astghik hunanyan

Պատմական կերպարը՝ պատմության ուսուցի՞չ

Հավանաբար քեզ քո 16 կամ 123-ամյա կյանքի ընթացքում գոնե մի անգամ հարցրել են, թե ուսուցիչներիցդ ում ես ամենաշատը սիրում, իսկ դու սառցադաշտում կաղին տեսած սկյուռիկի հայացքով նայել ես, վարպետորեն «ցրել» հարցը ու շարունակել ապրել երկար ու երջանիկ։ Ո՞նց թե չեն հարցրել, հա՜, դե ոչինչ, ձևացրու՝ իբր հարցրել են, որ պատմությունս չփչացնես։

Ինձ էլ են հարցրել, էն էլ ծանոթանալիս, կարծես պատասխանիցս երեխաներիս ապագան կախված պիտի լիներ։ Չեմ հիշում՝ ինչ եմ պատասխանել, բայց ոնց որ երեխաներիս ապագան իրոք «հարամել եմ»։ Ամեն դեպքում, եթե հիմա ինչ-որ մեկի խելքին փչի ու նորից հարցնի, մի հիսուն տարի Օսկար չստանալուց հետո վերջապես օսկարակիր Դի Կապրիոյի ինքնավստահ հայացքով կասեմ՝ ընկեր Ազատյանին։ Լեգենդներ են պտտվում, որ նա իսկապես քառասուն տարվա մանկավարժ է, ու, ուշադրություն, էդ արտահայտությունը երբեք չօգտագործած ուսուցիչ։ Մեկ էլ ասում են՝ իր մեթոդները երբեք չեն հնանում, ոնց տատիկիս տատիկի համար, էնպես էլ իմ։

Եթե Տիգրան Մեծն իմանար, որ իր մասին ընկեր Ազատյանն է մեզ պատմելու, Հայաստանը ոչ թե ծովից ծով, այլ օվկիանոսից օվկիանոս կձգեր, Աշոտը ոչ թե Երկաթ, այլ ասենք Արծաթ կամ Ոսկի կկոչվեր, Պապ թագավորը գոնե մինչև պապ դառնալն ու «տարիներն անցել, պապիկ եմ դարձել» երգը խմած ժամանակ երգելու տարիքը կապրեր, Հրայր Դժողքը, առանց Նեսթլի թեյերի, չիփսի ու ինտերնետի, ոտքով դրախտ էլ կհասներ, իսկ այ Դավիթ Անհողի՜նը, ինքը հաստատ հողերը կորցնելու պատճառով չէր, որ հետ եկավ ու դավաճանության համար ներողություն խնդրեց Գագիկից, այլ այն բանի համար, որ գիտեր՝ ընկեր Ազատյանը ամոթանք կտա իրեն մի հազար տարի անց։ Ա, դե շատ խելացի տղա էր է, երեկվա պես հիշում եմ։ Մոռացա ասել, ընկեր Ազատյանը մի պատմական կերպար է՝ մեր պատմության դասատուն։ Ու այսօր, այստեղ՝ թագավորական բեմիցս, իր մասին եմ խոսելու։ Շականակագույն աչքերով, միշտ էլեգանտ ու յուրահատուկ ոճով զգեստներ հագնող կին է ընկեր Ազատյանը։ Գրկես, բաց չթողնես…

Դե գիտեք՝ ինչքան եմ սիրում մեր կրթական համակարգից բողոքել, բայց ինքն ամեն ինչ արել ա, որ մերն ուրիշ լինի։

Երբ 6-րդ դասարանում էինք ու պատմություն էինք անցնում, ընկեր Ազատյանի պահանջով գրավորները տարբեր հետաքրքիր ձևերով էինք գրում. ում ֆանտազիան ինչքանի հասներ։ Բինգո, ի՞նչ ունեմ ես․ ֆանտազիա։ Ու մենք, ուշադրության կենտրոնում գտնվելու երեխայական պահանջին հետևելով, ձգտում էինք ամենակրեատիվ նկարներն անել։ Ու կապ չունի՝ լավ էինք նկարում, թե անտաղանդի մեկն էինք, մենք տնային աշխատանք անելուց հաճույք էինք ստանում։ Ինչի մեջ ասես գրում էինք. նկարված թագերի, պարիսպների, պալատների, անգամ էդ թագավորական շորերի (իբր շորի ձևն ա տենց), կարմիր ու կանաչ «ծիծակ» կոշիկների, թագավորի ոսկե ատամի, փչացած ատամի, պլոմբած ատամի, մի խոսքով։ Դա նպաստում էր մեր ստեղծագործական ու կրեատիվ մտածողության զարգացմանը, սեր առաջացնում էդքան ծանր ու դժվար առարկայի նկատմամբ։ Բայց միայն դա չէ, որ ստիպում էր սիրել պատմությունը։ Դուք պիտի ընկեր Ազատյանի դաս բացատրելը լսեիք։ Ոչ մի անգիր արած բառ, ոչ մի «զուբրիտ», էնքան սիրուն էր ամեն ինչ ներկայացնում, մարդ ուզում էր հայտնվել հին ժամանակներում, մի քանի անգամ էլ Վարդան Մամիկոնյանի կենացը խմել ու գնալ պարսիկ փղերի դեմ։ Առանց գինի, իհարկե։ Դրանք արդեն խմած կլինեն։ Հիմա կասես՝ ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս։ Եսիմ։

Հետո մեծացանք։ Բոլորն էլ մեծանում են, իրականում էդ կարևոր չի։ Հա, ի՞նչ էի ասում։ Էլ տնային աշխատանքն անելիս չէինք նկարում, բայց սերը պատմության հանդեպ մեկ ա՝ չէր մարել։ Ընկեր Ազատյանը էլի շատ սիրուն ու տպավորիչ էր բացատրում, դասերը էլի լի էին տվյալ ժամանակաշրջանի հետ կապված ոչ գրքային, հետաքրքիր պատմություններով, լրացուցիչ նյութերով։ Կարճ ասած՝ անհնար է իր պատմածը չլսել, ինչքան էլ հետաքրքիր չլինի, թե հազար տարի առաջ ազգդ ինչ ա արել կամ ինչ չի արել։

Հետո, կրթական համակարգում պատմության ամենամեծ խնդիրը պատմության դասերն անգիր (զուբրիտ) անելն է. ոչ մի կաթիլ տրամաբանություն։ Մենք էդ երբեք չենք զգացել։ Ընկեր Ազատյանի հովանու ներքո՝ մենք տրամաբանում ենք։ Ամեն անգամ թողնում է մտածենք՝ օրինակ՝ ինչի՞ էդ իրադարձությունը էդպես եղավ, ինչի՞ էդ քայլն արեց թագավորը, ինչի՞ էր x թագավորությունը պայմանագիր կնքում հենց y թագավորության հետ, այլ ոչ թե z-ի, ու բազմաթիվ խելացի ու անիմաստ պատասխաններից հետո միայն բացատրում։ Ու էդտեղ մենք մեզ թագավոր կամ կառավարիչ ենք զգում, փորձում ենք խելացի բաներ մտածել, որ թագավորությունը փրկենք հավանական վտանգներից (չնայած, պետք է խոստովանեմ, շատ անգամներ եթե մենք լինեինք թագավոր, հիմա երկիրը կործանել էինք, ինչևէ)։

Ուրեմն մի մեթոդ էլ ունի ընկեր Ազատյանը, որ, կարծում եմ, ոչ մի ուսուցիչ չունի. մինչև 8-9-րդ դասարան ամեն դասին մի հոգի կարգապահությանն էր հետևում, ով խոսեր՝ անունը գրվում էր գրատախտակին, եթե իհարկե հարգելի չէին պատճառները։ Ու գիտե՞ք՝ հետաքրքիրը որն էր, բոլորը լռում էին։ 9-ից հետո էլ չենք հետևում, ասում է՝ մեծացել, խելոքացել եք (հա, բա չէ)։

Ու էլի մի բան, որ իրոք հանճարեղ ա։ Դասի ընթացքում մի խումբ երեխեք դաս են հարցնում մյուս խմբին։ Ասենք x-ը դաս է հարցնում y-ին, a-ն b-ին և այլն, ու էդ ամենին հետևում է ընկեր Ազատյանը, ուղղում թե՛ պատմողի ու թե՛ հետևողի սխալները, էդպես միանգամից ստուգելով բոլորի՝ դասին պատրաստվածության աստիճանը։

Մի խոսքով, ինձ մի հարցրեք՝ սիրածս ուսուցիչն ով ա։

«Ժամանակն է»

«Rec-Time» կինոընկերությունը ֆիլմարտադրության մեջ հայտնի դարձավ 2014 թվականին «Ելք չկա» ֆիլմով։ Կինոընկերության գործադիր տնօրենը և պրոդյուսերը կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանն է։ Այս տարի հոկտեմբերի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց կինոընկերության երկրորդ ֆիլմը` «Ժամանակն է»: Ֆիլմի նկարահանումներն սկսվել են նախորդ տարվա սեպտեմբերից Հունաստանում, շարունակվել Ռուսաստանում, իսկ որոշ ժամանակ դադարից հետո վերսկվել են Հայաստանում։ Ֆիլմը վերջնական տեսքի բերելու համար նկարահանումներ են տեղի ունեցել Վրաստանում և Թուրքիայում։

-Ֆիլմը հայ ժողովրդի անցյալի պատմության փաստագրական էջերի մասին է, որոնցում ցույց ենք տալիս, որ մենք չենք մոռացել և չենք մոռանալու մեր անցյալը, հպարտ առաջ ենք գնալու և անկոտրում ենք լինելու ավելի, քան կանք,- ասաց Կամո Ունանյանը։
Նա նաև նշեց, որ փորձել են լավ որակի ֆիլմ ստանալ, որտեղ ցույց կտային հայի ուժն ու ոգին։
Ֆիլմի փակ պրեմիերայից առաջ տեղի ունեցավ ասուլիս, որին ներկա էին լրագրողներ, լուսանկարիչներ, դերասաններ, Կամո Ունանյանի հարազատները, ընկերները։ «Ժամանակն է» Ֆիլմի ռեժիսորը Վահե Սայանն է, պրոդյուսերը` Կամո Ունանյանը, դերասանական կազմը բաղկացած է հետևյալ թիմից` Կամո Ունանյան, Ալեքսանդր Խաչատրյան, Ժաննա Բուտուլյան, Արսեն Լևոնյան, Անատի Սաքանյան, Ադրիանա Գալստյան, Նարեկ «Մեծ Հայք» Պետրոսյան, Մարիամ Մելիքյան, Արմեն Մարգարյան և այլք։
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը, որը ֆիլմում մարմնավորում է Հասանի կերպարը, նշեց, որ իրեն շատ հետաքրքիր էր դերասանական երիտասարդ կազմի հետ աշխատելը։

-Երբեք թուրքի կերպար չեմ մարմնավորել։ Բայց մտածեցի, որ հայը թուրքին ավելի լավ է ճանաչում, քան հենց իրենք իրենց։ Եվ մտածեցի՝ ինչո՞ւ հայը չներկայացնի թուրքին,- նշեց Ալեքսանդր Խաչատրյանը։

Նա նշեց նաև, որ ֆիլմի գնահատողը հանդիսատեսն է։

-Հուսով եմ, որ ֆիլմը դուր կգա հանդիսատեսին, և մեր արած աշխատանքը զուր չի լինի։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր և պետքական թեմա է, որը միշտ հուզել է բոլորիս,- ավելացրեց Ալեքսանդր Խաչատրյանը։
Անատի Սաքանյանը, որը մարմնավորում է Հասանի դստերը, նկատեց, որ այս կերպարը շատ է տարբերվում իր խաղացած մյուս դերերից։ Պրեմիերային ընդառաջ նա բավականին անհանգիստ ու լարված էր, սրտի թրթիռով էր հետևում ֆիլմին, քանի որ առաջին անգամ էր դիտում այն։ Գեղարվեստական ֆիլմում ներկայանալու փորձ Անատին ունեցել է փոքրիկ դերերով, սակայն առաջին անգամ է ներկայանում գլխավոր դերով, ինչի պատճառով շատ ոգևորված էր։
Դերասան Խորեն Աբրահամյանի թոռը` դերասան Արսեն Լևոնյանը, մարմնավորել է Հասանի որդու կերպարը։ Նրա համոզմամբ՝ դերասանը պետք է կարողանա ցանկացած դեր խաղալ՝ առյուծից մինչև թուրք։

Ժաննա Բուտուլյանն ասաց, որ իր կերտած յուրաքանչյուր կերպար ունի հետաքրքրություն, քանի որ նկարահանման հրապարակում միշտ սովորում է։

-Ես առաջին անգամ նկարահանվել եմ «Դժվար ապրուստում», որի ռեժիսորը Վահե Սայանն էր։ Հետագայում տարիներ շարունակ աշխատել ենք, և հաճույքով եմ աշխատում իր հետ։ Կամո Ունանյանի հետ հետաքրքիր է աշխատելը, քանի որ շատ մեծ էնտուզիազմով է անում իր աշխատանքը, և դա փոխանցվում է քեզ։ Նկարահանման ընթացքը շատ հետաքրքիր էր։ Տեսարաններից մեկում մեքենա եմ վարում։ Այդ օրը կարող էր էքստրեմալ լինել, քանի որ նման հզոր շարժիչով մեքենա վարելու փորձ չունեմ, բայց ամեն ինչ բարեհաջող անցավ,- ասաց Ժաննա Բուտուլյանը։
Ֆիլմի երաժշտությունը պատկանում է Play Beck ընկերությանը, ի դեմս Նարեկ «Մեծ Հայք»-ին։
Ֆիլմի ավարտին հնչեցին հանդիսատեսի ծափահարությունները, ներկաները մոտենում և շնորհավորում էին դերասանական կազմին՝ մաղթելով նորանոր հաջողություններ և նոր բարձունքներ։

Nane Eghiazaryan

Բավարարվիր նրանով, ինչ ունես

Մեր շրջապատում հաճախ ենք լսում այս արտահայտությունը, որով ծնողները, ուսուցիչները և այլոք փորձում են խրատել ինչ-որ մեկին: Ես համարում եմ, որ վերոնշյալ արտահայտությունը սխալ է, և մարդը չպետք է բավարարվի այնքանով, ինչ ունի: Եթե մենք չձգտենք ավելիին, չցանկանանք ունենալ ավելին, ապա մարդկությունը չի զարգանա, մարդը երբեք չի հասնի իր երջանկությանը, այսպիսով, միշտ պետք է ձգտել ավելիին: Տվյալ արտահայտությունը մեկնաբանվում է նաև որպես «հարևանի ունեցածին մի նայիր», և այլն: Բայց եթե դու չնայես՝ քո կողքինը ինչ ունի, դու չես ունենա ավելի լավը:

Այո, մարդը պետք է ձգտի ավելիին, բայց ամեն ձգտում պետք է ունենա սահմաններ: Սահմաննե՞ր, ո՞վ և ինչպե՞ս է գծելու սահմանները, ինչպե՞ս պետք է իմանալ, թե դրանք երբ են վերջանում… Ահա այսպիսի հարցեր տվող մարդկանց կարող եմ պատասխանել, որ ըստ իս, ամեն մարդ ինքն է գծում իր սահմանները, և այդ սահմանները գծվում են մեր նպատակակետի մոտ: Հիմա էլ մի ուրիշ հարց է առաջանում, իսկ եթե մարդը ունի մի քանի նպատա՞կ: Ես համաձայն եմ, ամեն մարդ ունի նպատակներ, և երբ իրագործում է մեկը, իր առաջ դնում է մի ուրիշը: Եվ, իհարկե, սահմաններն արդեն փոխվում են, բայց դրանք պետք է լինեն, քանի անգամ էլ մարդը պայքարի իր նպատակներին հասնելու համար, այնքան անգամներ նա պետք է գծի իր սահմանները: Լավ, իսկ ինչի՞ համար են պետք սահմանները: Օրինակ բերեմ հենց գիտատեխնիկայից: Մարդը փորձում է ստեղծել արհեստական ինտելեկտ, արհեստական կյանք: Եվ երբ մի օր մարդու ստեղծած ռոբոտի ինտելեկտը մոտենա մարդու ինտելեկտին, քաղաքակրթությունը կլինի վերացման վտանգի տակ: Եվ անպայման կգա մի օր, երբ մարդու ստեղծածը կոչնչացնի մարդկությունը: Բայց, ինչքան էլ ռոբոտների ինտելեկտը մոտենա մարդկայինին, և նույնիսկ գերազանցի այն, մի օր ինչ-որ տեղ ինչ-որ բան չի աշխատի, և ռոբոտներն էլ կվերանան: Այսպիսով, մարդը, անցնելով թույլատրելիի սահմանները, կստեղծի ինչ-որ բան, որը նախ կոչնչացնի մարդկությունը, ապա կինքնաոչնչանա:

Եվ բացի վերևում նշված արտահայտությունից, իմ շրջապատում, օրինակ, կան շատ մարդիկ, որոնք չեն հավատում իրենց ուժերին: Լինում են դեպքեր, երբ ես ինքս ունենում եմ «խենթ» գաղափարներ ապագայի մասին, և երբ դա լսում են իմ շրջապատում, սկսվե՜ց․

-Լսի, հերիք ա էլի երազես, մեկ ա՝ անիմաստ ա: Չես կարանալու անես էդ:

-Վայ, էդ ի՞նչ ես ասում, էդ ո՞նց պիտի անես: Դու էդ հնարավորությունները չունես:

Ու գիտեք, ամենածիծաղելի պահն այն պահն է, երբ ես բոլորին, մեկ առ մեկ լսելուց հետո, կանգնում եմ ու ասում, որ ես կարող եմ ու ես հնարավորություններ կստեղծեմ, իսկ ինձ շրջապատող մարդիկ մի տեսակ խղճահարությամբ նայում են ինձ ու երևի մտածում, թե ես ինչ մեղք եմ:

Էսքան երկար-բարակ, հետաքրքիր ու ոչ այնքան, գրեցի նրա համար, որ ասեմ՝ հերիք է մտածեք, ինչպես քսան տարի առաջ էին անում, հերիք է ամեն ինչին միայն մի անկյունից նայեք, ախր, էնքան տարբերակներ կան նույն խնդիրը լուծելու համար, որ հաստատ ձեզ կզարմացնեն ու ավելի հեշտ կլինեն: Հասկացեք, հիմա միայն սովորելու, ընդունվելու ու տանը նստելու մասին պետք չէ մտածել, այլ պետք է մտածել սովորելու, դրա հետ մեկտեղ ինքնազարգանալու ու արդեն դպրոցական տարիքից ձեր ապագան պլանավորելու ու դեպի այն քայլելու մասին: Մի ասեք՝ ես կամ դուք, կամ էլ նա ինչ-որ բան չենք կարող անել: Մի վախեցեք նոր հնարավորություններից, ձախողվելուց, կամ էլ դիմացինի կարծիքից: Արեք այն, ինչը դուք եք ուզում, ինչը ինքներդ, այլ ոչ թե ծնողները կամ շրջապատն է համարում ճիշտ: Ամենքս ունենք մեկ կյանք, և ինձ թվում է, որ այն պետք է ապրենք այնպես, ինչպես մենք ենք ուզում, այլ ոչ դիմացինը:

vahe stepanyan

Թե ոնց եղավ, որ էլ չեմ գրում

3 անց 47։ Ժամը նայում եմ, նոր սկսում եմ գրել։ Երկար ու նեղ սենյակում 5 հատ երկու հարկանի մահճակալ կա, 3 հատ էլ կողապահարան (տումբոչկա)։ Էսքանն է մեր սենյակի կահավորումը։ Տասը հատ անկողին, չորսը՝ ազատ, մնացածին պառկած են կարճ սանրվածքով ու կանաչ շապիկներով 7 երիտասարդ։ Ես մաթեմից էնքան էլ լավ չեմ, բայց ամեն դեպքում, չեմ խառնում։ Ուղղակի մահճակալներից մեկին երկուսով են։ Մ-ն ու Ա-ն խորացած խաչբառ են լուծում։ Մ-ն գրում է, Ա-ն՝ հուշում։

-Կրկեսամարտիկ։ Էդի ո՞րն ա։

-Գլադիատոր, այ եզ։

-Արա դե հելի ռադ եղի։ Չի ըլում։ Արա, չէ, եղավ։ ԱՄՆ նախագահ, Ա-ով ա սկսում, մեկ, երկու, չորս, վեց տառ, հինգերորդն էլ՝ հ․․․

Մյուս մահճակալին Ռ-ն է քնած։ Ձեռքերը խաչել է կրծքին ու անշարժ նայում է առաստաղին, դե, փակ աչքերով։ Ռ-ն երկրորդ հարկում է պառկած, առաջինն էլ ազատ է։ Թե ասա, որ առաջին հարկ ազատ տեղ կա, ինչի՞ ես վերև բարձրացել։ Չնայած՝ գիտեմ։ Թղթաբանությամբ իր տեղերն են 2-րդ հարկում։ Շատ կարգապահ տղա է Ռ-ն։ Տարօրինակի մեկն է։

Ռ-ենց մահճակալից աջ՝ առաջին հարկում Հ-ն է փլվել։ Երեք րոպե առաջ հետս իր դիմաց աթոռին դրված հաստափոր էկոնոմիկայի մասին գիրքն էր քննարկում, ձեռքի հետ էլ համոզում էր, որ իր ուզած երգը դնեմ։ Իսկ հիմա նստած մահճակալին հետ է փլվել հետևի պատին, որին աջ կողմով կպած է մահճակալը։ Գրիչը՝ ձեռքին, բավականին ծիծաղելի դեմքով քնած է։ Իսկ ընդհանրապես, նա ֆիզիկա է սովորում։ Համ էլ բարմեն է քաղաքի ամենահայտնի տեղերից մեկում։ Ցերեկներն էլ «Սիթի»-ում ապրանք է դատարկում։ Հա, ու մեկ էլ փափուկ «Նոյ» է ծխում։ 19 տարեկան։ Դաժան տիպ է։

Վերևում Տ-ն է պառկած։ Էնպես էլ դիրք է գտել։ Ձախ ձեռքը գլխի տակ է դրել, գլուխը՝ մահճակալի եզրին, աջն էլ մահճակալից հատակի հետ հորիզոնական կախել միջանցքում էնպես, որ ձեռքը Ռ-ի մահճակալին է հասնում։ Գիտեք, գիշերը հերթափոխից գալիս քանի անգամ եմ մութ տեղը մահճակալիս ճամփին դեմքով խփել ձեռքին։ Շատ անգամներ։ Իսկ Տ-ն միշտ նույն դիրքով պառկած է։ Մեկ-մեկ քնած տեղը անհեթեթություններ է խոսում, արթնանում ու մեզ հետ ծիծաղում իր ասածների վրա։

Սենյակում 6-րդ մարդը պառկած է Տ-ի հենց գլխի մասի մոտի 2-րդ հարկում։ Գ-ն էլ է քնած՝ պինդ ու մեռած քնով։ Էսօր ինժեներականի էր գնացել, լավ տանջված կլինի։ Եթե արթուն լիներ, կիսաձայն մի հիմար բան կպատմեր, ու նրան ոչ ոք չէր լսի։ Եթե երկար խոսեր, մեկը կնետեր, թե․

-Այ տղա, հո դու խփնված չե՞ս, կամ նորմալ խոսա՝ բան հասկանանք, կամ էլ` սուս արա։

-Դեհ, ես ինքս ինձ եմ, բարձր ասեմ, որ ի՞նչ․․․

Ու կպտտվեր պատի կողմ, մի քանի րոպեից բռունցքով կխփեր պատին ու դուրս կգար ծխելու։ Սա էլ Գ-ն։

7-րդը Վ-ն է։ Այսինքն՝ ինչ Վ։ Ես եմ։ Սենյակի աջ անկյունում 2-րդ հարկի անկողնուս պառկած սա եմ գրում։ Ես էլ գրել եմ ուզում։ Բայց էլ չեմ կարողանում։ Ամեն օր գրում եմ։ Բայց էդ գրել չարժի հաշվել։ Ուզում եմ խոսել, պատմել, բայց չեմ կարողանում։ Ուզում եմ բոլոր տետրերս լցնել, բայց գրում-ջնջում եմ։ Առաջ ընդհանրապես ոչ սևագիր էի անում, ոչ ջնջում ինչ-որ բան։ Էդպես էլ որոշեցի չգրել։ Մեծ բան չեք կորցրել։ Բայց ձեռքս ինձնից անկախ գրպանս է մտնում՝ գրիչի հետևից։ Եվ․․․

Եվ այսպես՝ 4 անց 31։ Էսքանը կարողացա գրել։ Էս անգամ կտամ կարդաք։

Մալիշկայի նոր մեկնարկը

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Հարցազրույց Մալիշկա համայնքի պաշտոնակատար Հունան Հունանյանի հետ:

-Պարոն Հունանյան, պատմեք Ձեր մասին. որտե՞ղ եք սովորել, որտե՞ղ եք աշխատել մինչ համայնքի ղեկավարի պաշտոնին նշանակվելը:

-Ես ծնվել եմ 1976 թվականի փետրվարի 23-ին Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում: 1982-1992 թվականներին սովորել և ավարտել եմ Մալիշկայի թիվ 2-րդ դպրոցը, 1992-1994 թվականներին սովորել և ավարտել եմ Երևանի Ֆինանսատնտեսագիտական տեխնիկումի Եղեգնաձորի մասնաճյուղը: 1994-1995 թվականներին ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, 1995 թվականի հունիսին մարտական առաջադրանք կատարելիս վիրավորվել եմ, և այժմ առաջին կարգի զինհաշմանդամ եմ: 1997 թ. ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել եմ «1992-1994 թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով:

1996-2001 թվականներին սովորել և ավարտել եմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը: 2000 թվականից զբաղվում եմ հաշմանդամային սպորտով, գրավել եմ 30-ից ավելի I և II մրցանակային տեղեր` անվասայլակով թենիս, բասկետբոլ, սայլակավազք և ծանրամարտ մարզաձևերում:

1996 թ.-ից առ այսօր «Նոր որակ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն եմ: 2012 թ.-ից առ այսօր «Սատար» հաշմանդամների ՀԿ-ի հիմնադիր նախագահն եմ: 2013 թ.-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանագրով պարգևատրվել եմ «Ծովակալ Հ. Ս. Իսակով» մեդալով:

2016 թ.-ից առ այսօր «Հայրենիքի պաշտպան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր տնօրենն եմ: 2017 թ.-ին ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել եմ «Վազգեն Սարգսյան» մեդալով:
1994-2018 թթ․ hայրենիքի պաշտպանության, հասարակական ակտիվության և բարեգործական ծրագրերի իրականացման համար արժանացել եմ 80-ից ավելի պատվոգրերի, շնորհակալագրերի, մեդալների և պարգևների:

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

-Ե՞րբ եք նշանակվել Մալիշկա համայնքի ղեկավարի պաշտոնում: Ի՞նչ բարեփոխումներ եք կատարել նշանակվելուց հետո:

-2018 թ. սեպտեմբերի 13-ից ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի թիվ 44 որոշմամբ նշանակվել եմ Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Մալիշկա գյուղում շատ խնդիրներ կան, հասարակության պահանջները հաշվի առնելով՝ այդ խնդիրներից առանձնացվել են առավել կարևորները: Սկսվել է 2 մանկապարտեզների վերանորոգումը, թիվ 2 մանկապարտեզում վերանորոգվում է ճաշարանը, իսկ առաջին մանկապարտեզում 80%-ով վերանորոգում է կատարվում, որովհետև մանկապարտեզը անմխիթար վիճակում է գտնվում, վերանորոգվում են ճաշարանը, երեխաների միջոցառումների դահլիճը, շենքային մասը:
Սկսվել է սանիտարական մաքրում ամբողջ համայնքում, բարեկարգվում են փողոցները, գյուղի արտաքին լուսավորության աշխատանքներն են սկսվել: Մշակույթի տան սենյակներից մեկն է վերանորոգվել, որը պարի խմբի երեխաների համար է: Սկսվել են գյուղի մուտքի աշխատանքները, գեղեցիկ լուսավորությամբ, կանաչապատումով մուտք է նախատեսված, որի աշխատանքները մոտավորապես 10 օրից կավարտվեն:

-Ի՞նչ ծրագրեր ունեք մոտ ժամանակներս:

-«Գյուղի տակ» կոչվող տարածքում մի քանի օրից կսկսվեն բարեկարգման աշխատանքները, կբարեկարգվի գյուղի հուշարձանը:
Նշվում են բոլոր տոնական օրերը, մեծ շուքով նշել ենք Անկախության օրը, Ուսուցչի տոնը: Կազմակերպել ենք միջոցառում մեր գյուղի այն տղաների համար, ովքեր մարտական հերթապահություն են իրականացնում, կատարվել է պատվոգրերի պարգևատրման արարողություն, հյուրասիրություն, այդ օրը տոն ենք դարձրել մեր սահմանապահների համար: Ուսուցչի տոնին նվիրված նույնպես մեծ համերգ է կազմակերպվել գյուղի դպրոցների ուսուցիչների համար, դպրոցներում հայտարարվել է ֆոտոմրցույթ, լավագույն ուսուցիչը, լավագույն լուսանկարները արժանացել են մրցանակների:
Մեծ ուշադրություն ենք դարձնում մշակույթային ծրագրերի և սպորտի զարգացմանը, ծրագրում ենք Մալիշկայում բացել Երիտասարդական կենտրոն, որտեղ կլինի թենիսի սրահ երիտասարդների համար, ինչպես նաև կենտրոնի երիտասարդները կկարողանան աջակցել գյուղի զարգացման ծրագրերին:
Շուտով գյուղում կսկսվեն բոքսի և կարատեի պարապմունքներ:
Այս ծրագրերի մեծ մասը մինչև ամսվա վերջ կձգտենք իրականացնել:
Նախապատրաստվում ենք ընտրություններին, կարևորում ենք նաև այն փաստը, որ ավագանու անդամների թվում պետք է լինեն կանայք, մանկավարժներ: Ես դպրոցներում կոչ եմ արել, որ մանկավարժներից մի քանի կանայք լինեն ավագանու անդամների թվում:
Ես այս ժամանակն օգտագործել եմ գյուղում փոփոխություններ կատարելու համար, որպեսզի համայնքի բնակիչները իմանան, որ մեծ ցանկության դեպքում հնարավոր է փոփոխություններ, բարեկարգումներ իրականացնելը:
Համայնքի ներուժն է ինձ մեծ ուժ տալիս այս ծրագրերն իրականացնելու, որովհետև երկար ժամանակ անց գյուղացիներն զգում են, որ գյուղում կատարվում են բարեկարգումներ, և լցվում են հավատով:
Իսկ ամենակարևորը, որ քո առաջ դնում ես նպատակ և սկսում ես լուծել առաջացած խնդիրները, իսկ հետո քիչ-քիչ ամեն ինչ սկսում է կարգավորվել, և արդյունքը գոհացնում է:

Քեզ համար, Երևան

Հոկտեմբերի 3-ին Վայոց Ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ գեղարվեստական ցերեկույթ, որը նվիրված էր Էրեբունի-Երևանի 2800-ամյակին։

Մինչ միջոցառումն սկսելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին աշխարհահռչակ շանսոնյե, երգահան, դերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակը։
Այնուհետև հնչեց նրա «Քեզ համար, Հայաստան» երգը։
Միջոցառումն սկսվեց Էրեբունի-Երևանի կառուցման պատմությամբ։
Երևանը Հայաստանի 12-րդ մայրաքաղաքն է, հանրապետության մշակութային, գիտական կենտրոնը։ «Հաղթանակ» զբոսայգուց նայելիս՝ Երևանը վարդագույն քարե ծաղիկ է թվում, դիմացդ հառնում է Արարատը։ Այնտեղ՝ հեռվում ուրվագծվող բլուրների վրա, դարեր շարունակ եղել են բնակավայրեր, իսկ Ավանի ձորի լանջերը և Հրազդանի քարայրները կացարաններ են եղել դեռևս մարդկության պատմության արշալույսին։ Պեղումների և շինարարական աշխատանքների ընթացքում ներկայիս Երևանի տարբեր մասերում հայտնաբերվել են դամբարաններ, նյութական մշակութային բազմաթիվ մնացորդներ։ Երևանի տարածքի հնագուն բնակավայրերից է Շենգավիթը, որին հաջորդել են Ծիծեռնակաբերդի, Վարդաձորի բլուրի բրոնզեդարյան բնակավայրերը։
Միջոցառման ընթացքում ասմունքող երիտասարդների շուրթերից ներկաները լսեցին տարբեր հեղինակների ստեղծագործություններ՝ նվիրված մայրաքաղաք Երևանին։
Երևանին նվիրված գովքեր են գրել գուսանները, երգահանները, ինքնուս ստեղծագործողները։
Վայոց Ձորի տաղանդաշատ երեխաները՝ Անահիտ Գևորգյանը և Մհեր Մհերյանը, որոնք գրադարանի լավագույն ընթերցողներն են և այս տարի մասնակցում էին մանկական Եվրատեսիլի նախընտրական փուլերին («1+1» անվամբ), ներկա էին Էրեբունի-Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառմանը և հանդես եկան դուետով։

Mari Baghdasaryan malishka

«Երկնագույն կածանների հևքը»

Օգոստոսի 6-ին Եղեգնաձորի Երկրագիտական թանգարանում գրքի շնորհանդես էր: Գրքի հեղինակը Վանիկ Դանիելյանն է: Նա Վայոց Ձորի մարզի Շատին գյուղից է: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը կարմիր դիպլոմով: 1975 թվականին աշխատել է Շատինի միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ, ապա նույն դպրոցի տնօրեն: 1981 թվականից աշխատել է Եղեգնաձորի ժողկրբաժնում որպես տեսուչ:

2006 թվականից մինչ օրս աշխատում է Կրթության ազգային ինստիտուտի Վայոց Ձորի մասնաճյուղում որպես փոխտնօրեն՝ գլխավոր մասնագետ:
Վանիկ Դանիելյանի ստեղծագործությունները տպագրվել են տարբեր թերթերում և գրական-գեղարվեստական հանդեսներում:
«Երկնագույն կածանների հևքը» պատմվածքների ժողովածուն Վանիկ Դանիելյանի առաջին գիրքն է, և նա որոշել էր իր գրքի շնորհանդեսը Եղեգնաձորում կազմակերպել: Գրքի շնորհանդեսին ներկա էին Վանիկ Դանիելյանի հարազատները, ընկերները, մարզպետարանի աշխատակիցները և ընթերցասեր երիտասարդներ:
Ներկաներից շատերը իրենց ստի խոսքն էին ասում ու շնորհավորում էին Վանիկ Դանիելյանին գրքի լույս տեսնման կապակցությամբ:
Ես էլ մոտեցա՝ բարևեցի, ներկայացա, շնորհավորեցի և ծանոթացա գրող Վանիկ Դանիելյանի հետ: Նաև նվեր ստացա գիրքը՝ հեղինակի մակագրությամբ:
«Երկնագույն կածանների հևքը» պատմվածքների ժողովածուում տեղ էին գտել պատմվածքներ, որոնք կարդալիս կամ տխրում ես, կամ ուրախանում, պատմվածքներ, որոնք պետք է կարդաս կամ ամռան տապին, կամ անձրևոտ օրերին, որ կարողանաս հասկանալ գրողի հույզերն ու ապրումները:
«Ասում են՝ արցունքները հոգու վիշտն են, իսկ ժպիտը՝ նրա բերկրանքը:
Քրտնեց սառույցը, հորանջեց ձմեռվա նիրհից, և քրտինքի առաջին կաթիլը, դանդաղ սահելով նրա սառը ճակատով, աստիճանաբար մեծացավ և հասնելով սառցի հոնքին՝ մի վերջին անգամ կառչեց նրանից և չկարողանալով կանգնել՝ երերաց ու հառաչելով գլորվեց, բախվեց ջրափոսի հատակին:
Կաթիլը ցավ զգաց»:
Իսկ սա հատված է Վանիկ Դանիելյանի «Երբ արցունքներն են հոսում» պատմվածքից:

Արա Գյուլերը Եղեգնաձորում

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 16-ին Ստամբուլում: Նա այն եզակի լուսանկարիչներից է, որի նկարները 1960-ականներից սկսած տպագրվել են նշանավոր հեղինակների գրքերում և ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում: 1968 թվականին Արա Գյուլերի աշխատանքները ներկայացվել են Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում: Նա նկարել է այնպիսի ճանաչված մարդկանց, ինչպիսիք են նկարիչներ Սալվադոր Դալին, Մարկ Շագալը, Պաբլո Պիկասոն, կինոռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքը և շատ ուրիշներ: Գյուլերի աշխատանքները գտնվում են աշխարհի տարբեր թանգարաններում:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Եղեգնաձորի պատկերասրահում Գյուլերի 90-ամյա հոբելյանին նվիրված ցուցադրություն էր կազմակերպված: Ցուցադրված էր Գյուլերի` հանրությանը հայտնի լուսանկարների շարքը, որը կրում էր «Ակնթարթից դեպի հավերժություն» խորագիրը: Այդ լուսանկարները նա արել է իր կյանքի տարբեր տարիներին: Ապրելով Ստամբուլում` Արա Գյուլերը կարողացել է ստեղծագործել և ունենալ այնպիսի ստեղծագործություններ, որոնցով մենք այսօր կարող ենք հիանալ: Գյուլերը նկարել և հանրությանն է ներկայացրել այն գեղեցիկը, որը հաճախ կարող է վրիպել մեր աչքից:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Ցուցահանդեսի առաջին ներկաները Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի աշխատակիցներն էին, որոնք մեծ հետաքրքրությամբ զննում էին Գյուլերի աշխատանքները: Այնուհետև պատկերասրահը լցվեց տարբեր մասնագիտության, բնավորության տեր մարդկանցով: Ոմանք խորասուզվում էին նկարների մեջ ու անթարթ աչքերով նայում էին, ոմանք քննարկում էին և ուրախանում, որ Եղեգնաձորում այդպիսի աշխարհահռչակ լուսանկարչի աշխատանքներն են ցուցադրվում:
Ցուցահանդեսի ընթացքում շատերն իրենց սրտի խոսքն ասացին, և նրանցից մեկը Վայոց Ձորի մարզի լուսանկարիչ Էդուարդ Բագրատունին էր:

-Ես 1970 թվականից լուսանկարում եմ, և երազանքներիցս մեկը այս տարիների ընթացքում կատարվեց: Կուզեի նաև Մալաք Քարշին տեսնել, որովհետև ոչ մի ուրիշ նկարիչ, լուսանկարիչ այնպես չի բացահայտել Ստամբուլի դեմքը, ինչպես այդ երկու հայազգի նկարիչները: Մի օր բացեցի մի ամսագիր, տեսա Քարշի լուսանկարը, հետո` Գյուլերի և սկսեցի երազել: Մալաք Քարշին Եղեգնաձորում տեսնել չկարողացա, բայց այսօր կատարվեց մյուս երազանքս` տեսա Արա Գյուլերի լուսանկարների ցուցադրությունը Եղեգնաձորում:
Այստեղ ցուցադրված են այնպիսի լուսանկարներ, որոնց քննադատության մասին խոսք գնալ չի կարող, դա արվեստ է և վերջ:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Իսկ ավարտին Գյուլերի նկարով փոքրիկ գրքույկներ ստացան ցուցադրության բոլոր ներկաները: Գրքույկի շապիկին Գյուլերի և նրա մի քանի աշխատանքների նկարներն էին: Բացելով գրքույկը` մարդիկ ծանոթանում էին Արա Գյուլերի կենսագրությանը:

Նաև ուզում եմ ասել, որ ցուցադրությունը դեռևս բաց է բոլոր հետաքրքրված անձանց համար: Եթե սիրում ես լուսանկարել, հետաքրքրված ես լուսանկարչությամբ, բաց մի թող առիթը տեսնելու հանրահռչակ լուսանկարչի ստեղծագործությունները:

armine harutyunyan

Լռության ձայնը

Ապրիլի սկիզբն էր: Եղանակը՝ ոչ այնքան բարենպաստ: Կեսօրն անցել էր, երեկո էր: Արևն արդեն անցել էր սարերի հետևը, բայց շողերը դեռ կարմրավուն և դեղնավուն գունային երանգներով գեղեցիկ տեսարան էին ստեղծում երկնքում:

Այդ օրը ամբողջ ժամանակս անցկացրել էի մենակ (ինչպես սիրում եմ ու հիմնականում այդպես էլ անում) և որոշեցի այդպես էլ ավարտել: Դուրս էի եկել զբոսնելու: Քայլում էի աննպատակ և առանց մտածելու: Գնում էի անորոշ ուղղությամբ: Գնում էի այնտեղ, ուր ոտքերս էին տանում: Առանց որևէ պատճառի, պարզապես տրամադրություն չունեի: Քայլում էի միայն մի բանի մասին մտածելով, որը գնալով սովորական մտքից վերածվում էր վախի: Չհանդիպել այնպիսի մեկին, ով կփորձի խոսել ինձ հետ կամ, առավել ևս, լինի բարեկամ: Օ՜, ոչ, ես դրան չէի դիմանա: Այսպես մտամոլոր չեմ էլ հիշում՝ որքան էի քայլել, երբ սթափվեցի ոտքերիս ցավից, որոնք քայլելուց արդեն ուժասպառ էին եղել, և եթե մարդկային լեզու ունենային, ինչեր ասես, որ չէին ասի ինձ:

Սթափվեցի, կանգնած էի փողոցի մեջտեղում, իսկ շուրջս ոչ ոք չկար, սա հենց այն էր, ինչ միանգամից անցավ մտքովս՝ ոչ ոք չկար:

Զարմանալի էր, փորձեցի հիշել անցածս ճանապարհը, մի բան հայտնաբերելուց հետո ես ապշեցի. «Աստված իմ, մի՞թե: Այո, հիշում եմ, այո, այդպես է»: Ես երկար, շատ երկար էի քայլել, բայց ոչ մեկի, բացարձակապես ոչ մեկի չէի հանդիպել ճանապարհին: Ոչ ոք չկար, դատարկություն էր: Հասկանալով դա՝ սարսափեցի: Հանկարծակի միտքս փոխեցի՝ կգնամ այնտեղ, որտեղ միշտ մարդաշատ է: Բայց ո՞ւր, այո, իհարկե, պուրակը, բայց արդյո՞ք կարող եմ: Այն գտնվում է գյուղի կենտրոնում, իսկ ես այնտեղից բավականին հեռու եմ և բացի այդ, ոտքերս այլևս ի զորու չեն ենթարկվելու ինձ: Գրողը տանի: Թքած, ցավում ցավում են, թող մի քիչ էլ ցավեն, կդիմանամ, միայն թե հանդիպեմ որևէ մեկին, այլևս չեմ դիմանում: Այս անիծյալ դատարկությունն ինձ կուլ է տալիս: Անհապաղ պետք է գտնել մեկին, ով անկեղծ, շատ անկեղծ, կնայի ուղիղ աչքերիս մեջ և կժպտա։ Մի քանի վայրկյանում այսքանը անցավ մտքովս: Բռնեցի այն ճամփան, որը տանում էր դեպի պուրակը: Քայլում էի շնչակտուր, արագ և հստակ: Ներսումս այնքան հույս էր կուտակվել, որ նույնիսկ մեկ-մեկ անկախ ինձնից ժպտում էի:

Սակայն ինչքան մոտենում էի պուրակին, այնքան այդ հույսը վերածվում էր սարսափի և հիասթափության, որովհետև պուրակից ոչ մի ձայն չէր լսվում:

Հասա պուրակի դարպասներին, սարսափը կրկնապատկվեց, ձեռքերս սկսեցին դողալ: Առաջացա, կանգնեցի պուրակի կենտրոնում: Ամբողջ մարմնով դողում էի: Սարսափն իր գագաթնակետին էր հասել: Ոչ ոք չկար, ոչ ոք, լռություն էր, դատարկություն, ամայություն, կարծես երբեք մարդ չեր եղել այնտեղ, այնինչ ընդամենը մեկ օր առաջ այդտեղ ասեղ գցելու տեղ չկար․ մեծահասակները խումբ-խումբ նստած նստարաններին մտերմիկ զրուցում էին և բարեկամաբար ժպտում: Իսկ երեխաները երջանկությունից այս ու այն կողմ էին վազվզում: Իսկ հիմա՞, հիմա ոչինչ, ոչ ոք չկար, միայն ես էի և… ես: Վերջապես սարսափը վերափոխվեց ցասումի: Կռացա, գետնից վերցրի մի մեծ քար, բարձր բացականչեցի և զայրույթի ամբոջ ուժով այն նետեցի դեպի իմ աջևում և ինձնից քիչ հեռու գտնվող մետաղե արձանը։ «Մարդուն մարդ է պետք»: Քարը դիպավ երկաթին, մի ահարկու ու բարձր ձայն դուրս եկավ և տարածվեց օդում: Ձայնն աստիճանաբար կորչում էր, իսկ ցասումս կրկնակի, եռակի, քառակի չափով վերածվում էր հիասթափության: Վերջապես ձայնը մարեց: Մարմինս, որ մինչ այդ տենդագին դողում էր, միանգամից անզգայացավ և թուլացավ: Ուղեղս մթագնեց: Ոտքերս թուլացան, և ես ընկա գետնին: Հայացքս ուղղեցի դեպի վեր: Շնչահեղձ էի լինում և կիսաձայն կրկնում՝ մարդուն մարդ է պետք, և… Եվ շուտով դա էլ անցավ: Կոպերս աստիճանաբար փակվեցին և հանդիպեցին իրար:

Չորս անմոռաց օր

Երբ դու ապրում ես Ջերմուկում, ու երբ գալիս են ամառային արձակուրդները, ամենահարմար վայրը, ուր կարող ես գնալ, ճամբարն է, իմ դեպքում Ready to access oportunities regional camp 2018-ն էր: Հուլիսի 10-14-ը ես գտնվում էի Սևանում, որտեղ անցկացրի հիանալի ժամանակ, ձեռք բերեցի նոր ընկերներ ու գիտելիքներ: Գիտե՞ք, երևի էդպիսի բովանդակալից ու ինֆորմացիոն չորս օր վերջին անգամ ունեցել էի Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի՝ 17.am-ի կազմակերպած մեդիա-ճամբարի ընթացքում: Այնքան շատ են տպավորությունները, որ որոշեցի գրել ճամբարի մասին ու կիսվել դրանցով:

Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ ես նստեցի դեպի Սևան գնացող ճամբարականներով լի միկրոավտոբուսը, որտեղ ինձ միանգամից ընդունեցին այնպես, ինչպես հարազատին կընդունեին: Մենք հենց առաջին վայրկյաններից ցանկանում էինք իմանալ միմյանց մասին ամեն ինչ, դառնալ ընկերներ ու երբեք չբաժանվել: Երբ հասանք ճամբար ու ծանոթացանք մյուս մասնակիցների հետ, մեր ոգևորությունը ավելի մեծացավ: Երբ ամեն ոք իրեն էր ներկայացնում ու իր գործունեությունը իր համայնքում, բոլորս հասկանում էինք, որ հայտնվել ենք ստեղծագործ, խելացի ու էներգիայով լի մարդկանց շրջապատում:

Գիտե՞ք` ամենից շատ նաև տպավորվել է այն պահը, երբ եկել էր ճաշի ժամը, և բոլորս սպասում էինք, ինչպես շատ ճամբարներում է լինում, ոչ համեղ ճաշի, ու հանկարծ միանգամից անակնկալի եկանք այդ համեղ ու հրապուրող ուտելիքից, որին արդեն ճամբարի մյուս օրերի ընթացքում անհամբեր սպասում էինք: Մեր ճամբարի անմնացորդ մաս էին կազմել նաև Պատրիկը ու մեր պահապան շունը` Էտոն:

Պատրիկը Բելգիայից է, ու եկել է հայկական ճամբար որպես կամավոր: Մենք միասին գնացինք Սևան լողալու, հետո նայեցինք Բելգիա-Ֆրանսիա ֆուտբոլային խաղը: Պատրիկը մեզ համար էքսկուրսիա կազմակերպեց դեպի «Կիլիկիա» նավը, որի մասին պատմեց և տեղեկացրեց, որ այն ճանապարհորդել է գրեթե ամբողջ աշխարհով և հիմա սպասում է վերանորոգման, որի հետ կապված խնդիրներ կան:

Դե, իսկ Էտոն մեր բոլորի ուշադրության կենտրոնում էր հենց առաջին վայրկյաններից: Այնպիսի բարի ու նվիրված կենդանի էր, որ նրան սկսեցին սիրել ու շոյել նույնիսկ ճամբարականներիցս նրանք, ովքեր վախենում են շներից: Չմոռանամ պատմել նաև մեր դասընթացավարների` Շուշաննա Աբովյանի, Սոնա Նահապետյանի, Խաչատուր Մարգարյանի և Սոնա Գրիգորյանի մասին, որոնք ոչ միայն մեզ տվեցին գիտելիքներ ամերիկյան համալսարանների, էլ.նամակների, ինքնակենսագրականների ու հարցազրույցների, հրապարակախոսության ու ազատ խոսքի, առաջնորդության ու գենդերային հավասարության ու այլ թեմաների մասին, այլ դարձան մեր լավ ընկերները, տվեցին մեզ դրական լիցքեր ու մոտիվացրին: Մենք նաև ավելի մանրամասն տեղեկացանք Flex ծրագրից, որից հետո մեզնից շատերը ոգևորված ցանկացան դառնալ նրա մի մասը ու փորձել իրենց գիտելիքները ու բախտը:

Հիշում եմ նաև խաղերը, հանգստյան ժամերը, որոնց ժամանակ մենք հաստատ էլի ինչ-որ ծիծաղաշարժ բաներ էինք մտածում ու անում: Իսկ տաղանդի երեկոյի մասին էլ չխոսեմ, ինչքան տաղանդավոր էին իմ հարևանները, մեկը մյուսից ավելի լավը, ու ոչ ոք ոչ մեկին չէր զիջում իր հմտություններով, որոնք ավելի էին կատարելագործվել ճամբարի ընթացքում: Չմոռանամ գրել նաև նամակների մասին, որոնք մենք գրում էինք մեր ընկերներին, իսկ վերջում ընթերցելիս հուզվում ու համոզվում, որ նրանց երբեք չենք մոռանա ու միշտ կապի մեջ կլինենք:

Հիշում եմ վերջին օրը Սևանի ափին: Բոլորս տխուր էինք, բայց բոլորիս դեմքին ժպիտ կար: Սևանն էլ էր ալեկոծվել ու միացել մեզ: Մենք տխուր էինք, որ վերջացան ճամբարի օրերը, բայց հասկանալով, որ դա մեր վերջին հանդիպումը չի կարող լինել, ժպտում էինք և ուրախանում:

Այդ չորս օրերի ընթացքում մենք բացահայտեցինք ու զարմացրինք ինքներս մեզ ու մեր ընկերներին, և իհարկե, այդ ամենի ընթացքում մեր կողքին էին ճամբարի միշտ դրական կազմակերպիչները` Արմինեն, Աննան և Շուշաննան: Ես և ճամբարի մյուս մասնակիցները անչափ շնորհակալ ենք նրանց այդպիսի անմոռանալի օրերի և յուրահատուկ մթնոլորտի համար, որը ստեղծվել էր նրանց շնորհիվ: Իսկ նրանց, ովքեր ընթերցում են այս նյութը, հորդորում եմ, որ եթե ևս մեկ անգամ տեսնեն այս ճամբարին մասնակցելու հայտը, ապա անպայման դիմեն ու հավատան, որ այդ ճամբարային օրերը կփոխեն իրենց ու իրենց կյանքը, ինչպես իմն ու ընկերներինս փոխեցին: