armine karapetyan

Դեպի նոր հնարավորություններ

Արդեն չեմ էլ հիշում՝ ամսի քանիսն էր, երբ տեսա, որ Ամերիկյան խորհուրդները իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ֆլեքսի Սյունիքի մարզի այն աշակերտների ցուցակը, ովքեր հաղթահարել էին երկրորդ փուլը ու պիտի մասնակցեին երրորդին: Իրականում համ սպասում էի, համ կասկածում: Ես էդպիսի ժամանակներում միշտ մի քիչ կասկածելու տեղ թողնում եմ, որ հետո ինչ-որ բան շատ ծանր չտանեմ:

Հա՛, կարդացի ցուցակում անունս ու վազեցի անգլերենի ուսուցչուհուս մոտ: Ես վստահորեն կարող եմ ասել, որ ընկեր Ավագյանը մեզնից շատ է ուրախանում մեր հաջողությունների համար: Դե, չեմ էլ ուզում ասել, նկարագրել նրա ուրախությունը, երբ իմացավ, որ իր երկու աշակերտներն էլ (ես և ընկերուհիս) հաղթահարել են երկրորդ փուլը։

Այս ամենից մի քանի օր անց զանգ ստացա, ասում էին, որ հոկտեմբերի 17-ին՝ առավոտյան ժամը 10:00-ին, ներկայանամ երրորդ փուլին մասնակցելու համար: Սա ինձ համար նորություն չէր, նախորդ տարի անցել էի այս ամենի միջով, բայց հիմա տրամադրվածությունս այլ էր: Մենք սկսեցինք գրել շարադրությունները, թեստերը, ու ամեն ինչ շատ հավես էր ու տրամադրող: Օրվա երկրորդ կեսին մեզ՝ մասնակիցներիս, բաժանեցին խմբերի խմբային աշխատանք կատարելու համար: Մենք եթե ոչ գերազանց, ապա շատ լավ կատարեցինք խմբային աշխատանքը: Ուրախ, ընկերական ու փոխըմբռնման մթնոլորտ էր թևածում ամենուր:

Ու եկավ այդքան սպասված հարցազրույցի ժամանակը: Ես մոտավոր գուշակում էի՝ ինչ հարցեր կարող են լինել, բայց համոզված չէի: Ես երբեք Ֆլեքսից առաջ չեմ պարապել։ Միայն մի բան էի ուզում, որ հարցնեին․ դպրոցից դուրս ինչո՞վ եմ զբաղվում: Պատկերացնո՞ւմ եք՝ այդ հարցն էլ տվեցին ինձ: Եթե հնար լիներ, ժամերով կարելի էր խոսել այդ թեմաների մասին, որոնք, իրոք, հետաքրքիր էին, ու որոնց, անկասկած, կարելի էր ստեղծագործական պատասխաններ տալ: Դե այս ամենից հետո մեզ մնում էր միայն հայտերը լրացնել ու սահմանված ժամկետում հասցնել Ամերիկյան խորհուրդների գրասենյակ: «Ամենադաժան» ու ամենաշատ ուշադրություն պահանջող հատվածն ինձ համար դա է: Ես երկար դեգերումներից հետո՝ հոկտեմբերի 29-ին ավարտեցի, իսկ 30-ին թղթերս տարանք գրասենյակ՝ մտքում հույսեր փայփայելով, որ այս տարի մի բան կստացվի: Շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր օգնեցին ինձ լրացնել, ավարտել այս ամենը:

Իսկ վերջում ուզում եմ ուղղակի հաջողություն մաղթել այն աշակերտներին, ովքեր հասել են այս փուլ ու ապրիլին սրտատրոփ սպասելու են զանգի, որը կամ կբացի նոր հնարավորությունների դռներ, կամ… էլի կբացի նոր դռներ:

Համենայնդեպս, ես գիտեմ մի պարզ ճշմարտություն․ չպիտի լինի այնպիսի հանգամանք, պատճառ, որը կստիպի քեզ երբևէ զենքերդ վայր դնել, ընկրկել:

Anahit Badalyan

Դիվալի կամ հնդկական Ամանոր

Այն ժամանակ, երբ Տապասյան ու Իչակին մտան հայերիս կյանք, «Մերժվածը», «Հարսիկը» ու նմանատիպ հեռուստասերիալներն էլ սկսեցին կրկնապատկել մեր ժողովրդի մտահոգությունը՝ ոչ միայն սեփական, այլ նաև հերոսների անորոշ ապագայի մասին, ես պատկերացնել անգամ չէի կարող, որ մի քանի տարի անց սենյակ, կենցաղ ու լիքը սիրուն հիշողություններ եմ կիսելու մի հնդիկի հետ։

Շուբաշրին իմ սենյակակիցն է, որի հետ սկսել ենք համատեղ ապրել այս տարվանից։ Դեռ անցյալ տարի էինք մտերմացել։ Ինչ-որ ընդհանրություններ ունենք, միասին սիրած երգեր ունենք, տարբեր իրավիճակներին նույն արձագանքը տալու, միասին Եվրոպայի ու եվրոպացիների ինչ-որ տարօրինակ հատկությունների վրա զարմանալու ու ծիծաղելու սովորություններ էլ։ Թե ինչքան չէի սիրում Բոլիվուդը, հնդկական պարերը, ու թե ինչքան էի նյարդայնանում Տապասիայի ու Իչակիի ներկայությունից հայերիս կյանքում, Շուբաշրին շատ լավ գիտի, պատմել եմ։ Բայց թե ինչ հավեսով եմ հնդկական պարում, ինչ հավեսով է Շուբաշրին իր զարմանքն արտահայտելիս ասում՝ «վա՜յ», ինչ հավեսով եմ ես գլուխս շարժելով խոսում ու հա-հա ասելով փորձում նմանակել հնդիկներին, չեմ կարող բացատրել։ Ի դեպ, «հա»-ն մեր երկուսի ընդհանուր բառն է, երկուսիս մոտ էլ նշանակում է՝ այո։ Շուբաշրին ամեն օր քնելուց առաջ ինձ հայերենով ասում է՝ բարի գիշեր, ու ցանկացած պահի, երբ ես տխուր եմ, ասում է՝ «գժուկ ջա՜ն»։ Իմ «նամաստե»-ին ի պատասխան՝ ես ամեն օր գոնե մի անգամ իրենից անպայման «շնորհակալություն» եմ լսում։ Իսկ երբ էս օգոստոսին վերադարձա Իտալիա, Շուբաշրին մահճակալիս վրա մանուշակագույն հնդկական զգեստ էր թողել, որ իր մայրն էր կարել հատուկ ինձ համար։ Մի խոսքով՝ ամենասիրուն ու բնական ջիգյարով համտեսում եմ մշակութային փոխանակումը։

Ու քանի որ այս օրերին Հնդկաստանում մեծ շուքով նշում են Դիվալին, որը, Շուբաշրիի բացատրելով, մեր Ամանորին համարժեք տոն է, քոլեջում հնդկական համայնքը մի լավ ճաշկերույթ էր նախաձեռնել։ Չգիտեի, որ Հնդկաստանում Ամանորն էսքան վաղ են տոնում։ Էստեղի հնդիկներն էլ մեկը մյուսից ջիգյարով երեխեք են։ Բոլորն իրար մամայություն են անում, իսկ ավագ մաման Շուբաշրին է՝ որպես երկրորդ կուրսեցի։ Բայց դե Շուբաշրիի մաման էլ ես եմ, որովհետև միշտ ես եմ ասում՝ ցուրտ ա, դուրս գալիս վրադ մի բան գցի, չմրսես (ես իրեն ասում եմ, բայց ինքս չեմ անում): Մի խոսքով՝ տոնական ուրախ ու ոգևորված տրամադրություն էր էսօր։ Ես էլ որոշեցի ինչ-որ ձևով սիրունացնել օրն ու առավոտյան հնդկական տոնական երաժշտությամբ, մեծ պլակատով ու հոտավետ մոմերով արթնացրի Շուբաշրիին։ Էնպես էր ուրախացել․․․

Հարցին, թե ինչ են պատրաստում Դիվալիին, Շուբաշրին մեկը մյուսից բարդ ճաշատեսակների անուններով պատասխանեց, որոնք, անկեղծ ասած՝ չեմ մտաբերի հիմա։ «Ինչ էլ էսօր պատրաստելու լինենք, մեր մամաների նման չենք կարողանա սարքել»։ Դե հա, մամաների նման դժվար կլինի, բա ոնց։ Ես էսօրվա նման հիշում եմ, երբ անցած տարի առաջին անգամ տոլմա սարքեցի դասղեկական խմբի ընթրիքի համար։ Ինչքան էի ոգևորվել, որ համով էր ստացվել․․․

Մի խոսքով՝ էստեղ գտնվելով էնքան նոր բաների եմ ծանոթանում ու փորձում։ Ինչ-որ մշակույթներում, փաստորեն, մարդիկ հոկտեմբերին ամանորյա խնջույքներ են կազմակերպում, իսկ հունվարի մեկն ուղղակի սովորական օր է։ Ինչ-որ մշակույթներում գազարով պատրաստած աղցանը աղանդերի մի մաս է կազմում, այնինչ մեզ համար աղանդերի մեջ ի՞նչ բանջարեղեն․․․ Ու չնայած էն մեծ ու փոքր տարբերություններին, որ կան աշխարհի բոլոր մշակույթների մեջ՝ ես ամեն առավոտ արթնանում եմ իմ մեկ ու միակ հարազատ «բարի լույս»-ով, որն ինձ «good morning»-ի փոխարեն նվիրում է հնդիկ սենյակակիցս։

Շնորհավոր Դիվալի։

izaAstsatryan

Նրանք, ում ընտելացրել ենք

Մի քանի ամիս առաջ դպրոցն ավարտեցինք, դասարանցիներից շատերը մտածում էին, որ չէ, անկախ նրանից, թե մեզնից յուրաքանչյուրը որտեղ կլինի, մենք կշարունակենք շփվել, պահել կապը, այն կապը, որը 12 տարիների ընթացքում ենք ստեղծել, սակայն ես գիտակցում էի, որ չէ, չի լինի նման բան, և այո, ես չսխալվեցի…

Ամռանը տղաներից մեկին ճանապարհեցինք բանակ, հետո եկավ սեպտեմբերը, դասերը սկսվեցին, ամեն մեկը գնաց իր երազանքի հետևից, գնաց՝ մոռանալով… Չէ-չէ, ներեցեք, մեկ-մեկ հիշելու հույսով գնացին։

Սկզբնական շրջանում հաճախ էի կապվում բոլորի հետ, բայց ամիսների, օրերի, ժամերի և րոպեների հետ դադարեցի հաճախակի կապը։ Դե, գիտեք, այդքան էլ հեշտ և հաճելի չէ, երբ ինչ-որ մեկին քո կյանքում մեծ տեղ տալով հիշում ես, հետաքրքրվում նրանով, իսկ նրան անգամ հետաքրքիր չէ քո՝ ինչպես լինելը։
Այո, տհաճ երևույթ է, սակայն հիանալի դաս է կյանքից և հենց այդ մարդուց։
Ինչևէ, նման դեպքերում միշտ գտնվում են այնպիսիք, ովքեր անմնացորդ տրվում են ընկերությանը և նրանց ոչինչ չի փոխում։

Անկախ նրանից, թե մենք որտեղ ենք, և թե ով ենք, չպետք է մոռացության մատնենք այդ տարիները։
Գուցե դու հենց իմ շնորհիվ է, որ հիմա այն ես, ինչ կաս, գուցե իմ խորհուրդները քո կյանքի ճանապարհին մեծ նշանակություն են ունեցել, և գիտե՞ք՝ ինչ, դասերը կգան-կգնան, իսկ ընկերները կսպասեն, կսպասեն ինչպես Հաչիկոն էր սպասում իր տիրոջը, չէ, տերը չափից դուրս կոպիտ բառ էր, որովհետև նա տեր չէր, նա ընկեր էր՝ հավատարիմ և անմնացորդ նվիրումով։

Հաճախ եմ մտածում այս հարցի շուրջ և վերջապես գտել եմ պատասխանը, այո, վերը նշվածների համար մենք ենք մեղավոր…
Ինչպես մի ֆրանսիացի տղա էր ասում՝ մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք։
Այո, մենք ընտելացրել ենք:

nina arustamyan

Ես կարող եմ սովորել

2006 թվական էր, երբ ամեն օր լացում էի, որ դպրոց գնամ ու գնացի:

Գնացի մեկ տարի շուտ, բայց դա չխանգարեց ինձ սովորել: Առաջին դասարանում լավ էի սովորում, հիշում եմ՝ շա՜տ լավ: Բայց…

Ամեն ամսվա ծնողական ժողովի ժամանակ դասվարս մայրիկիս միշտ ասում էր.

-Նինան խելացի չէ, չի կարողանում սովորել:

Ես մինչև 4-րդ դասարանը սովորում էի լավ, բայց ամեն անգամ ծնողական ժողովներից հետո ես էլ ավելի էի թևաթափ լինում:

4-րդ դասարանի քննությունները ամենաբարձրը ես ստացա:

Չի կարողանում: Չի հասցնում ընկալել դասերը…

Այս 2 բառերը կոտրեցին փոքրիկ Նինայի այն թևերը, որոնք նոր էին սկսել սովորել, թե ինչպես կարելի է ճիշտ ճախրել երկնքում: Ես սկսեցի դասերիս նայել «մատներիս արանքով»: Չէի սովորում: Դե, սովորում էի, բայց ոչ այնպես, ինչպես ես էի ուզում: Ամեն առարկայից ունեի մի թեթև գիտելիք, ու դա ինձ համար բավական էր:

Չէի կարողանում մտքիցս հանել ուսուցչիս խոսքերը: Բարձր դասարաններում սկսեցի չսովորել, գնում էի դպրոց ու հետ գալիս:

11-րդ դասարանում էի, երբ ինքնուրույն պարապում էի, որպեսզի ուսումս շարունակեի Պետական համալսարանի «Սերվիս» բաժնում:

Մի օր մեր հարևանը տեսավ, որ ինքնուրույն պարապում եմ, իմացավ նպատակիս մասին և ասաց.

-Այ Նինա ջան, դու՝ ուր, Պետական ընդունվելը՝ ուր, Պետական համալսարանում դասի գնալը՝ ուր, մի տանջի քեզ:

Վերջ: Ես հասկացա, որ չեմ կարող սովորել պետական համալսարանում: 12-րդ դասարանում սկսեցի մի պահ նորից պարապել, հետո եղբորս հետ զրուցելուց հետո հասկացա, որ կարող եմ ծրագրավող դառնալ: Որոշեցի, որ դպրոցս կավարտեմ, կգնամ Երևան, կսկսեմ հաճախել ծրագրավորման դասընթացների, 6 ամիս կսովորեմ ու կսկսեմ աշխատել:

Ավարտեցի դպրոցս: Սեպտեմբեր ամսին գնացի Երևան ու որոշեցի, որ նախ պետք է սովորել անգլերեն. հետո նոր սկսել ուսումնասիրել ծրագրավորումը:

Երբ համեմատաբար սովորել էի անգլերեն լեզուն, ստացա աշխատանքի առաջարկ: Առաջարկեցին աշխատել Գորայքի միջնակարգ դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում որպես խմբավար: Առաջարկը ընդունեցի, մտածում էի՝ քանի որ պետք է ծրագրավորման ուղղությունը ընտրեմ, աշխատանքը հաստատ չի խանգարի ինձ: Ես մարտ ամսից սկսեցի աշխատել: Աշխատանքը շատ փոխեց ինձ: Ես հասկացա, որ կարող եմ անհնարինը հնարավոր դարձնել:

Սեպտեմբեր ամսին ես վստահ քայլերով գնացի Երևանի պետական համալսարան և թղթերս տվեցի հեռակա ուսուցման բաժին: Ընտրեցի ժուռնալիստիկայի ֆակուլտետը:

Հոկտեմբերի 7-ից ես սկսեցի տալ քննություններ: Ինքս գիտեի, որ ես պետք է պարապեմ, քանի որ ես պետական քննությունների եմ, և հենց այդ քննություններից էր կախված լինելու իմ ապագան: Սակայն այդքանը հասկանալով՝ ես երբեք չպարապեցի: Ես երբեք ինչ-որ գիրք չբացեցի և ինչ-որ բան չկրկնեցի կամ չսովորեցի:

Ես տվեցի 3 քննություն: 3 քննության ժամանակ էլ շատ հանգիստ էի, ներքին ինչ-որ համոզմունք կամ ինչ-որ հանգստություն ունեի, որ վերջում լավ է լինելու:

Դպրոցի վատ սովորող աշակերտուհին բարձր գնահատակներ ստացավ քննություններից: Դպրոցի վատ սովորող աշակերտուհին ուսանողուհի է:

Ես ընդունվեցի համալսարան՝ ինքս ինձ ապացուցելով, որ ես կարող եմ 2 տարի դադարից հետո իմ ուժերով, բարձր միավորներով ընդունվել համալսարան: Ապացուցեցի շրջապատիս, որ կարող եմ սովորել։ Ես ապացուցեցի։

Julia Voskanyan

Կնոջ դերը

Օրեր առաջ՝  երթուղայինում, խոսք գնաց կին քաղաքական գործիչների մասին, իսկ գիտե՞ք՝ ինչպես արձագանքեց երթուղայինում նստած մի կին․

-Ի՜նչ եք ասում․ կնոջից ի՞նչ քաղաքական գործիչ, կինը միայն պիտի տանը նստի, երեխա պահի ու ընթրիք պատրաստի։ Աշխատանքը կնոջ համար չէ։

Անկեղծ ասած՝ շշմեցի ու դեռ շվարած նայում էի այդ կնոջը, մինչ մի տղա միջամտեց ու հարցրեց, թե ինչու է նման կերպ մտածում, և սկսեց նշել կանանց, ովքեր հասել են շա՜տ բարձունքների։ Բայց  հանկարծ զգալով, որ կինը նրան չի ուզում լսել և պատասխանել՝ տղայի ձայնը ցածրացավ, և ի վերջո նա լռեց, իսկ հետո տիրեց քար լռություն։ Լսվում էր միայն երթուղայինի շարժիչի ձայնը։

Ես խորասուզվեցի մտքերի մեջ։

Կարծում եմ՝ նախ, սարսափելին այն է, որ սա ասում է կին, և ոչ թե գոնե այն տղան, որ թվարկում էր հաջողակ կանանց անունները։ Ու հետո՝ մտածում եմ, որ հաստատ երթուղայինում նստած կինը  իր թոռնիկների ու երեխաների մեջ էլ  է սերմանելու հնուց եկած այդ կարծրատիպը։ Եվ դարն էլ փոխվի, մեկ  է՝ գտնվելու է մեկը, ով հաստատ նման մտածողությամբ «առաջ» է շարժվելու…

Սա չափից դուրս վատ է։

armine karapetyan

Ինչպես սովորել պատմություն

-1988 թվականի փետրվարին շատ իրադարձություններ կան՝ համարյա իրար հետևից, ուշադիր կլինեք, քննությանը լինում են… 1988-ի փետրվարին սկսվել է Արցախյան շարժումը։

Այսպես սկսվեց մեր պատմության դասը, երբ ընկեր Բաղդասարյանը իրեն հատուկ առոգանությամբ բացատրում էր դասը և «ստիպում», որ առանց աչքերը փակելու՝ այդ իրադարձությունների մասնակիցը դառնանք: Իրականում պատմության ժամերին մեզնից շատերը «դասարանը լքում են», հետ տալիս ժամանակի հսկայական անիվն ու մտքով հասնում ոչ այնքան հեռու՝ 20-րդ դար, ակամա դառնում պատմության կրողն ու ականատեսը: Ու պատմության քառուղիներում իրականացրած էքսկուրսիայից հետո՝ մեր գլխում հարցերի տեղատարափ է սկսվում, միտքն ալեկոծվում է, ու հարցերն ասես ռմբակոծում են ուղեղը:

Այս դասը բացառություն չէր. չգիտեմ՝ ինչու, 90-ականներն ինձ համար բավականին հետաքրքիր շրջան են, որն իր մեջ ներառում է նաև կյանքի ու ազատության համար մղված հերոսական պատերազմը: Ու դրա համար էր, որ երկրորդ պարբերությանը չհասած՝ ընդհատում էինք ուսուցչին ու հղում մեզ հուզող հարցերը:

Ընկեր Բաղդասարյանն արցախցի է ու անցել է թե՛ արցախյան գոյամարտի, թե՛ ապրիլյան քառօրյա մարտերի թոհուբոհի միջով: Ու այն հարցից հետո, թե ինչպես էր մշակված «Կոլցո» օպերացիան, սկսվեց իրական հարց-պատասխանի հեղեղ: Պատմածներն իսկապես շշմեցնող ու հպարտացնող էին: Մեկ-մեկ զարմանում էի մեր ազգի կամքի, զորության ու հավատի վրա:

Պատմում էր, որ եղել են օրեր, երբ ադրբեջանցիները 2000-2500 գրադ կայան են նետել Ճարտար գյուղի (այժմ՝ քաղաք) վրա, իսկ այդ ժամանակ գյուղացիները զբաղված են եղել իրենց առտնին գործերով:

-Մենք հավաքվել էինք հորքուրենց տանը՝ համարելով, որ դա ամենաապահով վայրն էր պատսպարվելու համար, որովհետև բավականին հաստ պատեր ուներ: Մի քանի ընտանիքներ մի քանի տարի ապրել են միևնույն հարկի տակ: Ու այնժամ, երբ թշնամին անդադար ռմբակոծում էր բնակավայրը, մենք թութ էին թափ տալիս, դոշաբ էինք պատրաստում ու ստեպ-ստեպ դուրս գալիս՝ տեսնելու արդյոք կրակը մարել էր, թե ոչ…

-Բա ձեզ բան չէր լինո՞ւմ, չէիք վախենո՞ւմ:

-Ես 4-5-րդ դասարանի երեխա էի, բայց շատ լավ հիշում եմ, որ մեր գյուղի 4 տոննայանոց ջրհորում ոչ մի գրամ ջուր չէր մնացել. հրդեհ էին հանգցրել: Մի անգամ կրակի բոցերը հասել էին մեր տանն ու բոլորը՝ ծանոթ, անծանոթ, տարածքից հեռացնում էին փայտերն ու այն իրերը, որոնք կարող էին նպաստել հրդեհի տարածմանը: Ու այդպես նրանք փրկեցին մեր տունը:

-Ընկեր Բաղդասարյան, որ Ձեր գյուղը գրավեին, հետո ի՞նչ էր լինելու, հասնելու էին Ստեփանակերտ ու վե՞րջ:

-Դե, իրենց ռազմավարական պլանի համաձայն՝ նրանք ցանկանում էին օղակել Արցախը, հայաթափել Շահումյանի շրջանը: Բայց դա նրանց չհաջողվեց:

-Երեխեք, ինչ հետաքրքիր ա, չէ՞: Էնքան կուզեի գոնե մեկ օր ապրեի էդ ժամանակներում,- ասում էի ես՝ մեկը, ով ապրիլյան քառօրյային արցունքն աչքերին հետևում էր լուրերին, ու ամեն կորուստի հետ թևաթափ լինում, ամեն հաղթանակով՝ թևավորվում:

-Երբ մերոնք սկսեցին ազատագրական մարտերը, նրանք ատամ էին կռճացնում, որ պարտվել են, ու մի օր էլ ադրբեջանական մի ջոկատ մտնում է սահմանամերձ Նախճիվանիկ, Վարազաբուն և Փրջամալ գյուղերը՝ նպատակ ունենալով գերի վերցնել Նինա անունով բժշկուհու, ում ամուսինն ու որդին Մարտունու գլխավոր ճակատների հրամանատարներից էին: Ադրբեջանցիներին հաջողվում է Նինային և ևս 9 այլ կանանց գերեվարել, ու երբ Նինային ստիպում են, որ իր ամուսնուն ու որդուն հետ կանչի ռազմի դաշտից, վերջինս հրաժարվում է: Այդ դեպքից հետո անցնում են տարիներ, և այդ տասը կանանց մասին ոչ մի լուր չի ստացվում: Միան պատերազմի ավարտից հետո՝ շատ տարիներ անց, Ռոստովում ապաստանած մի ադրբեջանցի հարևանին պատմում է իր հայրենակիցների վայրագությունների մասին ու ամաչում դրանց համար: Ու գիտե՞ք՝ ինչ է պարզվում, որ ադրբեջանցու հարևանը հենց վերոնշյալ Նինայի համագյուղացին է եղել: Նրա պատմածի համաձայն՝ Նինային և ինը կանանց անասելի տանջանքների ենթարկելուց հետո, նետել են խոր փոսի մեջ և ողջակիզել: Համագյուղացին նյութը ներկայացնում է թերթին, որով էլ կանանց հարազատները տեղեկանում են նրանց դաժան ճակատագրի և տխուր վախճանի մասին:

Զլը՛նգ…

-Վա՛յ, երեխե՛ք, դասը չհասցրի. չէ, չսովորեք, կբացատրեմ՝ նոր, բավականին շատ իրադարձություններ կան:

Զանգը տվեց, ու ես, որ հայտնվել էի այդ իրադարձությունների կիզակետում, սթափվեցի: Մինչ ուսուցչուհին պատմում էր, աչքերումս արցունքները սառել էին, ու հազիվ էի զսպում հուզմունքս:

Աշխարհում կան մարդիկ, որոնք ծնվել են որ ավիրեն, ոչնչացնեն ու սպանեն իրենց շուրջը: Ու չգիտեմ՝ ինչից է, ամեն անգամ Հայաստանի, Արցախի մասին լսելիս՝ հպարտությունից աչքերս լցվում են:

Մենք անկախության սերունդն ենք:

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Աշնանային Քութայիսի

Photo Yeva

Հանկարծ չժպտաս

Բարև՛, ամենածանո՛թ անծանոթ։ Դու ինձ ամեն օր հանդիպող պատահական անցորդն ես։ Դու երթուղայինում ողջ ճանապարհին քո անդադար հեռախոսազրույցով իմ ուղեղի աշխատանքը վաղ առավոտից խաթարողն ես։ Դու այն մանուկն ես, որի լուսավոր աչուկները փայլում են անհոգ մանկությամբ։ Դու ամեն առավոտ մեր մաշված, բազմաչարչար ու աղբին մի կերպ դիմադրող փողոցները ջանասիրաբար ավլողն ես։ Դու հեռուստատեսությամբ, ռադիոյով, տպագիր կամ օնլայն մամուլով ամեն օր բոլորիս հիացմունքի, հպարտության, զարմանքի, երբեմն վախի, զայրույթի, արդար անարդարության ու կողմնակալ անաչառության մասին շոկային լուրեր հաղորդողն ես։ Դու ժամերով հեռախոսի գերի դարձած ու ժամանակի սահմաններից դուրս մնացած աննապատակ թափառողն ես։ Դու մարդկային հույզերը գրչի լուռ ու մարդկանց սրտի հետ խոսող լեզվով գրքերը ներարկող ցնդած պոետն ես։ Դու ամենախոսուն երաժշտության ու քո հանդարտ ձայնի ամենանուրբ լարերով մարդկանց կողպված հոգիների հետ անվերջ զրուցող ու դրանց ազատություն շնորհող ամենատաղանդավոր ու ամենախենթ երաժիշտն ես։ Դու տարիներ ի վեր մարդկային կյանքեր փրկող ազնիվ ու խելացի բժիշկն ես։ Դու սոցկայքերի ամենահավատարիմ ու անդավաճան ամենաներկա բացական ես, դու… Դու ամենաանհայտ ու հայտնի դուերը քո մեջ ներառող ամենահզորն ես, ուստի քո թույլտվությամբ մի փոքր կզրուցեմ քեզ հետ ու մի բան կասեմ․

-Մի՛ ժպտա, խնդրում եմ, որովհետև քո ժպիտը կարող է մի երջանիկ ակնթարթ պարգևել ինձ, որովհետև քո մի ժպիտը կարող է հիշեցնել ամեն վատի անցողիկության մասին։ Մի՛ ժպտա,որովհետև դա կարող է երբևէ ստեղծված ամենաուժեղ դեղամիջոցը լինել։ Մի՛ ժպտա, որովհետև դրանից խավար ցերեկը կարող է ամենալուսավոր գիշերվա վերածվել։ Ուղղակի ապրիր այնպես, կարծես ոչինչ չի կատարվում շուրջդ․ չէ՞ որ անտարբերությունը մերօրյա թրենդ է դարձել։ Առավոտյան հենց աչքերդ բացես, միանգամից հիշիր թե որքան ծանր, անտանելի, երկարատև, հոգնեցուցիչ, ծանրաբեռնված օր է սպասվում քեզ։ Հանկարծ չմտածես, որ օրդ կարող է լցվել ուրախության մանրագույն պատառիկներով, որ դու կարող ես այսօր մի փոքր այլ կերպ նայել կյանքին՝ անդադար լցնելով այն լայն ժպիտով, ամենահարազատ ջերմությամբ, արդյունավետ աշխատասիրությամբ, սիրելիների հետ հանդիպումներով, անցյալի անմոռանալի հիշողություններով, ապագայի ամուր հավատով, ու ներկայի ամեն վայրկյանի հաստատուն զարկերակով։ Ոչ։ Ոչ մի դեպքում։ Գորշ մռայլությունը պետք է քո ամենասիրելի ու անբաժան բարեկամը լինի ու դու պետք է թույլ տաս, որ կողքիններդ էլ օգտվեն նրա ծառայություններից, անգամ եթե նրանք չեն ուզում։ Ինչպե՞ս կարող ես անել դա։ Ամեն ինչ շատ պարզ է։ Երբ առավոտյան երթուղային բարձրանալիս լինես, ու շատ սպասողներ լինեն, ամեն կերպ հրի՛ր բոլորին մի կողմ ու առաջինը դու բարձրացիր։ Մյուսներին անշնորհք ձևով դեն նետելն ու անկուշտի պես երթուղայինը սեփականցնելը աննկարագրելի զգացում է ու գովասանքի արժանի արարք։ Հենց այդ պահին դու կզգաս սկզբնական արդյունքը․ բոլորը քեզ կնայեն նյարդայնացած, ագրեսիվ ու արհամարհանքով, մինչդեռ առավոտյան ժամը ութն է, ու ամբողջ օրն առջևում է։ Ճանապարհին հայացքդ սառն ու անտարբեր թող լինի։ Երբևէ չառաջարկես կանգնածի հիսուն կիլոգրամանոց գերծանր պայուսակը պահել, որովհետև դա կնշանակի, որ ուզում ես օգնել դիմացինիդ։ Մի՞թե պետք է օգնել դիմացինին։ Օ ոչ, դա այնքան էլ տարածված չէ մեր օրերում։ Հիմա պետք է չնկատելու տալ ուշաթափվող անցորդին, այն տատիկին,որը խնդրում է հեռախոսի վճարում կատարել, քանի որ ինքը ժամանակակից տեխնոլոգիաներին այնքան էլ լավ ծանոթ չէ։ Պետք չէ առանց փողի քեզնից տարիքով փոքր ուսանողին ինչ-որ դաս բացատրել․ չէ՞ որ դա այսօր միամտություն է կոչվում։ Այսօրվա արժեքները գերզարգացած տեխնոլոգիաներ են, բայց այնքա՜ն զարգացած, որ դեռ չենք կարողանում վերհանել նրանց բուն էությունը։

Լավ, շարունակենք մեր երթը։ Երբ իջնես երթուղայինից ու ուղևորվես դպրոց, համալսարան կամ աշխատավայր, չմոռանաս կրկին անցորդներին «պատահական» հրելով անցնել։ Սա անպայման պետք է անել վաղ առավոտյան, որ դիմացինդ էլ վարակվի քո հիվանդությամբ։ Երբ լուսացույցի մոտ կանգնած լինես, անպայման կարմիրի վերջին վայրկյանների տակ կսկսես երթդ, որ վարորդները հնարավորինս մեծ բառապաշարով քեզ բարի լույս մաղթեն։ Չէ, հանկարծ կարգապահ չլինես։ Քո մեծարգո ու կյանքի փորձ ունեցող սևազգեստ, թզբեխը ձեռքին, քաղաքի բոլոր հնարավոր մայթերն ու տաղավարները կատարյալ մաքրությամբ ապահովող ընկերներդ կարող են դա վախկոտություն որակել, ու այդ դեպքում դու հավերժ աքսորի կարժանանաս՝ աքսոր մեծն շրջապատից։ Վերջապես, դու հասել ես դպրոց, համալսարան կամ աշխատավայր։ Երբ շենք մտնելիս լինես ու ինչ-որ մեկը շտապ դուրս գալիս լինի, երբեք չզիջես նրան, չհարգես։ Ա՜խ այդ հարգանք կոչված գլուխկոտրուկը։ Ախր, ու՞մ է պետք այն այսօր։ Ոչ ոքի։ Ինչու՞ պետք է հարգենք դիմացինի իրավունքերը, կարծիքը, ճաշակը։ Ինչու՞ պետք է ընդհանրապես լսենք դիմացինին։ Երբ դիմացինը խոսում է, պետք է ամեն վայրկյան խանգարել նրան, որ հանկարծ մի ամբողջական միտք չարտահայտի։ Երբ դիմացինը Ձեր կարծիքից տարբերվող կարծիք է հայտնում, պետք է ուղղակի ստիպել, որ լռի, որովհետև Դուք ամենաիմաստունն եք, ամենաճիշտն եք և ամենախելացին եք։ Առնվազն հիմար է այն մարդը, որը համարձակվում է հակառակվել Ձեզ։ Չի կարող աշխարհում որևէ մեկը չհամաձայնվել Ձեզ հետ։ Այս ամենը անելով Դուք աշխատավայրում էլ դուրեկան միջավայր կստեղծեք։ Հրաշալի է․ հիվանդների թիվը աննախադեպ արագությամբ է աճում։ Երևում է՝ բժիշկը բավականին աշխատանք է ունենալու։ Այնքան շատ, որ հերթի վերջում կանգնածը հոգնածությունից կրկնապատկելու է թույնի առկայությունը իր ուղեղում։ Հիշում եք չէ՞ ամենակարևոր պայմանի մասին․ երբեք չժպտալ դիմացինին։ Չէ՞ որ դրա շնորհիվ անծանոթը կարող է երջանկանալ։ Չէ՞ որ դրա շնորհիվ փողոցը սրբողը կարող է բարձրացնել հոգնած աչքերն ու մի քիչ էլ շողշողուն արևի անսպառ ջերմությամբ վարակվել։ Չէ՞ որ դրանից մանկանց աչուկները մշտափայլ լուսատու կարող են դառնալ։ Չէ՞ որ դրա շնորհիվ գրողի մուսան կարող է տարիներով գալ ու չգնալ։ Չէ՞ որ դրա շնորհիվ երաժշտի հոգում կարող է մի անկրկնելի երգ ծնվել։ Չէ՞ որ դրա շնորհիվ բժիշկները հազարավոր առողջ հիվանդներ կունենան ու կցանկանան բուժել, բուժել ու բուժել։ Չէ՞ որ դրա շնորհիվ անգամ սոցկայքի գերին կարող է կտրվել այդ անշունչ էկրանից ու նայել կենդանի մարդկանց խոսուն աչքերին։ Ի՞նչ ասեմ դու։ Սիրտս այնքան է լցված մտորումների անլուծելի հավասարումներով, որ չգիտեմ, թե որի լուծումից սկսեմ։ Մի բան հաստատ գիտեմ։ Չեմ կարող այս ամենը միայնակ անել։ Ուղղակի խնդրում եմ, որ ասես դուերիդ, որ գեթ մեկ անգամ ժպտան ամենածանոթ անծանոթին, հարգեն, զիջեն, օգնեն, կարգապահ լինեն, սիրեն, ապրեն ու… Ու չվախենան։ Խոստանում եմ, որ եթե օգնեն ինձ գեթ մեկ անգամ ժպտալ, ապա ես նրանց այդ անկեղծ ժպիտի տասնապատիկը, քառապատիկը, հարյուրապատիկը կտամ։ Ախր ժպիտը դեռ հնարավոր է անվճար ու անշահախնդիր տրամադրել։ Փոխանցի՜ր նրանց նաև, որ անհանգստանալու պատճառ չունեն, որովհետև եթե կարիք լինի, ապա սևազգեստ թզբեխաստեղծների դեմ ինքս կկանգնեմ դատարանում ու կպաշտպանեմ դուերի իրավունքները մինչև վերջ։

Ժպտա՜, ժպտա՜, ժպտա՜ իմ ամենածանոթ անծանոթ…

galina khacatryan

«Որոտնայի» հետ

Ինչքան էլ ասեն, որ ժամանակակից երաժշտություն են լսում, ինչքան էլ ասեն, որ ժամանակակից են հագնվում, չեմ հավատա, որ ունեն ներքին մշակույթ, հոգու մաքրություն կամ հոգում խաղաղություն։

Ես էլ չունեի այս ամենը, մինչև «Որոտնա»-յի իմ կյանքում հայտնվելը։ Հիմա ամեն բան բացատրեմ…
«Որոտնա»-ն Սիսիանում գործող միակ ազգային պարի խումբն է։ Խումբը ձևավորել ենք մենք՝ համայնքի ակտիվ երիտասարդներով, և ունենք գեղարվեստական ղեկավար՝ Նարեկ Հայրապետյանը, ով ավելին է, քան ղեկավարը, քան լավագույն ընկերը։ Բոլորին հայտնի պարի խմբում սովորում ենք պարել ազգային պարեր (ամենասիրելիներից՝ «Շավալի-Խոշ Բիլազիգ», «Ռոստամ Բազի», «Քերծի», «Փափուրի», տղաների համար՝ «Յարխուշտա»), երգել ազգային երգեր (հավերժ սրտի երգ «Ելիր ի Զէն», «Լեբլեբջիների խմբերգը»), լինել մարդասեր, հասկանալ դիմացինին, լինել զիջող, երբեք դիմացինի վատը չցանկանալ, կյանքում ամենակարևորը մարդ մնալ և պաշտել այն հողը, որի վրա ապրում ենք։
Դեռ երկու ամսական «Որոտնան» հասցրել է ելույթ ունենալ Սիսիանում (մի շարք միջոցառումների ժամանակ), Կապանում (երիտասարդության միջազգային օրը)։ Խմբում 20 հոգի ենք, սակայն չենք մերժում խմբին միանալու ցանկություն ունեցողներին։
Ամենահիշվող իրադարձություններից մեկը կապված «Որոտնայի» հետ այն է, երբ «Ազնվամորու փառատոնին» մոտեցան մի խումբ երեխաներ և ցանկություն հայտնեցին նկարվել մեզ հետ։ Անասելի հպարտություն ու երջանկություն էինք զգում այդ պահին։

Շատ են գովաբանություններն ուղղված մեզ, դրանք են ոգևորում մեզ, ստիպում գիտակցել, որ ճիշտ ուղի ենք ընտրել։ Մեր մասին գրել էին անգամ Սիսիանում գործող երկու լրագրողական էջերում: Հաճելի էր և պարտավորեցնող։
Այս է այն ամենը, ինչ 12 տարի դպրոցում չսովորեցի, բայց 2 ամսում «Որոտնայի» հետ անգիր արեցի։
Չեն հերիքի բառերը, արտահայտելու համար իմ սերը դեպի ազգային արժեքները, դեպի հայրենիքը և հողը։ Այս է, ինչ տվել է ինձ «Որոտնան»։
Եվ վերջում, երբեք չենք երազել, բայց հստակ գիտեմ, մեծ բեմեր են մեզ սպասվում:

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Աշունն ու Գորիսը