Կոթիի վաղվա օրը

 

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Ես Գարիկ Գանջալյանն եմ, ծնվել եմ 1999թ. Տավուշի մարզի Կոթի գյուղում: Սովորում եմ Կոթիի Շ. Շահնազարյանի անվան դպրոցի 12-րդ դասարանում: Ապրում եմ ծնողներիս և քրոջս հետ: Սիրում եմ զբաղվել լուսանկարչությամբ, լուսանկարներիս հիմնական թեման Կոթի գյուղի բնաշխարհն է: Սիրում եմ զբաղվել սպորտով: Հանդիսանում եմ դպրոցի աշակերտական խորհրդի սպորտային կազմակերպիչ:

«Հայրենիքի դարպասներ»  ՀԿ-ի հովանավորության շնորհիվ 2015թ. հոկտեմբերի 1-ից հաճախում եմ Դիլիջանի Թումո կենտրոն, որտեղ ուսումնասիրում եմ ռոբոտաշինություն, ֆիլմերի ստեղծում և անիմացիա: Այս տարի ավարտում եմ դպրոցը և ցանկանում եմ դառնալ պրոֆեսիոնալ լուսանկարիչ, ինչպես նաև շարունակել ուսումս բարձրագույն ուսումնական հաստատությունում:

Ապրելով սահմանամերձ Կոթի գյուղում, մանկուց ականատես եմ եղել սահմանին տիրող իրավիճակին: Չնայած իրեն բաժին ընկած ծանր ճակատագրին, Կոթին շարունակում է իր գոյությունը` կերտելով իր փառավոր պատմությունը: Դեռ մանկուց իմ սիրելի զբաղմունքներից էր լսել գյուղի մեծերի պատմությունները գյուղի մասին, նրանում ապրող ժողովրդի հերոսական արարքների մասին, որոնք ցույց են տալիս անսահման սերը դեպի հայրենի գյուղը: Երևի դա է պատճառը, որ իմ մեջ ապրում է անսահման սեր գյուղի նկատմամբ և հպարտություն, որ ես այդ հերոսական անցյալ ունեցող ժողովրդի մի մասնիկն եմ:

Ցավալի է տեսնել, թե ինչպես է տարիների ընթացքում օր-օրի ավելանում այն տների թիվը, որտեղ այլևս լույս չի վառվում: Մարդիկ լքում են հայրենի օջախները` օտարության մեջ ավելի լավ կյանք գտնելու ակնկալիքով: Սակայն չեմ կարող ասել, որ այդ մարդիկ մեղավոր են, քանի որ օր-օրի ավելացող թշնամու գնդակների թիվը և այլևս գոյատևելու ոչ մի պայման չունենալը մարդկանց ստիպում է սրտում խորը թաղել իր գյուղի հանդեպ ունեցած սերը և արցունքն աչքերին փակել տան դարպասները և հեռանալ, միևնույն ժամանակ, հոգու խորքում հույս ունենալով, որ մի օր անպայման նորից կբացվի այդ դուռը:

Չեմ կարող ասել, թե ապագայում ուր կտանի ինձ կյանքիս ուղին, սակայն մի բան հաստատ կարող եմ ասել, ինչպես ես, այնպես էլ ցանկացած ԿՈԹԵՑԻ, անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում է գտնվում, չի կարող մոռանալ իր արմատները, իր պատմությունը: Հաստատ կարող եմ ասել, որ յուրաքանչյուրի ցանկությունն է`  վերջապես տեսնել իր գյուղը խաղաղության մեջ: Համոզված եմ, կգա այդ օրը, անպայման կգա:

Ահա թե ինչն է ինձ հուզում:

Կենսափորձ

-Մեր դովրովը, էն վախտին, վեր թուրքի ու հայի սահմանը պաց էր,-տատիկս է պատմում,- համ թուրքերը կին մեր կեղը, համ մենք քնինք ընդեղ` առևտուր անիլ: Մենք ընդեղան պամիդոր, խիյար առնինք, իրանք էլ մեզանի՝ ալիր, ցորեն, ղրդալի: Թուրքի կնանիքը էտ ձևի պաներըմը ըլարկոտ ին: Իրանք ըտենց պաներ չին բեջարըմ, կալի մեզանի ին թանգով առնըմ: Մենք միշտ իրանցի զգույշ ինք մնըմ: Դե, թուրքը մընմա թուրք: Վեր քընինք կայարանը՝ թուրքի բազարնիքը, իրանց րեխեքը կանչին` «էրմենի», «էրմենի», ու մեզ քարերով տին…

Տատիս ասածներից հետո ավելի համոզվեցի, որ  հիմա էլ ոչ մի բան չի փոխվել՝ թուրքը մնացել ա թուրք (իհարկե, չմոռանանք 1915 թվականը): Հիմա էլ էդ երեխաները մեծացել, իրենց սերունդներին էլ նույն կերպ են դաստիարակել: Ուղղակի էն ժամանակվա քարերի փոխարեն հիմա ավելի ծանր ու վտանգավոր զինտեխնիկա են օգտագործում: Նույն մարտավարությունն է, նույն ցեղը: Կարող է` շատերիդ համար դա սովորական լինի, մտածելով, որ թշնամին նույնն է, հա համամիտ եմ: Բայց մեկ ուրիշ բան է դա հեռվից տեսնել կամ իմանալ, լրիվ ուրիշ բան` և՛ իմանալ, և՛ ականատես լինել, ինչպես հիմա մենք` Ներքին Կարմիրաղբյուրցիներս ենք և իմանում, և ականատես լինում:

Ամեն օր դպրոց գնալիս, կամ գիշերը քնելիս, կրակահերթերի աղմուկը լսելիս, որոնք հաճախ հենց գյուղին են ուղղված, մտածում եմ. երանի տատս սխալված լիներ…

Ես Բարեկամավանից եմ

 

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Ես Աննա Ղարաքեշիշյանն եմ: Ապրում եմ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում: 16 տարեկան եմ: Սովորում եմ Բարեկամավանի միջնակարգ դպրոցի10-րդ դասարանում:

Սահմանամերձ այս փոքրիկ գյուղում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք դեռևս չեն գտել իրենց լուծումը, և ինձ շատ են հուզում, ուստի ես անընդհատ փորձում եմ գտնել լուծումներ, պատասխաններ:

Կարևորագույն և առաջնային խնդիրը, որը հուզում է շատ-շատերին, ինչպես նաև ինձ, գյուղի դատարկվելն է, երբ կրակոցներից, սոցիալական ծանր վիճակից մարդիկ ստիպված լքում են իրենց տները, և այսպես շարունակվելու դեպքում շատ շուտով գյուղը կարող է դասվել «մեռած» գյուղերի շարքին: Ըստ իս, ճիշտ քաղաքականության, և պետական աջակցության և ուշադրության դեպքում, խնդիրը որոշ չափով կարելի է լուծել:

Հաջորդ կարևոր խնդիրը սոցիալական ծանր վիճակն է: Չկան աշխատատեղեր, նպաստավոր պայմաններ` այգեգործության, անասնապահության համար: Գյուղը չունի ոռոգման, ինչպես նաև խմելու ջուր, տները գազաֆիկացված չեն և այլն, և այլն: Մյուս հարցը, որը ինձ ավելի շատ է հուզում, գյուղում փոքր թիվ կազմող երիտասարդության վիճակն է: Երիտասարդները չունեն իրենց ժամանցը ավելի հետաքրքիր և ճիշտ կազմակերպելու հնարավորություն, չկան ժամանցի կենտրոններ: Ես, ինչպես նաև գյուղում գտնվող իմ հասակակիցները, սիրով կմիանանք նրանց, ովքեր կփորձեն ինչ-որ չափով, ինչ-որ ձևով օգնել սահմանամերձ այս փոքրիկ գյուղերին, որոնք թեպետ փոքրիկ են, սակայն կարևոր նշանակություն ունեն երկրի սահմանների ապահովության, ամրության համար:

Հրաժեշտի պահը

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի

1942 թվական… Պատերազմ… Ջուջևան… Դրսում միապաղաղ անդորրություն է տիրում: Ձյան ճերմակ փաթիլները մեղմիկ պարելով իջնում, փարվում են հողին, դարսվում իրար վրա: Ահա դատարկ ճանապարհով մի շուն է անցնում` գլխիկոր, ականջները կախ` ձյան ճերմակի վրա թողնելով հետքեր: Պատուհանին սառնամանիքը գեղեցիկ նախշագծեր է նկարել, որոնց միջով երևում է դիմացի բլրի մշուշապատ, ձյունով ծածկված անտառը: Ճարճատյունով վառվում է կրակը, հին թախտին նստել է հայրը և խոժոռ ու միևնույն ժամանակ գորովալից հայացքով նայում է որդիներին, որոնց մանկական աչքերի մեջ մի տեսակ տագնապ կա, արտառոց ինչ-որ բանի սպասում: Քիչ հեռու կանգնած մայրը օրորում է փոքր որդուն, որ բարուրից այնպես է լացում, կարծես նրա փոքրիկ սրտին ևս պաշարել է եղբայրներին համակած տագնապը:
Մոտենում է հրաժեշտի պահը. հայրը պետք է մեկնի պատերազմ, ինչպես շատ համագյուղացիներ, պետք է զենք վերցնի և պայքարի հանուն իր երկրի, հանուն իր երեք որդիների անվտանգ ապագայի: Պետք է կռվի ու հաղթի. չէ որ նա Խամսայի մելիքություններից Ջրաբերդի մելիք Տեր-Իսրայելյանների ժառանգորդն է, որ պայքարել ու պաշտպանել են իրենց հողն ու իրենց ժողովրդին, և հիմա արյունն է նրան մղում դեպի այդ հայրենանվեր գործին:
Ծանր վեր կացավ տեղից, խոր հառաչեց, մեկ-մեկ համբուրեց ավագ որդիների ճակատները, մոտեցավ փոքրիկի բարուրին: Մինչ այդ լացող որդին, տեսնելով հորը, անմիջապես լռեց և իր գեղեցիկ, խոշոր աչուկներով ուշադիր զննում էր հոր դիմագծերը, կարծես ուզում էր մտապահել այդ դեմքը: Հայրը համբուրեց փոքրիկի` բարուրից դուրս եկած փոքրիկ թաթիկը, որ հազիվ էր բռնել հոր մատը: Ապա նայեց կնոջը, որը փորձում էր թաքցնել արցունքները: Իր աչքերում էլ արցունքի մի կաթիլ խաղաց, բայց նա շրջվեց, բացեց դուռը, ևս մեկ անգամ ետ նայեց, հրաժեշտ տվեց ու հեռացավ:

Գնաց… Կռվեց… Նա ևս իր շատ զինակիցների հետ պայքարեց ու կյանքը զոհեց հանուն հայրենիքի` հերոսի անմահ անունով պսակելով իր հիշատակը: Իսկ իր որդիները մեծացան, դարձան իրենց հոր արժանի զավակները: Փոքր որդին էլ, իր հոր հիշատակը ամուր պահած սրտում, դիմագրավեց կյանքի բազում փորձություններին, աշխատեց, արարեց, ընտանիք կազմեց, թոռներ ունեցավ, որոնցից մեկն էլ ես եմ:
Այո, նա իմ պապիկն է, և ես հպարտ եմ դրանով, հպարտ եմ, որ կրում եմ նրա ազգանունը, հպարտ եմ, որ իմ երակներով հոսում է իմ նախնիների` հերոսական ոգով տոգորված արյունը, հպարտ եմ… Հպարտ եմ և միշտ կփորձեմ լինել իմ ամբողջ գերդաստանի բոլոր արժանի ներկայացուցիչների արժանի ժառանգորդն ու հետևորդը:

Հավատում եմ

 

Լուսանկարը՝ Լիլիթ Հարությունյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Հարությունյանի

Սա իմ դպրոցն է՝ փոքրիկ ու հարմարավետ կառույց, փոքր դասարաններով՝  փոքր գյուղի, իմ` Տավուշի մարզի Ջուջևան գյուղի համար: Երկար դասամիջոցն է. դուրս եկա դասարանից, մոտեցա միջանցքի մեծ պատուհանին, որից բացվում է բակի գողտրիկ պատկերը՝  եզրին կորացած ուռի,   նրա տակ՝ նստարան:  Գեղեցկություն, բայց… Մի պահ ինձ օտար զգացի և սկսեցի օտարի աչքերով դիտել կյանքիս տասնմեկ տարիների պայծառ օրրանը: Միշտ ամենաատելին ինձ համար եղել է կառույցների դատարկությունը, հատկապես կրթօջախի, իսկ հիմա աչքերիս առաջ ծավալվում է լքվածությունը, երկար միջանցքը լուռ է և դատարկ, ականջներումս հնչում է լռության ճիչը: Ահա, վերջապես, բակում երկու փոքրիկ տղա երևացին, վազվզեցին մի քիչ և շուտով էլ անհայտացան՝ կտրելով ինձ իրենց նայելու հաճույքից: Երկար դասամիջո՛ցն է, ո՞ւր են հապա այս փոքրիկ դպրոցի բոլոր անկյունները լցնող երեխաների զանգակահունչ ծիծաղները,  ուսուցիչներին զայրացնող, բայց բաղձալի խառնաշփոթը, աղմուկը, ո՞ւր են երեխաները… Նրանք չկան. դպրոցում վաթսուն աշակերտ է սովորում, և այդ թիվը գնալով նվազում է: Վեց շրջանավարտին փոխարինելու է գալիս երեք մանուկ: Սերունդը կիսվում է, գյուղն է կիսվում, կիսվում է Հայաստանը:

Այս դպրոցը երբեք էլ շատ աշակերտ չի ունեցել, բայց երբ երեք-չորս տարի առաջվա իննսունը դնում ես վաթսունի կողքին, տեսնում ես երկրիդ ապագան: Կարիք չկա ողջ Հայաստանը շրջել, կարճ ու երկար ուսումնասիրություններ կատարել, համակարգի մի փոքրիկ բջջից էլ կարելի է ստանալ իրավիճակի ամբողջական պատկերը:

Ես ավարտում եմ արդեն, և իմ փոխարեն գալու է ընդամենը… Կես երեխա… Դպրոցում երեխա չկա. սա միջազգային հանրությանը ներկայացվող գեղանկարի հակառակ կողմն է, իսկ թշնամին միշտ առկա է և շատ:  Հայաստանը պատմական երկար ուղի է անցել վատ ժամանակների բացարձակ գերակշռումով, սակայն ապրել,  արարել ու հաղթել է: Ես չեմ հուսահատվում, որովհետև հավատում եմ հաղթանակիդ, ՀԱՅԱՍՏԱՆ:

astghik ghazaryan

Կռիվը

-Երե՛մ, ցուրտ ա, վիզդ պյաց տյուս մի՛ կյա:

-Թու՛, քու տիպը կտրի…

Ամեն շաբաթ-կիրակի զարթուցիչի ձայնի փոխարեն լսում էի Ամայի (տատիկս է) ու պապիկի կռվի ձայնը ու փնթփնթում. «Էլի կռվո՞ւմ են, չեն թողնում՝ մարդ մի քիչ քնի…»: Դե, կռիվ ասելը մի քիչ կոպիտ է հնչում, որովհետև նրանք վիճում էին միմյանց լավն ուզենալու համար, բայց եթե թույլ տաք, ես դրանք կռիվ կանվանեմ:

Կռիվը հիմնականում սկսում էր Ամայը: Պապիկի վրա շատ էր բարկանում, երբ ուտում էր այն, ինչը բժիշկն էր արգելել, կամ ինչու ամբողջ գիշեր չէր քնել ու շարունակ տնով մեկ քայլել էր, և այլն:

Մի խոսքով, օրը սկսում էին իրարից նեղացած, իսկ օրվա կեսին կռիվը շարունակվում էր.

-Երե՛մ, էդ անտեր չայը հերիք ա խմես, մի քիչ կամք ունեցի, էլի… Էն Չոբանյանը քանի՞ հետ ասած կըլի, որ էդ անտերը քեզ չի կարելի…

-Թու՛, ե՞րբ ես տեսել, որ ես չայ եմ խմել, էս իրեք օր ա՝ պերանս մի կաթիլ չայ չեմ տարել:

Առավոտը՝ կռիվ, կեսօրին՝ կռիվ, բայց հենց մութն ընկնում էր, պապիկը գալիս, Ամայի մոտ նստում, հետո վեր էր կենում, գնում-գալիս, նայում Ամային ու էլի գնում-գալիս: Ամայը հասկանում էր պապիկի միտքը, բայց ոչինչ չէր ասում: Ու պապիկը ճարահատյալ ինքն էր առաջին քայլն անում.

-Հրանու՛շ, կարտի չքցե՞նք:

-Կարտերը վե՛ր կալ, արի՛…

Ու սկսում էին թղթախաղ խաղալ: Ամայը նստում էր իր «գահավորակին»՝ թախտին, իսկ պապիկը՝ Ամայի դիմաց՝ փոքրիկ աթոռի վրա: Ու այնպես էր ստացվում, որ Ամայի դիրքը ավելի բարձր էր լինում, ու պապիկի բոլոր խաղաթղթերը երևում էին: Սա էր պատճառը, որ խեղճ պապս միշտ պարտվում էր, նեղանում, թղթերը թափում ու գնում էր: Իսկ Ամայը.

-Հը՞, տարվեցիր, տրա՞  հըմար ես քըմ:

Պապիկը գլուխը տարուբերում էր, իր սովորության համաձայն մի հատ «թու՛» ասում ու հեռանում: Մի կես ժամից էլի գալիս ու Ամայի շուրջը պտտվում էր, հետո մյուս թախտին պառկում ու փորձում էր մի քիչ քնել, բայց դեռ չհաշտված՝ Ամայը էլի սկսում էր.

-Երե՛մ, քնա քու տեղըմ պառկի, հանգիստ քնի:

-Թու՛…

Ու այսպես իրարից նեղացած էլ քնում էին, հաջորդ օրն էլ այս պատմությունը կրկնվում էր:

Համարյա մի տարի է՝ այսպիսի վեճեր չեն լինում մեր տանը, ես էլ զարթուցիչի ձայնից եմ զարթնում: Չգիտեմ՝ Ամայը իրենց վեճերը կարոտել է, թե՝ չէ, բայց ես կարոտել եմ:

Այդպես է աշխարհի կարգը. կորցնում ես, հետո հասկանում, գնահատում ու կարոտում…

Մարինե Ղահրամանյան

Ոչ միայն ապրել

Ես ու հայրս հաճախ ենք զրուցում իրար հետ տարբեր թեմաներով: Սիրում եմ տարբեր հարցեր տալ ու ստանալ  ինձ հուզող հարցերի պատասխանը:

Հայրս աշխատում է պայմանագրային զինծառայող: Նա 15 օր գնում է սահման պահում, 15 օր տանը լինում: Մեկ-մեկ մտածում եմ, թե ինչպես է անցնում նրանց առօրյան:

Հերթական անգամ հայրս աշխատանքից տուն եկավ, և մենք ինչպես միշտ, սկսեցինք զրուցել: Ես նրան մի քանի հարց տվեցի:

-Հայրիկ, սահմանում ինչպես է անցնում ձեր առօրյան:

Հայրս պատասխանեց.

-Դիրքերում կա ժամանցի անկյուն: Ազատ ժամանակ շաշկի, շախմատ ենք խաղում, լուրեր ենք լսում: Ճիշտ է, լարվածություն լինում է, բայց աշխատում ենք թոթափենք այդ լարվածությունը:

-Իսկ սիրո՞ւմ ես քո աշխատանքը:

-Սիրով եմ կատարում իմ պարտականությունները, որովհետև գիտակցում եմ, որ տվյալ հատվածը իմ պատասխանատվութjան տակ է: Կարևորում եմ խաղաղությունը, իմանալով, որ իմ թիկունքում իմ ընտանիքն է, իմ գյուղը:

Հայրիկիս խնդրեցի պատմել իր մանկությունից:

-Մանկությունս անցկացրել եմ շատ հետաքրքիր, անհոգ, որովհետև պայմանները ավելի նպաստավոր են եղել, կրակոցներ չեն եղել:

Հայրս ասում է, որ երբեք չի մտածել հեռանալ իր ծննդավայրից` գյուղ Ներքին Կարմիրաղբյուրից, որովհետև քաջ գիտակցելով, որ եթե որպես այս գյուղի բնակիչ թողնի իր ծննդավայրը, ապա օտար մարդ չի գա շենացնի գյուղը:

-Եթե մենք չենք գնում, դա դեռ բավական չէ: Պետք է աշխատել գյուղը դարձնել գրավիչ թե’ զբոսաշրջիկների, թե’ ապրելու համար:

Շատ հետաքրքիր զրույց ունեցա հայրիկիս հետ: Հայրս պատմում էր, թե ինչպես կարելի է գյուղը շենացնել, ինչ լավ կլինի կյանքը, եթե կրակոցները վերջանան:

Ես էլ եմ հայրիկիս պես մտածում:

Պապոնց տուն

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյան

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյան

«Երիտասարդներ, ովքեր ունեն ազգային մտածողություն: Երիտասարդներ, ովքեր մտածում են ոչ միայն իրենց, այլև ընդհանուրի մասին: Ապրում են աշխատելով՝ ինչ որ բան փոխել դեպի լուսավորն ու դրականը:

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյան

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյան

Այդ կորիզը հենց Նոյեմբերյանի երիտասարդաց միությունն է, որի մասին կարող է երազել ցանկացած քահանա»,- ասում է Նոյեմբերյանի տարածաշրջանի քահանա Տեր Սմբատ Աբրահամյանը:
Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գոյություն ունի կառույց, որը գտնվում էր անմխիթար վիճակում, իսկ  երիտասարդներին մի այդպիսի տանիք էր անհրաժեշտ: Սիրանուշ Գոգինյանը, ով Նոյեմբերյանի երիտասարդաց միության անդամ  է և տեղի կարպետագործության մանկավարժը, ավելացրեց.

-Հենց Տեր Հոր նախաձեռնությամբ, կամավոր կերպով, բոլորս միասին ձեռնամուխ եղանք վերանորոգմանը, առանց որևէ ֆինանսական աջակցության: Աղոթեցինք և սկսեցինք քանդել կիսավեր պատերը, վերակառուցել:

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյան

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյան

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյան

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյան

Այնուհետև կառույցն այնքան սիրվեց, որ բոլորս այն սկսեցինք անվանել Պապոնց տուն:

-Էդպես է, չէ՞, թոռնիկները միշտ մի առանձնակի ջերմությամբ են գնում պապոնց տուն: Բոլորը միասին հավաքվում են միշտ այնտեղ,- ավելացրեց Տեր Հայրը:
Նշենք, որ այս կառույցը տարածաշրջանում միակն է, և այսօր արդեն Պապոնց տանը գործում են կարպետագործության, շախմատի և փայտի փորագրության խմբակներ, որտեղ  հաճախում է շուրջ 30 երեխա:

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյան

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյան

Խոսելով առաջիկա նպատակների մասին Տեր Հայրն ավելացրեց.

-Առաջիկայում նպատակ ունենք բացել նաև խաչքարագործության, ազգային երգ ու պարի խմբակներ:  Ի վերջո, այս բոլոր դասերի կազմակերպումը կոչված է միայն մի նպատակի՝ հենց մանկուց երեխայի մեջ  ձևավորել ազգային մտածողություն, ճանաչել արվեստը, և ձևավորել մարդ-մարդ հարաբերություն հանդուրժողականության միջոցով, որը իրապես կդառնա հիմքը եկեղեցու հովանու ներքո ապրելու:

Երբ լինեք Նոյեմբերյանում, այցելեք Պապոնց տուն, այստեղ ձեզ միշտ սպասում են:

Տյառնընդառաջը Նոյեմբերյան քաղաքում

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյանի

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյանի

Ըստ ծագումնաբանութան՝ Հիսուսի՝ տաճարին ընծայման տոն կամ Տեառնընդառաջ. փետրվարի 14-ին

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյանի

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյանի

Արդ, Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար… Եւ նրան Սուրբ Հոգուց Ղուկ. 2: 25-30
Նա Հոգով առաջնորդված՝ եկավ տաճար,եւ երբ ծնողներները բերեցին Հիսուս մանկանը՝ նրա վրա կատարելու այն, ինչ որ օրենքի սովորության համաձայն էր, Սիմեոնը Նրան իր գիրկն առավ, օրհնեց Աստծուն եւ ասաց. «Այժմ, ո՛վ Տեր, խաղաղությա՛մբ արձակիր քո ծառային՝ ըստ քո խոսքի. որովհետեւ աչքերս տեսան փրկությունը քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար եւ փառք՝ Իսրայէլի քո ժողովրդի համար:

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյանի

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյանի

Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյանի

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյանի

Լեփ- լեցուն էր Նոյեմբերյան քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցին: Բազում հավատացյալներ եկել էին մասնակցելու Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն` տոնի նախօրեին կատարվող երեկոյան ժամերգությանը, որից հետո, ըստ կանոնի կատարվեց  նախատոնակ։ Ավետելով  Տերունի տոնի սկիզբը։ Նախատոնակի արարողության ավարտին կատարվեց Անդաստանի արարողությունը, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդեց մոմերի օրհնության արարողությունը, և բաժանվեց  ժողովրդին, որպեսզի այդ կրակի մասունքով վառեն խարույկ իրենց տներում:
Երեկոյան ժամերգության և նախատոնակի արարողությունը  կատարեց Նոյեմբերյանի տարածաշրջանի քահանա՝  Տեր Սմբատ Աբրահամյանը, որից հետո ժողովրդական երգ ու պարով վառվեց տոնական խարույկը: Խարույկի վրայով առաջինը թռան նորապսակները: Տոնակատարությունն ավելի ամբողջական դարձրեցին Նոյեմբերյանի երիտասարդաց միության երիտասարդների կողմից պատրաստած խաղերն ու ավանդական ուտեստները՝ աղանձը, հալվան, փոխինձով գնդիկները, որոնք բաժանվեցին հավաքվածներին:

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյանի
Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյանի

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյանի

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյանի

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյանի

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյանի

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյանի

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյանի

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյանի

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյանի

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյանի

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյանի

Լուսանկարը՝ Ռուզաննա Աղաբաբյանի

 

Մարինե Ղահրամանյան

Ականատեսը

Շատ եմ սիրում հայ գրականությունը: Սիրածս գրողներից է Հովհաննես Շիրազը: Մի անգամ հայրիկիս հարցրի.

-Հայրիկ, տեսնես ինչ-որ մարդ կա՞, որ Հովհաննես Շիրազին տեսած լինի:

Հայրս պատասխանեց.

-Հա, կա, հայրս’, այսինքն պապիկդ:

Ինչպե՞ս, ուրեմն իմ պապը` Ալբերտ Ղահրամանյանը, տեսե՞լ է Հովհաննես Շիրազին:

Գնացի պապիկենց տուն ու խնդրեցի, որպեսզի պապիկս պատմի այդ մասին: Պապիկս սկսեց պատմել:

«1971 թվականն էր: Այդ ժամանակ 24 տարեկան էի ու սովորում էի
Երևանի N39 պրոֆտեխնիկական ուսումնարանում և ապրում էի Երևանում: Ընկերներիցս մեկն ասաց, որ ապրում է Շիրազի հարևանությամբ: Ընկերոջս խնդրեցի, որ իր հետ գնանք նրանց տուն: Հաջորդ օրը գնացինք ընկերոջս տուն, որը գտնվում էր Ամիրյան փողոցի վրա: Իրենց տան ձախ կողմի դուռը Շիրազի դուռն էր: Ընկերս դուռը ծեծեց: Ես մենակ մտածում էի` Շիրազը տունը կլինի՞, թե չէ: Դուռը բացեց Շիրազը:
Ես անակնկալի եկա ու շփոթվեցի: Ընկերս հարցրեց իր տղաներից մեկին` Սիսին: Շիրազն ասաց, որ տանն է, ու ներս մտանք: Հենց տուն
մտանք, ձախ կողմից նկատեցի Շիրազի աշխատասենյակը, որի դուռը բաց էր: Սենյակի մեջտեղում նկատեցի գրասեղան, որի վրա դրված էր հին գրամեքենա ու սևագիր գործեր: Շիրազն ընկերոջս հարցրեց, թե ով է այս տղան: Ընկերս ասաց` Շամշադինից է: Շիրազն ասաց. «Մաքուր հայաբնակ շրջանից է»: Մի փոքր զրուցեցինք Սիսի հետ և դուրս եկանք: Դրանից հետո ընկերս Շիրազի անտիպ գործերից (որոնք այն ժամանակ արգելված էին տպագրել) բերում էր, ընթերցում էինք: Շիրազի հետ հանդիպումից հետո սկսեցի ավելի հետաքրքրվել Շիրազով, ավելի շատ սիրել նրան, ավելի շատ կարդալ նրա ստեղծագործությունները:

Մինչ այժմ իմ ամենասիրելի գրողը Շիրազն է: Այդ պահը միշտ հիշողությանս մեջ է»: