lia avagyan

Մեր փոքրիկ խրամատը

Լարված ժամանակներ էին սահմանում: Բայց դա մեզ չէր խանգարում, որպեսզի ապրենք մեր բնական կյանքով: Ինչպես բոլոր երեխաները, այնպես էլ ես, գնում էինք դպրոց: Նշեմ նաև, որ մեզ չէին պարտադրում կրակոցից հետո դպրոց գնալ: Գնում էինք, բայց դաս չէինք անում: Խոսում էինք, թե ում տանը ինչքան վնաս է եղել: Կամ ում գլխի վերևով քանի անգամ է անցել փամփուշտը: Այդ բոլորը ճշտելուց և մեր գտած փամփուշտները իրար ցույց տալուց հետո եկա տուն: Տեսա, թե ինչպես է հայրիկս մեր ապաստարանում ինչ-որ փոփոխություններ անում:
Հարցրեցի.
-Պա՜պ, էս ի՞նչ ես անըմ:
Պապաս, թե բա.
-Խրամատ եմ փորըմ:

Զարմացա, հարցրեցի` ինչի՞ հըմար:
Պապաս.
-Որովհետև սկսել են մեծ զենքերով կրակել: Էս խրամատն էլ փորըմ եմ, վեր ձայնային ազդանշանները (որը առաջանում է կրակոցի ժամանակ) չվնասեն օրգանիզմնիդ:
-Պապ, մենք չենք վախըմ, մեզ խրամատ պետքը չի,- ասացի:
Պապաս, թե բա.
-Սկսել են մեծ զենքերով տալը՝ բեմպէ, շիլկա, գրանատամյոտ (նռնականետ), տանկ, դրանցից պետք ա պաշտպանվենք: Էլ էն վախտվա դեշեկան, չորնի ստրելան, կալաշնիկովը կամ սնայպերը չի: Հիմիկվանը մեծ ա: Բայց դու վախես վեչ,- ավելացրեց պապան` հանգստացնելով ինձ:
Ճիշտն ասած, չէի վախեցել, որովհետև ամեն կրակոցի ժամանակ ականջներս սրած լսում էի, թե որը ինչի կրակոց է և, որ ուղղությամբ գնաց, որպեսզի հաջորդ օրը դպրոցում խոսենք, թե օրինակ, ինչ զենքի շիկացած փամփուշտ էր ընկել Անդրուշ քեռիենց խոտի դեզի վրա և վառել ավելի քան 800 տուկ:
Ապրում ենք` ամեն օր մեր ռազմական բառապաշարն ու փորձը հարստացնելով:

գ. Ներքին Կարմիրաղբյուր

Հոկտեմբեր, 2015

Astghik Ghazaryan

Այսօր կիրակի է

-Ա՜ստղ, էսօր կիրակի ա,- ինձ քնից հանելով ասում է Մարինը` ընկերուհիս:

Դե, եթե կիրակի է, նշանակում է պետք է գնանք «Խաչ»: «Խաչ» ասվածն իրենից ներկայացնում է մի մատուռ, ավելի ճիշտ, մատուռի ավերակներ: Եթե չեմ սխալվում, մատուռը 16-րդ դարի կառույց է: Տարածքը, որտեղ գտնվում է Խաչը, գյուղացիներն անվանում են Կալեր: Մատուռի շրջակայքը պատված է գոմաղբով և զանազան անպետք իրերով: Չգիտեմ, մարդիկ ինչու են որոշել այդ սուրբ վայրը «զարդարել» աղբով: Ենթադրում եմ, որ դրա պատճառն այն է, որ մեր շրջանում մարդիկ հեռացել են հավատքից, ու գյուղում շատ քիչ մարդիկ կան, ովքեր եկեղեցի են հաճախում կամ գոնե որոշ չափով հավատում են Աստծուն: Այդ մարդկանցից է նաև տատիկս` Ամայը: Հիվանդության ու մի քիչ ծեր լինելու պատճառով (չեմ կարողանում նրան ծեր անվանել) նա չի կարողանում եկեղեցի գնալ, բայց երբ ես մոռանում եմ կամ ձևացնում եմ, թե մոռացել եմ, որ կիրակի է, Ամայն ասում է.

-Ամայ ջան, (մեկ-մեկ այդպես է ինձ դիմում), մոմ վեր կալ, քինյա Խաչը, մոմ վառի իմ իրեսը Իրա (Աստծո) վետի տակը:

Մեր ուխտատեղին հասնելու համար հաճախ մեզնից գերբնական ուժ է պահանջվում, և հատկապես այն ժամանակ, երբ եղանակը անձրևային է: Այնպիսի ցեխ է լինում, որ մինչև ծնկները ցեխի մեջ ենք խրվում: Երբեմն ստիպված ենք լինում թռչել սրա-նրա այգու ցանկապատի գլխով ու գողեգող ուրիշի տարածքով հասնում մատուռին: Թեև ամեն կիրակի այնտեղ ենք լինում, բայց ամեն անգամ ծանր ենք տանում, երբ տեսնում ենք մատուռի տխուր կերպարանքը: Տարածքում միշտ ուժեղ քամի է լինում, ու պատահում է մոմ վառելուց հետո չենք կարողանում առանց ընդհատելու աղոթել, որովհետև քամին անընդհատ հանգցնում է մոմը, և մենք ստիպված ենք լինում կրկին վառել: Նույն դժվարությամբ մենք տուն ենք գնում: Այսպիսով թեև մեծ դժվարությանը, մենք կատարում ենք մեր քրիստոնեական պարտքը:

Սա ինձ ու ընկերուհուս համար սովորույթ է դարձել, որն ընդօրինակել ենք մեր մեծ քույրերից:

Մենք ստիպված ենք լինում այդ դժվարին ճանապարհը կտրել-անցնել, որովհետև մեր գյուղում` Գետահովիտում, չկա եկեղեցի, չնայած այն բանին, որ մեր գյուղը համարվում է Իջևանի շրջանի ամենամեծ գյուղերից մեկը:
Այսօր կիրակի է, Խաչ գնալու ժամանակն է:

Հունիս, 2015

ԸՆԴԱՄԵՆԸ 400 ՄԵՏՐ

Ինձ մտահոգում, հետաքրքրում է ամեն ինչ, ինչը կատարվում է իմ շրջապատում` թե լավը, և թե նույնիսկ վատը: Բայց հիմնականում ինձ մտահոգում է վատը, որովհետև ամեն օր հակառակորդի կրակոցների ձայնից ականջներս ցավում են: Երևի արդեն պարզ է. ես սահմանամերձ գոտուց եմ` Ներքին Կարմիրաղբյուրից: Մեր գյուղը գտնվում է հակառակորդի դիրքերից 400 մետր հեռավորության վրա: Քաղաքում ապրող մարդկանց համար այդ 400 մետրը բավական մեծ հեռավորություն է, բայց ավելի պարզ դարձնելու համար ասեմ, որ մեր տունը դպրոցից գտնվում է նույնպես 400 մետր հեռավորության վրա: Ինձ համար արդեն սովորական է, որ թշնամին այդքան մոտ է, բայց վախը միշտ իրեն զգացնել է տալիս:

Հիշում եմ, մի անգամ դասի ժամանակ սկսեցին կրակել դասասենյակի ուղղությամբ: Մենք դասարանից դուրս փախանք: Ու դրանից հետո ես ամեն անգամ նստելով այդ նույն դասասենյակում, չեմ կարողանում կենտրոնանալ դասերի վրա, որովհետև գրատախտակի փոխարեն նայում եմ դիրքերին:

Ամեն անգամ քնելուց առաջ աղոթում եմ ազգիս պաշտպանների համար: Ամեն առավոտ արթնանում եմ էլի աղոթքով, որ վատ լուր չստանամ: Ուզում եմ, որ բոլորը իմանան և գիտակցեն, որ հայրենիքն սկսում է սահմանից, և մենք ոչ թե սահմանում ապրող մարդիկ ենք, այլ սահմանապահներ:

Ընդամենը 400 մետր…

 

Հոկտեմբեր, 2015

lia avagyan

Գյուղս. Ներքին Կարմիրաղբյուր

Իմ գյուղը թաքնված ժայռերի մեծ ու փարթամ ծառերի մեջ դարերի պատմություն ունի: Տատիս խոսքերով, գյուղս ստեղծվել է 1400-ական թվականներից հետո: Գյուղի անվան հետ կապված շատ պատմություներ կան: Օրինակ, որ դիմացի բլուրից մարդկանց մի խումբ իջել ու բնակություն են հաստատել ներքևում` գյուղի անունը կոչելով Ներքին Կարմիրաղբյուր, կամ երբ գյուղի աղջիկները բարձրացել են սարերը և գետի վրա կարմիր վարդի թերթիկներ նետել: Գետը իջել է ներքև` կարմիր ներկված, ժողովուրդը հեռվից տեսնելով, գյուղի անունը կոչել է Ներքին Կարմիրաղբյուր: Ճիշտն ասած, չեմ կարող ասել` որ պատմությունն է ավելի ճիշտ, որվհետև այնքան գեղեցիկ ու հետաքրքիր է գյուղս, որ շատ պատմություններ կունենա իր հետ կապված, որից անգամ տատս տեղյակ չի լինի: Տատս նաև ասում է, որ մեր տարածաշրջանի ժողովուրդը եկել է Ղարաբաղից, և մեր արմատները Ղարաբաղից են: Այնպես որ, կարող եմ հպարտությամբ նշել, որ ես կիսով չափ ղարաբաղցի եմ: Ներքին Կարմիրաղբյուրի ժողովուրդը հիմնականում զբաղվում է հողագործությամբ: Սովետի ժամանակ մարդիկ զբաղվել են ծխախոտագործությամբ, անասնապահությամբ, բայց այդ ամենը եղել է կոլեկտիվ: Իսկ հիմա էլ գյուղում զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ, բայց արդեն մասնավոր: Ուղղակի այն ժամանակվա ծխախոտի փոխարեն հիմա խաղող են մշակում: Չնայած դա էլ ակտիվորեն չէն անում, քանի որ թշնամու կրակի տակ է այգիները: Բայց գյուղս կամաց-կամաց երիտասարդանում է, մարդիկ հաղթահարում են պատերազմի հանդեպ վախը: Նրանց դեմքին ժպիտ է հայտնվում ավելի եռանդով են աշխատում, ինչպես այն ժամանակ, երբ առաջին անզամ եկան գյուղ` բնակություն հաստատելու:

Տաք օրերին սիրում եմ նստել այգում՝ մեղվի փեթակների մոտ ու նայել գյուղին: Չնայած մեր տունը գտնվում է ոչ այնքան կենտրոնական մասում, ու մեր այգուց բացվող տեսարանը այնքան էլ գեղատեսիլ չէ: Բայց, դե պարտադիր չէ, որ ամբողջ գյուղը երևա, միայն գյուղին պատկանող հողերը բավարար են, որոնք ամեն եղանակին մի գույն ու մի նոր «սանրվածք» են ընդունում: Բայց դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել:

Մեր ոչ այդքան գեղատեսիլ այգուց երևում են տներ, որոնց ամեն մեկի հետ մի պատմություն կա կապված: Դե, ես այս պատմությունները չէի իմանա, եթե տատիկս չպատմեր, իսկ տատիկս հիմնականում կռիվներից ու նրա հետևանքներից է պատմում: Ապրելով սահմանապահ գյուղում, ուզած չուզած ամեն օր լսում ու ականատես եմ լինում նմանատիպ պատմությունների: Օրինակ, տատս պատմում է, որ 90-ականների պատերազմի ժամանակ ինչքան խաղաղ բնակիչներ են զոհվել կամ տուժել հակառակորդի գործողություններից:

Պատմում է Արամ անունով մեր համագյուղացու (Ն.Կարմիրաղբյուրեցու) մասին, ով տանն էր, երբ շիլկայի (տանկանման զենք) բեկորը մտավ տուն ու պոկեց վերջինիս թևը: Նա այդ դեպքից հետո չմահացավ, բայց ստիպված էր կյանքի մնացած մասն անդամահատված թևով անցկացնել: Իսկ մեր գյուղի մեկ այլ բնակչուհին՝ Նիվիկը, կռվի տարիներին մահացավ, երբ շիլկայի բեկորը մտավ վերջինիս որովայնը: Այսպիսի դեպքեր շատ են եղել, նույնիսկ ճանապարհին երեխաներ են զոհվել: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ բեկորը կամ հենց ինքը՝ փամփուշտը, չի դիպել մարդուն: Բայց այդ կրակոցներից, այդ լարվածությունից, ճնշումը բարձրանալու հետևանքով մահացել են: Այսպիսի դեպքեր էլի գյուղում եղել են:

Տատս պատմում է, ես ուշադրությամբ լսում եմ ու նաև մտածում, թե նման դեպքեր միայն 90-ականների կռիվների ժամանակ չէ, որ եղել են: Շատ լավ եմ հիշում, համարյա մեկ տարի առաջ էր, երբ էլի կրակում էին: Մենք ապաստարանում էինք, երբ հայրիկս եկավ, եկավ, որովհետև այդ ժամանակ գնացել էր խոտի դեզին հետևելու, որպեսզի, եթե վառվի հրետակոծության ժամանակ, կարողանա արագ հանգցնել, որովհետև համ տանը շատ մոտ էր, համ էլ, եթե դեզը վառվեր, այդ ուղղությամբ կրակոցները ավելի ինտենսիվ կլինեին: Ինչևէ, հայրիկս ասաց, որ Վանիկ պապը մահացել է: Այդ պահը շոկային էր բոլորիս համար: Երևի երբեք չեմ մոռանա, որովհետև դաջվել է հիշողությանս մեջ: Հայրիկս պատմեց, որ բեկորից է մահացել: Փափուշտը տան մեջ է պայթել, ու բեկորները ցրվել են տնով մեկ՝ մահացու վիրավորելով նաև տանտիրոջը, ով Բերդի հիվանդանոցի ճանապարհին մահացավ:

Տատս իր կյանքի մեծ մասը պատերազմի մեջ է եղել, ես էլ ապրածս 16 տարիները էլի կրակոցների տակ եմ անցկացրել ու անցկացնում: Մտածում եմ. ես է՞լ իմ թոռներին միայն պատերազմից եմ պատմելու:

 Նոյեմբեր, 2015 

Astghik Ghazaryan

Կռիվը

-Երե՛մ, ցուրտ ա, վիզդ պյաց տյուս մի՛ կյա:

-Թու՛, քու տիպը կտրի…

Ամեն շաբաթ-կիրակի զարթուցիչի ձայնի փոխարեն լսում էի Ամայի (տատիկս է) ու պապիկի կռվի ձայնը ու փնթփնթում. «Էլի կռվո՞ւմ են, չեն թողնում՝ մարդ մի քիչ քնի…»: Դե, կռիվ ասելը մի քիչ կոպիտ է հնչում, որովհետև նրանք վիճում էին միմյանց լավն ուզենալու համար, բայց եթե թույլ տաք, ես դրանք կռիվ կանվանեմ:

Կռիվը հիմնականում սկսում էր Ամայը: Պապիկի վրա շատ էր բարկանում, երբ ուտում էր այն, ինչը բժիշկն էր արգելել, կամ ինչու ամբողջ գիշեր չէր քնել ու շարունակ տնով մեկ քայլել էր, և այլն:

Մի խոսքով, օրը սկսում էին իրարից նեղացած, իսկ օրվա կեսին կռիվը շարունակվում էր.

-Երե՛մ, էդ անտեր չայը հերիք ա խմես, մի քիչ կամք ունեցի, էլի… Էն Չոբանյանը քանի՞ հետ ասած կըլի, որ էդ անտերը քեզ չի կարելի…

-Թու՛, ե՞րբ ես տեսել, որ ես չայ եմ խմել, էս իրեք օր ա՝ պերանս մի կաթիլ չայ չեմ տարել:

Առավոտը՝ կռիվ, կեսօրին՝ կռիվ, բայց հենց մութն ընկնում էր, պապիկը գալիս, Ամայի մոտ նստում, հետո վեր էր կենում, գնում-գալիս, նայում Ամային ու էլի գնում-գալիս: Ամայը հասկանում էր պապիկի միտքը, բայց ոչինչ չէր ասում: Ու պապիկը ճարահատյալ ինքն էր առաջին քայլն անում.

-Հրանու՛շ, կարտի չքցե՞նք:

-Կարտերը վե՛ր կալ, արի՛…

Ու սկսում էին թղթախաղ խաղալ: Ամայը նստում էր իր «գահավորակին»՝ թախտին, իսկ պապիկը՝ Ամայի դիմաց՝ փոքրիկ աթոռի վրա: Ու այնպես էր ստացվում, որ Ամայի դիրքը ավելի բարձր էր լինում, ու պապիկի բոլոր խաղաթղթերը երևում էին: Սա էր պատճառը, որ խեղճ պապս միշտ պարտվում էր, նեղանում, թղթերը թափում ու գնում էր: Իսկ Ամայը.

-Հը՞, տարվեցիր, տրա՞  հըմար ես քըմ:

Պապիկը գլուխը տարուբերում էր, իր սովորության համաձայն մի հատ «թու՛» ասում ու հեռանում: Մի կես ժամից էլի գալիս ու Ամայի շուրջը պտտվում էր, հետո մյուս թախտին պառկում ու փորձում էր մի քիչ քնել, բայց դեռ չհաշտված՝ Ամայը էլի սկսում էր.

-Երե՛մ, քնա քու տեղըմ պառկի, հանգիստ քնի:

-Թու՛…

Ու այսպես իրարից նեղացած էլ քնում էին, հաջորդ օրն էլ այս պատմությունը կրկնվում էր:

Համարյա մի տարի է՝ այսպիսի վեճեր չեն լինում մեր տանը, ես էլ զարթուցիչի ձայնից եմ զարթնում: Չգիտեմ՝ Ամայը իրենց վեճերը կարոտել է, թե՝ չէ, բայց ես կարոտել եմ:

Այդպես է աշխարհի կարգը. կորցնում ես, հետո հասկանում, գնահատում ու կարոտում…

Փետրվար, 2016 

Երկինքներ իմ աշխարհից

Կյանքը`  երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն,

Կյանքը` կորած աստղերի՜ պես հազարանուն:

Կյանքը` կրակ ճահիճներում՝ կա ու չկա,

Կյանքը` ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:

Կյանքը` երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն,

Կյանքը` կորած աստղերի՜ պես հազարանուն…