sona abunts

Հաջորդ կանգառը՝ «Ուսանողական»

Գլուխս հենում եմ երթուղայինի պատուհանին, որ բաժանում է ինձ ձախակողմյան իրականությունից, և նայում անիվների տակով սահող ճանապարհին։ Աչքերիս տակով վազում են ճանապարհի սպիտակ գծերը, շվշվացնելով անցնում են լուսարձակող մեքենաները, հեռվում` հորիզոնին, շառագունած երկինքն է՝ իր գունային սիմֆոնիկ խաղերով, իսկ երթուղայինի ներսում խավարոտ լույսն է թրթռում։

-Չըխկ,- դուռը բացեցին, «Էս մի հատ ստացեք»-ից հետո՝

-Դըխկ,-դուռը փակեցին։

-Ա՜խ,-ասացի ես` գլուխս հարվածելով պատուհանին։ Հետո նորից հարմար տեղավորվում եմ, գլուխս հարմար հենում եմ պատուհանին՝ ամեն պահ զգուշանալով կրկին հարվածելուց։
Հենում եմ և շարժվող հարակից իրականության հետ միաժամանակ սուրում առաջ։ Կտրում-անցնում եմ միջանցիկ իրականությունը` հետևում թողնելով հինն ու անցածը և ընդառաջ գնալով նորին, ապագային։

Կյանքի մեր նոր երթուղին երթուղայինի արագությամբ սլանում է դեպի ժամանակի անդունդը։

Մեզ` նորեկ ուղևորներիս՝ ուսանողներիս, մնում է զգոն լինել և ճիշտ պահին ասել.

-Կանգառում կպահեք։

Հ.Գ. Դե չասեմ, որ իջնելուց առաջ վճարելը պարտադիր է,  եթե անգամ մի ոտքիդ վրա կանգնած ես անցել ճանապարհդ։

tatev arustamyan1

Մենակ մարդն ում ա պետք, իսկի ես ինձ պետք չեմ․․․

Է՜հ, ասում ես էլի․ մենակ մարդն ում ա պետք, իսկի ես ինձ պետք չեմ․․․

Մի ժամանակ, երբ մարդը ծնվում էր մարտ ամսին, անունը Մարտիկ էին կնքում։ Ու հետո ի՞նչ իմանաս, կդառնա՞ս արդյոք կյանքի մարտիկ․․․

Իմ հերոսը աշխատանքի մարտիկ է, սիրո, ով այդպես էլ երբևէ չվայելեց սիրո պտուղները, որոնք երևի թե կյանքի ամենքաղցր տարիները պիտի լինեին։
Երբ մայրդ արցունքները մաքրելով գրկում է քեզ ու համբուրում ճակատդ, գրվում է ճակատագիր կոչվածը։ Հավատում է ճակատագրին։ Երբեք խույս չտվեց իր ճակատագրից, ինչքան էլ դառն էր ու անտանելի։

-Էս կյանքում անտանելի բաներ չկան, ծանր են քեզ համար մի քիչ, հետո հարմարվում ես։ Հարմարվում ես մենակությանդ, բայց չես ներում քեզ դրա համար։ Հարմարվում ես, հիշելով սխալներդ, ու ներկայիդ բացերը փնտրում անցած տարիների ստվերներում։ Հիշում ես, որ մի ժամանակ սերը ամենասիրուն խաղերից մեկն էր. եթե քեզ տալիս էին դեր, ընդունում էիր սիրով։ Հիմա ես տալ եմ ուզում, բայց ո՞ւմ։

Ու հետո խոսքը երկարում, երկարում դառնում է ափսոսանքի վտակ։

-Պիտի մարդ դառնաս, էլ չսկսես թե՝ մարդ ծնվում են․ ում ա պետք քո փիլիսոփայությունը, ես որ ծնվեցի մա՞րդ չէի։ Մարդ էի։ Բա հիմա՞։ Հիմա ես եմ ու էս սևացած չորս պատը, որի տեղը հիշում են, երբ թոշակս եմ ստանում։ Էլի մարդ են ծնվել, չէ՞։ Բայց մարդկայի՞ն են։ Խելոք կդատես։

Հետո հիշում ենք անցած սերերին, զավակներին, «մարդկանց»…
Հիշում ենք, բայց չեմ տխրում։ Ես տասնյակ գարուններ ապրած մարդու կողքին եմ, ում երբեք էլ պետք չէ ափսոսանքը, ուշացած ափսոսանքը։
Ես, ճակատագրի մարտիկը, սևացած չորս պատը, երբեք կանգ չառնող ժամացույցը, ձեռքով շինված աթոռները, սեղանը ու վառարանը… վառարանը, որի ջերմությամբ պիտի տաքանային սպիտակ ու թմբլիկ ձեռքերը, որոնք պիտի գրկեին իմ մարտիկին ու ասեին․
-Պա՜պիկ, պապի՜կ, տաքացրու ինձ…

Shushan stepanyan

Մի ծաղկի պատմություն

Մարտի ութն էր: Կանգառում կանգնած սպասում էի: Օրը սովորականից մարդաշատ էր. դե, տոն էր: Ինչպես ամեն տարի, այդ օրը նույնպես ծաղիկներ էին բաժանում կանանց և աղջիկներին: Մի կին իր տղայի հետ եկավ, կանգնեց կողքիս: Այդ կնոջ ձեռքին մի ծաղիկ կար, իրեն էլ էին նվիրել: Ասեմ, որ չափազանց շատ եմ սիրում նայել մարդկանց աչքերին, փորձել կարդալ ամենքի հայացքը, տեսնել էությունը: Հիմա նայում եմ այդ կնոջը, հետո իր տղային. մոտ տասը տարեկան կլիներ, մեծ, շատ սիրուն աչքեր ուներ, երկար թարթիչներ, բարի հայացք, թուշիկներին էլ պեպեններ կային: Մայրը ծաղիկը տվեց որդուն, ու սկսեցին զրուցել:

-Մա՜մ, ա՜յ մամ, կլինի՞ դասատուիս տամ էս ծաղիկը: Իրան շատ եմ սիրում:

-Չէ, կտանենք, կտանք քույրիկին, ա՜յ տղա:

-Մա՜մ, բայց ես դասատուիս եմ ուզում նվիրել:

-Ա՜յ տղա, սիրուն բռնի ծաղիկը, տուն պիտի տանենք: Լավ, է, որ ուզում ես, դասատուիդ կնվիրենք: Տանը քուրիկին կասենք` կզարդարի, դասի գնալուց կտանես:

-Հա, մամ ջա՜ն:

-Տղե՛ս, կարո՞ղ ա տատիկին նվիրենք էս ծաղիկը: Ուզում ես, արի իրան նվիրենք, հա՞:

Ամբողջ ժամանակ լսում եմ ուշադիր, այդ տղային եմ նայում, որ զգույշ ծաղիկը բռնած՝ համ մայրիկի հետ է զրուցում, համ էլ անընդհատ մի քայլ առաջ է գալիս, տեսնի՝ չեկա՞վ ավտոբուսը: Նայում եմ ու ժպտում իրեն: Մեկ էլ ինքն ինձ ժպտաց ու ասաց.

-Մա՛մ, վերջ, ծաղիկը էս քույրիկին եմ նվիրում:

-Նվիրի, բալե՛ս, լավ քույրիկ ա:

Սիրտս լցվեց. իրենց ունեցածը ընդամենը մի ծաղիկ էր, բայց բոլորին նվիրեցին: Գուցե Աստված իրենց բարեկեցիկ կյանքով չէր ապահովել, բայց շատ մեծ սիրտ էր նվիրել…

Ծաղիկը չվերցրի ու ասացի, որ դա հենց այդ կնոջ նվերն է ու թող իրենն էլ լինի: Ո՛չ իմ ավտոբուսն էր գալիս, ո՛չ իրենց, ինչ լավ էր. սկսեցինք զրուցել: Պահը չկորցրի ու ասացի.

-Ինչքան սիրուն ու լավ տղա ունեք:

-Հա՞:

-Շա՜տ:

Իրենց ավտոբուսն եկավ, ու նստելիս այդ տղան ինձ ժպտալով ասաց.

-Հաջող, քույրիկ ջա՛ն:

Ամբողջ օրը աչքերիս առաջ այդ հայացքն էր. ծաղիկ նվիրող այդ բարի հայացքը: Այնքան կուզեի նորից տեսնել այդ տղային, մի բարի ժպիտ նվեր ստանայի նրանից ու պարզեի, թե ի վերջո, ո՞ւմ նվեր հասավ բարի հոտով այդ ծաղիկը:

zabel arustamyan-2

Ծնողներիս կամքով

Դեռ դպրոց չէի գնում, բայց մայրս ու հայրս արդեն որոշել էին, որ իրենց մեծ աղջիկը պետք է ընդունվի տնտեսագիտական համալսարան՝ ստանա տնտեսագետի որակավորում և… Եվ ես էլ, նրանք էլ չգիտեինք, թե ավարտելուց հետո ինչ պետք է լիներ:

Սկզբում ես էլ էի ոգևոված, թե ապագա տնտեսագետ եմ, լավ աշխատանք կունենամ, բայց էս սիրուն հեքիաթս մի քանի տարի տևեց ու վերջացավ ոնց որ սկսել էր: Հասկացա, որ էդ էդքան էլ տենց չի: Էդ տնտեսագետն ու լավ աշխատանքը ինձ համար չեն, ես չեմ կարողանա մի ամբողջ աշխատանքային օր ինչ-որ գրասենյակում կամ բանկում 8 ժամ նստել, աշխատել: Էդ աշխատանքը ինձ համար չի: Ես ազատ եմ, ես չեմ կարողանա իմ ազատությանը մի ամբողջ կյանք վանդակում պահել:

10-րդ դասարանում էի, փորձում էի մորս ու հորս համոզել, որ փոխեն որոշումը, որ իրենց աղջիկը դառնա լրագրող, բայց չէ, ինչի՞ մասին էր խոսքը: Ամեն ինչ ապարդյուն էր, էս փորձն էլ ուղղակի չստացվեց…

Հետո փորձում էի համոզել, որ գոնե թույլ տան դառնալ էքսկուրսավար, բայց` չէ:

Վերջում հայրս բարկացավ` ասելով.

-Կամ կգնաս ժող, կամ էլ մի հատ կովկիթի վեդրոյա` կառնենք, կմնաս գյուղում:

Ավելի վատ բան էդ պահին չկար, քան գյուղում մնալը:

Ավարտեցի դպրոցս: Ինչպես բոլորը, ես էլ գնացի ու լրացրեցի հայտը, ու էլի սրտովս չէր, չէի ուզում, բայց հայրս արդեն որոշել էր:

Եկան քննությունները՝ երեք քննություն, բոլորին էլ գնացի էն սրտով, որ բարձր ստանալուց հետո ստիպված կսովորեմ էդ համալսարանում: Էդ մտքով էլ գնացի ու էդքան էլ լավ չհանձնեցի քննություններս, բայց էլի ու էլի ուզածիս չհասա:

Հիմա ստիպված պիտի գնամ ու սովորեմ միայն ու միայն նրա համար, որ կատարեմ հորս ու մորս երազանքը:

Դասերն սկսել են, առայժմ չգիտեմ ինչպես կլինի, միգուցե և հարմարվե՞մ:

lusine atanesyan-2

Գյուղական խանութի հոգսերը

Հարցազրույց Ռոզա տատիկիս հետ

Գյուղերում շատ վայրեր չկան, ուր մարդիկ են հավաքվում: Բայց խանութ ամեն գյուղում երևի կա, մեր գյուղում էլ` Անգեղակոթում: Որոշեցի  հարցազրույց անցկացնել խանութպանների մասին: Միանգամից հիշեցի, որ իմ մորեղբայրը խանութ ունի, և այնտեղ հիմնականում աշխատում է իմ տատիկը, իսկ տատիկին հարմար չլինելու դեպքում, մորեղբայրն է լինում խանութում: Մտածեցի,  որ տատիկի հետ հարցազրույց անցկացնելը ավելի ճիշտ է: Գնացի խանութ և պատմեցի այդ մասին տատիկին, նա միանգամից համաձայնվեց, ու մենք սկսեցինք:

-Տատ, ինչպե՞ս առաջացավ խանութ բացելու գաղափարը:

-Մեր կյանքը բարելավելու համար մենք որոշեցինք բացել մի փոքրիկ: Բացի այդ, կարելի է ասել, որ ես երազել եմ ունենալ իմ սեփական խանութը, ու միանգամից համաձայնվեցի:

-Իսկ սկզբում դժվա՞ր էր:

-Սկզբում շատ դժվար էր, մինչև ընտելացա, երկար ժամանակ պահանջվեց:

-Քանի՞ տարի է, որ խանութ ունեք:

-Մենք արդեն 10 տարի է, ինչ բացել ենք խանութը, բայց այդ 10 տարիները շատ արագ անցան: Սկզբում խանութը բացել էինք ուրիշ տեղ, իսկ հետո տեղափոխեցին մեկ ուրիշ վայր: Առաջին տեղում ավելի հարմար էր, քան այստեղ: Անցուդարձը ավելի շատ էր, հիմնականում մարդիկ խանութի մոտ էին հավաքվում, որովհետև խանութը գյուղի մեջտեղում էր, և գործը առաջ էր գնում:

-Իսկ ինչո՞ւ տեղափոխվեցիք:

-Փոքր էր տարածքը:

-Տատ, տարվա ո՞ր եղանակին է առևտուրը ավելի լավ և ինչո՞ւ:

-Ամռանը, որովհետև  սկսվում են գյուղատնտեսական աշխատանքները:

-Տատ, երբևէ պատահե՞լ է, որ շփոթել ես ապրանքների անունները կամ գները:

-Հենց երևի ծիծաղելի և, միևնույն ժամանակ, տհաճ այդպիսի դեպքերն են եղել: Ես սկզբում խառնում էի գները, և մարդկանց թվում էր թե մենք իրենց խաբում ենք:

-Գիտեմ, որ մարդիկ ձեզնից շատ են պարտքով ապրանք վերցնում:

-Դա, այսպես ասած, մեր թուլությունն է, չենք ուզում պարտքով աշխատել, բայց չենք էլ կարող: Մենք մտնում ենք մարդկանց դրության մեջ, հասկանալով, որ այդ պահին չունեն գումար, սակայն իրենց անհրաժեշտ է այդ ապրանքը, տալիս ենք և ընկնում կրակը, սպասելով այն օրվան, թե  երբ կվերադարձնեն պարտքը:

-Իսկ ինչպե՞ս են փակում պարտքը:

-Հիմնականում փոխանակում ենք անում: Փոխանակում ենք ապրանքը ցորենի, գարու, պանրի հետ:

-Տատ, իսկ ո՞ր ապրանքն է գյուղում ամենաշատը վաճառվում և երբ:

-Ամենաշատը վաճառվում է դիզվառելանյութը, մանավանդ ամռանը:

Գյուղի խանութն ուրիշ է. այստեղ գալիս են իրար տեսնելու, զրուցելու, հոգսերից պատմելու: Ավելի շատ, ոնց որ մի տեղ լինի, որտեղ և քեզ կլսեն, և նեղ օրը կօգնեն: Տատիկս չի պատմում, բայց ես տեսել եմ նրա բազմաթիվ «պարտքով տետրերը», որոնք դեռ սպասում են, թե երբ են փակելու…

Երանի մի օր այդ տետրերը վերանան, ու մարդիկ ստիպված չլինեն պարտքով առևտուր անել:

luiza ohanyan

Քաղաքից քաղաք էլ կյանքը տարբեր է

Ճի՛շտ է, ես ապրում եմ քաղաքում, սակայն ի գիտություն գյուղաբնակների, ես նույնպես ունեմ ինձ հուզող հարցեր, որոնց պատասխանը դեռ անհայտ է:

Գյուղում բնակվող ցանկացած մարդ մտածում է, որ քաղաքում բնակվող յուրաքանչյուր մարդու պահանջները լիովին բավարարված են: Սակայն դա այդպես չէ: Չկան ժամանցի հետաքրքիր վայրեր, որտեղ կարող ես լիարժեք հանգստանալ, այդ իսկ պատճառով ամեն օր ստիպված կրկնում եմ նույն խոսքերը.

–Սոնա, գնդակդ վերցրու` իջնենք բակ:

Մի քիչ երևի զարմացաք, որովհետև անմիջապես մտածեցիք, որ խոսքը Երևանի մասին է: Բայց Երևանից բացի Հայաստանում ուրիշ քաղաքներ էլ կան: Օրինակ, ես ապրում եմ Սիսիան քաղաքում:

Եթե Երևանում ապրեի, ես կարող էի ասել, որ գնում ենք սրճարան կամ այլ հետաքրքիր վայր: Քաղաքում հաճախակի չեն կազմակերպվում միջոցառումներ, չեն կառուցվում հետաքրքիր զբոսայգիներ, փոխարենը կառուցվում են խանութներ, բանկեր: Ես շատ կցանկանայի ամառն ապրել գյուղում, այցելել հարազատներիս, սակայն ծնողներիս զբաղվածության պատճառով, կարելի է ասել, մոռացել եմ գյուղը:

Գյուղը ինձ համար հանգստի լավագույն վայրն է, որտեղ չկա աղմուկ, մեքենաների ձայներ, փոխարենը կա մաքուր օդ, գեղեցիկ բնություն, որտեղ կգտնես քո արմատները, թանկագին պատմություններ ծնողներիդ մանկությունից ու լիքը սեր:

tatev arustamyan1

Պարտվածները

Արդեն երկու տարի է Սյունիքի մարզի Գորայք գյուղի երիտասարդներով արշավ ենք կազմակերպում դեպի լեռներ․․․

Գյուղից ոչ շատ հեռու կա մոտ 3000 մ բարձրություն ունեցող լեռ: Բնակիչները «Փիրդաղի» են կոչում (թարգմանաբար նշանակում է` Իշխանաց լեռ)։ Սարի գագաթին մի փոքրիկ մատուռ կա, եթե իհարկե, կարելի է այդպես կոչել։ Մարդիկ հավատով շարել են քարերն իրար վրա, ու վայրը դարձել է ուխտատեղի (սրբավայր)։ Հաճախ Սրբասար ենք անվանում։ Բարձրության վրա աշխարհի գույները թափանցիկ են ու պարզ, հավատն՝ անչափելի։ Մենք` մոտ 10 հոգանոց խմբով, այս տարի էլի բարձրացանք․․․
Հետդարձի ճանապարհին սառնորակ աղբյուր էր քչքչալով հոսում։ Էս տարի չկար։ Մխիթարի աղբյուրն էր։ Չկա՛ր։ Աղբյուրի ջուրը կտրվել էր վերանորոգման աշխատանքների ժամանակ։
Գիտե՞ք, հազարավոր մարդիկ իրենց սիրտն են հովացրել էդ աղբյուրի զուլալ ու սառը ջրով, իսկ հիմա աղբյուրը չկա։
Ասում են՝ Մխիթարը վարպետ զուռնաչի է եղել, կինը՝ գեղանի Մանյակը, պարում էր ամուսնու նվագի տակ։ Գյուղի մեծերը հիշում են նրան՝ ծաղկազարդ ու թեթև շալը ուսերին։ Գյուղի բոլոր զինվորներին աղբյուրի մոտից են ճանապարհել՝ երգով ու պարով։
Գյուղում հիշում են նաև Մխիթարին․նրա անվամբ աղբյուր են կոչել։
Կտրել են աղբյուրի կյանքը, բայց որ երբեք մարդկանց հիշողությունների անվերջ շղթան։ Երբե՛ք։
Հայաստանում քիչ չեն Մխիթարի աղբյուրները, պատմամշակութային հուշարձաններն ու հնի ու նորի պայքարում պարտված շենքերը․․․

arpi galstyan

Access ծրագրից հետո

Վերջերս վերադարձա  Access ծրագրից։ Ծրագիրը իրականացվում է 2 տարի ժամկետով, և քեզ հնարավորություն է տալիս սովորել լավ անգլերեն, ձեռք բերել ընկերներ, մեծ փորձ և հասկանալ, որ ամեն լավ բան ունի իր ավարտը, և միշտ չէ, որ հնարավոր է ամեն բառից հետո դնել ստորակետ։

Հիմա կմտածեք թե ինչո՞ւ եմ այս ամենի մասին ձեզ պատմում: Նախ ուզում եմ, որ միշտ հավատաք երազանքներին, դրանք իրականանալու սովորություն ունեն։  Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև ես դպրոցում սովորելով ֆրանսերեն, հիմա կարողանում եմ վարժ խոսել անգլերեն: Սկզբից, երբ գնացել էի հարցազրույցի, ասացի, որ չգիտեմ անգլերեն ոչ մի բառ, բայց ընկեր Մարիամը ասաց, որ դա էական չէ։ Ծրագրում դու ազատվում ես բարդույթներից, սովորում ես լինել ինքնուրույն: Կարևորը այն է, որ դու ամեն նոր հնարավորության պետք է ասես` այո։  Դու ծանոթանում ես մարդկանց հետ, ովքեր կիսում են քո նախասիրությունները (լսում են ռոք երաժշտություն, SOAD), մարդիկ, ում հետ դառնում ես խենթ  ու հասկանում, որ մեր ճամբարի երեք օրերը կարող են թվալ  րոպեներ, անմոռանալի պահեր, որոնք երբեք չեն ջնջվելու քո հիշողությունից: Դու շփվում ես Հայաստանի տարբեր անկյուններից եկած քո հասակակիցների հետ, լսում ես նրանց մեկնաբանությունները տարբեր երևույթների մասին, սովորում ես խոսել քո «ես» -ի անունից, հասկանում , որ կան մարդիկ, որոնք կախման մեջ են ուրիշներից և, հանուն որոշակի պատճառների, թաքցնում են իրենց կարծիքը: Մինչդեռ հնարավոր է, որ նրանք ճիշտ են։ Դիմավորում ես արևածագը, որն այնքան ջերմ է, բայց միևնույն ժամանակ, այնքան դաժան, քանի որ հիշեցնում է վերջակետի գոյության մասին։ Դու շփվում ես մարդկանց հետ, ովքեր իսկական առաջնորդներ են, փորձում ես նրանց հարցախեղդ անել, քանի որ ցանկանում ես մի օր էլ դու 16 տարեկանների ոգեշնչման աղբյուր դառնալ։  Պարում ես այնքան ազատ, կարծես ճախրում ես, կարծես մոլորակը քոնն է: Պարում ես  անվերջ, աչքերդ  փակ, վայելում ես երաժշտությունը, ասես քեզ ոչ ոք չի նայում: Երգում ես այնպես, ասես այդ երգը քեզ համար է գրված, ժպտում ես  անկեղծ, արժանանում ես «Ոսկե փայտիկ» մրցանակին: Դրանից աշխարհում ընդամենը հինգ հոգի ունեն, և այլևս ոչ մեկը երևի չի էլ ունենա: Դու վայելում ես կյանքը, քանի որ նա չունի բացասական ոչ մի գիծ: Նույնիսկ վերջակետն է այնքան գեղեցիկ, այնքան խորհրդավոր։

Իրոք, երանի այն մարդկանց, որոնք զգացել  են իսկական վայելքը: Ես  այդ բախտավորներից մեկն եմ: Դու հասկանում ես, որ երջանկությունը մանրուքների մեջ է։ Իսկ հետո գալիս է ամենահետաքրքիր պահը. դու զբաղվում ես ինքնավերլուծությամբ, դու գնահատում ես քո ուժեղագույն կողմերը, բացահայտում ես թույլ կողմերը, հասկանում ես, որ պետք չէ ժամանակը վատնել ափսոսելու համար: Ախր, կյանքը այնքան կարճ է։  Ուզում ես գոռալ. մի կորցրեք մարդիկ, ասեք այն բառերը, որ կարևոր են ձեզ համար, որովհետև հնարավոր է հետո շատ ուշ լինի։

Եվ դու վերադառնում ես մի մեծ ծանրությամբ, այնքան մեծ պաշարով, միաժամանակ, ներսումդ այնքան մեծ դատարկություն  է, որովհետև վերջացավ ծրագիրը։

Ու երկար մտորումներից հետո հասկանում ես՝ հրաշքներ տեղի են ունենում մեր աշխատասիրության ու նպատակասլացության միջոցով։

Փոքրիկ հույսը մեր գյուղի

Հարցազրույց «Ներսես» ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆիկ Ղարիբյանի հետ:

Լուսանկարը՝ Անի Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անի Մկրտչյանի

-Պարո՛ն Ղարիբյան, գիտեմ, որ «Ներսես» ՍՊԸ-ի տնօրենն եք. ե՞րբ է հիմնադրվել գործարանը և ո՞վ է հիմնադիրը։

-Գործարանը հիմնադրվել է 2008 թ.-ին, 2010 թ․-ին առաջին արտադրանքն է թողարկել: Գործարանի հիմնադիրները Ներսես և Արամ Ստեփանյաններն են։

-Ինչո՞ւ է անունը «Տատնի»։

-Նախ ասեմ, որ գործարանը արտադրում է հանքային ջրեր և զովացուցիչ ըմպելիքներ։ Հանքային ջրերը անվանվել են «Տատնի», իսկ զովացուցիչ ըմպելիքները՝ «Դարբաս»։ Հանքային ջրերը անվանվել են Տատնի գյուղի անունով, որը մեր տարածաշրջանում է՝ Սյունիքի մարզի Շենաթաղ գյուղից դեպի հյուսիս։ Երկու հարյուր տարի առաջ գյուղի բնակիչները լքել են գյուղը, և հիմա Տատնին լքված բնակավայր է։ Տատնի անունը հիշատակվել է Սիսիանի գրող Մորուս Հասրաթյանի գրքում։ Նշեմ, որ Մորուս Հասրաթյանը պատմաբան և աշխարհագրագետ էր։ Զովացուցիչ ըմպելիքները անվանվել են մեր գյուղի` Սյունիքի մարզի Դարբաս գյուղի պատվին։

Լուսանկարը՝ Անի Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անի Մկրտչյանի

-Ինչո՞ւ է պարոն Ստեփանյանը գործարանը բացել հենց այստեղ։

-Նախ այստեղ լավն են կոմունիկացիաները` այսինքն, կա ճանապարհ, ջուր, էլեկտրականություն և այլն։ Բայց նաև, պարոն Ստեփանյանը գործարանը բացել է իր գյուղի բնակիչների համար։

-Որտե՞ղ է արտադրանքը հիմնականում սպառվում։

-Արտադրանքը մոտ քսան տոկոսով սպառվում է Հայաստանում, իսկ մյուս մասը արտերկրում, հիմնականում ՌԴ-ում, մոտ տասը տոկոսը արտահանում ենք ԱՄՆ, Բելգիա։ Պատրաստվում ենք նաև պայմանագիր կնքել Քուվեյթի հետ, հետագայում միգուցե` Իրաք, Արաբական Էմիրություններ։

-Քանի՞ աշխատող ունի գործարանը։

-Մոտ հիսուն մարդ աշխատում է թե՛ արտադրությունում, և թե՛ սպասարկման ոլորտում։

Լուսանկարը՝ Անի Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անի Մկրտչյանի

-Պարո՛ն Ղարիբյան, իսկ դուք ինչպե՞ս ընդունվեցիք աշխատանքի։

-Պարզապես Ստեփանյանները ցանկացել են անպայման տեղի կադրերը զբաղվեն աշխատանքներով։ Ուղարկել են մեզ Բուլղարիա, և մեք մոտ մեկ ամիս վերապատրաստվել ենք, այնտեղ ծանոթացել ենք աշխատանքի հետ։

-Որտեղի՞ց են գալիս աշխատողները։

-Աշխատողները հիմնականում գալիս են Դարբասից, Շամբից և Վաղատինից։

-Մի այսպիսի հետաքրքիր հարց. արդյո՞ք գործարանը բարեգործական ծրագրեր իրականացնում է:

-Այո, շատ։ Գործարանը հոգացել է Շամբի և Դարբասի մանկապարտեզների սննդի հարցը, Դարբաս գյուղի ճանապարհային լուսավորության հարցը, ինչպես նաև գործարանը օգնություն է տրամադրել ազատամարտիկներին և հիվանդ երեխաներին։

Լուսանկարը՝ Անի Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անի Մկրտչյանի

-Իսկ ի՞նչ պլաններ ունեք ապագայի համար։

-Եթե գործարանի գործերը բարեհաջող ընթացք ունենան, հնարավոր է, որ շուտով նոր արտադրանք թողարկենք։

-Իսկ ի՞նչ արտադրանք։

-Միգուցե Ստեփանյանները որոշեն արտադրել գարեջուր կամ տեղական հումքից գինի:

Լուսանկարը՝ Անի Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անի Մկրտչյանի

-Իսկ ունե՞ք ինչ-որ բան ավելացնելու։

-Այսօր մենք ունենք կադրային խնդիրներ։ Սեփականատերերը շեշտը դրել են մեր գյուղի երեխաների ուսման վրա, որ սովորեն, բարձրագույն կրթություն ստանան, վերադառնան և աշխատեն այստեղ։ Ցավալին այն է, որ երեխաները հիմնականում դառնում են հաշվապահ, թարգմանիչ կամ լրագրող, իսկ արտադրության համար մեզ պետք է քիմիկոս և ինժեներ։ Ես խնդրում եմ մեր գյուղի երեխաներին, որ նրանք սովորեն ֆիզիկա, քիմիա, որպեսզի հետագայում աշխատեն մեր գործարանում։ Նաև, եթե ցանկանում եք ավելին իմանալ մեր գործարանի մասին, այցելեք Darbas.am կայքը: