Anahit Badalyan

2020 թվականի առաջին դասարանցին

Մենք մտանք դպրոց՝ մեր մազերին նուրբ ու ճերմակ ժապավեններով, նոր ու մեր մեջքից մի փոքր մեծ պայուսակներով, ծաղկեփնջերով ու դիմակների հետևում փայլող ժպիտներով։

Մեր փոքրիկ մարմինները չծալվեցին ու չտրորվեցին մարդաշատ ամբոխով լիքը դպրոցի բակում, մենք դասարան մտանք իրար հերթ տալով՝ իրարից հեռու մի փոքր, համբերատար ու հանդարտ։ Մեր ապագա ամենամտերիմ ընկերուհին ամենաանկեղծ պատահականությամբ չնստեց մեր կողքին ու չասաց մեզ իր անունը՝ մի քիչ երկար, բայց հետագայում կրճատելի հաստատ։ Լիքն ու ազատ թվացին մեզ դպրոցի նստարանները՝ իրարից հեռու, բայց դե ոչինչ․․․

Դասամիջոցին մենք դուրս չեկանք՝ մեր առաջին կարկանդակը մեր կողքին նստող այն երկար անունով աղջկա հետ կիսելու։ Ու չիմացանք մի ահագին ժամանակ՝ ինչ է բուֆետի աշխատողի անունը մեր կորպուսում։ Մենք ուզեցինք ամրացնել մեր մազերի թուլացած ժապավեններն ու մեր փոքրիկ դեմքը ծածկող այն մեծ կտորն ընկավ հատակին։ Մենք զգույշ վերցրեցինք ու նետեցինք այն աղբամանը, հետո հոտավետ անձեռոցիկով սրբեցինք մեր փխրուն ու մանր ձեռքերը՝ մեզ նման մաքուր, պայուսակից խնամքով հանեցինք մեծ ու ականջ հարող էլի մի կտոր ու ամրացրինք մեր դեմքին՝ անվիշտ և ուրախ։

Մենք լսեցինք ուսուցիչների մաղթանքները՝ սեպտեմբերի մեկի, ու ծիծաղեցինք հաճախ, որովհետև արդեն 14-ն էր սեպտեմբերի։ Դասարանով մեկ հնչող ծիծաղի ձայների միջից մենք պատկերացրինք իրար ժպիտները՝ փոքր ատամներով ու նուրբ վարդագույն շուրթերով։ Ու պատկերացրեցինք՝ ինչքան համով պիտի լինեին մեր կիսելիք կարկանդակները ու ինչքան մեծ՝ մեր փոքրիկ մռութների համար։

Մենք դուրս չեկանք դասարանից ու չհանդիպեցինք զուգահեռցիներին։ Չնայեցինք նրանց մանուկ հակառակորդի ոգով ու չասացինք նրանց, որ ամենալավը մե՛ր դասարանն է։ Մենք նկարվեցինք մեկ-մեկ ու հատ-հատ, իսկ խմբովի նկարում ես ինձ դժվարացա գտնել տարիներ անց։

Բայց մենք սկսեցինք սովորել դպրոց մտնելու հենց առաջին պահից։ Սովորեցինք, որ պիտի զիջել իրար ու կարգապահ լինելով հերթ կանգնել դասարան մտնելիս։ Շատ տարիներ անց մենք այդ նույն ոգով զիջեցինք ծերին, փոքրին ու շտապողին, ու հարգանք տարածվեց մեր շուրջբոլորը։ Սովորեցինք դիմացինի տարածքը հարգել ու մտերմություն անել հեռվից մի քիչ։ Այդ նույն հեռավորության սահմանի եզրը կամաց-կամաց հատել հաջողվեց, ու մենք նվաճեցինք այն հեռուները, որոնք ամենամտերիմներն են գեթ կտրում, անցնում։ Սովորեցինք դասագրքերը, տետրերն ու գրիչները պայուսակում դնելու հետ մեկտեղ ամեն օր կոկիկ տեղավորել մեր սիրած գույնի դիմակն ու, ինչքան էլ որ ցավոտ էր մի քիչ, այն կրելիս չլինել դժգոհ, այլ՝ համբերատար։ Ու զերծ պահեցինք մեր դեմքը բոլոր-բոլոր դիմակներից, պոկվեցինք ցավից ու միշտ ապրեցինք ճակատով հպարտ, պարզ ու բարձր։

Մենք չկիսեցինք գուցե կարկանդակ կամ էլ բլիթներ, բայց սովորեցինք օգնել կողքինին մեր պայուսակում մնացած վերջին դիմակով։ Հետո դիմակը դարձավ լավ խորհուրդ, ու կողքինները, որոնց օգնեցինք, սկսեցին կոչվել ազնիվ ընկերներ։ Սովորեցինք մտերմանալ առանց իրար մոտ կանգնել-նստելու, ու տարիներ անց մտերիմ մեկի կողքին նստելիս կարողացանք գնահատել երջանկությունը՝ բացակա հեռավորության։

Մենք սովորեցինք իրար ճանաչել միայն լսելով, ու գրքեր կարդալը դեռ չսովորած՝ իրար հայացքներ կարդալ յուրացրինք։ Կարողացանք խոսել պարզ ու լսելի ու սովորեցինք կրկնել ասածը, եթե դիմակը հանկարծ խանգարի։ Ու հետո կյանքում մեզ խանգարելիք բոլոր դիմակները սովորեցին մեր՝ լսելու համար տրվող պայքարին։

Շա՜տ տարիներ անց՝ մեր վերջին զանգի օրը տոնելիս մենք ետ նայեցինք մեր այն առաջին, սիրուն նկարին․ այդ ժամանակ էր, որ մենք հասկացանք՝ մենք սովորել ենք իրար այնպես լավ, որ հարյուր հազար դիմակներն անգամ մեր հայացքները շփոթել չեն տա։

armine karapetyan

Պատահական հանդիպումներ

Ու ամենագեղեցիկ հանդիպումները լինելու են ամենապատահականները: Երբեք չես մտածելու օրվա, ժամի, հագուստիդ ու դեմքիդ գույների մասին: Ամենաչսպասվածները սպասվածներն են լինելու: Լինելու են ամենաչպլանավորվածներն ու անկանխատեսելիները, որոնք հերթականությամբ ու արմատապես պիտի փոխեն ողջ կյանքդ: Ամենագեղեցիկ պահերն ու դեմքի ամենաանկեղծ արտահայտություններն են լինելու:

Դրանք գալու են, որ վստահաբար հանգրվանեն սրտիդ ամենանուրբ լարերի աթոռներին ու կառավարեն սրտիդ նոտաներն ու ամենանվիրական զգացումներդ: Պատահական են լինելու, չես զգալու, որ հոգուդ մի կտորը, որ երբևէ սովոր չի եղել պատահականությունների, որի համար անակնկալները եղել են երջանկության ամենանշմարելի պահերը, այսօր պատահականության զոհ է: Դու շատ ուշ կամ երբեք էլ չես հասկանալու, որ ժամանակի հսկա թափանիվը քեզ առել է իր թևերին ու պտտում է այնպես, որ աշխարհից կտրվում ես:

Հոգիներ կան, որոնք հավերժ սպասում են պատահական հանդիպումների, շատ լավ հասկանալով, որ կյանքում պատահականություններ չեն լինում, որ ստեղծման օրից ի վեր ամեն ինչ  նախօրոք պլանավորված է եղել, և մտքումդ հանգրվանածն ու ճակատագիրն են ամեն ինչի կառավարիչը: Պատահական հանդիպումները շատ հաճախ հենց ամենաճակատագրականն են ու ամենամնայունը, որ կյանքումդ հեղաշրջում են բերում: Բերում են շրջադարձեր, որոնք պիտի վառ գույներով ներկեն, արևով ջերմացնեն ու արև-հոգիներով լցնեն, իմաստավորեն մինչ այսօր ունայնություն թվացած կյանքդ:

Կյանքում ոչինչ պատահական չի լինում, պատահական հանդիպումներ, զրույցներ ու մարդիկ չեն լինում: Լինում են ճակատագրական հանդիպումներ ու ճակատագիր-մարդիկ, որ գալիս են, հաստ ռետինով ջնջում տխուր տողերն ու նուրբ, ամենանուրբ շարժումով անցավ դրոշմում են իրենց անունը ճակատիդ, իրենք իրենց՝ սրտումդ…

Anahit Badalyan

Մարդիկ

Մարդկանց պետք են մարդիկ։ Պետք են, որ լսեն իրենց լայն բացված աչքերով, որ խոսեն իրենց հետ ոգևորված ու արագ-արագ՝ ինչ-որ հետաքրքիր պատմություն պատմելով կամ ոչ ծիծաղելի մի անեկդոտ հիշեցնելով։ Պետք են մարդիկ, որ հետները գնան դպրոց, համալսարան, աշխատանքի կամ թոշակ ստանալու։ Միասին գնան զբոսնելու, կինո կամ թատրոն, պիցցա կամ սուշի ուտելու, սուրճ կամ գինի խմելու։

Մարդկանց մարդիկ են պետք, որ համադասարանցիներ լինեն ու միասին ավարտեն դպրոցը։ Որ սովորեն նույն կուրսում ու 4-5 տարի դասերից հետո միասին գնան գնումների, աշխատանք որոնելու կամ իրար տուն՝ միասին մի բան սարքելու։ Պետք են մարդիկ, որոնք կզանգեն ինչ-որ հաճախականությամբ ու կհարցնեն՝ ինչ կա-չկա։

Մարդկանց մարդիկ են պետք, ում ցույց կտան նոր գնած զգեստները, կհարցնեն՝ ինչ կարծիքի են դրանց մասին ու մի տեսակ կլինեն գուցե՝ թե էդ մարդիկ իրենց սրտով մի բան չասեն։ Էնպիսի մարդիկ են պետք, ում հետ կքննարկեն եկող աշխատանքային օրվա անելիքները, կորոշեն շաբաթ-կիրակի միասին գնալ լողավազան կամ կտան իրենց հեռախոսը, որ սիրուն այգու մոտով անցնելիս նկարեն իրենց։

Մարդկանց առօրյա, կենցաղային մարդիկ են պետք։ Թվացյալ բովանդակ, կարևոր ու բաղկացուցիչ մարդիկ, որոնց շատությունը դառնում է սովորական, որոնց պակասը, սակայն, անսովոր լինելուց բացի չի դառնում երբեք ցավեցնող ու դատարկ։ Պետք են հեշտ մարդիկ՝ թեթև, ծիծաղող, ինչ-որ անտրամաբանական ու մեկ-մեկ հիմար ու ձևական բաներ անող ու էդ հիմարությամբ «անկեղծ» տպավորություն ստեղծող մարդիկ։ Պետք են հեռախոսին պատասխանող մարդիկ, էնպիսիները, որոնց արժե զանգել դասի գնալուց առաջ կամ դասերից հետո։ Որոնց հետ արժե գնալ խանութներով ու նկարվել սիրուն այգիներում։ Որոնց հետ լավ է, հեշտ է, անհոգ։

Մարդկանց պետք չեն լիքը մարդիկ։ Լիքը մարդիկ բարդ են, պարունակ ու խորը։ Լիքը մարդիկ կարող են բացարձակ տարբեր ու ծայրահեղ ճաշակ ունենալ, կարող են և չհավանել քո ընտրած զգեստն ու չսովորել քեզ հետ նույն կուրսում կամ համալսարանում։ Բայց երկար են մտածում էդ մարդիկ ամեն անգամ, երբ իրենցից ինչ-որ կարևոր խորհուրդ ես հարցնում։

Լիքը մարդիկ լիքն են պատկերացնում կյանքում ամեն բան՝ ջերմությունը, հոգատարությունը, մտերմությունը։ Կիսատված լինելը լիքը մարդկանց ցավն է։ Լիքը մարդիկ անկեղծ են, իսկական ու հավատարիմ։ Թեթև չեն, ու գուցե հեշտ չէ նրանց հետ մի խանութից մյուսը թափառել։ Գուցե խոսակցությունները առօրյա չեն՝ ձանձրալի ու անբովանդակ լինելու չափ։ Գուցե անընդհատ նոր բան կա նրանցից լսելու կամ նրանց լսեցնելու։ Լիքը մարդկանց սրտերում չի գալիս ժամանակ, երբ մտերմությունը դառնում է սովորական, իսկ ջերմությունը՝ դադարում գնահատելի լինելուց։ Լիքը մարդիկ մի՛շտ են հարում մտերմությանն ու միշտ գիտեն՝ ինչ թանկ բան է անկեղծ հոգատարությունն ու ջերմությունը։

Նրանց հետ խանութներով կգնաք հազարից մեկ, լողավազան՝ միլիոնից մեկ, այգիներում կնկարեք-կնկարվեք շատ կամ քիչ: Բայց կխոսեք նրանց հետ: Ոչ հեռախոսով ու ոչ առօրյայից: Կյանքից, լավից, վատից…

