marine ghahramanyan

ԽՈՆԱՐՀՎԱԾ ԳԱՐՈՒՆԸ

Ու՞ր գնացին ծաղիկները,

Սուս քնած են հողի տակ։

Գարնան առաջին օրերն են։ Լուսամուտից այն կողմ մեղմ ժպտում է արևը, ծլվլում  են ծիտիկները։ Կարծես ինչ-որ բան դուրս է կանչում։ Քայլում եմ «խռոված» փողոցներով, ինչքան լայն ժպիտներ և թախծոտ, ցավով լցված, անփայլ աչքեր։ Իբրև գարուն է, բայց մի՞թե գարունը այսքան տխուր է լինում։ Արևն էլ կարծես նեղացած է, չի ժպտում, չի ջերմացնում այնպես, ինչպես առաջ էր։ Գիտե՞ք ինչից է, որովհետև երկրիս արևի փոխարեն Տղերքն են, երկրիս երկինքը Զինվորներով է լցված։ Իսկ գիտե՞ք, թե ինչի են նեղացած, որովհետև մեր հոգու գարունն է պակասում։

Զգացել ե՞ք, երբ մի լավ գործ ենք անում, սիրում հարգում միմյանց, լավ խոսքեր ասում, անգամ ձյան միջից ժպտում են մեզ արևները, երկինքն էլ ավելի է պայծառանում։ Շատ սեր ունեցեք ձեր սրտում, ժպտացեք միմյանց, ձեր օրը լցրեք միմիայն դրականով, մի կորցրեք ձեր հոգու գարունը։ Մի բուռ սեր, ժպիտներն էլ դեպ երկինք՝ Տղերքին ուղարկեք, թող նրանք էլ զգան և վայելեն գարնան առաջին օրը: Չէ՞ որ նրանք մեզ անվերջ գարուններ նվիրեցին, իսկ մենք իրենց հավերժություն ենք պարտք։ Թող միշտ գարուն լինի բոլորիս հոգիներում ու սրտերում։ Թող գարունը իր թարմ շնչով և իր գեղեցկությամբ ուրախություն պարգևի բոլորիս։

Ինձ բացակա չդնեք. Գոռ Օհանյան

Մեր դասարանում մի խելոք տղա էր սովորում, ով թեպետ շատ համեստ ու հավասարակշռված էր, բայց որտեղ կռիվ լիներ, առաջինը ինքը կգնար մասնակցելու։ Գոռն էր այդ տղան ` հաղթանդամ, ամրակազմ, բարձրահասակ, թիկնեղ ու արծվաքիթ։ Հենց սկսում էր շարժվել Գոռը, կարծես մի հսկա քայլելիս լիներ։ Խոշոր ձեռքեր ուներ նա, խիստ հայացք ու բարի աչքեր։ Թեև լավ չէր սովորում, բայց առաջինը ինքն էր մտնում դասարան առավոտ շուտ։ Տարվա վերջում էլ գրքերը հանձնելիս բոլորս կատակում էինք. «Ամենալավը Գոռն է պահում իր գրքերը, էջերը` մաքուր ու սպիտակ, թերթերը` չբացված»։

Հիմա այն ժամանակվա նման չենք ծիծաղում, որովհետև Գոռը վերևից կլսի մեր բարձր ձայնը ու կնեղանա, որ առանց իրեն ենք հավաքվել։ Ո՜վ կպատկերացներ, որ մի օր երանի կտանք այդ  հուշացած ակնթարթներին։ Հիմա ետ եմ շրջվում ու դպրոցական լավագույն հուշերումս միայն քեզ եմ տեսնում, Գո՛ռ։

Գոռը չկարդացված գիրք էր։ Ժպտում էր, ու փոքրացած աչքերի մեջ տխրության մի խորունկ ծով էիր նկատում։ Հիմա  դպրոցում Գոռին ենք փնտրում` իր դասասեղանը, աթոռը, փնտրում ենք ու մեկ էլ կանգ առնում. ախր, Գոռն ամենուր է։ Դպրոցում մի գործ չկա, որ ինքը արած չլինի։ Արդեն բոլորը սովորել էին. հենց օգնության կարիք էր լինում,  բոլորը վազում էին մեր դասասենյակ, նայում մեկ ուսուցչին, մեկ մեզ ու վերջ, Գոռն արդեն գիտեր իր անելիքը. ձեռքերը բռունցք էր անում, սպիտակ ատամներով ժպտում ու ծանրաքայլ դուրս գալիս դասասենյակից։ Գոռն ամենուր է։ Նա այնքան լավն էր, որ դասի չեկած օրերին անգամ ուսուցիչները մատյանում բացակա չէին դնում։ Բոլորիս ականջներում Գոռի ձայնն է անընդհատ հնչում, ու հերթով սկսում ենք պատմել չխոսկան Գոռի հետ ունեցած մեր կցկտուր խոսակցությունները։

Երբ Տավուշ գնաք, անպայման այցելեք Գոռի գերեզմանին։ Ծաղիկներ կտանեք ձեզ հետ, անպայման դաշտային, որովհետև մեր Գոռը իսկական սարեցի էր, Սադիր սարի թագավորը։ Կկանգնեք բարձունքում ծածանվող եռագույնի մոտ ու կնայեք շիրմաքարին` Գոռ Գագիկի Օհանյան, 2001-2020։ Բայց հանկարծ ձեր հայացքը չխոնարհեք, այլ կնայեք վեր, վե՜ր, որտեղ սավառնում է լուսաշող տղայի հոգին։ Կփնտրեք նրա կերպարանքը խռովված երկնքում ու կզրուցեք Գոռի հետ։ Ինքը չի պատասխանի ձեզ, ինչպես երբեք չէր պատասխանում մեզ, այլ լուռ լսում ու միայն ժպտում էր։ Հիմա էլ չի խոսում մեզ հետ։ Նեղացե՞լ ես մեզնից, Գոռ։

…Գոռի փառքի անկյունում ամփոփված է նրա կարճ ջահել կյանքը։ Լուսանկարներ, որոնք տակնուվրա են անում ապրողներիս հոգիները, հուշեր, որ ժապավենի նման սահում են մեր աչքերի առջևով, արցունքներ, անսահման, անսահման, ու մայր հող, որ մատղաշ տղերքին իր գիրկն է առել։ Գոռի անկյունում առաջինը վերցնում եմ փոքրիկ նոթատետրը։ Գոռը, որ դպրոցում չէր ուզում մի տառ անգամ գրել, իր նման մանրիկ տառերով շարադրել է. «Մահը կյանքի ամենամեծ կորուստը չէ։ Ամենամեծ կորուստն այն է, ինչ մեռնում է մեր մեջ, երբ մենք դեռ ողջ ենք»։ Խրոխտ տղա, դու շարունակում ես հրեշտակային ժպիտովդ ժպտալ, իսկ մենք դեռ երկար ժամանակ ենք սգալու։ Սև հագիր, սևսիրտ մարե…

Գոռ Գագիկի Օհանյանը ծնվել  է 2001թ. հուլիսի 25-ին Տավուշի մարզի Տավուշ գյուղում։ Գոռը ինը տարի սովորել է Տավուշի միջն. դպրոցում, ապա ուսումը շարունակել Բերդի բազմագործառութային պետական քոլեջում` խոհարարի մասնագիտությամբ։ Դեռ փոքր տարիքից ընտանիքի հոգսերն ուսերին առած` անտրտունջ ու անխոնջ աշխատում էր Գոռը։ Երկու եղբայրներից իրապես տարբերվում էր տղան. ուրիշ բնավորություն, հայացք, սիրտ ուներ նա։ Շատ ուշադիր էր տատիկի ու հոգատար մայրիկի հանդեպ։ Լռակյաց ու չխոսկան Գոռը իր նպատակների մասին ոչ ոքի չէր պատմում, այլ պահում էր սրտում, որ կամաց-կամաց իրագործի։ Բայց ամեն ինչ պիտի սպասեր. ժամն էր մեկնել հայրենիքի պաշտպանության։ Գոռը բանակ է զորակոչվում 2019թ. դեկտեմբերի 19-ին ու ծառայության անցնում  Ջաբրայիլում։ Շարքային Օհանյանը կարգապահ էր ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական կյանքում։ Նրան սիրում ու հարգում էին զինվորից մինչև հրամանատար։ Գոռի ծառայության իններորդ ամսում սկսվեց պատերազմը։ Առաջինը արձագանքելով հրամանատարի կոչին` մեկնել առաջնագիծ, տավուշցի հերոսը առանց վարանելու ելնում է մարտի։ Գոռը կռվեց Հադրութում, ապա Ֆիզուլիում, կռվեց 23 օր քաջաբար ու հերոսի պես, կռվեց վահանով ու եկավ վահանի վրա։ Նրա զոհվելու մասին լուրն առանք հոկտեմբերի 21-ին, իսկ վերջին անգամ ընտանիքի անդամները Գոռի ձայնը լսեցին զոհվելու նախօրեին։ Օրեր շարունակ անքուն մնացած, ոտքերին կապտուկներ առաջացած, հոգին վրեժով լցված, կարոտը սրտում պահած Գոռը կյանքը նվիրեց հայրենիքին։ Ու թեպետ ժամանակից շուտ «զորացրվեց», բայց հիմա էլ Նվարդ մայրիկը շարունակում է որդու ետդարձի օրերը հաշվել արցունքով, հպարտությամբ, ցավով։ Գոռ Գագիկի Օհանյանը ապրեց 19 տարի` անունը ոսկե տառերով գրելով մեր պատմության արյունոտ էջերում։

Նա շատ երազանքներ ուներ։ Եկեք որդեգրենք դրանք ու տեր լինենք նրա անընդգրկելի մեծ գործերին։

Երեք անգամ ծնվածը

Օդը ծանր էր, և կարելի էր կարծել, թե ուր որ է` երկինքը կբացվի իր հետ դուրս ժայթքելով կրակի հսկայական քանակություն: Ամառային զորակոչն սկսված էր: Հուլիսի իննին Տավուշի մարզի Բերդ քաղաքի երիտասարդներից մեկը՝ Տիգրանը, զորակոչվեց բանակ, հասակակիցներից ամենաշուտը նա էր մեկնում ծառայության, սակայն այդ հանգամանքը նրան չէր մտահոգում.

-Շուտ գնում եմ, որ շուտ էլ գամ,- ասում էր նա:

Ծառայության երրորդ ամսում սկսվեց չարաբաստիկ պատերազմը: Ծնողների բոլոր հարցերին պատասխանում էր դրական երանգով՝ ասելով, որ ամեն ինչ լավ է, որ ինքը ապահով է, սակայն նոյեմբերի չորսին ծնողներին հասավ վիրավորման մասին լուրը: Տիգրանի կես կատակ կես լուրջ ասած խոսքերը իրականացան. նա ժամանակից շուտ տուն եկավ: Աշխարհիս երեսին գոյություն ունեցող ոչ մի բառով չեմ կարող ներկայացնել նրա հայացքը, որին հանդիպեցի հիվանդանոցում: Մեկ այլ իրավիճակում անհնար է նմանը պատկերացնել, այն իր մեջ ամփոփում էր խորը ցավ, ափսոսանք, մարտական ընկերների կորուստ…

Պատերազմի մասին հարցերին կտրուկ պատասխան է տալիս՝ չցանկանալով շարունակել դրանք: Սիրում է խոսել մարտական ընկերների մասին, ասում է, որ այնտեղ բոլորը եղբայրների նման էին միմյանց հետ: Հաճախ է կրկնում իր կյանքում երեք թվի դերակատարության մասին: Երեք անգամ կարողացել է խույս տալ անձրևի նման թափվող արկերից, միայն չորրորդն է կարողացել խոցել իրեն: Այժմ չի պատկերացնում, թե ինչպես է կարողացել երկար տարածությունը վիրավոր վիճակում սողեսող հաղթահարել: Իսկ բժիշկը հպարտորեն նշում է, որ Տիգրանը կամ Փոքր հերոսը (քանի որ նա հիվանդասենյակում տարիքով ամենաերիտասարդն էր) պինդ տղա է, հետո ավելացնում է, որ Տիգրանը երեք անգամ է ծնվել՝ մեկը իր ծննդյան օրը, հաջորդը` վիրավորման, իսկ վերջինը՝ վիրահատասեղանին:

Փա՜ռք մեր զինվոր եղբայրներին, փա՜ռք մեր հերոսածին մայրերին:

Կյանքս` հայրենիքիս. Էրիկ Վիրաբյան

Երբ գնաք Վերին Կարմիրաղբյուր, գյուղ մտնող գլխավոր ճանապարհի ձախ հատվածում ծածանվող եռագույնի մոտ կանգ առեք։ Հողաթմբի վրա թարմ-թարմ ծաղիկներ կան, հողաթմբի տակ էլ` մի ջահել ու հերոսական սիրտ։ Բայց դուք չխոնարհեք ձեր հայացքը, այլ կնայեք վեր, շատ վեր, որտեղ Էրիկ Քաջիկի Վիրաբյանի ոգին է թևածում։ Կնայեք վեր առանց արցունքի, հպարտությամբ ու վեհորեն, հետո հայացք կգցեք սառը շիրմաքարին` Էրիկ Քաջիկի Վիրաբյան, 2000-2020 թթ., ու կսառեք այնպես, ինչպես սառեցին ջահել տղայի երազանքները։

-Երկու տարվա ու երկու ամսվա ծառայող էր Էրիկս, այս հուլիսին պիտի զորացրվեր։ «Ես եմ» ծրագրով էր զորակոչվել բանակ։ Երբեք չէր բողոքում ո՛չ ծառայությունից, ո՛չ ընկերներից, ո՛չ ճաշերից։ Միայն ասում էր` գոհ եմ։ Սեպտեմբերի 20-ին, որ խոսեցինք հետը, ասաց` շուտով մեծ պատերազմ է լինելու։ Պատերազմը եղավ, բայց ով կպատկերացներ, որ կտաներ Էրիկիս,- լալիս է Աննա մայրիկն ու ավելացնում,- իմ չորս երեխաներից ամենատարբերվողն ու ուրիշն ինքն էր։ Ո՜նց եմ դիմանալու առանց նրա։

Էրիկին բոլորը  գիտեին։ Հարևաններին օգնող, շփվող ու ակտիվ էր։ Երբ Էրիկը տեսնում էր, որ հարևան կանայք ծանր գործ են անում, վազում ու օգնում էր նրանց։ Սիրած աղջիկ էլ ուներ, ում այդպես էլ  չհասցրեց սիրո մասին պատմել։ Էրիկը նիհար ու բարձրահասակ էր։ Մատներն էլ այնքա՜ն նուրբ էին։ Աննա մայրիկը կարոտել է այդ նուրբ մատների հպումը։

-Պատերազմի օրերին միայն ասում էր` այստեղ մեծ միջատներ կան։ Ասում էի, որ զգույշ մնա, Էրիկս պատասխանում էր. «Մամ ջան, տարիքով մեծ մարդիկ են կռվին մասնակցում»։ Խաբում էր, որ հանգիստ լինեմ,- պատմում է Էրիկի մայրիկը` զգուշորեն դիպչելով որդու իրերին, որ հանկարծ չմաքրվեն նրա մատնահետքերը։
20-ամյա Էրիկը զոհվեց Խոջալուում հոկտեմբերի 16-ին։ Տղայի մարմինը գտան ուշ` դեկտեմբերի 29-ին։ Ամեն օր ընտանիքի անդամները հույս են ունեցել, որ տղան ողջ կլինի։ Երբ վերջին անգամ` հոկտեմբերի 14-ին, խոսել էին Էրիկի հետ, շատ հանգիստ է եղել նա, ու ոչ ոքի մտքով չի անցել, որ այդ զանգը վերջինը կարող է լինել ու այդ հեռախոսահամարից նրանք այլևս երբեք զանգ չեն ստանալու։
-Էրիկս վարորդ էր։ Մեքենայի կողքին կանգնած է եղել, հենց տղաներն օգնություն են կանչել, ռացիան ձեռքին վազել է։ Հենց այդպես էլ մարմինը գտել ենք` ռացիան` ձեռքին, զենքն էլ` կողքին։ Խոջալու վեց երեխա է զոհվել, վեցն էլ դիպուկահարի կրակոցից,- պատմում է տղայի մայրը։

Սեղանին շարված են այն իրերը, որոնք գտել են Էրիկի գրպաններից։ Մեծ նկարի կողքին էլ զինվորական գոտին է` Էրիկի արյամբ շաղախված։ Էրիկը նկարից ժպտում է պարզ ու մաքուր ժպիտով։ Անխախտ ու երկար լռությունը ճեղք տվեց, երբ սենյակ մտավ Էրիկի փոքր եղբայրը։ Նայեց հերոս Էրիկի նկարին, երկար նայեց ու առանց ինչ-որ բան ասելու արագաքայլ դուրս եկավ սենյակից։ Էրիկի կյանքը շատ կարճ տևեց, բայց կենսագրության մեջ գրելու շատ բան կա։ Տղան ուզում էր տունը վերանորոգել, նոր  տուն կառուցել։

Երբ Վերին Կարմիրաղբյուր գնաք, գյուղ մտնող գլխավոր ճանապարհի ձախ հատվածում ծածանվող եռագույնի մոտ կանգ կառնեք։ Այնտեղ ապրում են Էրիկ Քաջիկի Վիրաբյանի երազանքները:

Մխոն բանակ վազելով գնաց

Սա պատմություն է մի տղայի մասին, ում անունը դեռ շատերը պետք է լսեին, սա պատմություն է մի տղայի մասին, ում անունը հիմա ու հավերժ լսվելու է…

Սա պատմություն է մեր Մխոյի մասին: Իրեն ճանաչող մարդկանց սրտում ինքը միշտ մնաց «մեր Մխո» անունով, որովհետև իր տեսակով արդեն ավելի քան ՄԵՐ-ն էր:

18 տարեկան Մխոն` Մխիթար Գրիգորյանը, կրկնակի 18 տարիների կյանք ունեցավ, ու նույնիսկ անծանոթները զարմանում էին, թե 18 տարեկանում ոնց կարելի է այդքան հասուն, միաժամանակ, զուսպ ու հավասարակշռված լինել: Այո, նա արդեն իսկ ծնվել էր այդպիսին:

Մխոն ու իր սիրելի սպորտը 18 տարի կողք կողքի քայլեցին, կողք կողքի մեծացան այն հույսով, որ մի օր միասին աշխարհի ամենահայտնի ռինգերում հնչելու է իր անունը, հնչելու է բարձր, շատ բարձր, որ նույնիսկ սիրելի քաղաքի՝ Էջմիածնի ամենախուլ անկյուններում լսելի լինի։

Իսկ Մխոն բանակ վազելով գնաց…

Նա թողեց ռինգը ու իր այդքան պաշտելի սպորտը, պայմանով, որ գալու է, որովհետև աշխարհի չեմպիոնի կոչումը դեռ իրեն էր սպասում (ու հավերժ է սպասելու):

Իսկ մենք իրեն սպասեցինք, ու պատրաստ էինք հավերժ սպասել, միայն թե վերադառնար: Ախր, ռինգում ամբողջ կյանքում պարտություն չտեսածը կռվում չէր ընկնի, ու որովհետև իր անունը դեռ պետք է հնչեր, շատ բարձր հնչեր…

Մինչդեռ թաղի ոչ մի կռիվ բաց չթողած Մխոն իրական կռվից երբեք չէր փախչի:

Մինչդեռ ամենից առաջ ընկերության կենացը խմող Մխոն վիրավոր ընկերոջը մարտի դաշտում մենակ չէր թողնի:

Մինչդեռ իր ու մեր սպասված աշխարհի չեմպիոնի կոչումը որոշեց փոխարինել Հերոսի կոչմամբ, որովհետև Մխոն բանակ վազելով գնաց։

Այս փոքր երկրի ամեն անկյունում, ինչպես և Էջմիածնում, դեռ պիտի ծնվեն ու ապրեն անվախ ու քաջ տղաներ, թիկունք ու հույս աղջիկներ: Իրար հետ համերաշխ նրանց ընտանիքներում պիտի Մխոյի նման տղերք ծնվեն, ովքեր պատերազմի դեռ չհնչած զորակոչին սահման վազելը հերթական կատակ համարեն:

Մխոյի նման տղերք, ովքեր ծնվեցին ու դեռ դարեր շարունակ ծնվելու են, քանի որ Մխոն թողել ամեն ինչ ու  վազել էր բանակ, որ իր եղբայրների տղաները մի օր իր նման դառնան չեմպիոններ:

Որ մի օր էլի իր սիրելի մարզասրահը մարզիկներով ու ամուր տղերքով լցվի: Մխոն ռինգից սահման էր վազել, որ էլի ծնվեն, էլի շատանան, որ սահմանները էլ երբեք առաջ չգան։

Իսկ մենք՝ մենք ուղղակի չկորցրեցինք Մխոյին, աշխարհը կորցրեց իր չեմպիոնին, իսկ աշխարհի ամենահայտնի ռինգը հավերժ կսպասի իր ամենաուժեղ մարզիկին:

Իսկ աշխարհի բոլոր «տղայական կռիվներ» տեսած իր թաղը՝ հավերժ կսպասի երբեք ոչ մի կռիվ բաց չթողած տղային:

Իսկ ընկերության կենացը էլի խմելիս այս անգամ արդեն հավերժ մի անուն առաջինը կհնչի…

…Որովհետև Մխոն բանակ վազելով գնաց։

Սարսափ-ֆիլմի վախճանը

Դու հիմա երևի ինչ որ սրճարանում սուրճ ես խմում: Երևի հաղթահարում ես, մեջդ կուլ տալով, մտքումդ հայհոյելով հետպատերազմյան ցավն ու սարսափը, մինչդեռ դրա հետքերը շատերի կյանքում հավերժ մնալու են։ Իսկ երբևէ լսե՞լ ես սարսափ ֆիլմի վերջում ինչ որ սպասված happy end-ի մասին: Ո՞չ, ես նույնպես չէի լսել, մինչև որ ընկերներս դարձան ֆիլմի գլխավոր հերոսները:

27.09. 2020 – սարսափ ֆիլմի սկիզբը

Հենց առաջին օրը իրեն՝ նույն մեր հերոսին, իր ջոկի հետ բարձրացնում են Թալիշ` պաշտպանության: Բայց ավաղ, ուշացած: Թալիշն արդեն գրավված էր։ Ի՞նչ էր մնում անել` փորձել հետ գրավել։ Գրողը տանի, 21-րդ դարում, զարգացած տեխնոլոգիական ժամանակաշրջանում 18 տարեկան զինվորը ի՞նչ պետք է աներ, երբ օդում իր քաշի ու իր տարիքի զենքեր էին պտտվում ու թափվում գլխին։ Երբ երկինքը ինչ որ լուսավորությամբ էր պատվում, բայց ոչ հրավառության։

-Տղերք, պառկեք,- բղավում է ընկերս, ու հանկարծ 10 մետր աջ ինչ որ բան ընկնում ու ավիրում է ամեն ինչ: Փրկվում են, փրկվում է, մեռնում, նորից ծնվում է: Մինչդեռ տանը ու իրեն սպասողների համար ինքը քնած է, կամ ապահով մի տեղ նստած… Ծիծաղելի է, կամ ոնց ասում են. «Ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ»:

Օր 2

Ոտքը դուրս է դնում շենքից, վազում ու հանկարծ պայթում է շենքը։ Նա ամբողջ զորամասի, ամենավերջին վաշտի, ամենավերջին դասակի, ամենավերջին զինվորն էր: Բայց սա էլ դեռ վերջը չէր:

Օր 3, դիրքեր

Մինչ մենք Երևանի կենտրոնում ուտելիք էինք հավաքում էն հույսով, որ դրանցից մեկը կհասնի իրենց՝ զուգահեռ իրականությունում մի շաբաթ առանց ջուր ու հաց նրանք դիմացել են: Վերջին հույսը անձրևն էր, էն էլ երկինքն էլ էր հրաժարվել էս մի բուռ ազգից:

Հոկտեմբերի 1

Մի ամբողջ դիվիզիայի հարձակում: Բայց դե ի՞նչ կռիվ, երբ զենքն էլ է վերջանում: Էդ պահին ոչինչ  չի մնում, քան հավատը: Հավատը, որ մի օր էս ամեն ինչը կվերջանա։ Այդ պահին կողքը մի մեծ քարին է փամփուշտը հարվածում: Քարին, ոչ թե իր գլխին: Մտքում միայն ասում է. լավ պրծա:

Հոկտեմբերի 2

Ընկնում են շրջափակման մեջ: Երբ ողջ մնալու հավանականությունը 0,001 տոկոս է, գլխում մի բան է միայն պտտվում. «Մամայի ծնունդն ա»…

Բայց դե մեր Վահագնը բախտավոր աստղի տակ էր ծնվել: էս անգամ էլ են փրկվում:

Հոկտեմբերի 3` սարսափ ֆիլմի ամենավատ մասը,  կամ վերջից 5 պակաս

Կորցնում է զինակից ընկերներին աչքի առաջ: Հետո ինչ որ ուժեղ գմփոց, ու գերաններն ընկնում են վրան: Ավիացիան էր ռմբակոծում, ու հարվածի պատճառով վիրավորվում է: Բան չէր մնում անել, քան դուրս գալ ավերակների տակից ու վազել։ Ուժասպառ էր, միայն մի խոսք էր գլխում. «Դե խփում եք` խփեք, էլ չեմ կարում»:

Որոշ ժամանակ անց հասնում է օգնությունը: Իզուր չի, որ ապագա բժիշկ է: Մինչ կօգնեին, ինքն է իր վերքը մշակում: Ու շարունակում է կռվել, մինչև վերջ կռվել էն հողակտորի վրա, որին մենք մեր գրքերում հայրենիք ենք կոչում։ Ու երբ մարում է ապրելու հույսը, հիշում է, որ հարյուրավոր կիլոմետրեր էն կողմ մարդիկ կան, որ ամեն վայրկյան սպասում են: Ներսում խեղդելով կորցնելու վախը, ուղղակի լուռ սպասում են:

Իսկ սարսափ ֆիլմի HAPPY END-ը այն է, որ մեր Վահագնը փրկվում է, վերածնվում է նորից, որովհետև իր փրկությամբ նա դեռ հարյուրավոր կյանքեր պետք է փրկի:

Որովհետև իր փրկվելով, փրկելու է շատերին։

…Իսկ վերածնված տղաների վերադարձը հավաստումն է նրա, որ կյանքը սիրուն է ու «դատապարտված է» շարունակվելու:

Մի օր կհանդիպենք

2020-ը մի քանի օրից կավարտվի։ Ես անհամբեր սպասում եմ 2020-ի ավարտվելուն, որովհետև շատ բան խլեց մեզնից, անջնջելի հետք թողեց բոլորիս սրտերում։ Ես երկու ընկեր կորցրեցի վերջին մի քանի ամսվա ընթացքում։

Լևոնը` մեր արցախցի Լյովը։ Ասում են, չէ՞, որ մարդուն ճանաչելու համար պետք է նրա հետ ճանապարհ գնալ։ Հիշում եմ։ 2019 թվականի ապրիլի 6-ն էր։ Դպրոցի մի քանի աշակերտներով Աքորի էինք գնում։ Ճանապարհը երկար էր, որպեսզի ժամանակը հետաքրքիր անցկացնեինք, «Փոխանցիր նրան» էինք խաղում։ Հերթը Լյովինն էր։ Ասացին.

- Փոխանցիր ներկաներից նրան, ով կցանկանայիր հարազատ քույրդ լիներ։

Շրջվեց և ձեռքի պատյանն ինձ տվեց, ասելով.

-Վերջ, սրանից հետո դու իմ քույրիկն ես։

Լյովը իսկական ընկեր էր։ Երբ տեսներ, որ օգնության կարիք կա, երբեք անտարբեր չէր անցնի, մինչև ինչ որ բանով չօգներ` չէր հանգստանա։

Շատ հիշողություններ ունենք կապված Լյովի հետ։ Մինչև երեկ հույսներս չէինք կորցնում, որ կգտնվի, բայց եղավ ամենասարսափելին։ Լյովը գտնվեց, բայց քնած էր… Մինչև հիմա քնած է, քնած է լինելու և վաղը։

Լյովի անունը միշտ վառ կմնա մեր սրտերում։

Հանգչիր խաղաղությամբ մեր համեստ ու ՀԵՐՈՍ ընկեր։ Վաղ թե ուշ, կրկին կհանդիպենք: