու տարին գլորել է մի վատ բան դեպի անդունդը: Թող տողերս պաշտոնական չթվան. ոչինչ չեմ չափազանցնում: Այսօր արդեն մենք բացել ենք ամենասիրուն ձմռան ճերմակ թուղթը ու պատմություն ենք գրում՝ ինչպես նոր եկած փափուկ ձյան վրա սովորություն դարձրած սրտիկներ նկարելը: Հիշո՞ւմ եք՝ ձյունը գալիս էր ու փակում մեր նկարած սրտիկները, ստիպված էինք նորից նկարել կամ էլ ձանձրանալ ու թողնել:

Տարվա մնացած եղանակների նման այս ձմեռն էլ կանցի, ձյունը էլի կգա, բայց չի փակի նկարները, որովհետև էլ չենք էլ նկարում (տարիների ընթացքում փոխվում ենք): Կգա ու իր հաստ շերտը կփռի մեր հոգիներին, որ հետո՝ գարնանը, ձնհալը հոգիներս պատի, որ ներենք ու հասկանանք…

Չեմ շտապում, սպասում եմ Նոր տարվան, սա այն սովորական սպասումներից չէ, որ ես ունենում եմ ամեն զույգ օր՝ ավտոբուսին սպասելիս, սա խորհրդավոր է ու տաք, միևնույն ժամանակ՝ հրաշքներով ու սպասումներով լցված: Սպասումներով լի սպասում։

Դեկտեմբերն աշխարհի ամենաշուտ անցնող ամիսն է: Եթե սկսես գրել նրա մասին, չես հասցնի, գլուխդ խառնվում է, իսկ նա էլ թողնում է ու փախչում: Ու ես երբ արդեն սկսեմ գրել հետտոնական տրամադրությունների մասին կամ ամանորից 2 օր առաջ, էլի կնշեմ այս տողերը, բայց թող այստեղ էլ լինեն․ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր այս տարի էլ իմը եղան:

Անգլերեն գրքեր՝ Հալիձորի միջնակարգ դպրոցին

Բարև, ես Աստղիկն եմ: Այո, մենք էլ անգլերեն նոր գրքեր ունեցանք ՝ շնորհիվ Գլենդելի Կրթաշրջանի ՖԼԱԳ ծրագրի պատասխանատուների և աշակերտության, ամերիկահայ երեխաների։

Այսուհետ Հալիձորի միջնակարգ դպրոցում ավելի հետաքրքիր կանցնեն անգլերենի դասերը, քանի որ երբևէ մեր դպրոցը չէր ստացել և չուներ նման որակով և հավեսին գրքեր: Մենք շա՜տ ուրախացանք, երբ ծանրոցը ստացանք։

Ծանրոցը հենց ես էի բացում, մի փոքր հուզմունք, մի փոքր ուրախություն։
Չգիտեմ, շատ ուրախ ենք, որ այսօր մեր դպրոցում բազմաթիվ հետաքրքիր գրքեր, ինտելեկտուալ խաղեր կան, որոնք անգլերեն են։
Վստահ եմ, որ մենք ավելի հաճախ կայցելեք գրադարան և կհարստացնենք մեր բառապաշարը՝ ձեր շնորհիվ։ Շնորհակալություն։

Ողջույն, ես Իննան եմ, Հալիձորից, ազատ ժամանակ շատ եմ սիրում հետաքրքրվել անգլիական գրականությամբ։ Կարծում եմ անգլերենը լավ իմանալու համար առաջնահերթ հարկավոր են որակյալ և ինֆորմացիայով լի գրքեր։ Այդ հնարավորությունը չկար նույնիսկ դպրոցի գրադարանում, սակայն այդ հարցը այլևս լուծված է։ Շնորհակալ ենք, որ մեզ նման հնարավորություն եք տվել, այսուհետ մենք ավելի ենք զարգացնելու անգլերեն լեզվի իմացությունը և մեր գիտելիքների պաշարը։

Աշակերտները շատ ոգևորված են, հուսամ առաջիկայում գրադարանում մեծ հերթեր կգոյանան, նոր գրքերն իրենց ընթերցողներին են սպասում։

Լուսանկարը՝ Ժաննա Բարսեղյանի

Լուսանկարը՝ Ժաննա Բարսեղյանի

Կապանը՝ երիտասարդության մայրաքաղաք

Մենք ճանաչվեցինք 2020-ի երիտասարդական մայրաքաղաք։ Մենք՝ Կապանը։ Հոդվածների մի շարք ունեմ, որտեղ մեր բարբառից, Կապանի սիրուն տեղերից, առանձնահատկություններից եմ պատմում։ Այդ հոդվածներս գրելիս դեռ Կապանում էի ապրում, երևի մոտ երկու տարվա վաղեմություն ունեն։ Հիմա՝ Կապանից հեռու ապրելու երկրորդ տարվա թոհուբոհից, ուզում եմ էլի գրել․ նույն ձեռագրով, բայց տարբեր զգացողություններով։

Ես միշտ սիրել եմ ծննդավայրս, կապված եմ եղել միշտ, հարազատությունից բացի համ էլ անբացատրելի խաղաղություն ու հանգստություն եմ զգացել միշտ։ Այն, որ քաղաքում մեքենաներ են գնում-գալիս, բայց և այնպես խցանումների կիզակետում չենք հայտնվում երբեք, այն, որ խանութ-ռեստորանների առկայությունը «բնության հաշվին» չի, այն, որ մարդիկ տարբեր են, տարբեր են և իրենց հոգսերը, բայց հասնող են ու բարեսիրտ, ու այն, որ իրենց նմանը միայն Շվեյցարիայում ունեցող բարձրահարկ շենքերի կողքին ծվարում են գողտրիկ, ջերմ սեփական տները, ինձ խաղաղության, ջերմության ու մտերմության ուրիշ զգացողություն են միշտ հաղորդել։

Մեր ավտոբուսները 15 րոպեն մեկ չեն գալիս-գնում։ Ժամ կա, ժամանակացույց կա։ Ու բոլորը գիտեն այդ ժամերը, բոլորը ունեն ավտոբուսի «չվացուցակի սքրինշոտը»՝ իրենց հեռախոսներում։ Մի քանիսն էլ ինձ նման մինչև հիմա ապահովության համար զանգում, հարցնում են՝ տատ, 8 համարը 2-ից 20 պակաս էր, չէ՞, բարձրանում։ Մենք ավտոբուս նստելիս չենք հարցնում՝ Պոլիտեխնիկ հասնո՞ւմ եք, այլ ասում ենք՝ բարև, Սամվել ձյաձյա։ Որովհետև մենք գիտենք բոլոր կանգառները, գիտենք ավտոբուսի ուղղությունները էնքան բնական ու կանոնավոր կերպով, ինչպես որ գիտենք մեր դպրոցի կամ աշխատավայրի հասցեն։ Մենք վարորդին երբեք չենք խնդրում կանգառում կանգնել։ Վարորդը մեծ հաշվով գիտի՝ որ ուղևորը որ կանգառում է իջնելու։

Մենք կհանդիպենք քաղաքապետարանի այգում, կամ մարզպետարանի դիմաց։ Բայց ավելի շատ՝ մարզպետարանի դիմաց, որովհետև ամռանը շատրվաններն են էնտեղ, ձմռանն էլ՝ տոնածառը։ Մենք բոլոր հավանական համերգներից առաջ կհավաքվենք Մշակույթի կենտրոնի դիմաց՝ տեսնելու՝ արժե՞ մնալ, թե մի քիչ քայլենք, բարձրանանք տուն։ Բայց արժե, հավատացե՛ք, արժե մնալ․․․

Մենք ախր, քաղաքի ոչ մի հատվածով անտարբեր անցնել չենք կարող: Բոլոր տեղերում ինչ-որ հիշողություն կա, ինչ-որ ծանոթ, ինչ-որ ընկեր-բարեկամ․․․

Մեր քաղաքը ծաղկեց ու մեծացավ մեզ հետ: Ունիվերմագը դարձավ Կապան Մոլ, Մարզպետարանի դիմացը՝ շատրվանների մոտ, Լամպերի մոտը՝ Եվրոպական քոլեջի մոտ։ Վերանորոգվեց հիվանդանոցը, վերանորոգվում է մշակույթի կենտրոնը, սիրուն, շատ սիրուն կամարաձև լույսերով զարդարվեց քաղաքապետարանի այգին, ու վերանորոգվեց նաև իմ «Պերեմենիի մոստը» (էս մեկը չեմ հասցրել տեսնել, ես որ հետ եկա Իտալիա, դեռ աշխատում էին):

Ամերիկյան անկյան այցելուների թիվը բազմապատկվեց։ Տարիներ առաջ մի երկու-երեք կամավոր հազիվ լինեինք, հիմա արդեն իրար հերթ չտալով երիտասարդները կամավորություն են անում, անգլերեն են սովորեցնում։ Կինոթատրոն ունեցանք։

Մի տեսակ էս ամեն ինչը քայլ առ քայլ, կամաց-կամաց անելով՝ մեր քաղաքը հասցրինք էս սիրուն, կարևոր օրվան։

Երիտասարդությունն ապրում է իմ Կապանում։ Երեխեքը գնում են երաժշտական դպրոց, պարի, շախմատի, ու էլի շատ ու շատ տարբեր խմբակներ: Ու հա, հնարավոր է պինդ ու ամուր գիտելիք ստեղծել էնտեղ, որտեղ բոլորն իրար ճանաչում են, որտեղ ասում են՝ էսինչի աղջիկն է, էնինչի՝ տղան, ու մարդիկ միանգամից «տեղն են բերում»։

Երևանը փոքր ժամանակ չէի սիրում։ Գլխավոր պատճառներից մեկն այն էր, որ շատ երևանցիներ մինչ օրս էլ մտածում են, որ շրջաններում գտնվող քաղաքները (չգիտես՝ ինչու) բարձրահարկ շենքեր, ժամանցի վայրեր, հավես միջոցառումներ կամ նմանատիպ բաներ չունեն։ Հարգելինե՛րս, ժամանակակից տեխնոլոգիաների հզորությանը ջատագովելով՝ google-եք, խնդրում եմ, ու վերջնականապես գիտակցեք, որ տարածքային տարբերությունը ամենևին մտավոր, ստեղծարար ու պոտենցիալ տարբերություն չի ենթադրում։ Ու եթե դուք մտերիմ եք ձեր համադպրոցականների կամ բակի ընկերների հետ միայն, ու դրանով մեծ ու լայն եք համարում ձեր շրջապատը, ապա մենք մի ամբողջ քաղաքով ենք մտերիմ, լա՞վ։

Էս մի կողմ, Երևանը սիրուն ու սեր քաղաք է, բան չեմ ասում, ուղղակի մեկ-մեկ (երբեմն՝ հաճախ) թյուրըմբռնմանն արձագանքելիս անտարբերություն դրսևորել մի տեսակ չի ստացվում։

Վերադառնալով երիտասարդական մայրաքաղաքիս, ասելու շատ բաներ կան, պատմելու 16 (ու կես) տարվա հուշեր կան, ջերմության, սիրո ու երջանկության մի մե՜ծ, ձեռքերը դողացնելու աստիճան փարթամ ծաղկեփունջ։ Բայց մենակ մի բան եմ ուզում ասել: Ես կարոտում եմ: Մեծ ու սիրուն, հին ու անտիկ, պատմական ու գունավոր քաղաքները աչքերս՝ անթարթ ու դեմքս՝ հիացմունքից ապշած են պահելու միշտ, բայց ես մեկ է՝ կարոտելու եմ․․․ Ես կարոտելու եմ էն բնական, համարձակ ու իսկական ժպիտը, որ կրում էր դեմքս քաղաքովս քայլելիս: Բայց ես գիտեմ, որ ո՛չ դեմքս, ո՛չ քայլքս, ո՛չ էլ ժպիտս երբեք չեն մոռացվի: Մենք չափազանց հարազատ ենք՝ իրար մոռանալու համար:

Շուտով արդեն Ամանորյա տեսք կստանա քաղաքս: Իսկ ես միշտ կարոտելու եմ էն բոլոր Ամանորները, որոնք անցել են քաղաքի մեծ տոնածառի հետհաշվարկի հետ:

Շնորհավոր, իմ սրտի մշտական, հավերժական ու իսկական մայրաքաղաք Կապան․․․

tatev telunts

Չմտածված բառերը ձեր

Չգիտեմ՝ ում համար ինչպես, բայց ինձ համար բառերն ավելի խոցող են եղել, քան ուրիշ ինչ-որ բան: Մենք հաճախ ենք արտաբերում բառեր, որոնց մասին չենք մտածում, դրանք երբեմն մեզ համար լինում են սովորական կատակներ, որոնց բնույթը մենք չենք էլ հասկանում, որոնց ազդեցության մասին մտածելիս մեր ներսում թմրում են բոլոր զգացողությունները: Բայց իրականում բառերն ունեն անսահման մեծ ուժ, որոնցով մենք կա՛մ ինչ-որ մեկին ուրախացնում ենք, կա՛մ կոտրում: Օրինակ՝ այն տղային, որի տկար մարմնի կամ ցածր ձայնի պատճառով դու վրան ծիծաղեցիր, երևի տանը քեզ հիշելով թաքուն արտասվել է և ատել ինքն իրեն քո ասած խոսքերի պատճառով, որոնց մասին դու երևի երբեք չես մտածել: Աղջիկը, որին դու անվանում ես գեր կամ անխնամ, օրերով երևի ոչինչ չի ուտում, իսկ դու նրան անտեսում և ծաղրում ես: Ծակ կոշիկներով դպրոց եկած դասարանցիդ երևի քեզ նման գիշերը փափուկ անկողնում չի քնում, մայրիկի պատրաստած համեղ ուտելիքները չի կարողանում ուտել, քանի որ մայրը հիվանդ է, իսկ ինքը գիշերը աշխատում է, որ գոնե հաց և դեղ առնի, այ դրա համար էլ կոշիկներ չունի: Այն կարճ մազերով աղջիկը, որին դու անվանեցիր ոչ կանացի և տհաճ, միգուցե մի ժամանակ ունեցել է գեղեցիկ վարսեր, բայց մի պահ ատել է իր սեփական վարսերը և կարծել է, թե դրանցից ազատվելով կազատվի իր անհանգստությունից ու հոգին կրծող տականքից: Քո ասած կոպիտ բառերի պատճառով ինչ-որ մեկը լաց է եղել, թերագնահատել է ինքն իրեն, խորտակվել է մտքերի մեջ ու մնացել այնտեղ: Իսկ քեզ համար դա պարզապես կատակ էր, դու ինչ մեղավոր ես, որ նրանք կատակդ չեն հասկանում… Նրանք քո կատակը չեն հասկանում, դու էլ նրանց հոգին, նրանք քո անտանելի լպիրշ ծիծաղը չեն հասկանում, դու՝ նրանց հոգին կրծողին:

Anahit Badalyan

Լ’իտալիանո

Մենք՝ հայերս, Չելենտանոյի, Կուտունյոյի ու մյուս հզորների հետ ենք սովորաբար ասոցացնում իտալերենը։ Հայտնի երգերից կցկտուր հիշած բառերը ճիշտ ու սխալ միացնում ենք իրար, ձուլում ենք ուղեղից երբեք չջնջվող մեղեդուն ու երգում՝«Լաշատե մի կանտարե՜»։ Արդեն երկրորդ տարին է՝ Իտալիայում եմ ապրում, ասացի՝ հետդ կիսվեմ էս լեզվի մասին նկատածս մեծ ու փոքր առանձնահատկություններով։

Հա, իտալերենն իսկապես երգեցիկ լեզու է։ Առաջին օրերին երբ էստեղ էի ու մեծ հաշվով Ciao-ից բացի ոչինչ չէի հասկանում, մտածում էի՝ էս մարդկանց ուրախանալը, տխրելը, նույնիսկ մուննաթ գալը ոնց որ երգելով լինի: Հետո, երբ սկսեցի հասկանալ ու խոսել, զգացի, որ, իրոք, երգում են էս մարդիկ։ Դե, ու՞մ լեզվում ամեն բառ օ-ով կամ է-ով ավարտվի ու չերգի։

Մեկուկես տարվա ուսումնասիրություններիս արդյունքում պուճուր-մուճուր նրբություններ եմ նկատել։ Իտալացիները մեզ նման մեծ կարևորություն են տալիս ընտանիքին, կապված են ընտանիքի անդամների հետ, սիրում են ընտանիքը։ Երևի դրա համար է, որ ընտանիքի անդամներին թվելուց առաջ ստացական դերանվան կողքին որոշիչը ջնջում են։ Օրինակ՝ մյուս բոլոր գոյականների ստացականի պես la mia mamma ասելու փոխարեն ասում են՝ mia mamma: Էստեղ հասկանում ես, որ ընտանիքի անդամների մասին խոսելիս որոշիչ դերանունների կարիք չեն զգում էս մարդիկ։ Իրենց ընտանիքը որոշված է ինքն իրենով՝ ամբողջական ու ընդգրկուն։

Իտալերենում կարոտել, բավականացնել, դուր գալ բայերը նախադասության մեջ վերագրվում են ոչ թե ենթակային, այլ ուղիղ խնդրին։ Իտալացիները չեն ասում՝ ես քեզ կարոտում եմ, ասում են՝ tu mi manchi, այսինքն՝ դու ինձնից պակասում ես։ Իրենց լեզուն դարձնում են ամենաուժեղ ու սիրուն գործիքը, որ հասկացնեն՝ ես չեմ ուզում քեզ կարոտել, իմ կարոտը քո մեղավորությունն է։

Համահունչ մի ներդաշնակություն կա էս լեզվի մեջ։ Е-ով ավարտվող գոյականները, որպես կանոն, իգական սեռի են պատկանում և ստանում են համապատասխան la որոշիչ դերանունը։ Սերը՝ il amore, ավարտվում է е-ով, բայց արական որոշիչ դերանուն է ստանում՝ il: Մարդիկ երևի ուզում են բացատրել, որ սերը կա՛մ մեկինը, կա՛մ մյուսինը չէ, սերը երկուսինն է ու բաղկացած է երկուսից։ Իգական ու արական դերանուններից խոսելիս համ էլ ասեմ, որ հակառակ а-ով ավարտվող ցանկացած այլ գոյականի, որ ստանում է la իգական դերանունը, problema (խնդիր) բառը արական որոշիչ դերանուն է ստանում՝ il: Եզրահանգումները թողնեմ քեզ, ընթերցողս (էս մեկին հումորով նայիր)։

Իտալացիները երբ ուզում են ցույց տալ, որ քեզ շատ են սիրում (ոչ ռոմանտիկ իմաստով), ասում են ti voglio bene, ինչը բառացիորեն թարգմանելիս ստանում ենք՝ քեզ լավն եմ ցանկանում։ Էստեղից էլ կարելի է ենթադրել, որ լեզուն ուզում է էլի մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք կարող սիրել՝ առանց լավը կամենալու, ու (երևի) չենք կարող լավը կամենալ առանց սիրելու։

Պաշտոնական դիմելաձևը կառուցելիս հայերենի Դուք-ին համապատասխանում է իտալերենի իգական Նա-ն՝ Lei: Էս մեկին մի փոքր դժվար հարմարվեցի։ Դե մինչև իտալերեն սովորելս երեք լեզու եմ իմացել, երեքում էլ պաշտոնական դիմելաձևը Դուք-ով է կազմվում։ Այնուամենայնիվ, մի տեսակ ուրիշ սիրունություն եմ տեսնում նրա մեջ, որ անգամ տղամարդկանց պաշտոնապես դիմելիս պետք է օգտագործել միայն ու միայն իգական դերանունը։

Սովորելուս առաջին օրվանից հայերենի հետ նմանություններ եմ փնտրում։ Օքեյ, գիտեմ, չզարմացար։ Ինձ թվում է՝ գտել եմ մի քանիսը։ Իտալերենի ենթադրական եղանակը՝ condizionale semplice, հայերենի ենթադրականի նման է հնչում։ Օրինակ՝ amarei [ամառեի], թարգմանաբար՝ սիրեի, parlarei [պառլառեի], թարգմանաբար՝ խոսեի։ Տեսեք՝ վերջին -եի-ները նման են հնչում։ Դե հա, մեծ ջանքեր ու երկար ժամանակ պահանջվեց, որ ինչ-որ նմանություններ գտնեմ, բայց դե համ էլ ասեք՝ ինչ-որ չափով ստացվել է։ Հա, մեկ էլ, իտալացիներն էլ են մատիտին ասում matite:

Մի խոսքով՝ սիրուն, հարուստ, ճոխ, մեղեդային ու բավականին էլ բարդ լեզու ունեն իտալացիները։ Հայերենի պես լիքը ժամանակաձևեր, դժվար ու երկար նախադասություններ։ Ու ես սիրում եմ ականջիս տակ անընդհատ լսվող էս յուրահատուկ լեզուն։

Բայց մեկ է՝ Տերյանը հայերեն է գրել մեզ երբեք չհասկացող սառն օտարուհու, իսկ Սևակը՝ էդպես էլ չսեղմած ձեռքերի մասին։ Հայերենով է քունը կորցրած ծերուկը գտել իր երազը, իսկ Հախվերդյանն էլ հայերենով է երգել սպիտակ աղավնու ու ծառուղում կանգնած աղջկա մասին․․․

 

Anahit Badalyan

Քննությունների մասին

17-ցի ընկերներիցս շատերն են գրում միջանկյալ քննությունների մասին, ես էլ որոշեցի կիսվել իմ փորձառությամբ։ Գնացինք։

Իմոնք միջանկյալներ չեն, համենայնդեպս, էդպես չենք անվանում։ Ես սովորում եմ Միջազգային բակալավրիատ (այսուհետ՝ IB) երկամյա կրթական ծրագրի շրջանակներում, որի ընթացքում ամեն ուսանող պետք է սովորի վեց առարկա․ երեքը՝ խորացված ուսումնասիրությամբ, երեքը՝ ստանդարտ մակարդակի, իսկ մեր քոլեջում պարտադիր ուսուցման առարկա է նաև իտալերենը։ Էնպես որ, ես յոթ առարկա եմ սովորում։ Ի դեպ, որ ասում եմ ստանդարտ, դու մի հասկացիր, թե դյուրին, հասանելի ու հեշտ։ Չէ՜, բարեկամս, շատ աշխատատար է․․․ Դպրոցական առարկաներից բացի՝ ուսանողները պետք է նաև հաճախեն որևէ խմբակ, զբաղվեն ինչ-որ սպորտով ու  կամավորություն անեն համայնքում։

IB-ն ինքնին բավականին խիստ կրթական ծրագիր է։ Ուսուցումն ամբողջապես անգլերենով է՝ չհաշված այն, որ իտալերենի ժամին ուսուցչուհին առաջին օրվանից սկսած անգլերեն ոչ մի բառ չի ասել․ «Ես անգլերեն չեմ խոսում»։ Այ էսպես են մեր իտալերենի ուսուցիչները ի սկզբանե փորձել մոտիվացնել մեզ՝ իրենց երգեցիկ լեզուն սովորելու։ Բան չեմ ասում, ստացվել է։

Իմ առարկաները հետաքրքիր են, շատ բաներ նոր են ինձ համար, սովորելու, ուսումնասիրելու լիքը բան կա։ Խորացված մակարդակով սովորում եմ տնտեսագիտություն, փիլիսոփայություն ու անգլերեն։ Ստանդարտ մակարդակի ուսումնասիրման առարկաներս են իտալերենը, մաթեմատիկան, հայ գրականությունն ու շրջակա միջավայրային համակարգեր և հասարակությունը (հա, երկար ու բարդ անուն է, ու համ էլ ամենաչսիրածս առարկան): Հայաստանում գիտելիքը ստուգելու ամենատարածված ու խստագույն միջոցը ստուգողական աշխատանքներն էին, ամենավախենալուները՝ կիսամյակայինները։ Հիշում եմ՝ ուսուցչիներ ունեի, որ լրացուցիչ հարցեր էին կցում ամեն ստուգողական աշխատանքին, որոնք ենթադրաբար պիտի անթերի կերպով կատարվեին գերազանցիկների կողմից։ Մեկ-մեկ կարոտում եմ էդ հին օրերը։ Դրանք էն ժամանակներն էին, երբ տասնվեց դպրոցական առարկաներն ինձ ծանր ու բարդ էին թվում։ Էն ժամանակները, երբ ես մեր ՆԶՊ-ի ջոկատի հրամանատարն էի ու տանել չէի կարողանում շարային քայլքը։ Դասատուս ասում էր՝ զեկուցելուդ ձևը հեռուստամեկնաբանի՝ լուրեր հաղորդելու ձևին շատ նման է, էսթետիկ է, դրա համար արի, դու եղի ձեր ջոկի հրամանատարը։ Էն ժամանակներն էին, երբ ամենաբարդ բանը ֆիզիկայի ինչ-որ խնդրի լուծման քայլերից մեկը կլիներ, որ հեշտությամբ հնարավոր կլիներ վերլուծել ու հասկանալ մի փոքր ավել աշխատանքի շնորհիվ։ Դրանք իրար հուշելով դաս պատմելու, Տերյանի, Չարենցի ու Սահյանի բանաստեղծությունները հետ ու առաջ քայլելով միատոն անգիր արտասանելու ու գրատախտակի մոտ կամավոր գնալու քաջություն դրսևորելու ժամանակներն էին։ Հայկական ժամանակները․․․ Կարոտում եմ հին ջերմությունը, ինչ խոսք, բայց պիտի ասեմ, որ անասելի գոհ ու բավարարված եմ էն կրթական մակարդակով, որը ձեռք եմ բերում։

IB-ի շրջանակներում դու կարող ես ժամերով պարապել, չարչարվել, «գլուխ ջարդել», բայց այդքանով հանդերձ դասարանում լավագույնը չլինել։ Նման կրթական համակարգը սովորեցնում է առաջնորդվել սեփական առաջընթացով, նվաճում համարել մի գրավորից մյուսում երևացող բարելավումդ ու երբեք չհամեմատվել։ Քանի որ աշխարհի բոլոր-բոլոր ծայրերից աշակերտներ են հավաքված էստեղ ու բոլորը գալիս են տարբեր կրթական համակարգերից, բնական ու տրամաբանական է, որ ամեն մեկի կարողությունները, գիտելիքներն ու սովորելու ունակությունները տարբեր են։ Ու հենց էդ տարբերության գիտակցման շնորհիվ է նաև, որ ոչ մեկի հետ համեմատվելու ցանկություն երբևէ չկա։ Համեմատման միակ առարկան ու օբյեկտը ես եմ, մի տարի առաջ էսսե գրող Անահիտն ու հիմա էսսե գրող Անահիտը։ Ու եթե ես մի օր դադարեմ ժամանակի սանդղակի վրա իմ առաջընթացը նկատելուց, այ էդ ժամանակ է, որ կսկսեմ մտահոգվել։

Ինձ մոտ միջանկյալ ասվածը ուրիշ ձևաչափ ունի։ Քանի որ IB-ն երկամյա ծրագիր է, առաջին տարվա վերջում արդեն ավարտական քննություններ էինք հանձնել։ Իսկ IB-ի ամենածանր ու պատասխանատու շրջանը երրորդ կիսամյակն է, ասել է թե՝ հենց հիմա-ն։ Հիմա բոլոր առարկաներից ամփոփիչ առաջադրանքներ ենք կատարում։ Ամեն ուսուցիչ իր մեթոդներն ունի, ուստի թեզերի, էսսեների, ստուգողական թեստերի կամ բանավոր պրեզենտացիաների միջոցով բոլոր առարկաներից խստագույնս ստուգվում ենք հիմա։ Այս ամենի հետ մեկտեղ հիմա նաև զբաղվում ենք մեր համալսարանների դիմումներով, ինչը չափազանց տարբեր է հայկական համալսարան դիմելու գործընթացից։ Մեկ համալսարանի փոխարեն դիմում ենք մի քանիսը, և ամեն մեկի հետ պիտի պատրաստենք առանձին, ամբողջական ու բավականին ծավալուն պորտֆոլիո։ Քոլեջում բոլորը գիտեն, որ ամենապատասխանատու շրջանը երկրորդ կուրսեցիների առաջին կիսամյակն է։ Անելիքներն այնքան շատ են, որ ընդմիջելու ու հանգստանալու ժամանակ չի մնում։ Բայց մեկ-մեկ ուղղակի նայում եմ մի կետի, հիշում եմ, որ երկու տարի առաջ էր ամեն-ամեն ինչ։ Ես պատկերացնել անգամ չէի կարող, որ 12-րդ դասարանս սովորականի պես ավագ դպրոցում ավարտելու փոխարեն պիտի ավարտեմ UWC-ի պես կրթական շարժման ամենասիրուն կետերից մեկում։ Առաջին դասարանում դպրոց գնալիս դժվար էլ մտքովս անցած լիներ, որ ավարտելու եմ Ադրիատիկի ափին ու համալսարանների դիմումներս լրացնելիս ուսուցիչներս լինելու են իսպանական, ամերիկյան կամ հնդկական անուններով մարդիկ։

Կարճ ասած՝ մի ուրիշ սթրես է IB-ի երրորդ կիսամյակը, մի ուրիշ ծանր ու աշխատատար շրջափուլ, անբացատրելի հոգնեցուցիչ ու հաճախ քնել ու ուտել մոռացնող երևույթ։ Բայց կազմակերպված, պատասխանատու ու գիտակից ենք դառնում, երեխեք․․․ Էն էլ ինչքան։

Պինդ մնանք, մի շրջան է, կանցնի։ Գրկում եմ։

Ruzanna Hayrapetyan

Հայրիկս

Ասում են՝ աղջիկները իրենց հայրերին շատ են նման։ Ինձ էլ միշտ բնութագրում են՝ հորդ կտորն ես։

Եվ իրոք, ոչ միայն արտաքինն է, որ կփաստի դրա մասին, այլև բնավորության ամենաթեթև ու ծանր գծերը։

Չնայած դժվարին պատանեկությանն ու իր երազանքներին չհասնելուն՝ հայրս ոչ մի վայրկյան չի կոտրվել ու կյանքի մարտահրավերները պատվախնդրորեն է հաղթահարել։

-Ինչ որ պիտի լինի, լինելու ա իր ճիշտ ժամանակին։ Պիտի համբերատար լինես։
Երազում էի համալսարանում կրթություն ստանալու մասին, բայց հնարավորություն չունեցա. հո կյանքը դրանով չավարտվեց։ Վաղ թե ուշ գտա ինձ՝ վարպետություն սովորեցի ու սիրեցի աշխատանքս։ Քեզ էնպիսի մասնագիտություն ընտրիր, որ հետաքրքրությունդ էդ բնագավառում մարելու փոխարեն օր առ օր աճի, ու որ չփոշմանես կատարածդ ընտրության հարցում։

Գիտե՞ս՝ միշտ ձգտել եմ նմանվել քեզ ու էնքան երախտապարտ եմ, որ աշխարհի հայրերից հենց դու ես ինձ բաժին ընկել։

Ոչ մի բանի հետ չեմ փոխի քեզնից ստացած հոգատարությունը ու ինձ խնայելու հորդորները, ինձ՝ դասից կտրել վախեցող զգուշությամբ սենյակս մտնելդ ու գլուխս շոյելդ, չնայած սեփական հոգնածությանդ՝ ինձ մեքենայով պարապմունքի հասցնելը՝ ի՞նչ քայլել, ցուրտ ա, կմրսես, և հետո միայն կիսատ մնացած աշխատանքին վերադառնալու պատրաստակամությունդ։

Ոչնչի հետ չեմ փոխի քեզ հետ ունեցած զրույցները, որևէ հարցի շուրջ քեզ հետ ունեցած բանավեճերը ինձ տված խորհուրդներդ։ 40-ամյա կյանքիդ 16 տարին ինձ ես նվիրել, պա՛պ։ Գիտե՞ս՝ ամեն ինչ կտայի քեզ միշտ գրկելու, սպիներով պատված ձեռքերդ շոյելու, քեզ համար թեյ պատրաստելու, հարազատ ժպիտովդ ուրախանալու ու քեզ հետ երկար տարիներ հիշողություններ ստեղծելու համար։

Շնորհակալ եմ քո աղջիկը լինելու համար։

SOna zakaryan

Դիպլոմ ա էլի, թող լինի

Համալսարան, միջանկյալներ, սթրես։ Սրանք այն երեք բառերն են, որոնք բնորոշում են ուսանողների մեծ մասին վերջին շաբաթվա ընթացքում։
-Մեզ համար հանգիստ ապրում էինք, էլի,- բողոքում են շատերը։
Իսկ իրականում այդ «հանգիստ ապրելը» հարաբերական է, որովհետև եթե օրը ունի 24 ժամ, իսկ դու այդ 24 ժամվա 80%-ից ավելին տրամադրում ես դասերին և համալսարանին, դա այդքան էլ հանգիստ ապրել չի համարվում։
Բայց սա նույնպես հարաբերական է, որովհետև շատ ուսանողներ այդ 24 ժամվա նույնիսկ 5%-ը չեն տրամադրում սովորելուն։
Մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ շատ ուսանողներ չեն գալիս համալսարան սովորելու, այլ ավելի շատ իրենց ցուցադրելու և ուղղակի ժամանակ անցկացնելու։
-Էհ, ինչիս ա պետք սովորելն ու բարձր գնահատականը, բավարարը ստանամ՝ հերիք ա։
-Ոչ մի բան էլ չեմ սովորել, կարտագրեմ ու հաստատ դրականը կստանամ։
Այ այսպիսի արտահայտություններ եմ լսում հաճախ ու բարկանում։
Վերլուծում եմ այս ամենը ու հասկանում, որ ոչ բոլորն են արժանի ուսանող համարվելու։
Համալսարան ընդունվելը խաղ ու պար է դարձել ուղղակի, ինչն իրոք շատ ցավալի է ու անընդունելի։ Հետո էլ բողոքում ենք, որ համալսարան ավարտածների մեծ մասը խելացի չէ, որ խելացի կադրերի կարիք շատ ունենք Հայաստանում։
Բա էլ ի՞նչ էիք ուզում։ Եթե համալսարան ընդունված ուսանողի համար ավելի կարևոր են իր շորիկը, սմարթֆոնը, make up-ը, «ավտոն» և նման մի շարք մանր բաներ, քան սովորելը, ուրեմն բնականաբար պետք է այս վիճակը լինի։
Հաճախ ուզում եմ այդպիսի մարդկանց հարցնել, թե ինչ գործ ունեն համալսարանում, բայց հասկանում եմ, որ իմաստ չունի հարցնելը, որովհետև արդեն պատասխանը շատ լավ գիտեմ։
Այնպիսի տպավորություն է, որ համալսարանում սովորելը «մոդա է դարձել» ու ոչ ոք հետ չի ուզում մնալ մոդայից։
-Թող մի տեղ ընդունվի սովորի, էլի,- հաճախ ասում են ծնողները։
Չեն գիտակցում, որ եթե իրենց երեխան ընդունակություններ չունի և սովորելու հետ ընդհանրապես սեր չունի, չարժի նրան ստիպել համալսարան ընդունվել։ Ինչո՞ւ է ծնողներին թվում, որ մի կերպ դրական ստանալը ու 4 տարի անիմաստ համալսարան գալ-գնալը նորմալ երևույթներ են։
Դե, իհարկե, կարևորը՝ դիպլոմ ունենա, որ բոլորի մոտ պարծենան, թե ավարտել է այսինչ ֆակուլտետը, ու երբ հարցնեն.
-Բա որտե՞ղ ա աշխատում։

Դեմքները խոժոռեն ու պատասխանեն.
-Գործ գտնելը հիմա էնքան դժվար ա, գործ չկա, որ աշխատի։
Բայց դա հեչ, կարևորը՝ դիպլոմը կա։
Իսկ ծնողները երբևէ մտածո՞ւմ են, որ եթե իրենց երեխան, օրինակ՝ խեցեգործ դառնար ու զբաղվեր իր սիրելի աշխատանքով, գուցե մեծ հաջողությունների հասներ։
Խնդիրն էլ հենց դա է, չեն մտածում։
Ուսանողների մի ուրիշ տեսակ կա, որ հարցնում ես, թե որն է ապագա մասնագիտությունը,
պատասխանում է.
-Դիմահարդար։
-Բա էլ իմաստը ո՞րն է համալսարան ընդունվելու։
-Դե դիպլոմ ա, էլի, թող լինի։
Թող լինի, ի՞նչ ասեմ։
Հագեք ձեր փայլուն շորիկները, նկարվեք համալսարանի դիմաց ձեր թույն սմարթֆոններով, ձեր թույն ավտոներով պարծեցեք, ամեն ինչ արեք՝ բացի սովորելուց, կարևորը՝ վերջում դիպլոմ ստանաք, թե չէ՝ ինչ սովորել։ Վերջում էլ անպայման դիպլոմով կնկարվեք ու ինստագրամում նկար կտեղադրեք «Մենք էլ վերջապես ավարտեցինք» մակագրությամբ։ Հարազատների մոտ կպարծենաք, որ ավարտել եք,
լիքը շնորհավորանքներ կստանաք, հետո դիպլոմը կտանեք դարակում կդնեք ու կմոռանաք գոյության մասին։ Բայց դա ի՞նչ էական է՝ կհիշեք դրա մասին, թե չեք հիշի, պետք կգա, թե ոչ (դժվար թե պետք գա), դիպլոմ ա էլի, թող լինի։