Մարդկանց պետք չեն մարդիկ, որոնք լաց են լինում իրենց ականջին։ Պետք չեն գիշերվա հազարին կյանքի անցողիկության, տարիների՝ արագ թռչելու, կամքի մեծ ուժի ու արժեքների մնայուն լինելու մասին մտքերից արթուն մնացող մարդիկ։

Պետք չեն մարդիկ, ովքեր հանկարծ ու առանց ինչ-որ առիթի կարող են ուրախանալ կամ տխրել։ Պետք չեն մարդիկ, որոնց ուրախության ու տխրության առիթները այնքան ակնհայտ չեն, ինչքան նոր զգեստը, հաջողված ֆոտոշարքը կամ նման մի բան։

Մարդկանց պետք չեն մարդիկ, ովքեր իրենց մեջ ամենից շատ ու ամենից առաջ կգնահատեն իրենց մնայուն լինելը։ Ովքեր թքած կունենան այն բոլոր պահերի վրա, որոնցում եղել են բացակայություններ, հեռավորություն ու ժամանակ, ու շնորհակալ կլինեն կյանքին՝ էս ամենի միջով անցնող ու իրենցը մնացող մարդկանց գոյության համար միայն։

Մարդկանց պետք չեն միշտ օգնության պատրաստ ու հավատարիմ մարդիկ։ Պետք չեն մարդիկ, որոնց հետ սուրճի կամ գինու փոխարեն կարելի է թեյ խմել։ Որոնց հետ առօրյա ու սովորական խոսակցություններին մի քանի տասնյակ անգամ կասեք-կլսեք Սարտրի, Նիցշեի, կամ ձեր իմաստուն հարևանների թևավոր խոսքերից ու չեք էլ իմանա, թե նրանք են ասել էդ խոսքերը։ Կմտածեք՝ դուք եկաք էդ խոր ու փիլիսոփայական եզրահանգումներին ձեր խիտ ու անկեղծ զրույցների արդյունքում։

Մարդկանց խճանկար մարդիկ պետք չեն։ Պետք չեն հանելուկներ։ Որ չմտածեն։ Որ ժամանակ չծախսեն։ Որ չսխալվեն հանկարծ, երբ չգտնեն ճիշտ պատասխանը հանելուկի կամ չկարողանան հավաքել խճանկարը։ Մարդկանց պետք չեն վեպեր կամ խորին չափածոներ՝ խառը բառերով ու բազմազան կետադրական նշաններով։ Նրանց պետք են պարզ համառոտ նախադասություններ։ Անբովանդակ։ Հեշտ։ Լուծելի։ Ստորակետներ, բութեր, շեշտեր հարկավոր չեն։ Նրանց վերջակետն էլ է հերիք՝ եզակի ու ճշգրիտ, որովհետև հավանականություն չկա՝ վերջակետը վերջից բացի ուրիշ մի տեղ դնելու, ու նրանք կկարողանան կետադրել իրենց գտած մարդկանց ճիշտ ու անթերի։

Մարդկանց միշտ-մարդիկ պետք չեն։ Միշտը բարդ բան է։ Էդ մարդիկ շատ են թեթև ու վառ՝ հավերժի բարձրության ծանրությունն իրենց ուսերին կրելու համար։

maneHarutyunyan

Անորոշության վտանգները

Կյանքում երբեմն ստեղծվում են պատնեշներ, որոնց մենք անկարող ենք դիմակայել։ Նախկինում ես այդ պատնեշների մասին արկածային գրքեր էի կարդում, հիանում գլխավոր հերոսի ճարպկությամբ, պատկերացնում ինձ նրա տեղում։ Երազում էի հայտնվել ճակատագրական մի խաչմերուկում, որտեղ որոշումներ կայացնելու հնարավորություն կունենամ ու իմ խելամիտ քայլերի շնորհիվ կկարողանամ հաղթահարել հաջողություններն օղակող այդ պատնեշները։ Սրանք 10-12 տարեկան աղջկա սուպերհերոս դառնալու երազանքներ էին, իսկ իրականությունը, ցավոք կամ բարեբախտաբար, ինձ համար ուրիշ՝ ավելի իրատեսական պատնեշներով ճանապարհ էր ընտրել։

Երևի երբեք չէի պատկերացնի, որ կյանքում ամենաշատը կատեմ անորոշությունը։ Առաջին հայացքից թվում է, թե այն ամենահեշտ հաղթահարելի փորձություններից մեկն է ու դրանից վախենալ պետք չէ, քանի որ երբեք պարզ չէ՝ դրական, թե բացասական կլինի անորոշ վարագույրի տակ թաքնված ապագան։ Բայց իրականում ամեն ինչ շատ ավելի դժվար է, երբ վերացական անորոշությունից զատ՝ քո կյանքի անբաժան մասն է դառնում իրական անորոշությունը։ Սկսում ես սովորել դրա հետ ապրել կողք կողքի, փորձում ես դրա հետ լեզու գտնել, բայց հաճախ անպատասխան ես մնում։

Ես բացահայտել եմ՝ ինչու է ինձ համար անորոշությունը ամենադաժան փորձությունը․ դրա հաղթահարումը կախված չէ իմ ջանքերից ու ոչ մի դեպքում ես իրավիճակը փոխել չեմ կարող։ Խախտվում են ապագայի բոլոր հնարավոր կամ անհնարին թվացող պլանները, վախենում ես առաջ շարժվելուց, որովհետև չգիտես՝ արդյոք փակ դռների հետևում անդունդ, թե անամպ երկինք է քեզ սպասում։

maneHarutyunyan

Ձախողումներ

Կյանքի յուրաքանչյուր շրջանում մենք փորձում ենք հաղթահարել փորձություններ․ դրանք աստիճանաբար դառնում են մեր հաջողության գլխավոր բանաձևը։ Մաթեմատիկական ճշգրտությամբ չէ գրված այս բանաձևը, սակայն այն ապացուցվում է ամենապարզ մեթոդով․ յուրաքանչյուր փորձություն սխալներ անելու հնարավորություն է տալիս, որն էլ մեզ սովորեցնում է գնահատել մեր կարողությունները, հաշվարկել յուրաքանչյուր քայլ, հասնել նպատակի։

Վերջերս սկսել եմ ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ ու հետաքրքիր բան եմ նկատել․ նրանց յուրաքանչյուր քայլը սովորելու հնարավորություն է, նրանք մեծանում են սխալներ անելով։ Այս հատկանիշը մեծահասակները պետք է վերցնեն մանկությունից։

Այսօր ուզում էի վերհիշել բոլոր իմ ձախողումները, հիասթափությունները ու հաջողությունները։ Հետաքրքիր կապ գտա դրանց մեջ․ իմ ձախողումները նպաստել են իմ երազանքների իրականացմանը, դրանք ստեղծել են ինձ։ Պատահական չէ, որ հենց դրանք են ինձ ուժ տալիս առաջ շարժվելու համար։

zarine karapetyan

Շատերը դեռ կարծում են, թե այս ամենը սուտ է

Ես ապրում եմ Անգեղակոթ գյուղում։ Որոշեցի շրջել գյուղում ու պարզել՝ մարդիկ արդեն հարմարվե՞լ են ստեղծված իրավիճակին։

Դատելով գյուղացիների առօրյա աշխատանքից՝ նրանք այնքան անհանգստացած չեն համավարակով, որքան սահմանից ստացած վերջին նորություններով։ Նրանք վիրուսային իրականությանը խառնել են նաև անհանգստությունը։

Ես կզրուցեմ տեղի հիվանդանոցի բժշկուհի Զառա Առաքելյանի հետ։

-Բժշկուհի՛, աշխարհում կորոնավիրուսի վարակը որակվել է որպես պանդեմիա։ Ինչպե՞ս են վերաբերվում գյուղում ստեղծված իրավիճակին։ Արդյոք կա՞ն վարակվածներ։

-Բարեբախտաբար, վարակվածներ չունենք, կարծում եմ՝ չենք էլ ունենա։ Գյուղում թե՛ մեծ, թե՛ փոքր բավականին լուրջ են վերաբերվում ստեղծված արտակարգ դրությանը։ Նույնիսկ իմ աշխատասենյակից եմ հետևում. հատկապես խոցելի խմբի ներկայացուցիչները խստորեն են հետևում կանոններին և մյուսներին ևս զգուշացնում են։ Այս առումով շատ կարգապահ տատիկներ ու պապիկներ ունենք։

IMG-5e2508b16e658f00459e62543d3a2ea6-V

-Արտակարգ դրությունից առաջ համայնքում ինչքանո՞վ էին պահվում հիգիենայի կանոնները, և հիմա ինչքանո՞վ է փոխվել գյուղացու վերաբերմունքն ու մոտեցումը դրա նկատմամբ։

-Մարդիկ ավելի լուրջ են վերաբերվում, պատասխանատվությունը մեծացել է մյուսների հանդեպ։ Այստեղ են ասել. «Չկա չարիք առանց բարիք»։ Մարդկանց վերաբերմունքը լիովին փոխվել է հիգիենայի կանոնների նկատմամբ։

-Իսկ հաճա՞խ են խառնում այլ հիվանդությունների ախտանիշները կորոնավիրուսի հետ։

-Երեկ գյուղում կանչ ենք ունեցել 71 տարեկան տարեցի մոտ կար ջերմություն, բայց հետազոտվելուց հետո ուղարկվեց քաղաք և պարզվեց նախաինսուլտ է։

-Ի՞նչը կարող է պատճառ դառնալ համաճարակի տարածման համար և ո՞րն է գլխավոր խնդիրը գյուղում։

-Գլխավոր խնդիրը զանգվածային հավաքներն են. դաշտից անասուններին գոմ բերելիս անհնար է պահպանել սոցիալական հեռավորությունը։ Դիմակների արդյունավետությունը անհետանում է, երբ շատ մարդիկ հավաքվում են մի տեղում, հաճախ նաև առանց դիմակի։

IMG-6545a640545a0a73048d749b9ed39ca9-V

-Արդյունավե՞տ է արդյոք քարոզչությունն ու սահմանափակումները։ Ինչպիսի՞նն է արդյունքը դիմակների կրումը պարտադիր դարձնելուց հետո։

-Անշուշտ արդյունավետ է, բայց մեր կառավարությունը ուշ դրեց խիստ սահմանափակումները։ Արդյունավետ է, եթե դիմակը դնում են և՛ առողջ մարդիկ, և՛ հիվանդները։ Այստեղ հաշվի պետք է առնենք նաև ժողովրդի ֆինանսական խնդիրները։ Դիմակն առհասարակ պետք է լինի քառաշերտ. դա է իսկական դիմակը, որը պետք է փոխվի օրական առնվազն 4 անգամ։ Հիմա անցել են նորաձևության, գույներն են համապատասխանեցնում. դա ոչ թե դիմակ է, այլ դիմակահանդես։

-Մեր հիվանդանոցին տրամադրե՞լ են բավարար քանակով պաշտպանիչ միջոցներ, որպեսզի ապահովեն բուժաշխատողներին։

-Ոչ։ Այսքան ժամանակ տվել են ընդամենը 1 տուփ ձեռնոց, 10 հատ դիմակ, 1 շիշ ալկոգել և երկու փոքր բժշկական հագուստ, որի մեջ անգամ մեր ձեռքը չի մտնի։ Սա հավասար է չտալուն։ Միևնույն ժամանակ մենք մեր նորմալ ռեժիմով աշխատում ենք՝ գնելով պաշտպանիչ միջոցները մեր իսկ գումարով։ Ես դիմել եմ ԱԻՆ-ին, ասացին, որ կփոխհատուցեն հետագայում։ Բայց բոլոր դեպքերում բուժարանն այն վայրը չէ, որ անտեսվի։

IMG-6621980a6c2d36b16c907e9d211e81fb-V

Համավարակի պատճառով տուժել են շատ ոլորտներ։ Մարտ ամսից փակված են տեղի Մշակույթի տունը, դպրոցը և մանկապարտեզը։ Զրուցել եմ Մշակույթի տան ղեկավար Փնջիկ Մակարյանի հետ։

-Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը համաճարակի նկատմամբ։ Արդյո՞ք Ձեր շրջապատում պահպանում են սահմանված բոլոր կանոնները։

-Սա համաշխարհային մակարդակի խնդիր է։ Վիճակը մեզ մոտ ևս ցավալի է, կորուստը՝ անդառնալի։ Կառավարությունը ճիշտ քայլեր է ձեռնարկում, բայց, ցավոք, ուշացրել է խիստ սահմանափակումները։ Իսկ ինչ վերաբերում է ժողովրդին, տարակարծություններ շատ կան։ Ամբողջ աշխարհը հետևում է սահմանված կանոնների։ Եթե ասում են պարետը, վարչապետը, ուրեմն պետք է հետևել դրանց և վերջ։

-Ի՞նչ կասեք դիմակների էֆեկտիվության մասին։ Արդյո՞ք բոլորն են կրում դիմակ։

-Ես կողմ եմ դիմակ կրելուն՝ ինչքան էլ անհարմար լինի։ Մենք պարտավոր ենք հետևել պարետատան ցուցումներին, առավել ևս պանդեմիայի ժամանակ։ Առհասարակ պետք է կարողանալ ընկալել ճիշտը՝ այդ թվում դիմակ կրելը։ Շատերը դեռ կարծում են, թե այս ամենը սուտ է, բայց խելացի մարդը չի կարող այդպես մտածել։

-Դուք մշակույթի ոլորտի ներկայացուցիչ եք։ Մանրամասնեք խնդրեմ, ինչքանո՞վ է ազդել համավարակը Ձեր աշխատանքի, առօրյայի վրա և առհասարակ, զգացվո՞ւմ է մշակութային արժեքների պակասը գյուղում։

-Այս պահին մշակութային արժեքների պակաս շատ կա։ Իմ խմբի երեխաները պետք է ելույթ ունենային, և մենք պլանավորում էինք նաև զվարճալի ամառ ժամանցային միջոցառումներով, բայց ամեն ինչ չեղարկվեց։

-Եվ վերջում, ինչպե՞ս եք վերաբերվում պարետատան սահմանափակումներին։ Ինչպիսի՞ն է դրանց արդյունավետությունն այստեղ։

-Մեր ժողովրդի մեջ հնուց ի վեր չի եղել հնազանդություն. եթե կա երկու հայ, երկուսն էլ ուզում են ինքնիշխան լինել։ Որոշ երկրներում հեշտ է հնազանդեցնել և կարգուկանոն պահպանել, բայց «գյուղ կանգնի, գերան կկոտրի», իզուր չէ ասված։ Եթե ի սկզբանե ենթարկված լինեին, վիճակը սրան չէր հասնի։ Բայց մեր հայ ազգը, հայ գյուղացին ուժեղ է ու խելացի, մենք առողջ ենք դատում։ Ես ևս մեկ անգամ հորդորում եմ բոլորին լինել միասնական, լինել լավատես, որովհետև սա էլ կանցնի։

IMG-fdf58565ba2bb0744345b71b5d09963a-V

Մի քանի հարց կտամ նաև մանկապարտեզի տնօրեն Արևիկ Գևորգյանին և կպարզեմ, թե ինչ ազդեցություն է թողել համաճարակը այս ոլորտում։

-Մինչ այս պանդեմիան, մանկապարտեզում ինչպիսի՞ն էր հիգիենայի կանոնների պահպանումը։

-Առաջ էլ է խիստ եղել, վիրուսից հետո ավելի խիստ կլինեն կանոնները։ Ես մինչ այդ էլ խիստ և հետամուտ եմ եղել դրանց կատարմանը։

-Այս վիճակը ինչպե՞ս կազդի սաների վարքի վրա հետագայում, և արդյո՞ք ինչ-որ բաներ կփոխվեն նրանց առօրյայում։

-Ես կարծում եմ՝ խնդիր կունենանք մի փոքր շփման հետ, հեռավորություն պահելու հետ։ Հուսանք սեպտեմբերից կբացվեն մանկապարտեզները և կփոխվեն խաղերը։ Երեխաները պետք է լիարժեք պաշտպանված լինեն այստեղ։ Ես անձամբ երեխաների նկատմամբ ցուցաբերում եմ նաև հոգեբանական մոտեցում։

Գյուղում վիճակը վերահսկելի է, կարևորը՝ վարակվածներ չունենք։ Գյուղացին զբաղվում է իր առօրյա գյուղատնտեսական աշխատանքով, փորձում է հարմարվել սահմանված կանոններին և հաղթահարել պանդեմիան։

Anahit Badalyan

(Չ)կայացած թռիչքներ

Կյանքի բոլոր նոր փուլերի միջով անցնելիս մենք նախ էդ փուլերն անցկացնում ենք մեր միջով։ Ինչ-որ ճանապարհ անցնելուց առաջ մի քանի անգամ պատկերացնում ենք մեզ այդ ճանապարհին ու դրա վերջում անգամ։ Փորձում ենք հասկանալ՝ որտեղ ենք առավել ոգևորված լինելու, երբ ենք հոգնելու ու փորձում ենք հաշվարկել հավանականությունը՝ երբևէ հետ կանգնելու։ Ու երբ իսկապես ճանապարհին ենք, հասկանում ենք՝ արժեր անցնել էդ փուլով ևս՝ զգալու համար միայն, որ ապրելը պատկերացնելուց լավ է, ու որ միտքն ինչքան էլ ի վիճակի լինի պատկերելու պատահելիքը, սրտով զգալն է ապրելը․․․

Վերջին ամիսներին միտքս անընդհատ փորձում էր կտրել-անցնել անանցելի թվացող հեռուներն ու պատկերել գալիք սեպտեմբերը, որ պիտի լիքը լիներ այնպես․․․

Դիմորդի կարգավիճակը դուռս թակել էր դեռ 2019-ի հոկտեմբերից։ ԱՄՆ-ում գտնվող համալսարաններ դիմելու համար դիմումների գործընթացը սկսվում է աշնանից, ու ավարտվում է գարնանը՝ համալսարանների կողմից որոշումների թողարկմամբ։ Դժվար ժամանակներ էին՝ լիքը դասերով, պորտֆոլիոյի անդադար վերանայմամբ, ուսուցիչների երաշխավորագրերի հավաքագրմամբ ու օրվա վերջում հոգնածությունից մինչև վերջին բջիջը սպառված՝ առանց հասկանալու համակարգչի դիմաց քնով անցնելով։ Բայց լավ ժամանակներ էին։ Կարոտում եմ․․․

Մինչ հասակակիցներս խառնիխուռն քննությունների արդյունքում վերջին ամիսներին դիմում-ընդունվում էին համալսարան, ես սպասում էի նոր թռիչքների, որ կիսամյակս սկսեմ էնտեղ, որտեղ երազում էի, ու որտեղ հասնելու համար չխնայված ջանքեր կան այնքա՜ն․․․ Օվկիանոսից այն կողմ՝ ԱՄՆ-ում…

Ես կողջունեմ Ռիչմոնդի համալսարանին՝ ապագա 4 տարիների իմ տանը, 2021-ի ձմռանից։ Դե, որովհետև ինքնաթիռներն էլ են մեկ-մեկ հոգնում թռչելուց ու ուզում են հանգստանալ մի քիչ․․․

Դեռ մարտից արդեն ընդունելությանս նամակը ստացել էի, ու աշխարհում պատահող-չպատահող ոչինչ ինձ չէր կարող համոզել, թե լավը չէ 2020-ը․․․ Ու չի համոզել․․․

Էնքան մանկուց եմ պատկերացրել համալսարան ընդունվելս, հետո ուսանող դառնալս, հետո ավարտելս։ Դեռ երրորդ դասարանից մտքումս պտտվել են ամենահնարավոր ու անհնար մասնագիտությունները։ Մինչև երրորդ դասարանը վստահ էի՝ երգչուհի կդառնամ, հետո մտածեցի՝ չէ, ատամնաբույժ դառնամ, կլինիկա կբացեմ։ Ինչքան էլ որ առանց վարանելու ու վախենալու ատամնաբուժարան էի գնում, երկար ժամանակ չպահանջվեց հասկանալու համար, որ չէ, սիրելիս, բժշկությունը քոնը չէ․․․ Բոլոր-բոլոր գերազանցիկների նման կյանքի մի փուլում ես էլ էի վստահ, որ ուսուցչուհի եմ դառնալու։ Դա այն ժամանակ էր, երբ դեռ երկու պոչիկներով էի գնում դպրոց, ու երբ բոյս գրատախտակի կեսին հազիվ էր համարժեք։ Կյանքիս մի սիրուն շրջանում ի վերջո ուսուցիչ եղա, բայց դա թող մնա որպես սիրելի զբաղմունք, ոչ մասնագիտություն։

Եթե 12 տարեկանում հարցնեին՝ կյանքում ինչում եմ ամենաշատը վստահ, կասեի՝ նրանում, որ մի քանի տարի անց ես եմ լուրերը հաղորդելու հեռուստացույցով։ Կյանքիս երեք-չորս սիրունագույն տարիներին էս մտքով քնում-արթնանում էի։ Սեփական հաղորդում ու ալիք բացեցի, որոնք հիմա նայելիս ծիծաղում եմ էնպես, որ ստամոքսիս հաջողվում է ցավել։ Ծիծաղում եմ ու ինչ-որ պահերի նախանձում էն ժամանակվա ինձ, որ էնքան վստահ էր՝ եթե մի բան ուզում է, ուրեմն աշխարհում ոչինչ ու ոչ ոք չի կարող խանգարել։ Չէր կարող խանգարել և այն, որ առանց բարձրախոսի, թվային տեսախցիկով ստիպված էի ստանձնել լրագրողի, օպերատորի ու մոնտաժողի դերը։ Չէր կարող խանգարել և այն, որ մարդիկ մեկ-մեկ (շա՜տ հաճախ) տարօրինակ հայացքով էին նայում, երբ մոտենում էի ու հարցնում՝ ներեցեք, ի՞նչ կարծիք ունեք Կապանում կազմակերպվող մանկապատանեկան միջոցառումների վերաբերյալ։

Մանկապատանեկան միջոցառումների մասին ռեպորտաժները ինձ մինչ օրս կարոտել են տալիս առավոտից երեկո քաղաքով մեկ նոր հոդվածի համար աջուձախ վազող Անահիտին։ Նրան, ով չնայած մեծացել է ու 12-ի փոխարեն հիմա 18 տարեկան է արդեն, բայց որոշել, պայքարել ու ընդունվել է էնտեղ, որտեղ իսկապես ուզում էր։ Եվ նրան, ով հոգու խորքում դեռ շա՜տ տարիներ առաջ գիտեր՝ տնտեսագետ պիտի դառնար, ու էդպես էլ լինում է։

Հասակակիցներս էստեղ կսկսեն օնլայն սովորել։ Ես էլ օնլայն դասընթացներ կանեմ եկող կիսամյակի ընթացքում։ Բայց ամենասիրուն ուսանողական կյանքը պաշտոնապես կսկսվի հունվարից։ Կսկսվի։ Անպայման։

Իսկ մինչ այդ մնում է չտխրել չկայացած թռիչքների համար։ Գուցե պետք էր տեսնել Կապանի տերևաթափը երկու տարի անց։ Ու գուցե պետք էր էլի մի անգամ նոր տարուն երազանք պահել հենց մեր տան տոնածառի առաջին խաղալիքը կախելիս։

Ու գուցե էստեղ ևս չկայացած թռիչքներ կան՝ երկար ու խրթին մի քիչ, բայց և այնպես՝ միշտ դեպի վեր տանող․․․

nina arustamyan

Երբ ամեն ինչ փոխվեց

Մենք իհարկե ինքներս մեզ վրա ավելի շատ ենք հույս դնում, քան դիմացինը․․․

Ժամանակի ընթացքում զգում ես, որ ինչ-որ բան կգա ու սպասելիքներդ տակնուվրա կանի ու կգնա, կամ էլ չի գնա․․․

Իրավիճակն է այդպիսին։

Իսկ ի՞նչ անել՝ համակերպվել և սկսել նոր կյանք, թե՞ ամեն նոր բացվող օրվա հետ սպասել ուրիշ իրավիճակի, երբ էլ դիմակ չենք դնի, երբ կկարողանանք գրկել դիմացինին։

Ժամանակներ էին, որ մարդկանց մի մասին կոտրեցին, իսկ մյուս մասին ավելի ուժեղ դարձրին։ Ես չգիտեմ՝ որ խմբում եմ դասված, որովհետև ես էլ արդեն չեմ հասկանում, թե ինչ անել, ո՞րն է ճիշտ, արդյոք իմաստ կա՞ պայքարելու։

Բայց ամեն անգամ առավոտյան ժամը 6-ին արթնանալով, աչքերս բացելով՝ մի բանի մասին եմ մտածում, որ ուղղակի իրավիճակը գնա դեպի լավը, որ բարելավվի ամեն բան, որ ես կարողանամ ավելի լավ աշխատանք գտնել։ Աշխատանք։ Այո, երկու ամիս է խանութում եմ աշխատում՝ որպես վաճառողուհի․․․

Ուզում եմ այստեղ բազմակետեր դնել, որ չխոսեմ աշխատանքիս մասին, որ ընդամենը ասեմ՝ ես աշխատանք ունեմ։ Աշխատանք կա, որ ուժ է տալիս, որ ավելիին հասնես, որ մտքումդ մենակ վեր բարձրանալու մասին մտքեր պտտվեն, իսկ աշխատանք էլ կա, որ հոգեպես և ֆիզիկապես հոգնեցնում է քեզ, երբ անգամ չես ուզում արթնանալ, երբ անգամ գերհոգնած վիճակից աչքերդ բացել չես կարողանում, երբ ուղղակի համակերպված իրականության հետ՝ սկսում ես ապրել նորովի, նոր գրաֆիկով նոր, ամեն ինչը նոր․․․

Բայց պահ է գալիս, երբ արցունքներդ հասնում են կոկորդիդ, երբ իրավիճակի ելքը լավատես լինելով հանդերձ չես գտնում, երբ ուղղակի ոչինչ այլևս չես զգում։ Ուղղակի ինքդ քո իսկ ստեղծած թևերը կոտրել ես, բայց միևնույն ժամանակ պայքարում ես, որ լավ լինի, հուսադրում ես բոլորին, որ սա ուղղակի ժամանակավոր է։

Լավատես մարդն էլ դժվարություն ունի, լավատեսն է շուտ կոտրվում, երբ սպասում է լավ լինելուն, իսկ դեռ լավ ոչինչ չկա, երբ անգամ լուսավորության մեջ լույսը չես գտնում, իսկ գիշերը, անգամ երբ լույս չկա, ինքդ քեզ հույս ես տալիս, որ լույս կա, որ սրտիդ ներսում ես լույսդ պահում, բայց կոտրվում ես․․․

Պայքարելու իմաստ կա՞, թե՞ ուղղակի պետք է ապրել նույն միապաղաղ կյանքով, երբ ստեղծածդ մեկ րոպեում կկարողանաս ջուրը գցել, երբ կամաց-կամաց կկործանվես, երբ կամաց-կամաց կսպանես ինքդ քո ներսի ես-ին, երբ էլ ֆիզիկապես չես լինի։

Բայց դեռ լավատեսությունս չկորցրած՝ գիշերվա ժամը 3։30-ին գրում եմ ձեզ, որ գոնե լավատես լինենք, որ երկար թունելի վերջը գուցե կերևա և արդեն ճանապարհը շարունակենք արևի լույսի ներքո։ Որ գուցե սկսենք պայքարել մեր նախորդ ես-ի համար․․․

maneHarutyunyan

Ակամա խախտված իրավունքներ

Ճանապարհը, որով ընթանում էր մեքենան, խորդուբորդ էր, գրունտային փոշին բարձրանում էր վերև՝ վատացնելով ճանապարհի տեսանելիությունը։ Ամեն ինչ պարուրված էր հրաշալի բնությամբ, ծառերը շուրջբոլորը ծաղկել էին այնպես, որ այդ փոշոտ ճանապարհը կարծես ցույց էր տալիս մարդկային անկատարությունը աստվածային կատարելության նկատմամբ։ Բայց մենք դեռ ականատես էինք լինելու այն բանին, որ մայրաքաղաքից կտրված այս հեռավոր վայրում անբարեկարգ ճանապարհներից ու անտանելի փոշուց բացի՝ ավելի խորքային ու արմատական խնդիրներ կան։ Առաջին հայացքից սա հասարակ այց էր շրջանում ապրող երեխաներին, փորձելու էինք պարզել նրանց վնաս պատճառած խնդիրները, իրավիճակի հետ կապված հուզումներն ու փորձելու էինք միասին մշակել լուծումները։

Մեքենան վերջապես կանգ առավ մի լքված շենքի դիմաց, այն երևի խորհրդային մշակույթի տուն էր կամ էլ ինչպես հետո պարզվեց՝ մազապուրծ դպրոց։ Մազապուրծ բառը, ըստ իս, այստեղ գործածված է շատ տեղին․ դպրոցի պատուհանների ապակիները ականներից ջադված էին, մուտքի վրա կային անցքեր։ «90-ականներից է»,-մտածեցի ակամա։

Արդեն ոտքով առաջ շարժվեցինք, մեքենայով առաջ գնալու իմաստ չկար, վառելիքը խնայել էր պետք, հետո էլ չուզեցինք մարդիկ մեզ օտարականի տեղ դնեն։ Մեր քայլերն անվստահ էին, կարծես ահ կար մեր մեջ բնակիչներին հարցեր տալուց, մտածում էինք՝ ինչպես սկսել, որ ճիշտ տեղեկատվություն ստանանք, քիչ ցավով լիքը հուզմունք պատճառենք։ Ու մեզ այստեղ օգնության հասավ փոքրիկ մի երեխա․ նա բակում էր խաղում։ Մոտեցանք։ Ես կռացա։ Երեխաների հետ իմ շփումն ընդհանրապես միշտ հեշտ է ստացվում, պետք է ուղղակի սկսել ամենաբարի լեզվով՝ ժպտալ։ Նա ինձ նայեց հետաքննող մի հայացքով՝ կարծես մեր միջի լրագրողը հենց ինքն էր։ Ես գրպանումս շոկոլադ ունեի՝ առաջարկեցի, նա այն վերցրեց, նայեց աչքերիս մեջ ու սկսեց ճչալ։ Ահավոր էր։ Նրա ձայնը ամբողջ գյուղին վեր հանեց, մայրը, հայրը, տատիկը եկան։ Ես ինձ մեղավոր էի զգում, փորձում էի բացատրել, որ իսկապես չեմ հասկանում երեխայի լացի պատճառը, այն սկսվեց միանգամից՝ առանց նկատելի պատճառի։

Մայրը պատասխանեց՝ նորմալ է, կանցնի։ Ամբողջ գիշեր չքնեցի, մտածում էի՝ ինչպես հասկանամ՝ ինչ է կատարվում։ Հիմա կասեք՝ երեխա է, լաց է լինում, սովորական երևույթ է։ Բայց ոչ, լացը ավելի շատ հիստերիայի էր նման, նա կարմրած էր, աչքերը լայն բացվել էին, մի խոսքով՝ ահավոր տեսարան էր։ Մտքումս որոշեցի՝ պարզելու եմ կատարվածը։

Առավոտ էր, մեքենայում նկարչական պարագաներ ունեինք, վերցրի, մտածեցի, որ կօգնի երեխայի հետ շփվել։ Օգնեց․․․ Նկարելու ընթացքում նկատեցի, որ երեխան նկարում էր բավականին լավ, բայց հետո հանկարծակի էլ վերցնում էր սև ջրաներկը ու փչացնում նկարածը։ Հարցրի՝ ինչի՞ ես տենց անում, ափսոս ա, չէ։ Պատասխանը պարզ էր ու հակիրճ՝ մարդկանցից էր սովորել։ Երեխաները կարողանում են մի նախադասությամբ արտահայտել համամարդկային ճշմարտությունը՝ մարդիկ կարող են միլիոններ ծախսել բնության հրաշքը ռազմական փոշով ծածկելու համար։

Հետաքրքրությունս գնալով շատացավ, երբ մեզ միացան գյուղից այլ երեխաներ։ Բոլորն էլ շփվող, սրամիտ, կենսախինդ մանուկներ էին, բայց զարմանալին այն էր, որ բոլորի նկարներում ինչ-որ հիասթափության էլեմենտ կար․ մեկի մոտ սև գույնի գերակայությունն էր, մյուսի մոտ խզբզանքը, երրորդի մոտ էլ նկարի հերոսի դեմքերի աղավաղումը։ Այս երեխաները բնավորությամբ ու ընդունակություններով տարբեր էին, բայց իրենց մեջ կար մի հետաքրքիր ընդհանրություն․ բոլորին կարծես ինչ-որ ահավոր հարց էր տանջում։

Դե, ինչ-որ բան բացահայտելու լավագույն մեթոդներից մեկը խնդրին մոտիկից նայելն ու վկաների հետ շփվելն է։ Դա մի փոքր երկար տևեց, բայց այն բացահայտումը, հետևությունը, որն արեցինք, բավականին ակնառու էր։

Մանկապատեզից մինչև դպրոց, տնից մինչև բակ այդ երեխաները հանգիստ շունչ քաշելու իրավունք չունեն, նրանք վախենում են մազապուրծ դպրոցի օրն ընկնելուց, միգուցե իրենցից կիլոմետրերի վրա տեղակայված թշնամու գնդակը ի զորու կլինի սպանելու մանկան ժպիտը։

Խնդրի էմոցիոնալ դաշտը ընթերցողի դատին եմ թողնում, բայց չեմ կարող չնշել այն երկարաժամկետ հետևանքների մասին, որոնք կարող է սահմանային լարված դրությունը թողնել կրակակակետերից մի քանի մետր այն կողմ ապրող երեխաների վրա։ Առաջին՝ դա միանշանակ բացասական հերևանքներ կարող է ունենալ երեխայի ֆիզիոհոգեբանական աճի վրա․ նրանք դառնում են ավելի ագրեսիվ, զգայուն ու խոցելի։

Երկրորդ՝ խախտվում է երեխայի սովորելու իրավունքը։ Ինչքան էլ նա պատրաստ լինի, ականների պայթյունից վախենալով դասի նստելը արդյունավետ լինել գրեթե չի կարող։

Երրորդ՝ այսօրվա երեխան վաղվա ապագայի կերտողն է, ու ցանկացած դեպքում մանկական այս տրավման կարող է անդառնալիորեն աղավաղել կյանքեր։

Մեքենան առաջ էր ընթանում, մենք հեռանում էինք մի վայրից, որտեղ երեխաների իրավունքը ուղղակի և անուղղակի կերպով խախտվում է ամեն պահի, բայց հարցը հետևյալն է՝ կա՞ արդյոք միջազգային ինչ-որ կառույց, որ սեփական շահը չի գերադասի երեխայի իրավունքի պաշտպանությունից։

Հարցի ամենացավալի մասը դրա անլուծելի բնույթն է, բոլորն այն լուծել են ցանկանում, խաղաղության կոչ անում, հյուրանոցներում նստած՝ դիվանագիտական խաղեր խաղում, մինչդեռ բնության ամենախոցելի էակը ամեն օր ստիպված է պայքարել հնչող գնդակների հետ։ Բայց նրանք շարունակում են ապրել, ապրում են ակամա խախտված իրավունքներով․․․

armine karapetyan

Սահմանից 300 կմ հարավ

Հիշում եմ՝ մեզ դպրոցում ասում էին՝ մենք տարածք չենք գրավում, մենք ազատագրում ենք: Մենք Հայրենիք ենք ազատագրում: Հիմա այս տողերի իմաստը էլ ավելի լավ եմ գիտակցում:

Երկու օր է մտքումս պտտվում են Սևակի տողերը․ «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում…»։

Չգիտեմ՝ ինչ գրեմ:

Այն սերն ու հպարտությունը, որ զգում եմ իմ երկրի, իմ հայրենիքի ու հայ լինելուս համար, անբացատրելի է: Ու վստահ եմ, որ միայն ինձ մոտ չէ այդպես:

Շունչներս պահած հետևում ենք նորություններին՝ լարված, բայց մտքներումս գիտենք, որ մենք ենք ուժեղը, մենք են հաղթողը: Դա այդպես եղել է ու լինելու է:

Հաստատ չեմ կարող զգալ այն, ինչ զգում են սահմանամերձ շրջաններում ապրող հասակակիցներս, բայց գիտեմ, որ նրանք էլ ավելի ուժեղ են ու անվախ:

Մտքով գնում եմ չորս տարի հետ: 2016-ին ուրիշ էր, հիմա՝ ուրիշ: Ապրիլյանը մի ուրիշ զգոնություն ու զորություն բերեց իր հետ:

Աշխարհի վրա կա՞ մի այնպիսի ժողովուրդ ու ազգ, որ անցած լինի մեր ճանապարհը, որ տեսած լինի այն արհավիրքները, որոնց միջով մենք արժանապատվորեն անցանք: Չկան…

Ու հիմա բաց ճակատով կանգնում ենք աշխարհի առաջ, որովհետև ոչինչ չունենք ապացուցելու. մեր գծած ճանապարհը ամեն բան ցույց է տալիս, ու պատմությունը, որը հավերժ կերտելու ենք, դառնալու է դրա ամենավառ ապացույցը:

Ուժը ոչ թե քանակի, այլ ոգու զորության մեջ է: Նժդեհն ասում էր. «Հաղթում է այն կողմը, որը վստահ է ոչ թե սպառազեն բռունցքի, այլ ներազեն գերազանցության»:

Չէ, պատրիոտիկ խոսքեր չեմ ուզում ասել, մենք ամենքս էլ մեր մաշկի վրա զգում ենք հայրենասիրության ու հայրենիքի արժեքը:

Թեև հիմա խոսքերով դժվար է նկարագրել ամեն ինչ ու նույնիսկ անհնար, այն դեպքում, երբ հայրենակիցներդ կյանքի, հայրենիքի ու ազատության կռիվ են մղում բարբարոսների դեմ, իսկ դու տանն ես ու հնարավորություն ունես այս ամենը գրելու: Ու էլի նրանց շնորհիվ: Շնորհակալ ենք, տղե՛րք, ձեր գործն անմահ է: Ուժե՛ղ եղեք: Դուք խաղաղություն եք պարտադրում: Մենք հպարտ ենք ու միշտ ձեր կողքին:

Հազար փառք հայոց անպարտելի բանակին, զինվորներին և սպայակազմին:

#TavushStrong