Մի փոքրիկ ժպիտ

Հարցազրույց Աղավնի տատի հետ

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

-Աղավնի տատ, մի քիչ պատմիր քո և ընտանիքիդ մասին:                                                                              

-Ես Աղավնի Ասատրյանն եմ, ծնվալ եմ էս կեղըմ` Դարբասըմ, ու ապրըմ եմ ստեղ: Ամուսնացալ եմ Զաքարունց ազգան Չապային նհետ (մունք Չապո ենք ասըմ), ունենք հենգ խոխա` երկու տղա, իրեք աղջիկ: Սաղն ալ խելունք դաստիարակված խոխերք են, ստացալ են բարձրագույն կրթություն: Ամեն հինչից մեզ կտրալ ենք, ասալ ենք` թող խոխերքը կարդան:

-Ինչպե՞ս ծանոթացար Չապո պապիկի հետ:

-Մունք Չապոյին նհետ նույն դասարանըմ էինք սըվերըմ, տեսա վեր լյավ տղայա, պաց չթողեցի, պաց թողիլի պան չէր: Ամուսնացանք, արդեն 59 տարի ա հաշտ, համերաշխ, մի հարկի տակ, սերավ ապրըմ ենք:

-Ինչպիսի՞նն էր գյուղը, երբ դու դեռ երիտասարդ աղջիկ էիր, և երբևէ ցանկացե՞լ ես գյուղից դուրս գալ:

-Կեղը շատ լյավ կեղը իլալ, միշտ ալ կեղը սիրալ ենք, կեղից կարալ չենք տուս կյանք, որովհետև կեղի հողին ու ճիրին հետ կապված ենք: Ես հունց վեր հողից ծնված իլեմ: Մենք միշտ ստեղ ըշխատալ ենք ու մեր արդար ըշխատանքավ մեր կարիքները բավարարալ: Ես միշտ ալ ասալ եմ. մունք մի լանջի տակ ունենք, հենց էդ լանջի տակից անց եմ կենըմ էնղոլ, ես հիվանդ եմ: Ես ոչ մի անգամ չեմ ցանկացալ կեղից տուս կյալ: Էն վեր ասըմ են` տնից լյավ տեղ չկա, ճիշտ են ասըմ:

-Ինչպիսի՞ն էր կրթությունը այն ժամանակ գյուղում:

-Կեղըմ կրթությունը շատ լյավ մակարդակի վիրայա դրված իլալ: Ես մեր դպրոցի ուսուցիչներավ պարծենըմ եմ, որովհետև լյավ, բանիմաց խոխերք են դաստիարակալ: Դասարանա իլալ, վեր 17 հոգի ավարտալ են, 17 հոգուց 16-ը ինիստուտա ընդունվալ ու բարձրագույն կրթություն ստացալ: Շատ լյավ դպրոց, շատ լյավ դաստիարակություն ա իլալ մեր կեղըմ:

-Դու գյուղում հայտնի ես քո եփած համեղ ճաշատեսակներով, ի՞նչ գաղտնիք կա այդ համեղ ճաշատեսակները եփելու մեջ:

-Ես իմ հոգիս տինըմ եմ էդ ճաշին մեջ, որովհետև օզըմ եմ, վեր անպայման համով իլի: Ասենք թան եմ տքցընըմ (նկատի ունի թան եփել), խաշիլ եմ եփըմ, հինչ վեր եփըմ եմ, համով ա իլըմ, սոտիկ դոլման անգամ վեր եփըմ եմ, էլլա ղորթիկ դոլմից համովա իլըմ: Հավեսին օտըմ ենք: Օզըմ ա հինչ ալ իլի, տաք ճիրին մեջ աղ եմ քցըմ, էլի համով օտըմ ենք: Էսքան տարի ա հենգ կով եմ քթըմ, պանիր անըմ, շտե լյավ պանիր ա պետք իլըմ, ասըմ են` Աղավնիկի պանիրն ա լյավը:

-Աղավնի տատ, մի հետաքրքիր ու զվարճալի դեպք պատմիր քո կյանքից:

-Մի օր հերս քինացալ ա աղբորս համար աղջիկ օզիլի, քինալիս ալ դասավորած ա իլալ մի բոթուլ արաղ, մին ալ մի կիլո կանֆետ ա նհետը տարալ, աղջկան չեն տվալ, ետ տառած եկալ ա: Մի ուրիշ օր խաբար են  ըրալ, թա` եկ, աղջկան տալիս ենք: Հերս քինացալ ա, էդ աղջկատերն էլ ասալ ա. «Բա էն օրը կարգին պան էիր պիրալ, սօր խե՞ չես պիրալ»: Դե հերս ալ հինչ ասի, ասըմ ա. «Կանֆետը տոն տանիլի, բաշտան խոխերքը կերան, կանֆետ չի իլալ, վեր պիրեմ»:

Մի օր քինացալ եմ հերանցս տոն, հորս ոննը (ոտքը) կոտրված ա իլալ, ինձ ասալ ա` օգնի բարձրացրի, ես ալ էնքան ուժեղ եմ բարձրացրալ, վեր ասալ ա. «Այ բալա, կարո՞ղ ա` գիդմ ես քոլան փարդու (գերան) ես քաշ տալիս, ոննա է, ցավըմ ա»:

Գուրգենը Ասատրյան Ավագի քվոր` Մարգարիտի կոռը (ձեռքը) տալիս ա, կոտրըմ: Ավագը կալիս ա Գուրգենի կուշտը ասըմ ա. «Գուրգեն, խի՞ ես տվալ Մարգարիտին կոռը կոտրալ՞»: Գուրգենն ալ պատասխանըմ ա. «Արա, կռանը չէի տալիս, կլխին էի տալիս, կպավ կռանը»: Թենց էլի, բալաս, ասալ ենք, խոսացալ, ծիծաղալ:

Այսպիսին է Աղավնի տատը` կենսուրախ, հումորով, այսպես ասած, համով-հոտով: Թեև նա հիմա կաթված է ստացել և էլ չի կարողանում աշխատել իրեն այդքան հարազատ հողի հետ, պատրաստել համեղ ճաշատեսակներ, բայց էլի բոլորին ժպիտ է պարգևում, ինչպես միշտ: Ահա մի փոքրիկ ժպիտ էլ նա ձեզ է նվիրում:

մարթա մինասյան սյունիք

Փոքրիկ Արև-Արեգը

Հունիսի 16-ը ինձ համար, կարող էր սովորական մի օր լինել, ինչպես  ամսաթվերի մեծ մասը: Բայց հիմա այն ավելի կարևոր, նշանակալից ու արևոտ օր է, քան իմ ծնունդը: 

Այդ օրն է ծնվել «Քառօրյա պատերազմի»  հերոս՝ թեժ մարտերում զոհված Արմեն Հովհաննիսյանի միակ զավակը` Արեգը:

Ես շատ ուրախացա, երբ իմացա, որ պետք է գնամ և զվարճացնեմ այդ մանկիկին: Նրանք ապրում են Սյունիքի մարզի Ծղուկ գյուղում, և չնայած հեռավորությանը` մեծ ուրախությամբ և  հուզմունքով ուղևորվեցինք  նրանց տուն:

Ճանապարհին պատկերացնում էի,  որ ներս մտնելիս տան ինչ- որ անկյունում, անտրամադիր նստած փոքրիկի եմ տեսնելու, բայց  սխալվեցի:Արեգը մեզ դիմավորեց մուտքի մոտ` պայծառ ժպիտով ու անսահման ուրախությամբ: Այդ պահից հասկացա, որ նա պարզապես  «փոքրիկ արև »է, և  իր ժպիտով մեծ ուրախություն է  պարգևում բոլորին:

Արեգը պատրաստակամ հագավ վագրիկի շորիկը և վագրին վայել խաղով ու մռնչյունով սկսեց «վախեցնել» բոլորիս:   Շատ ուրախ էր   հատկապես տորթի համար, որի վրա Մաշան և Արջն էին: Մոմերը փչելուց առաջ նրան հարցրի, թե ինչ նվեր է ուզում ստանալ: Ասաց, որ ուզում է տանկ ունենալ, և Արեգի  մայրը չկարողացավ զսպել արցունքները: Հետո  բոլորս միասին սկսեցինք երգել ու պարել: Արեգն էլ միացավ մեզ`արտասանեց ու հայրենասիրական երգ երգեց: Նրա հասակակիցները հիմնականում երգում են խաղերի, կենդանիների և մայրիկի մասին, իսկ նա` հայրենիքի:

Երբ  ավարտեցինք ևս մի երգ, փոքրիկն իր քաղցր ձայնով ասաց. -Մա՜մ, բա մոմերը չե՞նք փչում:

Վերջապես մոմերը փչեց, և շարունակեցինք ուրախ տոնը:  Սկսեցինք խաղալ Արեգի հետ, ավելի ճիշտ, նա էր խաղում,  իսկ մենք նայում  և ուրախանում էինք: Տղան զիլ ձայնով,  հերթով պայթեցնում էր բոլոր փուչիկները: Սկզբում պայթեցնում էր ձողիկով, հետո  փոխեց ռազմավարությունն ու սկսեց դրանք պայթեցնել` վրան  նստելով: Ամեն փուչիկի պայթյուն ավելի ու ավելի էր աշխուժացնում ծննդյան տոնը ու, թեև վագրիկի հագուստը  փոքր-ինչ մեծ էր վրան, բայց չէր նեղվում ու  անսահման երջանիկ վազվզում էր այս ու այն կողմ: Երբ հասավ նվերների  պահը, Արեգն ուղղակի ապշեց.

-Պահոոոոոոոոոոոո, ինչ շատ ա՜:

Իսկ երբ  շուռ տվեց գետնին, նվերները մի մեծ բուրգ կազմեցին, որից Արեգն  ավելի ուրախացավ:

Նրան այնքան էր դուր եկել մեր ներկայությունը, որ թույլ չէր տալիս հրաժեշտ տայինք:

Արեգը երջանիկ էր, որ մարդիկ են եկել, խաղում ու զվարճանում են իր հետ, իսկ մենք տխուր էինք: Տխուր էինք, որ հայրը չի կարող վայելել իր մանկան հրճվանքը, տեսնել, թե ոնց է մեծանում: Տխուր էինք, որովհետև Արեգը տղամարդ է դառնալու` անընդհատ զգալով իր հոր կարիքը:

Երբ այցելեցի նրանց, հասկացա, որ բոլորս պետք է այցելենք մեր հերոսների զավակներին, մենակ չթողնենք:

sona zaqaryan

Երևանյան ամառները

-Շա՜տ շոգ ա:

-Հա, շա՜տ-շա՜տ, բայց կարևորը, որ տատիկի մոտ կլինենք:

Ամեն անգամ Երևան գնալիս այս նույն խոսակցությունն է ծավալվում իմ և եղբորս միջև: Գուշակեցի՞ք, թե ինչու ենք ամեն ամառ գնում Երևան: Դե, իհարկե, մեր սիրելի տատիկի մոտ: Մայրիկիս մայրիկը, որի անունը Ասյա է, մեզ շա՜տ է սիրում: Ճիշտ է, նա չորս թոռնիկ ունի, բայց յուրաքանչյուրի հանդեպ էլ առանձնահատուկ սեր և մեծ հոգատարություն է ցուցաբերում: Երբ մոտենում ենք դռանը և զանգը տալիս, գիտենք, որ մեր սիրելի տատիկը ուր որ է կբացի և կասի մեր շա՜տ սիրելի ու ավանդական դարձած նախադասությունը.

–Մատաղ լինեմ ձեզ…

Երբ մտնում ենք տուն, ամեն ինչ այնքա՜ն հարազատ է, չէ՞ որ մանկության ուրախ հուշերի մեծ մասը այդ տան ու իմ բարի տատիկի հետ է կապված: Ահա հյուրասենյակում դրված է հին, բայց հիշողություններով  լի մայրիկիս դաշնամուրը, որն  անհամբեր սպասում է, թե երբ պետք է իրեն նվագեն: Ահա իմ մանկության լուսանկարներից մեկը, որտեղից կարծես ժպտում եմ ինքս ինձ: Ահա պատշգամբից երևացող Արա լեռը,  որը հպարտ կանգնել է և վսեմ հայացքը ուղղել մեզ վրա: Ահա և պատշգամբի պատին խնամքով նկարված նկարները, որոնք մեր մանկությունից են մնացել:Եվ վերջապես, ահա և տատս, ով նայում է ինձ՝ իր գեղեցիկ և կանաչ աչքերով, որոնք ամենևին էլ իրենց փայլը չեն կորցրել տարիների ընթացքում, և ժպտում է՝ լցնելով իմ սիրտը անսահման բարությամբ: Տատս, ով իր կյանքում շա՜տ դժվարություններ է տեսել և կարողացել է հաղթահարել դրանք, ամենևին էլ չի ընկճվել և շարունակել է կյանքին նայել իր բարի ու գեղեցիկ կանաչ աչքերով և ապացուցել, որ բարությունը հաղթում է ամեն ինչին: Ես միշտ հիացել ու հպարտացել եմ նրանով` նրա անկոտրում կամքով, նրա բարությամբ ու գեղեցկությամբ: Նա լցրել է իմ Երևանյան ամառները իր քնքշությամբ ու հոգատարությամբ:

Տատիկիս պատրաստած համեղ ճաշատեսակների մասին բոլորը գիտեն, իսկ նրա պատրաստած տոլման՝ մատներդ էլ հետը կուտես, էլ չեմ խոսում բուտերբրոդների մասին: Անգամ թոռնիկներով որոշել էինք, որ տատիկի հետ պետք է բուտերբրոդներ պատրաստենք ու վաճառենք, այն էլ շատ թանկ գնով: Երբ տատիկը հարցնում էր, թե ինչո՞ւ ենք ուզում այդքան թանկ վաճառել, մենք պատասխանում էինք.

–Որովհետև տատիկի կախարդական ձեռքերով են պատրաստվել:
Տատիկն էլ մեղմաբար ժպտում էր ու գրկում բոլորիս:

Հիմա տատիկն էլ է մեծացել, մենք էլ: Հիմնականում չի ստացվում, որ բոլոր թոռներով տատիկի հետ լինենք: Դե, ինչ կարող ենք անել, ցավոք մանկությունն էլ է ավարտվում: Այնքա՜ն կուզեի, որ այն հավերժ լիներ…
Երևանյան ամառները իմ կյանքի ամենալուսավոր ու ամենասիրելի պահերն են եղել: Գուցե ամեն ինչ վերանա, և ոչինչ հավերժ չլինի, բայց հիշողությունները հավերժ մնում են մեր սրտերում: Իսկ երևանյան ամառները հավերժ կմնան իմ սրտում, որպես մանկության ամենաթանկ հուշեր…

hermine zaqaryan

«Զիրավ հընցեք» կամ` պահպանեք բարբառը

Ինչպես տարբեր երկրներ ու պետություններ  ունեն իրենց լեզուն ու մշակույթը, այնպես էլ Հայաստանն ունի իր պաշտոնական լեզուն՝ հայերենը, բայց հայերենից զատ գոյություն ունեն բարբառներ, որոնք էլ հենց մեր լեզուն դարձնում են այդքան յուրահատուկ ու տարբեր: Սովորաբար ասում են Սիսիանի բարբառ,Գյումրու բարբառ և այլն, սակայն ես կարծում եմ, որ ամեն գյուղ ունի իր բարբառը, իր հաղորդակցման հատուկ ձևը: Մեր գյուղում այնպիսի բառեր կան, որ միայն մենք ենք հասկանում և օգտագործում: Օրինակ` լսե՞լ եք, «կեռիք ա երինգիլու» արտահայտությունը, որը նշանակում է` «ատամ է ընկնելու», և մենք հասկանում ենք. կռիվ ա լինելու, անախորժություն ա պատահելու, կամ` «հի՞նչ պանի ես, հինչի՞ վիրա ես», նշանակում է` ի՞նչ ես անում, ի՞նչ գործի ես, ինչո՞վ ես զբաղվում:

Ես ամենաշատը սիրում եմ «Զիրավ հընցնել» արտահայտությունը, որն էլ նշանակում է` գլուխ քաշել, տեղեկանալ: Սակայն այս բառը նոր ենք իմացել, ու ամբողջ օրը երեխաներով դա ենք ասում:

Այնքան եմ սիրում, երբ մենք խոսում ենք այսպես, ու ոչ ոք մեզ չի հասկանում: Մի տեսակ մեզ բնորոշում է, առանձնացնում ու հատուկ դարձնում մեզ մեր բարբառը, միևնույն ժամանակ, միավորում է: Երբեք չեմ սիրել, երբ ինձ ասել են` մի՛ խոսիր ձեր բարբառով, չէ որ հենց բարբառներն են ներկայացնում մեր լեզվի առանձնահատկությունները:

Հիշում եմ, մեր գյուղապետը ասում էր, որ միշտ պահպանենք մեր բարբառը, այնպես անենք, որ այն չկորի, և ինքն էլ այդպես էր անում: Մենք էլ ենք այդպես անում ու միշտ էլ անելու ենք, որպեսզի 100-200 տարի հետո այս ժամանակաշրջանի մշակույթը ներկայացվի ու պահպանվի հենց մեր բարբառի միջոցով:

Sose zaqaryan

Մեր պատմության քննությունը

16.06.2016` մեր պատմության քննության օրը: Քննություն, էն էլ ինչ քննություն: Ժամը տասներկուսն անց քսան րոպե է,  և մենք դեռ չենք սկսել, չնայած այն փաստին, որ առավոտյան 9-ից դպրոցում ենք: Պարզվեց, որ այն մարդիկ, ովքեր պատասխանատու են, որ թեստերը ժամանակին ու ճշգրիտ տեղ հասնեն, շփոթել են` Կապանի թեստերը տվել են Սիսիանին,  իսկ Սիսիանինը՝ Կապանին:

Պատահականություն էր դա , թե՝ ճակատագիր, չգիտեմ:  Ինչու եմ այդպես ասում, որովհետև մեր դասարանի տղաներից 3-ը վաղը մաթեմատիկայի միասնական քննության են և պատրաստվում են.  կրկնում,  ստանում իրենց վերջնական խորհուրդները: Իսկ ես իմ մասին էլ չասեմ. լուռ լսում եմ նրանց և վերլուծում,  թե որ խորհուրդն է ավելի տեղին, որը ավելի պետք կգա նրանց, կկարողանա՞ն բարձր ստանալ և այլ հարցեր…

Նայում եմ ժամացույցին. արդեն տասնմեկն անց քսանհինգ րոպե է: Տղաները սկսեցին արդեն կատակել, բայց համոզված եմ, որ մտքում անհանգստանում են վաղվա համար: Բայց ես հո՞ գիտեի, որ ամեն ինչ լավ է լինելու,  կամ էլ  չէի ուզում վատը մտածել:

Չմոռանամ նշել. դեռ չկան մեր պատմության թեստերը. երևի ավելի կուշանան:

…Սա այն հատվածն է, որ ես գրել էի իմ քննության օրը: Վերջապես թեստերը հասան տեղ, և այս տարի առաջին անգամ մենք բոլորս քննություն հանձնեցինք: Արդեն եղել է նաև միասնական քննությունը և,  ինչպես ես մտածում էի,  տղաները  կարողացան հաջողությամբ հանձնել:

Մենք կարողացանք հանձնել նաև Հայոց պատմության քննությունը, չնայած անհանգստությանը և շփոթություներին:

Տոպկան այսօրվա հերոս

Լուսանկարը՝ Անի Ասրյանի

Լուսանկարը՝ Անի Ասրյանի

Հունիսի չորսին դասարանով որոշեցինք գնալ Սիսիանի բարձր լեռներից մեկը՝ Խութիսը, որտեղ կկարողանայինք տեսնել Սիսիանի երկայնքով սփռված բոլոր գյուղերն ու ավանները: Ուզում էինք խաչքար տեղադրել Խութիս լեռան վրա, որպեսզի յուրաքանչյուր սիսիանցի իմանա, որ այդտեղ խաչքար-սրբավայր կա:

Արդեն բոլորը ճանաչում են Սիսականի ինը հերոսներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն մեզ: Խաչքարը, որը պետք է տեղադրեինք, օծվեց: Դրա հետ միասին լեռան գագաթ պետք է բարձրացնեինք քարե գիրքը, որը պատրաստվել է ի պատիվ մեր հերոսների հիշատակի:

Մեր որոշումը կայացվեց և հունիսի հինգին ժամը տասին քահանան մեզ՝աշակերտներիս օրհնեց և շարժվեցինք: Հասանք լեռան լանջին, և այստեղից սկսվեց դժվար լեռնագնացությունը: Դեռ լանջից թվում էր, թե լեռը մոտ է, սակայն ամեն գագաթ հաղթահարելիս ճանապարհը ավելի էր երկարում: Լանջը լիքն էր երփներանգ ծաղիկներով: Ճիշտ է, երբ ասում են, որ Սիսիանը հարուստ է իր բնաշխարհով: Այդտեղ կան բազմազան ծաղիկներ, միջատներ և սողուններ: Մի կածան գտանք և այդ տեղով շարժվեցինք դեպի վեր: Մի քանի ժամ հետո հասանք լեռան ամենաբարձր գագաթը, հենց այդտեղ էլ մեզ միացավ նյութիս այսօրվա հերոսը՝ Տոպկան:

Տոպկան այն շունն է, որի մասին ուզում եմ պատմել՝ հսկա, մեծ ատամներով: Հեռվից թվում էր՝ վտանգավոր է, մեզ հասնելուն պես կկծի: Երբ մոտեցավ ինձ բերանը գլխից մեծ բացեց, իսկ ես վախից քարացել էի: Նրա տերը կանչեց.

-Տոպկա՛, բարևի´ր երեխաներին:

Շունը ոտքը վեր բարձրացրեց ու թաթը կախեց: Հենց այդ պահից մենք հասկացանք, որ չնայած իր խոշոր չափերին՝այդքան էլ վտանգավոր չէ: Երբ մենք սկսեցինք նկարվել, շունը եկավ ու նստեց մեր կողքին. կարծես հասկանում էր մեզ: Նա էլ մեզ հետ նկարվեց, հետո տերը ասաց.

-Դե նստի՛ր գագաթին, որ նկարեն քեզ:

Նա գնաց, նստեց ամենամեծ քարի վրա և չշարժվեց այնքան, մինչև որ նկարեցինք:

Տոպկան նույնիսկ կարողացավ մեզ օգնել խաչքարերը վեր բարձրացնելու գործում: Մի պահ նկատեցինք, որ երկու գործիք կապել էին մեջքին, և նա բարձրացնում էր վեր: Երբ մեր դասղեկը մեզ պատմում էր, թե ի՞նչ նշանակություն կունենա այդ արշավը տարիներ հետո: Շունը հանգիստ նստել ու մեզ պես լսում էր, իսկ երբ տղաները սկսեցին խաչքարերը տեղադրել, Տոպկան սկսեց վազվզել ու ցատկոտել: Նա էլ մեզ պես երջանիկ էր, որ կարողացանք մոռացված գագաթը դարձնել անմոռանալի մի տեղ: Վերջում մոմեր վառեցինք և երբ ուզում էինք շարժվել, նկատեցինք, որ շունը նստել է մոմերի առջև. դե երևի կենդանիներն էլ են կարողանում աղոթել. չէ՞ որ նրանց ևս ստեղծել է Աստված: Տերը կանչեց, և նա եկավ մեր ետևից: Այնքան հրաշալի շուն էր, որ մենք նույնիսկ ցանկություն հայտնեցինք նրան մեզ հետ իջացնել գյուղ, բայց Տոպկան վարժեցված էր ու տիրոջից չէր հեռանում: Այս ամենը ապացուցեց, որ շունը իսկապես մարդու հավատարիմ բարեկամն է: Ես շատ եմ ուզում, որ այդ օրը կրկնվի, որպեսզի նրան ավելի լավ ճանաչեմ, ու ձեզ ավելի շատ բան պատմեմ իմ հերոսի մասին:

Ձեզ կթվա, թե այս ամենը հեքիաթ է, բայց իրականությանը շատ մոտ: Սա իրականություն է մեր անիրական աշխարհից էլ իրական:

մարթա մինասյան սյունիք

Ճանապարհի սկզբին

Հարցազրույց պատանի երգչուհի Սուսաննա Հունանյանի հետ 

-Սուսաննա, դու Սիսիանում սիրված պատանի երգչուհի ես և տարբերվում ես քո հասակակիցներից հաջողություններովդ: Ե՞րբ սկսեցիր երգել:

-Սկսեցի երգել 2-րդ դասարանում, դպրոցի միջոցառումներին: Այնուհետև 4-րդ դասարանում, երգի ուսուցչուհուս խորհրդով ընդունվեցի երաժշտական դպրոց:

-Կցանկանայի իմանալ, թե ինչ ոճի մեջ ես նախընտրում երգել:

-Ինձ համար ավելի նախընտրելի է էստրադային և ջազային ոճը: Իսկ դու ի՞նչ ոճով ես նախընտրում երգել:

-Ես նախընտրում եմ գրեթե բոլոր ոճերը: Սակայն չմոռանանք, որ ես եմ հարցեր տալիս, և իմ հաջորդ հարցն է. ո՞ր երգչուհին է քո սիրելին:

-Սիրում եմ Լարա Ֆաբիանին: Նրա մեջ ինձ դուր է գալիս հզոր ձայնն ու անթերի տեմբրը…

-Սուսաննա, մասնակցո՞ւմ ես երաժշտական մրցույթների, եթե այո, ապա ո՞ր մրցանակն է քեզ համար ավելի թանկ:

-Դեռ այդքան շատ մրցանակներ չունեմ, և ինձ համար դեռևս ամենակարևոր մրցանակը Art Music մրցույթում գրաված առաջին հորիզոնականն է:

-Լինելով պատանի երգչուհի, դու նաև դպրոցական ես, հետևաբար հարց է ծագում. ընկերական շրջապատում խանգարո՞ւմ է քեզ ճանաչված լինելը, թե՞ ոչ:

-Դա մի քիչ դժվար հարց է, բայց կաշխատեմ պատասխանել: Ես սիրում եմ հավասարություն, կարևորում եմ մարդկանց հետ շփվել հավասարը հավասարի հետ, և ինձ երբեք վեր չեմ դասում իմ ընկերներից: Ճանաչված լինելը ինձ չի խանգարում ընկերական շրջապատում, քանի որ իմ ընկերները ինձ պես պատանիներ են:

-Ինչպե՞ս ես պլանավորում օրդ, թե՞ ինքնաբերաբար ստացվում է ինչպես պատահի:

-Օրս ավելի հետաքրքիր է դառնում, երբ տեղի են ունենում հաճելի պատահականություններ: Այդ իսկ պատճառով, գտնում եմ, որ պատահականության սկզբունքով օրս ավելի բովանդակալից է դառնում:

-Ի՞նչն է քեզ ոգեշնչում:

-Ինձ ոգեշնչում է հանդիսատեսը: Նրանց ներկայությամբ ես ինձ ավելի ինքնավստահ եմ զգում և հավատում եմ իմ ուժերին:

-Ի՞նչ խորհուրդ կտաս հասակակիցներիդ, որ իրենց օրն էլ հետաքրքիր անցնի:

-Խորհուրդ կտամ երբեք չդադարել շփվել մարդկանց հետ, չէ՞ որ ընկերական շրջապատում են ծնվում բոլոր անմոռանալի արկածները, որոնք օրն էլ ավելի հետաքրքիր ու հիշարժան են դարձնում:

ANi mkrtchyan

Ես Անին եմ Սյունիքից

Ես Անի Մկրտչյանն եմ, ծնվել եմ 2000 թվականին՝ Դարբասում: Սիրում եմ երազել, դիտել գեղարվեստական ֆիլմեր և մուլտֆիլմեր: Հաճախ ինձ ասում են՝ պետք է մեծանաս, հերիք է դիտես մուլտֆիլմեր: Սովորում եմ 10-րդ դասարանում: Մեր դասարանում սովորում է 7 աշակերտ: Դասարանում ես «ընդդիմախոս» եմ, սիրում եմ հակասել տարբեր օրինակներով: Նաև կատակասեր եմ, ունեմ շատ ընկերներ:

Մի հետաքրքիր բան պատմեմ իմ կյանքից: Մի անգամ գնացել էի մորաքրոջս տուն մեկ-երկու օրով, առաջին օրը դուրս եկա զբոսնելու, ծանոթացա այնտեղի երեխաների հետ: Հաջորդ օրը խոհանոցում գործ էի անում, երբ մորաքույրս եկավ և ասաց, որ ինձ կանչում են դուրս: Դուրս եկա, և զարմանալի էր. քսանից ավելի երեխաներ եկել էին, որ ինձ հետ խաղային:

Ես՝ ինչպես բոլոր մարդիկ, ունեմ վատ կողմեր. շատ եմ բարկանում, շատ եմ խոսում, շուտ եմ նեղանում, հեշտ եմ հանձնվում: Սիրում եմ անգլերեն լեզուն, ուզում եմ դառնալ թարգմանչուհի: Երազում եմ Ամերիկա գնալ, այնտեղ սովորել, աշխատել, բայց հետո վերադառնում եմ իրական կյանք, որովհետև շատ երազողը կորցնում է իրականության զգացումը:

Սիրում եմ նայել տիեզերքին, աստղերին, կենդանիներից սիրում եմ գայլ և օձ, չնայած օձը սողուն է, բայց ինձ համար շատ մարդկանցից ավելի բարձր կենդանի է:

Սիրում եմ հավաքույթներ կազմակերպել ընկերներիս մասնակցությամբ:

Հաճախ այնպիսի հարցեր են ծագում մտքիս մեջ, որ նույնիսկ ես ինձ վրա եմ ծիծաղում: Օրինակ՝ ինչի՞ համար է մարդը ստեղծվել՝ երկրագունդը ոչնչացնելո՞ւ, թե՞ փրկելու, կամ ի՞նչ է լինում, երբ մարդը մահանում է:

Մասնակցում եմ մի քանի խմբակների՝ պարի, երգի, ուլունքագործության և անգլերենի պարապմունքի:

Սիրածս ֆիլմերից են՝ «Մթնշաղը», «X-մարդիկ», «Կարիբյան ծովի ծովահենները», «Հարի Փոթերը» և այլն:

Պատրաստում եմ տարբեր քաղցրավենիք և ճաշատեսակներ: Ասում են, որ համեղ եմ պատրաստում:

Կցանկանայի, որ բոլորն ինձ նման հավատային հրաշքների, չէ որ հրաշքին նախորդում է հավատը:

Մեր կողքին ապրող երեխաները