Եվրոպայի օրը իմ օրվա մեջ

Ահա մի ոսկեգույն «մերսեդես» մեր դիմացի փողոցից մոտենում է մայրուղուն` միացնելով իր ձախ թարթիչը (մարգատը, էլի): Իսկ մեզ հենց ձախ էր պետք: Աչքերիս երևա՞ց, թե՞ վարորդն իրոք հարցական հայացքով նայեց ինձ ու ապակու հետևից ցույց տվեց Եղեգնաձորի կողմը: Չէ, չթվաց: Ես արագ-արագ գլխով արեցի վարորդին:
-Սերոժ, քել, պատահական կպավ:
-Վսյո, դավայ, Նար:
-Հաջող:

«Մերսեդեսը» մոտեցավ մեր մայթին ու կանգնեց` սպասելով մեզ:
-Բարի օր ձեզ,- ասացի ես դուռը բացելով:
-Նստեք տղերք. Եղեգնաձոր եք գնում, չէ՞:
-Ըհը:
Էսպես պատահական էլ սկսվեց մեր ճանապարհը:
-Որտե՞ղ հասցնենք, տղերք:
-Այ, ստեղ էլ լավ ա: Ստեղ կիջնենք, շնորհակալ ենք:
-Դե, հաջողություն, տղերք ջան,- ասաց մեր ռոբոտաշինության «կաբինետի» ղեկավարը (մենք միայն ճանապարհին իմացանք, որ դպրոցում ռոբոտաշինության դասարան պիտի բացվի, և մեզ ուղեկցում է մեր ապագա ուսուցիչը) և ոսկեգույն «մերսեդեսը» պովեց մայթից ու միացավ փողոցի մյուս մեքենաներին:
Եղեգնաձորում մեզ միացան Սոֆին ու Նոնան (Սիսն ու Մասիսը, էլի): Ճանապարհը տևեց մի ժամից մի քիչ ավելի, որը մենք անցկացրեցինք «լացելով, ընկնելով ու պարելով» (էստեղ ինձ կհասկանան մենակ Սերոժը,Նոնան,Սոֆին, հա, ու մեկ էլ մեր վարորդը՝ Վահեն): Լավ, դա այնքան էլ կարևոր չի: Կարևորն այն էր, որ ժամը երկուսին մենք Հյուսիսային պողոտայում, արդեն չեմ հիշում որ շենքի շվաքում, կանգնած էինք: Մի քանի րոպե հետո ես ու Սերոժը «չդիմացանք» ու գտանք «Մանանայի» տաղավարը: Եվ շուտով «17.am-յան մեր ընտանիքը» հավաքված էր:

Պողոտայի այս մասը դարձել էր «փոքրիկ Եվրոպա»: Այստեղ էին հավաքվել Եվրամիության աջակցությամբ Հայաստանում իրականացվող համարյա բոլոր ծրագրերի ներկայացուցիչները: Ինչ մեղքս թաքցնեմ, ես մեր ծրագրից բացի ուրիշով չէի էլ հետաքրքրվում ու ոչ մեկի տաղավարին չմոտեցա. միևնույն ա, մերն ամենալավն ա: Մի հրաշք խումբ հենց մեր տաղավարից մի քանի մետրի վրա փոքրիկ համերգ տվեց, որտեղ հնչեցին Ռոք’ն’Ռոլլի գոհարներից մի քանիսը: Ու մենք այդ ֆանտաստիկ միջավայրում նկարում էինք, քայլում ընկերների հետ ու վայելում մեր օրը:
Դե, էլ ինչ ասեմ: Եկեք էլ չպատմեմ ամեն մանրուք:

Լուսանկարը՝ Վահե Ստեփանյանի

Լուսանկարը՝ Վահե Ստեփանյանի

Դուք երևի առանց այն էլ հասկացաք, որ ես ֆանտաստիկ օր անցկացրի հարազատ մարդկանց միջավայրում: Ուղղակի կասեմ՝ շնորհակալ եմ «Մանանային», որ ինձ էլ էր հրավիրել:

Հ.Գ. Հա, Եվրոպա, քեզ էլ եմ շնորհակալ:

Մեր կողքին ապրող երեխաները

անի կարապետյան

Այդ չարաբաստիկ «թոշակային տարիքը»

Ա՜խ, այդ չարաբաստիկ «թոշակային տարիք» հասկացությունը։

Վերջին ժամանակներս մեր ընտանիքում ավելի հաճախ են այդ մտահոգությամբ ապրում։ Իսկ պատմությանս հերոսը տատիկս է։ Նա շուրջ 47 տարի աշխատում է մեր քաղաքային հիվանդանոցում՝ որպես բուժքույր։ Նա շատ բարեխիղճ ու պարտաճանաչ աշխատող է, անչափ շատ է սիրում իր գործը և մեծ նվիրումով է աշխատում։ Ամեն աշխատանքային երեկո, երբ նա այցելում է մեզ, ես լսում եմ տատիկիս ու մորս զրույցները՝ օրվա անցուդարձի, հիվանդների առողջական վիճակի ու էլի շատ ու շատ մասնագիտական հարցերի մասին։ Նա արդեն թոշակային տարիքի է, և հնարավոր է, որ շատ շուտով այլևս չաշխատի։ Այս փաստի առնչությամբ մեծ տրտմություն կա տատիկիս ներաշխարհում։ Աշխատանքը նրա կյանքն է, նրա առօրյան, կենցաղի մի մասը։
Կուզենայի փարատել տատիկիս մտահոգությունները, բայց ինչպե՞ս, երբ խոսքերն ավելորդ են։

Կարծում եմ, որ որոշ մասնագիտությունների համար այդ թոշակային տարիքի սահմանագիծը պետք է անհրաժեշտաբար բարձրացնել, կամ թողնել, որ նրանք աշխատեն այնքան ժամանակ, քանի դեռ ի վիճակի են։ Չէ որ այդ մասնագիտությունների մեջ կարևոր են մասնագիտական հմտությունը, աշխատանքային փորձառությունը։ Այդ դեպքում ինչո՞ւ են բժիշկները աշխատում տարիքային սահմանափակումով։

Հեռուստատեսությամբ լսեցի, որ որոշ երկրներում, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում, նույնպես քննարկվում է թոշակային տարիքի սահմանագծի բարձրացման հարցը։
Ես ու եղբայրս որոշել ենք դառնալ բժիշկ։ Մեր որոշումը անչափ տատիկիս սրտով է, միայն տխրում է, որ երբ մենք բուժական պրակտիկան անցնենք մեր հիվանդանոցում, նա հավանաբար այլևս այնտեղ աշխատելիս չի լինի։

Ես կցանկանայի, որ մեր երկրում թոշակի անցնող յուրաքանչյուր քաղաքացի իրեն ապահովված զգար ու վաստակած հանգստի անցներ, առանց մտահոգվելու, թե ինչպես է աննշան թոշակով իր կեցությունն ապահովելու։

Տեսնես ե՞րբ է գալու այդ օրը․․․

Գոհաբանության քարերը

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Սիրելի զբաղմունք… Շատերին այս հարցը երկար մտածելու տեղիք է տալիս: Իսկ ես ձեզ վստահ կասեմ` քարեր: Գիտեմ, գիտեմ, որ զարմացած եք: Հիմա կբացատրեմ:

Քայլում ես փողոցով և տեսնում ես մեծամասամբ շտապող, տխուր կամ էլ մտամոլոր մարդկանց: Որոնք չեն նկատում շուրջը կատարվող գեղեցիկ երևույթները (անկախ եղանակից): Հիմա կասեք,  բայց դա ի՞նչ կապ ուներ քարերի հետ: Սիրում եմ քայլել` ոտքերիս տակ նայելով: Իսկ ոտքերի տակ նայելով այս գեղեցիկ ու քարքարոտ երկրում չես կարող չնկատել քեզ «ժպտացող» և կարծես խոսող քարերը:

Պատմությունն սկսեց Նորավանքից` երբ ես մի քանի տարի առաջ Նորավանքի ճանապարհին գտա իմ շնորհակալության քարը: Քարը շատ գեղեցիկ էր: Ես վերցրեցի այն: Այն ժամանակ դեռ փոքր էի և կարծում էի, թե քարը ինչ-որ բան է ուզում ինձ ասել: Շարունակ զրուցում էի հետը, իսկ նա լուռ լսում էր:

Ես նրան բերեցի տուն, մի լավ «լողացրեցի» և պահեցի մոտս: Տանում էի նրան դպրոց և զմայլվում նրանով: Դրանից հետո ես սկսեցի նկատել նաև փողոցի տարբեր քարեր և բերել տուն: Նրանք դարձան իմ օրվա մի մասը: Երբ ես տխուր եմ լինում, քարերիս նայելով լիցքաթափվում եմ, քանի որ նրանք իրենց մեջ մեծ էներգիա են պարունակում:

Փոքր տարիքում մտածում էի, թե պետք է զգույշ խոսել, չբարկանալ, չգոռալ փողոցում,  քանի որ  քարերը իրենց վրա են վերցնում այդ ամբողջ բացասական էներգիան: Այժմ զարմանում եմ ինձ վրա. ինչպե՞ս կարող էի այսպիսի մտքեր ունենալ…

Ընկերներս  էլ իմանալով իմ, իրենց կարծիքով, տարօրինակ զբաղմունքի մասին,  ինձ  նվիրում էին  հետաքրքիր և տարբերվող քարեր: Անգամ ուսուցչուհիս է ինձ նվիրել: Ես դա երբեք չեմ մոռանա:

Տարիքիս հետ  ավելանում էին իմ քարերը: Դրանք կողք-կողքի  դրած, կարծես մի պետություն լինեն, կամ  էլ մարդիկ, որոնց մի մասը ներսից են գեղեցիկ, ոմանք էլ` դրսից, բայց ներսից փուչ են:

Մի գեղեցիկ օր նստեցի և սկսեցի մտածել. Ինչո՞ւ պետք է այս քարերը ուղղակի մնան տուփի մեջ: Եթե այդպես էր, թող փողոցում մնային: Եվ ես հիշեցի մի շատ հետաքրքիր ֆիլմ, և իմ ամենասիրելի քարը դարձրեցի «շնորհակալության քար»: Ես նրան միշտ պահում եմ մոտս և, ամեն առավոտ այդ քարը տեսնելով, շնորհակալություն եմ հայտնում խաղաղ գիշերվա,  հիասքանչ օրվա,  հարազատներիս  առողջության  և ամեն ամեն ինչի համար:

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի

Հնարավորություններ յուրաքանչյուրի կյանքում էլ լինում են: Ուղղակի դրանք մարդիկ չեն տեսնում, շնորհակալ չեն լինում և, դրա փոխարեն, տրտնջում են: Այդ ամենը քաջ գիտակցելով, ես մտածեցի, որ այն քարերը, որոնք ես կբերեմ տուն, կնվիրեմ արժանի մարդկանց որպես շնորհակալության քարեր: Ամեն առավոտ շնորհակալություն  հայտնելով, մարդիկ դրական զգացումներ կսփռեն իրենց շուրջը և օրը կսկսեն ուրախ:

Իմ կարծիքով, պետք է հավատալ երազանքներին ու շնորհակալություն հայտնել, որ դրանք արդեն իրագործվել են և պիտի իրագործվեն: Տեսեք, թե այդ փոքրիկ քարը ինչպես կարող է փոխել ձեր կյանքը, եթե դուք դրան հավատում եք: Չէ որ այն, ինչ շատ ես ուզում և հավատում ես, անպայման իրականանում է:

Ահա իմ քարերի հավաքածուի պատմության առաջին մասը:

hasmik givargizyan

Մուսան, Լուսինեն ու մենք

Եվ ո՞ւր են այն հարազատները, որոնք խոստացել էին կողքիդ լինել լինել դժվար պահերին: Ասացին ու հեռացան: Փիլիսոփայական հարց. երբ տանը գրեթե միշտ  մենակ ես, հեռախոսդ օրերով չի ընդունում սպասված զանգերը, փողոցով քայլելիս ավելի ու ավելի հազվադեպ ես հանդիպում ծանոթ դեմքերի… 

Ինչպե՞ս է կոչվում այդ ամենը՝ ազատությո՞ւն, թե՞ մենակություն: Ինքս էլ չգիտեմ: Գնալով ավելի քիչ եմ գրում, իսկ գրելուց էլ՝ տխուր բաների մասին, հետաքրքրություններս դառնում են նախկին հետաքրքրություններ, և միայն այդ կոտրված գրիչն է, որ ոչ մի կերպ չի բարկացնում և չի հոգնեցնում ինձ:

Մտքերս գալիս են, գնում, ու ես չեմ հասցնում գրի առնել դրանք:  «Եթե մուսադ եկել ա, թքած ունեցի կիսատ թողած դասերիդ վրա, որովհետև դասերդ էլի կսովորես, իսկ մուսան նենց բան ա, որ կարող ա կես ժամով գա ու էլի գնա: Պիտի հասցնես նյութիդ հիմքը դնես, որ հետո եթե մուսադ գնա էլ, նյութիդ վրա աշխատել իմանաս»,-ասաց արդեն համալսարանական Լուսինեն, ասաց լավ նպատակներով, ասաց մեր սրտից, որովհետև հենց այդ խոսքերն են իմ այս նյութի երկրորդ աստիճանը:

Այդ կիսատ թողած դասերը մենք կսովորենք, ու կսովորենք ոչ թե հենց այնպես՝ սովորելու համար, այլ արդեն որպես մի նոր պատմություն: Ու մեր հիշողության մեջ կմնան ոչ թե այդ պարտաճանաչ սովորած դասերը, այլ հենց այդ կիսատ թողած  ու հետո սովորած դասերը, որոնց շնորհիվ մենք, գուցե, գրենք մեր ամենալավ ու հաջողված նյութը կամ նյութերից մեկը: «Հասցրեք գրի առնել կամ մի տեղ նշել էն կարևոր միտքը, որի շուրջ հետո ձեր նյութը կկառուցեք: Հնարավոր ա վերջում էդ միտքը պետք էլ չգա, ու հանեք, բայց էդ մի միտքն ա, որ ձեզ առաջ կտանի»,- շարունակեց Լուսինեն, ու կարծես ինչ-որ կախարդական ձևով հետ կանչեց այդ «մուսա» կոչվածին:

Իսկ ես հիմա էլ դասերս թողած այս նյութն եմ գրում` ինքս ինձ տված` դասերը պարտադիր սովորելու խոստումով: Խոստումով, որ Լուսինեն բարձր կպահի գլուխը իր ճիշտ խոսքերի համար, ու խոստումով, որ ուսուցիչներս չեն մեղադրի նրան երեխաներին դասերից կտրելու և այլ բաներով զբաղեցնելու համար:

Հ.Գ. Սիրելի Լուսինե, շնորհակալ եմ սրտացավ լինելու և խորհուրդներ տալու համար:

Հ.Գ.Գ. Սիրելի ուսուցիչներ, հիշե՛ք ու իմացե՛ք, առանց մեր ստեղծագործական կյանքը զարգացնելու, մենք մեր բարձր գնահատականներով ու առաջադիմությամբ չենք գոհանա: Ես այդպես եմ կարծում:

nona petrosyan

Ինչպես անել, որ հաճույքով սովորենք

Ինչո՞ւ է բոլոր աշակերտների մոտ «դպրոց» բառը հոգնածություն առաջացնում, ինչպես են աշակերտները վերաբերվում կրթությանը, և ինչպիսին պետք է լինի իսկական աշակերտը:

Այս հարցերը ծագեցին այն ժամանակ,երբ ես սկսեցի մտածել,  թե ինչու բոլոր աշակերտները չեն սովորում ամենօր և գերազանց: Ես ինքս գերազանցիկ եմ, բայց հաճախ ինձ հետ էլ պատահել էայնպես, որ հավես չունենամ դաս անելու:

Պատճառներից մեկը կարծես թե ես գիտեմ:

-Աշակերտների մեծ մասը չի պատկերացնում,  թե ինչքան վատ կլինի իր ապագան առանց կրթության, չի պատկերացնում, որ հավերժ չեն անհոգ ժամանակները,-նշում են մեծահասակները:

Իսկ ի՞նչ անել, որ երեխաները պատկերացնեն իրենց ապագան: Ինձ շատ դուր եկավ այն գաղափարը, որ զարգացած երկրներում ուղարկում են աշակերտներին,այսպես կոչված, մեկ շաբաթյա պրակտիկաների, որոնց շնորհիվ աշակերտները ծանոթանում են իրենց նախընտրած մասնագիտությանը և կողմնորոշվում, այլ ոչ թե ավարտում դպրոցը, ընդունվում  համալսարան և կեսից զգում, որ իրենց  համապատասխան մասնագիտություն չեն ընտրել:

Խնդիրը ավելի հիմնավոր պատկերացնելու համար անցկացրեցի փոքրիկ հարցում:

Հարց  աշկերտներին` ինչու չեք սովորում:

-Ոմնանք պատասխանեցին, որ սովորում են այնքան ինչքան հարկավոր է, կամ սովուրում են իրենց ուժերի ներածին չափով:

Հարց ուսուցիչներին` ինչու երեխաները չեն սովորում, ինչ պետք է անել նրանց շահագրգռելու համար, ինչպիսին պետք է լինի իսկական աշակերտը:

-Այդ հարցի մասին երկար մտածել ենք, բայց կոնկրետ պատասխան չենք կարողացել գտնել:  Բայց կա մի բան, որը հաստատ է նրանց մեծամասնությանը խանգարում են հերախոսները, սոցցանցերը և  այն ինչ կա համացանցում: Այդ ամենը ստեղծված են, որպեսզի օգտակար լինեն  նրանց և նրանք օգտվեն օգուտ քաղելու համար, իսկ նրանց մեծ մասը ամբողջ ժամանակը ծախսում են դրանցով զբաղվելով: Հաճախ փորձում ենք համեմատել մեր սերնդի հետ, մեր ժամանակ այդպես չէր: Կարող է մեկ օր շահագրգռվեն, բայց դա երկար չի տևում: Մենք ուսուցիչներս ամեն բան անում ենք ձեզ շահագրգռելու համար: Իսկական աշակերտը այն աշակերտն է, որ բացի դասի նյութից կարդում և գտնում է նոր տեղեկություններ դարձնելով  իր գիտելիքները հիմնարար: Աշակերտներին նաև խանգարում է գնահատման համակարգը, շատերը սովորում են այնպես, որպեսզի ստանան իրենց ստաբիլ նույն գնահատականը չձգտելով ավելիին:

 

Նույն հարցով դիմեցի նաև ուսանողներին և շրջանավարտներին:

-Սովորելու համար մոտիվացիա չկա: Սովուրում ենք և հետո զգում, որ ընդհանրապես ոչ մի տեղ հարկավոր չի լինում այդ գիտելիքները, նյութերը ծավալուն են և անիմաստ: Համալսարանում ոչ մի հիմնարար կրթություն չենք սովորում ինչ սովորում ենք դպրոցում ենք սովորում:Դրա համար դպրոցական տարիները ամենակարևորներից են հիմնարար և բազմակողմանիորեն կրթություն ստանալու համար:

Իմ կարծիքով մարդը գնահատում է այն աշխատանքը, որին հասել է դժվարությամբ: Իսկ մենք հեշտությամբ ընդունվում ենք դպրոց և ավարտում դպոցը: Շատերը սովորում են միայն  քննությունից քննություն:  Եթե մենք դպրոց ընդունվեինք դժվարությամբ, և մեր առաջ խնդիր դրված լիներ, որ ամեն տարի  պետք է սովորենք մեր ուժերի ներածին չափով,թե չէ, չենք փոխադրվի մյուս դասարան,  այ այդպես, իմ կարծիքով կբարձրանար երեխաների կրթական մակարդակը:

Ես հասկանում եմ, որ ոչ բոլոր երեխաները կարող են լինել գերազանցիկ, բայց այդպես ավելի արդյունավետ կլիներ:

Մինչ դուք կզգաք, թե ինչքան սխալ եք արել, որ չեք սովորել, գնացեք և հենց հիմա սկսեք պատրաստել ձեր դասերը:

Հ.Գ. Միգուցե դուք ա՞յլ բան ունեք առաջարկելու: Ինչպե՞ս անել, որ աշակերտները սովորեն և սովորեն հաճույքով: Խնդրում ենք մեզ ուղարկեք ձեր տեսակետը: Միգուցե միասին գտնենք այս կարևոր հարցի պատասխանը:

ani shahbazyan

Որոշել եմ…

Երբ լրացավ 15 տարեկանս, ես շատ ուրախ էի: Ես այդ 15 տարիների ընթացքում հասցրել եմ անցնել և շատ լավ,  և վատ բաների միջով: Ես որոշել եմ կյանքս դասավորել այնպես, որ ուրախ և դրական մարդկանցով լեցուն լինի ամեն մի օրս:

Դպրոցն ավարտելուց հետո որոշել եմ սովորել: Մայրիկս ուզում է, որ ընտրեմ բուժքրոջ մասնագիտությունը, իսկ ես ուզում եմ դառնալ կամ կոսմետոլոգ կամ մանկաբարձ: Երկու մասնագիտություններն էլ սիրում եմ, բայց ավելի շատ սիրում եմ մանկաբարձի մասնագիտությունը, իսկ բուժքույրի աշխատանքը այդքան էլ չեմ սիրում:

Փորձում եմ լիարժեք ապրել կյանքի ամեն վայրկյանը, քանի որ չգիտեմ, թե ինչ կլինի ինձ հետ մեկ ժամ հետո: 2015 թվականի դեկտեմբերից սկսեցի համագործակցել «Մանանա» կենտրոնի հետ: Այս հանդիպումն  ինձ տվեց նորանոր շատ լավ բաներ, գեղեցիկ մտքեր…

«Մանանայի» շնորհիվ ես կարողանում եմ արտահայտել այն, ինչ մտածում եմ: Գրում եմ այն մասին, ինչ ուզում եմ: Եվ հենց այդ պատճառով, ես ինչ-որ չափով ձեռք եմ բերում  լրագրողի փորձ:

Միգուցե և  փոխեմ որոշումս և ընտրեմ լրագրողի մասնագիտությունը:Ահա այսպես իմ կյանքը փոխվում է հիմնովին, սակայն, ինչպես ասւմ են, «Աստծուց առաջ չընկնեմ»,  ամեն ինչ կորոշի ժամանակը:

Երկնքի ճերմակ նավակները

Լուսանկարը` Անի Ղամբարյանի

Լուսանկարը` Անի Ղամբարյանի

Երբևէ փորձե՞լ եք պառկել կանաչ խոտի վրա ու սևեռուն հայացքով հետևել ամպերին: Հաստատ ձեզանից շատերը այս հարցին կպատասխանեն` այո: Թեկուզ ոչ խոտերին պառկած, միգուցե պատուհանից, կամ էլ, չգիտեմ, ինչ-որ հարմար վայրից, որտեղից երևում է այդ տարօրինակ երևույթների ամբողջ շքեղությունը: Երբ նայում ենք նրանց, կարծես աշխարհը կանգ առնի, իսկ նրանք անընդհատ շարժվեն: Միանգամից մտածում ես լավի ու բարու մասին: Ախր, դրանց մեջ այնքան լավ բաներ կան…

Երբ արևը նոր դուրս է գալիս սարերի հետևից՝ դրանք ավելի կարմիր են լինում ու մեզ հասկացնում են, որ նորը, բարին նորից մեզ այցի է գալիս: Կարելի է ասել, մեզ հնարավորություն են տալիս երեկվա սխալները վերհիշելու ու այդ նոր օրվա մեջ դրանք շտկելու:

Գիտեք, ինձ ամենից շատ դուր է գալիս նրանց մուգ կապույտ երանգը, որը ավելի շատ ինձ խաղաղության ու բարության մասին է հիշեցնում: Այդ ամենը, մանավանդ մեր հայրենիքի համար այս բարդ դրության մեջ, ինձ լույսի շող է հիշեցնում մի մութ սենյակում:

Սիրում եմ նաև դրանց սպիտակ գույնը: Այդ ժամանակ նաև կարող եմ դրանց իմ երևակայությամբ վերնագրել՝  նմանեցնելով ինչ-որ բաների: Օրինակ, այս վերջում ես մի ամպ էի գտել, որը նմանեցրել էի վիշապի: Այդպիսիները շատ-շատ են:

Լուսանկարը` Անի Ղամբարյանի

Լուսանկարը` Անի Ղամբարյանի

Դե ամպերն ավելին են, քան ջրի գազային խմբեր, դրանք բնության երևույթներից ամենագեղեցիկն են իմ կարծիքով: Ամպերը նման են մարդուն. երբ ուրախ ու հանգիստ են, ունեն սպիտակ գույն, երբ սիրահարվում են՝ վարդագույն են դառնում, իսկ երբ բարկանում կամ էլ մեկի հետ վիճում են՝ դառնում են մարդու սրտի նման սև, և մինչև չարտասվեն, չեն հանգստանա…

Ամպերը նաև մեզ երազելու համար թևեր են տալիս:

Ճիշտ է, ես գրում եմ երազների, բարության ու խաղաղության մասին, բայց պետք է անպայման հիշել, թե դա ում շնորհիվ է կարողանում պահպանվել…

Սահմանին կանգնած ՀԱՅ ԶԻՆՎՈՐ,  քեզ մաղթում եմ կապույտ երկինք, և հիշի՜ր, որ միշտ էլ կգտնվեն ամպամած օրեր, բայց արևի շողերը դրանք միշտ ցրել են ու կցրեն…

Ծանոթացեք Անիի հետ

Իմ զրուցակիցը քսանամյա ուսանողուհի Անի Ժամկոչյանն է` Եղեգնաձոր քաղաքից, որի պատմվածքներից մի քանիսը ընդգրկվել են վերջերս տպագրված «Մի կտոր ինձնից» ժողովածուի մեջ: Իր ստեղծագործությունների պես երազկոտ ու «ֆանտաստիկ» ուսանողուհին սովորում է ՀՊՏՀ համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի ֆինանսներ բաժնում:

Լուսանկարը՝ Լիլիթ Աթոյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Աթոյանի

-Ինչպե՞ս հասկացար, որ կարողանում ես ստեղծագործել:
-Դպրոցում գեղեցիկ շարադրություններ էի գրում: Ուսուցչուհիս առաջարկեց դպրոցական թեմաներից բացի այլ թեմաներով էլ գրել: Հասկացա, որ ստացվում է: Էդպես սկսեցի գրել, չգիտեմ` ինչքանով է ստացվում, երևի ընթերցողը կասի:

-Քեզ համար առավել հոգեհարազատ ժանրերը և թեմաները որո՞նք են:
-Սիրում եմ գրել պատմվածքներ, արձակ ժանրի ստեղծագործություններ: Առհասարակ դժվարանում եմ մտքերս չափածո ձևակերպել. արձակում սահմաններ չկան, և դա ինձ դուր է գալիս:

-Ունե՞ս սիրելի գրող, որը ոգեշնչման աղբյուր է հանդիսանում:
-Սիրում եմ Դեյլ Քարնեգիի վերլուծական ստեղծագործությունները: Ոգեշնչման աղբյուր կարող են հանդիսանալ գրքերում կարդացած էպիզոդները և անգամ բառերը:

-Հետագայում կցանկանայի՞ր զբաղվել գրականությամբ, գրող դառնալ:
-Չեմ կարող ասել, սա ինձ համար առայժմ հոբի է, երևի հետո-ն ժամանակը ցույց կտա:

Լուսանկարը՝ Լիլիթ Աթոյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Աթոյանի

-Վերջերս տպագրվեց «Մի կտոր ինձնից» խորագրով ժողովածուն, որում զետեղված էին նաև քո ստեղծագործությունները: Ի՞նչ կարծիք ունես ժողովածուի և առհասարակ նման նախաձեռնությունների մասին:
-Հետաքրքիր նախաձեռնություն էր, չէի սպասում, որ իմ ստեղծագործությունները կընտրվեն: Դիմեցի, ընտրեցին, շատ ոգևորված էի:

-Կուզենայի՞ր նախաձեռնությունը շարունակական լիներ,ի՞նչ նոր բան կառաջարկեիր նախաձեռնող խմբին:
-Լավ կլիներ շարունակական նախաձեռնություն լիներ, առավել լայն շրջանակներ ընդգրկեր, ավելացվեր տպագրվող էջերի քանակը:

-Քո կարծիքով այսօր մեր մարզում կա՞ն երիտասարդներ, որոնք նույնպես ստեղծագործում են, և գրականությունն է իրենց ոգեշնչման աղբյուրը:
-Իհարկե կան, նրանց ստեղծագործությունները առավել իրատեսական են, բայց ինձ դուր են գալիս ֆանտաստիկ ժանրում ստեղծագործողները:

-Գիտեմ, որ սովորում ես Տնտեսագիտական համալսարանում: Շատ չե՞ն տարբեր տնտեսագիտությունն ու գրականությունը:
-Ես կասեի` նույնիսկ օգնում է ստեղծագործելու իմ ունակությունը: Մասնագիտական որոշ հարցերի մոտենում եմ ստեղծագործաբար՝ ստեղծելով նորը, սեփականը: