Հրաժեշտներ

«Ձեր ամենալավ տարիքն է, մի կռվեք, մի նեղացրեք իրար, մեծանաք` փոշմանելու եք, երանի եք տալու էս օրերին» և այսպես անթիվ բառերի շարան:

Վստահ եմ, յուրաքանչյուրդ լսել եք նման խոսքեր, ինչու ոչ, նաև խրատներ, բայց դրանք լոկ խոսքեր չէին, ուրիշ ձև էինք հասկանում, ուրիշ ձև էին ասում:

Այո, այո, ճիշտ հասկացաք, խոսքս դպրոցական, անհոգ, ուրախ, սիրառատ, ծիծաղաշատ օրերի մասին է , որ թվում էր, թե անվերջ է, բայց ցավոք, լոկ հիշողություններ ենք տանում մեզ հետ:

2016 թվականի սեպտեմբերի մեկն էր: Կարմրաթուշ, կապույտ, սպիտակ պուտիկավոր երկարափեշ զգեստով աղջնակ էի, ով կարծես նոր պետք է առաջին քայլերն աներ դպրոցում: Սակայն նույն ոգևորությամբ, նույն սրտի թրթիռով  ոտք դրեցի Բերդի պետական քոլեջ: Անծանոթ դեմքեր, նոր շրջապատ, նույնիսկ վախենում էի, թե այս ու՞ր եմ  ընկել, բայց չէի մտածի, որ այդ տարօրինակ էրեխեքը կդառնան լավագույն ընկերներս, տարօրինակ ուսուցիչները կդառնան լավագույն ուսուցիչներս: Իրոք, լավագույն տարիներս էին: Իրոք, լավագույն տարիներն են դպրոցական տարիները:

Այսօր հազարավոր դպրոցականների համար հնչեց վերջին զանգը, և ես նորից հիշեցի իմ դպրոցական տարիներն ու ուսուցիչներիս պատգամները.

«Սիրեք իրար, շատ սիրեք, ինչքան կարող եք, սիրուն գույներ, հիշողություններ վերցրեք, որ հասուն կյանքի բացվող դարպասներից այն կողմ ձեր ամենահավատարիմ  ընկերները կլինեն դժվար պահերին»:

astghik ghazaryan

Իմ պապերն ու հայրերը

Ողջույն: Ես Աստղիկն եմ: Ինչպես պապիկիս մոր, այնպես էլ Ամայիս մոր անունը Աստղիկ է եղել: Պապիկս ասում է, որ իր մոր անունն է, իսկ տատիկս` իր մոր: Երկու Աստղիկն էլ և ֆիզիկապես, և հոգեպես շատ ուժեղ են եղել: Երևի ես նրանց եմ քաշել, բայց մի տարբերությամբ. ես հոգեպես այդքան էլ ուժեղ չեմ: 1937 թվականին մեր ընտանիքը երկակի գլխատվեց. Աբրահամ և Գրիգոր պապիկներս աքսորվեցին, և առ այսօր նրանցից ոչ մի տեղեկություն չունենք: Աբրահամը Ամայիս հայրն է: Նա աքսորվել է ղաչաղներին օգնելու, ուտելիք տրամադրելու համար: Եղել է գերբնական ուժի տեր մարդ: Գրիգորը` պապիկիս հայրը, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: Պատերազմի ժամանակ մի թուրք  փորձել է սպանել նրա հրամանատարին: Այդ տեսնելով Գրիգորը սպանել է թուրքին և փրկել հրամանատարի կյանքը: Պարզվել է, որ մահափորձ կատարողը կին է եղել: Որպես խրախուսանք պապիկս ստացել է իր հրամանատարի թուրը, որը հիմա կախված է Երեմ պապիկի սենյակի պատից:

Իսկ հիմա անդրադառնամ Երեմ պապիկին: Նա կենդանի լեգենդ է: 1952թ. նա դարձել է Անդրկովկասի ձիարշավի չեմպիոն: Պատմեմ մի հետաքրքրաշարժ դեպք: Մեր գյուղում հարսանիք է եղել, որին մասնակից է եղել նաև պապիկս: Հարսանիքի ցուլը փախել է, ամբողջ գյուղը վրա է հասել, չի կարողացել բռնել: Վերջը պապիկս հասել, ցուլի պոզերից բռնել է ու գետնին տապալել:

Այս ուժեղ գեները փոխանցվել են երեք հայրիկներիս, բայց ավելի շատ միջնեկ հայրիկիս` Կամոյին, որին ընտանիքում Կակայ ենք անվանում: Ինձ թվում է, այս աշխարհում նրա նման աշխատասեր մարդիկ շատ քիչ են: Նա առավոտից երեկո աշխատում է, սակայն իր աշխատածի դիմաց շատ չնչին է վարձատրվում:

Այս ամենը կարդալով կմտածեք, թե գլուխ եմ գովում, բայց ոչ, ես գրում եմ զուտ իրականությունը:

Հրապարակվել է 27.04.2014

astghik ghazaryan

Կաթիլ-կաթիլ մանկությունից

Ամենագեղեցիկ երաժշտությունը, որ լսել եմ կյանքում, անձրևի կաթկթոցն է տանիքի վրա և հատկապես այն ժամանակ, երբ նստած ես սարի օդայի (տնակ) լռության մեջ ու ամբողջ էությամբ սուզվում ես դրա մեջ:

Մանուկ ժամանակ հաճախ էի լինում սարում ու մինչև հիմա էլ սիրում եմ այնտեղի կյանքը: Սիրում եմ սարի հանգստությունը, անդորրը, լռությունն ու աղմուկը: Հիշում եմ` գրեթե ամեն գիշեր սարի տղաները դուրս էին գալիս օդաներից ու սկսում հարայհրոցը: Երբ առաջին անգամ ականատես և ունկնդիր եղա դրան, մի տեսակ սարսափ զգացի, բայց ինձ բացատրեցին, որ այդպես գայլերին են քշում: Դրանից հետո այդ «ծեսը» նույնիսկ զվարճալի թվաց ինձ:

Սարերում եմ տեսել ամենագեղեցիկ մայրամուտը. այդ ժամանակ եմ ես տեսել կյանքումս տեսած ամենամեծ արևը, չգիտեմ` պատճառը բարձրությունն էր, թե այն, որ ես էի շատ փոքր:

Սարում են ապրում տատիկս ու պապիկս, և թերևս սա է գլխավոր պատճառը, որ սիրում եմ սարում լինելը: Տատիկս ու պապիկս այնտեղ անասուն են պահում, պապս նաև մեղվաբուծությամբ է զբաղվում: Երբ փոքր էի, մորս հետ գնում էի նրանց մոտ ու շաբաթներով մնում, իսկ միջնեկ եղբայրս` Դավիթը, մեզնից մի շաբաթ շուտ էր գնում:

Հինգ տարեկան էի այն ժամանակ, երբ պատահեց այն դեպքը, որի մասին ուզում եմ պատմել:

Առաջին տարին էր, որ գնացել էի սար: Դավիթը ինձ ու մյուս եղբորս` Սարգսին, տարավ սարի «տեսարժան վայրերը» ցույց տալու: Զառիվերը բարձրանալով` հասանք մի տեղ, որը սարեցիները կոչում են Առյուծի քար: Վերադարձին Դավիթը մեզ խորհուրդ տվեց վազելով իջնել, որպեսզի շուտ տեղ հասնենք: Ինքը շատ հեշտությամբ վազելով մի րոպեում հասավ տեղ, մենք էլ հետևեցինք նրան: Բայց մի քանի քայլից հետո սկսեցինք գլորվել: Սարգսի բախտը բերեց. նրան բաժին էր ընկել հարթ ճանապարհ, իսկ ինձ` քարքարոտ: Երեսս ամբողջությամբ արյուն էր, և ամբողջ գիշեր չկարողացա քնել: Այդ օրը իր հետքը թողել է երեսիս վրա. հոնքիս վերևում նշմարվում է մի փոքրիկ սպի: Չնայած ցավոտ էր, բայց հիմա, երբ հիշում եմ, մտածում եմ, որ այդ ցավը փոքրիկ կաթիլներով ավելացնում է մանկությանս քաղցրությունը:

Հրապարակվել է  17/10/2015

Իմ ընտանիքը` Երեմանք

Չզարմանաք, խնդրում եմ, բայց իմ ընտանիքը մի փոքրիկ պետություն է պետության ներսում:  Չեմ ստի, եթե ասեմ, որ նման ընտանիքներ Հայաստանում շատ քիչ են, իսկ եթե կան, ապա միայն գյուղերում: Քաղաքի մարդիկ շատ են հեռացել մեր արմատներից, ինչու չէ, նրանք նույնիսկ ամաչում են ավանդական սովորույթներից, և հակված են դեպի Եվրոպա: Թե ինչ են ուզում դրանով ապացուցել իրենց, ինձ համար անհասկանալի է: Այս դժվար և բարդ աշխարհում մենք ապրում ենք մեկ հարկի տակ տասնհինգ հոգով:

Մեր պետության նախագահը տատիկս է, ում կոչում ենք Ամայ  բարբառային բառով, որը նշանակում է մայր: Ինձ թվում է, որ մենք վերջին սերունդը կլինենք, որ կօգտագործենք  նման  բարբառային բառերը: Բայց  շատ ցավալի է.  կամաց-կամաց  դրանց  հետ մեկտեղ կվերանան հին  բարի  սովորույթները: Չէ՞ որ հենց այդ լեզվով է գրել մեծն Թումանյանը: Շեղվեցի մի քիչ, բայց ես այդպես եմ կարծում:

Վերադառնանք մեր ընտանիքին:

Տատիկս նաև ֆինանսների նախարարն է: Ինչպես սիրում ենք մենք կատակով ասել,  տան փողերը գտնվում են Ամայի շվեյցարական բանկում: Ցավոք, պետք է նշեմ, որ մեր պետությունն ապրում է տնտեսական ճգնաժամ, ինչպես Հայաստանը կամ ամբողջ աշխարհը: Մեր բյուջեն նույնպես ճեղքվածք է տվել: Հուսամ, որ այս տարի կհաղթահարենք այդ դժվարությունները, այսինքն, պետք է ավելի շատ աշխատենք:

Մի քանի օր առաջ տատիկս գումարեց արտահերթ ժողով: Օրակարգում դրված էր  ամբողջ հողերը մշակելու հարցը: Միաձայն ընդունվեց այդ առաջարկը: Չէ՞  որ եթե բերքը շատ լինի,  դա ահագին օգնություն կլինի մեր ընտանիքին:

Մենք մեր ստացած բերքը չենք վաճառում, մեզ  հազիվ է հերիքում:

Հիմա կմտածեք, թե ես ինչու եմ այսպիսի թեմաներից խոսում: Սակայն ինչու  չանհանգստանամ, չէ որ կյանքը հիմա շատ դժվար է: Ես կցանկանամ մենք այնպիսի պետություն լինենք, որ իմ հասակակիցներն իրենց անձնական հոգսերով ապրեն, այլ ոչ թե մտածեն այսպիսի բաների մասին: Օրինակ, իմ ընտանիքում վեց մարդ չի աշխատում, իսկ եթե աշխատատեղ լիներ և աշխատեին, ապա կյանքը հիանալի կլիներ: Մեր պետական այրերը պետք է մտածեն այդ մասին:

Հարգելի ընթերցող, ես ձեզ շատ ձանձրացրի իմ ընտանիքի հոգսերի մասին պատմելով: Հիմա կփորձեմ խոսել  ուրախ բաների մասին: Կներեք, մոռացա ներկայացնեմ իմ ընտանիքի  անդամներին: Ինչպես նշեցի, տանն ապրում ենք  15 հոգով: Ես ունեմ տատիկ, պապիկ, 3 հայր, 3 մայր, և 3 եղբայր ու 3 քույր: Չզարմանաք հայրեր,  մայրեր բառերից, բայց ինձ համար տարբերություն  չկա` հայրս է, թե հորեղբայրս, մայրս,  թե հորեղբորս կինը: Փոքր ժամանակ ես գիտեի, թե մայրիկներս  երեք քույրեր են, դե, հայրիկներս եղբայրներ են, դա գիտեի: Երբ առաջին անգամ իմացա, որ նրանք հարազատ քույրեր  չեն, շատ զարմացա: Եվ նրանք երեխաների միջև տարբերություն չեն դնում:

Ինչպես նշեցի, նախարարական բոլոր աթոռները պատկանում են տատիկիս: Պապիկս ընդդիմադիր դաշտում է, հաճախ ձգտում  է նախարարական  որևէ  աթոռի, այդ ժամանակ նրա հետ  կոալիցիա են կազմում  հարսները, բայց այդ խռովությունները շատ կարճ ժամանակում  ճնշվում են:  Սա,  իհարկե, կատակի ձևով, բայց մենք բոլորս շատ  հարցերում սիրում ենք  և տատիկիս, և պապիկիս:

Մեր ընտանիքը նման է  մեղվափեթակի, որտեղ ամեն մեկը գիտի իր գործը: Յուրաքանչյուր օր մեր տանն անցնում է տոնի նման: Ապրում ենք շատ համերաշխ և սիրում ենք  միմյանց: Եվ կարծում եմ, որ դա է մեր երջանկության բանալին: Չեմ կարող խոսքերով նկարագրել մեր ընտանիքում տիրող հիանալի մթնոլորտը, պետք է մի քանի ժամ գտնվել մեր  տանը, որպեսզի  հասկանաք ինձ: Այսքանով ավարտում եմ իմ շարադրությունը, խնդրում եմ ինձ հիշեք` Գետահովիտ գյուղ (Երեմանց ընտանիք):

Հրապարակվել է  04/27/2014