Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Դեպի ջահել ազատություն

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Էս իմ ասելիքի կեսն է, ու ոնց զգացել եք, ես շատ բան չեմ էլ տեղադրում սոցկայքում, միայն կրիտիկական պահերին, ու եթե ես սրա մասին չխոսեմ, կմեռնեմ։

Առավոտյան 7-ին մտածում էի՝ գնամ-չգնամ, որովհետեւ դասերից հետո հաստատ միանալու էի ժողովրդին, չգիտեմ ինչու որոշեցի, որ գնամ: Ու 8.30 դուք պետք է տեսնեիք ոնց մի խումբ ջահելներով նստեցինք փողոցի մեջտեղում, փակեցինք փողոցները (բժշկականի մոտ = ուսանողական տարածք): Հետո իմանում էինք, որ մետրոյում պառկում են դռան առաջ, ու ոգևորվում էինք։
Մարդիկ մասիվից, Կոմիտասից ու լիքը տեղերից ոտքով իջնում էին կենտրոն։

Էս բոլոր պահերին ուզում ես մի քանի մարդ դառնաս, որ ամեն տեղ լինես, որ ոչ մի բան բաց չթողնես, որովհետև ամեն ինչ չափից դուրս ոգևորող է։

Համալսարանների մոտով քայլեցինք ու եկանք հետ` ընդմիջում անելու։
Դրանից հետո իջանք օպերա` Ռոդենի արձանի մոտ, ինչ խոսք` Հայկոյի խոսքը ոգևորիչ էր։

Լուսանկարը՝ Էրիկ Ալեքսանյանի

Լուսանկարը՝ Էրիկ Ալեքսանյանի

Երբ այդքան մարդ ես տեսնում մի տեղ` ջահելներ, ձյաձյաներ, մորքուրներ, տատի ու պապիներ, չես կարող չոգևորվել։ Հետո քայլեցինք ո՞ւր։ Հա, մեր սիրելի ԱԺ:
Երբ առաջ ես նայում՝ ծայր չկա, հետ ես նայում՝ ծայր չկա, հասկանում ես, որ քո «դեմը խաղ էլ չկա»։ Ծափեր, ծափեր, ծափեր… Կոչեր, «Ոստիկան, միացիր»-ներ (թե ո՞ւմ ենք խաբում) ու հետո ուժեղ ձայն (կրակոցի նման): Վախենալու էր, հատկապես մեր նման վախկոտների համար։ Ձյաձյաներն ասացին՝ վերջ, էլ չեն անի, մի վախեցեք:
Հետո մի հատ էլ, արդեն մեր ուղղությամբ: Հետո մի հատ էլ, մի հատ էլ… Ու արդեն Սարյանի այգում ենք` լացելով, չհասկանալով՝ էս ի՞նչ էր, ո՞նց, ինչո՞ւ…

Լուսանկարը՝ Էրիկ Ալեքսանյանի

Լուսանկարը՝ Էրիկ Ալեքսանյանի

Էս կարճ էն մասին, թե ինչ կատարվեց:
Չեմ խոսում ընթացքում պատմությունների մասին, թե ամեն փողոցում ոնց են մարդ «տփել», ով ինչ է ասել, ինչով են վախեցրել և այլն, ուժեղ ձայներից հետո մարդկանց վնասվածքների, դիմացը կանգնած աղջիկների վախերի, ուշաթափությունների մասին պատմություններ, ու ամբողջ Սարյան իջնելու ճամփին լաց, լաց, ու «Մի վախեցեք, բալեք»-ներ…

Նստած մտածում ես՝ լավ, ինչի՞։ Չեմ խոսի սենտիմենտալ բաներից (ասենք` որտեղի՞ց էս մարդկանց էսքան չարություն), քանզի ամեն ինչ հարթ լինել չէր էլ կարող։

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Հա, ես քաղաքականությունից շատ բան չեմ հասկանում, բերման ենթարկվելու դեպքում իմ իրավունքներին էլ էսօր եմ ծանոթացել, բայց դա ինձ չի խանգարել, որ գնամ ու կանգնեմ էդ մարդկանց հետ: Որ էսօր ծաղիկ բռնեմ ձեռքիս, ծափերից ուրախանամ, գրկեմ, ժպտամ ու լացեմ, պառկեմ Աբովյանի խաչմերուկի մեջտեղում, որովհետև ամեն դեպքում ես հպարտ եմ, որ հայ եմ։ էն մարդիկ, որ ապրում են հիմա Հայաստանում, և ում ես տեսա ու ումով հպարտացա, իրենք են Հայաստանը, ոչ թե էն մարդիկ, որ փշալարի մյուս կողմում են, որ մեզ վրա, չգիտեմ ինչեր են գցում, որ տանկ ու ջրցաններ են բերում, իրենք չեն Հայաստանը, հաստատ։

Ու էս ամեն ինչի հետ դեռ կան մարդիկ, որ օնլայն տիրույթում գրում են` «դուխով, առաջ գնացեք, հետ չգաք»։ Էս ամեն ինչը հեշտ է, երբ դու տանն ես, կողքից ես նայում ու թվում է քեզ մի քայլ է բաժանում քո նպատակից: Ես չեմ ասում՝ եկեք մեզ հետ ու տնից մի գրեք (էդ էլ է օգնում շատ), ես չեմ ասում՝ «դուխ» մի տվեք, բայց մի մեղադրեք, երբ մարդիկ հետ են գալիս ու ինչ-որ պահի ուղղակի հուսալքվում։
Էս ամեն ինչի հետ կան մարդիկ, որ կանգնում են ցուցարարների ֆոնին ու ժպտալով սելֆի անում, կամ՝ «Ապե, մի հատ ինձ նկարի, քանի չեն գնացել»:

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

էս ամենի հետ կան մարդիկ, ովքեր գոհ են երկրի վիճակից ու մեղադրում են մեզ մենակ նրա համար, որ իրենք ուշացան գործից-դասից։ Հարցը էդ մի օրը չի, հարցն էն է, որ իրենք միշտ են էդպես, միշտ են էդպես մտածելու, ուշանան, թե՝ չէ։

Ու կարող է էս ամեն ինչը էսպես չպետք է մեկնաբանվեր, որ իմ էստեղ գրելը սխալ է, որ ես կարող է՝ շատ բան չեմ տեսել։ Բայց ես գիտեմ, որ երբ փշալարից էս կողմ ես, էդ ձայնից կարող է գժվես ու ժամերով հետ չգաս, կարող է անընդհատ հարցնես՝ ինչի՞, կարող է՝ կոտրվես, կարող է «մանթոյից խնդաս», հումորներ անես, մտածես կողքինիդ մասին, երբ իրեն առաջին անգամ ես տեսնում, ու մեկ է, դրանից հետո էլի գնաս ու ասես` բայց մենք ժպտում ենք։

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Ու չեմ լռելու նրա մասին, որ էս ամենը նման էր պատերազմի, սահմանին, իսկական։ Որովհետեւ էդ ամենը ես հենց էդպես էլ պատկերացնում եմ, երբ տղերքը ասում են մեկը մյուսին՝ ես կմնամ, դու գնա աղջիկներին տեր եղի, երբ ասում են՝ մի վախեցիր, երբ աղջիկներին են պաշտպանում, հետո իրենց մասին մտածում (կամ մոռանում իրենց մասին), ու փշալարի մյուս կողմը էդ իրական սահմանի մյուս կողմն է, որովհետեւ երբ առաջին «չգիտեմ ինչը» գցեցին, ես չէի ուզում հավատալ, որ էդ զավակ, կին, մայր ու հայր ունեցող մեկն է անում։ Էդ ուղղակի անհնար է…

Բախտի բերմամբ թե պատահմամբ, նաև մյուս կողմերում եղա, որտեղ էլի փակել էին ճամփաները, ու էդ ոստիկանները, էդքան շատ մարդ (մարդ եմ ասում, որովհետև ուզում եմ հավատալ, որ իրենք առաջին հերթին մարդ են, ամուսին, հայր, որդի, հետո ոստիկան, և ուզում եմ հավատալ, որ իրենք իրոք այլ ճար չունեն, դրա համար են էսպես վարվում), սպասում էին ուղղակի մեկի հրամանին, մեկի, գրողը տանի։ Մի հոգու պատճառով էս ամեն ինչը, մի հոգու պատճառով… Չէ, իմ երազած Հայաստանը հաստատ սա չի, հաստատ։

Ու միշտ ասել եմ ու էլի ասում եմ՝ ես էս երկրից չեմ գնալու, երբեք, ես իմ երեխեքին էստեղ եմ մեծացնելու, իմ երեխեքը հայ են մեծանալու, որովհետև էս է իրենց տունը։

Ուղղակի ուզում եմ, որ էսպես չլինի: Ուզում եմ հավատալ, որ մի անգամ «Ոստիկան, միացիր»-ով բոլորը միանալու են, որ գնալու ենք ու անենք էն, ինչ ուզում է ժողովրդի մեծ մասը։ Բայց չէ, պարզվում է կան նաև կինոյի վատ տղաները, որ խանգարելու են։

Ինչ եմ ուզում ասել, իմ Հայաստանում համալսարան-դպրոցում ցույցի գնալը (ֆորմալ` դասից բացակայելը) էդ ուսհաստատությունից հեռացվելու պատճառ չի, իմ Հայաստանում դասախոս-ուսանողը չի վախենում «մեշոկ պապիներից», իմ Հայաստանում ոստիկանը քաղաքացու պաշտպանն է, ոչ թե թշնամին, ու իմ Հայաստանում փշալարեր չկան:

Երևանյան օրեր. ապրիլ 16

Հուշաղբյուր-խաչքար Վայքում

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Վահե Թադևոսյանը ազատամարտիկի որդի է, այժմ Վայքի ավագանու անդամ է: Նա ապրում և աշխատում է Վայքում:

-Ես ծնվել եմ Վայքում, սովորել եմ Վայքի առաջին դպրոցում: Մինչ օրս շարունակում եմ ապրել և աշխատել Վայքում: 2016 թվականից Վայքի ավագանու անդամ եմ:
Իմ հայրը Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից է եղել, այդ ժամանակ վիրավորվել է: 2016 թվականի քառօրյայի օրերին ես եղել եմ Ղարաբաղում: Չեմ եղել առաջնագծում, բայց զինվորներին ուտելիք և հագուստ եմ տարել:
Այդ ժամանակ հասկացա, որ ինքս էլ պետք է ինչ-որ բան անեմ իմ հանգստության համար: Արցախյան պատերազմը ես խորությամբ չէի ընկալում, որովհետև փոքր եմ եղել և ոչինչ չեմ հասկացել: Իսկ հիմա արդեն ամեն ինչ հասկանալով իմ հոգու պարտքը համարեցի կառուցել հուշաղբյուր-խաչքար: Ինչ-որ տեղ նաև հերոսների ծնողների համար, որ վստահ լինեն, որ իրենց որդիների անունն ու պատիվը միշտ բարձր է պահվելու:
Հուշաղբյուր-խաչքարը կառուցել ենք այնտեղ, որտեղից զինվորներ ենք ճանապարհել բանակ, ովքեր գնացել են հայրենիքի սահմանները պաշտպանելու և զոհվել են: Այդ զինվորների թվում եղել է Սարգիս Խալաֆյանը:
Երբ դեռ նոր էինք սկսել կառուցման աշխատանքները, զոհված զինվորների ծնողներ եկան: Անդրանիկ Զոհրաբյանի ծնողը եկավ, հանդիպեցինք, հարցրեց, թե ինչ եմ անում, չնայած` մինչ իմ պատասխանելը նա, տեսնելով խաչքարը, արծիվը, արդեն հասկացել էր:

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

2017 թվականի նոյեմբերի 1-ին Վայքի զորամասի հարևանությամբ բացվեց Ապրիլյան պատերազմում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված հերոսներին նվիրված հուշաղբյուր-խաչքարը, որտեղ ամփոփված են անմահների անունները: Հուշարձանի տեղադրումը նպատակ ունի հավերժացնելու հայրենիքի պաշտպանության համար անմահացած հայորդիների սխրանքն ու քաջագործությունը: Հուշաքարը խաչի և թրի միաձուլում է, և խորհրդանշում է հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիներին:
Խաչքարի բացումն արեցին հենց զոհված զինվորների մայրերը:
Բացմանը ներկա էին զինվորների ընտանիքները, Քյարամ Սլոյանի մայրը և եղբայրը, Ռոբերտ Աբաջյանի պապը, Անդրանիկ Զոհրաբյանի և մյուս զոհված զինվորների ծնողները, տեղական և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, զինվորականներ, իմ ընտանիքը և ինձ հարազատ շատ մարդիկ:
Հուշահամալիրի բացման օրը Վայքի համայնքապետարանի կողմից ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական գործողությունների ընթացքում զոհված հերոսների հարազատները պարգևատրվեցին պատվոգրերով։
Հուշահամալիրի հետ կապված` մտածում եմ շարունակել կառուցման աշխատանքները, որոշ բաներ ավելացնել:
Իմ նպատակը եղել է զինվորների ծնողներին ճանաչելը, նրանց հետ շփվելը: Եվ եթե լինում են առիթներ, ես գնում հանդիպում եմ զինվորների ծնողներին, նրանց հետ ջերմ հարաբերություններ ունեմ:
Այս տարի ապրիլի 2-ին էլ միջոցառում տեղի ունեցավ, որը նվիրված էր հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված մեր զինվորներին:

Roza Harutyunyan vayots dzor

Շնորհավոր, տատ

Ավարտվեց կանանց միամսյակը։ Չնայած՝ տղաներից շատերն են բողոքում, ու շատերն էլ ավելորդություն են համարում, բայց մեր դասարանում գեղեցիկ սովորություն է միամսյակը: Այն տարվա մեջ միակ ամիսն է, երբ տղաները գրատախտակ են ջնջում: Դե, իհարկե, դրանից առաջ ու հետո երբեք նման ճոխություն չենք տեսնում:

Մեր տան ավանդույթի համաձայն՝ միշտ տատիկին ենք առաջինը շնորհավորել ու պարտաճանաչ նշել ենք գեղեցիկ տոնը: Բայց տատիկիս մահանալուց հետո կարծես թե շատ բան փոխվեց մեր կյանքում ու առօրյայում: Տատիկիս հետ շատ էի կապված, որովհետև մյուս տատիկս մահացել է դեռևս իմ ծնվելուց առաջ: Երկու կողմի սերն էլ մի տատիկիցս եմ ստացել, և անկեղծ ասեմ՝ ինձ թվացել է, որ ինձ մի քիչ ավելի շատ է սիրել: Հիշում եմ, ոնց էր ուրախացել, երբ իմացավ՝ նյութ եմ գրել իր զինվոր թոռան մասին: Մեր կռիվներն առաջնահերթ խնդիր էր դարձնում ու սկսում կշտամբանքները: Տատիկս ջղայնանում էր, իսկ պապիկը ժպտալով ասում էր՝ սրիկաներ, մի կռվեք: Նա միշտ սիրել է կարգապահությունը, իսկ մենք միշտ խախտել ենք լռությունը: Այս տարի չնշեցինք, չգիտեմ՝ ինչու: Միգուցե վախեցել ենք տատիկի աթոռը դատարկ տեսնելուց: Կամ էլ ուղղակի կազմակերպիչը չկա:

Շնորհավոր, տատ:

Roza Harutyunyan vayots dzor

17-ի ու Աստղիկի մասին

Նա Աստղիկն է: Հա, 17-ցի Աստղիկը, որը մտածում է, որ 17-ցիներն ամենուր են: Բայց իր մտքով չէր անցել, որ Թառաթումբում էլ կա նման բաներից տեղյակ մի աղջիկ: Դե, չնայած` ես Աստղիկին ճանաչում էի, ինձ էնպես պահեցի, իբր չեմ ճանաչում, ու ծանոթացանք: Մեզ ծանոթացրեց 17-ցի Նոնան: Ահա, 17-ցիներն ամենուր են: Աստղիկն անկեղծ աղջիկ է: Ծանոթության երկրորդ օրը խոստովանել է, թե ինչ է մտածել իմ մասին:

-Ուզում եմ անկեղծանալ:

-Անկեղծացի,- ժպտացի ու մոտավոր գիտեի, թե ինչ է ասելու:

-Նոնան ասաց` Թառաթումբից ես, ու չէի մտածի, որ էնտեղից ինչ-որ մեկը տեղյակ կլինի 17-ի մասին, բայց որ իմացա` 17-ից ես, հետո տեսա` հայատառ ես գրում, կարծիքս փոխեցի:

Դե հա, ես պատրաստ էի խոստովանության, բայց չէի սպասում նման արձագանքի: Հիմա Աստղիկը գիտի, որ ես հայատառ եմ գրում: Ես օլիմպիադաների էի գնում, ու մենք ամեն օր հանդիպում էինք: Ու Աստղիկի` իմ մասին ավելի շատ իմանալուց, իրենց դասարանում ամեն օր տեսնվելուց հետո սկսեցինք ավելի ազատ ու հաճախ շփվել:

Աստղիկը կարդաց իմ նյութերն ու ասաց, որ դրանք շատ լավն են, իր սիրած բառով՝ թույն են: Բայց, դե ես գիտեմ՝ ոգևորելու համար ասաց, դրանք էնքան էլ թույն չեն, ինչքան ինքն էր ներկայացնում: Աստղը խոստացել է, որ իր «ուսուցչապետից» ստացած դասերն ինձ է փոխանցելու, բայց մենակ էս նյութի հրապարակվելուց հետո: Նա անկեղծ ասաց, որ ամաչել է 17-ին նյութեր ուղարկել, բայց հիմա տեսեք, որ իսկական 17-ցի է: Ես հիմա էլ եմ ամաչում, դրա համար սկսեց ինձ իբր ոգևորել: Խոստացել եմ սկսել հաճախ գրել, մեկ էլ մի նորմալ նկար ունենալ:

Մի քիչ էլ անկեղծանամ: Իրական Աստղիկը նման չի նկարի միջի Աստղիկին: Աստղ, անկեղծ եմ ասում` դու մաթեմատիկա ընդհանրապես չգիտես, այլ կերպ ասած` «իսկական» հումանիտար ես:

Mari Baghdasaryan malishka

Մասնագիտությունը՝ նոտար

Հարցազրույց Վայոց Ձորի մարզի «Վայք» նոտարական տարածքի նոտար Օլյա Գասպարյանի հետ: 

-Ներկայացրեք նոտարի մասնագիտությունը, ինչո՞ւ ընտրեցիք հենց այն: 

-Ընտրեցի նոտարի մասնագիտությունը, որովհետև սիրում եմ մարդկանց հետ աշխատել, իսկ նոտարի մասնագիտությունն այնպիսին է, որ մարդկանց հարցերին, խնդիրներին լուծում է տալիս: Ընտրեցի, որ իմ հնարավորության սահմաններում օգտակար լինեմ մարդկանց:

-Վերջին շրջանում նոտարական համակարգում ի՞նչ բարեփոխումներ են տեղի ունեցել: 

-Վերջին շրջանում բավականին մեծ բարեփոխումներ եղան, «ԱԵՆԻՍ» էլեկտրոնային համակարգի ներդրումը նոտարական պրակտիկայում շատ մեծ առավելություններ տվեց, նոտարը կարող է առցանց հարցումներ ուղարկել մյուս նոտարներին, կապ հաստատել ԱԳԿՊԿ (անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե) ստորաբաժանումների հետ, առցանց ստանալ և ուղարկել փաստաթղթեր և այլն: Ստեղծվել են կտակների, ժառանգական գործերի և լիազորագրերի շտեմարաններ, համակցում է կատարվել մի շարք պետական մարմինների՝ ՔԿԱԳ, անձնագրային և վիզաների վարչության, ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային շտեմարանների հետ: Էլեկտրոնային նոտար համակարգի միջոցով կարելի է առցանց դիմել նոտարին և այլն:

-Ի՞նչն եք կարևորում քաղաքացիների հետ շփման մեջ: 

-Քաղաքացիների հետ աշխատում եմ լինել առավել համբերատար, որովհետև մեծ ջանքեր են պահանջվում քաղաքացիների հետ գործ ունենալիս: Մտածում եմ, որ ամեն մարդ շատ հոգսեր, խնդիրներ ունի և հույսով թակում է պետական և ոչ պետական մարմինների դռները՝ իրեն հուզող հարցերին լուծումներ տալու համար: Եվ մենք պետք է կարողանանք հնարավորինս լավ սպասարկել քաղաքացիներին, օգնել նրանց:

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում քաղաքացիների իրազեկվածության մակարդակը նոտարական գրասենյակ այցելելիս: 

-Շատ ցածր մակարդակի վրա է, հաճախ դուռը թակում և ասում են՝ մի տեղեկանք է պետք, անկախ այն բանից` դա կլինի ժառանգության վկայագիր, լիազորագիր, թե մեկ այլ փաստաթուղթ: Եվ երբ սկսում եմ օրենքը բացատրել, շատերը սկսում են նեղվել ու հակաճառել: Եթե սեփականության վկայականում մի քանի մարդու անուն կա, նրանցից մեկը, որի անունը գրված է առաջինը, մտածում է, որ միայն ինքն է այդ գույքի սեփականատերը: Առավել տարածված է ժառանգության ընդունման վեցամսյա ժամկետը բաց թողնելը:

-Եթե Ձեր աշխատանքը բնորոշեք մի քանի բառով, որո՞նք կլինեն այդ բառերը: Եվ ինչպե՞ս է անցնում նոտարի առօրյան: 

-Նոտարի աշխատանքը բավականին դժվար և պատասխանատու աշխատանք է: Առօրյան անցնում է սովորական, աշխատաժամերին, հաճախ նաև ընդմիջմանը, միշտ ձգտում ենք լինել գրասենյակում: Եթե լինում են հաճախորդներ, նրանց ենք սպասարկում, եթե ոչ՝ փաստաթղթերի և արխիվի հետ տարվող աշխատանքներ ենք կատարում:

-Եթե որևէ բան փոխելու հնարավորություն ունենայիք, ի՞նչը կփոխեիք: 

-Ներկայումս հսկայածավալ աշխատանք է տարվում քաղաքացիների սպասարկումը և նոտարի աշխատանքը ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Կցանկանայի, որ վերանային քաղաքացիների փաստաթղթային քաշքշուկները: Երբ քաղաքացին գալիս է նոտարի մոտ ինչ-որ հարց լուծելու, նրան երբեմն ուղարկում ենք մեկ այլ հիմնարկ` ինչ-որ փաստաթուղթ բերելու, այդ հիմնարկից էլ ուղարկում են մեկ այլ տեղ, և արդյունքում քաղաքացին քաշքշուկի մեջ է ընկնում, ու գործը առաջ գալու փոխարեն ավելի հետ է գնում: Հուսով եմ, որ առաջիկայում այս դժվարությունները նույնպես կվերանան:

-Աշխատանքից դուրս ի՞նչ նախասիրություններ ունեք, ինչո՞վ եք սիրում զբաղվել: 

-Աշխատանքից դուրս զբաղվում եմ այգեգործությամբ, հիանալի այգի ունեմ, սիրում եմ աշխատել բնության մեջ: Պատանեկությանս տարիներին բանաստեղծություններ էի գրում, հարազատներս կարծում էին, թե մեծ բանաստեղծուհի պետք է դառնամ: Բայց եկավ մի պահ, որ ինքս էլ չգիտեմ` ինչու, հիասթափվեցի գրելուց: Հիմա անգամ ցանկություն չի առաջանում գրելու, ինձ ամբողջությամբ նվիրել եմ օրենքներին և իմ աշխատանքին:

astghik hunanyan

Գլխիդ ցցված ալեհավաքներով երբ կարդաս ինձ

Վեցերորդ, թե քսաներեքերորդ կոնֆետն էի ուտում։ Անունը չեմ ասի, մեկ է՝ չես հիշելու։ Պետք էլ չի, որ հիշես։ Լավ կանես նաև մտածես, որ մտածված չեմ ասում։ Նախանձ եմ, ինչ խոսք։ Բայց արժի՞ նախանձություն համարել էն, որ դու ինչ-որ բանը կամ ինչ-որ մեկին քոնն ես դարձրել ու չես ուզում կիսել ուրիշի հետ։ Չեմ կարծում։ Համենայնդեպս, ես քեզ հետ իմ կոնֆետները չեմ կիսելու, ոչ էլ քեզ՝ ուրիշի հետ։ Դու կրակն ես ընկել, կրակը չէ, է, հրդեհը։ Ահռելի, անմար հրդեհը։ Չեմ հիշում հրշեջ ծառայության հեռախոսահամարը, թե չէ, գիտե՞ս, շտապ կզանգահարեի, կգային, քեզ կհանեին այդ անիծյալ կրակից։ Ի՜նչ վատ հիշողություն ունեմ, չէ՞։

Ամբողջ գիշեր չեմ քնել, նայել եմ սենյակիս պատին շատ պատահաբար «թանաքոտած» անունիդ ու նոր անուն եմ մտածել քեզ համար։ Ավելի հարմարը, կարծում եմ, չկա։ Դե, համենայնդեպս մինչև շաբաթվա վերջ եմ այդպես կարծելու։ Դեմենտոր։ Ի՞նչ կասես։ Հը՞, ի՞նչ ես էդպես նայում։ Քո նոր անունն է, ծանոթացիր։ Շատ լավ էլ գիտես՝ ինչ է «դեմենտորը»։ Էդպես էլ գիտեի. մոռացել ես։ Մոռացել էի, որ ավելի կարճ հիշողություն ունես, քան մեկ նանոմետրն է։ Դեմենտոր եմ դրել, որ ինչքան ուժ ունեմ՝ բնութագրեմ էությունդ ու էն, որ ամեն անգամ, երբ գաս, ուրախ հիշողություններ, կյանք, հոգի, ինչ ունեմ-չունեմ՝ քաշելու ես, տանես։ Իսկ դու ամեն շաբաթ պարտաճանաչ կգաս։ Ես հո գիտեմ։ Թե չէ՝ ո՞վ պիտի անհաջողակ լինելուս մասին հիշեցնի։ Ասում է՝ եթե «ամենաանհաջողակը» խորագրով մրցույթ ստեղծեն, դու երկրորդ տեղը կգրավես։ Ինչո՞ւ ոչ առաջինը, դե, որովհետև անհաջողակ ես։ Այդ ով էր ասել…

Ընդհանրապես, ես ընդունակ եմ։ Բայց քեզ ատել ու էդ անիծյալ պատրոնուսը ստեղծել էդպես էլ չկարողացա։ Կսովորեմ, խոսք եմ տալիս։ Չնայած ձեզ մոտ՝ Դեմենտորիումում, ծնված օրվանից են պատրոնուս ստեղծում, չէ՞։ Հա, էդպես մի նայիր, ամեն անգամ անունդ փոխելիս մոլորակիդ անունն էլ համապատասխան ապուշությունն եմ դնում։ Հիշո՞ւմ ես՝ անցյալ շաբաթ անունդ ականջ էր, նախանցած շաբաթ՝ ջրծաղիկ։ Իսկ մի 50-60 շաբաթ առաջ դու ընդհանրապես գոյություն էլ չունեիր։ Համենայնդեպս, ոչ իմ գլխում։ Բան ու գործ չունեի՝ անուն մտածեի մի այլմոլորակային ընկերոջ համար, ով իմ գոյության մասին դեռ չգիտեր։

Գիտեմ, որ կարդալու ես։ Դու քո գլխի վրայի երկու գրավիչ ալեհավաքների միջոցով բառերս կհավաքես, հատ-հատ ճիշտ հերթականությամբ կդասավորես, որ հասկանաս՝ ինչ նամակ է ուղարկել ոչ այնքան հին ու ոչ այնքան թմբլիկ ընկերդ Երկիր մոլորակից։ Չմոռանաս, հա, մեր «ճիշտ հերթականությունը» լրիվ այլ է։ Ի դեպ, մեր մոլորակն էլ քանի գնում՝ փչանում է։ Ե՞րբ ես ինձ այստեղից վերցնելու։ Չեմ համբերում, երբ եմ տեսնելու ձեր թռչող ու հաչացող, ընձուղտի պարանոց ու փղի կնճիթ ունեցող կատուներին։ Հիշում եմ՝ սիրելիդ կանաչն է։ Ես էլ եմ հենց դրան սիրում, ազնիվ խոսք։

Դե լավ, կարծում եմ՝ նամակս ավարտելու ժամանակն է։ Շատ գործեր ունեմ։ Պիտի գնամ ֆիզիկա սովորելու։ Հա, էստեղ՝ մեզ մոտ, «ճշգրիտ» գիտություններ են սովորում, իսկ դա էլ, գիտե՞ս, քեզ, մոլորակդ ու ամեն ինչ հերքող գիտություն է։ Մինչև անգամ ստորաբար զգացմունքներս է հերքում։ Ճշգրիտ եմ ասել, է՜։ Ֆիզիկան համարձակ հայտարարում է, որ 16 Հց-ից փոքր հաճախությամբ ձայնային ալիքները մարդու ականջը չի ընկալում։ Բայց արդյո՞ք։ էդ դեպքում ինչպե՞ս է 16 Հց-ից շա՜տ ավելի փոքր հաճախությամբ «ծվծվոցդ» ականջիս թմբկաթաղանթը տատանման մեջ դնում, այն էլ միայն իմը։ Հարց է, որ կա։ Ինչ արած, գնացի…

Կսպասեմ քեզ էլի նույն տեղում, նույն ժամին, մինչև նոր անուն մտածեմ քեզ համար։

Հ․ Գ․ Որ գաս իմ գլուխ, կբերես հետդ թռչող ու հաչացող, ընձուղտի պարանոցով ու փղի կնճիթով կատվիկին, մի իմանամ, թե ում եմ այդքան շատ սիրում։ Իսկ ես երևի քեզ իմ կոնֆետներից մեկը կտամ։ Երևի։

Լուսանկարը՝ Զառա Թորոսյանի

Ծաղկազարդ 2018

Լուսանկարը՝ Անի Շահբազյանի

Լուսանկարը՝ Անի Շահբազյանի

Լուսանկարը՝ Անի Շահբազյանի

Լուսանկարը՝ Անի Շահբազյանի

Լուսանկարը՝ Անի Շահբազյանի

Լուսանկարը՝ Անի Շահբազյանի

Լուսանկարը՝ Անի Շահբազյանի

Լուսանկարը՝ Անի Շահբազյանի

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Զառա Թորոսյանի

Լուսանկարը՝ Զառա Թորոսյանի

Լուսանկարը՝ Զառա Թորոսյանի

Լուսանկարը՝ Զառա Թորոսյանի

Լուսանկարը՝ Զառա Թորոսյանի

Լուսանկարը՝ Զառա Թորոսյանի

Լուսանկարը՝ Զառա Թորոսյանի

Լուսանկարը՝ Զառա Թորոսյանի

Պոեզիայի համաշխարհային օրը Վայոց Ձորում

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

1999 թվականին մարտի 21-ը պոեզիայի համաշխարհային օր է հռչակվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Տոնն առաջին անգամ նշվել է Փարիզում, ապա տարածվել աշխարհով մեկ:
Վայոց Ձորի մարզային գրադարանը նույնպես նշում էր պոեզիայի միջազգային օրը: Միջոցառումը կրում էր «Թող աշխարհը մոր սրտով գնա» խորագիրը: Կլոր սեղանի շուրջ էին հավաքվել գրադարանի ակտիվ ընթերցողները, երեխաների ծնողները, գրադարանի մանկական, սպասարկման և գրապահոցի աշխատակցուհիները, ինչպես նաև՝ պատկերասրահի աշխատակցուհիները:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ գրադարանի սպասարկման բաժնի աշխատակցուհի տիկին Վարդը.

-Պոեզիան ճամփորդություն է, որը դուրս է գալիս իրականության սահմաններից և արտահայտում է մարդկանց զգացմունքները, պահանջմունքները և հույզերը: Ժողովրդական մի խոսք կա, ասում է՝ մարդ պետք է ստեղծագործի միչև 19-ը տարեկանը, եթե չստեղծագործի, ուրեմն ամոթ է, իսկ 19-ը տարեկանից հետո չի կարելի ստեղծագործել, էլի ամոթ է:

Բայց այսօր մեր միջոցառման ասմունքողներից բացի ասմունքելու է նաև հանդիսատեսը: Այսօր պոեզիայի համաշխարհային օրն է, բոլորս ասմունքելու ենք: Եվ քանի որ մարտի 21–ը գտնվում է կանանց միամսյակի մեջտեղում, մենք որոշել ենք միջոցառումն սկսել մայրերին նվիրված բանաստեղծություններով, որից հետո ցանկացողները կարող են տարբեր թեմաներով բանաստեղծություններ ասմունքել:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի

Լարիսա Միրզոյանը ասմունքեց Պարույր Սևակի «Մոր ձեռքերը» բանաստեղծությունը: Ասմունքի երեկոն շարունակեցին Լիա Զաքարյանը և մի քանի այլ ասմունքողներ, որոնք իրենց հեղինակային ստեղծագործություններից ընթերցեցին: Անահիտ Գևորգյանը ոչ միայն ասմունքում էր, այլ նաև կիթառ էր նվագում, երգում էր հայրենասիրական, նաև հեղինակային երգեր։