nane exiazaryan

Զբոսանք

Ուզում եմ գրել ամեն ինչի մասին: Գրելու շատ բան կա, չնայած հիմա նույնիսկ չգիտեմ՝ ինչ գրել:

Եղանակ: Իմ սիրելի քամու մասին, որի շնորհիվ հաճախ պարանին կախված սպիտակեղենը և շորերը հազար անգամ պտտվում են, ու երբ չգիտես ինչ անել, ճարահատված զանգում ես ԱԻՆ ու պարզվում է, որ դա նրանց պարտականությունների մեջ չի մտնում, ու դու ստիպված ինչ-որ տեղից ծանոթ-բարեկամների միջոցով բեռնատար ես գտնում, ու էլի ինչ-որ մեկի անձնվիրության շնորհիվ կարողանում բառացիորեն պոկել շորերը, դեռ լավ է գոնե երկրորդ հարկի պարանից (իսկ Ջերմուկում բնակարանները ունեն բավականին բարձր առաստաղներ):

IMG_20200806_170531

Անվերջ չդադարող քամի, որ եթե նույնիսկ դադարում է մի փոքր, գիտես, որ նրան անպայման կգտնես ինը հարկանիների և դրան կից շենքի արանքում: Քամի, որն այն օրը կայծակի ու ամպրոպի ուղեկցությամբ շարքից հանեց համակարգիչս ու շատերի տեխնիկական սարքերը:

IMG_20200806_145111

Քամի, որի ժամանակ միշտ հաճելի է քայլել փոքրիկ, բայց միշտ սիրով լցված քաղաքի փողոցներով, այգով ու մի քիչ մրսելուց հետո ուղղակի զբոսնել ըմպելասրահում ու խմել 53 աստիճան տաքություն ունեցող հանքային ջրից, միանգամից տաքանալ ու միաժամանակ հիանալ՝ նայելով այն փոքրիկ լճակին:

IMG_20200806_161831

Երաժշտություն։ Վերջապես վերադառնալ քո երեսը գրեթե ինը ամիս չտեսած դաշնամուրին, բայց պարզել, որ այդ բացակայությանդ ընթացքում հիմա նաև վերևի, կողքի ու ներքևի հարևաններիդ տներում փոքրիկ բալիկներ են բնակվում, ու որոշել դաշնամուրի ձայնը լսել իրենց քնի ժամերի արանքում (չնայած՝ որոշելն ու անելը տարբեր բաներ են): Վերջապես լսել Բիլի Այլիշի երգացանկից մի քանի երգ ու հասկանալ, թե ինչու են շրջապատիդ մարդիկ այդքան շատ խոսում նրա մասին: Այս ընթացքում նաև սկսել եմ սիրել փոփ երաժշտությունը՝ շնորհիվ կորեացիների: Ու էլի նրանց շնորհիվ սկսել եմ նորից պարել ու հիշել երանելի վեց տարիները, որ անցկացրել եմ պարի դպրոցում ու կարոտել. կարոտել պարի խումբը, երգչախումբը ու ընդհանրապես, ինձ շրջապատող մարդկանց ու հիշողությունները:

Համացանց։ Իմացա Լիբանանում տեղի ունեցած պայթյունի մասին, այն մասին, որ ընկերներով միգուցե ինչ-որ տեղ գնանք, Ամուլսարի հերթական ցույցերի մասին, ու սիրելի արտիստիս՝ նոր գովազդում նկարվելու մասին: Ամեն ինչի մասին, բայց արդեն միայն երկու րոպեի ընթացքում միանգամից ավելի շատ բանի մասին, քան կհասցնեի այդ նույն ժամանակահատվածում հասկանալ մաթանալիզի որևէ տեղը տեղին թեորեմը, մի՞թե․․․ է՜հ…

Պատմություններ։ Չգիտես՝ որտեղից արթնացավ խորը քուն մտած սերս դեպի գրքերը, ու ինձ համար անհավանական արագությամբ սկսեցի կարդալ արդեն հետաքրքիր թվացող գրքերի մի շարք ու հույս ունեմ՝ դեռ կշարունակեմ: Հետո սկսեցի ուղղակի գրել պատմություններ, որոնց կեսից շատը այդպես էլ կիսատ մնացին ու հույս ունեմ, որ ինչ-որ ժամանակ կգա ու հետաքրքիր ավարտ կունենան:

IMG_20200806_141037

Հիմա էլ դրսում այն ամենասիրելի քամին է, ականջակալներս էլ ինձ են փոխանցում մի նոր հետաքրքիր մեղեդի, իսկ համակարգիչս հույսով սպասում է վերանորոգման:

nare ohanyan

Հայաստանն սկսվում է սահմանից

Տասներեքը հուլիսի, 2020 թվական…

Արդեն առավոտ դարձող գիշերը մի վայրկյան աչք չփակած՝ կողքիս դրված փոքր գրասեղանից վերցնում եմ սմարթֆոնը և սկսում թերթել լրահոսը։ Աչքիս առաջ նույն բովանդակության լուրեր են՝ «Ադրբեջանի զինված ուժերը Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել։ Իրավիճակը սահմանին սրվում է։ Ադրբեջանական կողմը մեծ կորուստներ է տվել։ Հայկական կողմը կորուստներ չունի։ ՀՀ ԶՈՒ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Կոչ ենք անում հետևել ու տարածել բացառապես պաշտոնական տեղեկատվություն…»։

Մի քանի ժամ մտքերս իրար խառնելով ու ինչու-ների պատասխաններն էդպես էլ չգտնելով (որովհետև երևի պատասխանները չկան)՝ գրում եմ համակուրսեցուս՝ սահմանապահ Տավուշում ապրող.

-Աննա, ո՞նց եք։ Շա՞տ եք վախեցել, թե՞ սովոր եք։

-Որ մի քանի մետր էն կողմ տանկը խփի, ո՞նց կլինի գիտակից մարդը։ Սովոր չենք արդեն մի քանի տարի…

-Գիտեմ, լրիվ ուրիշ զգացողություններ են. Ապրիլյանի ժամանակ ես Արցախում էի՝ սահմանին շա՜տ մոտ…

-Ահավոր ա, սիրտդ մի րոպե չի հանգստանում.․.

-Բայց տեղահանվելու մասին չեք էլ ուզում լսել, չէ՞։

-Չէ՜, չէ՛, ընդհանրապես…

-Զգույշ եղեք, մինչև կխաղաղվի…

Էլ չգրեցի Աննային, բայց մտածեցի՝ իսկ երբևէ կխաղաղվի՞ արդյոք…

Սահմանապահները միայն զինվորներն ու սպաները չե՛ն, սահմանապահները սահմանին ապրողներն են՝ ամեն օր կյանքի ու մահվան սահմանագծին կանգնածները…
Եվ այս երկիրը՝ իմ մի բուռ Հայաստանը, սահմանից է սկսվում, սահմանով էլ ավարտվում է։
Խաղաղասեր ազգ ենք, բայց խաղաղություն չունենք…

Փա՛ռք, ուժ և տոկունություն մեր սահմանապահներին և անառիկություն մե՛ր սահմաններին։

Nane Eghiazaryan

Եվ նորից լարվածություն սահմանին

Առավոտյան նորություններին էի ծանոթանում, երբ իմացա Ադրբեջանի կողմից նոր միջադեպերի մասին: Սիրտս, որ վաղուց էդպես արագ չէր զարկել, միանգամից սկսեց անհանգստանալ ու միտքս գնաց դեպի Աստված:

Հա, լավ, ինչքա՞ն կարելի է: Մի՞թե մարդիկ կարող են այդ աստիճան անխիղճ լինել: Երբ ամբողջ աշխարհը, որի մեջ մտնում է նաև հարևան պետությունը, պայքարում է համաճարակի դեմ ու կորուստներ ունենում, պետությունը որոշում է  սկսել նոր պատերազմ: Միգուցե լավ տեղեկացված չլինեմ, բայց հարևան պետությունը ավելի հաճախ է նման քայլերի դիմում, քան մենք: Ամեն անգամ նման լուր լսելիս՝ կապ չունի՝ ինչով եմ զբաղված լինում, միանգամից, չգիտեմ էլ՝ որտեղից, միջիս քաջությունն ու հավատը մի քանի անգամ բազմապատկվում են:

Պատերազմներ միշտ եղել են ու կլինեն, բայց ես միշտ չեմ հասկանա դրանց այդքան անհրաժեշտ լինելու իմաստը, մարդկանց ագահության սահմանը, որը կարող է հասնել նման մասշտաբների:

Հիշեմ նաև Սուրբ Սոֆիայի տաճարի մասին, որը մզկիթի վերածեցին: Լավ, իբրև թե իրենց կրոնի ու ուժի մասին են ուզում հայտնել աշխարհին, բայց հրաման տվողին մի՞թե չեն ասել, որ կառույցի հենց կառուցվածքը, օդը ու պատերը, ամբողջը լցված են քրիստոնեությամբ: Ինձ հետաքրքիր է, ինչպե՞ս են մուսուլմաններն իրենց  աղոթքն անելու այն մզկիթում, որն ամբողջ աշխարհին հենց իր ներկայությամբ քրիստոնեություն է քարոզում:

Քաղաքական հետապնդումներ լրագրողների դեմ, իբրև թե ազատ խոսքի իրավունք ու նման լիքը բաներ: Ամբողջ աշխարհն է աչք փակում անմարդկային վերաբերմունքի ու 21-րդ դարում դեռ մի քանի դար առաջ եղած մտածելակերպով երկրի նախագահի վրա միայն ինչ-որ նյութական արժեքների համար: Երևի Ադրբեջանի առաջադեմ երիտասարդությունը մեծ ցավ է ապրում այս ամենի համար, ու հույս ունեմ, որ կկարողանա վերջապես փոխել իր երկիրը ու դարձնել այն ավելի մարդասիրական ու քաղաքակիրթ:

Այսքան գրելուց հետո միայն հասկացա, թե ինչու են նրանք այդպիսի ռեժիմով կառավարվող երկրում ապրում: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ նրանք պատմություն չունեն, ու չունեն քաղաքակրթության դասեր քաղելու փորձ, մինչդեռ պնդում են հակառակը:

Մեծ հիասթափություն եմ ապրում այդ երկրին «հարևան» անվանելիս, չէ՞ որ իմ հարևանները միշտ այն մարդիկ են, որոնցից առաջին օգնությունն ու քաջալերումն եմ ստանում:

Հուսով եմ՝ կգա մի ժամանակ, երբ իրենք կպարզեն իրենց ծագումը, չեն դասավանդի ատելություն ու վերջապես կդառնան քաղաքակիրթ հարևաններ գոնե:

Հպարտ եմ, որ հայ եմ, ու որ ունեմ այդքան քաջ ու անպարտելի զինվորներ իմ երկում:

nare ohanyan

Դու

Դու՝
իմ անվերջանալի փնտրտուքների մեջ չփնտրածն
ու գտածը,
Դու՝
իմ ամենաթանկն
ու ամենից սիրածը,
Ինձնից չգնացողն
ու իմ չկորցրածը։

Դու՝
իմ բանաստեղծություն՝
անվերջ գրվածը,
Ու երբևէ ոչ մեկի՝
չկարդացածը։

Դու՝
իմ ուրի՜շ,
ամենաթա՜նկ,
միա՜կ
ունեցածը,
Եվ իմ գոյությունն
ու գոյությանս Աստվածը։
Լռությանս մեջ բարձրաձայնվածը,
Ճակատագրից ինձ վաղուց նվիրվածը։

Դու՝
իմ չկրկնվածն
ու երբեք չուշացածը,
Իմ չմոռացվողն
ու ինձ չմոռացածը։

Դու՝
իմ միակ աշխարհն
ու աշխարհում ունեցածը…

93863576_1440757586097880_1957100847418572800_n

Թաքնված սարսափ

Շատ տարիներ առաջ այս վայրը եղել է կենդանիներին և մարդկանց կապող օղակը։ Արջի ժայռից միչև մյուս ժայռը եղել է կամուրջ։ Գյուղի բնակիչները հեշտությամբ մուտք էին գործում կենդանիների աշխարհ։ Մի անգամ որսորդների խումբ է գնում որսի։ Հաջող որս կատարելուց հետո նրանք որոշում են հանգստանալ։ Կրակ են վառում, իրենց բռնած որսն են խորովում և պատմում պատմություններ։ Նրանք այնքան հոգնած էին, որ քնով անցան։ Բայց երբ արթնացան, նկատեցին, որ այդ նույն վայրը չէր։ Նրանք քարանձավում էին։ Լսվում էր արջերի ձայն, բոլորը քարացած էին։ Սկսեցին հետդարձի ճանապարհ փնտրել, բայց ամեն ինչ ապարդյուն էր։ Անցան օրեր, գյուղում բոլորը անհանգստացած էին։ Մի քանիսը ճանապարհ ընկան նրանց գտնելու, բայց որսորդների հետքն անգամ չկար։ Նրանք վհատված հետ վերադարձան։ Եվս մեկ անգամ գյուղացիները գնացին նրանց գտնելու, և այս անգամ նրանք գտան որսորդներից մեկի դանակը։ Շատ քայլելուց հետո նրանք մի գետ տեսան, անցան գետը ու հասան քարանձավի։ Ներս մտան՝ մարդկային ոսկորներ, դիակներ ու քնած արջեր։ Նրանք շշուկով փնտրում էին մարդկանց, ու հանկարծ որսորդներից մեկը շատ հյուծված ձայն տվեց։ Բոլորը վազելով շտապեցին այնտեղ, մի քիչ ջուր ու հաց տվեցին, օգնեցին, որ դուրս գա։ Բոլոր որսորդներից միայն նա էր ողջ մնացել, մյուսները մահացել էին սովից, ոմանց էլ արջերն էին կերել։ Հենց ուզում էին դուրս գալ քարանձավից, մի քանի արջ կտրեցին նրանց ճանապարհը, բայց օգնող մարդիկ զինված էին և կարողացան սպանել արջին։ Տուն վերադարձավ միակ ողջ մնացած որսորդը և բոլորին պատմեց կատարվածի մասին։ Գյուղի բնակիչները որոշեցին քանդել կամուրջը, որ արջերը կամ այլ կենդանիները չկարողանան մուտք գործել գյուղ։ Եվ այդ օրվանից ժայռի անունը մնաց «Անիծված արջերի քարայր»։ Իսկ արդեն մեր օրերում այն շատ գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին, հիմա այնտեղ կարող են գալ բոլորը, բայց միայն առավոտյան։ Գիշերն այնտեղ շատ վտանգավոր է, հանդիպում են աղվեսներ, օձեր և շատ այլ կենդանիներ։

mushegh kurekhyan

Զրույց թեյի բաժակի հետ՝ վերաարժևորելով հիշողությունները

-Մուշ, քանի՞ գդալ շաքարավազ գցեմ:

-2,5 գդալ,- ասացի ինքս ինձ ու բաժակը մոտեցրի գրասեղանին:

-Մերսի շատ,- պատասխանեցի ինքս ինձ:

Ի՞նչը կարող է մարդկանց կամ ինքդ քեզ հետ ավելի լավ համախմբել, քան մեկ բաժակ տաք թեյն ու հաճելի երաժշտությունը: Արտակարգ դրությունն ու մեկուսանալը դեռ չի նշանակում լինել ինքնամփոփ ու սենյակից օրերով դուրս չգալ։ Այլ հակառակը, այս պայմաններում պետք չէ սենյակում փակված լինել, եթե անգամ վախենում ես ոտքդ տնից մեկ մետր հեռու տանել, ապա հիշիր, որ քեզ համար ևս հույս կա։ Վերցնում ես թեյի բաժակը, ականջակալներդ ու գնում պատշգամբ։ Այո, մի զարմացիր, պատշգամբում օդը մաքուր է, ու քեզ նաև թարմ և սառը օդ է հարկավոր։ Պատշգամբը մարդուն աշխարհը ճանաչելու հնարավորություն է տալիս։ Գնա ու պատշգամբում վայելիր երեկոյի պարզությունն ու հատապտղային թեյի բույրը։ Դե ինչ, վերցրու թեյիդ բաժակը, ականջակալներդ և գնա․․․

Ես էլ կուզեի այդպես անել, բայց մի քիչ կշեղվեմ իմ ասածիցս, քանի որ այն տանը, որտեղ ապրում եմ, պատշգամբը հարմար չէ դիրքավորվելու ու երաժշտություն լսելու համար։ Վերցրել էի թեյի բաժակը, նստել համակարգչի առաջ ու մտածում էի՝ ինչ անել․ դասերից, գրքերից, ֆիլմերից ու սերիալներից արդեն հոգնել եմ, ինձ թարմություն է հարկավոր։ Հանկարծ աչքովս ընկավ 17-ի բաժակը՝ վերևում մեծ-մեծ տառերով իմ անունը գրված։

-Ախր, ես մանանայեցի եմ, ինչպես կարող էի այսքան ժամանակ հոդված չգրել կամ չկարդալ գրվածները,- սկսում եմ բարձրաձայն մտածել։
Սակայն հետո փորձում եմ ինքս ինձ արդարացնել՝ ասելով, որ դասերը շատ են, կողքից աշխատանքը, չեմ հասցնում։ Ինչքան էլ փորձեցի արդարացնել, չստացվեց, մեկ տարվա ընթացքում ես հաստատ ունեցել եմ գոնե 1 ազատ օր։ Լավ, գոնե հիմա՝ մեկ տարի անց կարդամ հոդվածներից մի քանիսը։ Կարդացի ըստ վերնագրերի հետաքրքրության։ Ժամ, ժամուկես կարդալուց հետո մտածեցի իմ անունը փնտրել կայքում։ Հանկարծ 2 նյութ բերեց․ մեկն Արմանի «Մուշն» էր, մյուսը՝ Նինայի «Մուշեղ Կուրեխյանին»-ը։ Վերընթերցեցի ու հասկացա, թե ինչքան լավ ժամանակներ են եղել, երբ գրեթե հոգսեր չեն եղել։ Նինայի գրածից հիշեցի իմ գրած ամենասիրուն ու հավես հոդվածը՝ «Հաջորդ կանգառը՝ 70-ականների Երևան»-ը։ Ոնց որ շատ կարդացի, սպասիր մի հատ հոդված գրեմ։ Բայց ինչի՞ մասին։ Արդեն տարուց ավելի է, հենց լսում եմ հոդված կամ լուր գրել բառակապակցությունները, ակամա հիշում եմ շրջված բուրգը, 5w-ների կանոնը, հավաստիությունը, օբյեկտիվությունը։

-Ա՜, էլի շեղվեցի դեպի դասական լրագրություն։
Կարոտել եմ հոդվածներ գրելու մեր հին ձևին, որի համար պետք չէր գրքեր կարդալ ու կանոնները արտագրել ու նոր սկսել հոդված կամ ակնարկ գրել։ Ինչի՞ մասին, ինչի՞ մասին կարելի է գրել։ Գնամ դրսում քայլելու, երևի մուսաս գա ու գրեմ։ Մոռացել էի՝ առանց հատուկ անհրաժեշտության չի կարելի դուրս գալ։ Բայց մաքուր օդ է հարկավոր ու թարմություն, որ կարողանամ գրել։ Միգուցե դուրս գամ պատշգամբ ու փորձեմ այդպես թարմանալ։ Թեյնիկը միացրի, հատապտղային թեյը լցրի բաժակն ու հարցրի․

-Մուշ, քանի՞ գդալ շաքարավազ գցեմ:

nare ohanyan

Սերը կորոնավիրուսի, թե կորոնավիրուսը սիրո օրերին

Պատերազմները քրեորեն դատապարտելի են, համաճարակները՝ ոչ։

Կյանքը շեղվել է սովորական ընթացքից։ Մարդիկ ինքնամեկուսացել են։ Երևանյան լիքը փողոցները դատարկվել են։ Փակվել է համալսարանը, ու ես, մի փոքր անգամ չոգևորվելով այս հանգամանքից, հեռացել եմ Երևանից՝ քաղաքը թողնելով բնիկներին։ Բայց քանի որ ցանկացած իրավիճակից պետք է քաղել լավագույնը, չսպանելով ժամանակս՝ փորձում եմ այն օգտագործել հնարավորինս արդյունավետ։ Դե, իսկ իմ ժամանակը ոչինչ ավելի արդյունավետ դարձնել  չի կարող, քան գրելը։ Հավատացնում եմ՝ գրելու շատ բան կա, հատկապես՝ հիմա։ Ինչպես չգրեմ այն ամենի մասին, ինչը տեսնում եմ այս օրերին։ Երբ արտակարգ դրությանը, անսովոր ապրելակերպին գերազանցում է անսովոր արտակարգ սերը։  Մեր ժամանակներում իսկական սեր է, երբ մեզ կոչ են անում պահպանել սոցիալական տարածք կոչվածը, բայց մեր կողքին մենք ունենք մարդիկ, որոնց հետ շփվելիս չենք հասկանում ոչ մի սոցիալական տարածք, որովհետև պիտի բուժենք ու բուժվենք մոտիկությունո՜վ, առանց որևէ տարածք պահելու։  Մենք կապաքինվենք իրար գրկելով, կապաքինվենք՝ զգալով, որ միայնակ չենք։ Կապաքինվենք, որովհետև կհասկանանք, որ նրանց համար հաստատ արժե ապրել նույնիսկ համաճարակի ժամանակ։

Եվ եթե սոցիալական տարածքը լիներ փրկությունը, բժիշկներն այդքան մոտ չէին կանգնի իրենց հիվանդներին։ Եթե դա լիներ բուժումը, աշխարհում ոչ մեկն այդպես էլ չէր բուժվի, որովհետև իրարով պիտի բուժվենք։ Համաճարակը մարդկանց ներսում է. ներսից են վարակված, ներսից էլ պիտի բուժվեն։

Սերը կանցկացնի կորոնավիրուսը։

Սե՛րը կլավացնի մեզ կորոնավիրուսի օրերին։

#չփռշտաք
#առողջություն

Մալիշկա

nane exiazaryan

Կեղծ լուրերի և խոսքի ազատության սահմանը

Մի պահ է գալիս, երբ հոգնում ես դասերից ու փորձում ես ցրվել, բայց քանի որ նայել ես քեզ հետաքրքրող բոլոր ֆիլմերը, ընկերներդ ամեն մեկն իր գործով է, հերթը հասնում է սոցիալական ցանցերին, կամ էլ միանգամից է հասնում:

Մտնում ես, օրինակ, Facebook ու փորձում ես դրական էմոցիաներ ստանալ հոգնած օրվանից հետո:

Ըհըն, արդեն նշանվել են, էս մեկը բալիկ է ունեցել, էն մեկը նոր բանաստեղծություն է նորից գրել ու նորից տակը «լայք» ես դնում, կամ «սրտիկում» ես: Մնացած էմոջիներն էլ ես օգտագործում: Մի պահ պանիկայի մեջ ես ընկնում. ո՞նց թե, ես իր նկարը «սրտիկեցի», արագ փոխեմ էմոջին, կամ էլ հակառակը. Վայ, ինքը իմ նկարը «սրտիկել ա: Ու գնաց. վերջ, արդեն մտքում իր հետ ամուսնանալուց հետո բաժանվում է այդ խեղճ, կարելի է ասել, այդ պահին արդեն սոցցանցի գերի դարձած օգտատերը: Նույնիսկ, եթե այդ նկարը, կամ արած գրառումը արժանի էր այն արձագանքին (էմոջիին), որ ստացել էր, մեկ է, չի կարելի «անիմաստ» սրտիկել, վատ բան կստացվի, վայ:

Լավ, վերջապես շատերը օգտագործում են սոցցանցերը` ինֆորմացիա ստանալու համար, կապ չունի` ինչ-որ անհատի, թե երկրի մասին: Այսօր այնքան շատ են կեղծ տեղեկատվություն հաղորդող էջերը, որ երբ ինչ-որ մեկից լսում ես. «Էս մի կայքը ստուգում, նոր է ինֆորմացիան տեղադրում» արտահայտությունը, մեկ է, չես կարողանում մինչև վերջ հավատալ այդ կայքի տված ինֆորմացիային: Մեր հայաստանյան մամուլը հասել է այն վիճակին, երբ նույնիսկ մարդու մահվան լուր ես կարդում, մինչև նկարներ տեսնելը, կարելի է ասել, չես հավատում (չնայած դա էլ հիմա շատ հեշտությամբ կարելի է կեղծել):

Երբ ասում են` խոսքի ազատություն, կամ նման ինչ-որ արտահայտություններ են մեջբերում ինչ-որ տեղ, հասկանում ես, որ շատ հաճախ հենց մեջբերողն էլ այդ ազատությունները չարաշահում է, բայց դե իհարկե, ինքը իր թերությունները ու սխալները ինչո՞ւ պիտի ընդունի, որ…

Լավ, ինչ-որ տեղից գտնում ես ինֆորմացիա, որը մոտ է իրականությանը, շատ հազվադեպ, հենց իրականութունն է, և դրա մասին սկսվում են տարբեր գրառումներ կատարել տարբեր ոլորտներից մարդիկ, նույնիսկ նրանք, ովքեր մեկ րոպե առաջ գաղափար էլ չունեին այն նյութի մասին, որի մասին այդ պահին կարող են դոկտորական պաշտպանել: Հետո, ինչպես միշտ, հասնում է այն պահը, երբ բանիմաց մեկը մեկնաբանություններում փորձում է բացատրել իրավիճակը, բայց քանի որ ոչ մեկին չէր հետաքրքրում, թե տվյալ ոլորտի մասնագետները ինչ կարծիքի են, սկսում են նույնիսկ անձնական վիրավորանքեր հասցնել տվյալ մարդկանց` իրենց կարծիքը չկիսելու (սխալ կարծիք ունենալու) համար, որոնցից շատերն էլ հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար, այլևս չեն էլ արձագանքում իրենց ոլորտին վերաբերվող նյութերին: Եվ այսպես, ավելանում է մեր շատ սիրելի «կեղծ» ինֆորմացիան:

Մամուլը շատ կարևոր դեր է խաղում մարդկանց կյանքում, ու ես վստահ եմ, որ գրագետ մատուցված ինֆորմացիան կարող է դառնալ հիմք` ավելի քաղաքակիրթ հասարակության համար:

Գրում էի դրական էմոցիաներ ստանալու մասին, բայց հաստատ այս ամենը տեսնելուց հետո ոչ մի սոցկայքի օգտատեր դրական էմոցիաներ չի ստանա:

ՖԼԱԳ-ի նվերը Ջերմուկի կրթահամալիրին

Դպրոցում լավ էի սովորում միայն այն առարկաները, որոնք հետաքրքիր էին, կամ էլ հետաքրքիր ձևով էին մատուցվում, ու իմ բախտը բերել էր, քանի որ ոչ այնքան հետաքրքիր անգլերենը ուսուցչիս կողմից մատուցվում էր շատ հետաքրքիր ձևով:

Հետո իմացա, որ համալսարան ընդունվելու համար պետք է նաև անգլերեն քննություն տամ, և սկսեցի պարապել:

Բացի պարապմունքների գնալը, անգլերենս բարելավվելու համար սկսեցի կարդալ նաև անգլերեն գրականություն: Դպրոցի գրադարանում գրքերը շատ չէին, այնպես որ հասցրի կարդալ այն բոլորը, որոնց կազմերը կամ էլ նկարագիրը հետաքրքիր էր: Հետո գրքերով ոչ այնքան հետաքրքրվելու պատճառով դրանք փոխարինեցի ֆիլմերով:

Հիմա  Գլենդելի Կրթաշրջանի ՖԼԱԳ ծրագրի նախաձեռնությամբ և «Մանանա» կենտրոնի հետ համագործակցությամբ ու ջանքերով, իմ սիրելի դպրոցի` «Ջերմուկի կրթահամալիր»-ի գրադարանը համալրվել է նոր  անգլալեզու գրքերով, որոնք ավելի հետաքրքիր կդարձնեն անգլերեն լեզվի դասերն ու պարապմունքերը:

Երեխաները, իմանալով նոր գրքերի մասին, շատ ուրախացան, իսկ ուսուցիչները էլ ավելի շատ, քանի որ ավելացավ ևս մեկ միջոց առարկան ավելի հետաքրքիր մատուցելու համար, և այս ամենի համար շատ շնորհակալություն Գլենդելի ՖԼԱԳ ծրագրի աշակերտներին և ուսուցիչներին: