davit chilingaryan

Ես սիրում եմ սարը, իսկ սարը` ինձ

Գարնանը` մայիսին, բոլորը վերցնում են իրենց անասուններին և գնում են սարերը, որպեսզի ամռանը կաթը ավելի առատ լինի և կովերի «արոտը լավ լինի»: Ամռանը պանիրը, ջիլը (թել պանիր) ավելի համով է լինում: Սովորաբար երեխաները չեն սիրում սարերը: Ինձ համար աշխարհից կտրված  վայր է, ճիշտ է, օդը մաքուր է, բայց չկա էլեկտրականություն, ինտերնետ, հեռուստացույց, իսկ այս դարում կյանքն առանց տեխնիկայի անհետաքրքիր է. երեխաների մեծամասնությունը այդպես է կարծում: Առաջ, պատմում են, որ սարերում շատ երեխաներ էին լինում, հիմա` մեկ-երկու երեխա: Մեծերը պատմում են, որ էն ժամանակ կրակ էին վառում և բոլորով հավաքվում էին շուրջը, խոսում դեսից-դենից:
Ամառային մի օր էր, կովերի բառաչից վեր կացա, տեսա, տատիկս կթում է փրփրալից տաք կաթը: Խանում տատս ձայն տվեց և ասաց.
-Դավի’թ, արի կաթը տար:
-Տատի’, տատի’, կաթը կտա՞ս:
Վերջացնելով կթելու գործը, տատս սկսեց կաթը մշակել: Պանրի մերանը` պեպսինը, տատս լցնում է կաթսայի մեջ կաթի վրա, հետո գդալն առնում ու խաչեր է անում, որպեսզի կաթն առատ լինի: Տատս ասում է, որ իր մայրն ու տատն էլ այդպես են արել պանիր մերելուց: Տատս մերեց կաթը, և ես ցանկացա ուտել «ղազանդիբի», որը կիսախմորված կաթն է:

Տարվա այդ շրջանում բոլոր թոռներով սարում ենք լինում, խաղում տարբեր խաղեր, օգնում տատիկիս: Սարում երբեմն դժվար է լինում, երբեմն կարող ես հանդիպել գայլերի , բայց մենք չենք վախենում, որովհետև և’ մենք ենք սովորել նրանց ներկայությանը, և’ նրանք` մեր:  Շատ եմ սիրում, երբ մարդիկ սարում գոռում են. «Հո’ արի,ա’ կով» կամ «Արի’, ջեյրան ջա’ն, արի’, մարալ ջա’ն» և խոր-խոր ձորերից ի պատասխան լսվում է անասունների  բառաչը: Ես սիրում եմ սարը, իսկ սարը` ինձ:

 

anahit israyelyan

Ջուջևան. այսօր և վաղը

Բազում այլ բնակավայրերի նման Տավուշի մարզի Ջուջևան գյուղում ևս առկա է այն մեծ խնդիրը, որը կոչվում է գործազրկություն: Մեր թաղում, որ մի ժամանակ գյուղի ծաղկուն շրջաններից էր, այնքան մեծ, որ թաղի մեծահասակները բողոքում էին երեխաների աղմուկից, այսօր անգամ երեխա չկա, որ աղմկի: 

Ընդամենը երկու ամիս առաջ, աշխատանք չգտնելով հայրենիքում,  արտագաղթեց մեր հարևաններից մեկը` իր հետ տանելով  ամբողջ ընտանիքը` երկու երեխաներին ու կնոջը: Տարիներ շարունակ նա գյուղում թողնում էր ընտանիքը և միայնակ գնում արտագնա աշխատանքի: Պատկերացրեք` ինչ դժվար կլինի կնոջ համար ընտանիքի մասին հոգ տանելը, երբ տանը չէ ամուսինը, երբ որդին ծառայում է սահմանին, որտեղից գրեթե ամեն օր վատ լուրեր են հասնում, երբ աղջիկը սովորում է տասներկուերորդ դասարանում, և շուտով անհրաժեշտություն է առաջանալու նրան բարձրագույն կրթության տալու, իսկ ընտանիքի ֆինանսական վիճակը հիմա էլ, մեղմ ասած, լավ չէ:
Երկու ամիս առաջ նրանք ամուսնացրին իրենց աղջկան, որդին եկավ բանակից, և նրանք գնացին արտասահման` աշխատելու: Ի՞նչ իմանաս, վաղը գուցե նրանց տղան ամուսնանա օտարերկրուհու հետ, այդպիսով կիսով չափ կորցնելով իր հայ լինելը:
Եթե  անգամ հեռու չգնանք, իմ հայրն էլ, դպրոցում սովորել է գերազանց, համալսարանը ավարտել է կարմիր դիպլոմով (այնքան լավ է սովորել, որ նույնիսկ առաջարկ է ստացել որպես դասախոս աշխատելու), իսկ այսօր ինչո՞վ է նա զբաղված` անասնապահությամբ ու հողագործությամբ:
Այսօր  էլ ես աշխատում եմ լավ սովորել, սովորել այն, ինչ կարող եմ, փորձում եմ յուրաքանչյուրից մի բան սովորել, իսկ վաղը չգիտեմ` ինչ կլինի: Այսօր, որ ես երեք առարկա եմ պարապում, որ իմ ծնողները ամեն օր ինձ տանում ու բերում են Նոյեմբերյան պարապմունքի, որ երկու տարուց ես գնալու եմ սովորելու համալսարանում  ու իմ ծնողները պետք է վճարեն  ոչ միայն իմ ուսման վարձը, այլ նաև իմ այնտեղ մնալու համար գուցե տուն վարձեն ու մնացած ծախսերը հոգան: Թեև սահմանամերձ գոտի ենք, սակայն մեր գյուղին ոչ մի արտոնություն չեն տվել: Այդ ամենից հետո ես կունենա՞մ աշխատանք, որ կարողանամ  վերադարձնել այդ ծախսերը, որ կարողանամ ստեղծել  իմը: Չգիտեմ…

Աննա Էզդանյան

Բերդավանի մեկ օրը

Ողջույն: Ես Աննան եմ, 17 տարեկան:  Ծնվել և մեծացել եմ Տավուշի մարզի Բերդավան գյուղում, որը գտնվում է ադրբեջանական սահմանից 2 կմ հեռավորության վրա: Գյուղի շրջակայքում է գտնվում Ղալինջաքարբերդ ամրոցը, որը կառուցվել է դեռևս 13-րդ դարում: Ըստ որոշ տվյալների, այդտեղ է եղել նաև Աշոտ Երկաթը իր զորքով:

Ընտանիքս բաղկացած է 4 հոգուց` հայրս, մայրս, եղբայրս և ես: Ընտանիքիս գլխավորը հայրս է, ով աշխատում է ալյուրի արտադրամասում: Նա աֆղանական և հայ-ադրբեջանական պատերազմների մասնակից է, ունի բազմաթիվ շքանշաններ և պատվոգրեր: Տան հաջորդ անդամը, ով ամբողջ օրը ոտքի վրա է,  մայրս է: Նա փորձում է ամեն ինչ անել, որպեսզի մենք ոչ մի բանի պակասություն չզգանք: Մայրս բանասեր է և աշխատում է գյուղի դպրոցում որպես ուսուցչուհի: Տան կրտսերը եղբայրս է` Արտյոմը, ով սովորում է  7-րդ դասարանում: Արտյոմը  զբաղվում է ֆուտբոլով և երազում է ֆուտբոլիստ դառնալ:

Այժմ պատմեմ իմ մասին: 2-րդ դասարանից հաճախել եմ երաժշտական դպրոց, որտեղ սովորել եմ 7 տարի դաշնամուրային բաժնում: Դեռ փոքր հասակից շատ եմ սիրել նվագել և երգել: Երազանքներիցս մեկը երգչուհի դառնալն էր, սակայն հայրս միշտ ասում էր. «Դա քու բանը չի: Նստի` դասերովդ զբաղվի»:

Քանի որ այս տարի ավարտում եմ դպրոցը, արդեն որոշել եմ ապագա մասնագիտությունս և ուզում եմ դառնալ տնտեսագետ: Անդամակցում եմ մի քանի կազմակերպությունների:                                                  Մասնակցում եմ գրեթե բոլոր ծրագրերին, որոնք անց են կացվում մեր գյուղում: Մեր դպրոցում նաև աշակերտական խորհրդի անդամ եմ` տեղեկատվական  բաժնի ղեկավար: Դպրոցն ունի բասկետբոլի  խմբակ, որում ներառված եմ նաև ես: Ահա այսպիսին եմ ես: Չգիտեմ` կարողացա՞ պատկերացում տալ իմ մասին, թե ոչ, բայց հույս ունեմ, որ հետագայում նույնպես կգրեմ նյութեր իմ, ընկերներիս, ընտանիքիս և այլ թեմաներով, որոնք կհետաքրքրեն ձեզ: Սա իմ կյանքն է ամենօրյա, իմ և իմ հասակակիցների առօրյան, սակայն մի օր այս ամենը խառնվեց իրար և ասես, կանգ առավ:

2015 թ… Սեպտեմբերի 24-ը… Բերդավանում խաղաղ օր էր, բայց աղետալի ավարտ ունեցավ: Մինչև հիմա հիշում եմ: Ժամը մոտավորապես 5:30-ի սահմաններում էր, երբ լսվեց մի բարձր ձայն: Մարդկանց մի մասը դրսում հողագործությամբ էր զբաղված, մի մասը աշխատանքի վայրում էր, իսկ մի խումբ երեխաներ գյուղի մերձակայքում գտնվող մարզադաշտում ֆուտբոլ էին պարապում: Մարդիկ նույնիսկ չէին պատկերացնում թե ինչ կարող էր լինել: Բոլորը թաքնվելու փոխարեն դուրս էին եկել և գոռում էին.  «Էս ո՞ւմ տանն ա դիբե՜լ, էս ո՞ւմ տանն ա դիբե՜լ»:  Բարձր ճիչեր… Մանկան լաց…

Գնդակոծությունը շարունակվեց մոտավորապես 2 ժամ: Հակառակորդը ինտենսիվորեն կրակ էր բացել ոչ միայն դիրքերի, այլև բնակավայրի վրա: Հակառակորդը կրակ էր բացել մշակույթի տան, մանկապարտեզի, ինչպես նաև երաժշտական դպրոցի և բնակելի տների ուղղությամբ: Այդ ընթացքում եղան անմեղ զոհեր, վիրավորներ: Ազերիների գնդակին զոհ գնացին 90-ամյա Շուշան Ասատրյանը, ով գտնվում էր հենց իրենց տան ներսում և 40-ամյա Սոնա Ռևազյանը, ով եղել էր իրենց բակում:

Որոշ մարդիկ գյուղից դուրս էին հանում երեխաներին, որոշներն էլ պնդում էին, որ եթե իրենք գյուղից հեռանան, էլ ով պետք է պահի գյուղը: Գնդակոծությունը ծանր հետք թողեց մարդկանց սրտերում, որը վերականգնել այլևս հնարավոր չէ:

Գնդակոծության հենց հաջորդ օրը ժամանեցին բարեգործական խմբեր, մի շարք լրագրողներ, գրանցեցին կորստի չափը և սկսեցին օգնություն ցուցաբերել:

Ավերվել էին մշակույթի տան պատուհանների և աստիճանների մի մասը, երաժշտական դպրոցի պատուհանների մի մասը, և շուրջ բոլորը կիսավեր տներ էին:

Այդ դեպքից հետո գրեթե ամեն շաբաթ գալիս էին տարբեր կազմակերպություններից և սովորեցնում էին, թե ինչպես պետք է պաշտպանվել կրակոցների ժամանակ: Սա նույնպես ես համարում եմ բարեգործական աշխատանք: Մենք մեզ մենակ չէինք զգում: Ես համոզվեցի, որ մեր օրերում էլ կան մարդիկ, ովքեր դեռևս մտածում են ոչ միայն իրենց՝ այլ նաև դիմացինների մասին:

Հիմա Բերդավանում կյանքն էլի իր հունով է ընթանում, ինչպես այդ աղետալի օրից առաջ: Շնորհակալություն ենք հայտնում այն բոլոր կազմակերպություններին և անձանց, ովքեր աջակցել են մեզ վերականգնել կորուստները:

Ուրվագծեր

Ես Արտյոմ Մամյանն եմ,  Տավուշի մարզի Կողբ գյուղի թիվ 1 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ:
Դեռ մանուկ հասակից ինձ հետաքրքրել է համակարգչային տեխնիկան, և տարեցտարի ինքնուսուցմամբ փորձել եմ զարգացնել իմ գիտելիքները այդ բնագավառում: Բավականին գիտելիքներ ունեմ ֆոտոտեխնիկայի հետ կապված: Իմ գիտելիքները կիրառելու և մտահղացումները իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և համապատասխան տեխնիկա չեմ ունեցել, այնուամենայնիվ փորձել եմ որոշ աշխատանքներ անել: Լուսանկարներիս մի մասը զետեղվել է koghb.am կայքում:

Ես շատ նախասիրություններ ունեմ, բայց չեմ կողմնորոշվում ավելի կոնկրետ ինչ ուղղություն ընտրել՝ ծրագրավորում, լուսանկարչություն, հեռախոսաշինություն, համակարգչաշինություն, թե այլ բնագավառներ: Շատ կցանկանայի այս բանգավառներում որոշակի նորարարություն կատարել:

Այս լուսանկարներն արել եմ իմ հարազատ գյուղում, ինչպես նաև տարբեր էքսկուրսիաների և Կողբի գեղարվեստի դպրոցի կազմակերպած միջոցառումների ժամանակ:

aspram parsadanyan

Բարև, ես Ասպրամն եմ

Ես Ասպրամն եմ, 16 տարեկան: Ծննդավայրս Բերդավանն է՝ քարոտ Հայաստանի մի գողտրիկ անկյուն: Այն շրջապատված է բլուրներով ու սարերով: Դրանցից մեկի՝ Գոնչուտ սարի փեշերին է ծվարած մեր բերդը: Գյուղս իմ ամենաթանկ հարստություններից մեկն է: Այն այդքան էլ փոքր չէ: Այստեղ կան հարյուրավոր տներ: Այդ տներից մեկում էլ ապրում եմ ես: 

Մեր ընտանիքը բաղկացած է հինգ հոգուց: Տան իմաստունը տատիկս է, ով վաղուց արդեն թոշակառու է: Հազվադեպ հանդիպող անունս հենց ինքը՝ տատս է կնքել: Շատերը զարմանում են, երբ իմանում են այն, շատերը՝ հավանում, շատերը՝ աղավաղում: Անվանս բացատրությունը իրոք զվարճալի է: Ասպրամ նշանակում է ռեհան, իսկ բառացի՝ ասպ-ձի և րահմ-սիրել: Հա՜, մոռացա նշել, որ այն պարսկական անուն է: Ինձ միայն հուսադրում է այն փաստը, որ Ասպրամը իշխանուհի էր, որի մասին կարող ենք կարդալ «Գևորգ Մարզպետունի» վեպում: Պապիկս մահացել է ինը տարի առաջ, բայց նրա հետ կապված շատ հիշողություններ ունեմ:

Մեր տան ղեկավարը հայրս է, ով աշխատում է զորամասում՝ որպես զինվորական խոհարար (հայրս, իրոք, շնորհալի ձեռքեր ունի): Տան թագուհին մայրս է: Նա մասնագիտությամբ դաշնակահարուհի է, սակայն աշխատում է որպես հացթուխ: Իրար հակասող մասագիտություններ են, բայց մայրս կարողանում է գլուխ հանել:

Մեր տունը նման է զորամասի, որտեղ զինվորները ես ու եղբայրս ենք, իսկ գնդապետը հայրս է: Մենք լսում ենք մեր հրամանատարների հրամանները: Ես ու եղբայրս աշակերտներ ենք: Երբ մենք սկսում ենք վիճել, մայրս սպառնում է, որ կզեկուցի գնդապետին:

Այս տարի ես կավարտեմ դպրոցը: Վաղուց արդեն որոշել եմ լրագրող դառնալ: Շատերն ասում են, որ դժվար ընտրություն եմ արել, իսկ ես կարծում եմ, որ այս կյանքում ոչինչ հեշտ չի տրվում: Մեր գյուղում կա մշակույթի տուն (այդպես ենք անվանում), որտեղ «աշխատում եմ» արդեն չորս տարի: Երևի բեմում հաճախ հայտնվելը դարձավ լրագրությունը սիրելուս պատճառը: Ունեմ երաժշտական յոթնամյա կրթություն: Ավարտել եմ դաշնամուրի բաժինը: Վարում եմ ակտիվ հասարակական կյանք: Մի շարք կազմակերպությունների անդամ եմ, կամավոր՝ Կարմիր խաչի անդամ: Հետաքրքրասեր եմ, սիրում եմ սովորել անհրաժեշտը: Ինձ հետաքրքրում է նաև պոեզիան: Սիրում եմ ասմունքել: Մասնակցել եմ ասմունքի փառատոնների և այս տարի մարզային փուլում, առաջին հորիզոնականը զբաղեցնելով, հասել եմ մինչև հանրապետական փուլ: Չեմ ընկճվում, երբ չեմ հաղթում, այլ ձգտում եմ ուղղել սխալներս: Արդեն երեք տարի է ղեկավարում եմ մեր դպրոցի աշակերտական խորհուրդը (անկեղծ ասած, սիրում եմ առաջնորդել):

Հուսով եմ, որ նպատակասլացությունս կօգնի հասնել երազանքներիս:

Ապրել արժանավայել

Ես Վարազդատ Ամիրաղյանն եմ Նոյեմբերյան քաղաքից: Բնավորությամբ շատ հանգիստ և համբերատար եմ:

21 տարեկան եմ,  ավարտել եմ Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցը, որից հետո ընդունվել եմ Ֆիզիկական Կուլտուրայի Հայկական Պետական Ինստիտուտ` շախմատ մասնագիտությամբ: Շախմատի բնագավառում հասել եմ հաջողությունների, բայց վերջին մի քանի տարում չպարապելու հետևանքով առաջընթաց չունեցա:

2013 թվականին զորակոչվել եմ ՀՀ Զինված ուժեր, և 2015 թվականին ծառայությունս ավարտելուց հետո շարունակել եմ ուսումս:

Իմ կյանքում բանակից հետո շատ մեծ ու անսպասելի փոփոխություններ եղան: Ես դարձա Նոյեմբերյանի «Սուրբ Սարգիս» Երիտասարդաց Միության անդամ: Մեր միության և իմ նպատակն է` փորձել մարդկանց կյանքում աշխուժություն մտցնել: Մեր միությունից ես և ևս 2 հոգի Տավուշի Երիտասարդաց Միության կենտրոնական խորհրդի անդամ ենք: Մենք բոլորս ունենք Տահույսի Թեմի Առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի օրհնությունն ու շատ մեծ աջակցությունը: Եվ Սրբազան Հոր և մեր նպատակն ու ցանկությունն է, որպեսզի մեր ժողովուրդը, հատկապես սահմանամերձ գյուղերում ապրող, ստեղծվեն լավ պայմաններ, որ ժողովուրդը չկորցնի իր հավատքը, և հույսը` ապագայի հանդեպ:

Շատ կարևոր է, որպեսզի գյուղերը չդատարկվեն, և ժողովուրդը շենացնի իր գյուղը: Այդ ամենի համար փորձում ենք մի շարք բարեգործական ծրագրեր իրականացնել:

Ես ունեմ շախմատի խմբակ, ունեմ վկայական, որի համաձայն կարող եմ դպրոցներում 3 տարի աշխատել որպես շախմատի ուսուցիչ, բայց աշխատանքի եմ անցնելու սեպտեմբերից: Այժմ խմբակի պարապմունքներն անց եմ կացնում Եկեղեցուն կից Հովվատանը, որը մենք մեր քահանայի հետ մեր ուժերով ենք վերանորոգել, և այնքան հարազատ տեղ է մեզ համար, որ այն անվանում ենք «Պապոնց տուն»: Բացի այդ ես այժմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությամբ Կիրակնօրյա դպրոցում աշխատելու համար գնում եմ վերապատրաստման: Եզրափակումս անեմ` ասելով, որ այսպես իմ առօրյան շատ հագեցած է անցնում, և ես շատ ուրախ եմ,  որ «փոքր» մարդ լինելով կարող եմ ինչ-որ չափով օգտակար լինել ժողովրդին:

Մտածելով այն մասին, թե ինչն է ինձ հուզում, մտքիս գալիս են մի շարք հարցեր, որոնք որ լուրջ խնդիրներ են մեր ժողովրդի համար: Բայց ես այժմ կասեմ այն խնդիրներիների մասին, որոնք որ ինձ համար ավելի առաջնային են, և ես կարող եմ ինչ-որ չափով այդ խնդիրը լուծողներից մեկը լինել:

Առաջնային խնդիրը մեր սահմանամերձ գյուղերն են, որտեղ ապրողները իրենց ընտանիքը գյուղում պահել չկարողանալով, գյուղից ընտանիքով գնում են Երևան կամ Ռուսաստան` հույս ունենալով, որ այնտեղ լավ ապագա կունենան: Գյուղից հեռացողները կրակոցներից չեն վախենում և պատրաստ են գյուղում մնալ, միայն թե մի աշխատանք ունենան, որ կարողանան ընտանիքը պահել: Բայց ցանկացած գյուղի համար կարելի է քայլեր ձեռնարկել, որից հետո արտագաղթ չի լինի, և գյուղից գնացածները հետ կվերադառնան և կշենացնեն գյուղը, դրանով էլ կհզորանա մեր հայրենիքը:

Ինձ հուզող խնդիրներից է նաև երեխաների ճիշտ դաստիարակությունը, նրանց համար հետաքրքիր առօրյա ստեղծելը, որպեսզի համակարգչի առաջ նստելու և խաղեր խաղալու կամ սոցիալական ցանցերում ժամանակ անցկացնելու փոխարեն, հագեցած կյանքով ապրեն:

Ինձ համար առաջնային խնդիր է նաև մեր ժողովրդի մի մասի մոտ մարող հավատքի հարցը: Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, և այդ ժողովուրդը պիտի իրեն պահի իսկական քրիստոնյայի պես, և սրտացավ լինի բոլորի հանդեպ: Իր պահվածքով և մտածելակերպով այնպիսին լինի, որ բոլորը իրենից օրինակ վերցնեն, ցանկանան իրեն նմանվել: